Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 մարտի 2016 թվականի N 10
4. 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻՆ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի.
3) պատվաստումների ազգային օրացույցին` համաձայն N 3 հավելվածի.
4) Իմունականխարգելման ազգային ծրագրի ակնկալվող արդյունքներին` համաձայն N 4 հավելվածի.
5) պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևին՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ եռամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի նիստի N 10 |
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. Նախաբան
1. Բնակչության (հանրային) առողջության պահպանումը, խթանումը և հիվանդությունների կանխարգելումը, որպես հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ, սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից: Դրանք, որպես համակարգված և համապարփակ գործողությունների զուգակցում, առանցքային են նաև Հայաստանի առողջապահական քաղաքականության մեջ` կազմելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը:
2. Միջազգային հանրության մակարդակով երեխաների և դեռահասների առողջությանն առնչվող հարցերն իրենց արտացոլումն են գտել Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) կողմից ընդունված մի շարք փաստաթղթերում` «Բարենպաստ աշխարհ երեխաների համար», «Հազարամյակի զարգացման հռչակագիր» և այլն:
3. Եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին չափազանց կարևորվում է հանրային առողջությունը, որն իր արտացոլումն է գտել ԱՀԿ «Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականությունում, ինչն էլ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի համար ազգային ռազմավարությունների ու ծրագրերի հիմքն է:
4. «Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականության ընդունումով երկրները պարտավորվել են պայքարել սոցիալական անհավասարությունների դեմ` բնակչության առողջության և բարեկեցության մակարդակի բարձրացման, հանրային առողջապահության ամրապնդման և որակյալ ու անվտանգ բժշկական օգնության ծառայությունների տրամադրման, առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով։
5. Հայաստանի Հանրապետությունն անկախության հռչակումից հետո, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է երեխաներին նվիրված միջազգային կոնվենցիաներին և հռչակագրերին ու ստանձնել է դրանցից բխող պարտավորություններ, որոնք ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով: Երեխաների հիմնախնդիրների գերակայությունն արտացոլված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ռազմավարական փաստաթղթերում, առողջապահական պետական նպատակային ծրագրերում: Առողջապահության միջնաժամկետ ծախսերի 2016-2018 թվականների ծրագրով պետական բյուջեից նախատեսվում է առողջապահության կայուն ֆինանսավորում` երեխաների բուժօգնության կազմակերպման և հատկապես կառավարելի հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասով: Վարակիչ հիվանդությունների հիվանդացությունը նշանակալի տեսակարար կշիռ ունի նաև ընդհանուր հիվանդացության կառուցվածքում, և դրանց կանխարգելումն ու վերահսկումը եղել ու շարունակում է մնալ աշխարհի բոլոր երկրների համար առողջապահական գերխնդիր: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում յուրաքանչյուր տարի մինչև 5 տարեկան հասակում մահանում է մոտավորապես 12 մլն երեխա, որոնցից 3 միլիոնը` կառավարելի հիվանդությունների հետևանքով:
6. Պատվաստումների կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում` աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ՝ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը՝ հնարավոր է և հասանելի: ԱՀԿ տվյալներով պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում:
7. Մանկական հասակում պատվաստվելով` միլիոնավոր մեծահասակներ կարող են փրկվել այնպիսի վարակիչ հիվանդություններից, որոնք թաքնված ընթացք ունեն մանկական հասակում և արտահայտվում են մեծ տարիքում, մասնավորապես, հեպատիտ «Բ»-ից:
8. 2014 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեում հաստատվել է «Պատվաստանյութերով ապահովության 2015-2020 թվականների Եվրոպական միջոցառումների պլանը» (EUR/RC64/15 Rev.1, EUR/RC64/Conf.Doc./7), արտացոլելով ԱՀԿ «Պատվաստանյութերով ապահովության 2011-2020 թվականների գործողությունների գլոբալ պլանի» (հռչակագիր WHA65.17) կոնկրետ պահանջները և մարտահրավերները, ինչպես նաև «Առողջություն` 2020» համաեվրոպական քաղաքականության առանցքային ռազմավարական ուղղությունները, Տալլինյան Խարտիայի «Առողջության և բարեկեցության համար առողջապահական համակարգերի», «2015-2020 թվականներին երեխաների և դեռահասների առողջության պահպանման Եվրոպական ռազմավարության» (EUR/RC64/12 Rev.1), «Հանրային առողջության ներուժի և ծառայությունների ամրապնդման գործողությունների եվրոպական պլանի» (EUR/RC62/12 Rev.1) և «Թոքաբորբերից և դիարեաներից մանկական մահերի կանխումը մինչև 2025 թվականը, թոքաբորբերի և դիարեաների դեմ պայքարի ինտեգրված գործողությունների գլոբալ պլանի» (ԱՀԿ, 2013) հիմնական դրույթները և առաջարկությունները:
9. «Պատվաստանյութերով ապահովության 2015-2020 թվականների Եվրոպական միջոցառումների պլանի» նպատակն է պատվաստումների միջոցով ավելի շատ մարդ պաշտպանելու ավելի շատ հիվանդություններից` ընդգծելով պատվաստումների կարևորությունը համաճարակների և արտակարգ իրավիճակների պատրաստվածության առումով: Նման տեսլականը կարող է իրականություն դառնալ ուժեղացված համաճարակաբանական հսկողության, մոնիթորինգի և գնահատման, ծրագրային գործողությունների հիման վրա:
10. Կառավարելի հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այդ թվում` իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական հիմնախնդիրներից մեկը: Այն իր արտացոլումն է գտել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից գնահատման զգայորոշիչների կատարողականի բարելավման ծրագրում, ինչը ևս մեկ անգամ կարևորում է պատվաստումներում ժամանակին և ամբողջական ընդգրկվածության հարցը և խթան է հանդիսանում հազարամյակի նպատակներին հասնելու գործընթացի համար:
II. Սույն ծրագրում օգտագործվող հիմնական հասկացությունները
11. Սույն ծրագրում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) Կառավարելի հիվանդություններ` կանխարգելիչ պատվաստումների միջոցով կանխարգելվող կամ կառավարվող հիվանդություններ.
2) նպատակային հիվանդություններ` արմատական վերացման (պոլիոմիելիտ), էլիմինացման՝ տեղական դեպքերի վերացման (կարմրուկ, կարմրախտ), ինչպես նաև վերահսկման ենթակա (տուբերկուլոզ, դիֆթերիա, կապույտ հազ, հեպատիտ Բ, մանրէային թոքաբորբեր և մենինգիտներ, սեզոնային գրիպ) կառավարելի վարակիչ հիվանդություններ.
3) իմունականխարգելում` միջոցառումների համակարգ է, որն ուղղված է կանխարգելիչ պատվաստումների միջոցով հիվանդությունների կանխարգելմանը, տարածման սահմանափակմանը, էլիմինացմանը (հիվանդության տեղական փոխանցման ընդհատում) և արմատական վերացմանը.
4) ապացուցողական չափանիշներ` հիվանդության հաշվարկային բեռի, պատվաստանյութի տնտեսական արդյունավետության և անվտանգության վերաբերյալ տվյալներ, պատվաստումների ազգային օրացույցներ (համակցված պատվաստանյութերի օգտագործում), երկրի տնտեսական զարգացում և առողջապահական համակարգի գերակայություններ և այլ գործոններ.
5) նոր պատվաստանյութեր` նախկինում չկիրառված կամ սակավ կիրառություն գտած պատվաստանյութերը.
6) ԲՑԺ` տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ.
7) ՎՀԲ` հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութ.
8) ՎՀԱ` հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութ.
9) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ` դիֆթերիայի, ամբողջական բջջային կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ-ի և հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ համակցված հնգավալենտ (հինգ բաղադրիչ) պատվաստանյութ.
10) ՀԻԲ` հեմոֆիլուսային Բ տիպի վարակ
11) Ռոտա` պատվաստանյութ ռոտավիրուսային վարակների դեմ.
12) Պնևմո` պատվաստանյութ պնևմակոկային վարակների դեմ.
13) Հեքսավալենտ` դիֆթերիայի, կապույտ հազի ոչ ամբողջական բջջային, փայտացման, հեպատիտ Բ-ի, պոլիոմիելիտի ինակտիվացված և հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ համակցված վեցավալենտ (վեց բաղադրիչ) պատվաստանյութ.
14) ՕՊՊ` պոլիոմիելիտի օրալ (բերանային) պատվաստանյութ.
15) ԻՊՊ` պոլիոմիելիտի ինակտիվացված (ներարկման) պատվաստանյութ.
16) ԱԿԴՓ` դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ պատվաստանյութ.
17) ԱԴՓ-Մ` դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստանյութ.
18) ԿԿԽ` կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստանյութ.
19) ՄՊՊ` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ.
20) ՍԹԿ` սուր թորշոմած կաթվածահարություն (պարալիչ).
21) ԲԿՀ` բնածին կարմրախտային համախտանիշ.
22) ԱՀԿ` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.
23) ԳԱՎԻ` Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինք.
24) ՄԱԿ ՄՀ` Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ:
III. Առկա իրավիճակը
12. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական, բնակլիմայական գործոնները, բնակչության տեղաշարժի աճի միտումներն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների ծագման և տարածման համար:
13. Պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: Վերջին 15 տարվա ընթացքում չեն արձանագրվում նաև դիֆթերիայի դեպքեր:
14. Այս օրերին աշխարհի շատ երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և այլուր, լուրջ խնդիր են կարմրուկը և կարմրախտը: Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է: 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 97 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի տեղական փոխանցման դեպքեր չեն արձանագրվում: Սակայն, 2013-2015 թվականներին հանրապետությունում գրանցվել են կարմրուկի առումով անբարենպաստ երկրներից բերովի դեպքեր` պայմանավորված առավելապես չպատվաստված բնակչության տեղաշարժերով և հանրապետությունում տարիների ընթացքում պատվաստումներից հրաժարված բնակչության կուտակումով: Վերջինս կարող է ժամանակի ընթացքում ստեղծել լարված համաճարակային իրավիճակ և նպաստել կարմրուկի ու կարմրախտի տեղական տարածմանը:
15. Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող գործադրման արդյունքում Հայաստանում զգալիորեն նվազել են փայտացման դեպքերը՝ գրանցվում են շատ հազվադեպ, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն (խոզուկ), արձանագրվում են եզակի դեպքերի տեսքով:
16. Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2014 թվականին կազմել է 8.7‰, 2008թ. նույն ժամանակաշրջանի 10.8‰-ի դիմաց (1 000 կենդանի ծնվածի հաշվով): Մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց ուրույն դերն են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հնգավալենտ պատվաստումները և ռոտավիրուսային պատվաստանյութերը:
17. Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության պատճառահետևանքային կառուցվածքում: Հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացման շնորհիվ 5 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009թ.՝ 19.3 (100000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ.` 7.9, 2014թ.` 4.4: Մենինգիտների վերլուծությունն ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնևմակոկային, տուբերկուլոզային և այլն), ցույց է տալիս, որ նշված նվազումը պայմանավորված է հնգավալենտ պատվաստանյութի հեմոֆիլուսային Բ բաղադրիչով՝ նպաստելով հանրապետությունում մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում հեմոֆիլուսային մենինգիտներով հիվանդ երեխաների մինչև 25 %-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ մինչև 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):
18. Մինչև ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման (փետրվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո` 2015թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվեց հոսպիտալացման մակարդակի մոտ չորս անգամ նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2014-2015թթ. փետրվար-մարտին` 16%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին` 196 դեպք, 2013 թվականին` 68 դեպք, 2014 թվականին` 42 դեպք, 2015 թվականին` 11 դեպք):
19. 2014 թվականի սեպտեմբերից Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել են պնևմակոկային պատվաստումները, որոնք նպաստելու են հանրապետությունում պնևմակոկային վարակների (թոքաբորբեր, մենինգիտներ, սեպտիցեմիա, օտիտներ և այլն) կանխարգելմանը և վերահսկմանը, հետևաբար նաև՝ մանկական մահացության շարունակական նվազեցմանը:
20. Ներկայում Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաստումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային և պնևմակոկային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, որոնք ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Նշված վարակիչ հիվանդությունների դեմ կիրառվում են հետևյալ պատվաստանյութերը. ՎՀԱ՝ հեպատիտ Ա-ի, ՎՀԲ՝ հեպատիտ Բ-ի, ԲՑԺ՝ տուբերկուլոզի, ԱԿԴՓ` դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման, ԱԴՓ-Մ` դիֆթերիայի և փայտացման, համակցված քառավալենտ ԱԿԴՓ/ԻՊՎ` դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման և ինակտիվացված պոլիոմիելիտի, համակցված հնգավալենտ ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ` դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ-ի և հեմոֆիլուսային ինֆլուենզա Բ տիպի, համակցված հնգավալենտ ԱԿԴՓ/ԻՊՎ/ՀԻԲ` դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, ինակտիվացված պոլիոմիելիտի և հեմոֆիլուսային ինֆլուենզա Բ տիպի, համակցված ԿԿԽ` կարմրուկի, կարմրախտի և խոզուկի, ՕՊՎ և ԻՊՎ` պոլիոմիելիտի, Ռոտա՝ ռոտավիրուսային, մենինգակոկային՝ մենինգակոկային վարակների, Պնևմո՝ պնևմակոկային վարակների և պատվաստանյութեր տուլարեմիայի, սեզոնային գրիպի, կատաղության դեմ:
21. Իմունականխարգելման ոլորտում վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համապատասխանեցվում է ԱՀԿ-ի մոտեցումներին և չափանիշներին: Իմունականխարգելման աշխատանքների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշը պատվաստումներում ընդգրկվածությունն է, որը, համաձայն ԱՀԿ-ի, հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում պետք է լինի 95 տոկոսից բարձր:
22. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ծառայությունները մատչելի ու հասանելի են բնակչության բոլոր խմբերին, ինչը փաստում են 2015 թվականին միջազգային կազմակերպությունների կողմից Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարման գնահատման, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից առողջության և ժողովրդագրության հարցերով 2005 և 2010 թվականների հետազոտությունների արդյունքները:
23. Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում առանձին պատվաստումներում ընդգրկվածության մակարդակները համապատասխանում են ԱՀԿ-ի մոտեցումներին, ինչպես նաև նպատակային խմբերի 90%-ից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը: Սակայն դեռևս ցածր են պատվաստումներում ժամանակին (համաձայն պատվաստումների օրացույցի) ընդգրկվածության մակարդակները:
24. Հայաստանը 2007 թվականին միացել է կարմրուկի և կարմրախտի տեղական շտամներով հարուցված հիվանդացման դեպքերը վերացնելու ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությանը: Այս նպատակով 2002 թվականին երկրում պատվաստումների ազգային օրացույցում ներդրվեցին կարմրուկ-կարմրախտ-խոզուկի համակցված պատվաստումները` հետագայում ապահովելով կայուն ձեռքբերումներ ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների հասանելիության ուղղությամբ: Մասնավորապես` 2010 թվականից նպատակային խմբերում երեխաների 97%-ն ընդգրկվել են երկու դեղաչափ կարմրուկի դեմ համակցված պատվաստումներում, որը գերազանցում է Հազարամյակի զարգացման 2015 թվականի նպատակների համար սահմանված 96% ցուցանիշը: Վերջինս 2015 թվականի հունվարի դրությամբ դժվար հասանելի էր շատ երկրների համար, որտեղ այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ: Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի հիվանդությունների վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 25 արձանագրային որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի վերացման, խոզուկի վերահսկման և բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելման (ԲԿՀ) ազգային ծրագիրը` 2007-2010 թվականների համար, որի շրջանակներում 2007 թվականին իրականացվեց կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների լրացուցիչ գործընթաց` նպաստավոր պայմաններ ապահովելով երկրում հետագա տարիներին կարմրուկի և կարմրախտի տեղական փոխանցման ընդհատման համար :
25. 2010-2015 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 46-Ն որոշման, որը, լինելով ժամանակի պահանջ, զգալիորեն կանոնակարգել է իմունականխարգելման աշխատանքները: Սակայն աշխարհում ձևավորված մոտեցումներն իմունականխարգելման նոր ազգային ծրագրի մշակման հրատապ խնդիր են առաջադրում` ԱՀԿ-ի մոտեցումներին և եվրոպական չափանիշներին համապատասխան:
26. Ներկայում հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացել է մեկ այլ խնդիր` պահպանել պոլիոմիելիտի առումով նվաճումները: Չնայած զգալի ձեռքբերումներին` վայրի պոլիովիրուսի ներկրման ռիսկը հանրապետությունում շարունակում է մնալ բարձր` պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ համարվող երկրների հետ սոցիալ-տնտեսական կապերի, պոլիոմիելիտի ներկրման դեպքում տարածման բարձր ռիսկ ունեցող երկրների հետ բնակչության ակտիվ տեղաշարժերի (տուրիզմ, գործարար կապեր), ինչպես նաև հանրապետությունում վերջին տարիներին չպատվաստված` պոլիոմիելիտի դեմ ընկալունակ երեխաների կուտակման հետևանքով: Հաշվի առնելով այս հանգամանքները` կարևորվում են ԱՀԿ գլոբալ քաղաքականության պահանջների ապահովումը: Հանրապետությունում 2015 թվականին ԳԱՎԻ աջակցությամբ Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվելու է ԻՊՎ պատվաստանյութը, հաջորդիվ` 2016 թվականի ապրիլից պոլիոմիելիտի եռավալենտ ՕՊՎ պատվաստանյութը փոխարինվելու է երկվալենտով: Միաժամանակ նպատակային բնակչության շրջանում պլանային պատվաստումներում 95 տոկոսից բարձր ընդգրկվածության շնորհիվ կապահովվի կոլեկտիվ իմունիտետ, որը հնարավորություն կտա դուրս մղելու պոլիովիրուսը և ընդհատելու վերջինիս շրջանառությունը ներկրման վտանգի դեպքում:
27. Հիմք ընդունելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում` առողջապահության նախարարությունն ընդունել է նոր ռազմավարական մոտեցում` Պատվաստումների ազգային օրացույցում ներդնել նոր պատվաստանյութեր:
28. Վերջին տարիների ընթացքում հաջողությամբ ներդրված նոր պատվաստանյութերը, ինչպիսիք են հեպատիտ Բ, ԿԿԽ, ՀԻԲ (հնգավալենտ` դիֆթերիա-կապույտ հազ-փայտացում-հեպատիտ Բ-ՀԻԲ պատվաստանյութի տեսքով), ռոտավիրուսային և պնևմակոկային վարակների դեմ, վստահություն են ներշնչում բնակչության շրջանում: Նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, ինչպես նաև սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նշանակալի աշխատանքներ:
29. Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաստումները զուգորդվում են նաև լրացուցիչ պատվաստումներով: Այսպես` 1997 թվականին իրականացվեցին դիֆթերիայի դեմ զանգվածային պատվաստումներ, որոնց շնորհիվ դիֆթերիայի հիվանդացությունը կտրուկ նվազեց, իսկ վերջին 15 տարվա ընթացքում հանրապետությունում պահպանվեց զրոյական մակարդակ: Նման զանգվածային պատվաստումների շնորհիվ բնակչության շրջանում ամրապնդվեց նաև պոլիոմիելիտի, կարմրուկի և կարմրախտի դեմ անընկալունակությունը, որը հիմք հանդիսացավ հանրապետությունում պոլիոմիելիտի արմատական, ինչպես նաև կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի վերացման գործընթացի համար:
30. Հայաստանի Հանրապետությունում, ներկայումս, բացի պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ համաճարակաբանական ցուցումներով` կախված համաճարակային իրավիճակից: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ հանդիսացող անձանց (կապված աշխատանքի բնույթի հետ` բժիշկներ, հասարակական սպասարկման ոլորտի աշխատողներ, մանկական կոլեկտիվների աշխատողներ և այլն) կամ անհատի առողջության և կյանքին սպառնացող վտանգը:
31. 2014 թվականի ձմեռային զորակոչից սկսած Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում են ՀՀ զինկոմիսարիատներին կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` նախկինում ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանում կատարվող պատվաստումային գործընթացի փոխարեն: 2015 թվականի օգոստոսից հանրապետության բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պլանային կարգով իրականացվում են նաև նախազորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումները՝ ինչպես Պատվաստումների ազգային օրացույցով կատարվող պլանային պատվաստումները` նպատակ ունենալով սահմանել հետպատվաստումային շրջանում պատվաստվածների առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, ժամանակի առումով հնարավորություն ընձեռել պատվաստումներից հետո լիարժեք պաշտպանություն ձևավորվելու համար: Նշվածից բացի զորակոչիկը և նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում և չեն ենթարկվի փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցման:
32. Զինակոչիկների և նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումներն աստիճանաբար և սահուն պլանային գործընթաց դարձնելու նպատակով 2014-2017 թվականները սահմանվել են անցումային ժամանակաշրջան, ընդ որում՝ 2014 թվականին պատվաստվել են միայն 18-27 տարեկան զորակոչիկները, 2015-2017 թվականներին պատվաստվելու են 2 տարիքային խումբ՝ 15-16 տարեկան նախազորակոչիկները և 18-27 տարեկան զորակոչիկները, իսկ 2018 թվականից պատվաստվելու են միայն 15-16 տարեկան նախազորակոչիկները՝ որպես Պատվաստումների ազգային օրացույցի բաղկացուցիչ մաս:
33. Կարևորելով օգտագործվող պատվաստանյութերի որակը և անվտանգությունը` հանրապետությունում զգալիորեն բարելավվել է պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, ազգային և մարզային պահեստները ՄԱԿ ՄՀ-ի, ԱՀԿ-ի և ԳԱՎԻ օժանդակությամբ 2014-2015 թվականներին համալրվել են ժամանակակից, ԱՀԿ որակի չափանիշներին համապատասխանող սառնարաններով և սառնարան-սենյակներով, ինչպես նաև ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս, բացառելով մարդկային գործոնը, լիարժեք հսկողություն սահմանել սառնարանների ջերմային ռեժիմի նկատմամբ:
34. Օպտիմալացվել է հանրապետությունում պատվաստանյութերի պահպանման և բաշխման համակարգը: Մասնավորապես նախկինում գործող 4 մակարդակի (ազգային, մարզային, տարածաշրջանային, համայնքային) փոխարեն ներկայում գործում է 3-ը (ազգային, մարզային, համայնքային), որը թույլ է տալիս տարածաշրջանային պահեստներում առկա սառնարանային սարքավորումները վերաբաշխել կարիք ունեցող բժշկական կազմակերպություններին: Օպտիմալացվեց նաև պատվաստանյութերի բաշխման համակարգը` նախկին ստորինից–վերև մեխանիզմը փոխարինվեց կենտրոնացված բաշխման համակարգով` նպատակ հետապնդելով սառնարան-մեքենայով պատվաստանյութերը հուսալի և անվտանգ հասցնել մինչև սպառողին (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն):
IV. Ծրագրի նպատակները և խնդիրները
35. Չնայած Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման նվաճումներին և ձեռքբերումներին` ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են պատվաստումների գործընթացի լիարժեք իրականացմանը: Մասնավորապես դրանք են ոլորտը կանոնակարգող օրենսդրական բազայի կատարելագործումը, իմունականխարգելման գործընթացի կայուն ֆինանսավորումը, իմունականխարգելման գործընթացի, այդ թվում պատվաստումների և պատվաստանյութերի արդյունավետ կառավարման համակարգերի հզորացումը` միջազգայնորեն առկա նոր տեխնոլոգիական լուծումներին համահունչ, պատվաստանյութերի պահպանման սառցային շղթայի կարողությունների շարունակական բարելավումը, կառավարելի հիվանդությունների համաճարակաբանական հսկողության բարելավումը, մասնագիտական ներուժի շարունակական զարգացումը, բուժաշխատողների գիտելիքների կատարելագործումը, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այլ հարցեր:
36. Իմունականխարգելման միջոցառումներն արդյունավետ են միայն համաճարակաբանական հսկողության գործուն համակարգի գործադրման պայմաններում: Աշխատանքների կանոնավոր հսկողությունը և միջոցառումների արդյունավետության գնահատումը, միայն ճշգրիտ և ամբողջական տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և հրապարակումը հնարավորություն կտան բացահայտելու առկա հիմնախնդիրները, հայտնաբերելու վերջիններիս պատճառները և կանոնակարգելու գործողությունների հետագա ընթացքը` համապատասխան որոշումների ընդունման միջոցով:
37. Իմունականխարգելումն ինտեգրացված գործընթաց է, որը պահանջում է գործընթացում ընդգրկել զգալի թվով շահագրգիռ կողմերի և առողջապահական համակարգում հանրային կարծիք ձևավորող առաջնորդների: Այս համատեքստում կարևոր է համագործակցության զարգացումը, որը զգալի հիմք կապահովի իմունականխարգելման համակարգի զարգացման, գործընթացի բարելավման և համապարփակ ու համակարգված մոտեցումների ձևավորման ու ներդրման համար:
38. Իմունականխարգելման ազգային ծրագրի հեռանկարային տեսլականը և վերջնական արդյունքը Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության արմատական վերացումն ու նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումն է:
39. Ծրագրի տեսլականի և վերջնական արդյունքի գնահատումը կիրականացվի ծրագրի վեց նպատակների հասանելիությամբ, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակի պահպանումը:
2) Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի տեղական փոխանցման վերացումը:
3) Հեպատիտ Բ հիվանդության վերահսկումը:
4) Հայաստանի Հանրապետությունում ազգային մակարդակում և բոլոր վարչական տարածքներում պատվաստումներում ընդգրկվածության նպատակային ցուցանիշների ապահովումը:
5) Ավելի շատ թվով մարդկանց պաշտպանություն ավելի շատ թվով հիվանդություններից` ապացուցողական տվյալներով հիմնավորված նոր պատվաստանյութերի ներդրման միջոցով:
6) Իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորման ապահովումը:
40. Իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների հասանելիության ապահովման համար նախատեսվում են ռազմավարական ուղղություններ և առաջնահերթ միջոցառումներ՝ ծրագրի ներքոհիշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ.
1) Քաղաքական կամքի դրսևորում, անհրաժեշտ միջոցների մոբիլիզացում:
2) Հզոր և կայուն իմունականխարգելման համակարգի գործունեության ապահովում, որի արդյունքում յուրաքանչյուր ոք հասկանում և ընդունում է, որ պատվաստումը մարդու իրավունքներից է:
3) Իմունականխարգելման ծառայությունների մատչելիության և դրանց համահավասար հասանելիության ապահովում:
4) Իմունականխարգելման ծառայությունների ինտեգրում առողջապահական համակարգում և համակցում բժշկական այլ ծառայությունների հետ:
5) Իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորման և որակյալ պատվաստանյութերով անընդմեջ մատակարարման ապահովում:
Ելնելով նշվածից և գիտակցելով հանրապետությունում իմունականխարգելման գործունեության առողջապահական, սոցիալական և տնտեսական նշանակությունը` կարևորվում է Իմունականխարգելման 2016-2020 թվականների ազգային ծրագրի ընդունումը` ԱՀԿ-ին և եվրոպական ժամանակակից մոտեցումներին համապատասխան: Այն ուղղված կլինի իմունականխարգելման աշխատանքների իրականացման միջոցով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը և բնակչության առողջության պահպանմանը հանրապետությունում:
V. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Ծրագրի խնդիրների հաղթահարման և նպատակների հասանելիության համար 2016-2020 թվականներին կիրառվելու են ներքոհիշյալ ռազմավարական ուղղությունները:
42. Կարևոր է քաղաքական կամքի դրսևորումը, անհրաժեշտ միջոցների մոբիլիզացումը: Քաղաքական աջակցությունը բարձրացնում է իմունականխարգելման նշանակությունը որպես հանրային առողջապահության և բարեկեցության առանցքային գործիք՝ առավելագույնս արժևորելով իմունականխարգելումն ինչպես մեկ ամբողջություն առողջապահության, տնտեսության և հասարակության համար:
Այս խնդրի լուծման ռազմավարական ուղղություններն են՝
1) Իմունականխարելման ազգային ծրագրի նորմատիվ–օրենսդրական բազայի կատարելագործում:
2) Հանրային կարծիքի ձևավորում և իմունականխարգելման կարևորության վերաբերյալ շահագրգիռ կողմերին մշտական իրազեկում և ներգրավում անհրաժեշտ միջոցների մոբիլիզացման գործընթացում:
3) Իմունականխարգելման հարցերով ազգային խորհրդատվական մեխանիզմների ամրապնդում՝ ապացուցողական հիմքով ռազմավարությունների առաջարկման և կյանքի կոչման նպատակով:
43. Կարևոր է նաև հզոր և կայուն իմունականխարգելման համակարգի գործունեության ապահովումը, որտեղ յուրաքանչյուր ոք հասկանում և ընդունում է, որ պատվաստումը մարդու իրավունքներից է: Իմունականխարգելման շնորհիվ հանրային առողջապահության ոլորտում ձեռքբերումների և նվաճումների պահպանումը կախված է թե որքանով է յուրաքանչյուր ոք հասկանում, որ պատվաստումը ոչ միայն մարդու իրավունքն է, այլև՝ պարտականությունը:
Այս խնդրի լուծման ռազմավարական ուղղություններն են՝
1) Բնակչության շրջանում իրազեկման խթանում (պատվաստանյութերով կանխվող հիվանդությունների հետ կապված ռիսկերի, ինչպես նաև պատվաստումների առավելությունների և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ) և պատվաստանյութերի, պատվաստումային ծառայությունների և առողջապահության նկատմամբ նրանց հավատի ամրապնդում:
2) Նոր կամավորների, բարի կամքի դեսպանների և ակտիվ կողմնակիցների ներգրավում հանրային իրազեկման գործընթացում,ովքեր հանրությանը կհասցնեն անհրաժեշտ տեղեկատվությունը և զանգվածային լրատվամիջոցներում կապահովեն իմունականխարգելման գործընթացի դրական հեղինակությունը:
3) Ռիսկի գործոնների վերաբերյալ իրազեկման և հաղորդակցության ներուժի ամրապնդում, որը հնարավորություն կընձեռի մշակել և իրականցնել գիտականորեն ապացուցված և հավաստի տվյալներով հիմնավորված արդյունավետ ռազմավարություններ և հաղորդակցության արշավներ, որոնք թույլ կտան խթանել պատվաստումների նկատմամբ պահանջը:
44. Կարևոր է նաև իմունականխարգելման ծառայությունների մատչելիության և դրանց համահավասար հասանելիության ապահովումը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ բնակության վայրից, տարիքից, սեռից, կրթության մակարդակից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, էթնիկ և ազգային պատկանելիությունից, հավատքից և կրոնական համոզմունքներից իրավունք ունի ստանալ անհրաժեշտ պատվաստումները:
Անհրաժեշտ են կիրառել նոր գործիքներ և մոտեցումներ բնակչության ընկալ խմբերի և պատվաստումների համար խոչընդոտների հայտնաբերման համար, ինչպես նաև ներդնել գիտականորեն հիմնավորված ռազմավարություններ և ծառայությունների մատուցման նոր ձևեր բնակչության այն խմբերի համար, ովքեր դուրս են մնում պատվաստումներից՝ ներառյալ հրաժարվողները, կրոնական համոզմունքներ ունեցողները, նաև մեծահասակները:
Այս խնդրի լուծման ռազմավարական ուղղություններն են՝
1) Բնակչության ընկալ խմբերի մշտական հայտնաբերում և պատվաստումային ծառայություններից նրանց դուրս մնալու խոչընդոտների բացահայտում:
2) Կոնկրետ պայմաններին ադապտացված պատվաստումային ծառայությունների մատուցման նոր մոտեցումների մշակում և իրականացում:
45. Առանձնահատուկ կարևորություն ունի իմունականխարգելման ծառայությունների ինտեգրումն առողջապահական համակարգում և բժշկական այլ ծառայությունների հետ: Իմունականխարգելման ազգային ծրագրի և առողջապահական այլ համակարգերի միջև անհրաժեշտ է ապահովել արդյունավետ համագործակցություն՝ այդ թվում այլ ծրագրերի, մասնավոր սեկտորի, գործընկերների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների հասանելիության ոչ պակաս կարևոր պայման է առողջապահության ոլորտի պատշաճ մակարդակով նախապատրաստված և բազմակողմանի կրթված բժշկական մարդկային ներուժով հագեցվածությունը: Առողջապահության ոլորտի առավել ընդգրկուն համատեքստում կադրային ներուժի պատրաստումը պահանջում է անընդմեջ բժշկական կրթության և ուսումնառության համար համակարգված մեխանիզմների առկայություն:
Այս խնդրի լուծման հիմնական ռազմավարական ուղղություններն են՝
1) Առողջապահության համակարգի ողջ համատեքստում իմունականխարգելման համալիր և համաձայնեցված միջոցառումների ապահովում:
2) Մոնիթորինգի և գնահատման համակարգերի ամրապնդում:
3) Իմունականխարգելման ոլորտի ղեկավարման և առողջության առաջնային պահպանման մակարդակներում ընդգրկված մասնագետների ներուժի հզորացում :
46. Արդյունավետ ու պատշաճ մակարդակով ազգային և գլոբալ քաղաքականությունների իրականացման համար առանցքային նշանակություն ունի իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորման և որակյալ պատվաստանյութերով անընդմեջ մատակարարման ապահովումը: Առկա ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը հատկապես նպաստում է մատչելի գներով որակյալ պատվաստանյութերի գնումների կայուն և թափանցիկ համակարգի ապահովումը:
Այս խնդրի լուծման հիմնական ռազմավարական ուղղություններն են՝
1) Իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների իրագործման համար բավարար ֆինանսական միջոցների ապահովում: Նոր պատվաստումների ներդրման և ֆինանսավորման հնարավորության հարցի կանոնավոր քննարկում պատասխանատու գերատեսչության կողմից բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելիք բյուջետային ֆինանսավորման հայտի առկայության պայմաններում (ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրի գծով նախատեսվող միջոցների սահմաններում):
2) Երաշխավորված և մատչելի գներով պատվաստանյութերի անընդմեջ մատակարարում:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
47. Ծրագրի իրականացման համագործակցող կողմերն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
4) ՄԱԿ-ի գործակալությունները.
5) բազմակողմ/երկկողմ զարգացման գործընկերները.
6) տեղական և այլ պետություններում գրանցված միջազգային հասարակական կազմակերպությունները.
7) զանգվածային լրատվության միջոցները.
8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:
VII. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
48. Իմունականխարգելման ազգային ծրագրի մոնիթորինգն իրականացվում է վարչական վիճակագրական հաշվետվություններով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկատվական հոսքերով և կենտրոնի կողմից պատվաստումային գործընթացի եռամսյակային աջակցողական մշտադիտարկումների արդյունքներով:
49. Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ կատարվում են եռամսյակային և տարեկան վերլուծություններ և մշակվում են առաջարկություններ` ապահովելով հետադարձ կապը հաշվետվություն ներկայացնող կազմակերպությունների հետ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի գործընթացի գնահատումն իրականացվում է N4 հավելվածում ներկայացված ցուցանիշներով:
Ց Ա Ն Կ
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|