Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.08.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 օգոստոսի 2023 թ.

N 109-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը՝

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թվականի

օգոստոսի 16-ի N 109-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ

 

1. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) անվանակոչման մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ըստ ենթակայության։

2. Ուսումնական հաստատության անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են լիազոր մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, խորհուրդը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

3. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնական հաստատության հասցեն,

2) ուսումնական հաստատության առաջարկվող և գործող անվանումները,

3) հիմնավորումը,

4) անվանումն առաջարկողի տվյալները,

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ուսումնական հաստատության անվանակոչման դեպքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի և ուսումնական հաստատության (տնօրինական, մանկավարժական և ուսանողական խորհուրդների) գրավոր համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել,

6) այն ֆիզիկական անձի և (կամ) կազմակերպության գործունեության վերաբերյալ, որի անունով առաջարկվում է անվանակոչել ուսումնական հաստատությունը:

4. Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ուսումնական հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:

5. Ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշում ընդունած լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունը, այն տրամադրում է ուսումնական հաստատությանը՝ ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման ներկայացնելու համար, իսկ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին որոշում ընդունելու դեպքում՝ որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է առաջարկությունը ներկայացնողին՝ ներկայացնելով նաև մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 6. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Բուժականի պետական քոլեջ:

7. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` -յան, -յանց, -ոնց, -ունց և այլ ածանցներով կազմված ազգանուն լրացումը լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Երևանի Առնո Բաբաջանյանի անվան թիվ 4 պետական քոլեջ:

8. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները, իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:

9. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ թիվ 26 պետական ուսումնարան:

10. Ուսումնական հաստատությունների թվային կամ անվանական անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի մարզի կամ համայնքի կամ բնակավայրի անունը. օրինակ՝ Կոտայքի Մուշեղ Իշխանի անվան թիվ 26 պետական քոլեջ:

11. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

1) նոր կառուցվող կամ հիմնադրվող ուսումնական հաստատություններին,

2) անանուն ուսումնական հաստատություններին,

3) թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,

4) ուսումնական հաստատությունների նոր գործառույթների ավելացման կամ ուղղվածության (արվեստ, սպորտ, գյուղատնտեսություն և այլն) նշելու կամ անվանումները կանոնակարգելու դեպքում,

5) ուսումնական հաստատության անվանակոչման փոփոխության դեպքում:

12. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել․

1) ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) անվամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում: Սույն կետի իմաստով նշանակալից ներդրում է համարվում այդ ուսումնական հաստատությունների հիմնանորոգման կամ վերակառուցման ծախսերի (ներառյալ դրամ, գույք կամ սարք, սարքավորումներ) առնվազն 2/3-րդը ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը կամ այդ նպատակով օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի հիման վրա նվիրաբերություն կատարելը,

2) ուսումնական հաստատության աշխատակցի կամ շրջանավարտների անունով՝

ա. ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի,

բ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար,

3) պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

13. Ուսումնական հաստատությունը սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել տվյալ անհատի մահվանից առնվազն 5 տարի հետո:

14. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել՝ հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

15. Ուսումնական հաստատություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:

16. Եթե անվանակոչված ուսումնական հաստատությունը վերակազմակերպման ձևով միավորվում (միաձուլվում) է այլ ուսումնական հաստատության հետ, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատությունը պահպանում է սույն կարգի պահանջներին համապատասխան տրված անվանումը:

17. Եթե միավորվող (միաձուլվող) բոլոր ուսումնական հաստատություններն էլ անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը:

18. Անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

19. Բացառիկ դեպքերում ուսումնական հաստատությունների անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ կամ ի հայտ են եկել հիմնավոր պատճառներ անվանափոխության համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: