ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«06» նոյեմբերի 2023 թ. |
N 139-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը սահմանելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2.-րդ կետերով.
«6.1. Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարաններում «Առողջ ապրելակերպ» խմբակին 5-11-րդ դասարաններից յուրաքանչյուրին հատկացվում է տարեկան 17-ական ժամ, իսկ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակին՝ 8-11-րդ դասարաններից յուրաքանչյուրում՝ տարեկան 34-ական ժամ՝ անկախ աշակերտների թվից։ Սույն կետով սահմանված խմբակների տրամադրումը պարտադիր է.
6.2. Սույն կարգի 6.1.-ին ենթակետով սահմանված Խմբակները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակացույցով սահմանված ժամկետներում համապատասխան դասարաններում (Տավուշի մարզում սույն կարգի 6.1.-ին ենթակետով սահմանված բոլոր դասարաններում)։»:
2) 9-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
3) 9-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) առողջ ապրելակերպի հմտությունները ձևավորելու և զարգացնելու համար:»:
4) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին ենթակետով.
«15.1. «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշում» պարտադիր Խմբակների դասընթացների չափորոշիչները և ծրագրերը հաստատվում են Նախարարի հրամանով: Պարտադիր Խմբակները վարվում են նախարարի հրամանով հաստատված ուսուցչի ձեռնարկներին համապատասխան:
5) 18-րդ կետում «2 ակադեմիական ժամը:» բառերը փոխարինել «2 ակադեմիական ժամը՝ բացառությամբ սույն կարգի 6.1.-ին կետով սահմանված Խմբակների:» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|