ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
12 մայիսի 2023 թ. N 52-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ինչպես նաԵՎ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգերը հաստատելու մասին
(վերնագիրը խմբ. 17.04.24 N 23-ն)
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12 կետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին խրախուսելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն Հավելված 1-ի,
մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն Հավելված 2-ի։
(1-ին կետը փոփ., լրաց. 17.04.24 N 23-ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի |
(գլխագիրը լրաց. 17.04.24 N 23-ն)
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն Կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները:
2. Անվանական կրթաթոշակը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) այն սովորողներին, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.
1) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,
2) հանդիսանում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։
3) հանդիսանում են դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (թվով առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ:
3. Սովորողը սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերից երկուսի կամ երեքի հիմքով կրթաթոշակ ստացողների ցանկում ընդգրկվելու դեպքում կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հանրակրթության վարչությունը սույն կարգի 2-րդ կետում նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
5. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանների հիման վրա նախապատրաստում և նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրման է ներկայացնում համապատասխան հաստատությունների (Արցախի Հանրապետության դպրոցների աշակերտների մասով՝ «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ) հետ կնքվող պայմանագրերը։
6. Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանը հրապարակում է նախարարության պաշտոնական կայքում։
7. Սահմանել, որ.
1) անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով,
2) անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ,
3) կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:
(հավելվածը լրաց. 17.04.24 N 23-ն)
Հավելված 2 ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն Կարգով սահմանվում են մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորվում է դրա հետ կապված հարաբերությունները:
2. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրվում է․
1) պարտադիր կրթության երկրորդ մակարդակում․
ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 10000 (տասը հազար) դրամի չափով,
բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 20000 (քսան հազար) դրամի չափով,
գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,
2) հանրակրթության երրորդ մակարդակում․
ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 15000 (տասնհինգ հազար) դրամի չափով,
բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,
գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 45000 (քառասունհինգ հազար) դրամի չափով,
3. Սույն Կարգով սահմանված կրթաթոշակները մարզառազմական պետական ուսումնական հաստատություններին հատկացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ կրթաթոշակ ստացող սովորողների տարեսկզբի (հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) թվի հիման վրա։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող սովորողների ճշգրտված տարեկան թիվը։
4. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում սովորողի կրթաթոշակի տրամադրման պայմանագիրը վերանայվում է հաջորդ ուսումնական կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում։
5․ Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված պայմանագրի կնքման (դրա ճշգրտման) համար հիմք է հանդիսանում մարզառազմական պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստի որոշմամբ հաստատված կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը: Մարզառազմական պետական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը հաստատում է կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը, որը խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ սովորողների համար տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է սովորողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին:
6. Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը: Կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով հետևյալը․
1) կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին,
2) մինչև տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը։
7․ Սովորողներին կրթաթոշակը սույն կարգի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների կիրառմամբ վճարային քարտերով տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետությունում կնքվող բանկերի հետ կնքում է համաձայնագիր՝ դրանում ներառելով նաև դրույթներ ուսումնական հաստատության կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրման պայմանների վերաբերյալ։
8. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել կրթաթոշակներ՝ ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 17.04.24 N 23-ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2024, N 23-Ն | 01.09.2024, N 52-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|