Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.02.2023-22.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

09 փետրվարի 2023 թ.

  N 09-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառուցման (այդ թվում՝ վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներ կատարողների և տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցողների նկատմամբ՝ շինարարական աշխատանքների ընթացքում նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման, հայտնաբերված խախտումների և թերությունների համար պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ մեթոդական խորհրդատվության դրույթները»՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

փետրվարի 9-ի N 09-Ա հրամանի

 

ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ 

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՆՉՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ (ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը.

1. օբյեկտի նախապատրաստումը պետք է նախատեսի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի (ներառյալ գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի) ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազննին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ, շենքերի, շինությունների և նրանց մասերի կառուցման, ինչպես նաև անմիջական նախապատրաստական փուլի աշխատանքների իրականացման նախագծերի մշակում՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի անվտանգության պահանջները:

2. հատուկ, կարևորագույն և եզակի օբյեկտների շինարարության նախապատրաստումը պետք է ընդգրկի հատուկ ծրագրով գործելակարգային դիտարկումների (երկրաշարժաչափական, ջրաերկրաբանական, ջրաբանական, երկրաքիմիական, երկրաբաշխական, մարկշեյդերյան, օդերևութաբանական, լարումաչափական և այլն) կազմակերպման աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փորձարարական հարթակի (տեղամասի), օդերևութաբանական կետերի և չափողական կայանքների ստեղծումը: Հետազոտական աշխատանքների, կոնստրուկցիաների ու կառույցների էլեմենտների փորձարկումների և գործելակարգային դիտարկումների ծրագրերը պետք է մշակվեն շինարարական արտադրության կազմակերպման (ПОС- проект организации строительства) և շինարարական աշխատանքների կատարման (ППР-проект производства работ) նախագծերին համապատասխան: Շինարարական արտադրության կազմակերպման նախագիծը (ПОС) մշակվում է նախագծային կազմակերպության կողմից՝ որպես նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմի մաս: Շինարարական աշխատանքների կատարման նախագիծը (ППР) մշակվում է շինաշխատանքների կապալառուի կողմից և համաձայնեցվում պատվիրատուի և նախագծային կազմակերպության հետ:

3. շինարարական հրապարակն անհրաժեշտ է ցանկապատել (պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային սարքերի, սարքավորումների, գովազդային վահանակների կիրառմամբ), ստեղծել երկրաբաշխական նշահարման հիմք, կառուցել մոտեցման ճանապարհներ, ձևավորել պահեստային տնտեսություն, նախատեսել շինարարության կարիքների համար անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության՝ ինժեներական ենթակառուցվածքների ժամանակավոր շինություններ (ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, ըստ անհրաժեշտության նաև գազամատակարարման ժամանակավոր հաղորդակցուղիներ),

4. հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ կամ մեկ այլ առավել տեսանելի տեղամասում տեղադրել պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալները /անվանում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն պարունակող վահանակներ` մինչև ավարտված շինարարության փաստագրումը դրանք պահպանելու պայմանով:

5. շինարարությունում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական ռեսուրսի՝ անձնակազմի համար անհրաժեշտ է նախատեսել կենցաղային սպասարկման շինություններ (օրինակ՝ սանհագույց, բուժկետ, հանգստի սենքեր և այլն),

6. անհրաժեշտ է կազմակերպել շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների և սարքավորումների մատակարարման գործընթացին վերաբերող ժամանակավոր ենթակառուցվածքների և մեքենա-մեխանիզմների տեղաբաշխման սխեման, հստակեցնել շահագործման և մատակարարման աշխատանքների ժամանակացույցը,

7. շինարարական աշխատանքները շինություններով և հաղորդակցուղիներով զբաղեցված տարածքներում պետք է իրականացվեն հաշվի առնելով տվյալ բնակավայրում կամ թաղամասում օբյեկտների և շինությունների բավարար կենսապահովումը չխաթարելու պայմանը (էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը, կապի համակարգերը, ջերմամատակարարումը և կոյուղին, ճանապարհների, մայթերի, հարթակների անվտանգ շահագործումը և այլն),

8. շինություններից և կանաչապատ հատվածներից ազատ տարածքներում՝ ժամանակավոր մակերեսային ջրահեռացման խողովակաշարի կամ փոսորակի ուղղությամբ, ինչպես նաև հողային աշխատանքների կատարման հատվածներում իրականացվում է բուսական գրունտի հանում, տեղափոխում կամ թմբապատում (обвалование), տարածքում ժամանակավոր մակերեսային ջրահեռացումը փոքր արհեստական կառուցվածքների իրականացնելու միջոցով՝ շինարարության արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային հաղորդակցուղիների հատման մասերում,

9. կանաչապատ տարածքներում իրականացվում է պահպանման ենթակա տնկիների, ծառերի, թփերի, բույսերի և բուսական գրունտի առանձնացում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ծառերի և թփերի տեղափոխում այլ տարածքներ՝ դրանցում կանաչապատում ապահովելու նպատակով,

10. շինարարության համար նախատեսված տարածքում իրականացվում է բուսական ծածկույթի (ծառերի, թփերի, բույսերի և այլն) բների հանում, մաքրում, տարածքում առկա և պահպանման ոչ ենթակա բուսական շերտի առանձնացում արմատներից, տարածքի մաքրում ծառերի բներից և թփերից,

11. ծառահատման և տեղափոխման ոչ ենթակա կանաչ տնկիները անհրաժեշտ է ցանկապատել (ցանցապատել), շինարարական հրապարակի տարածքում առանձին կանգնած ծառերի բները պաշտպանել վնասվածքներից՝ փաթեթավորելով ատաղձափայտով: Առանձին կանգնած թփերն անհրաժեշտ է վերատնկել: Կանաչապատման համար պիտանի ծառերն ու թփերը պետք է վերատնկվեն դրանց համար նախատեսված հատուկ պահպանական գոտում:

12. ծառաթփուտային (ծառաթփային) բուսականության հատումը և արմատների վզիկների և աճող ծառերի բների հողալցումն անհրաժեշտ է իրականացնել միայն նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերում:

Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը և դրա ողջ ընթացքում

13. շինարարությունում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի առողջության ապահովման, ինչպես նաև շրջակա միջավայրի համար պետք է ստեղծվեն անվտանգ ու սանիտարահիգիենիկ պայմաններ, տրամադրվեն անհատական պաշտպանական միջոցներ (հատուկ արտահագուստ, սաղավարտ, կոշիկ և այլն), պետք է իրականացվի աշխատակիցների հրահանգավորում՝ անվտագության տեխնիկայի կանոնների վերաբերյալ :

Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում

14. անհրաժեշտ է լրացնել աշխատանքների վարման մատյան, կազմել ծածկված աշխատանքների փաստագրման, կարևոր կոնստրուկցիաների ընդունման միջանկյալ (սարքավորումների, համակարգերի, ցանցերի) ու փորձարկման ակտեր, անհրաժեշտության դեպքում ձևակերպել այլ շինարարական նորմերով և կանոններով նախատեսված լրացուցիչ կատարողական փաստաթղթեր:

15. շինարարական աշխատանքների ողջ ընթացքում՝ պետք է պահպանվեն օդի փոշոտվածության և գազոտվածության կանխարգելման պահանջները: Փոշու արտանետումների կանխարգելման համար շինությունները պետք է առանձնացվեն արտաքին միջավայրից ամբողջ բարձրությամբ անթափանց թաղանթով, չոր եղանակային պայմաններում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար պետք է խոնավեցվի ջրի շիթով, հրապարակը պետք է համալրվի հղկման աշխատանքների արդյունքում գոյացած փոշու արտանետումները բացառող սարքերով, տեխնոլոգիաներով, շինարարական նյութերը՝ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը պետք է պահվեն կամ պահեստավորվեն փակ տարածքներում, ծածկվեն անթափանց թաղանթով, շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը պետք լվացվեն ջրի շիթով:

16. կառուցապատման/շինարարական (այդ թվում կառուցման, վերակառուցման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է իրականացնել հարակից ուղանցումների, մայթերի, փողոցների և հարթակների կառուցում արդիական ծածկույթներով (սալապատմամբ), բուսական գրունտի փռում, կանաչ տնկիների տնկարկում, սիզամարգերի և ծաղկանոցների իրականացում (սերմերի ցանում, ծառերի տնկում), տնկիների խնամքի ապահովում՝ նախագծային լուծումների և պայմանագրային պարտավորությունների համաձայն:

17. ապահովել շինարարական աղբի տեղափոխումը դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:

18. տարածքի միկրոկլիմայի բավարար պահանջների ապահովման համար բարեկարգման տարրերի և միջոցառումների ընտրությունը անհրաժեշտ է իրականացնել հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, տվյալ քաղաքաշինական միջավայրի կառուցապատման և հատակագծման առանձնահատկությունները, կլիմայական պայմանները, բարեկարգվող տարածքի գործառական նշանակությունը, կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների ազդեցությունը և կանխարգելիչ միջոցառումների ապահովման պարտադիր պահանջը:

19. պետք է ապահովել շինարարական օբյեկտի նկատմամբ որակի տեխնիկական և հեղինակային հսկողություններ: ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրել տեսախցիկներով, որոնք շուրջօրյա կտեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով կառուցվող բոլոր տեսակի շինությունները, և այդ տեսախցիկներին հասանելիությունը պետք է ապահովվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ պատվիրատուի նշած օգտատերերին։ Սույն պահանջը տարածվում է գնումների՝ 70-ապատիկից բարձր բազային միավոր ունեցող, գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային և հիդրոտեխնիկական նշանակության շինարարական օբյեկտների վրա, բացառությամբ գծային ենթակառուցվածքների։

20. տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից տեխնիկական վթարների, շինարարական հրապարակում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի ու շրջակա միջավայրի (բնապահպանական) անվտանգության ու սանիտարահիգիենիկ պահանջների չապահովման վերաբերյալ պետք է տեղեկացվի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ 48 ժամվա ընթացքում:

21. ղեկավարվել հաստատված նախագծային փաստաթղթերի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 30.04.2022թ N 718-Ն որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 26.08.2022թ «Անվտանգության տեխնիկա» N21-Ն, 21.06.2022թ «Տարածքի բարեկարգում» N12-Ն, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ N11-Ն , ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ N07-Ն հրամաններով հաստատված շինարարական նորմերով և այլ իրավական ակտերով:

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցները սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով, Քաղաքացիական օրենսգրքով, կապալի պայմանագրերով:

2. Շինարարական աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների՝ այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեխնիկական անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական (այդ թվում կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների) նորմերի չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար Կապալառուի/ Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են սահմանվել ըստ առանձին տեսակի խախտումների համառոտ նկարագրության՝ պատասխանատվության միջոցների համար նախատեսվող և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 1578-րդ հոդվածով սահմանված տուգանքից համամասնորեն հաշվարկվող ծախսերին համապատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի N588-Ա հրամանով հաստատված (աշխատանքների և ծառայությունների) պետական գնման պայմանագրերի օրինակելի ձևերով նախատեսված 6.5.1 կետի լրացված աղյուսակի առկայությամբ:

 

3. Աղյուսակի լրացման օրինակելի ձև (շինարարական աշխատանքներ և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանվող պահանջների և պատասխանատվության միջոցների)

 

N

Խախտումը (չկատարված միջոցառման անվանումը)

Պատասխանատվության միջոցներ, կիրառվող պայմանական` <A> հազ.դրամ տուգանքի ընդհանուր չափի նկատմամբ, համամասնորեն հաշվարկվող (համաձայն՝ ՎԻՎՕ-ի 1578 հոդվածի տուգանքի ընդհանուր չափի)

1.

Չի նախատեսվել ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի (ներառյալ գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի) ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազննին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ, շենքերի, շինությունների և նրանց մասերի կառուցման, չի իրականացվել անմիջական նախապատրաստական փուլի աշխատանքների իրականացման նախագծերի մշակում

պայմանական` (Ax4.76%) դրամ, թվով 21 միջոցառումների համար հավասար չափաբաժինների (%-ների) նախատեսմամբ, կամ Պատվիրատուի հայեցողությամբ բաշխվող տոկոսաչափերով՝ ըստ միջոցառման բարդության և վտանգավորության

2.

….

 

3.

….

 

….

….

 

21.

….

 

4. Կառուցապատողի, շինարարական աշխատանքների կապալառուի և տեխնիկական հսկողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ են նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով (այսուհետ՝ ՎԻՎՕ)՝ որոնք կիրառելի են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների, ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով:

5. Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` ՎԻՎՕ-ի 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև 157.17-րդ և 157.18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.

2) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` նախազգուշացում: (ՎԻՎՕ, հոդված 24411):