Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.08.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
19.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» օգոստոս 2024 թ.

N 262-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել բնակչության շրջանում՝ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

19.08.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «19»-ի

N 262-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության շրջանում մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում հետևյալ ազգականները` ամուսինը, չափահաս երեխան, ծնողները, հարազատ եղբայրը կամ քույրը, հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

3․ Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը ժամանակակից բժշկության ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը ճանաչվել է որպես ամենաարդյունավետ և հաճախ մարդու կյանքը փրկող միակ լուծում՝ վերջինիս կյանքին սպառնացող բնածին, ժառանգական և ձեռքբերովի հիվանդությունների և վնասվածքների առկայության դեպքում:

4․ Տեղեկատվությունը ներառում է մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ հարցեր։

5․ Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակությունը կայանում է հետևյալում․

1) կյանքեր փրկելը՝ փոխպատվաստումը կարող է փրկել այն մարդկանց կյանքերը, ովքեր ունեն մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանների ծանր և անբուժելի ախտահարումներ, ինչպիսիք են երիկամի, լյարդի, սրտի և այլ օրգանների ախտահարումները․

2) կյանքի որակի բարելավումը՝ որոշ պացիենտների համար փոխպատվաստումը ոչ միայն երկարացնում է կյանքի տևողությունը, այլև զգալիորեն բարելավում է դրա որակը: Պացիենտը կարող է վերադառնալ ակտիվ կյանքի և դադարեցնել մշտական դեղորայքային բուժումը․

3) բժշկության ոլորտում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների զարգացումը։

6․ Բնակչությանը տրամադրվում է ճշգրիտ, հասանելի և մատչելի տեղեկատվություն, որի ժամանակ հաշվի են առնվում փոխպատվաստման գործընթացի էթիկական, իրավական և սոցիալական կողմերը՝ պաշտպանելով փոխպատվաստման գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները։

7․ Տեղեկատվությունը պետք է վերաբերի՝

1) դոնորության նախապայմաններին․

2) ինչ օրգաններ և հյուսվածքներ կարելի է կամովին տրամադրել.

3) մարդու կյանքի և առողջության վրա փոխպատվաստման ազդեցությանը․

4) կենդանի դոնոր հանդիսանալու համաձայնությունը կամ մարդու` իր մահից հետո որպես օրգանների և հյուսվածքների դոնոր հանդես գալու անհամաձայնության և այդ անհամաձայնությունը ցանկացած պահի հետ վերցնելու իրավունքին և դրա հետևանքներին․

5) դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքին․

6) կենդանի դոնորի իրավունքներին․

7) կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքին․

8) մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելու գործընթացի վերաբերյալ հարցերին։

8․ Դոնորության նախապայմաններն են՝

1) կենդանի դոնորի դեպքում՝

ա․ անձի 18 տարին լրացած լինելու փաստը (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի),

բ․ անձի մոտ հղիության բացակայությունը,

գ. ազատազրկման վայրում գտնվող անձի դեպքում` կենդանի դոնոր հանդիսանալու չթույլատրման փաստը, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր),

դ. անձի օրենքով սահմանված կարգով անգործունակ չճանաչված լինելու նախապայմանը,

ե. կենդանի դոնորից օրգան կամ հյուսվածք վերցնելու նպատակով վերջինիս կամովին և գիտակցաբար տրված գրավոր համաձայնությունը,

զ․ փոխպատվաստման՝ որպես ռեցիպիենտի բուժման միակ եղանակ, հանդիսանալը, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել պացիենտի կյանքի փրկությունը կամ առողջության վերականգնումը, և կյանքի որակի բարելավումը,

է․ կենդանի դոնորի՝ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում գրավոր նախազգուշացված լինելը,

ը․ կենդանի դոնորի՝ բազմակողմանի բժշկական հետազոտություն անցնելը և դրա արդյունքում կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության առկայությունը,

թ. անձի` որպես պատանդ չհանդիսանալու նախապայմանը,

2) դիակային դոնորի դեպքում՝

ա․ օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում անձի` իր մահից հետո որպես օրգանների և հյուսվածքների դոնոր հանդես գալու կենդանության օրոք տրված գրավոր անհամաձայնության բացակայությունը,

բ․ անձի մահից հետո վերջինիս ընտանիքի անդամների համաձայնությունը՝ ըստ առաջնահերթության՝ համաձայն «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի,

գ․ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում վերջիններիս ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը։

9․ Դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնությունը ստանալու նպատակով դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի կողմից հաստատված կամ նշանակված համակարգողի կողմից դիակային դոնորի ընտանիքի անդամներին տրամադրվում է լիարժեք տեղեկատվություն գործընթացի վերաբերյալ, տարվում է զրույց և բացատրական աշխատանք:

10․ Դիակային դոնորի ընտանիքի անդամներին բացատրվում է՝

1) մահացած անձի մահվան պատճառը, վերջինիս հնարավոր դոնոր լինելու հանգամանքը․

2) դոնորության նշանակությունը և դրա հետևանքը․

3) թե որ օրգանները կամ հյուսվածքները կարող են վերցվել փոխպատվաստման համար․

4) գործընթացի գաղտնիության և մահացածի մարմնի նկատմամբ հարգալից վերաբերվելու հանգամանքը, ներառյալ դիակի արտաքին տեսքի պահպանվածությունը․

5) ընտանիքի անդամների իրավունքները․

6) փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցվելու համար դիակային դոնորի ընտանիքի անդամների կողմից համաձայնություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամկետի սղությունը՝ փոխպատվաստման համար օրգանների կամ հյուսվածքների պիտանի լինելու ժամկետներով պայմանավորված։

11․ Բնակչության շրջանում տեղեկատվության տրամադրումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների (այսուհետ` բժշկական հաստատություն), զանգվածային լրատվության միջոցների (այդ թվում՝ ինտերնետային տիրույթում), թեմատիկ կոնֆերանսների կազմակերպման, տեղեկատվական տպագիր նյութերի, կրթական ծրագրերի միջոցով։

12. Բնակչության իրազեկումն իրականացվում է հետևյալ եղանակներով․

1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, քաղաքացուն տրամադրվում է՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության ներկայացնելու և այդ անհամաձայնությունը ցանկացած պահի հետ վերցնելու իր իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն․

2) տեղեկատվական տպագիր նյութերի տարածում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում տեսանելի վայրերում փակցման միջոցով․

3) բուժաշխատողների վերապատրաստում՝ պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով․

4) զանգվածային լրատվության միջոցներով մատչելի տեղեկատվության տարածում, սոցիալական հարթակներում օգտատերերի հետ երկխոսության խթանում (տեղեկատվական թերթիկների պատրաստում, բժշկագիտական փաստերի հրապարակում, սոցիալական հոլովակների պատրաստում, տեսանյութերի, հարցազրույցների կազմակերպում, հարցուպատասխանի հնարավորություն).

5) փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունների պաշտոնական կայքէջերում և սոցիալական էջերում մատչելի տեղեկատվություն տեղադրելով․

6) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան