ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«26» դեկտեմբերի 2023 թ. |
N 167-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված Հրամանի՝
1) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
2) Հավելված 2-ի 6-րդ կետում «206մմx260մմ» բառերը փոխարինել «205մմx260մմ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 167-Ն հրամանի |
Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և Հանրակրթության պետական չափորոշչին (այսուհետ՝ Չափորոշիչ) դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Հանրակրթական առարկաների դասագրքերին և ուսումնաօժանդակ գրականությանը ներկայացվող ընդհանրական պահանջներն են.
1) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է համապատասխանեն Չափորոշչին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնեն առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,
2) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է ներկայացնեն միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակեն այդ մասին, օգտագործեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է պատշաճ հղումներ կատարվեն օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ): Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է լինեն պաշտպանված և մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում:
ա. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերում և ուսումնաօժանդակ գրականության մեջ օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը և փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին առնվազն 15 օր առաջ գրավոր տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն):
բ․ Նախարարությունը դասագրքերում և ուսումնաօժանդակ գրականության մեջ օգտագործված հղումների և դրանց հասանելիության փոփոխության վերաբերյալ ԿԶՆԱԿ-ից ստացված տեղեկությունը տրամադրում է հրատարակչին՝ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջը ապահովելու համար՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողությանը ՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ ու խրթին նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,
6) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ բացառելով կրկնությունները,
7) դասագրքի և ուսումնաօժանդակ գրականության կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:
3. Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝
1) 176 էջը (11 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 112 էջը (7 մամուլ)՝ տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում,
2) 192 էջը (12 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 120 էջը (7,5 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:
4. Դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։
5. «Թղթային, էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի, դասագրքի մեթոդական ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի օգտագործման (ներառյալ՝ հոնորարների վճարման) հետ կապված, մտավոր սեփականությանը վերաբերող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են դրամաշնորհի հրավերի պայմաններով և կողմերի միջև կնքվող պայմանագրով:
6. Հիբրիդ դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը նույն թղթային դասագիրքն ու ուսումնաօժանդակ գրականությունն են, որոնց մեջ ավելացված են իրականության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս բջջային համապատասխան հավելվածի միջոցով տվյալ թեմայի վերաբերյալ տեսաձայնային հավելյալ նյութեր ներառելու:
7. Էլեկտրոնային դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը ժամանակակից ուսուցման միջոց են, ծրագրային ապահովման հատուկ գործիք, որտեղ համակարգված ներկայացվում են նյութեր` գիտելիքների որոշակի բնագավառում գիտության և տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումներին համապատասխան:
8. Դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով կարող են սահմանվել դասագրքերի գործածության այլ ժամկետներ:
9. Դասագրքերի գործածության ժամկետները սահմանվում են նախարարի հրամանով:
10. Միջնակարգ կրթության 2-րդ և 3-րդ աստիճանների թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերահրատարակման համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները (բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին): Նույն առարկայի թղթային, դրա թվայնացված և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները կարող են միմյանցից տարբերվել։
11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:
12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։
13. Թղթային դասագրքի էլեկտրոնային հղումները, դասագրքի օգտագործման մեթոդական ուղեցույցը և այլ ուսումնական նյութերը կարող են պարբերաբար թարմացվել, եթե երաշխավորվել են սույն կարգի պահանջներին համապատասխան։
3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
14. Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծումը, հրատարակումը, գնումն իրականացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
2) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն)՝ առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով,
3) օրենքով չարգելված այլ միջոցներով:
15. Դասագրքերի ստեղծումն ու հրատարակումն իրականացվում է մրցութային եղանակով։
16. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:
1) Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել դասագրքին հավակնող այն ուսումնաօժանդակ նյութը (այսուհետ՝ ուսումնական նյութ), որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը (համաձայն Հավելված 2-ի):
2) Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար։
17. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։
18. Դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների։
19. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ձևավորված հանձնաժողովը։ Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկվում է ներկայացուցիչ նաև Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամից (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ):
20. Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունը, որն իրականացվում է սույն կարգի 19-րդ կետում նշված հանձնաժողովի պահանջով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից։
21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ. իրականացվում է դրամաշնորհային հանձնաժողովի կողմից, դրամաշնորհային մրցույթի՝ հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դրամաշնորհային մրցույթով սահմանված փաստաթղթերի ամբողաջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Մրցութային պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրամաշնորհային հանձնաժողովի որոշմամբ հայտը կարող է մերժվել կամ ներկայացվել մրցույթի մասնակցին՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոփոխություններ՝ վերացնելով անհամապատասխանությունները: Նույն ժամանակահատվածում մրցույթի նախահաշվային արժեքը գերազանցող հայտեր ներկայացրած մասնակիցների հետ կարող են իրականացվել բանակցություններ: Սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու, անհամապատասխանությունները վերացրած չլինելու կամ նախահաշվային արժեքը գերազանցելու դեպքում հայտը մերժվում է.
2) գիտականության և Չափորոշչին համապատասխանության գնահատման փուլ.
այս փուլում գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը դրամաշնորհային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակների միջոցով: Սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված մասնագիտական խմբի կողմից կազմվում է գիտականությանը և Չափորոշչին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: «Համապատասխանում է» եզրակացության դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: «Չի համապատասխանում» եզրակացության դեպքում ուսումնական նյութը փորձաքննության հաջորդ փուլ չի ներկայացվում:
3) բովանդակային գնահատման փուլ.
հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և Չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Բովանդակային գնահատման արդյունքները ներկայացվում են դրամաշնորհային հանձնաժողովին: Գնահատման սանդղակի առանձին բաղադրիչներով սահմանված նվազագույն շեմը հաղթահարած լինելու դեպքում դրամաշնորհային հանձնաժողովը ուսումնական նյութը համապատասխան դիտարկումներով 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է մասնակցին 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակելու և ներկայացնելու համար: Նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում դրամաշնորհային հանձնաժողովի որոշմամբ ուսումնական նյութը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է խմբագրման՝ սահմանելով 7 աշխատանքային օր, կամ մերժում է հայտը: Խմբագրված ուսումնական նյութը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է առարկայական հանձնաժողովին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարված փոփոխությունները դիտարկելու և ուսումնական նյութի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու նպատակով:
22. Բովանդակային գնահատման փուլը հաղթահարած ուսումնական նյութերը ներկայացվում են դրամաշնորհային հանձնաժողովին: Դրամաշնորհային հանձնաժողովում ընդգրկված նկարիչ-ձևավորողը և բժիշկ հիգիենիստը 5-աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են գիտականության և բովանդակային գնահատման փուլերն անցած ուսումնական նյութերի գնահատում համապատասխան ձևաչափով: Անհրաժեշտության դեպքում ուսումնական նյութերն ուղարկվում են մասնակիցներին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկվող փոփոխությունները կատարելու նպատակով:
23. Գիտականության և Չափորոշչին համապատասխանության և բովանդակային գնահատման փուլերի արդյունքում դրական եզրակացություն ունեցող դասագրքերը երաշխավորվում են գործածության:
24. Դրական եզրակացություն, սակայն լրամշակման առաջարկ ունեցող դասագրքերը երաշխավորվում են լրամշակման պայմանով: Չլրամշակված դասագրքերը հանվում են երաշխավորման ցանկից:
25. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք ներկայացնելու:
26. Դրամաշնորհային հանձնաժողովը բողոքների առկայության դեպքում կարող է որոշել իրականացնել ուսումնական նյութերի գիտականության, Չափորոշչի համապատասխանության կամ բովանդակության կրկնակի փորձաքննություն:
27. Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում: Կրկնակի փորձաքննությունը կարող է իրականացվել տվյալ բնագավառում առնվազն գիտական կոչում ունեցող և փորձաքննող հանձնաժողովներից որևէ մեկում չընդգրկված և մասնակիցների և հանձնաժողովների անդամների հետ շահերի բախում չունեցող անձի կողմից: Եթե կրկնակի փորձաքննության արդյունքում դասագրքի երաշխավորման վերաբերյալ որոշումը փոփոխվում է, հանձնաժողովը կատարած աշխատանքի համար չի վարձատրվում:
1) Հանձնաժողովի վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:
28. Ուսումնական նյութի փորձաքննության արդյունքների հետ անհամաձայնության դեպքում մասնակիցները կարող են դիմել դրամաշնորհային հանձնաժողովին՝ ուսումնական նյութերը լրացուցիչ կարծիքի ներկայացնելու նպատակով:
29. Դրամաշնորհային հանձնաժողովը փորձաքննության արդյունքները և անհամաձայնությունների վերաբերյալ դիմումներն ուղարկում է լրացուցիչ կարծիքի՝ ներգրավելով տվյալ բնագավառում առնվազն գիտական կոչում ունեցող և փորձաքննող հանձնաժողովներից որևէ մեկում չընդգրկված և մասնակիցների և հանձնաժողովների անդամների հետ շահերի բախում չունեցող անձի: Լրացուցիչ կարծիքը հիմք է դրամաշնորհային հանձնաժողովի համար վերանայելու ուսումնական նյութի երաշխավորման վերաբերյալ որոշումը:
30. Գիտականության և Չափորոշչին համապատասխանության և բովանդակային գնահատման փուլերի արդյունքում դրական եզրակացություն ունեցող ուսումնական նյութերը կարող են երաշխավորվել հանրակրթական ուսումնական հաստատությունում որպես ուսումնաօժանդակ գրականություն օգտագործվելու։
31. ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում ստեղծվում է հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի շտեմարան։
32. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները, Նախարարի կողմից հաստատվում է հաջորդ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը, որում նշվում են վերահրատարակվող դասագրքերը և դրանց գործածության ժամկետները: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
33. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):
34. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն, կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը։
35. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն՝ Նախարարի հրամանով սահմանված դասագրքերի գործածության ժամկետների ավարտից հետո կարող է անցկացվել դասագրքի ստեղծման նոր մրցույթ, իսկ նախորդ մրցույթով անցած դասագրքերը, որոնք ընդգրկված են եղել երաշխավորված դասագրքերի ցանկում, շարունակում են մնալ այդ ցանկում, եթե առարկայական չափորոշչում և ծրագրերում բովանդակային փոփոխություն չի կատարվել:
36. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:
37. Ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և հրատարակման գործընթացները կարող են իրականացվել օրենքով չարգելված միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
38. Հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) իրականացումը:
39. Հանձնաժողովների գործունեության առարկան՝
1) մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն, որն իրականացվում է սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի կողմից.
2) ներկայացված ուսումնական նյութի բովանդակության՝ գիտականությանը և Չափորոշչին համապատասխանության ստուգում, որն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի (այսուհետ՝ մասնագիտական խումբ) կողմից.
3) ներկայացված ուսումնական նյութի մեթոդական և տարիքային հոգեբանության մասով փորձաքննություն, որն իրականացնում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խումբը (այսուհետ՝ մեթոդական խումբ):
40. Առարկայական հանձնաժողովները ձևավորվում են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են:
41. Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝
1) տվյալ առարկայի 3-5 մասնագետ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում),
2) մանկավարժ-մեթոդիստ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում),
3) մանկավարժ-հոգեբան (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում),
4) հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները) (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում),
5) նկարիչ-ձևավորող (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ),
6) բժիշկ-հիգիենիստ (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ):
42. Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան կամ համապատասխանում են սույն կարգի 43-րդ կետով սահմանված պահանջներին:
43. Հանձնաժողովների՝ սույն կարգի 41-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված մյուս անդամներին, ինչպես նաև առարկայական հանձնաժողովում հանրակրթական ուսումնական հաստատություններից ընդգրկված առարկայական մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),
2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:
44. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:
45. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները համապատասխան կառույցի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
46. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սահմանված կարգով կազմը հաստատվելու պահից: Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:
47. Չափորոշչին ուսումնաօժանդակ գրականության համապատասխանության գնահատումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.15-րդ կետով սահմանված կարգով՝ մասնագիտացված կառույցների կողմից տրվող մասնագիտական եզրակացության հիման վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|