Գլխավոր տեղեկություն
Համար
N 45
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.10.2000-15.10.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.11.1997
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

301.0045.12.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12.11.1997 թ. 

N 45

 

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ, «ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ, ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԵՔՍՏԸ ԵՎ «ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԻ ԼՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայարտոնագրի խորհրդի 1997 թ. նոյեմբերի 12-ի որոշման, հաստատել և ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`

1. Կարգ ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման և ներկայացման:

2. Հրահանգ ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման:

3. Կանոնադրություն ՀՀ արտոնագրային վարչության գանգատարկման խորհրդի:

4. Կարգ Հայարտոնագրի Գանգատարկման խորհուրդ գանգատների ներկայացման և դրանց քննարկման:

 

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1997 թ.
նոյեմբերի 12-ի N 45 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձԵՎակերպման եվ ներկայացման

(կարգն ուժը կորցրել է 26.06.00 N 33)

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1997 թ.
նոյեմբերի 12-ի N 45 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման

(հրահանգն ուժը կորցրել է 26.06.00 N 33)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

24 հոկտեմբերի 1995 թ.

N Կ 35

 

Համաձայն 1995 թ. հոկտեմբերի 24-ին կայացած վարչության կոլեգիայի նիստի որոշման, հաստատել

1. Ապրանքային և սպասարկման նշանների գրանցման հայտերի փորձաքննության անցկացման հրահանգը .

2. Ապրանքային և սպասարկման նշանների նախկին ԽՍՀՄ գործող վկայականների վերագրանցման կարգը.

3. Ապրանքների և ծառայությունների ցանկը բացատրություններով.

4. Ապրանքային և սպասարկման նշանների հայտի ձևակերպման և ներկայացման կանոնները.

5. Գանգատարկման խորհրդի կանոնադրությունը և գանգատների ներկայացման ու քննարկման կարգը:
 

Վարչության պետ Ս. Ղանթարջյան


 

Հաստատված է
Հայարտոնագրի 1995 թ.
հոկտեմբերի 24-ի N Կ 35 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1997 թ. նոյեմբերի 12-ի
N 45 հրամանով

 

 

 

 

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության գանգատարկման խորհրդի

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության (այսուհետ` Հայարտոնագիր) գանգատարկման խորհուրդը ( այսուհետ` գանգատարկման խորհուրդ) ստեղծվել է Հայարտոնագրի պետի 1993 թ. հոկտեմբերի 14-ի N Կ 41 հրամանով, «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածին համապատասխան:

1.2. Իր գործունեության ընթացքում գանգատարկման խորհուրդը ղեկավարվում է ՀՀ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների պաշտպանությանը վերաբերող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև գանգատարկման խորհրդի գործունեությանը վերաբերող այլ նորմատիվային փաստաթղթերով ու սույն կանոնադրությամբ և ապահովում է օրենսդրության կիրառումը:

1.3. Գանգատարկման խորհուրդ գանգատների ներկայացման և դրանց քննարկման կարգը սահմանում է Հայարտոնագիրը:

 

2. Գանգատարկման խորհրդի խնդիրները

 

2.1. Ապահովել հայտատուների, արտոնագրատերերի, ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ` ապրանքային նշան), ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայականների սեփականատերերի` օրենքով վերապահված իրավունքները, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման և ապրանքի ծագման տեղանվան հայտերով փորձաքննության որոշումների, ինչպես նաև արդյունաբերական սեփականության նշված օբյեկտների պաշտպանական փաստաթուղթ տալու կամ գրանցման գործողության դեմ գանգատների քննարկման ընթացքում:

2.2. Իր իրավասության շրջանակներում լուծել ՀՀ-ում արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված վիճելի հարցերը.

2.3. Կատարելագործել գանգատների քննարկման ընթացակարգը, մասնակցել արտոնագրային փորձաքննության անցկացման գործընթացների իրավական հիմքերի կատարելագործմանը:

 

3. Գանգատարկման խորհրդի գործառույթները

 

Հիմնական խնդիրներին համապատասխան գանգատարկման խորհուրդն ունի հետևյալ պարտականությունները`

3.1. Քննարկել գյուտի, օգտակար սարքի և արդյունաբերական նմուշի արտոնագիր չտալու, ինչպես նաև ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, ապրանքի ծագման տեղանունները չգրանցելու և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական չտալու մասին փորձաքննության որոշումների վերաբերյալ հայտատուների գանգատները:

3.2. Քննարկել գյուտի, օգտակար սարքի և արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ, ինչպես նաև ապրանքային նշանը, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ երրորդ անձանց գանգատները:

3.3. Ապահովել գանգատների քննարկման գաղտնիությունը գանգատարկման խորհրդում:

3.4. Ընդհանրացնել իր իրավասությանը վերաբերող օրենսդրական պրակտիկան և դրա հիման վրա մշակել և սահմանված կարգով Հայարտոնագրի խորհրդի քննարկմանը ներկայացնել դրանց կատարելագործման, առանձին կանոնների և կանոնակարգերի պարզաբանման, մեկնաբանման և օգտագործման մասին առաջարկություններ:

3.5. Գանգատարկման խորհուրդը պատասխանատու է սույն կանոնադրությամբ իր վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար:

 

4. Գանգատարկման խորհրդի իրավունքները

 

4.1. Գանգատների քննարկման արդյունքում գանգատարկման խորհուրդը իրավասու է ընդունել հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու և փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն օրինական ճանաչելու մասին:

Գանգատի վերաբերյալ գանգատարկման խորհրդի որոշումները պարտադիր են Հայարտոնագրի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների համար:

4.2. Իր իրավասության շրջանակներում նամակագրություն վարել նախարարությունների, վարչությունների, կազմակերպությունների, հայտատուների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայականների սեփականատերերի) և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, նրանցից ստանալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար.

4.3. Իր ընդունած որոշումների մասին սահմանված կարգով տեղեկություններ ներկայացնել Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում հրապարակելու համար.

4.4. Անհրաժեշտության դեպքում իր նիստերին հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների սեփականատերերին) այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, Հայարտոնագրի փորձագետների և այլ անձանց:

4.5. Անհրաժեշտության դեպքում ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների` հայտերի փորձաքննության հետ կապված հարցերի քննարկման համար:

4.6. Մասնակցել Հայարտոնագրի միջազգային համագործակցությանը օտարերկրյա պետությունների արտոնագրային գերատեսչությունների կամ գանգատների քննարկման այլ իրավասու մարմինների փորձի ուսումնասիրման և օգտագործման հետ կապված հարցերում:

 

5. Գանգատարկման խորհրդի անդամների անկախությունը

 

Գանգատները քննարկելիս, գանգատարկման խորհրդի որոշումներ ընդունելիս գանգատարկման խորհրդի անդամները (այսուհետև` խորհրդի անդամները) անկախ են և առաջնորդվում են միայն ՀՀ օրենքներով:

Խորհրդի անդամները որոշումներ ընդունման ժամանակ առաջնորդվում են միայն օրենսդրությամբ, որևէ ազդեցության բացառման պայմաններում:

 

6. Գանգատարկման խորհրդի կազմը եվ կառուցվածքը

 

6.1. Գանգատարկման խորհուրդը ստեղծված է Հայարտոնագրի պետի հրամանով և ունի հետևյալ կազմը` գանգատարկման խորհրդի նախագահ, նրա տեղակալ (Հայարտոնագրի բաժնի վարիչի կարգավիճակով) և խորհրդի անդամներ:

6.2. Գանգատարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայարտոնագրի պետն է:

6.3. Գանգատարկման խորհրդի նախագահը ղեկավարում է գանգատարկման խորհրդի գործունեությունը և կազմակերպում է նրա աշխատանքը, բաշխում է պարտականությունները իր տեղակալի և խորհրդի անդամների միջև, լուծում է խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:

6.4. Գանգատարկման խորհրդի նախագահի տեղակալը նշանակվում ու ազատվում է պաշտոնից Հայարտոնագրի պետի հրամանով:

6.5. Գանգատարկման խորհրդի անդամների կազմը ձևավորվում է Հայարտոնագրի մասնագետներից` գանգատարկման խորհրդի նախագահի տեղակալի ներկայացմամբ, Հայարտոնագրի պետի հրամանով:

 

7. Գանգատարկման խորհրդի կոլեգիան

 

 7.1. Քննարկման ընդունված գանգատները քննարկվում են կոլեգիալ կարգով` գանգատարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորվում է խորհրդի նախագահի կամ նրա տեղակալի կողմից:

Այդ կազմում չպետք է ներգրավվեն գանգատը ներկայացնող անձի հետ ազգակցական կապեր ունեցող, ինչպես նաև խորհրդի այն անդամները, որոնք մասնակցել են փորձաքննությանը:

Խորհրդի նախագահը և նրա տեղակալը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում և լինել դրա ղեկավարը:

7.2. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

Նշված պարագաներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկ հայտարարել: Այդ դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1995 թ.
հոկտեմբերի 24-ի N Կ 35 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1997 թ. նոյեմբերի 12-ի
N 45 հրամանով

 

 

 

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Հայարտոնագրի Գանգատարկման խորհուրդ գանգատների ներկայացման եվ դրանց քննարկման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն կարգը սահմանված է Հայարտոնագրի գանգատարկման խորհրդի կանոնադրության 1.3 կետին համապատասխան և նախատեսված է կարգավորել արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված գանգատների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը:

 

2. Գանգատարկման խորհուրդ ներկայացվող գանգատները

 

Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ (այսուհետ` նաև խորհուրդ) կարող են ներկայացվել հետևյալ գանգատները:

2.1. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր չտալու մասին նախնական փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.2. Ապրանքային կամ սպասարկման նշանի (այսուհետ` ապրանքային նշան) գրանցման, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական ստանալու հայտը քննարկման չընդունելու մասին նախնական փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.3. Գյուտի արտոնագիր չտալու մասին վերջնական փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.4. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում` նշանը չգրանցելու մասին վերջնական մերժումները*, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` ըստ Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի:

2.5. Ապրանքի ծագման տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) դրա օգտագործման իրավունք չտալու մասին հայտարկվող տեղանվան փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.7. Ապրանքային նշանը գրանցելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում `

ա) ապրանքային նշանի մեկ կամ մի քանի տարրերը փորձաքննության կողմից պաշտպանությունից հանելու դեպքում.

բ) ապրանքային նշանի գրանցման ընթացքում հայտատուի ներկայացրած ապրանքների ցանկը փորձաքննության կողմից փոփոխվելու դեպքում:

2.8. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ:

2.9. Ապրանքային նշանի գրանցման դեմ, այդ թվում` Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

2.10. Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ:

 

3. Գանգատների ներկայացման պայմանները

 

3.1. Սույն կարգի 2.1 - 2.7 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

Սույն կարգի 2.8 - 2.10 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է ցանկացած անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները գանգատների ներկայացման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Գանգատարկողի ներկայացուցչի (այդ թվում` արտոնագրային հավատարմատարի) միջոցով ներկայացվող գանգատին կցվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձևակերպված լիազորագիրը:

3.2. Գանգատում նշվում են` գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, ապրանքի ծագման տեղանվան հայտի համարը, իսկ պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում արտոնագրի և (կամ) գրանցման վկայականի համարը, գանգատարկողի ազգանունը, անունը, հայրանունը կամ ձեռնարկության լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:

3.3. Սույն կարգի 2.1 կետին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.2 - 2.5 և 2.7 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.6 կետին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

3.4. Սույն կարգի 2.8 կետին համապատասխան գանգատը ներկայացվում է արտոնագրի գործողության ամբողջ ժամկետում:

Սույն կարգի 2.9 կետին համապատասխան, ապրանքային նշանի գրանցման դեմ գանգատը ներկայացվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետում` «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Ապրանքային նշանների մասին օրենք) 3 և 11 հոդվածներով սահմանված պահանջների խախտման դեպքում և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում` նույն օրենքի 12 հոդվածի համաձայն:

3.5. Գանգատին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

Առանց սահմանված տուրքի վճարման անդորրագրի գանգատը քննարկման չի ընդունվում:

3.6. Սույն կարգի 3.3 կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում գանգատը կարող է քննարկման ընդունվել բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագրի առկայության դեպքում: Խնդրագիրը ներկայացվում է գանգատի հետ միաժամանակ, որպես դրա բաղկացուցիչ մաս կամ գանգատին կից հավելվածի տեսքով:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող գանգատի ներկայացման բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը ներկայացվում է ժամկետի ավարտման օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող խնդրագիրը` երեք ամսվա ընթացքում:

Այս դեպքում գանգատի և խնդրագրի հետ միասին պետք է ներկայացվի բաց թողած ժամկետների վերականգնման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

Առանց բաց թողած ժամկետների վերականգնման համար սահմանված տուրքի վճարման անդորրագրի գանգատը քննարկման չի ընդունվում:

3.7. Հայտատուի խնդրանքով, ավելորդ մուծված տուրքի գումարը կարող է վերադարձվել հայտատուին:

3.8. Սույն կարգի 2.1 - 2.7 կետերին համապատասխան գանգատը պետք է պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ, վերաբերի գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան մեկ հայտի և ներկայացվի երկու օրինակից:

3.9. Սույն կարգի 2.8 - 2.10 կետերին համապատասխան գանգատը պետք է պարունակի պաշտպանական փաստաթուղթը և (կամ) գրանցումը ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ, վերաբերի մեկ պաշտպանական փաստաթղթի և (կամ) մեկ գրանցման ու ներկայացվի երկու օրինակից:

3.10. Սույն կարգի 2.8 կետին համապատասխան գանգատը պետք է պարունակի «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և (կամ) «գ» կետերով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

3.11. Սույն կարգի 2.9 և 2.10 կետերին համապատասխան գանգատը պետք է պարունակի Ապրանքային նշանների մասին օրենքի 28 և 42 հոդվածներով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

 

4. Գանգատի ընդունումը եվ գրանցումը

 

4.1. Որպես գանգատ քննարկման է ընդունվում սույն կարգի 2, 3.1 - 3.4 և 3.8 - 3.11 կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր դիմումը:

4.2. Խորհուրդ ներկայացված գանգատը գրանցվում է, և դրան տրվում է մտից համար:

4.3. Գանգատի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում գանգատարկողին ուղարկվում է ծանուցագիր գանգատը քննարկման ընդունելու մասին, որի մեջ նշվում է խորհրդի կոլեգիայի նիստում գանգատի քննարկման թվականը:

Սույն կարգի 2.8 - 2.10 կետերին համապատասխան գանգատը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր է ուղարկվում նաև վիճարկվող պաշտպանական փաստաթղթի սեփականատիրոջը` կցելով դրան գանգատի պատճենը` վիճարկման վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ, ինչը կարող է արվել ոչ ուշ, քան կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 10 օր առաջ:

Ապրանքային նշանի սեփականատիրոջը, որի նշանը գրանցվել է նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համաձայնագրի համաձայն, վերը նշված ծանուցագիրը ուղարկվում է անմիջականորեն նշանի սեփականատիրոջ հասցեով: Ընդ որում նշվում է, որ վիճարկվող գրանցման գործողության վերաբերյալ նա կարող է ներկայացնել իր նկատառումները, գանգատի քննարկման հետ կապված գործերը վարելով Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Կոլեգիայի բոլոր ծրագրված նիստերի անցկացման ժամկետների մասին խորհուրդը տեղեկացնում է Հայարտոնագրի համապատասխան փորձաքննական ստորաբաժանմանը (այսուհետև` փորձաքննության բաժին):

4.4. Այն դեպքում, երբ խորհուրդ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 3.1 - 3.4 կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ 3.1 կետի 4-րդ մասով նախատեսված լիազորագրի ձևակերպմանը վերաբերող պահանջների, դիմումի ստացման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում գանգատարկողին ծանուցագիր է ուղարկվում այն մասին, որ ստացված դիմումը որպես գանգատ քննարկման ենթակա չէ:

Այն դեպքում, երբ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 3.8 - 3.11 կետերով, 3.1 կետի 4-րդ պարբերությամբ նախատեսված պահանջներին, դիմումի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում գանգատարկողին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում դիմումը որպես գանգատ քննարկելու համար անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու առաջարկությամբ:

Պահանջված տեղեկությունները ժամանակին ներկայացնելու դեպքում, գանգատի ստացման թվական է համարվում խորհրդի կողմից դրանցից վերջինի ստացման թվականը, ընդ որում սույն կարգի 4.3 կետի համաձայն, մեկ ամսվա ընթացքում գանգատարկողին ուղարկվում է ծանուցագիր` գանգատը քննարկման ընդունելու մասին:

Նշված եռամսյա ժամկետում պահանջված տեղեկությունները չներկայացնելու դեպքում, դիմումը որպես գանգատ քննարկման չի ընդունվում, ինչի մասին խորհուրդը, հարցումն ուղարկելու օրվանից հինգ ամիսը լրանալուն պես, ծանուցում է գանգատարկողին:

4.5. Սույն կարգի 4.3 և 4.4 կետերում նշված ծանուցումները և հարցումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ նրա տեղակալը:

 

5. Գանգատի քննարկման ժամկետները

 

5.1. Սույն կարգի 2.1 կետին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.2 - 2.7 և 2.9 - 2.10 կետերին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից եռամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.8 կետին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից 6-ամսյա ժամկետում:

5.2. Ցանկացած անձ, որին ուղարկվել է գանգատը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր, սույն կարգի 4.3 կետի համաձայն, կարող է դիմել խորհուրդ` կոլեգիայի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 4.1 կետին համապատասխան ժամկետների սահմաններում:

Դիմումը ներկայացվում է գրավոր, և դրա բավարարման դեպքում նշանակվում է կոլեգիայի նիստի անցկացման նոր թվական, ինչի մասին ծանուցվում են գանգատի քննարկման բոլոր մասնակիցները:

Կողմերից մեկի խնդրանքով և քննարկման բոլոր մասնակիցների համաձայնությամբ, գանգատի քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, սկսած սույն կարգի 5.1 կետով սահմանված ժամկետի ավարտի օրվանից:

 

6 Գանգատի քննարկումը խորհրդի կոլեգիայի նիստում

 

6.1. Գանգատը քննարկվում է խորհրդի կոլեգիայի նիստում քննարկմանը մասնակցող անձանց պարտադիր ներկայությամբ:

Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն գանգատարկողի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

6.2. Գանգատի քննարկմանը կարող են մասնակցել` գանգատարկողը, պաշտպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց լիազորած ներկայացուցիչը և փորձաքննության բաժնի ներկայացուցիչները:

Հայարտոնագրի աշխատակիցները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

6.3. Ցանկացած մասնակից, անհրաժեշտության դեպքում, կարող է այլ մասնագետներ հրավիրել գանգատի քննարկմանը մասնակցելու համար:

Այն հայտերով, որոնց մասին դեռևս տեղեկությունները չեն հրապարակվել, այլ մասնագետների հրավիրումը հնարավոր է միայն հայտատուի համաձայնության դեպքում:

6.4. Քննարկման մասնակիցները մինչև կոլեգիայի նիստը իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, դրանցից քաղվածքներ և պատճեններ անել, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալ մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնել, տալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ քննարկվող հարցի էության վերաբերյալ, որոնք կցվում են կոլեգիայի նիստի արձանագրությանը:

6.5. Կոլեգիայի նիստի անցկացման տեղի և թվականի մասին ծանուցում ստացած մասնակցի նիստին չներկայանալը չի խոչընդոտում գանգատի քննարկմանը:

Սակայն կոլեգիան իրավասու է մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, անհնար համարելով գանգատի քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

6.6. Կոլեգիայի նիստը հետաձգելու կամ այն կրկին անգամ անցկացնելու անհրաժեշտության դեպքում նիստի անցկացման նոր ժամկետը կարող է նշանակվել ոչ շուտ, քան առաջինից մեկ ամիս անց, հետաձգելով նաև գանգատի քննարկման ժամկետը, ինչը պետք է համաձայնեցվի գանգատարկողի հետ:

6.7. Նիստը ղեկավարում է կոլեգիայի նախագահը, ապահովելով գանգատի ամբողջական, բազմակողմանի և անկողմնակալ քննարկումը: Նախագահողը բացում է կոլեգիայի նիստը, ներկայացնում է կոլեգիայի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

6.8. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամի (անդամների)` սույն կարգի 6.1. կետում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի գործի ըստ էության քննարկումից առաջ:

Բացարկը քննարկվում է կոլեգիայի անդամների կողմից, և այն բավարարելու դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ, որը որոշում է գանգատի քննարկման նոր ժամկետը:

6.9. Գանգատի ըստ էության քննարկումն սկսվում է նախագահողի կամ կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով:

Գործի հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

ա) գանգատարկողի և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը,

բ) փորձաքննության բաժնի ներկայացուցչի ելույթը.

գ) արտոնագրատիրոջ (ապրանքային նշանի սեփականատիրոջ) ելույթը պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում,

դ) կողմերի պատասխանները կոլեգիայի անդամների հարցերին:

6.10. Գործի էության քննարկման ընթացքում կոլեգիան սահմանափակվում է փորձաքննության ընթացքում քննարկված նյութերով և լրացուցիչ որոնումներ չի կատարում:

6.11. Նոր ներկայացված տեղեկությունների վերաբերյալ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, կոլեգիայի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 6.6 կետի դրույթներին համապատասխան:

6.12. Կոլեգիայի նիստի ընթացքը արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:

Արձանագրությունը կցվում է գործին:

6.13. Կոլեգիայի նիստի արձանագրությունը վարում է կոլեգիայի քարտուղարը, որը նշանակվում է նախագահողի կողմից` կոլեգիայի անդամներից:

6.14. Արձանագրության մեջ նշվում են`

նիստի անցկացման թվականը.

կոլեգիայի անդամների և նիստի մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

քննարկվող հայտի, արտոնագրի և (կամ) նշանի վկայականի համարը և օբյեկտի անվանումը (նշանի պատկերը).

գործի գրանցման համարը.

տեղեկություններ նիստի մասնակիցների մասին.

գանգատում կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ շարադրանքը.

կոլեգիայի որոշման բանաձևային մասը:

6.15. Քննարկմանը մասնակցող անձինք և կոլեգիայի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է կոլեգիայի նիստի արձանագրությանը:

6.16. Արձանագրությունը հրապարակում է նախագահողը, և այն տրվում է կոլեգիայի անդամներին` ստորագրության:

 

7. Գանգատարկման խորհրդի որոշումները

 

7.1. Սույն կարգի 2.1 - 2.2 կետերին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի ժամանակավոր արտոնագիր տալու կամ հայտով գործավարությունը շարունակելու մասին.

բ) գանգատը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և օգտակար սարքի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին.

գ) գանգատը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը քննարկման ընդունելու մասին.

դ) գանգատը մերժելու և նախնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.2. Սույն կարգի 2.3 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, վերջնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի արտոնագիր տալու մասին.

բ) գանգատը մերժելու և վերջնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.3. Սույն կարգի 2.4 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, հայտարկվող նշանի փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանը գրանցելու մասին.

բ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.4. Սույն կարգի 2.5 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, հայտարկվող տեղանվան փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և դրա օգտագործման իրավունք ընձեռելու մասին.

բ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.5. Սույն կարգի 2.6 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և հայտարկվող ֆիրմային անվանումը գրանցելու մասին.

 բ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.6. Սույն կարգի 2.7 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, փորձաքննության որոշումը փոփոխելու և գանգատով նախատեսված փոփոխություններով` հայտարկվող նշանը գրանցելու մասին.

բ) գանգատը բավարարելու և հայտարկվող նշանի գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.

գ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.7. Սույն կարգի 2.8 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, արտոնագիր տալու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ որոշումը փոփոխելու և պաշտպանական փաստաթուղթն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և պաշտպանական փաստաթուղթն ուժի մեջ թողնելու մասին:

7.8. Սույն կարգի 2.9 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, ապրանքային նշանը գրանցելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու և (կամ) նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին:

7.9. Սույն կարգի 2.10 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) դրա օգտագործման իրավունք ընձեռելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գրանցման և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործելու իրավունքի վկայականը անվավեր ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և տեղանվան գրանցումը և (կամ) վկայականը ուժի մեջ թողնելու մասին:

 

8. Գանգատարկման խորհրդի որոշման ուժի մեջ մտնելը

 

8.1. Գանգատի քննարկումը կոլեգիայի նիստում (նիստերում) ավարտելու և արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կոլեգիան խորհրդի անունից գանգատի վերաբերյալ ընդունում է հիմնավորված որոշում:

8.2. Կոլեգիան որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոլեգիայի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

8.3. Սահմանված ձևով կազմված որոշումն ստորագրվում է կոլեգիայի բոլոր անդամների կողմից:

Կոլեգիայի ցանկացած անդամի հատուկ կարծիքը գրանցվում է որոշման մեջ, կոլեգիայի անդամների ստորագրություններից հետո կամ որոշման հավելվածում:

8.4. Խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը` ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց 15 օր հետո ուղարկվում է գանգատարկողին, իսկ պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում` նաև դրա սեփականատիրոջը:

8.5. Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը սույն կարգի 8.4 կետում նշված անձանց ուղարկելու օրվանից:

8.6. Խորհրդի որոշմանը չհամաձայնվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել դատարան:

 

9. Հետագա գործավարությունը

 

9.1. Գործի նյութերը վերադարձվում են փորձաքննության բաժին` ընդունված որոշմանը համապատասխան հետագա գործավարության համար:

9.2. Խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում փորձաքննության բաժինը ընդունում է նոր, խորհրդի որոշմանը համապատասխան որոշում:

9.3. Գործը կոլեգիայի նիստի արձանագրության և խորհրդի որոշման պատճենի հետ միասին պահվում է խորհրդում, մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին ՀՀ համապատասխան օրենքով խորհրդի որոշումները դատարանում բողոքարկելու համար բոլոր սահմանված ժամկետների ավարտը:

 ________________

*Մադրիդյան համաձայնագրին համապատասխան