Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.12.2023-08.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հոդ.172
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2012 թ.

N 388-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.09.15 N 804-Ն, 19.02.19 N 01-Ն, 25.02.22 N 10-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով, պահանջներով`

(նախաբանը փոփ. 25.02.22 N 10-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.15 N 804-Ն, 19.02.19 N 01-Ն, 25.02.22 N 10-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:

3. (կետն ուժը կորցրել է 25.02.22 N 10-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 25.02.22 N 10-Ն)

 

Ա. Աշոտյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 19.02.19 N 01-Ն, 25.02.22 N 10-Ն) 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 101-Ն հրամանով հաստատված ճանապարհային քարտեզի:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

3. 2023-2024 ուսումնական տարում Հաստատության (բացառությամբ Տավուշի մարզի) 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը, 4-րդ, 9-րդ դասարանների բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը, 4-րդ դասարանում գիտելիքի ստուգումից 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր և 9-րդ դասարանում ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան։ Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան՝ անկախ տարեկան գնահատականներից:

4. 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների (բացառությամբ Տավուշի մարզի) 4-րդ, 9-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան և 4-րդ դասարանում գիտելիքի ստուգումից 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված, 9-րդ դասարանում ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։ Հայաստանի Հանրապետության բոլոր հաստատությունների 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան՝ անկախ տարեկան գնահատականներից:

5. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան՝ անկախ ուսումնական առարկաների տարեկան գնահատականներից և 9-րդ դասարանում ավարտական քննությունների արդյունքներից։

6. 2023-2024 ուսումնական տարվանից սկսած Տավուշի մարզում Հաստատության 1-11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան՝ անկախ տարեկան և քննական գնահատականներից:

7. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից:

8. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է դպրոցն ավարտած:

9. 2023-2024 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին և 2-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 3-րդ և 4-րդ դասարանների) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա, էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

10. 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 4-րդ դասարանների և 5-րդ դասարանների առաջին կիսամյակի) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

11. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 5-րդ դասարանների առաջին կիսամյակի) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

12. 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ, 5-րդ դասարանի առաջին կիսամյակի կիսամյակային գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում՝ 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

13. 2023-2024 ուսումնական տարվանից Տավուշի մարզի Հաստատությունների 1-4-րդ դասարաններում, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից նաև 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում՝ 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականի հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով:

14. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

15. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողն առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդական միավորումների կողմից: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։ Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ տարվա դասընթացը։

16. Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում՝ նաև ավարտական, պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր:

17. Կրթության 2-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

18. Կրթության 3-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

19. «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապեռտության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի N 609-Ն հրամանով:

20. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են տվյալ ուսումնական տարվա՝

1) այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, դասվարի առաջարկությամբ՝ ամփոփիչ բնութագրման հիման վրա,

2) մյուս դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 9-10 միավոր գնահատված լինելու դեպքում, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում նաև ավարտական, պետական ավարտական քննություններից 18-20 միավոր գնահատված լինելու դեպքում։

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

21. Բոլոր այն Հաստատություններում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում: Այն Հաստատություններում, որտեղ 2-4-րդ դասարաններում սովորողի տարեկան գնահատականը ձևավորվել է տարեկան միավորային գնահատականների հիման վրա, 4-րդ դասարանի ավարտին իրականացվում է գիտելիքների ստուգում՝ «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից։

22. 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի։

23. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում՝ պետական ամփոփիչ ատեստավորում։

24. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել պետական ամփոփիչ ատեստավորմանը: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

25. Պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ կիրառվում է միավորային գնահատում՝ բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի։

26. 9-րդ դասարանում մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Գրականություն» (բանավոր),

3) «Հայոց պատմություն» (բանավոր),

4) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

5) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

6) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

7) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

27. 9-րդ դասարանում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Գրականություն» և «Հայոց պատմություն» - էսսե: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից,

3) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով։

6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

28. 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են Հաստատություններում:

29. Ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից։

30. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում չորսը (գերազանցելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը), վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննություններ հանձնելուց հետո առնվազն մեկ քննական առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։

31. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանի սովորողն ավարտական քննությանը չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։

32. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

3) «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

33. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների «Մաթեմատիկա», 9-րդ դասարանի «Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)» առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով։

34. Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։

35. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդական միավորումների կողմից:

36.«Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է նորմատիվների հանձնմամբ:

37. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանի սովորողը առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 34-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։

38. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանի սովորողը չի ավարտում դպրոցը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:

39. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 12-րդ դասարանի սովորողը պետական ավարտական քննություններին չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 34-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։ Վերաքննությունները հանձնելուց հետո որևէ ուսումնական առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած լինելու, կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է դպրոցն ավարտած՝ տվյալ առարկայից ուսումնական տարվա ընթացքում ստացած գնահատականների հիման վրա:

40. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

41. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։

42. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

43. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։

44. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 19 տարին լրացած՝ առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

45. 19 տարին լրացած, Հաստատությունից դուրս մնացած զորակոչված քաղաքացիները իրավունք ունեն քննություններ հանձնելու և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

46. 19 տարին լրացած Հաստատությունից դուրս մնացած քաղաքացին կարող է հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այն առարկաներից, որոնցից ունի տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում, կամ քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

47. Սույն կարգի 44-46 կետերով սահմանված կարգով և ժամկետներում հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ չստացած քաղաքացիները հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան։

48. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

49. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված Հաստատության 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կարող է քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան այն առարկաներից, որոնցից չունի քննական գնահատականներ:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

50. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում:

51. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։

52. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում 2-11-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ տարվա դասընթացը։ 12-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

53. Տավուշի մարզի Հաստատություններում և Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր Հաստատությունների այն դասարաններում, որտեղ ներդրված է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

54. Բոլոր դասարանների լրացուցիչ քննական գրավոր աշխատանքների առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.07.12 N 728-Ն, խմբ., փոփ. 28.03.13 N 272-Ն, լրաց. 03.03.14 N 145-Ն, լրաց., խմբ. 08.05.14 N 491-Ն, 23.06.15 N 605-Ն, խմբ. 22.09.15 N 804-Ն, 05.05.16 N 400-Ն, 10.10.16 N 997-Ն, 09.12.16 N 1265-Ն,  լրաց. 18.05.17 N 554-Ն, խմբ. 19.02.19 N 01-Ն, փոփ., խմբ. 11.05.21 N 36-Ն, 20.05.21 N 42-Ն, խմբ. 25.02.22 N 10-Ն, 22.12.23 N 164-Ն)