Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34334/04
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (15.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2010
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2010

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՇՈՏ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 34334/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 հունիսի 2010թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

 

15/09/2010

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]՝ Նախագահ,

Էլիզաբեթ Ֆուրա [Elisabet Fura],

Կոռնելյու Բոռսան [Corneliu Bírsan],

Բոշտյան Մ. Զուպանչիչ [Boštjan M. Zupančič],

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Ինետա Զիմելե [Ineta Ziemele],

Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra]՝ դատավորներ,

և Սանտիագո Քուեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,

2010 թվականի մայիսի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Աշոտ Հարությունյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 34334/04) հիման վրա:

2. Դիմումատուին, որն իրավաբանական օգնություն է ստացել, ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2006 թվականի դեկտեմբերի 7-ին Դատարանը գանգատը հայտարարել է մասնակիորեն անընդունելի և որոշել կալանքի ընթացքում դիմումատուին անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելու, բողոքարկման վարույթի ընթացքում դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու, ինչպես նաև վկաներ կանչելու առնչությամբ կողմերի իրավահավասարության սկզբունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ գանգատն ուղարկել Կառավարություն: Դատարանը որոշել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ըստ էության քննության և ընդունելիության հարցերը (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ):

4. 2009 թվականի ապրիլի 2-ին դիմումատուի կինը և երկու երեխաները տեղեկացրել են Դատարանին, որ 2009 թվականի հունվարի 20-ին դիմումատուն մահացել է քրեակատարողական հիմնարկում: Նրա դուստրը՝ Արուսյակ Հարությունյանը, ցանկություն է հայտնել ներկայացնել գանգատը հոր անունից:

 

ՓԱՍՏԵՐԸ

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1952 թվականին: Մահվան պահին նա պատիժ էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

 

Ա. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը

6. 2001 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խաբեությամբ սեփականություն ձեռք բերելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Դիմումատուն, որը նախկինում չէր դատապարտվել, կասկածվում էր իր գործընկեր Վ.Գ.-ին հասանելիք շահույթը յուրացնելու մեջ:

7. 2002 թվականի փետրվարի 8-ին քննություն իրականացնող մարմինը ձեռագրաբանական փորձագետին հանձնարարել է եզրակացություն պատրաստել: 2002 թվականի մայիսի 8-ին քննություն իրականացնող մարմինը հաշվապահական հաշվառման երկու փորձագետներ Վ.Ա.-ին և Ա.Մ.-ին հանձնարարել է հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկու փորձագիտական եզրակացություն պատրաստել:

8. 2002 թվականի հուլիսի 8-ին քննություն իրականացնող մարմինը Վ.Գ.-ին ճանաչել է որպես տուժող և քաղաքացիական հայցվոր:

9. 2003 թվականի մարտի 14-ին դիմումատուին վերոնշյալ հանցանքների համար պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև նոր մեղադրանք՝ հարկերից խուսափելու համար:

10. 2003 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դիմումատուին կալանավորելու որոշում է կայացրել:

11. 2003 թվականի հունիսի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որն այնուհետև ներկայացվել է դատարան: Մեղադրական եզրակացությանը կից ներկայացվել է այն անձանց ցուցակը, որոնց պետք է կանչեին դատարան: Նշված ցուցակում ընդգրկված են եղել մեղադրյալը, տուժողը, տասը վկաները՝ ներառյալ դիմումատուի հաշվապահ Կ.Ս.-ն, գանձապահ Կ.Մ-ն և երկու հաշվապահ-փորձագետներ Վ.Ա.-ն և Ա.Մ-ն:

12. 2003 թվականի հունիսի 14-ին դիմումատուի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան:

13. 2003 թվականի դեկտեմբերի 3-ին տուժողը 34 159 008 ՀՀ դրամի և 119 000 ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել:

14. 2004 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել յոթ տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը նաև ամբողջությամբ բավարարել է տուժողի՝ պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը: Դատարանը դատավճիռ կայացնելիս, inter alia (ի թիվս այլնի), հիմք է ընդունել դատարանում հարցաքննված տասը վկաների, այդ թվում՝ հաշվապահ Կ.Ս.-ի և գանձապահ Կ.Մ.-ի ցուցմունքները, հարկային մարմինների մասնագետների կողմից կազմված ակտը, դատարանի կողմից նշանակված՝ հաշվապահական հաշվառման վերաբերյալ փորձագիտական երկու եզրակացությունները, հաշվապահական հաշվառման փորձագետներ Վ.Ա.-ի և Ա.Մ.-ի ցուցմունքները և ձեռագրաբանական փորձագետի եզրակացությունը:

15. 2004 թվականի փետրվարի 10-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Դիմումատուն քաղաքացիական հայցի վերաբերյալ նաև գրավոր բացատրություն է ներկայացրել, որով Վերաքննիչ դատարանից պահանջել է որպես վկա հրավիրել և հարցաքննել տուժողի հաշվապահ Ս.Հ.-ին: Նա նաև պահանջել է, որ հաշվապահ Կ.Ս.-ին և գանձապահ Կ.Մ.-ին կանչեն լրացուցիչ հարցաքննության: Դիմումատուն նաև խնդրել է կանչել երեք այլ անձանց՝ Կ.-ին, Հ.-ին և Զ.-ին: Հաշվապահներ Ս.Հ.-ին և Կ.Ս.-ին կանչելու և հարցաքննելու վերաբերյալ իր պահանջը հիմնավորելու նպատակով դիմումատուն դատարան է ներկայացրել վերջիններիս կողմից պատրաստված երկու հաշվապահական հաշվետվությունները, որոնք, ըստ նրա, պարունակում են արդարացնող տեղեկություններ:

16. 2004 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի առաջին նիստը: Դատական նիստերի դահլիճում դիմումատուն պահվել է մոտ 3 քմ մակերեսով մետաղյա ճաղավանդակում: Դիմումատուին ներկայացրել են երկու պաշտպան: Նիստի ընթացքում դիմումատուի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ հարազատների և ընկերների ներկայությամբ դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը նվաստացնող վերաբերմունք է և ստորացնում է նրան: Բացի այդ, խախտվում է կողմերի իրավահավասարության սկզբունքը, քանի որ դիմումատուն, լինելով ճաղավանդակում, չի կարող իրեն դատավարության մյուս կողմի հետ հավասար պայմաններում զգալ: Այն փաստը, որ դիմումատուն կալանավորված է եղել, բավարար արդարացում չէ՝ դատական նիստերի ժամանակ նրան մետաղյա ճաղավանդակում պահելու համար: Եվ ոչ էլ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որևէ դրույթով է սահմանվում կալանավորված անձին դատական նիստերի դահլիճում ճաղավանդակի մեջ պահելը: Պաշտպանը դատարանից պահանջել է դիմումատուին դուրս բերել մետաղյա ճաղավանդակից և թույլ տալ նստել դատավարության կողմերի համար նախատեսված նստարանին, մասնավորապես՝ իր փաստաբանի կողքին:

17. Դատախազն առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չի նախատեսվում ամբաստանյալին մետաղյա ճաղավանդակից դուրս բերելու վերաբերյալ որևէ դրույթ: Բացի այդ, ամբաստանյալը պետք է նստի իր համար նախատեսված տեղում և դա չի կարող համարվել արժանապատվության ոտնահարում: Տուժողի ներկայացուցիչը նույնպես առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ դիմումատուն կալանավոր է, հետևաբար պետք է պահվի մետաղյա ճաղավանդակում: Բացի այդ, դատական նիստերի դահլիճն ապահովված չի եղել անվտանգության անհրաժեշտ միջոցներով:

18. Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով` եզրակացնելով, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալին իր համար նախատեսված վայրում պահելը չի խախտում պաշտպանության կողմի վկայակոչած իրավունքները: Դատարանը նաև նշել է, որ իր որոշումը հիմնված է անվտանգության նկատառումների վրա:

19. Վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ամբողջ ընթացքում դիմումատուն պահվել է մետաղյա ճաղավանդակում: Դատավարությունը տևել է մոտ երկու ամիս և ներառել առնվազն տասներկու նիստ: Ըստ դիմումատուի՝ նիստերի տևողությունը միջինը չորս ժամ է եղել: Նիստերին ներկա են գտնվել դիմումատուի երեխաները, կինը, եղբայրներն ու քույրերը, ընկերները և այլ անձինք:

20. 2004 թվականի մայիսի 21-ի նիստի ժամանակ դիմումատուն պնդել է իր՝ վկաներ կանչելու մասին նախկին գրավոր բացատրություններում նշված պահանջը: Վերաքննիչ դատարանը մերժել է այն՝ հիմնավորելով, որ հաշվապահ Կ.Ս.-ն և գանձապահ Կ.Մ.-ն արդեն հարցաքննվել են և տվել են մանրամասն ցուցմունքներ գործի քննության և Վարչական շրջանի դատարանում ընթացող վարույթի շրջանակներում: Ինչ վերաբերում է հաշվապահ Ս.Հ. –ին, ապա դատարանը նշել է, որ այդ գործով նրան հրավիրելու անհրաժեշտություն չկա: Իսկ Կ.-ի, Հ.-ի և Զ.-ի կապակցությամբ դատարանը նշել է, որ վերջիններիս ինքնությունը պարզված չէ:

21. 2004 թվականի մայիսի 25-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դիմումատուի պատիժը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը միայն մասնակի է բավարարել տուժողի քաղաքացիական հայցը՝ դիմումատուին շնորհելով 23 063 108 ՀՀ դրամ և 119 000 ԱՄՆ դոլար:

22. 2004 թվականի հունիսի 4-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել:

23. 2004 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և դատավճիռը թողել անփոփոխ:

 

Բ. Դիմումատուի առողջական վիճակը և կալանքի ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելը

24. Պարզվում է, որ մինչև կալանավորումը դիմումատուն ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում` տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց և շաքարային դիաբետ: Բացի այդ, պարզվել է, որ 2001 թվականին դիմումատուն ստացել է սրտի կաթված:

25. 2003 թվականի մայիսի 6-ին դիմումատուն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

26. 2003 թվականի մայիսի 7-ին՝ քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո, դիմումատուին զննել է բժիշկը։ Արձանագրվել է, որ դիմումատուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լեղապարկի քարեր և շաքարային դիաբետ:

27. 2003 թվականի հունիսի 20-ին դիմումատուն ենթարկվել է բժշկական զննման քրեակատարողական հիմնարկի վիրաբույժի կողմից, որին նա գանգատվել է մարմնի էպիգաստրալ շրջանի ցավերից, որոնք սրվում են գիշերը և թուլանում սնունդ ընդունելուց հետո: Դիմումատուն նաև գանգատվել է քաշի կորստից և հաճախակի փսխումներից: Վիրաբույժն արձանագրել է, որ նախքան կալանավորումը դիմումատուի մոտ ախտորոշվել է տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց և խորհուրդ է տվել կատարել վիրահատություն: Դիմումատուն վիրահատության վերաբերյալ գրավոր համաձայնություն է տվել:

28. 2003 թվականի հունիսի 26-ին դիմումատուն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո մշակված բուժման ծրագրի համաձայն՝ դիմումատուն պետք է անցներ արյան և մեզի հետազոտություններ, Էլեկտրասրտագրություն և գաստրոսկոպիա, ինչպես նաև ստանար սրտաբանի և ներզատաբանի խորհրդատվություն:

29. Դիմումատուի բժշկական քարտից պարզ է դառնում, որ վերջինս գտնվել է կանոնավոր բժշկական հսկողության ներքո:

30. 2003 թվականի հունիսի 27-ին ու 28-ին արյան և մեզի հետազոտություններ են անցկացվել:

31. 2003 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 4-ին դիմումատուն անցել է էնդոսկոպիա և գաստրոսկոպիա: Տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի ախտորոշումը հաստատվել է: Պարզվում է, որ ավելի ուշ դիմումատուն նաև խոցի հեմոստատիկ (արյունականգային) բուժում է ստացել:

32. 2003 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն անցել է որովայնային խոռոչի և միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն:

33. 2003 թվականի հուլիսի 7-ին դիմումատուի աղեստամոքսային խնդիրները սրվել են՝ հանգեցնելով գլխապտույտի և ուշագնացության: Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն:

34. 2003 թվականի հուլիսի 8-ի գրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է դիմումատուի գործը քննող դատավորին, որ դիմումատուն տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի ախտորոշմամբ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: 2003 թվականի հուլիսի 4-ին իրականացվել է գաստրոսկոպիա, որը զուգորդվել է հեմոստատիկ թերապիայով: Դիմումատուն շարունակել է բուժօգնություն ստանալ և որոշ ժամանակ ի վիճակի չի եղել մասնակցելու դատական քննությանը:

35. 2003 թվականի հուլիսի 11-ին կատարվել է էլեկտրասրտագրություն:

36. 2003 թվականի հուլիսի 23-ին դիմումատուին զննել է ներզատաբանը։ Նա խորհուրդ է տվել դիմումատուի հետագա բուժման հարցը որոշելու նպատակով անցկացնել գլիկեմիայի մակարդակի լրացուցիչ հետազոտություն՝ դատարկ ստամոքսով:

37. 2003 թվականի հուլիսի 29-ին դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: Հիվանդանոցի պետ Մ.Գ.-ի և վիրաբուժական ստորաբաժանման պետ Ա.Դ.-ի կողմից կազմված Էպիկրիզի համաձայն՝

«Ստորաբաժանումում անցկացված համապատասխան ստուգումներից և խորհրդատվություններից հետո [դիմումատուի մոտ] ախտորոշվել է խոց, տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց, շաքարային դիաբետ (2-րդ տիպ, միջին աստիճան, սուբկոմպենսացված փուլ) և դիաբետիկ անգիոպաթիա, որի համար [դիմումատուն], համապատասխան բուժում ստանալուց բացի, 2003 թվականի հուլիսի 4-ին խոցի հեմոստատիկ թերապիա է անցել և դուրս գրվել 2003 թվականի հուլիսի 29-ին: Պացիենտը պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննումների»:

38. Նույն օրը դիմումատուի բժշկական քարտում նշվել է, որ վերջինս դուրս է գրվել համապատասխան բուժում ստանալուց հետո և գտնվում է բավարար առողջական վիճակում:

39. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն հիվանդանոցում նաև ենթարկվել է այն վիրահատությանը, որը նրան խորհուրդ էր տրվել: Դիմումատուն վիճարկել է այս պնդումը և նշել, որ որևէ վիրահատություն չի եղել:

40. 2003 թվականի օգոստոսի 5-ին առողջական վիճակի վատթարացման հետևանքով դիմումատուն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում՝ հետագա բուժում ստանալու նպատակով: Բժշկական ստորաբաժանումում դիմումատուին զննել է բժիշկը, որին նա գանգատվել է, inter alia, կրծքավանդակի ցավերից, բերանի չորությունից, թուլությունից, գլխացավից, գլխապտույտներից և պարբերաբար կրկնվող փսխումներից: Անցկացվել են արյան և մեզի հետազոտություններ:

41. Դիմումատուի բժշկական քարտում առկա գրառումների համաձայն՝ 2003 թվականի օգոստոսի 11-ից մինչև 29-ը դիմումատուն գտնվել է կանոնավոր բժշկական հսկողության ներքո և ստացել է համապատասխան դեղորայք: Պարբերական ստուգումներն անցկացվել են երկուսից երեք օրը մեկ: Այս ընթացքում արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը տատանվում է կայունից դեպի վատ:

42. 2003 թվականի օգոստոսի 14-ին շտապ օգնություն է կանչվել դատական նիստերի դահլիճ՝ դիմումատուի սրտի աշխատանքի վատթարացման պատճառով: Նրան զննել է սրտաբանը, որն ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, հետկաթվածային կարդիոսկլերոզ և ստենոկարդիա: Նշանակվել է էլեկտրասրտագրություն, ինչպես նաև դեղորայք, այդ թվում՝ վալիդոլ, անալգին և դիմեդրոլ:

43. 2003 թվականի օգոստոսի 22-ին նույն պատճառով շտապ օգնություն է կանչվել դատական նիստերի դահլիճ: Դիմումատուի սրտի ախտորոշումը հաստատվել է, խորհուրդ է տրվել անցնել ստացիոնար հետազոտություն և բուժում:

44. 2003 թվականի օգոստոսի 22-ի գրությամբ գործը քննող դատավորը տեղեկացրել է քրեակատարողական հիմնարկի պետին 2003 թվականի օգոստոսի 14-ի ու 22-ի դեպքերի մասին և հարցում է արել դիմումատուի առողջական վիճակի և նրան ցուցաբերվող անհրաժեշտ բուժօգնության մասին:

45. 2003 թվականի օգոստոսի 28-ի գրությամբ քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է դատավորին, որ դիմումատուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածություն և ստենոկարդիա, հետկաթվածային կարդիոսկլերոզ, շաքարային դիաբետ, դիաբետիկ անգիոպաթիա և տասներկումատնյա աղիքի արնահոսող խոց: Գրության մեջ նաև նշվել է, որ դիմումատուն մշտապես գտնվել է բժշկական հսկողության ներքո և բուժում է ստացել:

46. 2003 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուի պաշտպանը դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին՝ նշելով, որ դիմումատուի առողջական վիճակը պահանջում է պարբերական բժշկական ստուգումներ, և խնդրել է վերջինիս տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ բուժում ստանալու համար: Պարզվում է, որ այդ բողոքը մնացել է անպատասխան:

47. 2003 թվականի հոկտեմբերի 13-ին դիմումատուն բժշկական ստորաբաժանումից տեղափոխվել է բանտախուց:

48. Դիմումատուն պնդել է, որ քրեակատարողական հիմնարկում բանտախուց տեղափոխվելու պահից մինչև 2004 թվականի օգոստոսի 13-ին ուղղիչ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը, ինքը երբեք չի զննվել բժշկի կողմից: Ինքը մի քանի անգամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բանավոր խնդրել է բժշկական օգնություն, սակայն իրեն որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել և դեղորայք կամ հատուկ սննդակարգ չի նշանակվել: Անհրաժեշտ դեղամիջոցներն ու սննդամթերքն իրեն պարբերաբար մատակարարվել են բարեկամների կողմից:

49. Կառավարությունը հաստատել է, որ դիմումատուն վերոնշյալ ժամանակահատվածում բանավոր դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին բժշկական օգնության համար, սակայն պնդել է, որ դիմումատուին բոլոր դեպքերում էլ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, այդ թվում՝ տրամադրվել են անհրաժեշտ դեղամիջոցներ և նշանակվել է հատուկ սննդակարգ: Նա պարբերաբար ստուգվել է բժշկի կողմից և որևէ ախտանիշի բացահայտման դեպքում անմիջապես ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը բաղկացած է եղել հետևյալ մասնագետներից՝ երկու թերապևտ, մեկ հոգեբույժ-նևրոլոգ, մեկ մաշկաբան, մեկ ատամնաբույժ, տուբերկուլյոզի մեկ մասնագետ, ինչպես նաև լաբորատորիայի մեկ օգնական և բժշկի վեց օգնականներ: Վերջիններս ամեն օր այցելել են կալանավորներին՝ նրանց առողջական վիճակը ստուգելու նպատակով, իսկ խնդիրներ լինելու դեպքում անմիջապես տեղեկացրել են բժիշկներին:

50. Այդ պնդումը հիմնավորելու համար Կառավարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժօգնության բաժնի գլխավոր մասնագետ Ա.Հ.-ի կողմից 2006 թվականի հունիսի 27-ին կազմված տեղեկանքը: Այդ տեղեկանքի համաձայն՝ 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2004 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պարբերաբար դիմել է քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմին և ստացել բժշկական խորհրդատվություն և ամբուլատոր բուժում սրտի իշեմիկ հիվանդության, լարվածության և ստենոկարդիայի, շաքարային դիաբետի և տասներկումատնյա աղիքի խոցի համար: Նշանակվել է համապատասխան դեղորայք՝ ներառյալ անալգինի լուծույթը, պապավերին, դիբազոլ, ֆուրոսեմիդ, վալիդոլ, ռանիտիդին, նիտրոնգ և դիաբետոն, որոնք քրեակատարողական հիմնարկը ստացել է եռամսյակը մեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

51. 2003 թվականի դեկտեմբերի 18-ին դիմումատուն անցել է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն՝ իր հարազատների հրավիրած բժշկի կողմից:

52. 2004 թվականի փետրվարի 9-ին, ինչպես պարզ է դառնում համապատասխան տեղեկանքից, բժշկի կողմից զննվելուց հետո դիմումատուի վիճակը գնահատվել է որպես աշխատանքի համար պիտանի:

53. 2004 թվականի ապրիլի 13-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է դիմումատուի անբավարար առողջական վիճակի պատճառով:

54. 2004 թվականի հունիսի 17-ին դիմումատուի պաշտպանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ բողոքելով, որ ընդհանուր խցում պահվելը վտանգավոր է դիմումատուի առողջական վիճակի համար: Նա նաև բողոքել է, որ չնայած այդ հանգամանքին՝ դիմումատուն վերջերս տեղափոխվել է մեկ այլ խուց, որի պայմաններն ավելի վատն են եղել: Պաշտպանը խնդրել է, որ դիմումատուն անհապաղ տեղափոխվի հիվանդանոց՝ բուժում ստանալու նպատակով:

55. 2004 թվականի հուլիսի 17-ին դիմումատուի պաշտպանը դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին՝ բողոքելով, որ դիմումատուին պահում են ընդհանուր խցում՝ չնայած վերջինիս առողջական վիճակին: Նա նաև բողոքել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը դիմումատուին հիվանդանոց չի տեղափոխել և չի ապահովել վերջինիս բուժումը:

56. 2004 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 13։20-ին, քրեակատարողական հիմնարկ շտապօգնություն է կանչվել, քանի որ դիմումատուն սրտի կաթված է ստացել:

57. 2004 թվականի հուլիսի 28-ին դիմումատուի պաշտպանը ներկայացրել է 2004 թվականի հուլիսի 17-ի բողոքի նման մեկ այլ բողոք՝ պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին:

58. 2004 թվականի հուլիսի 29-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է պաշտպանի՝ 2004 թվականի հուլիսի 17-ի բողոքին՝ նշելով, որ դիմումատուն արդեն երկու անգամ՝ 2003 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 29-ը և 2003 թվականի օգոստոսի 5-ից մինչև հոկտեմբերի 13-ը, հոսպիտալացվել է բուժօգնություն ստանալու համար: Գրության մեջ նշվել է նաև, որ դիմումատուն այդ պահին գտնվել է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, և նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

59. 2004 թվականի օգոստոսի 11-ին և 12-ին դիմումատուի պաշտպանը ներկայացրել է երկու բողոք` Քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ նշվել է, որ դիմումատուի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, սակայն որևէ միջոց չի ձեռնարկվում: Նա նշել է, որ դիմումատուի առողջական վիճակը պահանջում է հատուկ սննդակարգ, պարբերական բժշկական ստուգումներ և համապատասխան դեղորայք: Այնուամենայնիվ, դիմումատուն պահվել է նշվածներից զուրկ պայմաններում:

60. 2004 թվականի օգոստոսի 13-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է փաստաբանի՝ 2004 թվականի հուլիսի 28-ի բողոքին՝ նշելով, որ 2004 թվականի հուլիսի 29-ի գրությամբ արդեն իսկ ներկայացվել են բարձրացված հարցերի պատասխանները:

61. 2004 թվականի օգոստոսի 13-ին՝ բարձրագույն դատական ատյանի կողմից մեղադրական դատավճիռն անփոփոխ թողնելուց հետո, դիմումատուն պատիժը կրելու համար տեղափոխվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

62. 2004 թվականի օգոստոսի 14-ին՝ քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո, բժիշկը զննել է դիմումատուին: Վերջինս գանգատվել է թուլությունից, գլխապտույտներից և էպիգաստրալ շրջանում ու մեջքի ձախ հատվածում ցավերից: Նրա ընդհանուր առողջական վիճակը գնահատվել է բավարար: Նշանակվել է դեղորայք:

63. 2004 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է պաշտպանի՝ 2004 թվականի օգոստոսի 12-ի բողոքին՝ նշելով, որ դիմումատուն մի քանի անգամ բուժում է ստացել տարբեր հիմնարկներում, և որ նա այդ պահին կրում է իր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Գ. Հետագա զարգացումները

64. 2006 թվականի դեկտեմբերի 29-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին պահանջը՝ եզրակացնելով, որ օրենսդրությամբ նա չունի նման պահանջ անմիջապես դատարան ներկայացնելու իրավունք առանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով հանձնաժողովի նախնական համաձայնության:

65. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք չհստակեցված ամսաթվին:

66. 2007 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը վերանայել է Մարզային դատարանի որոշումը և որոշել է քննել ու բավարարել ազատելու վերաբերյալ դիմումատուի պահանջը՝ հաշվի առնելով նրա դրական վարքագիծը:

67. Այդ որոշումը, թեև կարող էր բողոքարկվել վճռաբեկության կարգով, ենթակա է եղել անհապաղ կատարման, հետևաբար դիմումատուն ազատ է արձակվել:

68. 2007 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքի հիման վրա բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և կարճել է գործի վարույթը նույն հիմքով, ինչ հիմքով՝ Մարզային դատարանը:

69. Դիմումատուն վերադարձել է քրեակատարողական հիմնարկ:

70. 2009 թվականի հունվարի 20-ին դիմումատուն մահացել է քրեակատարողական հիմնարկում` սրտի կաթվածից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

71. 13-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձը, inter alia, ունի առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ ստանալու և անհետաձգելի բժշկական օգնության իրավունք:

72. 21-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը։ Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ: Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:

 

Բ. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

1. Անմեղության կանխավարկած

73. 18-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

2. Վկաներ կանչելը

74. 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

75. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ մեղադրյալն իրավունք ունի հարուցել միջնորդություններ:

76. 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո:

77. 271-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը: Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը և գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները:

78. 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաստատելով մեղադրական եզրակացությունը՝ դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

79. 292-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է որոշում, inter alia, դատական քննություն նշանակելու մասին:

80. 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվի, inter alia, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը:

81. 331-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նախապատրաստական փուլում նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին ունեն միջնորդություններ: Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքները: Եթե այն հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

82. 391-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն նոր վկաներ կանչելու մասին միջնորդություններ ներկայացնելու Վերաքննիչ դատարան:

 

III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Ա. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 3-րդ ընդհանուր զեկույցը CPT/Inf(93)12

83. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«ա. Բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունը

... 34. Անազատության մեջ գտնվելու ընթացքում բանտարկյալները պետք է ցանկացած պահի բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն ունենան՝ անկախ իրենց ազատազրկման ռեժիմից... Առողջապահական ծառայությունը պետք է այնպես կազմակերպված լինի, որ հնարավորություն ընձեռվի բժշկական խորհրդատվության վերաբերյալ պահանջները բավարարել առանց անհարկի հետաձգումների: ...

35. Քրեակատարողական հիմնարկի առողջապահական ծառայությունը պետք է առնվազն հնարավորություն ընձեռի տրամադրել պարբերական ամբուլատոր խորհրդատվություն և անհետաձգելի բժշկական օգնություն (իհարկե, դրանից բացի, հաճախ կարող է առկա լինել հիվանդանոցի նման ստորաբաժանում'՝ մահճակալներով): ... Ավելին, քրեակատարողական հիմնարկի բժիշկները պետք է հնարավորություն ունենան դիմելու մասնագետների ծառայություններին: ...

Ամբուլատոր բուժման նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն սահմանվի բուժանձնակազմի կողմից. շատ դեպքերում բավարար չէ, որ հետագա բուժումն իրականացվի միայն բանտարկյալների նախաձեռնությամբ:

36. Պետք է հասանելի լինեն բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովված հիվանդանոցային ծառայություններ՝ և՛ քաղաքացիական, և՛ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցներում: ...

37. Եթե բանտարկյալներն ունեն հիվանդանոց տեղափոխվելու կամ հիվանդանոցում մասնագետի կողմից զննվելու կարիք, ապա նրանք պետք է տեղափոխվեն կամ զննվեն իրենց առողջական վիճակով պայմանավորված արագությամբ և մեթոդով:

բ. Առողջապահական խնամքի համարժեքությունը

i) ընդհանուր բժշկական օգնություն

38. Քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունը պետք է հնարավորություն ընձեռի ապահովելու բժշկական օգնություն և բուժքրոջ խնամք, ինչպես նաև համապատասխան սննդակարգեր, ֆիզոթերապիա, վերականգնողական կամ ցանկացած այլ հատուկ անհրաժեշտ հարմարություններ՝ այնպիսի պայմաններով, որոնք հասանելի են պացիենտներին արտաքին աշխարհում: Բժշկական, բուժքույրերի և տեխնիկական անձնակազմով ապահովված լինելը, ինչպես նաև անհրաժեշտ շինությունները, սարքավորումներն ու սարքերը պետք է լինեն պատշաճ մակարդակի:

Պետք է պատշաճ վերահսկողություն իրականացվի դեղագործության և դեղամիջոցների բաշխման նկատմամբ: Ավելին, դեղամիջոցների պատրաստումը միշտ պետք է վերապահվի որակավորված անձնակազմին (դեղագործներ/բուժքույրեր և այլն):

39. Յուրաքանչյուր պացիենտի համար պետք է կազմվի հատուկ բժշկական քարտ, որը կպարունակի ախտորոշիչ տեղեկատվություն, ինչպես նաև պացիենտի առողջական վիճակի և նրա անցած բոլոր հատուկ հետազոտությունների վերաբերյալ ընթացիկ գրառումներ: Պացիենտին տեղափոխելու դեպքում բժշկական քարտը պետք է ուղարկվի ընդունող հաստատության բժիշկներին:

Դրանից բացի, բուժանձնակազմը պետք է վարի ամենօրյա գրառումներ, որոնցում պետք է նշվեն պացիենտներին վերաբերող առանձնահատուկ դեպքերը: Նման գրառումներն օգտակար են, քանի որ դրանցով ներկայացվում է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական իրավիճակի ընդհանուր բնութագիրը՝ միաժամանակ ընդգծելով այն առանձնահատուկ խնդիրները, որոնք կարող են առաջանալ:

40. Առողջապահական ծառայության բնականոն աշխատանքը ենթադրում է, որ բժիշկներն ու բուժքույրերը պետք է հնարավորություն ունենան պարբերաբար հանդիպելու և կազմելու աշխատանքային խումբ՝ ծառայության համար պատասխանատու ավագ բժշկի վերահսկողության ներքո»:

 

Բ. 2002 թվականին Հայաստան կատարած այցելության վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը՝ CPT/Inf(2004)25

84. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«բ. առողջապահական ծառայությունները՝ այցելված քրեակատարողական հիմնարկներում [(չորս հաստատություն՝ ներառյալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը)]

i. անձնակազմը և հարմարությունները

106. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի լրիվ աշխատաժամանակով աշխատող բուժանձնակազմը բաղկացած է եղել 7 բժիշկներից (գլխավոր բժիշկ, ներքին հիվանդությունների գծով մասնագետ, վիրաբույժ, ատամնաբույժ, մաշկավեներոլոգ, ճառագայթաբան, հոգեբույժ), 5 բուժակից, լաբորատորիայի օգնականից, ռենտգենի բնագավառում տեխնիկական աշխատողից և ատամնաբուժության բնագավառում տեխնիկական աշխատողից: Օգնություն տրամադրում էին մի քանի բանտարկյալ- սանիտարներ:

...

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բուժակի ներկայությունն ապահովված է եղել օրը 24 ժամ: ...

107. Ինչ վերաբերում է բժիշկներով ապահովված լինելուն, ապա իրավիճակը «Նուբարաշեն» ... [քրեակատարողական հիմնարկում] կարող է համարվել բավարար: ...

...

108. ԽԿԿ-ն հատկապես մտահոգված է չորս հիմնարկներում որակավորում ստացած բուժակների փոքր թվով և մասնագիտացված բուժքույրերի բացակայությամբ: Հաշվի առնելով բանտարկյալների թիվն ու կազմը (բանտարկյալների արագ փոփոխումը երկու նախնական կալանքի հաստատություններում և երկու գաղութներում տարեց բանտարկյալների զգալի թվաքանակը)՝ ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ բուժաշխատողների թվաքանակը (այն է՝ բուժակներ ու բուժքույրեր) չորս հիմնարկներում մեծացվի:

ԽԿԿ-ն ցանկանում է նաև շեշտել, որ քրեակատարողական հիմնարկի տարածքում մշտապես, այդ թվում՝ գիշերները և հանգստյան օրերին, պետք է ներկա գտնվի առաջին օգնություն ցուցաբերելու ունակ անձնավորություն, ցանկալի է՝ ճանաչված հաստատության կողմից տրված բուժքրոջ որակավորմամբ:

109. ԽԿԿ-ի կարծիքով, բանտարկյալներին որպես սանիտար աշխատեցնելը պետք է դիտարկել որպես վերջին միջոց, և բանտարկյալները ոչ մի պարագայում չպետք է ներգրավված լինեն դեղամիջոցների բաշխման մեջ: Ավելին, այդ անձանց համար չպետք է հասանելի լինեն բժշկական փաստաթղթերը, և ոչ էլ նրանք պետք է ներկա գտնվեն բժշկական զննումներին: Կոմիտեն խորհուրդ է տալիս, որ «Նուբարաշեն» ... [քրեակատարողական հիմնարկում] (ինչպես նաև Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներում) բանտարկյալների՝ որպես սանիտար աշխատելու հարցը վերանայվի՝ հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները:

110. Պատվիրակությունը շատ քիչ բողոքներ ստացավ բժշկի (կամ, ինչպես օրինակ Գյումրիում՝ բուժակի) ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, չորս քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները բողոքել են բուժումների և խնամքի որակից, մասնավորապես, նշանակվող դեղամիջոցների տեսականու և ատամնաբուժական ծառայությունների որակից (որը, ինչպես պարզվեց, սահմանափակվում էր միայն ատամ հեռացնելով): Բոլոր հիմնարկներում էլ ասվեց, որ բանտարկյալների տեղափոխումը Երևանի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, վերջիններիս առողջական իրավիճակով պայմանավորված լինելու պարագայում, խնդիրներ չի առաջացնում:...

...

113. Անհրաժեշտ դեղամիջոցներն ու մյուս նյութերը ծայրահեղ անբավարար էր յուրաքանչյուր հիմնարկում: Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այդպիսի իրեր ձեռք բերելու համար նախատեսված խիստ սահմանափակ բյուջեն: Այս տեսանկյունից, առողջապահական ծառայությունները զգալիորեն կախված էին նվիրաբերություններից և բանտարկյալների սեփական ռեսուրսներից:

Արդեն իսկ անդրադարձ է կատարվել պետության՝ ազատազրկված անձանց խնամքը նույնիսկ լուրջ տնտեսական դժվարությունների ժամանակահատվածում ապահովելու պարտավորությանը ... ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այցելված քրեակատարողական հիմնարկները և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ դեղամիջոցներով և համապատասխան նյութերով ապահովելու համար»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԳԱՆԳԱՏԸ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

85. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի դուստր տկն Արուսյակ Հարությունյանը չի ունեցել օրինական շահ՝ իր հանգուցյալ հոր կողմից հարուցված գանգատը ներկայացնելու համար և պահանջել է հանել սույն գանգատը գործերի ցուցակից:

86. Դատարանը նշում է, որ բազմաթիվ գործերով ընդունել է, որ մահացած դիմումատուների ծնողները, ամուսիններն ու երեխաներն իրավունք ունեն փոխարինելու նրանց դատական գործընթացում, եթե նրանք արտահայտում են նման ցանկություն (տե՛ս, օրինակ՝ Դեվիրն ընդդեմ Բելգիայի [Deweer v. Belgium], 1980 թվականի փետրվարի 27, §§ 37-38, շարք Ա թիվ 35. X-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [X v. the United Kingdom], 1981 թվականի նոյեմբերի 5, § 32, շարք Ա թիվ 46. Վոկատուրոն ընդդեմ Իտալիայի [Vocaturo v. Italy], 1991 թվականի մայիսի 24, § 2, շարք Ա թիվ 206-Գ. Գ.-ն ընդդեմ Իտալիայի [G. v. Italy], 1992 թվականի փետրվարի 27, § 2, շարք Ա թիվ 228-Զ. Պանդոլֆելլին և Պալումբոն ընդդեմ Իտալիայի [Pandolfelli and Palumbo v. Italy], 1992 թվականի փետրվարի 27, § 2, շարք Ա թիվ 231-Բ. X-ն ընդդեմ Ֆրանսիայի [X v. France], 1992 թվականի մարտի 31, § 26, շարք Ա թիվ 234-Գ. Ռայմունդոն ընդդեմ Իտալիայի [Raimondo v. Italy], 1994 թվականի փետրվարի 22, § 2, շարք Ա թիվ 281-Ա. և Դալբանն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Dalban v. Romania [GC]], թիվ 28114/95, §§ 38-39, ՄԻԵԴ 1999-VI): Կառավարությունը, ի պաշտպանություն իր պահանջի, որևէ կոնկրետ փաստարկ չի ներկայացրել: Դատարանը չի գտնում, որ սույն գործում առկա են հատուկ հանգամանքներ՝ ձևավորված նախադեպային իրավունքից շեղվելու համար:

87. Հետևաբար, գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը պետք է մերժվի: Դատարանը կարծում է, որ Արուսյակ Հարությունյանն իրավունք ունի շարունակելու դատական քննությունը դիմումատուի փոխարեն:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

88. Դիմումատուն բողոքել է, որ 2003 թվականի մայիսի 6-ից մինչև 2004 թվականի օգոստոսի 13-ը քրեակատարողական հիմնարկում իրեն անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Դիմումատուն նաև բողոքել է բողոքարկման վարույթի ընթացքում մետաղյա ճաղավանդակում պահվելու վերաբերյալ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն՝

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 Ա. Կալանավորման ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնության ենթադրյալ չցուցաբերումը

1. Կողմերի փաստարկները

ա) Կառավարությունը

89. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցուցաբերված բժշկական օգնությունը համապատասխանել է ԽԿԿ-ի չափանիշներին: Դիմումատուն իրոք ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են տասներկումատնյա աղիքի խոցը, գաստրիտը, շաքարային դիաբետը և սրտի հետ կապված խնդիրները: Այս ամենն արձանագրվել է դիմումատուին քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին, և նրա նկատմամբ սահմանվել է համապատասխան բժշկական հսկողություն և խնամք: Քրեակատարողական հիմնարկի առողջապահական ծառայությունն ունեցել է բավարար թվով մասնագիտացված անձնակազմ, և դիմումատուն ցանկացած պահի ունեցել է բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն: Դիմումատուին բուժօգնություն ցուցաբերվել է բժշկական անձնակազմի նախաձեռնությամբ, և այն կախված չի եղել քննչական մարմնի հայեցողությունից՝ ի տարբերություն Խուդոբինն ընդդեմ Ռուսաստանի [Khudobin v. Russia] (թիվ 59696/00, § 86, ՄԻԵԴ 2006-XII (քաղվածքներ)) գործի: Որևէ ախտանիշի բացահայտման դեպքում դիմումատուն անմիջապես ենթարկվել է բժշկական զննման և ստացել համապատասխան ամբուլատոր բուժում, ինչը ներառել է խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դեղամիջոցների նշանակում: Այս ամենը պատշաճորեն արձանագրվել է բժշկական քարտերում:

90. Ավելին, դիմումատուն ստացիոնար բուժման համար երկու անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում, որտեղ անցել է բազմաթիվ բժշկական հետազոտություններ և բուժում է ստացել: Հիվանդանոցում դիմումատուն մի քանի անգամ անցել է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, հանձնել է արյան և մեզի անալիզներ, ինչպես նաև անցել է էլեկտրասրտագրություն: Բժշկական ստորաբաժանումում նա կրկին անցել է հետազոտություններ: Երկու դեպքում էլ դիմումատուն ստացել է բժշկական օգնություն ու դեղորայքային բուժում և դուրս է գրվել առողջության զգալի բարելավումից և կայունացումից հետո:

91. 2003 թվականի հուլիսի 7-ի, օգոստոսի 14-ի և 22-ի, ինչպես նաև 2004 թվականի օգոստոսի 27-ի դեպքերի կապակցությամբ Կառավարությունը պնդել է, որ առողջության հետ կապված յուրաքանչյուր խնդրի դեպքում դիմումատուն անհապաղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Ավելին, նրա առողջական վիճակը և ստացած բուժման համապատասխանությունը գտնվել է դատարանի վերահսկողության ներքո, ինչը երևում է դատավորի՝ 2003 թվականի օգոստոսի 22-ի գրությունից:

92. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ անհրաժեշտ բժշկական օգնության ենթադրյալ բացակայությունն իրեն հոգեկան կամ ֆիզիկական տառապանք է պատճառել՝ նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը, կամ այն մասին, որ վիճարկման ժամանակահատվածում իր առողջական վիճակը վատթարացել է: Դիմումատուն անհանգստության որևէ պատճառ չի ունեցել, քանի որ քրեակատարողական հիմնարկում բուժօգնականի ներկայությունն ապահովված է եղել 24 ժամ: Ավելին, պետական մարմինները որևէ սահմանափակում չեն կիրառել դիմումատուի հարազատների կողմից բերված հանձնուքների կամ դեղամիջոցների նկատմամբ և միևնույն ժամանակ թույլատրել են նրանց բժիշկ հրավիրել, ինչն արվել է 2003 թվականի դեկտեմբերի 18-ին:

93. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ պետական մարմինները չեն ունեցել դիմումատուին նվաստացնելու մտադրություն, քանի որ նա պահվել է բանտային նորմալ պայմաններում և առողջության վատթարացման դեպքում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել է մինչև առողջության բարելավումը: Վկայակոչելով 2002 թվականին Հայաստան կատարած հերթական այցելության վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը՝ Կառավարությունը պնդել է, որ ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների մատուցումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որն ուներ պատշաճ բժշկական անձնակազմ, բավարար է:

բ) Դիմումատուն

94. Դիմումատուն ի սկզբանե պնդել է, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս պատշաճ բժշկական զննման չի ենթարկվել, քանի որ իր հիվանդություններից ոչ բոլորն են պատշաճորեն արձանագրվել՝ ներառյալ տասներկումատնյա աղիքի խոցը: Նա նաև նշել է, որ «բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն» ունեցել է այնքանով, որքանով կարողացել է բողոքել բժշկական անձնակազմին իր առողջական խնդիրների մասին, սակայն որևէ բժշկական օգնություն դրանց կապակցությամբ իրեն չի ցուցաբերվել:

95. Դիմումատուն նաև պնդել է, որ համապատասխան բժշկական խորհրդատվությունների առումով պատշաճ հետևողականություն չի ցուցաբերվել: Նախ, վիրահատություն չի կատարվել՝ չնայած բժշկի՝ 2003 թվականի հունիսի 20-ի խորհրդատվությանը: Երկրորդ, 2003 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի օգոստոս որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել, այդ թվում՝ պարբերական բժշկական ստուգումներ, դեղորայքի, ինչպես նաև հատուկ սննդակարգի նշանակում և տրամադրում տեղի չի ունեցել: Հիվանդանոցում և բժշկական ստորաբաժանումում ստացած բուժումից և 2003 թվականի մայիսի 7-ին և հունիսի 20-ին անցած բժշկական զննումներից բացի, իր բժշկական քարտը որևէ այլ գրառում չի պարունակում: Այդ ժամանակահատվածում ինքը և իր փաստաբանը բանավոր և գրավոր բողոքներ են ներկայացրել տարբեր պետական մարմիններ՝ իր առողջական վատ վիճակի մասին, սակայն այդ բողոքները մնացել են անպատասխան:

96. Դիմումատուն նաև նշել է, որ չի բողոքում այն երկու ժամանակահատվածների կապակցությամբ, երբ ստացել է ստացիոնար բուժում, այլ այն փաստի կապակցությամբ, որ մնացած ժամանակահատվածում նա պահվել է ընդհանուր խցում և չի ստացել այն բժշկական օգնությունը, որի կարիքն ունեցել է և որը խնդրել է: Իր առողջական վատ վիճակի համար պահանջվող բժշկական օգնություն չցուցաբերելը պատճառել է նրան մեծ հոգեկան և ֆիզիկական տառապանք, որն, ի վերջո, հանգեցրել է իր առողջության կտրուկ վատթարացմանն ու սրտի կաթվածին:

97. Ինչ վերաբերում է գործը քննող դատավորի՝ 2003 թվականի օգոստոսի 22-ի գրությանը, ապա դիմումատուն պնդել է, որ այդ հարցման հիմնական նպատակն է եղել պարզել, թե արդյոք իր առողջական վիճակը բավարար է դատական քննության ներկայանալու համար: Ամեն դեպքում, հարցման արդյունքում դրական փոփոխություն չի արձանագրվել: Ավելին, այն փաստը, որ իր պատշաճ բուժումն ապահովելու համար քայլեր ձեռնարկելու փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշել է 2004 թվականի հունիսին իրեն տեղափոխել մեկ այլ խուց, որի պայմաններն ավելի վատն էին, ենթադրում է, որ նրանք իրեն նվաստացնելու նպատակ են ունեցել:

98. Դիմումատուն ի վերջո պնդել է, որ պետական մարմինների՝ իր հարազատների կողմից բժիշկ հրավիրելուն չխոչընդոտելը չի ազատում նրանց իրեն անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու պարտավորությունից: Նույնը վերաբերում է նաև քրեակատարողական հիմնարկի՝ ընդհանուր առմամբ ենթադրյալ բավարար մակարդակի բժշկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ Կառավարության անդրադարձին:

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդունելիությունը

99. Դատարանն ի սկզբանե նշում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցի ենթադրյալ վատ պայմանների վերաբերյալ առաջին բողոքը դիմումատուն ներկայացրել է 2007 թվականի մայիսի 5-ին: Սակայն, դիմումատուի կալանքն այդ հիմնարկում ավարտվել է 2004 թվականի օգոստոսի 13-ին, ինչը սույն բողոքը ներկայացնելուց ավելի քան վեց ամիս առաջ էր (տե՛ս, օրինակ, Պոլուֆակինն ու Չերնիշևն ընդդեմ Ռուսաստանի [Polufakin and Chernyshev v. Russia], թիվ 30997/02, §146, 2008 թվականի սեպտեմբերի 25): Հետևաբար, այս բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:

100. Ինչ վերաբերում է դիմումատուին քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելու վերաբերյալ բողոքին, ապա Դատարանը նշում է, որ այն, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

բ) Ըստ էության քննությունը

 

 i) Ընդհանուր սկզբունքները

101. Դատարանն ի սկզբանե նշում է, որ 3-րդ հոդվածով ամրագրվում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Դրանով բացարձակապես արգելվում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տուժողի վարքագծից (տե'ս, ի թիվս այլ վճիռների, Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000-IV):

102. Դատարանը կրկին նշում է, որ վատ վերաբերմունքը պետք է ունենա ծանրության որոշակի նվազագույն աստիճան, որպեսզի այն քննարկվի 3-րդ հոդվածի շրջանակներում: Այդ նվազագույն աստիճանի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան ազդեցությունները և որոշ դեպքերում՝ տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության [Ireland v. the United Kingdom], 1978 թվականի հունվարի 18, §162, շարք Ա թիվ 25. Կոստելլո-Ռոբերթսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Costello-Roberts v. The United Kingdom], 1993 թվականի մարտի 25, § 30, շարք Ա թիվ 247-Գ. և Դոուգոզն ընդդեմ Հունաստանի [Dougoz v. Greece], թիվ 40907/98, § 44, ՄԻԵԴ 2001-II): Չնայած տուժողին նվաստացնելու կամ ստորացնելու նպատակի բացահայտումը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնվի, նման նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտման արձանագրումը (տե՛ս, օրինակ՝ Փիրզն ընդդեմ Հունաստանի [Peers v. Greece], թիվ 28524/95, § 74, ՄԻԵԴ 2001-III):

103. Դատարանը նշում է, որ չի բացառվում, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է առաջացնել խնդիրներ՝ կապված 3-րդ հոդվածի հետ (տե՛ս Մույզելն ընդդեմ Ֆրանսիայի [Mouisel v. France], թիվ 67263/01, §38, ՄԻԵԴ 2002-IX): Չնայած չի կարելի ենթադրել, թե սույն հոդվածով սահմանվում է առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն, այնուամենայնիվ, այն պետությանը պարտավորեցնում է ապահովել ազատությունից զրկվածների ֆիզիկական բարեկեցությունը՝ ներառյալ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելը (տե՛ս Սարբանն ընդդեմ Մոլդովայի [Sarban v. Moldova], թիվ 3456/05, §77, 2005 թվականի հոկտեմբերի 4. և Խուդոբինն ընդդեմ Ռուսաստանի [Khudobin v. Russia], թիվ 59696/00, § 93, ՄԻԵԴ 2006-XII (քաղվածքներ)):

104. Դատարանը նաև ընդգծել է բանտարկյալների՝ մարդկային արժանապատվության հետ համատեղելի ազատազրկման պայմաններ ունենալու իրավունքը, որպեսզի պատժամիջոցի իրականացման եղանակն ու մեթոդը չպատճառեն ավելի մեծ հոգեկան ապրումներ և դժվարություններ, որոնք կգերազանցեն ազատազրկմանը հատուկ տառապանքների անխուսափելի սահմանը և, որպեսզի, հաշվի առնելով ազատազրկման գործնական անհրաժեշտությունը, պատշաճորեն ապահովվի նրանց առողջությունն ու բարեկեցությունը, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցով (տե'ս, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudla v Poland [GC]], թիվ 30210/96, §94, ՄԻԵԴ 2000-XI):

ii) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով

105. Դատարանն ի սկզբանե նշում է, որ անհերքելի է դիմումատուի մի շարք լուրջ հիվանդություններ՝ ներառյալ տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց, շաքարային դիաբետ, դիաբետիկ անգիոպաթիա և սրտի հետ կապված խնդիրներ ունենալը: Քրեակատարողական հիմնարկ ընդունվելու պահին, սակայն, արձանագրվել են միայն դիմումատուի սրտի իշեմիկ հիվանդությունն ու շաքարային դիաբետը, բայց ոչ մի նշում չի արվել տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի կամ դիաբետիկ անգիոպաթիայի վերաբերյալ:

106. Ամեն դեպքում, 2003 թվականի հունիսի 20-ին՝ կալանավորումից մոտ մեկուկես ամիս հետո, դիմումատուն զննվել է վիրաբույժի կողմից, ինչի ընթացքում արձանագրվել է, որ նա նաև ունի տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց, և խորհուրդ է տրվել կատարել վիրահատություն (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Խորհրդատվությունից հետո՝ 2003 թվականի հունիսի 26-ին, դիմումատուն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե արդյոք նշված խորհրդատվությունը հետագայում պատշաճ արձագանք է ստացել (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը):

107. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Կառավարության պնդումն այն մասին, թե փաստացի տեղի է ունեցել վիրահատական միջամտություն, չի հիմնավորվում գործում առկա նյութերով: Մասնավորապես, ո'չ դիմումատուի հիվանդանոցի բժշկական քարտի և ոչ էլ 2003 թվականի հուլիսի 29-ի էպիկրիզի մեջ որևէ նշում առկա չէ վիրահատության մասին: Դժվար է պատկերացնել, որ նման կարևոր տեղեկությունը կարող էր չգրանցվել այդ փաստաթղթերում: Հետևաբար, Կառավարության պնդումներն այս առնչությամբ համոզիչ չեն Դատարանի համար, և այն եզրակացնում է, որ բժշկի՝ 2003 թվականի հունիսի 20-ի խորհրդատվությունը, որն ամենայն հավանականությամբ կբարելավեր դիմումատուի առողջական վիճակը, մնացել է անարձագանք առանց որևէ հիմնավոր պատճառի:

108. Դատարանը, մյուս կողմից, նշում է, որ պետական մարմինները որոշակի ջանքեր են գործադրել դիմումատուի առողջական վիճակը բարելավելու նպատակով՝ երկու անգամ հոսպիտալացնելով նրան: Դիմումատուն նույնպես ընդունել է այս հանգամանքը՝ ավելացնելով, որ այդ ժամանակահատվածում իր նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ չունի հատուկ դժգոհություններ: Դատարանը, սակայն, համաձայն է դիմումատուի հետ այն հարցում, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ այդ ջանքերը կայունացրել են դիմումատուի առողջական վիճակը, ինչպես պնդում է Կառավարությունը:

109. Մասնավորապես, ինչ վերաբերում է դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 2003 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 29-ը մնալուն, ապա ճիշտ է, որ նրան որոշակի բուժօգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ խոցի հեմոստատիկ թերապիա: Ճիշտ է նաև այն, որ թեև դիմումատուի՝ 2003 թվականի հուլիսի 29-ի էպիկրիզում նրա առողջական վիճակի բարելավման մասին որևէ նշում չի եղել, վերջինիս բժշկական քարտում նշվել է, որ նա դուրս է գրվում բավարար առողջական վիճակում: Սակայն, հիվանդանոցից դուրս գրվելուց ընդամենը մի քանի օր անց դիմումատուն կրկին հոսպիտալացվել է, այս անգամ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում, քանի որ նրա առողջական վիճակը նորից վատթարացել է (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Ավելին, վերոնշյալ էպիկրիզում հստակ նշված է եղել, որ դիմումատուն պարբերաբար պետք է անցնի բժշկական ստուգումներ: Սա նշանակում է, որ դիմումատուի բուժումը, նույնիսկ դրա ունեցած հնարավոր դրական ազդեցության պարագայում, միևնույն է, չէր կարող այնքան արդյունավետ լինել, որ ազատեր հետագա բժշկական հսկողության անհրաժեշտությունից:

110. Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դիմումատուի ստացած բուժմանը, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն տեղափոխվել է այնտեղ 2003 թվականի օգոստոսի 5-ին և գտնվել է մշտական հսկողության ներքո 2003 թվականի օգոստոսի 11-ից մինչև 29-ը: Սակայն, դիմումատուի բժշկական քարտը չի պարունակում հետագա գրառումներ: Հատկանշական է, որ վերջին գրառումից հետո՝ մասնավորապես 2003 թվականի սեպտեմբերի 9-ին, դիմումատուի փաստաբանը դիմել է պետական մարմիններին՝ դիմումատուին պարբերական բժշկական ստուգումների ենթարկելու խնդրանքով, ինչը մնացել է անպատասխան (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը): Այսպիսով, պարզ է դառնում, որ 2003 թվականի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ դիմումատուին իր խուց տեղափոխելու օրը, որևէ բժշկական հսկողություն և բուժում չի իրականացվել: Նման հանգամանքներում պարզ չէ նաև, թե ինչ արդյունքներ է տվել բժշկական ստորաբաժանումում դիմումատուի ստացած բուժումը:

111. Բոլոր վերոնշյալ ապացույցներն ու հանգամանքները ցույց են տալիս, որ դիմումատուն ունեցել է կանոնավոր բժշկական ստուգումների և օգնության կարիք: Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե արդյոք այդ կարիքն իրականում բավարարվել է, թե ոչ: Դիմումատուն պնդել է, որ իր կալանավորման ընթացքում բժշկական օգնություն իրեն չի ցուցաբերվել՝ բացառությամբ երկու ժամանակահատվածների, երբ ինքը գտնվել է բժշկական հսկողության ներքո: Կառավարությունն ընդունել է, որ վիճարկվող ժամանակահատվածում դիմումատուն բանավոր դիմել է բժշկական օգնություն ստանալու խնդրանքով, սակայն պնդել է, որ նման օգնություն նրան ցուցաբերվել է բոլոր դեպքերում՝ ներառյալ պարբերական բժշկական զննումները (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը):

112. Դատարանը նշել է, սակայն, որ դիմումատուի բժշկական քարտում չկան գրառումներ 2003 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2004 թվականի օգոստոսի 13-ը քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից որևէ բժշկական ստուգման կամ բժշկական օգնություն ցուցաբերելու մասին: Այն, հետևաբար, համոզիչ չի համարում Կառավարության պնդումը: Դատարանը նշում է նաև, որ 2003 թվականի հուլիսի 29-ի էպիկրիզը, որում հստակ նշվել էր, որ դիմումատուն պետք է պարբերաբար բժշկական ստուգումներ անցնի, չի նշանակում, որ նման ստուգումները պետք է իրականացվեն դիմումատուի նախաձեռնությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը նման ստուգումներ անցկացնելու պարտավորություն ուներ՝ անկախ դիմումատուի խնդրանքից: Ակնհայտ է, որ դիմումատուն ուներ նման կանոնավոր բժշկական օգնության կարիք, որի ցուցաբերումը, սակայն, քննարկվող ժամանակահատվածում նրան մերժվել է: Կառավարության փաստարկն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումն ուներ բավարար թվով անձնակազմ, անտեղի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական խնամք անմիջապես դիմումատուին չի ցուցաբերվել:

113. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, թե դիմումատուն անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության արդյունքում չի ենթարկվել որևէ հոգեկան կամ ֆիզիկական տառապանքի, ապա Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն սրտի խնդիրների հետ կապված հայտնվել է անհետաձգելի իրավիճակում, երբ 2004 թվականի հուլիսի 27-ին ստացել է սրտի կաթված (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը): Դատարանը չի ցանկանում ենթադրություններ անել այն մասին, թե արդյոք դիմումատուի սրտի կաթվածը կանոնավոր բժշկական օգնություն չստանալու հետևանք է եղել: Սակայն, Դատարանը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ դիմումատուի սրտի կաթվածը համընկել է նրա փաստաբանի՝ դիմումատուի բժշկական օգնության կարիք ունենալու հանգամանքին պետական մարմինների ուշադրությունը հրավիրելու մի քանի անհաջող փորձերի հետ (տե՛ս վերևում՝ 54-րդ և 55-րդ պարբերությունները):

114. Ճիշտ է, որ Դատարանի առջև չկա որևէ ապացույց՝ փաստելու, որ քննարկվող ժամանակահատվածում դիմումատուն հայտնվել է բժշկական անհետաձգելի իրավիճակում կամ իր մյուս հիվանդությունների, այդ թվում՝ տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի և շաքարային դիաբետի պատճառով տառապել է ուժեղ կամ երկարատև ցավերից: Դատարանը, սակայն, նշում է, որ կալանավորման ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ բողոքների առկայության պարագայում պարտադիր չէ, որ նման օգնության բացակայությունը հանգեցնի բժշկական արտակարգ իրավիճակի կամ սուր և երկարատև ցավերի պատճառ դառնա, որպեսզի ապացուցվի, որ կալանավորված անձը ենթարկվել է 3-րդ հոդվածով տրամադրվող երաշխիքների հետ անհամատեղելի վերաբերմունքի: Փաստը, որ կալանավորն ունեցել է նման օգնության կարիք և խնդրել է նման օգնություն, և որ այն անհասանելի է եղել իր համար, որոշ հանգամանքներում կարող է բավարար լինել՝ եզրակացնելու, որ այդ հոդվածի իմաստով նման վերաբերմունքը նվաստացնող է (տե՛ս Սարբանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 86-87 և 90):

115. Այսպիսով, ինչպես արդեն վերևում նշվել է, դիմումատուն ակնհայտորեն ունեցել է կանոնավոր բժշկական օգնության և հսկողության կարիք, ինչը, սակայն, նրան մերժվել է երկարատև ժամանակահատվածի ընթացքում: Այս կապակցությամբ դիմումատուի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր բողոքները կա՛մ մնացել են անպատասխան (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), կա՛մ պարզապես ստացել են ձևական արձագանքներ (տե՛ս վերևում՝ 58-րդ, 60-րդ և 63-րդ պարբերությունները): Դիմումատուի՝ բժշկական օգնության վերաբերյալ բանավոր պահանջները նույնպես ոչ մի արդյունք չեն տվել: Դատարանի կարծիքով, դիմումատուի համար սա պետք է դառնար զգալի մտահոգությունների և հոգեկան ապրումների պատճառ, քանի որ վերջինս ակնհայտորեն տուժել է իր առողջական վիճակով պայմանավորված հետևանքներից, որոնք գերազանցել են կալանավորմանը բնորոշ անխուսափելի տառապանքների շեմը:

116. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Բ. Բողոքարկման վարույթի ընթացքում դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը

1. Կողմերի փաստարկները

117. Կառավարությունը, վկայակոչելով Սարբանի (վերևում հիշատակված, §§ 88-90) գործով կայացված վճիռը, նշել է, որ դատավարության ընթացքում ճաղավանդակի մեջ անձին պահելը կարող է դիտարկվել միայն որպես գործոն, որը կարող է նպաստել 3-րդ հոդվածի խախտում արձանագրելուն, սակայն ինքնին չի կարող համարվել բավարար՝ նման եզրակացություն անելու համար: Այդ գործում, ի տարբերություն սույն գործի, առկա են եղել այլ գործոններ, որոնք ստիպել են Դատարանին նման եզրակացություն անել, այդ թվում՝ գործի մեծ հրապարակայնությունը, դիմումատուին հրապարակայնորեն ձեռնաշղթաներ հագցնելը և հանրության առջև ճաղավանդակի միջով արյան ճնշումը չափելը: Նշված գործում քննարկվող անվտանգության միջոցներն արդարացված չեն եղել, մինչդեռ սույն գործում Վերաքննիչ դատարանը մանրամասն ներկայացրել է դիմումատուին ճաղավանդակի մեջ պահելու պատճառները, որոնք ներառել են անվտանգության հետ կապված ռիսկերն ու տուժողի վախը:

118. Ավելին, ճաղավանդակը, որտեղ տեղավորել էին դիմումատուին, համարվում էր ամբաստանյալների համար նախատեսված նստատեղ: Հետևաբար, դիմումատուին նվաստացնելու որևէ մտադրություն կամ սեփական աչքերում նվաստացած զգալու որևէ պատճառ չի եղել: Կառավարությունն ի վերջո նշել է, որ դատարանում մետաղյա ճաղավանդակների առկայությունը ժառանգություն էր մնացել խորհրդային համակարգից, և դրանք վերացվել են սույն գործով ի հայտ եկած հանգամանքներից հետո՝ բարեփոխումների արդյունքում:

119. Դիմումատուն պնդել է, որ քննարկվող վերաբերմունքը գերազանցել է 3-րդ հոդվածով նախատեսված դաժանության նվազագույն շեմը: Բողոքարկման վարույթի ամբողջ ընթացքում, որը ներառել է տասներկու դատական լսում՝ յուրաքանչյուրը չորս ժամ տևողությամբ, նա պահվել է մետաղյա ճաղավանդակում, ինչը ոտնահարել է իր արժանապատվությունը և ստիպել իրեն զգալ նվաստացված: Դիմումատուի երեխաները, կինը, քույրը, եղբայրն ու ընկերները ներկա են եղել նիստերի դահլիճում և տեսել են նրան նման պայմաններում, իսկ դիմումատուի ապրումներն առավել ծանրացել են՝ տեսնելով հարազատների ցավը: Նա իրեն նվաստացած է զգացել նաև մյուս կողմի աչքերում: Մասնավորապես, երբ իր փաստաբանը դատարանից պահանջել է հանել նրան ճաղավանդակից, դատարանը, նախքան որոշում կայացնելը, հարցրել է դատախազի և տուժողի ներկայացուցչի կարծիքները:

120. Բացի այդ, Կառավարության կողմից անվտանգության մասով նկատառումներ վկայակոչելն անհիմն է: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանում ամբողջ դատավարության ընթացքում նա չի պահվել ճաղավանդակում, և որևէ միջադեպ տեղի չի ունեցել իր և տուժողի միջև: Բացի այդ, նրան ճաղավանդակում պահել են ինքնաբերաբար, այլ ոչ տուժողի պահանջով, քանի որ սա միջոց է, որը կիրառվել է Վերաքննիչ դատարանում բոլոր ամբաստանյալների նկատմամբ, որոնք կալանքի տակ են եղել: Վերաքննիչ դատարանը դիմումատուին ճաղավանդակում պահելու վերաբերյալ որոշման պատճառները չի ներկայացրել: Ավելին, ամբողջ ընթացքում նրան ուղեկցել են զինված ոստիկանները, և, հետևաբար, նրան ճաղավանդակի մեջ պահելու անհրաժեշտություն չի եղել:

121. Դիմումատուն, ի վերջո, պնդել է, որ բարեփոխումներ կատարելիս Կառավարությունն ընդունել է, որ ճաղավանդակների օգտագործումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ճաղավանդակների վերացումը նաև ցույց է տվել, որ դրանք ընդհանուր առմամբ անհրաժեշտ չեն եղել անվտանգություն ապահովելու համար: Բացի այդ, Կառավարության պնդումն ամբողջությամբ ճշմարտացի չէր, քանի որ ճաղավանդակները դեռևս առկա էին Երևանից դուրս գտնվող մի քանի դատական նիստերի դահլիճներում:

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդունելիությունը

122. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

բ) Ըստ էության քննությունը

123. Դատարանը վերահաստատում է վատ վերաբերմունքի արգելքի վերաբերյալ 3-րդ հոդվածի հետ կապված իր նախադեպային իրավունքում հաստատված հիմնարար սկզբունքները (տե՛ս վերևում՝ 101-րդ և 102-րդ պարբերությունները): Այն նաև նշում է, որ Դատարանի կողմից վերաբերմունքը որակվել է «նվաստացնող», քանի որ տուժողների մոտ այն առաջացրել է վախի, տառապանքի և ստորադասության զգացողություն, որը կարող է նվաստացնել և ստորացնել նրանց (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 92, ՄԻԵԴ 2000-XI): Պատիժը կամ դրա հետ կապված վերաբերմունքը «նվաստացնող» համարելու համար տառապանքը կամ նվաստացումը պետք է բոլոր դեպքերում անցնի օրինական վերաբերմունքի կամ պատժի կոնկրետ ձևի հետ կապված անխուսափելի տառապանքի կամ նվաստացման սահմանը (տե՛ս Վ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [V. v. the United Kingdom [GC]], թիվ 24888/94, § 71, ՄԻԵԴ 1999-IX):

124. Դատարանը կրկին նշում է, որ խափանման միջոցը սովորաբար որևէ խնդիր չի առաջացնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով, երբ նման միջոցը կիրառվում է օրինական կալանավորման կապակցությամբ և չի հանգեցնում ուժի գործադրման կամ հրապարակային գործողությունների՝ գերազանցելով դրանց՝ ողջամտորեն անհրաժեշտ համարվող սահմանները: Այս կապակցությամբ, օրինակ, կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյոք առկա է տվյալ անձի կողմից փախուստի դիմելու կամ վնասվածք կամ վնաս պատճառելու վտանգը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ռանինենն ընդդեմ Ֆինլանդիայի [Raninen v. Finland], 1997 թվականի դեկտեմբերի 16, § 56, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VIII. և Օջալանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Ocalan v. Turkey [GC]], թիվ 46221/99, § 182, ՄԻԵԴ 2005-IV):

125. Այսպիսով, 3-րդ հոդվածի խախտում արձանագրվել է այն դեպքերում, երբ դիմումատուները, լինելով հանրային ճանաչում վայելող անձինք, իրենց կալանավորման վերաբերյալ դատական նիստի ընթացքում պահվել են ճաղերով փակված վայրում, որը մետաղյա ճաղավանդակ է հիշեցրել և վերահսկվել է հատուկ ծառայությունների կողմից, որի աշխատակիցները կրել են սև դիմակներ, և այդ ամենն ամբողջ երկրի մակարդակով հեռարձակվել է ուղիղ եթերով՝ անկախ այն հանգամանքից, որ դիմումատուների՝ դատական նիստերի դահլիճ տեղափոխելիս կամ դատական նիստերի ընթացքում փախուստի կամ բռնության դիմելու վտանգ չի եղել (տե՛ս Ռամիշվիլին և Կոխրեիձեն ընդդեմ Վրաստանի [Ramishvili and Kokhreidze v. Georgia], թիվ 1704/06, §§ 98-102, 2009 թվականի հունվարի 27): Ավելին, 3-րդ հոդվածի խախտում արձանագրվել է այն դեպքում, երբ դիմումատուն, որը հանրաճանաչ անձ չի եղել, անարդարացիորեն ձեռնաշղթայվել է դռնբաց նիստերի ժամանակ (տե՛ս Գորոդնիչևն ընդդեմ Ռուսաստանի [Gorodnichev v. Russia], թիվ 52058/99, §§ 105-109, 2007 թվականի մայիսի 24): Դիմումատուին անարդարացիորեն ճաղավանդակի մեջ դռնբաց նիստերի ընթացքում պահելը նույնպես համարվել է 3-րդ հոդվածի խախտում արձանագրելուն նպաստող գործոն (տե՛ս Սարբանի գործը` վերևում հիշատակված, §§ 88-90): Սակայն, անգամ հրապարակայնության բացակայության պարագայում, որոշակի վերաբերմունքը միևնույն է կարող է լինել նվաստացնող, եթե տուժողը կարող էր ստորացվել, եթե ոչ այլոց, ապա իր աչքերում (տե՛ս Թայրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. the United Kingdom], 1978 թվականի ապրիլի 25, § 32, շարք Ա թիվ 26. և Ռամիշվիլիի և Կոխրեիձեի գործը՝ վերևում հիշատակված, §§ 97 և 100): Այսպիսով, դիմումատուի նկատմամբ խափանման միջոցների կիրառումը մասնավոր վայրում միևնույն է, կարող էր առաջացնել 3-րդ հոդվածի խախտում՝ անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների բացակայության պարագայում (տե՛ս Ինաֆն ընդդեմ Ֆրանսիայի [Henaf v. France], թիվ 65436/01, §§ 51 և 56, ՄԻԵԴ 2003-XI):

126. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկման վարույթի ամբողջ ընթացքում դիմումատուն պահվել է շուրջ 3 քմ մակերես ունեցող ճաղավանդակում: Դատարանը համամիտ չէ Կառավարության այն դիրքորոշման հետ, որ այդ միջոցը արդարացված է եղել անվտանգության նկատառումներով: Բացի այդ, գործի նյութերում Կառավարության դիրքորոշումը հիմնավորող որևէ ապացույց առկա չի եղել: Մասնավորապես, հակառակ Կառավարության պնդմանը, դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու անհրաժեշտությունն արդարացնող ոչ մի կոնկրետ պատճառ Վերաքննիչ դատարանի կողմից չի ներկայացվել: Ավելին, մերժելով դիմումատուի համապատասխան միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն ընդհանուր անդրադարձ է կատարել անվտանգության նկատառումներին՝ չտրամադրելով մանրամասն բացատրություն դիմումատուին մետաղյա ճաղավանդակից բաց թողնելու դեպքում դատական նիստերի դահլիճում անվտանգությանը սպառնացող պատճառների վերաբերյալ:

127. Դատարանը նշում է, որ դիմումատուի անձի կամ վարքագծի հետ կապված, ոչինչ չի արդարացնում նման անվտանգության միջոցի կիրառումը: Վարչական շրջանի դատարանում վարույթի ամբողջ ընթացքում, որտեղ դիմումատուի նկատմամբ որևէ անվտանգության միջոց չի կիրառվել, նա կարգապահ է եղել և ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Ավելին, դիմումատուն նախկինում դատված չի եղել, նրա կողմից բռնի վարքագծի դրսևորում չի արձանագրվել և նա մեղադրվել է բռնությամբ չուղեկցվող հանցագործության մեջ: Բացի այդ, դատախազի և Վերաքննիչ դատարանի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ մետաղյա ճաղավանդակը դատական նիստերի դահլիճում մշտական հարմարանք է և ծառայել է որպես նստատեղ, և որ դիմումատուին այնտեղ տեղավորելը պայմանավորված չի եղել նրա՝ փախուստի կամ բռնության դիմելու իրական վտանգով, այլ այն պարզ հանգամանքով, որ դա այն տեղն էր, որտեղ դիմումատուն, որպես քրեական գործով մեղադրյալ, պետք է նստեր (տե՛ս վերևում՝ 17-րդ և 18-րդ պարբերությունները):

128. Դատարանը նշում է, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկման վարույթն ընդգրկել է 2004 թվականի մարտ-մայիս ամիսները, և տեղի է ունեցել առնվազն տասներկու դատական նիստ: Դիմումատուն պնդել է, որ նիստերը միջինը տևել են չորս ժամ, ինչը չի վիճարկվել Կառավարության կողմից: Այդ ընթացքում հանրությունը՝ ներառյալ նրա ընտանիքն ու ընկերները, տեսել են դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ: Դատարանը գտնում է, որ դատական վարույթի նման խիստ դրսևորումը կարող էր ստիպել ներկա գտնվողներին հավատալ, որ դատվում է ծայրահեղ վտանգավոր հանցագործ: Ավելին, Դատարանը համաձայն է դիմումատուի հետ, որ նման հանրայնացումը նվաստացրել է իրեն, եթե ոչ հանրության, ապա իր սեփական աչքերում, և առաջացրել է ստորադասության զգացողություն: Ավելին, նման նվաստացնող վերաբերմունքը հեշտությամբ կարող էր բացասական ազդեցություն ունենալ դատավարության ընթացքում դիմումատուի կենտրոնանալու ունակության և զգոնության վրա, այն դեպքում, երբ քննարկվում էր իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու կարևոր հարցը (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռամիշվիլիի և Կոխրեիձեի գործը՝ վերևում հիշատակված, § 100):

129. Վերոնշյալ նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում դիմումատուի նկատմամբ նման խիստ և նվաստացնող միջոցի կիրառումը, որն արդարացված չի եղել անվտանգությանը սպառնացող իրական վտանգով, նվաստացնող վերաբերմունք է: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

130. Դիմումատուն բողոքել է, որ բողոքարկման վարույթի ընթացքում իրեն պահելով մետաղյա ճաղավանդակի մեջ, խախտվել են կողմերի իրավահավասարության և անմեղության կանխավարկածի սկզբունքները: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնցով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք: ...

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական իրավախախտում կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:»:

 

Ա. Ընդունելիությունը

131. Դատարանը նշում է, որ այս բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Կառավարությունը

132. Կառավարությունը նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը վերաբերում է դատական քննությանն արդյունավետորեն մասնակցելու հնարավորությանը, այլ ոչ թե այն զգացումներին, որոնք դիմումատուն կարող է ունենալ: Դիմումատուին ճաղավանդակի մեջ պահելն ինքնին չի խախտել կողմերի իրավահավասարության սկզբունքը: Դիմումատուն չի նշել որևէ հանգամանք, որը կմատնանշեր, որ ինքը մյուս կողմի հետ եղել է անհավասար պայմաններում: Իրականում, նա կարողացել է արդյունավետորեն մասնակցել դատավարությանը, ներկայացնել ապացույցներ, կանչել և հարցաքննել է վկաներին, հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկաներին, ներկայացնել միջնորդություններ և առանց սահմանափակումների շփվել իր երկու փաստաբանների հետ, որոնք ճաղավանդակում չէին: Իր փաստարկները հիմնավորելու նպատակով Կառավարությունը հղում է կատարել Օգյուստն ընդդեմ Ֆրանսիայի [Auguste v. France] գործին (թիվ 11837/85, Հանձնաժողովի՝ 1990 թվականի հունիսի 7-ի զեկույց, Որոշումներ և զեկույցներ 69, էջ 104):

133. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելն ինքնին չի խախտում անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ոչ էլ դրանով ենթադրվում է, որ Վերաքննիչ դատարանը, դատավարության կողմերն ու այլ մասնակիցներ դիմումատուի մեղավորության վերաբերյալ ունեցել են կանխորոշված կարծիք կամ համարել են նրան հանցագործ:

բ) Դիմումատուն

134. Դիմումատուն պնդել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ կողմերի իրավահավասարության սկզբունքը խախտվել է: Մասնավորապես, հանրության առջև ճաղավանդակի մեջ պահվելու պատճառով առաջացած նվաստացուցիչ վիճակը և շարունակական զգայական տառապանքներն ու ամոթի զգացումը թույլ չեն տվել իրեն կենտրոնանալ, ճնշվել է իր կամքը և զգալիորեն սահմանափակվել է դիմադրելու ունակությունը: Այսպիսով, ինքը զրկված է եղել դատավարությանն արդյունավետ մասնակցելու հնարավորությունից: Սա հատկապես կարևոր է, քանի որ Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի ամբողջական քննություն: Փաստաբան ունենալու հանգամանքը որոշիչ չի եղել, քանի որ նա ստիպված է եղել անձամբ ներկայացնել ապացույցներ, այդ թվում՝ պատասխանել կողմերի և դատարանի հարցերին: Ավելին, նա իրեն չի զգացել հավասար մրցակից և դատավարության հենց սկզբից զգացել է իրեն որպես պարտված կողմ, հատկապես այն պահից, երբ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ազատ արձակել իրեն ճաղավանդակից: Նրա դատավարական հակառակորդները նույնպես զգում էին իրենց առավելությունը նրա նկատմամբ:

135. Դիմումատուն նաև պնդել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պաշտպանում է անձի՝ նախքան մեղքի ապացուցումը հանրության կողմից հանցագործ չհամարվելու իրավունքը: Վերաքննիչ դատարանը պետք է խուսափեր ցանկացած գործողությունից, որը կարող էր հանրության մոտ տպավորություն ստեղծել նրա մեղավորության վերաբերյալ: Սակայն Վերաքննիչ դատարանը որոշել է պահել իրեն մետաղյա ճաղավանդակում՝ չնայած այն հանգամանքին, որ դա կարող էր իսկապես ստեղծել նման տպավորություն, քանի որ ճաղավանդակում պահվող անձիք ընդհանուր առմամբ նույնացվում են ծանր հանցագործություն կատարած անձանց հետ:

2. Դատարանի գնահատականը

136. Դատարանը կրկին նշում է, որ կողմերի իրավահավասարության և անմեղության կանխավարկածի սկզբունքները քրեական դատավարությունում արդար դատաքննության իրավունքի առավել լայն հայեցակարգի բնութագրիչ տարրերն են (տե՛ս Էքբաթանին ընդդեմ Շվեդիայի [Ekbatani v. Sweden], 1988 թվականի մայիսի 26, § 30, շարք Ա թիվ 134. և Դեվիրն ընդդեմ Բելգիայի [Deweer v. Belgium], 1980 թվականի փետրվարի 27, § 56, շարք Ա թիվ 35): Առաջին սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրվի իր գործը, այդ թվում՝ ապացույցներն այնպիսի պայմաններում ներկայացնելու համապատասխան հնարավորություն, որն իր համար էապես վատ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած հակառակորդ կողմի հետ (տե՛ս Դոմբո Բեհիր Բ.Վ.-ն ընդդեմ Նիդեռլանդների [Dombo Beheer B.V. v. the Netherlands], 1993 թվականի հոկտեմբերի 27, § 33, շարք Ա թիվ 274), մինչդեռ երկրորդ սկզբունքը խախտված կլինի այն դեպքում, երբ հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դատարանի որոշման մեջ արտահայտվի նրա մեղավորության մասին կարծիք՝ նախքան մեղավորությունն օրենքին համապատասխան ապացուցված լինելը: Բավարար է համարվում այն, որ նույնիսկ որևէ պաշտոնական եզրակացության բացակայության պայմաններում դատարանը մեղադրյալին դիտարկում է որպես մեղավոր (տե՛ս Մինելլին ընդդեմ Շվեյցարիայի [Minelli v. Switzerland], 1983 թվականի մարտի 25, §§ 27 և 37, շարք Ա թիվ 62):

137. Դատարանը նշում է, որ քրեական դատարանի առջև մեղադրյալի՝ «ապակյա վանդակի» մեջ հայտնվելու վերաբերյալ գործով Հանձնաժողովը արդար դատաքննության կամ անմեղության կանխավարկածի որևէ խախտում չի արձանագրել: Այդ գործում Հանձնաժողովը նշել է, որ դա մշտական անվտանգության պահպանման միջոց է եղել, որն օգտագործվել է այլ քրեական գործերի ժամանակ, և որ մեղադրյալը հնարավորություն է ունեցել խորհրդապահական կարգով շփվելու իր փաստաբանի հետ, դատարանի հետ, և որ նա չի գտնվել անբարենպաստ պայմաններում՝ մեղադրող կողմի կամ ատենակալների հետ համեմատած (տե՛ս Օգյուստի գործը` վերևում հիշատակված): Հանձնաժողովը նման եզրակացության է եկել մեկ այլ գործով, երբ մեղադրյալը հայտնվել է դատարանի առջև պատգարակի վրա (տե՛ս Միրբրայնն ընդդեմ Գերմանիայի (որոշում) [Meerbrey v. Germany (dec.)], թիվ 37998/97, Հանձնաժողովի՝ 1998 թվականի հունվարի 12-ի որոշումը, չհրապարակված):

138. Սույն գործում, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանն ընդունում է, որ դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը կարող էր ազդեցություն ունենալ նրա կենտրոնանալու ունակության և զգոնության վրա: Այն նշում է, սակայն, որ դիմումատուն ստացել է երկու փաստաբանների աջակցությունը: Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելն անհնարին է դարձրել նրա՝ փաստաբանների հետ խորհրդապահական կարգով և ազատ հաղորդակցվելը կամ դատարանի հետ ազատ հաղորդակցվելը: Դիմումատուն ինքը նույնպես նման պնդումներ չի արել: Դիմումատուն հետևաբար հնարավորություն է ունեցել արդյունավետորեն պաշտպանելու իրեն, և չի կարելի ասել, թե տվյալ անվտանգության միջոցը վերջինիս համար էապես վատ պայմաններ է ստեղծել՝ համեմատած մեղադրանքի կողմի կամ քաղաքացիական հայցվորի հետ: Ավելին, ինչպես արդեն նշվել է վերևում, մետաղյա ճաղավանդակը մշտական անվտանգության միջոց է եղել, որն օգտագործվել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված բոլոր քրեական գործերի ժամանակ: Հետևաբար, սույն միջոցի կիրառումը չի նշանակում, որ Վերաքննիչ դատարանը դիմումատուին մեղավոր է համարել:

139. Դատարանն անկասկած դեմ է դիմումատուի նկատմամբ նման նվաստացուցիչ անվտանգության միջոցի կիրառմանը և այն համարում է անընդունելի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ այն խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով երաշխավորված՝ կողմերի իրավահավասարության կամ անմեղության կանխավարկածի սկզբունքները:

140. Հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

141. Դիմումատուն բողոքել է, որ օրենքը չի երաշխավորում կողմերի հավասարության սկզբունքը վկաներ կանչելու տեսանկյունից, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 271-րդ հոդվածի համաձայն՝ մեղադրանքի կողմն ազատ է ընտրելու վկաներին, որոնց ցանկանում է կանչել` առանց դատարանի նախնական թույլտվության, մինչդեռ պաշտպանության կողմը պարտավոր է ձեռք բերել նման թույլտվություն: Դիմումատուն բողոքել է նաև, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իր՝ վկաներ Կ.Ս.-ին և Ս.Հ.-ին կանչելու պահանջը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

դ) ... իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները ... »:

Ընդունելիությունը

1. Հավասարությունն օրենքի առջև

ա) Կողմերի փաստարկները

142. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ ՔԴՕ-ի համապատասխան դրույթների մեկնաբանությունը սխալ է: Իրականում, մեղադրանքի կողմը որևէ առավելություն չի ունեցել քննարկվող հարցում: Մասնավորապես, ՔԴՕ-ի 271-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարտավոր չեն կանչել մեղադրանքի կողմի կազմած ցուցակում ընդգրկված բոլոր վկաներին: Ավելին, ճիշտ չէ նաև այն, որ միայն պաշտպանության և ոչ թե մեղադրանքի կողմի առաջարկած վկաների ներկայանալն է պահանջում դատարանի թույլտվություն. ինչպես մեղադրական եզրակացությունը, այնպես էլ դատավարության ընթացքում ներկայացված միջնորդությունները դատարանների կողմից պետք է քննվեն ՔԴՕ-ի 102-րդ, 331-րդ և 391-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ դատարաններն ազատ են այս կամ այն վկային կանչելու որոշում կայացնելու հարցում:

143. Դիմումատուն պնդել է, որ վկաներ կանչելու հարցում օրենքով կողմերի իրավահավասարության սկզբունքը չի երաշխավորվում: Մասնավորապես, ՔԴՕ-ի 271-րդ հոդվածի 1-ին մասով դատարանները պարտավոր են կանչել մեղադրանքի կողմի՝ մեղադրական եզրակացությանը կցված ցուցակում նշված բոլոր անձանց: Դատախազը ստիպված չէ միջնորդություն ներկայացնել այդ անձանց կանչելու թույլտվություն ստանալու համար, և այդ հարցը դատարանի քննության առարկան չէ: Մյուս կողմից, եթե պաշտպանության կողմը ցանկանում է վկաներ կանչել, այն պետք է ստանա դատարանի թույլտվությունը, ինչը պաշտպանության կողմին անհավասար պայմանների մեջ է դնում՝ մեղադրանքի կողմի հետ համեմատած: Կառավարության կողմից վկայակոչված ՔԴՕ-ի 331-րդ հոդվածում խոսվում է «նոր» ապացույցների մասին, և ճիշտ է, որ «լրացուցիչ» վկաներ կանչելու տեսանկյունից ներպետական օրենսդրությունը երկու կողմերի համար էլ սահմանում է հավասար հնարավորություններ: Սակայն, ինչ վերաբերում է նախաքննության ժամանակ հավաքված ապացույցներին՝ ներառյալ մեղադրական եզրակացությանը կից հավելվածում ներկայացված վկաների ցուցմունքները, ապա այդ ապացույցները դատարանի կողմից բոլոր դեպքերում ենթակա են քննության: Գոյություն չունի որևէ գործ, որում դատարանները քննարկեն մեղադրանքի կողմի կազմած ցուցակում նշված անձանց կանչելու հարցը:

բ) Դատարանի գնահատականը

144. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով չի պահանջվում մեղադրյալի կողմից բոլոր վկաներին կանչելն ու նրանց հարցաքննելը: Դրա բուն նպատակը, ինչպես երևում է «միևնույն պայմաններով» ձևակերպումից, գործով կողմերի լրիվ «իրավահավասարությունն» է (տե՛ս Էնգելը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Engel and Others v. the Netherlands], 1976 թվականի հունիսի 8, § 91, շարք Ա թիվ 22. Բոնիշն ընդդեմ Ավստրիայի [Bonisch v. Austria], 1985 թվականի մայիսի 6, § 32, շարք Ա թիվ 92. և Վիդալն ընդդեմ Բելգիայի [Vidal v. Belgium], 1992 թվականի ապրիլի 22, § 33, շարք Ա թիվ 235-Բ):

145. Սույն գործում դիմումատուն պնդում է, որ մեղադրանքի կողմն օրենքի ուժով եղել է առավել բարենպաստ վիճակում, քանի որ այն իրավունք է ունեցել ներկայացնելու վկաների ցուցակ, որոնց դատարանները պարտավոր են եղել կանչել, մինչդեռ պաշտպանության կողմը յուրաքանչյուր դեպքում պետք է ստանար դատարանի թույլտվությունը:

146. Դատարանը նշում է, որ ՔԴՕ 271-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրանքի կողմն իրավունք ունի դատարան ներկայացնելու կանչման ենթակա անձանց ցուցակ, որն ունի մեղադրական եզրակացությանը կցվող հավելվածի ձև: Այդ ցուցակը ներառում է այն անձանց, որոնք քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են որպես վկաներ: Ճիշտ է, որ 271-րդ հոդվածի 1-ին մասը բառացիորեն նշում է «դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակ» (ընդգծումն ավելացված է): Սակայն դա չի նշանակում, որ դատարանները պարտավոր են կանչել այդ ցուցակում նշված բոլոր վկաներին: Բացի այդ, ՔԴՕ–ում չկա որևէ այլ դրույթ, որը դատարանների վրա նման պարտականություն կդներ:

147. Ավելին, հակառակ դիմումատուի պնդմանը՝ դատարանն իրականում քննում է մեղադրանքի կողմի ցուցակում նշված անձանց կանչելու կամ չկանչելու հարցը, երբ, ՔԴՕ 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն կայացնում է գործով դատական քննություն նշանակելու մասին որոշում: Հետևաբար, չի կարելի ասել, թե մեղադրանքի կողմի ներկայացրած ցուցակում նշված բոլոր վկաները մեխանիկորեն կանչվում են դատարան: Այդ հարցը, ինչպես և պաշտպանության կողմից վկաներ կանչելը, թողնված է դատարանի հայեցողությանը: Այսպիսի հանգամանքներում դատարանը հանգում է այն եզրակացության, որ վկաներ կանչելու հարցում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով չի խախտվել մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև հավասարության սկզբունքը:

148. Հետևաբար, գանգատի սույն մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

2. Վկաներ Կ.Ս-ին և Ս.Հ.-ին կանչելու մերժումը

149. Դատարանը կրկին նշում է, որ որպես ընդհանուր կանոն, ազգային դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև պաշտպանության կողմի վկայակոչած ապացույցների՝ գործի համար նշանակությունը: Մասնավորապես, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը, կրկին որպես ընդհանուր կանոն, վկաներ հրավիրելու նպատակահարմարությունը որոշելու հարցը թողնում է դատարանների հայեցողությանը՝ Կոնվենցիայում «ինքնուրույն» եզրույթին տրված իմաստով (տե՛ս Պեռնան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Perna v. Italy [GC]], թիվ 48898/99, § 29, ՄԻԵԴ 2003-V): Ազգային դատարաններն ունեն հայեցողական լիազորությունների այնպիսի շրջանակ, որը նրանց թույլ է տալիս, պահպանելով Կոնվենցիայի պահանջները, որոշել, թե արդյոք պաշտպանության կողմի վկաների ցուցմունքները կնպաստեն գործով ճշմարտության բացահայտմանը, այլապես` կարող են կայացնել որոշումներ այդ վկաներին կանչելը մերժելու մասին (տե՛ս Պայոթն ու Պեթիթն ընդդեմ Շվեյցարիայի [Payot and Petit v Switzerland], Հանձնաժողովի՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի որոշում, չհրապարակված): Ինչպես արդեն նշվել է վերևում, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով չի պահանջվում մեղադրյալի անունից կանչել և հարցաքննել բոլոր վկաներին (տե՛ս Վիդալի գործը` վերևում հիշատակված, § 33):

150. Սույն գործով դիմումատուն բողոքել է Վերաքննիչ դատարանի՝ երկու վկաներին՝ հաշվապահներ Կ.Ս.-ի և Ս.Հ.-ին կանչելը մերժելու որոշման դեմ: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ հաշվապահ Կ.Ս.-ն արդեն կանչվել և հարցաքննվել էր Վարչական շրջանի դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 14-րդ և 20-րդ պարբերությունները): Հետևաբար, այն անհիմն չի համարում այդ վկային կրկին կանչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մերժումը: Ինչ վերաբերում է հաշվապահ Ս.Հ.-ին, ապա Վերաքննիչ դատարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ սույն գործի շրջանակներում նրան կանչելն անհրաժեշտ չի համարում: Դատարանը չի համարում, որ, այդպես վարվելով, Վերաքննիչ դատարանը չարաշահել է իր հայեցողական լիազորությունները կամ գործել է կամայականորեն՝ հաշվի առնելով, որ դիմումատուն դատապարտվել է դատարան ներկայացված և քննված մի շարք ապացույցների հիման վրա՝ ներառյալ դատարանի կողմից հանձնարարված երկու հաշվապահ փորձագետների եզրակացությունները և համապատասխան հաշվապահ փորձագետների ու հաշվապահ Կ.Ս.-ի ցուցմունքները (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը):

151. Հետևաբար, գանգատի սույն մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

152. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

Ա. Վնասը

153. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նա նաև պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ դատավարության արդյունքում նա պարտավորվել է հատուցել տուժողի կրած վնասը՝ 23 063 108 ՀՀ դրամի և 119 000 ԱՄՆ դոլարի չափով: Ավելին, 2003 թվականի մայիսից 2007 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ազատազրկման արդյունքում նա զրկվել է 36 000 եվրո գումարի չափով եկամուտներից: Դիմումատուն պահանջել է այդ գումարները՝ որպես նյութական վնասի հատուցում:

154. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր կրած ենթադրյալ ոչ նյութական վնասը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել: Ավելին, ենթադրյալ խախտումների և նյութական պահանջի միջև բացակայում է պատճառահետևանքային կապը: Բացի այդ, նրա պնդումներն այն մասին, որ 6-րդ հոդվածի խախտումը հանգեցրել է իր նկատմամբ սխալ դատավճռի կայացման և պատճառել է եկամուտների կորուստ, կրում է ենթադրական բնույթ:

155. Դատարանը նշում է, որ դիմումատուին` նախքան դատապարտելն ազատությունից զրկելը սույն գանգատի առարկա չէ: Հետևաբար, չկա պատճառահետևանքային կապ արձանագրված խախտումների և դիմումատուի՝ այդ ժամանակահատվածում կորցրած եկամուտների հատուցման պահանջի միջև: Ավելին, ինչ վերաբերում է դիմումատուի՝ 6-րդ հոդվածի երաշխիքների խախտման հետևանքով առաջացած նյութական վնասի հատուցման պահանջին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ այդ դրույթների մասով բողոքները մերժվել են: Հետևաբար, այն մերժում է դիմումատուի՝ նյութական վնասների հատուցման պահանջը: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ դիմումատուն արձանագրված խախտումների արդյունքում միանշանակ կրել է ոչ նյութական վնաս: Դատարանը, առաջնորդվելով արդարության սկզբունքով, դիմումատուին շնորհում է 16 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է վճարվի դիմումատուի դստերը՝ Արուսյակ Հարությունյանին:

Բ. Ծախսերը և ծախքերը

156. Դիմումատուն դատական ծախսերի և ծախքերի հատուցման պահանջ չի ներկայացրել: Հետևաբար, այս մասով հատուցում չի տրամադրվում:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

157. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է դիմումատուին քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու և բողոքարկման վարույթի ընթացքում դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատը մնացած մասով՝ անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուին քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու առնչությամբ.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուին բողոքարկման վարույթի ընթացքում մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու առնչությամբ.

4. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի խախտում.

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուի դստերը ոչ նյութական վնասի դիմաց վճարի 16 000 (տասնվեց հազար) եվրո, որը պետք է փոխարկվի ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2010 թվականի հունիսի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

Սանտիագո Քուեսադա

Ժոզեփ Քասադևալ

Քարտուղար

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան