Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 385-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 491-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասով ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու մասին» N 491-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ Արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հրամանի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն հրամանը տարածվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի նկատմամբ, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված այն սնանկության գործերի նկատմամբ, որոնցով հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դեռ չի կայացվել:

5. 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված սնանկության այն վարույթներով, որոնցով սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կայացվել է հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատական ակտ, կամ առաջին (հերթական) աճուրդը սկսվել (շարունակվում) է, աճուրդն իրականացվում է Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով սահմանված կարգով։

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հուլիսի 11-ի

N 385-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն հավելվածը սահմանում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը:

2. Կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքը Արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սպասարկվող էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ կազմակերպվող սակարկություններն են, որոնք իրականացվում են կայքի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան:

3. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) հրապարակային սակարկությունների միջոցով գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ապահովում է առաջին աճուրդի անցկացման մասին հայտարարության հրապարակումը կայքում: Աճուրդը սույն հավելվածին համապատասխան իրականացվելու դեպքում պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին կայքում հայտարարությունը հրապարակված է համարվում կայքում հրապարակվելու պահից: Կառավարիչը հայտարարությանը կից կայքում վերբեռնում է գույքի լուսանկարները, ինչպես նաև իր հայեցողությամբ՝ այլ փաստաթղթեր:

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվում են նախորդ աճուրդը չկայացած համարվելու օրվանից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

5. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) սնանկության գործի համարը, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, կառավարչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն).

2) համակարգի կողմից գեներացված` լոտի հերթական համարը.

3) լոտի անվանումը,նկարագիրը, կիրառելի լինելու դեպքում` գույքի ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), գտնվելու վայրը, լոտի նկատմամբ սահմանափակումները (գույքի նկատմամբ գրանցված իրավունքները), լոտի լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, եթե լոտն իրավունք է, ապա դրա գործողության ժամկետը: Եթե լոտը բաղկացած է մեկից ավելի գույքերից, ապա յուրաքանչյուր գույքի նկարագիրը տրվում է սույն ենթակետին համապատասխան.

4) լոտի մեկնարկային գինը.

5) աճուրդի վերջնաժամկետը, որը սահմանվում է տվյալ աճուրդի մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրվա ժամը 18։00-ն, իսկ եթե այն ոչ աշխատանքային օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 18։00-ն.

6) աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի չափը, որը գանձվում է ինքնաշխատ եղանակով՝ սնանկության կառավարչի կողմից այդ նպատակով բացված հաշվեհամարին (այսուհետ՝ հաշվեհամար).

7) աճուրդում հաղթած մասնակցի կողմից վաճառքի գնի վճարման կարգը և ժամկետները.

8) նշում այն մասին, որ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգին համապատասխան:

6. Հայտարարությունը հրապարակելիս համակարգը հնարավորություն է ընձեռում լոտը (գույքը) բնութագրող` սույն հավելվածի 5-րդ կետում նշված կիրառելի տվյալները մուտքագրել որպես բանալի բառեր, որոնց հիման վրա համակարգի միջոցով հատուկ ալգորիթմի կիրառմամբ ապահովվում է աճուրդի հայտարարությունների և աճուրդի դրված լոտերի (գույքերի) որոնումը կայքում նախատեսված բնութագրիչների կիրառմամբ: Կայքում գրանցվելուց հետո անձը կարող է իր էլեկտրոնային փոստին ստանալ ծանուցումներ այն գույքի աճուրդի կազմակերպման մասին, որոնք կբավարարեն անձի կողմից կայքում ընտրված համապատասխան բնութագրիչներին: Նույն գույքի (լոտի) մասին առաջին և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին տեղեկատվությունը և իրականացված գործողությունները տեսանելի են կայքում՝ ըստ ժամանակագրական հաջորդականության: Ցանկացած գործողության կատարման օրն ու ժամը համակարգն արտացոլում է ինքնաշխատ եղանակով` առանց փոփոխության հնարավորության:

7. Աճուրդին մասնակցելու համար անձը (այսուհետ նաև` օգտատեր) գրանցվում է կայքում՝ կայքի գործիքակազմին համապատասխան:

8. Կայքում գրանցվելուց հետո օգտատերը կայքի կանոնակարգումներին համապատասխան ստանում է իր անձնական էջ մուտք գործելու համար մուտքանունը և գաղտնաբառը, որոնք գաղտնի են և չեն կարող տրամադրվել այլ անձանց։ Կայքում գրանցվելուց հետո օգտատերը իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում այն մասին, որ աճուրդում հաղթելու, սակայն վաճառքի գինը սույն հավելվածի 17-րդ կետին համապատասխան չմուծելու դեպքում նախապես սառեցված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում (ապասառեցվում): Օգտատիրոջ կողմից անձնական էջով կատարված ցանկացած գործողության համար պատասխանատվություն է կրում կայքում գրանցված անձը՝ անկախ այն հանգամանքից, թե փաստացի ով է օգտվել օգտատիրոջ անձնական էջից:

9. Օգտատերն աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումն իրականացնում է իր բանկային քարտի միջոցով՝ կայքի գործիքակազմին համապատասխան:

10. Որևէ լոտի աճուրդին մասնակցելու համար օգտատերն իր անձնական էջից մուտք է գործում տվյալ լոտի աճուրդի հարթակ, համապատասխան դաշտում համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ է ներկայացնում աճուրդին իր կամ այլ անձի անունից մասնակցելու մասին (եթե որևէ լոտի աճուրդին պետք է մասնակցի որպես այլ անձի ներկայացուցիչ, ապա տվյալ լոտի աճուրդի հարթակում, որպես հայտատու նշում է կատարում իրեն լիազորած անձի մասին՝ համապատասխան դաշտում մուտքագրելով վերջինիս նույնականացնող տվյալները, իսկ իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը)։ Եթե օգտվողի համապատասխան բանկային քարտին առկա գումարը նախավճարի և աճուրդի մասնակցության վճարի չափով բավարար է տվյալ լոտի աճուրդին մասնակցելու համար, կայքը օգտատիրոջը տալիս է աճուրդի մասնակցի կարգավիճակ՝ թույլատրելով մասնակցել աճուրդին և բանկային քարտից ինքնաշխատ եղանակով սառեցնում է տվյալ լոտի նախավճարի չափով գումար, ինչպես նաև գանձում աճուրդի մասնակցության վճարի չափով գումարը` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված չափով, ինչի մասին անձը ստանում է ծանուցում իր էլեկտրոնային փոստի հասցեին։

11. Աճուրդի մասնակցության վճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ նախավճարի չափը՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Աճուրդի մասնակցության վճարն օգտագործվում է նախարարության կողմից` կայքի սպասարկման նպատակով:

12. Աճուրդի առաջին հայտատուի առաջին գնային հայտ է համարվում լոտի մեկնարկային գինը, եթե առաջին հայտատուն ավելի բարձր գնային հայտ չի ներկայացնում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ հայտատու ներկայացնում է նոր գնային հայտ: Սույն կետին համապատասխան նոր գնային հայտը կատարվում է նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով (աճուրդի քայլով): Նվազագույն հավելման չափը որոշվում է՝ ելնելով լոտի մեկնարկային գնից՝ հետևյալ կարգով.

1) մինչև 100 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 500 ՀՀ դրամ.

2) 100 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ.

3) 500 000 ՀՀ դրամից մինչև 1 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ.

4) 1 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 50 000 ՀՀ դրամ.

5) 10 000 000 ՀՀ դրամից բարձր մեկնարկային գնի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ:

13. Տվյալ լոտի մասին հայտարարությունը հասանելի է կայքի բոլոր օգտվողների համար, իսկ աճուրդի հարթակը տեսանելի է միայն աճուրդի մասնակցի կարգավիճակ ստացած անձանց համար։ Աճուրդի հարթակում այլ տեղեկություններից բացի արտացոլվում է նաև վերջին հայտ ներկայացրած մասնակցի՝ տվյալ լոտի աճուրդին մասնակցության ծածկագիրը և նրա կողմից առաջարկված գինը։

14. Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում տվյալ լոտի վերաբերյալ այլ մասնակցի կողմից յուրաքանչյուր անգամ գնային հայտ ներկայացվելու դեպքում այդ մասին ծանուցում ստանալ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Տվյալ դեպքում ծանուցման մեջ նշվում է միայն այն մասին, որ տվյալ լոտի վերաբերյալ կատարվել է նոր գնային առաջարկ` նշելով առաջարկված գինը: Եթե աճուրդի ժամկետի վերջին 5 րոպեների ընթացքում գնային հայտ է ներկայացվում, ապա աճուրդի վերջնաժամկետը ավտոմատ եղանակով երկարացվում է ևս 5 րոպեով։

15. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Աճուրդի ավարտից անմիջապես հետո համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է նաև համակարգի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված` աճուրդի արդյունքների և հաղթող մասնակցի մասին արձանագրությունը, որն ուղարկվում է աճուրդի մասնակցի և տվյալ սնանկության գործով կառավարչի էլեկտրոնային փոստի հասցեներին:

16. Եթե աճուրդին մասնակցել է մեկից ավելի անձ, ապա աճուրդն ավարտվելուց հետո համակարգը ապասառեցնում է աճուրդում չհաղթած անձանց բանկային քարտերում սառեցված նախավճարի գումարները։

17. Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը, որից հետո դիմում է կառավարչին` լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։

18. Կառավարիչը աճուրդում հաղթած և լոտի վաճառքի գինը ամբողջությամբ վճարած մասնակցի հետ ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և կնքում լոտի առուվաճառքի պայմանագիր։

19. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում և փոխանցվում են հաշվեհամարին:

20. Սույն կարգով նախատեսված դեպքերից բացի աճուրդը չկայացած է համարվում նաև, եթե՝

1) աճուրդին մասնակցելու համար որևէ անձի կողմից հայտ չի ներկայացվել.

2) օրենքով սահմանված կարգով կամ դատարանի որոշմամբ ընդհատվել է լոտում ներառված գույքի իրացումը և եթե այլ լոտեր առկա չեն:

21. Եթե աճուրդը համարվել է չկայացած սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով, ապա յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է հետևյալ չափով.

1) անշարժ գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.

2) շարժական գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.

3) լոտում և անշարժ, և շարժական գույքեր ներառված լինելու դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.

4) թանկարժեք մետաղ կամ քարեր պարունակող պերճանքի առարկաների դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 2 տոկոսի չափով.

5) պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

22. Եթե աճուրդին մասնակցելու համար իրավունք է ստացել մեկ հայտատու, և այդ աճուրդը համարվել է չկայացած կամ անվավեր, ապա հաջորդ աճուրդի համար աճուրդի մեկնարկային գինը չի նվազեցվում, բացառությամբ «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

23. Եթե սույն կարգին համապատասխան էլեկտրոնային կայքում գրանցված և աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա բանկային քարտին սառեցված նախավճարը ապասառեցվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

24. Աճուրդը չկայացած համարվելու օրը կառավարիչը ստորագրում է համակարգի կողմից ավտոմատ գեներացված համապատասխան արձանագրությունը, որում, ի թիվս այլնի, նշվում են աճուրդը չկայանալու հիմքերն ու պատճառները: Աճուրդը չկայացած համարվելու դեպքում այդ մասին ինքնաշխատ եղանակով նշում է կատարվում կայքում:

25. Պարտապանի գույքի իրացումը օրենքով սահմանված դեպքերում կամ դատարանի կողմից ընդհատվելու դեպքում այդ գույքը ընդգրկող լոտը հանվում է աճուրդից, որի մասին կառավարիչը նշում է կատարում համակարգում այդ աճուրդի համար նախատեսված հարթակում՝ վերբեռնելով դատարանի որոշման պատճենը: Սույն դեպքում համակարգը ինքնաշխատ եղանակով դադարեցնում է աճուրդը` այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով աճուրդի մասնակիցներին և նշում կատարելով կայքում: Սույն կետով նախատեսված դեպքում աճուրդի մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները և նախավճարները ապասառեցվում են։

26. Կայքի խափանման դեպքում աճուրդի կազմակերպման և անցկացման ժամկետները համարվում են կասեցված և շարունակում են հոսել կայքի վերագործարկման պահից, ինչի մասին ծանուցվում են աճուրդի մասնակիցները և տվյալ սնանկության գործով կառավարիչը:

27. Յուրաքանչյուր աճուրդի ավարտից հետո դրա վերաբերյալ տվյալները արխիվացվում և պահպանվում են համակարգում աճուրդի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: