Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 43-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-9-ՐԴ ԵՎ 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Քիմիա» առարկայի 7-9-րդ և 10-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի N 43-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-9-ՐԴ ԵՎ 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Քիմիա» առարկայի գլխավոր նպատակն է սովորողների մեջ քիմիայից գիտելիքների համակարգումն և դրանց կիրառման հմտությունների ձևավորումը, որպեսզի նրանք դառնան ժամանակակից արագ փոփոխվող հասարակության լիարժեք անդամ և նախապատրաստվեն քիմիային առնչվող հետագա ուսումնառությանը կամ կարիերային:

2. «Քիմիա» առարկան գլխավորապես նպատակ է հետապնդում հնարավորություն տալ սովորողներին.

1) ձեռք բերելու և կիրառելու քիմիայի մասին գիտելիք, հասկանալու գիտության բնույթը քիմիային առնչվող համատեքստում և գնահատելու քիմիայի և մյուս գիտությունների միջև գոյություն ունեցող կապերը,

2) զարգացնելու գիտական հետազոտություններ կատարելու ունակություններ, ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու և քիմիայի համատեքստում անհատապես կամ խմբերով խնդիրներ լուծելու կարողությունը,

3) հասկանալու քիմիայի տերմինաբանությունը և հաղորդակցվելիս ներկայացնելու քիմիային առնչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ,

4) զարգացնելու բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական հարցերի վերաբերյալ պատասխանատու քաղաքացու վերաբերմունք:

 

ԲԱԺԻՆ 2. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ.

 

3. Հիմնական (միջին դպրոց) ծրագրում «Քիմիա» առարկայի ուսումնառության նպատակներն են.

1) ձեռք բերել հիմնարար գիտելիքներ նյութերի բաղադրության, կառուցվածքի, հատկությունների և դրանց փոխարկումների օրինաչափությունների վերաբերյալ,

2) ձևավորել գրագետ գործունեություն, կյանքում քիմիայի հետ կապված իրավիճակները վերլուծելու ունակություն և առօրյայում օգտագործվող քիմիական նյութերի (թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, բենզին, բնական գազ, ժավելաջուր) հետ անվտանգ վարվելու հմտություններ,

3) ձևավորել շարունակական կրթության և առօրյա կյանքում գիտելիքների կիրառման հմտություններ,

4) պարզաբանել տնտեսության, բժշկության և բնապահպանության հիմնախնդիրների լուծման գործում քիմիայի դերն ու նշանակությունը:

4. Միջնակարգ (ավագ դպրոց) ծրագրում «Քիմիա» առարկայի ուսումնառության նպատակներն են․

1) ձևավորել քիմիայից գիտելիքների համակարգ և փորձարարական հմտություններ,

2) ձևավորել և զարգացնել ինքնուրույն սովորելու հմտություններ,

3) ուսուցանել գիտական հետազոտությունների մեթոդները,

4) զարգացնել տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և եզրակացություններ անելու հմտություններ՝ օբյեկտիվության, ակադեմիական ազնվության, նախաձեռնողականության և հնարամտության դրսևորումներով,

5) սովորեցնել կիրառել գիտելիքները և հմտությունները,

6) զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ համապատասխան տերմինաբանության գործածմամբ,

7) զարգացնել շարունակական կրթության կարևորության գիտակցումը,

8) պարզաբանել քիմիայի նշանակությունը հանքարդյունաբերության, առողջապահության, էկոլոգիական, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում։

 

ԲԱԺԻՆ 3. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Քիմիան բնական գիտություն է, ուսումնասիրում է նյութերի բաղադրությունը, քիմիական կառուցվածքը, հատկություններն ու փոխարկումները:

6. Քիմիան էական նշանակություն ունի մեր կյանքում և երբեմն բնութագրվում է որպես «կենտրոնական գիտություն», քանի որ միմյանց հետ է կապում այլ գիտություններ՝ կենսաբանությունը, ֆիզիկան, բժշկությունը, երկրաբանությունը և էկոլոգիան: Անգնահատելի է քիմիայի դերը բժշկության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, էկոլոգիական և էներգետիկայի հիմնախնդիրների լուծման գործում: Դրանում համոզվելու համար նկարագրենք այն հիմնախնդիրները, որոնց լուծումը քիմիական գիտության առարկան է.

1) խմելու ջրի մաքրում և ախտահանում,

2) դեղերի և վիտամինների սինթեզ և անալիզ,

3) բենզինի, կերոսինի և այլ վառելանյութերի ստացում նավթի վերամշակումից,

4) սննդամթերքի որակի անալիզ,

5) քիմիական տեխնոլոգիայի (ներառյալ նանոտեխնոլոգիան) զարգացում,

6) ֆիզիկաքիմիական անալիզի մեթոդների զարգացում,

7) կյանքի համար կենսական նշանակություն ունեցող նյութերի ստացում, ներառյալ՝ մետաղներ և համաձուլվածքներ, ապակի, հանքային պարարտանյութեր, պեստիցիդներ, պոլիմերներ և պլաստմաս, ցեմենտ, արհեստական կաշի և գործվածքներ, սինթետիկ կաուչուկներ և ռետին, լաքեր, ներկեր, սոսինձներ, լվացող և ախտահանիչ միջոցներ:

7. «Քիմիա» առարկայի ուսումնառությունն աշակերտին հնարավորություն է տալիս հասկանալու քիմիայի հիմնական սկզբունքները, նյութերի կառուցվածքի և հատկությունների ուսումնասիրման գիտական մեթոդները, քիմիական ռեակցիաների ընթացքում տեղի ունեցող ջերմային երևույթները և քիմիական տերմինաբանությունը, ինչը նպաստում է վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողությամբ անհատի ձևավորմանը: Քիմիայի դասընթացի յուրացման ընթացքում աշակերտը ձեռք կբերի քիմիական գրագիտություն, նյութերի հետ անվտանգ վարվելու գործնական հմտություններ, կսովորի՝ ինչպես պետք է պլանավորել և իրականացնել քիմիական հետազոտությունը, մեկտեղել, մշակել և վերլուծել ստացված փորձնական տվյալները, կատարել հիմնավորված եզրակացություններ: Նյութերի հատկությունների մասին ստացած քիմիական գիտելիքները կօգնեն սովորողին հասկանալու հավասարակշռված սննդակարգի և առողջ ապրելակերպի կարևորությունը մարդու առողջության պահպանման համար:

8. «Քիմիա» առարկայի ուսումնառության արդիականությունն էլ ավելի ցայտուն է դառնում համաճարակների (COVID-19, H1N1 և այլն) ժամանակ, երբ համատարած օգտագործվում են քիմիական տարբեր ախտահանիչ միջոցներ (ալկոհոլային հիմքով միջոցներ, քլոր պարունակող օքսիդիչ միացություններ) հասարակական վայրերի և արտադրական տարածքների ախտահանման և անձնական հիգիենայի պահպանման նպատակներով: Այժմ նոր արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցների ստեղծումը ձեռք է բերում առաջնային նշանակություն:

9. «Քիմիայի» դասավանդումը պետք է ապահովի հարուստ և հետաքրքիր փորձառություն՝ ձևավորված քիմիայի հիմնական գաղափարների, բնագիտության և ճարտարագիտության պրակտիկաների, ընդհանրական խաչվող հասկացությունների և հանրակրթության հիմնական և միջնակարգ ծրագրերի շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքների շուրջ։

 

ԲԱԺԻՆ 4. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Սովորողների մեջ քիմիայի ամբողջական ընկալում ձևավորելու նպատակով քիմիա առարկայի ծրագիրը կառուցվել է հինգ հիմնական գաղափարների շուրջ։ Դրանք հնարավորություն են տալիս ստեղծելու աշխարհընկալման ամբողջական պատկերը և խուսափելու հատվածային ընկալումից։

Ընտրված հինգ հիմնական գաղափարներն են՝

1) Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ։

2) Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ։

3) Քիմիական ռեակցիաներ։

4) Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա։

5) Կինետիկա և հավասարակշռություն։

11. Առաջին մակարդակի հիմնական գաղափարները հետագայում տրոհվել են երկրորդ և երրորդ ենթամակարդակներում։ Յուրաքանչյուր կրթական աստիճանում երրորդ մակարդակի գաղափարների շուրջ ձևակերպվել են քիմիայի առարկայական չափորոշչային վերջնարդյունքները։ Հիմնական գաղափարների ուսուցումը իրականացվում է պարուրաձև. տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» և հիմնական դպրոցի (միջին դպրոցի) 5-6-րդ դասարանների «Բնություն» դասընթացներում ձևավորվում են հիմնական հասկացությունների նախնական պատկերացումները, այնուհետև՝ հիմնական դպրոցի (միջին դպրոցի) 7-9-րդ դասարաններում և միջնակարգ դպրոցի (ավագ դպրոցի) 10-12-րդ դասարաններում, «Քիմիա» առարկայի շրջանակում տեղի է ունենում ուսուցանվող տեսական նյութի, սովորողների կարողությունների և գործնական հմտությունների աստիճանական խորացում և ընդլայնում։

 

Հիմնական գաղափար

դպրոց

I մակարդակ

II մակարդակ

1-4

5-6

7-9

10-12

Նյութի մասնիկային բնույթ՝ատոմ և մոլեկուլ

(ՆՄԲ)

Մարմին և նյութ

(ՄՆ)

+

+

+

+

Ատոմներ, քիմիական տարրերը և դրանց նշանները (ԱՏՆ)

-

+

+

+

Մոլեկուլ, քիմիական բանաձև (ՄԲ)

-

+

+

+

Նյութերի տեսակներ

(ՆՏ)

-

+

+

+

Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ

(ԿԿՀ)

Կովալենտային կապ

(ԿԿ)

-

-

+

+

Միջմոլեկուլային ուժեր

(ՄՈւ)

-

-

-

+

Իոնային կապ

(ԻԿ)

-

-

+

+

Մետաղական կապ

(ՄԿ)

-

-

+

+

Քիմիական ռեակցիաներ

(ՔՌ)

Քիմիական ռեակցիաների դասակարգում

 (ՔՌԴ)

-

+

+

+

Ռեակցիայի մեխանիզմ

(ՌՄ)

-

-

-

+

Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա

(ԷՊԹ)

Էներգիայի պահպանման օրենք (ԷՊՕ)

-

-

+

+

Ջերմաքիմիա։ Էնթալպիա։ Հեսի օրենք

(ՋԷՀ)

-

+

+

+

Կինետիկա և հավասարակշռություն

(ԿՀ)

Ռեակցիայի արագություն

(ՌԱ)

-

+

+

+

Հավասարակշռություն

(Հ)

-

+

+

+

 

Ի լրումն քիմիային առնչվող հիմնական գաղափարներին՝ կարևորվում է նաև գիտությանը վերաբերող գաղափարների և հմտությունների ուսուցանումը։ Այդ նպատակով ընտրվել են բոլոր բնագիտական և ճարտարագիտական առարկաների համար ընդհանուր դասավանդման և ուսումնառության պրակտիկաներ ու խաչվող հասկացություններ, որոնք պետք է ներկառուցված լինեն քիմիական գիտելիքի ուսուցման գործընթացում և ապահովեն բնագիտական համընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորումը։

12. Պրակտիկաների միջոցով կարելի է նկարագրել, թե ինչպես են գիտնականները իրականացնում հետազոտություններ, կառուցում բնության ճանաչողության մասին մոդելներ և համակարգեր։ «Քիմիա» առարկայի դասավանդման ընթացքում սովորողները պետք է ունենան լիարժեք հնարավորություն՝

1) հարցադրումներ կատարել և խնդիրներ ձևակերպել,

2) մշակել և օգտագործել մոդելներ,

3) պլանավորել և իրականացնել հետազոտություններ,

4) վերլուծել և մեկնաբանել տվյալները,

5) դրսևորել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն,

6) ձևակերպել բացատրություն և մշակել լուծումներ,

7) բերել հիմնավորումներ ապացուցման համար,

8) ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկույթ:

13. Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ ձևավորելու համար «Քիմիա» առարկայում ներառվել են նաև խաչվող հասկացություններ։ Դրանք բնագիտության տարբեր ոլորտները կապելու միջոց են, քանի որ կիրառվում եմ բնագիտության բոլոր ճյուղերում։ Խաչվող հասկացությունները կազմակերպչական հենք են հանդիսանում բնագիտական տարբեր առարկաներից ստացված գիտելիքները կապակցելու համար։

Ընդհանրական խաչվող հասկացություններն են՝

1) Օրինաչափություններ:

2) Պատճառ և հետևանք։

3) Մասշտաբ, համամասնություն և քանակ:

4) Համակարգեր և մոդելներ:

5) Էներգիա և նյութ։

6) Կառուցվածք և գործառույթ:

7) Կայունություն և փոփոխություն:

 

ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Քիմիայի դասավանդումը պետք է իրականացվի համագործակցության և հետազոտության վրա հիմնված ուսումնառության սկզբունքով: Հետազոտության վրա հիմնված ուսումնառությունը հենվում է սովորողների ինքնուրույն և համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների և գործնական ուսուցման վրա: Դա աշակերտակենտրոն ուսուցում է, երբ ուսումնառության ընթացքում սովորողներն ակտիվ և մասնակցային դերակատարություն ունեն: Ուսումնասիրվող նյութի շրջանակներում հետազոտվող հարցի, երևույթի վերհանումը, դրա ճիշտ ձևակերպումը, առաջ քաշված հարցերի լուծումները սովորողի հիմնական աշխատանքներն են: Դա հնարավորություն կտա, որ սովորողները հասկանան գիտության բնույթը, կարողանան առաջ քաշել գիտական հարցադրումներ և իրականացնել հետազոտություններ։

15. Դասավանդող ուսուցիչը պետք է դասավանդման և ուսումնառության գործընթացը հարմարեցնի սովորողների առանձնահատկություններին, նախասիրություններին և կարողություններին՝ կիրառելով տարբերակված ուսուցման տարաբնույթ մարտավարություններ: Կարևոր է, որ դասավանդման ընթացքում կիրառված մոտեցումները, աշխատանքների տեսակները և մեթոդները լինեն բազմազան և հետաքրքիր, ուղղակիորեն կապված լինեն ծրագրի նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։

16. Քիմիայի դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

1) հետազոտական աշխատանքներ,

2) լաբորատոր փորձեր,

3) մոդելավորում,

4) նախագծային աշխատանքներ,

5) խմբային աշխատանքներ,

6) ցուցադրություններ,

7) մտաքարտեզների ստեղծում,

8) ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,

9) խաղային առաջադրանքներ,

10) դասարանական քննարկումներ և բանավեճեր,

11) շնորհանդեսներ` գրավոր, բանավոր, տեսողական (վիզուալ),

12) բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ,

13) ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ:

17. «Քիմիայի» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար դպրոցները պետք է՝

1) ունենան կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա են սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ պրոյեկտոր, բարձրախոսներ, սենյակը մթնեցնող վարագույրներ և այլն,

2) ապահովեն ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,

3) ունենան անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար,

4) ստեղծեն միջավայր, որտեղ հարմար լինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը և ներկայացնել շնորհանդեսներ։

 

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

18. Գնահատումը ուսուցման և ուսումնառության անբաժանելի մասն է, որի նպատակն է.

1) գնահատել և բարելավել ուսումնառությունը և դասավանդումը,

2) խոսել ձեռքբերումների մասին, բարձրաձայնել և ներկայացնել դրանք,

3) սովորողներին և շահագրգիռ մյուս կողմերին հետադարձ կապ տրամադրել նրանց առաջընթացի վերաբերյալ,

4) նպաստել սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերմանն ու շարունակական զարգացմանը:

5) դիտարկել, բարելավել կրթական ծրագրերի բովանդակությունը, դասավանդման մեթոդական համակարգը:

19. Գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Քիմիայի դասընթացում առավել կարևորվում է սովորողների՝ բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիքը և անհրաժեշտ հմտությունները տարաբնույթ փորձեր, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս:

20. Սովորողը պետք է քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցերը և փաստարկված դիրքորոշում ունենա դրանց վերաբերյալ, պետք է պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս: Սովորողը պետք է կարողանա օգտագործել համացանցը որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ, որպես պատասխանատու, հմուտ և ստեղծարար օգտագործող՝ պետք է գնահատի, կիրառի տեղեկատվական տեխնոլոգիաները:

21. Գնահատման տեսակները։

1) Հայտորոշիչ (ախտորոշիչ) գնահատումը նախնական գնահատումն է, որի նպատակն է պարզել սովորողների նախնական գիտելիքները, կարողությունները կամ հմտությունները մինչև դասավանդումը: Ուսուցանող գնահատումը հաճախ կոչվում է նաև ձևավորող գնահատում կամ գնահատում ուսումնառության համար:

2) Ուսումնառության գնահատումը հաճախ կոչվում է ամփոփիչ գնահատում: Դրա նպատակն է ձեռք բերել ապացույցներ և տվյալներ, որոնք ցույց են տալիս ուսումնառության արդյունավետությունը: Սովորաբար ամփոփիչ գնահատումն իրականացվում է ժամկետի (քառորդ, կիսամյակ) կամ թեմատիկ միավորի վերջում: Տարեվերջյան քննությունները նույնպես ամփոփիչ գնահատման օրինակ են: Տարեվերջյան քննությունը ևս հաշվետվական նպատակ ունի:

3) Ձևավորող (ուսուցանող) գնահատումն իրականացվում է ուսուցչի կողմից ուսուցման ողջ գործընթացի ընթացքում՝ կիրառելով ձևավորող գնահատման հնարներ: Ամփոփիչ գնահատումներն իրականացվում են նախապես տվյալ առարկայի համար հրապարակված գնահատման չափանիշների։

22. Գնահատականի բաղադրիչները։

1) Հիմնական (միջին դպրոցում) ծրագրում «Քիմիա» առարկայի գնահատականի 45-50%-ը պետք է կազմի քիմիայի հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

2) Միջնակարգ (ավագ դպրոցում) ծրագրում «Քիմիայի» առարկայի գնահատականի 40-45%-ը պետք է կազմի քիմիայի հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 55-60%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

 

23. ԲԱԺԻՆ 7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ

 

1) «Քիմիայի» հիմնական (միջին դպրոցի) ծրագրի իրականացման համար առաջարկված ժամանակի առնվազն 30-45%-ը պետք է ծախսվի բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների ուսուցման վրա, որից 15%-ը՝ լաբորատոր փորձերի համար։ Ուսումնական տարվա ընթացքում աշակերտը, ըստ իր նախասիրության, կարող է իրականացնել մեկ հետազոտական աշխատանք։

2) «Քիմիայի» միջնակարգ (ավագ դպրոցի) ծրագրի իրականացման համար առաջարկված Ժամանակի առնվազն 40-55%-ը պետք է ծախսվի բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների ուսուցման վրա, որից 20%-ը՝ հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ Ուսումնական տարվա ընթացքում աշակերտը պարտադիր պետք է իրականացնի մեկ հետազոտական աշխատանք։

 

ԲԱԺԻՆ 8. ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Առարկայի թեմաների և դրանց բովանդակության կառուցման հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները՝

1) Անդրադառնալ գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ժամանակակից նվաճումներին,

2) միտված լինել սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորման սոցիալական նպատակներին,

3) ուղղված լինել սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացման նպատակներին,

4) ապահովել շարունակականությունը նախկինում ուսումնասիրված և հաջորդող նյութերի միջև,

5) հստակ արտահայտել միջառարկայական կապերը,

6) հետևողականորեն ի ցույց դնել ուսումնասիրվող երևույթների միջև գոյություն ունեցող բնական կապերը։

26. Ուսումնական ծրագրով սահմանված կրթության բովանդակության որոշակիացումը տեղի է ունենում դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում և ուղեցույցներում:

27. «Քիմիա» առարկայի թեմաները և բովանդակությունը, ըստ կրթական աստիճանների, ներկայացված են «ծրագրում», որը չի պարտադրվում, այլ տրվում է որպես ուղենիշ։

 

ԲԱԺԻՆ 9. ԹԵՄԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Թեմաների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները միտված են ապահովելու համապատասխան կրթական աստիճանների ավարտի վերջնարդյունքները։ Դրանք ներկայացված են «ծրագրում»:

 

 

ԲԱԺԻՆ 10. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ.

 

29. Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքներ` Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ13, Հ19, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47, Հ52, Հ53, Մ2, Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ18, Մ21, Մ22, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ32, Մ33, Մ44, Մ47, Մ48։

Քիմիա առարկայի ակնկալվող վերջնարդյունքները տրված են աղյուսակներ 1-ում և 2-ում։

 

 «Քիմիա» առարկայի (վերանայված՝ 7 - 12) կրթական վերջնարդյունքներ

 

Միջին դպրոց, Դասարաններ՝ 7, 8, 9

 

Աղյուսակ 1

 

Հիմնական գաղափար

Վերջնարդյունքներ

I մակարդակ

II մակարդակ

Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ (ՆՄԲ)

Մարմին և նյութ (ՄՆ)

1. Ք7.ՆՄԲ.ՄՆ.1 Նկարագրի և համեմատի նյութի որոշ ֆիզիկական հատկություններ՝ գույն, խտություն, լուծելիությունը ջրում:
2. Ք7.ՆՄԲ.ՄՆ.2 Համեմատի և դասակարգի ֆիզիկական և քիմիական երևույթները՝ նշելով համապատասխան հատկանիշները։

3. Ք7.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի քիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութի կառուցվածքը, հատկությունները և կիրառությունը:

4. Ք7.ՆՄԲ.ՄՆ.4 Թվարկի և կիրառի անվտանգության որոշ կանոնները քիմիայի լաբորատորիայում։

5. Ք7.ՆՄԲ.ՄՆ.5 Սահմանի և տարբերի նյութ և մարմին հասկացությունները։

6. Ք7.ՆՄԲ.ՄՆ.6 Ճանաչի և օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթ, չափիչ գլան, պիպետ, կոլբ, ձագար, բաժակ, կաթոցիկ, հավանգ, սպիրտայրոց, կալան, բռնակներ և այլն):

7. Ք8.ՆՄԲ.ՄՆ.1 Սահմանի նյութաքանակ հասկացությունը և նշի դրա չափման միավորը։

8. Ք8.ՆՄԲ.ՄՆ.2 Պարզաբանի Ավոգադրոյի թիվ հասկացությունը, կապ հաստատի նյութաքանակի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդիրներ ու վարժություններ լուծելիս:

9. Ք8.ՆՄԲ.ՄՆ.3 Սահմանի մոլային զանգված հասկացությունը և նշի չափման միավորը, կապ հաստատի մասնիկների թվի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդիրներ ու վարժություններ լուծելիս:

10. Ք9.ՆՄԲ.ՄՆ.1 Սահմանի մոլային ծավալ հասկացությունը, կապ հաստատի մասնիկների թվի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդիրներ ու վարժություններ լուծելիս:

11. Ք9.ՆՄԲ.ՄՆ.2 Ներկայացնի չոր օդի բաղադրությունը, որպես մոտ 78 % ազոտի, 21% թթվածնի և ազնիվ գազերի ու ածխածնի երկօքսիդի խառնուրդ (ըստ ծավալի):

12. Ք9.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի հեղուկ օդից թթվածնի և ազոտի առանձնացումը թորման միջոցով:

13. Ք9.ՆՄԲ.ՄՆ.4 Թվարկի օդի հիմնական աղտոտիչները, ինչպիսիք են ածխածնի(II) օքսիդը, ծծմբի(IV) օքսիդը և ազոտի օքսիդները:

14. Ք9.ՆՄԲ.ՄՆ.5 Ներկայացնի այդ աղտոտիչների աղբյուրները.

1) ածխածնի(II) օքսիդը ածխածին պարունակող վառելանյութի թերայրումից

2) ծծմբի(IV) օքսիդը ծծմբի միացություններ պարունակող հանածո վառելիքի այրումից

3) ազոտի օքսիդները ավտոմեքենաների ներքին այրման շարժիչների արտանետումներից
15. Ք9.ՆՄԲ.ՄՆ.6 Նկարագրի աղտոտիչների վնասակար ազդեցությունը առողջության և շինությունների վրա (թթվային անձրևներ) և քննարկի թե ինչու են այդ աղտոտիչները գլոբալ մտահոգության առիթ դարձել:
16. Ք9.ՆՄԲ.ՄՆ.7 Գործնականում իրականացնի որոշ հանքաքարերի վրա թթուների ազդեցության ուսումնասիրություն:
17. Ք9.ՆՄԲ.ՄՆ.8 Սահմանի ջրի ժամանակավոր և մնայուն կոշտություն հասկացությունները:
18. Ք9.ՆՄԲ.ՄՆ.9 Նկարագրի ջրի փափկեցման գործընթացները:
19. Ք9.ՆՄԲ.ՄՆ.10 Նկարագրի քաղցրահամ ջրերի մաքրման և վնասազերծման փուլերը (ֆիլտրում, քլորացում):
20. Ք9.ՆՄԲ.ՄՆ.11 Նկարագրի նավթը, որպես ածխաջրածինների խառնուրդ, և թորմամբ օգտակար բաղադրիչների բաժանումը:
21. Ք9.ՆՄԲ.ՄՆ.12 Թվարկի բաղադրիչների կիրառության ոլորտները՝

1) Բենզին-ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ

2) Կերոսին- վառելանյութ ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների համար

3) Վազելին - բժշկության մեջ,

4) Պարաֆին - սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների համար

5) Գուդրոն - փողոցների ասֆալտապատման համար

22. Ք9.ՆՄԲ.ՄՆ.13 Կիրառի նյութի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:
23. Ք9.ՆՄԲ.ՄՆ.14 Նկարագրի կայուն զարգացման էությունը՝ բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման տեսանկյունից:

   

Ատոմներ, քիմիական տարրեր և դրանց նշանները

(ԱՏՆ)

1. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.1 Սահմանի ատոմը, որպես տարրի փոքրագույն մասնիկ և հասկանա, որ ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։

2. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.2 Նկարագրի ատոմի կառուցվածքը միջուկի, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։

3. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.3 Ներկայացնի պրոտոնի, նեյտրոնի և էլեկտրոնի հարաբերական զանգվածը և լիցքը։

4. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.4 Սահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:

5. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.5 Սահմանի քիմիական տարր հասկացությունը և ներկայացնի որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթը՝ Fe, քլոր՝ Cl, և այլն) նշանները։

6. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.6 Թվարկի որոշ իզոտոպների օրինակներ, ներկայացնի դրանց նշանները և բացատրի նշանում առկա թվերի իմաստը ատոմի զանգվածի, պրոտոնների և նեյտրոնների թվերի տեսանկյունից (P(1H), D(2H), T(3H), 12C, 14C և այլն)։

7. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.7 Տարբերի ատոմի բացարձակ զանգված և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։

8. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.8 Դասակարգի քիմիական տարրերը երկու խմբի ըստ ֆիզիկական հատկությունների՝ մետաղներ և ոչ մետաղներ:

9. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.9 Ներկայացնի պարբերական աղյուսակը, որպես բոլոր հայտնի տարրերի համակարգ։

10. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.10 Նկարագրի պարբերական աղյուսակի կառուցվածքը և քիմիական տարրի զբաղեցրած դիրքը՝ պարբերություն, խումբ ու կարգաթիվ։

11. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.11 Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի որոշ հատկությունները (մետաղական, ոչ մետաղական) ըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։

12. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.12 Կիրառի ատոմի, քիմիական տարրերի և դրանց նշանների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

13. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.1 Նկարագրի և էլեկտրոնային բանաձևերի միջոցով պատկերի ատոմում էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների առաջին երեք պարբերությունների համար:

14. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.2 Պարզաբանի քիմիական տարրի ատոմի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։

15. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.3 Սահմանի վալենտային շերտ և վալենտային էլեկտրոններ հասկացությունները։

16. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.4 Որոշի վալենտային էլեկտրոնների թիվը և ցույց տա դրանց կապը պարբերական աղյուսակում քիմիական տարրի խմբի համարի հետ:

17. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.5 Սահմանի օկտետի և կիրառի (ութնյակի) կանոնը:

18. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.6 Բացատրի քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը, որպես մոլեկուլում քիմիական կապերի էլեկտրոնները դեպի իրեն ձգելու ունակություն:

19. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.7 Ներկայացնի քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական աղյուսակի խմբերում և պարբերություններում։

20. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.8 Սահմանի տարրի օքսիդացման աստիճան հասկացությունը և որոշի այն միացություններում:

 

     

Մոլեկուլ, քիմիական բանաձև

(ՄԲ)

1. Ք7.ՆՄԲ.ՄԲ.1 Սահմանի մոլեկուլ հասկացությունը, որպես ատոմների միացման արգասիք։

2. Ք7.ՆՄԲ.ՄԲ.2 Սահմանի քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները։

3. Ք7.ՆՄԲ.ՄԲ.3 Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելու ունակությունից։

4. Ք7.ՆՄԲ.ՄԲ.4 Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալ օրինակներով՝ H2, O2, N2, H2O, H2O2, CH4, CO2:

5. Ք7.ՆՄԲ.ՄԲ.5 Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ միացնելու տեսանկյունից:

6. Ք7.ՆՄԲ.ՄԲ.6 Կազմի երկտարր միացությունների բանաձևերը ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում։

7. Ք7.ՆՄԲ.ՄԲ.7 Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:

8. Ք7.ՆՄԲ.ՄԲ.8 Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութերի տեսակներ (ՆՏ)

1. Ք7.ՆՄԲ.ՆՏ.1 Սահմանի և տարբերակի պարզ և բարդ (միացությունները) նյութերը՝ ելնելով դրանց բաղադրությունից։

2. Ք7.ՆՄԲ.ՆՏ.2 Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

3. Ք7.ՆՄԲ.ՆՏ.3 Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով մոլեկուլային բանաձևից։

4. Ք7.ՆՄԲ.ՆՏ.4 Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրված զանգվածային բաժիններից:

5. Ք7.ՆՄԲ.ՆՏ.5 Սահմանի մաքուր նյութ և խառնուրդ հասկացությունները, բերի համապատասխան օրինակներ։

6. Ք7.ՆՄԲ.ՆՏ.6 Նկարագրի և գործնականում իրականացնի խառնուրդների բաժանման որոշ եղանակներ (թորում, թղթային քրոմատագրում)։

7. Ք8.ՆՄԲ.ՆՏ.1 Տարբերի անօրգանական միացությունների հիմնական դասերը՝ սահմանելով օքսիդները, հիմքերը, թթուները և աղերը և դասակարգի նյութերը:

8. Ք8.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի օքսիդների, հիմքերի, թթուների և աղերի անվանակարգը:

9. Ք8.ՆՄԲ.ՆՏ.3 Ներկայացնի և համեմատի անօրգանական միացությունների հիմնական դասերի ֆիզիկական և քիմիական հատկությունները՝

   1) հիմնային օքսիդների փոխազդեցությունը ջրի, թթուների, թթվային օքսիդներ հետ,

   2) թթվային օքսիդների փոխազդեցությունը ջրի, հիմքերի, հիմնային օքսիդների հետ,

   3) նոսր թթուների (աղաթթու, ծծմբական և ազոտական թթուներ) փոխազդեցությունը մետաղների, հիմքերի և կարբոնատների հետ,

   4) հիմքերի (նատրիում, կալիումի և կալցիումի հիդրօքսիդներ) փոխազդեցությունը թթուների և թթվային օքսիդների հետ,

   5) աղերի փոխազդեցությունը մետաղների, ալկալիների հետ և կարբոնատների քայքայման ռեակցիաների հավասարումները:

10. Ք8.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի օքսիդների, հիմքերի, թթուների և աղերի ստացման հիմնական եղանակները.

   1) օքսիդների ստացումը՝ պարզ նյութերի և թթվածնի փոխազդեցությունից,

   2) լուծելի հիմքերի ստացումը հիմնային օքսիդների և ջրի փոխազդեցությունից,

   3) թթվածնավոր թթուների ստացումը թթվային օքսիդների և ջրի փոխազդեցությունից

   4) անթթվածին թթուների ստացումը ջրածնի և համապատասխան պարզ նյութի փոխազդեցության գազային արգասիքի ջրում լուծման ճանապարհով,

   5) աղերը չեզոքացման ռեակցիայով:

11. Ք8.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի և գործնականում իրականացնի անօրգանական միացությունների ծագումնաբանական կապը, օրինակ՝ կալցիումի օքսիդ→կալցիումի հիդրօքսիդ→կալցիումի սուլֆիտ←ծծմբային թթու←ծծմբի(IV) օքսիդ:

12. Ք8.ՆՄԲ.ՆՏ.6 Գործնականում իրականացնի անօրգանական միացությունների հիմնական դասերի ներկայացուցիչների (SO2, CaO, NaOH, HCl, NaCl) ջրային լուծույթների ազդեցության ուսումասիրություն հայտանյութերի (ֆենոլֆտալեին, մեթիլնարնջագույն և լակմուս) գույնի փոփոխության վրա:

13. Ք8.ՆՄԲ.ՆՏ.7 Կիրառի անօրգանական միացությունների հիմնական դասերի մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

14. Ք9.ՆՄԲ.ՆՏ.1 Ներկայացնի հալոգենները՝ քլորը, բրոմը և յոդը, որպես երկատոմ ոչ մետաղ, պարզ նյութեր՝ ցույց տալով գույնի ու խտության տարբերությունները:

15. Ք9.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի քլորի և յոդի կիրառությունը, որպես մանրէազերծող միջոցներ:

16. Ք9.ՆՄԲ.ՆՏ.3 Բացատրի և համեմատի հալոգենների համեմատական օքսիդիչ հատկությունները հալոգենիդ իոնների հետ փոխազդեցության տեսանկյունից:

17. Ք9.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի և գործնականում իրականացնի հալոգենիդ իոնների (Cl-, Br-, I-) որակական ռեակցիաները Ag+ իոնի միջոցով:

18. Ք9.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի ազնիվ գազերը, որպես, միատոմ ոչ մետաղ պարզ նյութեր և բացատրի դրանց քիմիական պասիվությունը էլեկտրոնային կառուցվածքի տեսանկյունից:

19. Ք9.ՆՄԲ.ՆՏ.6 Թվարկի իներտ գազերի կիրառման որոշ ոլորտներ՝ իներտ միջավայր, լամպեր:

20. Ք9.ՆՄԲ.ՆՏ.7 Թվարկի մետաղների ընդհանուր ֆիզիկական հատկությունները:

21. Ք9.ՆՄԲ.ՆՏ.8 Նկարագրի մետաղների ընդհանուր քիմիական հատկությունները, օր՝ փոխազդեցությունը թթվածնի, աղերի և նոսր թթուների հետ, հաշվի առնելով մետաղների ակտիվության շարքը:

22. Ք9.ՆՄԲ.ՆՏ.9 Կանխատեսի և ներկայացնի մետաղների ռեակցիոնունակության աճը ըստ տրված փորձնական արդյունքների:

23. Ք9.ՆՄԲ.ՆՏ.10 Ներկայացնի լիթիումը, նատրիումը, կալիումը, որպես համեմատաբար փափուկ մետաղներ, նկարագրելով ջրի հետ փոխազդեցության, հալման կետի և խտության օրինաչափությունները:

24. Ք9.ՆՄԲ.ՆՏ.11 Գործնականում իրականացնի լիթիումի և նատրիումի հարաբերական ակտիվության որոշում էթիլ սպիրտի և ջրի հետ փոխազդեցության օրինակներով:

25. Ք9.ՆՄԲ.ՆՏ.12 Ներկայացնի անցումային շարքի մետաղները, որպես մետաղների խումբ, որոնք ունեն փոփոխական օքսիդացման աստիճաններ, բարձր խտություն, բարձր հալման ջերմաստիճան և առաջացնում են գունավոր միացություններ ու հաճախ գործում են որպես կատալիզատորներ:

26. Ք9.ՆՄԲ.ՆՏ.13 Մանգանի միացությունների օրինակի վրա գործնականում իրականացնի վերօքս ռեակցիաներ անցումային շարքի մետաղների գույնի և օքսիդացման աստիճանի փոփոխության ուսումնասիրման նպատակով:

27. Ք9.ՆՄԲ.ՆՏ.14 Գործնականում իրականացնի ջրածնի պերօքսիդի քայքայումը մանգանի(IV) օքսիդ կատալիզատորի առկայությամբ:

28. Ք9.ՆՄԲ.ՆՏ.15 Նկարագրի օրգանական միացությունների հիմնական դասերը և դրանց բնութագրող ֆունկցիոնալ խմբերը:

29. Ք9.ՆՄԲ.ՆՏ.16 Սահմանի ֆունկցիոնալ խումբ հասկացությունը, որպես միացության քիմիական հատկությունները պայմանավորող ատոմների խումբ:

30.Ք9.ՆՄԲ.ՆՏ.17 Նկարագրի հոմոլոգիական շարքը, որպես ընդհանուր բանաձև ունեցող, միևնույն ֆունկցիոնալ խումբ պարունակող և/կամ միանման քիմիական հատկություններով օժտված միացությունների ընտանիք:

31. Ք9.ՆՄԲ.ՆՏ.18 Նկարագրի ալկանների (մինչև 10 անդամ) հոմոլոգիական շարքի ընդհանուր օրինաչափությունները (ագրեգատային վիճակ, խտություն, եռման, հալման ջերմաստիճաններ):

32. Ք9.ՆՄԲ.ՆՏ.19 Ներկայացնի կառուցվածքային իզոմերիան:

33. Ք9.ՆՄԲ.ՆՏ.20 Որոշի օրգանական միացության դասը կամ մոլեկուլի ընդհանուր բանաձևը ըստ քիմիական անվանումների -ան, -են, -ոլ վերջավորությունների:

34. Ք9.ՆՄԲ.ՆՏ.21 Անվանի և պատկերի մինչև չորս ածխածին պարունակող չճյուղավորված ալկանների, ալկենների և սպիրտների կառուցվածքային բանաձևերը:

35. Ք9.ՆՄԲ.ՆՏ.22 Նշի էթանոլի կիրառությունը, որպես լուծիչ, վառելիք և մանրէասպան միջոց:

36.Ք9.ՆՄԲ.ՆՏ.23 Կիրառի մետաղների, ոչ մետաղների և օրգանական միացությունների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

 

     

Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ

(ԿԿՀ)

Կովալենտային կապ (ԿԿ)

1. Ք8.ԿԿՀ.ԿԿ.1 Սահմանի կովալենտ կապ հասկացությունը, որպես էլեկտրաբացասականությամբ իրարից քիչ տարբերվող քիմիական տարրերի միջև առաջացող կապ։

2. Ք8.ԿԿՀ.ԿԿ.2 Պատկերի որոշ երկտարր միացությունների կովալենտ կապի կետ-խաչային դիագրամը (պատկերը) և դրանց առաջացման սխեմաները։

3. Ք8.ԿԿՀ.ԿԿ.3 Սահմանի բևեռային և ոչ բևեռային կովալենտ կապ հասկացությունները:

4. Ք8.ԿԿՀ.ԿԿ.4 Տարբերակի կովալենտ և իոնային կապերը, ինչպես նաև կովալենտ բևեռային և ոչ բևեռային կապերը:

Միջմոլեկուլային ուժեր

(ՄՈւ)

 

Իոնային կապ (ԻԿ)

1. Ք8.ԿԿՀ.ԻԿ.1 Սահմանի իոն, անիոն և կատիոն հասկացությունները:

2. Ք8.ԿԿՀ.ԻԿ.2 Սահմանի իոնային կապ հասկացությունը:

3. Ք8.ԿԿՀ.ԻԿ.3 Պատկերի որոշ երկտարր միացությունների իոնային կապի կետ-խաչային դիագրամը և դրանց առաջացման սխեմաները։

4. Ք8.ԿԿՀ.ԻԿ.4 Կազմի որոշ իոնային միացությունների բանաձևեր տրված իոններից:

5. Ք8.ԿԿՀ.ԻԿ.5 Ճանաչի իոնային բյուրեղավանդակի գծապատկերը, NaCl օրինակի վրա:

6. Ք8.ԿԿՀ.ԻԿ.6 Ներկայացնի իոնային միացությունների ընդհանուր ֆիզիկական հատկությունները (պինդ ագրեգատային վիճակ, հալման բարձր ջերմաստիճան, էլեկտրահաղորդականություն): 7. Ք8.ԿԿՀ.ԻԿ.7 Գործնականում իրականացնի` իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրահաղորդականության ուսումնասիրում, իոնների շարժի ուսումնասիրություն հաստատուն հոսանքի ազդեցությամբ, պղնձի(II) քրոմատի օրինակով։


     

Մետաղական կապ (ՄԿ)

 

Քիմիական ռեակցիաներ (ՔՌ)

Քիմիական ռեակցիաների դասակարգում (ՔՌԴ)

1. Ք7.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի և օգտագործի ելանյութ և վերջանյութ հասկացությունները։

2. Ք7.ՔՌ.ՔՌԴ.2 Սահմանի նյութի բաղադրության հաստատունության օրենքը։

3. Ք7.ՔՌ.ՔՌԴ.3 Սահմանի զանգվածի պահպանման օրենքը։

4. Ք7.ՔՌ.ՔՌԴ.4 Կազմի քիմիական ռեակցիայի հավասարում՝ հիմնվելով զանգվածի պահպանման օրենքի վրա և բացատրի ռեակցիայի հավասարման գործակիցների նշանակությունը։

5. Ք7.ՔՌ.ՔՌԴ.5 Կիրառի զանգվածի պահպանման օրենքը հաշվարկային խնդիրների մեջ՝ ելանյութերի և/կամ վերջանյութերի զանգվածի պարզաբանման համար։

6. Ք7.ՔՌ.ՔՌԴ.6 Սահմանի միացման և քայքայման ռեակացիաները։ Ներկայացնի և տարբերի ռեակցիաների հավասարումները պարզ նյութերի և երկտարր միացությունների (օքսիդ, քլորիդ, սուլֆիդ) օրինակների վրա։

7. Ք7.ՔՌ.ՔՌԴ.7 Կիրառի քիմիական ռեակցիաների դասակարգման մասին ստացված գիտելիքները վարժությունների լուծման համար:

8. Ք8.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի փոխանակման և տեղակալման ռեակցիաները:

   1) Ներկայացնի չեզոքացման, նստվածքագոյացման և գազանջատմանը ռեակցիաները որպես փոխանակման ռեակցիաների օրինակներ,

   2) մետաղների փոխազդեցությունը թթուների և աղերի հետ՝ որպես տեղակալման ռեակցիանների օրինակներ։

9. Ք8.ՔՌ.ՔՌԴ.2 Տարբերի քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման:

10. Ք8.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի գազի անջատումով ընթացող տեղակալման ռեակցիաներ։ Օրինակ՝ ալյումինի փոխազդեցության ուսումնասիրություն նատրիումի հիդրօքսիդի և/կամ աղաթթվի հետ։

11. Ք8.ՔՌ.ՔՌԴ.4 Գործնականում իրականացնի տեղակալման ռեակցիաներ մետաղների մասնակցությամբ։ Օրինակ՝ երկաթե մեխի պղնձապատում և/կամ պղնձի լարի արծաթապատում։

12. Ք8.ՔՌ.ՔՌԴ.5 Գործնականում իրականացնի երկու աղերի փոխազդեցություն ջրային լուծույթում։ Օրինակ՝ նատրիումի կարբոնատի և կալցիումի քլորիդի փոխազդեցություն։

13. Ք8.ՔՌ.ՔՌԴ.6 Կիրառի փոխանակման և տեղակալման ռեակցիաների մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

14. Ք9.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի դիսոցման աստիճան հասկացությունը և կիրառի դրա մաթեմատիկական արտահայտությունը հաշվարկներում:

15. Ք9.ՔՌ.ՔՌԴ.2 Սահմանի և տարբերի ուժեղ ու թույլ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ հասկացությունները դիսոցման աստիճանի տեսանկյունից:

16. Ք9.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի ուժեղ և թույլ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության որոշում:

17. Ք9.ՔՌ.ՔՌԴ.4 Նկարագրել թթուների, հիմքերի և աղերի քիմիական հատկությունները էլեկտրոլիտային դիսոցման տեսանկյունից:

18. Ք9.ՔՌ.ՔՌԴ.5 Գրի թթուների, հիմքերի, աղերի էլեկտրոլիտային դիսոցման հավասարումներ:

19. Ք9.ՔՌ.ՔՌԴ.6 Ներկայացնի իոնափոխանակային ռեակցիաների մոլեկուլային, լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

20. Ք9.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի լուծույթում իոնափոխանակային ռեակցիայի լրիվ ընթանալու պայմանները:

21. Ք9.ՔՌ.ՔՌԴ.8 Գործնականում իրականացնի որոշ իոնափոխանակային ռեակցիաներ:

22. Ք9.ՔՌ.ՔՌԴ.9 Սահմանի վերականգնումը և օքսիդացումը էլեկտրոնների փոխանցման տեսանկյունից:

23. Ք9.ՔՌ.ՔՌԴ.10 Տարբերի վերօքս ռեակցիաները տարրերի օքսիդացման աստիճանների փոփոխություններով:

24. Ք9.ՔՌ.ՔՌԴ.11 Սահմանի օքսիդիչ ու վերականգնիչ հասկացությունները և որոշի օքսիդիչ, վերականգնիչ տարրերը պարզ հավասարումներում:

25. Ք9.ՔՌ.ՔՌԴ.12 Գործնականում իրականացնի երկաթի(III) քլորիդի լուծույթում պղնձի լուծումը, ինչպես նաև պղնձի տեղակալումը երկաթով պղնձի(II) սուլֆատում:

26. Ք9.ՔՌ.ՔՌԴ.13 Սահմանի էլեկտրոլիզ հասկացությունը, որպես հալույթում կամ ջրային լուծույթում միացությունների քայքայում հաստատուն էլեկտրական հոսանքի ազդեցությամբ:

27. Ք9.ՔՌ.ՔՌԴ.14 Համեմատի

  1) պղնձի(II) սուլֆատի լուծույթի

  2) խիտ աղաթթվի,

  3) նատրիումի քլորիդի խիտ ջրային լուծույթի,

  4) նոսր ծծմբական թթվի էլեկտրոլիզի ընթացքում իներտ էլեկտրոդների վերջանյութերն ու դիտարկումները:

28. Ք9.ՔՌ.ՔՌԴ.15 Կանխատեսի երկտարր որոշ միացությունների հալույթի էլեկտրոլիզի արգասիքները:
29. Ք9.ՔՌ.ՔՌԴ.16 Սահմանի կաթոդ և անոդ հասկացությունները և կազմի դրանց վրա ընթացող իոնական կիսահավասարումները:
30. Ք9.ՔՌ.ՔՌԴ.17 Գործնականում իրականացնի նատրիումի հիդրօքսիդի և/կամ ծծմբական թթվի նոսր լուծույթների էլեկտրոլիզ իներտ էլեկտրոդներով:
31. Ք9.ՔՌ.ՔՌԴ.18 Կիրառի վերօքս ռեակցիաներ թեմայից ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

 

Ռեակցիայի մեխանիզմ

(ՌՄ)

1. Ք7.ԿՀ.ՌԱ.1 Համեմատի առօրյա կյանքում հանդիպող որոշ պարզ քիմիական ռեակցիաների ընթացքի ժամանակահատվածը, օրինակ, երկաթի ժանգոտումը լուցկու այրման հետ։

Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա

(ԷՊԹ)

Էներգիայի պահպանման օրենք (ԷՊՕ)

 

Ջերմաքիմիա։ Էնթալպիա։ Հեսի օրենք

(ՋԷՀ)

1. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.1 Սահմանի և տարբերի ջերմանջատիչ ու ջերմակլանիչ ռեակցիաները:

2. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.2 Կապ հաստատի ռեակցիայի արդյունքում անջատված կամ կլանված ջերմության և՛ նյութաքանակի, և՛ զանգվածի միջև ու կատարի հաշվարկներ ջերմաքիմիական հավասարումների կիրառմամբ:

3. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.3 Ներկայացնի, որ միացման ռեակցիաները հիմնականում ջերմանջատիչ են, իսկ քայքայման ռեակցիաները ջերմակլանիչ:

4. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.4 Գործնականում իրականացնի չեզոքացման ռեակցիան, որպես ջերմանջատիչ ռեակցիա։

5. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.5 Գործնականում իրականացնի մալաքիտի կամ պղնձի(II) հիդրօքսիդի քայքայումը,

որպես ջերմակլանիչ ռեակցիա։

Կինետիկա և հավասարակշռություն (ԿՀ)

Ռեակցիայի արագություն (ՌԱ)

1. Ք7.ԿՀ.ՌԱ.1 Համեմատի առօրյա կյանքում հանդիպող որոշ պարզ քիմիական ռեակցիաների ընթացքի ժամանակահատվածը, օրինակ, երկաթի ժանգոտումը լուցկու այրման հետ։

Հավասարակշռություն (Հ)

1. Ք8.ԿՀ.Հ.1 Սահմանի լուծելիություն հասկացությունը։ Ներկայացնի լուծելիության մաթեմատիկական արտահայտությունը և չափման միավորը։

2. Ք8.ԿՀ.Հ.2 Ներկայացնի և բացատրի նյութերի լուծելիության կախվածությունը ջերմաստիճանից, ճնշումից և նյութի բնույթից:

3. Ք8.ԿՀ.Հ.3 Սահմանի լուծույթ հասկացությունը և թվարկի դրա տեսակները (հագեցած և չհագեցած)։

4. Ք8.ԿՀ.Հ.4 Սահմանի լուծված նյութի զանգվածային բաժին և մոլային կոնցենտրացիա հասկացությունները և ներկայացնի դրանց մաթեմատիկական արտահայտությունները:

5. Ք8.ԿՀ.Հ.5 Կիրառի լուծույթների մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար (ներառյալ լուծույթի խտություն հասկացությունը)։

6. Ք8.ԿՀ.Հ.6 Գործնականում իրականացնի հագեցած և չհագեցած լուծույթների պատրաստում։

7. Ք8.ԿՀ.Հ.7 Գործնականում իրականացնի ստանդարտ մոլային կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում։

 

Ավագ դպրոց, 10-12-րդ դասարան

 

Աղյուսակ 2

 

Հիմնական գաղափար

Վերջնարդյունքներ

I մակարդակ

II մակարդակ

Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ (ՆՄԲ)

Մարմին և նյութ (ՄՆ)

1. Ք10.ՆՄԲ.ՄՆ.1 Տարբերակի նյութերի երեք ագրեգատային վիճակները և բացատրի դրանց փոխադարձ անցումները:

2. Ք10.ՆՄԲ.ՄՆ.2 Տարբերակի մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութերը (բերելով համապատասխան օրինակներ), նկարագրի դրանց որոշ ֆիզիկական հատկությունները (հալման և եռման ջերմաստիճաններ, էլեկտրահաղորդականություն)։

3. Ք10.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի իդեալական գազի մոդելը։

4. Ք10.ՆՄԲ.ՄՆ.4 Սահմանի Ավոգադրոյի օրենքը, գազի հարաբերական խտություն, գազի միջին մոլային զանգված և գազի մոլային ծավալ հասկացությունները։

5. Ք10.ՆՄԲ.ՄՆ.5 Օգտագործի իդեալական գազի վիճակի հավասարումը (PV = nRT) տարբեր հաշվարկներում։

6. Ք10.ՆՄԲ.ՄՆ.6 Գործնականում իրականացնի Ավոգադրոյի օրենքի ստուգում գազանջատման ռեակցիայի օգնությամբ՝ CaCO3-ի/Mg-ի և աղաթթվի փոխազդեցություն:

7. Ք11.ՆՄԲ.ՄՆ.1 Բացատրի ու կանխատեսի ալկանների հալման և եռման ջերմաստիճանների փոփոխության միտումը մոլեկուլի չափսի մեծացմանը զուգընթաց ըստ Լոնդոնի դիսպերսիոն ուժերի։

8. Ք11.ՆՄԲ.ՄՆ.2 Ներկայացնի, որ նավթանյութերը կարող են առանձնացվել նավթից թորման եղանակով՝ օգտագործելով դրանց եռման ջերմաստիճանների տարբերությունը:

9. Ք11.ՆՄԲ.ՄՆ.3 Թվարկի հիմնական նավթանյութերի՝ բենզին, լիգրոին, կերոսին, գազոյլ, մազութ, անվանումներն ու կիրառության ոլորտները:

10. Ք11.ՆՄԲ.ՄՆ.4 Ներկայացնի բնական և ուղեկից նավթային գազերի մոտավոր բաղադրությունը և դրանց կիրառության ոլորտները:

11. Ք12.ՆՄԲ.ՄՆ.1 Կիրառի գազային օրենքները և օգտագործի դրանք կանխատեսումներ կատարելիս և խնդիրներ լուծելիս:

12. Ք12.ՆՄԲ.ՄՆ.2 Կիրառի մարմինների և նյութերի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

13. Ք12.ՆՄԲ.ՄՆ.3 Մեկնաբանի և հիմնավորի կայուն զարգացման էությունը՝ բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման տեսանկյունից:


 

Ատոմներ, քիմիական տարրեր և դրանց նշանները

(ԱՏՆ)

1. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.1 Բացատրի Ռեզերֆորդի կատարած փորձերը, շարադրի ատոմի կառուցվածքը ըստ ժամանակակից պատկերացումների և էլեկտրոնի ալիքամասնիկային բնույթը:

2. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.2 Ներկայացնի ներատոմային մասնիկների անվանումները և դրանց հիմնական բնութագրերը (նշանը, հարաբերական լիցքն ու զանգվածը՝ զ.ա.մ.-ով):

3. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.3 Սահմանի պրոտոն, էլեկտրոն, նեյտրոն, իզոտոպ հասկացությունները: Կարգաթվից ելնելով որոշի միջուկի լիցքը՝ պրոտոնների թիվը, էլեկտրոնների թիվը և տարրի զանգվածային թիվը ատոմում:

4. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.4 Բերի որոշ բնական և արհեստական տարածված իզոտոպների օրինակներ (օր՝ 60Co, 1H, 2H, 3H): Բացատրի իզոտոպների կիրառության բնագավառները: Հասկանա մարդու օրգանիզմի վրա ռադիոակտիվ իզոտոպների ազդեցությունը:

5. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.5 Սահմանի ատոմային օրբիտալ հասկացությունը, պատկերի s և p օրբիտալները, բնութագրի քվանտային թվերը` գլխավոր, օրբիտալային, մագնիսական, սպինային:

6. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.6 Ներկայացնի էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների, տարրերի էլեկտրոնային և քվանտաբջջային բանաձևերը:

7. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.7 Ձևակերպի քիմիական տարրերի ատոմներում էլեկտրոնների լրացման հետևյալ հիմնական սկզբունքները. ա) նվազագույն էներգիայի սկզբունք
բ) Պաուլիի արգելակման սկզբունք գ) Հունդի կանոն:

8. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.8 Ներկայացնի պարբերական համակարգի կառուցվածքը՝ պարբերություն, խումբ և քիմիական տարրերի Դ. Մենդելեևի պարբերական օրենքը: Դասակարգի s- p- d- f- տարրերը:

9. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.9 Սահմանի իոնացման էներգիա, էլեկտրոնի հանդեպ խնամակցություն, ատոմի շառավիղ և էլեկտրաբացասականություն հասկացությունները:

10. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.10 Բացատրի քիմիական տարրերի հատկությունների (ատոմի շառավիղ, էլեկտրաբացասականություն, իոնացման էներգիա, մետաղական և ոչ մետաղական հատկություններ) փոփոխության օրինաչափությունները պարբերություններում և խմբերում:

11. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.11 Կիրառի ատոմի կառուցվածքի և պարբերական օրենքի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման, համար։

12. Ք11.ՆՄԲ.ԱՏՆ.1 Մեկնաբանի հիբրիդացումը, որպես ատոմային օրբիտալների միախառնում, որը բերում է տարածության մեջ որոշակի ուղղորդվածությամբ ըստ ձևի և էներգիայի համարժեք նոր օրբիտալների առաջացմանը:

13. Ք11.ՆՄԲ.ԱՏՆ.2 Կառուցի մեթանի, Էթիլենի, ացետիլենի և բենզոլի մոլեկուլների գնդաձողային մոդելները և ներկայացնի դրանց տարածական տեսքը ածխածնի ատոմային օրբիտալների sp3, sp2 և sp հիբրիդացման միջոցով:

14. Ք12.ՆՄԲ.ԱՏՆ.1 Կիրառի քիմիական տարրերի պարբերական օրենքի և դրանից բխող օրինաչափությունների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

15. Ք12.ՆՄԲ.ԱՏՆ.2 Կիրառի ատոմի կառուցվածքի և քիմիական տարրերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:


     

Մոլեկուլ, քիմիական բանաձև

(ՄԲ)

1. Ք10.ՆՄԲ.ՄԲ.1 Կազմի մոլեկուլների և իոնների (H2, CO2, CO, O3, NH3, NH4+, NO3-, CH4, C2H4, C2H2) Լյուիսի բանաձևերը և որոշի դրանց տեսքը վալենտային շերտի էլեկտրոնային զույգերի վանողության տեսության (VSEPR) միջոցով:

2. Ք11.ՆՄԲ.ՄԲ.1 Ներկայացնի, որ օրգանական միացությունների մեծ մասը կազմված է մոլեկուլներից, ունի մոլեկուլային կառուցվածք, որտեղ ածխածին քառավալենտ է։

3. Ք11.ՆՄԲ.ՄԲ.2 Սահմանի իզոմերները, ինչպես նյութեր, որոնք ունեն միևնույն մոլեկուլային բանաձև, բայց տարբեր քիմիական կառուցվածք:

4. Ք11.ՆՄԲ.ՄԲ.3 Պատկերի և տարբերակի իզոմերիայի տարբեր տեսակները (ածխածնային շղթայի կմախքի իզոմերներ, ֆունկցիոնալ խմբի դիրքի իզոմերներ, ֆունկցիոնալ խմբի (միջդասային) իզոմերներ, երկրաչափական ցիս - տրանս իզոմերներ և օպտիկական իզոմերներ):

5. Ք11.ՆՄԲ.ՄԲ.4 Ներկայացնի, որ ցիս - տրանս իզոմերիայի գոյությունը բացատրվում է կրկնակի C=C կապի շուրջը ազատ պտույտի արգելակմամբ:

6. Ք11.ՆՄԲ.ՄԲ.5 Ներկայացնի միաշաքարների՝ ռիբոզ, դեզօքսիռիբոզ, գլյուկոզ, ֆրուկտոզ բաց և ցիկլիկ կառուցվածքային բանաձևերը:

7. Ք11.ՆՄԲ.ՄԲ.6 Բացատրի և ցույց տա օրգանական մոլեկուլներում ածխածնի կարգը՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային:

8. Ք12.ՆՄԲ.ՄԲ.1 Օգտվելով տրված ԻԿ կլանման հաճախությունների աղյուսակից, որոշի քիմիական կապի կամ ֆունկցիոնալ խմբի (C-H, O-H, N-H, C=C, C≡C, C=O) առկայությունը տվյալ օրգանական նյութի մոլեկուլում:

9. Ք12.ՆՄԲ.ՄԲ.2 Օգտագործի մաս սպեկտրը քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածը որոշելու համար:

10. Ք12.ՆՄԲ.ՄԲ.3 Պարզ տերմիններով ներկայացնի, որ ջրածնի ատոմի միջուկը սպին հատկության հաշվին հանդես է գալիս որպես փոքրիկ մագնիս և կարող է փոխել իր կողմնորոշումը արտաքին մագնիսական դաշտի նկատմամբ էլեկտրամագնիսական սպեկտրի ռադիոհաճախության մարզի էներգիայի կլանման հետևանքով (սպերտրոֆոտոմետրի և դրա հետ աշխատանքի հմտություններ չի պահանջվում)։

11. Ք12.ՆՄԲ.ՄԲ.4 Ներկայացնի, որ միջուկամագնիսական ռեզոնանսի (1H ՄՄՌ) սպեկտրում պիկերը համապատասխանում են տարբեր քիմիական շրջապատով պրոտոնների խմբերին:

12. Ք12.ՆՄԲ.ՄԲ.5 Որոշի տարբեր խմբերի պրոտոնների թվերի հարաբերակցությունը ըստ 1H ՄՄՌ սպեկտրում պիկերի բարձրության:

13. Ք12.ՆՄԲ.ՄԲ.6 Դուրս բերի նյութի կառուցվածքը ըստ նյութի 1H ՄՄՌ սպեկտրի` օգտվելով պրոտոնների տեսակի քիմիական շեղումների (մ.մ) աղյուսակից:

14. Ք12.ՆՄԲ.ՄԲ.7 Բացատրի և օգտագործի պահման գործոնի (Rf) արժեքը նրբաշերտ քրոմատոգրաֆիայում քրոմատոգրամները վերլուծելիս:

15. Ք12.ՆՄԲ.ՄԲ.8 Նախագծի և գործնականում իրականացնի տերևում պարունակվող ներկանյութերի բաժանում նրբաշերտային քրոմատոգրման եղանակով։

16. Ք12.ՆՄԲ.ՄԲ.9 Նախագծի և գործնականում իրականացնի անօրգանական և օրգանական անհայտ նյութերի նույնականացում որակական ռեակցիաների միջոցով:

17. Ք12.ՆՄԲ.ՄԲ.10 Կիրառի իզոմերիայի տեսակների և դրանից բխող մոլեկուլի հատկությունների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

18. Ք12.ՆՄԲ.ՄԲ.11 Կիրառի ֆիզիկաքիմիական անալիզի ուսումնասիրման մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:


 

Նյութերի տեսակներ (ՆՏ)

1. Ք10.ՆՄԲ.ՆՏ.1 Բնութագրի ոչ մետաղների ընդհանուր հատկությունները (պարբերական աղյուսակում զբաղեցրած դիրք, հիմնական օքսիդացման աստիճաններ, օքսիդիչ հատկություններ)։

2. Ք10.ՆՄԲ.ՆՏ.2 Նկարագրի ջրածնի ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները:

3. Ք10.ՆՄԲ.ՆՏ.3 Գործնականում իրականացնի ջրածնի ստացում և դրա հատկությունների ուսումնասիրություն։ Օրինակ՝ Zn և աղաթթվի փոխազդեցությամբ ջրածնի ստացում և դրա փոխազդեցությունը CuO-ի և օդի թթվածնի հետ։

4. Ք10.ՆՄԲ.ՆՏ.4 Բնութագրի հալոգենների դիրքը պարբերական աղյուսակում և նկարագրի դրանց ֆիզիկական և քիմիական հատկությունները:

5. Ք10.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի ժավելաջրի և քլորակրի ստացման ռեակցիաների հավասարումները և նկարագրի դրանց կիրառությունը։

6. Ք10.ՆՄԲ.ՆՏ.6 Գործնականում իրականացնի քլորակրի և/կամ նատրիումի հիպոքլորիտի քանակական որոշում տիտրման եղանակով։

7. Ք10.ՆՄԲ.ՆՏ.7 Ներկայացնի և համեմատի հալոգենիդ իոնների հայտնաբերման ռեակցիաները։

8. Ք10.ՆՄԲ.ՆՏ.8 Գործնականում իրականացնի հալոգենիդ իոնների որակական որոշման ռեակցիաներ։

9. Ք10.ՆՄԲ.ՆՏ.9 Ներկայացնի թթվածնի ստացումը, ֆիզիկական, քիմիական հատկությունները և կիրառությունը:

10. Ք10.ՆՄԲ.ՆՏ.10 Գործնականում իրականացնի թթվածնի ստացում թթվածնավոր աղերի քայքայումից և դրա որակական հայտնաբերում։

11. Ք10.ՆՄԲ.ՆՏ.11 Համեմատի թթվածնի և օզոնի օքսիդիչ հատկությունները և հասկանա օզոնային շերտի կարևորությունը մարդու առողջության պահպանման տեսանկյունից։

12. Ք10.ՆՄԲ.ՆՏ.12 Ներկայացնի կարևորագույն անօրգանական միացությունների (NO2, HNO3, NH3, պարարտանյութեր (NaNO3, KNO3, NH4NO3, կրկնակի և պարզ սուպերֆոսֆատ, ամոֆոս, պրեցիպիտատ), SO2, SO3, H2SO4, , ապակի (սիլիկատներ)) ստացումը և կիրառությունը:

13. Ք10.ՆՄԲ.ՆՏ.13 Գործնականում իրականացնի ծծմբի(IV) օքսիդի ստացում և հայտնաբերում։

14. Ք10.ՆՄԲ.ՆՏ.14 Գործնականում իրականացնի սուլֆատ և սուլֆիտ իոնների հայտնաբերում և տարբերակում։

15. Ք10.ՆՄԲ.ՆՏ.15 Գործնականում իրականացնի ամոնիակի ստացում և հատկությունների ուսումնասիրում:

16. Ք10.ՆՄԲ.ՆՏ.16 Գործնականում իրականացնի նիտրատ իոնների հայտնաբերման ռեակցիա ազոտական թթվի խիտ լուծույթի և պղնձի փոխազդեցությամբ:

17. Ք10.ՆՄԲ.ՆՏ.17 Բնութագրի մետաղների ստացման ընդհանուր եղանակները (ներառյալ արտադրական) և հատկությունները (պարբերական աղյուսակում զբաղեցրած դիրք, հիմնական օքսիդացման աստիճաններ, վերականգնիչ հատկություններ)։

18. Ք10.ՆՄԲ.ՆՏ.18 Ներկայացնի պարբերական աղյուսակի I և II խմբի մետաղների (Na, K, Ca, Mg), ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, ջրի կոշտության վերացման ռեակցիաները։

19. Ք10.ՆՄԲ.ՆՏ.19 Գործնականում իրականացնի մետաղի իոնների (Ba2+, Al3+, Fe2+, Fe3+, Ca2+, Zn2+) որակական հայտնաբերում։

20. Ք10.ՆՄԲ.ՆՏ.20 Գործնականում իրականացնի մետաղների հարաբերական ակտիվության որոշում աղաթթվի օգնությամբ:

21. Ք10.ՆՄԲ.ՆՏ.21 Գործնականում իրականացնի ջրի ընդհանուր կոշտության որոշում տիտրման եղանակով:

22. Ք10.ՆՄԲ.ՆՏ.22 Ներկայացնի ալյումինի, դրա օքսիդի և հիդրօքսիդի ստացումը և վերջինների երկդիմի հատկությունները։

23. Ք10.ՆՄԲ.ՆՏ.23 Բնութագրի անցումային մետաղների ֆիզիկական և քիմիական հատկությունները երկաթի և պղնձի օրինակներով, ներկայացնի դրանց կոմպլեքս միացությունների բանաձևերը (H2O, NH3, CN- լիգանդներով)։

24. Ք10.ՆՄԲ.ՆՏ.24 Սահմանի մետաղների կերամաշումը, ներկայացնի երկաթի կերամաշման ռեակցիաների հավասարումները, նկարագրի կերամաշումից պաշտպանության որոշ եղանակները։

25. Ք10.ՆՄԲ.ՆՏ.25 Սահմանի համաձուլվածք հասկացությունը և տարբերակի թուջը և պողպատը ըստ բաղադրության և կիրառության։

26. Ք10.ՆՄԲ.ՆՏ.26 Ներկայացնի մետաղների (Na, K, Ca, Mg) նիտրատների, կարբոնատների և հիդրոկարբոնատների ջերմային քայքայման ռեակցիաները։

27. Ք10.ՆՄԲ.ՆՏ.27 Ներկայացնի և մեկնաբանի քիմիական որոշ նյութերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (օզոնային շերտի քայքայում, թթվային անձրևներ, հողի էռոզիա, էվտրոֆիկացիա)։

28. Ք10.ՆՄԲ.ՆՏ.28 Կիրառի նյութերի տեսակների վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

29. Ք11.ՆՄԲ.ՆՏ.1 Կիրառի IUPAC միջազգային համակարգի կանոնները օրգանական միացություններն անվանելիս (ներառյալ ցիս-տրանս և R,S):

30. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների, ալդեհիդների և կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը և հոմոլոգիական շարքը:

31. Ք11.ՆՄԲ.ՆՏ.3 Սահմանի ֆունկցիոնալ խումբ հասկացությունը, որպես մոլեկուլում ատոմների խումբ, որը պայմանավորում է տվյալ դասի միացություններին բնորոշ քիմիական հատկությունները: Ք11.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի և տարբերակի հիմնական օրգանական միացությունների (ածխաջրածիններ, սպիրտներ, եթերներ, ալդեհիդներ, կետոններ, կարբոնաթթուներ, էսթերներ, ճարպեր, ամիններ և ամինոթթուներ) ֆունկցիոնալ խմբերը:

32. Ք11.ՆՄԲ.ՆՏ.5 Նկարագրի և համեմատի չհագեցած ածխաջրածինների, բազմատոմ սպիրտների, ալդեհիդների, կետոնի, ֆենոլի, անիլինի, օսլայի և սպիտակուցների որակական ռեակցիաները:

33. Ք11.ՆՄԲ.ՆՏ.6 Կանխատեսի նյութում առկա ֆունկցիոնալ խմբի առկայությունը դրա տված որակական ռեակցիայի միջոցով։

34. Ք11.ՆՄԲ.ՆՏ.7 Բացատրի էթանոլի չարաշահման վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

35. Ք11.ՆՄԲ.ՆՏ.8 Գործնականում իրականացնի գլիցերինի որակական որոշումը Cu(OH)2-ի օգնությամբ:

36. Ք11.ՆՄԲ.ՆՏ.9 Գործնականում իրականացնի ֆենոլի փոխազդեցությունը ալկալու լուծույթի բրոմաջրի և երկաթի(III) քլորիդի լուծույթի հետ:

37. Ք11.ՆՄԲ.ՆՏ.10 Տարբերի պինդ և հեղուկ ճարպերի կառուցվածքային տարբերությունը ու բացատրի դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա:

38. Ք11.ՆՄԲ.ՆՏ.11 Գործնականում իրականացնի 2-ամինոթթուներ, սպիտակուցների և ածխաջրերի որակական ռեակցիաները:

39. Ք11.ՆՄԲ.ՆՏ.12 Գործնականում իրականացնի ֆորմալդեհիդի քանակական որոշում տիտրման եղանակով:

40.  Ք12.ՆՄԲ.ՆՏ.1 Ճանաչի ջրալույծ և ճարպալույծ վիտամինների (վիտամին C և վիտամին A) կառուցվածքը և ներկայացնի դրանց կենսաբանական նշանակությունը:

41. Ք12.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի ֆերմենտների (ամիլազ, կատալազ) կենսակատալիտիկ դերը և դրանց գործելու արդյունավետ պայմանները (ջերմաստիճան, pH):

42. Ք12.ՆՄԲ.ՆՏ.3 Թվարկի դեղերի օրգանիզմ ներմուծման ուղիները (պերօրալ, ներարկման, ինհալացիոն, տեղային):

43. Ք12.ՆՄԲ.ՆՏ.4 Կարևորի դեղերի չափաբաժնի պահպանումը:

44. Ք12.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի պլացեբո և դեղի կողմնակի ազդեցություն հասկացությունները:

45. Ք12.ՆՄԲ.ՆՏ.6 Ճանաչի ասպիրինի և իբուպրոֆենի կառուցվածքները և ներկայացնի իբուպրոֆենի ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող հատկությունները։

46. Ք12.ՆՄԲ.ՆՏ.7 Ներկայացնի անտացիտների (ստամոքսի թթվայնությունը իջեցնող միջոցների) ազդեցությունը՝ բերելով համապատասխան չեզոքացման ռեակցիաների հավասարումները:

47. Ք12.ՆՄԲ.ՆՏ.8 Ներկայացնի հակավիրուսային դեղերի ազդեցությունը և արդյունավետությունը (վիրուսների շարունակական ձևափոխության տեսանկյունից):

48. Ք12.ՆՄԲ.ՆՏ.9 Նախագծի և գործնականում իրականացնի իբուպրոֆենի քանակական որոշում ալկալիմետրիկ տիտրման միջոցով:

49. Ք12.ՆՄԲ.ՆՏ.10 Նախագծի և գործնականում իրականացնի ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումը կատալազով ու մանգանի(IV) օքսիդով և համեմատի ստացված տվյալները:

50. Ք12.ՆՄԲ.ՆՏ.11 Նախագծի և գործնականում իրականացնի վիտամին C-ի քանակական որոշում յոդոմետրիկ տիտրման եղանակով:

51. Ք12.ՆՄԲ.ՆՏ.12 Սահմանի քիրալություն և ասիմետրիկ ածխածին հասկացությունները և նույնականացնի քիրալ կենտրոնը տրված մոլեկուլներում:

52. Ք12.ՆՄԲ.ՆՏ.13 Պատկերի տրված քիրալ մոլեկուլի ստերեոիզոմերը (հայելային պատկերը) և կառուցի դրանց գնդաձողային մոդելները:

53. Ք12.ՆՄԲ.ՆՏ.14 Կիրառի նյութերի տեսակների մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

54. Ք12.ՆՄԲ.ՆՏ.15 Կիրառի անօրգանական ու օրգանական միացությունների հիմնական դասերի և ծագումնաբանական կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ (ԿԿՀ)

Կովալենտային կապ (ԿԿ)

1. Ք10.ԿԿՀ.ԿԿ.1 Հասկանա քիմիական կապի էլեկտրաստատիկ բնույթը:

2. Ք10.ԿԿՀ.ԿԿ.2 Հասկանա, որ ատոմների միջև առաջացող քիմիական կապի տեսակը պայմանավորված է տարրերի էլեկտրաբացասականության (ԷԲ) արժեքներով: Կանխատեսի ատոմների միջև քիմիական կապի տեսակը՝ ելնելով դրանց էլեկտրաբացասականության արժեքների տարբերությունից:

3. Ք10.ԿԿՀ.ԿԿ.3 Սահմանի կովալենտային կապը և տեսակները` բևեռային և ոչ բևեռային, կովալենտ կապի հատկությունները՝ երկարություն, ամրություն, էներգիա: Բացատրի կովալենտային կապի առաջացման փոխանակային և դոնորակցեպտորային (ամոնիում և հիդրօքսոնիում իոնների առաջացման օրինակով) մեխանիզմները:

4. Ք10.ԿԿՀ.ԿԿ.4 Նկարագրի և պատկերի սիգմա և պի կապերի առաջացումը օրբիտալների վերածածկման տեսանկյունից:

5. Ք10.ԿԿՀ.ԿԿ.5 Համադրի կովալենտային կապ և վալենտականություն հասկացությունները: Կազմի քիմիական միացությունների բանաձևեր ըստ վալենտականության:

6. Ք10.ԿԿՀ.ԿԿ.6 Ներկայացնի վալենտային էլեկտրոններ հասկացությունը s-, p- և d- տարրերի համար:

7. Ք10.ԿԿՀ.ԿԿ.7 Սահմանի և պատկերի օրբիտալների հիբրիդացումը (sp, sp2, sp3) և ներկայացնի հիբրիդային օրբիտալների բնութագրերը:

8. Ք10.ԿԿՀ.ԿԿ.8 Ներկայացնի հսկա կովալենտային կառուցվածք հասկացությունը ալմաստի, գրաֆիտի, սիլիցիումի(IV) օքսիդի օրինակներով և նկարագրի դրանց որոշ ֆիզիկական հատկությունները՝ հալման ջերմաստիճան, կարծրություն, լուծելիություն:

9. Ք11.ԿԿՀ.ԿԿ.1 Նկարագրի կովալենտային կապի հոմոլիտիկ և հետերոլիտիկ ճեղքումը ազատ ռադիկալների և իոնների առաջացմամբ: 10. Ք11.ԿԿՀ.ԿԿ.2 Մեկնաբանի, որ ալկանների ցածր ռեակցիոնունակությունը բացատրվում է դրանց մոլեկուլներում առկա ամուր ոչ բևեռային C-C և C-H կապերով:

11. Ք11.ԿԿՀ.ԿԿ.3 Նկարագրի σ- և π- կապերի առաջացումը էթիլենի և ացետիլենի մոլեկուլներում:

12. Ք11.ԿԿՀ.ԿԿ.4 Բացատրի, որ բենզոլն ունի ապատեղայնացված π համակարգ ու լրացուցիչ կայունություն և չի ցուցաբերում ալկեններին բնորոշ միացման ռեակցիաներ (չի գունազրկում բրոմաջուրը):

13. Ք11.ԿԿՀ.ԿԿ.5 Համեմատի միակի, կրկնակի և եռակի C-C կապերի երկարությունն ու ամրությունը:

14. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և երրորդային հալոգենալկանները, սպիրտները և ամինները:

15. Ք11.ԿԿՀ.ԿԿ.7 Համեմատի և բացատրի ամոնիակի, մեթիլամինի, երկմեթիլամինի և ֆենիլամինի (անիլինի) ջրային լուծույթների հիմնայնությունը:

16. Ք11.ԿԿՀ.ԿԿ.8 Համեմատի միատոմ և բազմատոմ սպիրտների, ֆենոլի, կարբոնաթթուների և հալոգեն տեղակալված կարբոնաթթուների հարաբերական թթվայնությունը:

17. Ք12.ԿԿՀ.ԿԿ.1 Կիրառի կովալենտ կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


 

Միջմոլեկուլային ուժեր

(ՄՈւ)

1. Ք10.ԿԿՀ.ՄՈւ.1 Բացատրի և բնութագրի ջրածնային կապը ֆտորաջրածնի և ջրի մոլեկուլների օրինակով և նկարագրի դրա ազդեցությունը նյութերի ֆիզիկական հատկությունների վրա:

2. Ք10.ԿԿՀ.ՄՈւ.2 Մեկնաբանի միջմոլեկուլային փոխազդեցությունների (Լոնդոնի դիսպերսիոն ուժեր ոչ բևեռային մոլեկուլների դեպքում և դիպոլ-դիպոլային փոխազդեցություններ բևեռային մոլեկուլների դեպքում) բնույթը:

3. Ք11.ԿԿՀ.ՄՈւ.1 Բացատրի, թե ինչպես է ջրածնային կապն ազդում սպիրտների և կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունների վրա (եռման ջերմաստիճան և լուծելիությունը ջրում):

4. Ք11.ԿԿՀ.ՄՈւ.2 Ներկայացնի ջրածնային կապի դերը սպիտակուցների երկրորդային կառուցվածքի պահպանման տեսանկյունից (α-պարույր):

5. Ք12.ԿԿՀ.ՄՈՒ.1 Կիրառի միջմոլեկուլային ուժերի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Իոնային կապ (ԻԿ)

1. Ք10.ԿԿՀ.ԻԿ.1 Բացատրի իոնային կապի առաջացումը և բնութագրի իոնային բյուրեղացանցը: Ներկայացնի հսկա իոնային կառուցվածք հասկացությունը կերակրի աղի օրինակով:

2. Ք10.ԿԿՀ.ԻԿ.2 Բացատրի մոլեկուլների բևեռայնությունը: Համեմատի ջրի և ածխաթթու գազի մոլեկուլների բևեռայնությունը:

3. Ք10.ԿԿՀ.ԻԿ.3 Նկարագրի իոնային միացությունների ընդհանուր հատկությունները (բարձր հալման ջերմաստիճան, էլեկտրահաղորդականություն, լուծելիությունը ջրում):

4. Ք12.ԿԿՀ.ԻԿ.1 Կիրառի իոնային կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


 

Մետաղական կապ (ՄԿ)

1. Ք10.ԿԿՀ.ՄԿ.1 Սահմանի մետաղական կապ և մետաղական բյուրեղացանց հասկացությունները: Նկարագրի և համեմատի մետաղների որոշ ֆիզիկական հատկություններ (ջերմահաղորդականություն, էլեկտրահաղորդականություն, մետաղական փայլ և կռելիություն):

2. Ք12.ԿԿՀ.ՄԿ.1 Կիրառի մետաղական կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

Քիմիական ռեակցիաներ (ՔՌ)

Քիմիական ռեակցիաների դասակարգում (ՔՌԴ)

1. Ք10.ՔՌ.ՔՌԴ.1 Ներկայացնի և տարբերակի քիմիական ռեակցիաների տեսակները ըստ դարձելիության, համասեռության, ելանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության:

2. Ք10.ՔՌ.ՔՌԴ.2 Հասկանա և բացատրի Ա. Լավուազիեի և
Մ. Լոմոնոսովի կատարած փորձերը զանգվածի պահպանման օրենքի տեսանկյունից: 3. Ք10.ՔՌ.ՔՌԴ.

3 Ներկայացնի նյութի զանգվածի պահպանման օրենքը և այն կիրառի խնդիրներ լուծելիս:

4. Ք10.ՔՌ.ՔՌԴ.4 Վերհիշի և սահմանի օքսիդացման աստիճան հասկացությունը և որոշի տարրի բարձրագույն և ցածրագույն օքսիդացման աստիճանները:

5. Ք10.ՔՌ.ՔՌԴ.5 Սահմանի վերականգնման-օքսիդացման (վերօքս) ռեակցիա հասկացությունը և տարբերակի վերօքս ռեակցիաների տեսակները:

6. Ք10.ՔՌ.ՔՌԴ.6 Սահմանի և տարբերակի օքսիդացում, վերականգնում, օքսիդիչ և վերականգնիչ հասկացությունները էլեկտրոնների փոխանցման տեսանկյունից, կազմի և վերլուծի վերօքս ռեակցիաներ, հավասարեցնի վերօքս ռեակցիաները էլեկտրոնային հաշվեկշռի միջոցով:

7. Ք10.ՔՌ.ՔՌԴ.7 Բացատրի, թե ինչպես են փոխվում տարրերի օքսիդիչ և վերականգնիչ հատկությունները պարբերություններում և խմբերում:

8. Ք10.ՔՌ.ՔՌԴ.8 Սահմանի իոնափոխանակային ռեակցիաները: Պարզաբանի լուծույթներում էլեկտրոլիտների միջև ընթացող փոխանակման ռեակցիաների մինչև վերջ ընթանալու պայմանները:

9. Ք10.ՔՌ.ՔՌԴ.9 Ներկայացնի և վերլուծի իոնափոխանակային ռեակցիաների մոլեկուլային, լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

10. Ք10.ՔՌ.ՔՌԴ.10 Թվարկի Էլեկտրոլիզի գործընթացում կիրառվող էլեկտրոդների տեսակները (իներտ և լուծելի):

11. Ք10.ՔՌ.ՔՌԴ.11 Բացատրի իներտ էլեկտրոդներով հալույթների և լուծույթների էլեկտրոլիզի առանձնահատկությունները:

12. Ք10.ՔՌ.ՔՌԴ.12 Ներկայացնի մաքուր պղնձի ստացումը էլեկտրոլիզի եղանակով պղնձե էլեկտրոդներով։

13. Ք10.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի և վերլուծի անոդի և կաթոդի վրա ընթացող պրոցեսները:

14. Ք10.ՔՌ.ՔՌԴ.14 Կիրառի քիմիական ռեակցիաների դասակարգման վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.1 Նկարագրի ալկենների, ալկինների և զուգորդված դիենների էլեկտրոֆիլ միացման ռեակցիաները՝ ջրածնի, հալոգենների, հալոգենաջրածինների միացման օրինակներով:

16. Ք11.ՔՌ.ՔՌԴ.2 Նկարագրի, որ բրոմաջրի թեստն օգտագործվում է ալկանները և չհագեցած ածխաջրածինները (ալկեններ, ալկիններ, դիեններ) տարբերելու համար:

17. Ք11.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի մեթանի, էթիլենի ստացումը և բրոմաջրի և KMnO4-ի գունազրկման թեստերը և բացատրի արդյունքները:

18. Ք11.ՔՌ.ՔՌԴ.4 Բացատրի Մարկովնիկովի կանոնը առաջացող առաջնային, երկրորդային և երրորդային կարբկատիոնի կայունության տեսանկյունից:

19. Ք11.ՔՌ.ՔՌԴ.5 Ներկայացնի ամինների (ներառյալ անիլինը) և ուժեղ թթուների միացման ռեակցիաների հավասարումները:

20. Ք11.ՔՌ.ՔՌԴ.6 Նկարագրի սպիրտների ստացումը ալկենների հիդրատացումով H+ կատալիզատորի առկայությամբ:

21. Ք11.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի ցիկլոալկանների առաջին ներկայացուցիչների, ալդեհիդների և կետոնների հիդրման ռեակցիաների հավասարումները:

22. Ք11.ՔՌ.ՔՌԴ.8 Նկարագրի քայքայման ռեակցիաները էթանի, բութանի, ցիկլոհեքսանի, մեթիլցիկլոհեքսանի դեհիդրման և մեթանից ացետիլենի ստացման օրինակներով՝ ներկայացնելով ռեակցիաների հավասարումները:

23. Ք11.ՔՌ.ՔՌԴ.9 Ներկայացնի կրեկինգը, որպես երկար ածխածնային շղթայով ալկանի քայքայում կարճ շղթայով ալկանի և ալկենի։

24. Ք11.ՔՌ.ՔՌԴ.10 Նկարագրի էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիան սենյակային ջերմաստիճանում անիլինի և ֆենոլի բրոմացման օրինակներով և բացատրի, որ -NH2 և - OH խմբերը ուղղորդում են արոմատիկ օղակի 2, 4 և 6 դիրքերը:

25. Ք11.ՔՌ.ՔՌԴ.11 Ներկայացնի սպիրտների, ֆենոլի և կարբոնաթթուների ռեակցիաների հավասարումները ալկալիական մետաղների հետ:

26. Ք11.ՔՌ.ՔՌԴ.12 Գործնականում իրականացնի էթանոլի փոխազդեցությունը մետաղական նատրիումի հետ և միջավայրի ստուգում ֆենոլֆտալեին հայտանյութի միջոցով, վերլուծի փորձի արդյունքները:

27. Ք11.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի ֆենոլի, կարբոնաթթուների և ամինոթթուների ռեակցիաները ալկալիների հետ:

28. Ք11.ՔՌ.ՔՌԴ.14 Գործնականում իրականացնի օրգանական թթուների թթվա-ալկալիական տիտրում հայտանյութի ներկայությամբ և բացատրի փորձի արդյունքները:

29. Ք11.ՔՌ.ՔՌԴ.15 Նկարագրի, որ կարբոնատների հետ չեզոքացման ռեակցիան կարող է օգտագործվել կարբոնաթթուները սպիրտներից տարբերելու համար:

30. Ք11.ՔՌ.ՔՌԴ.16 Նկարագրի օրգանական միացությունների դասերի միջև ծագումնաբանական կապը ըստ ուրվագրի (ալկեններ հալոգենալկաններ սպիրտներ ալդեհիդներ կարբոնաթթուներ էսթերներ) ներկայացնելով ռեակցիաների հավասարումները:

31. Ք11.ՔՌ.ՔՌԴ.17 Սահմանի միացման պոլիմերացման և պոլիկոնդենսման ռեակցիաները:

32. Ք11.ՔՌ.ՔՌԴ.18 Նույնականացնի մոնոմերը տրված պոլիմերային շղթայի հատվածում:

33. Ք11.ՔՌ.ՔՌԴ.19 Նկարագրի պոլիմերների կիրառությունը ամենօրյա կյանքում և հասկանա, որ պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիվինիլքլորիդը կենսաբանորեն չքայքայվող պոլիմերներ են (չեն յուրացվում միկրոօրգանիզմների կողմից) և դրանց թափոնների կուտակումը բերում է շրջակա միջավայրի աղտոտմանը:

34. Ք11.ՔՌ.ՔՌԴ.20 Սահմանի կոնդենսման ռեակցիաները:

35. Ք11.ՔՌ.ՔՌԴ.21 Ներկայացնի դիպեպտիդների և տրիպեպտիդների ստացման ռեակցիաների հավասարումները α-ամինոթթուներից և նույնականացնի պեպտիդային կապը:

36. Ք11.ՔՌ.ՔՌԴ.22 Նկարագրի առաջնային և երկրորդային սպիրտների օքսիդացումը կալիումի երկքրոմատի կամ պերմանգանատի թթվեցրած լուծույթով, որպես ալդեհիդների և կետոնների ստացման եղանակ:

37. Ք11.ՔՌ.ՔՌԴ.23 Նկարագրի ալկենների օքսիդացման ռեակցիան կալիումի պերմանգանատի լուծույթով մինչև դիոլներ:

38. Ք11.ՔՌ.ՔՌԴ.24 Նկարագրի գլյուկոզի խմորման ռեակցիաները և կիրառությունը:

39. Ք11.ՔՌ.ՔՌԴ.25 Ներկայացնի ածխաջրածինների և սպիրտների լրիվ այրման ռեակցիաների հավասարումները:

40. Ք11.ՔՌ.ՔՌԴ.26 Բացատրի, որ ածխաջրերի և ճարպերի օքսիդացումը օրգանիզմում ապահովում է մարդուն անհրաժեշտ էներգիայի մեծ մասը ( մոտ 85% -ը):

41. Ք11.ՔՌ.ՔՌԴ.27 Գործնականում իրականացնի ալդեհիդների հայտնաբերման արծաթահայելու ռեակցիան (Գլյուկոզը որպես վերականգնող շաքար):

42. Ք11.ՔՌ.ՔՌԴ.28 Նկարագրի պոկման ռեակցիաները հալոգենալկաններից ալկենների և ալկինների ստացման օրինակներով՝ օգտագործելով NaOH-ի կամ KOH-ի սպիրտային լուծույթը:

43. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

44. Ք11.ՔՌ.ՔՌԴ.30 Ներկայացնի սպիրտների միջմոլեկուլային և ներմոլեկուլային դեհիդրատացումը թթվով։

45. Ք11.ՔՌ.ՔՌԴ.31 Տարբերակի օրգանական ռեակցիաների հիմնական տեսակները՝ միացման, պոկման, տեղակալման, հիդրոլիզի, օքսիդացման և վերականգնման ռեակցիաներ։

46. Ք12.ՔՌ.ՔՌԴ.1 Կիրառի քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


 

Ռեակցիայի մեխանիզմ (ՌՄ)

1. Ք10.ՔՌ.ՌՄ.1 Նկարագրի ՈՒՄ ճառագայթների առկայությամբ քլորի և ջրածնի միջև ընթացող ռեակցիայի մեխանիզմը՝ ներառելով հարուցման, շղթայի զարգացման և խզման փուլերը:

2. Ք11.ՔՌ.ՌՄ.1 Նկարագրի ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ ալկանների քլորացման կամ բրոմացման ռեակցիայի մեխանիզմը՝ ներառելով հարուցման, շղթայի զարգացման և խզման փուլերը:

3. Ք11.ՔՌ.ՌՄ.2 Սահմանի նուկլեոֆիլ, էլեկտրոֆիլ, ազատ ռադիկալ, կարբկատիոն, անցումային վիճակ հասկացությունները:

4. Ք11.ՔՌ.ՌՄ.3 Բացատրի SN2 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը առաջնային հալոգենալկանի և նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային շեղումները:

5. Ք11.ՔՌ.ՌՄ.4 Բացատրի SN1 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը երրորդային հալոգենալկանի և նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային շեղումները:

6. Ք11.ՔՌ.ՌՄ.5 Բացատրի հալոգենի բնույթի (Cl, Br, I) ազդեցությունը նուկլեոֆիլ տեղակալման արագության վրա, ելնելով ածխածին - հալոգեն կապի էներգիայից:

7. Ք11.ՔՌ.ՌՄ.6 Բացատրի Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը բենզոլի հալոգենացման և նիտրացման օրինակներով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային շեղումները:

8. Ք11.ՔՌ.ՌՄ.7 Համեմատի բենզոլի և տոլուոլի ռեակցիոնունակությունը Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներում՝ նկարագրելով մեթիլ խմբի ինդուկտիվ էֆեկտը:

9. Ք12.ՔՌ.ՌՄ.1 Կիրառի ռեակցիաների մեխանիզմների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


     

Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա (ԷՊԹ)

Էներգիայի պահպանման օրենք

(ԷՊՕ)

1. Ք10.ԷՊԹ.ԷՊՕ.1 Սահմանի էներգիայի պահպանման օրենքը:

Ջերմաքիմիա։ Էնթալպիա։ Հեսի օրենք

(ՋԷՀ)

1. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.1 Վերհիշի ջերմանջատիչ ու ջերմակլանիչ ռեակցիաները և կատարի հաշվարկներ ջերմաքիմիական հավասարումների կիրառմամբ:

2. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.2 Բացատրի, որ կալորիմետրի օգնությամբ կարելի է չափել ջերմության քանակը (q=mcΔT), որն անջատվել է ռեակցիայի ընթացքում (այրում կամ չեզոքացում):

3. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.3 Գործնականում իրականացնի չեզոքացման ռեակցիայի ջերմէֆեկտի որոշում։

4. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.4 Սահմանի նյութի գոյացման և այրման ստանդարտ էնթալպիայի փոփոխությունը՝ բերելով համապատասխան հավասարումներ:

5. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.5 Սահմանի Հեսի օրենքը և հաշվի ռեակցիայի էնթալպիայի (ΔHռ) փոփոխությունը՝ օգտագործելով տրված այլ ռեակցիաների էնթալպիաների փոփոխությունների արժեքները:

6. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.6 Կառուցի Հեսի ցիկլ և կատարի անհրաժեշտ հաշվարկներ:

7. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.7 Սահմանի կապի էներգիա հասկացությունը և հաշվի ռեակցիայի ΔH0 ռ՝ ելնելով ելանյութերի և վերջանյութերի կապերի էներգիաների արժեքներից:

8. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.8 Ներկայացնի պոտենցիալ էներգիաների դիագրամները ջերմանջատիչ և ջերմակլանիչ ռեակցիաների համար:

9. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.9 Սահմանի բյուրեղացանցի էնթալպիա հասկացությունը և բնութագրի իոնների չափերի և լիցքի ազդեցությունը դրա արժեքի վրա:

10. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.10 Կիրառի ջերմաքիմիայի, էնթալպիայի և Հեսի օրենքի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

11. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.1 Ներկայացնի և թվարկի էներգիայի աղբյուր հանդիսացող սննդանյութերը (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր) և համեմատի դրանց էներգետիկ արժեքները:

12. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.2 Տրված տվյալները օգտագործելով, հաշվարկի սննդի կալորիականությունը:

13. Ք12.ԷՊԹ.ՋԷՀ.1 Կիրառի ջերմաքիմիայի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:


     

Կինետիկա և հավասարակշռություն (ԿՀ)

Ռեակցիայի արագություն (ՌԱ)

1. Ք10.ԿՀ.ՌԱ.1 Ձևակերպի արագության սահմանումը հոմոգեն և հետերոգեն ռեակցիաների համար: Սահմանի ակտիվացման էներգիա և կատալիզատոր հասկացությունները: Բնութագրի և համեմատի դարձելի ռեակցիաները և քիմիական հավասարակշռությունը:

2. Ք10.ԿՀ.ՌԱ.2 Մեկնաբանի տարբեր գործոնների՝ կոնցենտրացիա, ճնշում, ջերմաստիճան և կատալիզատոր, ազդեցությունը քիմիական ռեակցիայի արագության վրա:

3. Ք10.ԿՀ.ՌԱ.3 Ներկայացնի բախման տեսության հիմնական երեք դրույթները:

4. Ք10.ԿՀ.ՌԱ.4 Որոշի ռեակցիայի կարգը ըստ ելանյութերի, օգտվելով տրված փորձնական տվյալներից, և դուրս բերի ռեակցիայի արագության հավասարումը (արագության օրենք):

5. Ք10.ԿՀ.ՌԱ.5 Գործնականում իրականացնի ռեակցիայի արագության որոշում։ Օրինակ, ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում:

6. Ք10.ԿՀ.ՌԱ.6 Կիրառի ռեակցիայի արագության վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

7. Ք12.ԿՀ.ՌԱ.1 Կիրառի ռեակցիայի արագության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և

վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Հավասարակշռություն (Հ)

1. Ք10.ԿՀ.Հ.1 Սահմանի Լե Շատելյեի սկզբունքը և մեկնաբանի նյութի կոնցենտրացիայի, ճնշման և ջերմաստիճանի ազդեցությունը հավասարակշռության տեղաշարժի վրա:

2. Ք10.ԿՀ.Հ.2 Ներկայացնի հավասարակշռության հաստատունի արտահայտությունը տվյալ ռեակցիայի համար, ինչպես նաև ջրածնային ցուցիչը, pH, և լուծելիության արտադրյալը։

3. Ք10.ԿՀ.Հ.3 Գործնականում իրականացնի տարբեր թթուների, հիմքերի և աղերի 0.1 Մ լուծույթների pH- ի որոշում ունիվերսալ ինդիկատորի և/կամ սարքի օգնությամբ։

4. Ք10.ԿՀ.Հ.4 Սահմանի աղերի հիդրոլիզ և հիդրոլիզի աստիճան հասկացությունները: Տարբերի հիդրոլիզվող և չհիդրոլիզվող աղերը, բերի օրինակներ:

5. Ք10.ԿՀ.Հ.5 Որոշի աղի լուծույթի միջավայրը հայտանյութերի օգնությամբ: Գրի աղերի հիդրոլիզի լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

6. Ք10.ԿՀ.Հ.6 Գործնականում իրականացնի նատրիումի կարբոնատի երկաստիճան տիտրում։

7. Ք10.ԿՀ.Հ.7 Սահմանի լուծույթ, լուծված նյութ, լուծիչ, լուծելիություն, հագեցած լուծույթ և բյուրեղահիդրատ հասկացությունները:

8. Ք10.ԿՀ.Հ.8 Վերլուծի նյութերի լուծելիության կախումը ջերմաստիճանից և ճնշումից։

9. Ք10.ԿՀ.Հ.9 Ներկայացնի և օգտագործի լուծույթի քանակական բաղադրության արտահայտման եղանակները՝ լուծված նյութի զանգվածային բաժին և մոլային կոնցենտրացիա։

10. Ք10.ԿՀ.Հ.10 Ներկայացնի լուծույթների և ցրիվ համակարգերի ընդհանուր բնութագրերը:

11. Ք10.ԿՀ.Հ.11 Կիրառի պինդ, հեղուկ և գազային համակարգերի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

12. Ք10.ԿՀ.Հ.12 Ներկայացնի և գործնականում իրականացնի թթվահիմնային տիտրում, որպես նյութի անհայտ կոնցենտրացիայի որոշման մեթոդ։

13. Ք10.ԿՀ.Հ.13 Սահմանի դիսոցման աստիճանը և դրա վրա ազդող գործոնները, կիրառի դրա մաթեմատիկական արտահայտությունները հաշվարկներում:

14. Ք10.ԿՀ.Հ.14 Բացատրի էլեկտրոլիտային դիսոցման պատճառը ու մեխանիզմները:

15. Ք10.ԿՀ.Հ.15 Գործնականում իրականացնի էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության չափման փորձեր: Համեմատի էլեկտրոլիտը և ոչ էլեկտրոլիտը, ուժեղ և թույլ էլեկտրոլիտները:

16. Ք10.ԿՀ.Հ.16 Նկարագրի թթուների և հիմքերի ընդհանուր հատկությունները էլեկտրոլիտային դիսոցման տեսության տեսանկյունից:

17. Ք10.ԿՀ.Հ.17 Կիրառի հավասարակշռության վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

18. Ք11.ԿՀ.Հ.1 Բացատրի չհագեցած ածխաջրածինների հիդրումը Pt/Ni կատալիզատորի ներկայությամբ, որպես տարասեռ կատալիզի օրինակ:

19. Ք11.ԿՀ.Հ.2 Բացատրի էսթերացման ռեակցիան, որպես քիմիական հավասարակշռության օրինակ և նշի կատալիզատորը:

20. Ք11.ԿՀ.Հ.3 Գործնականում իրականացնի էթանոլի և իզոպենտանոլի էսթերացում քացախաթթվով:

21. Ք11.ԿՀ.Հ.4 Նկարագրի էսթերների, ճարպերի, դիպեպտիդների և տրիպեպտիդների հիդրոլիզը թթուների և հիմքերի առկայությամբ՝ բերելով ռեակցիաների հավասարումները:

22. Ք11.ԿՀ.Հ.5 Գործնականում իրականացնի ձեթի օճառացում:

23. Ք12.ԿՀ.Հ.1 Սահմանի բուֆերային համակարգ ու տարողություն հասկացությունները և նկարագրի հիմնային և թթվային բուֆերների բաղադրությունը:

24. Ք12.ԿՀ.Հ.2 Գործնականում իրականացնի թթվային բուֆերների պատրաստում և pH-մետրի կիրառմամբ չափի լուծույթի pH-ը ու որոշի բուֆերային տարողությունը:

25. Ք12.ԿՀ.Հ.3 Կիրառի քիմիական հավասարակշռության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգ, ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

2. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

3. Հանրակրթական հիմնական դպրոցի «Քիմիա» (7-9-րդ դասարաններ) առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. հունվարի 20-ի N 40-Ա/Ք հրաման):

4. Հանրակրթական ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

5. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

6. Cambridge O Level Chemistry 5070. Syllabus for 2022. www.cambridgeinternational.org/olevel

7. Cambridge IGCSE Chemistry 0620 syllabus for 2022 www.cambridgeinternational.org/igcse

8. Cambridge International AS & A Level Chemistry 9701 syllabus for 2022, 2023 and 2024. www.cambridgeinternational.org/alevel

9. (IB) Diploma Programme (DP) curriculum. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/

10. (IB) Diploma Programme (DP) Chemistry guide. https://ibo.org/programmes/diploma-programme/curriculum/sciences/chemistry/

  (հավելվածը խմբ. 30.06.23 N 61-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2023, N 61-Ն 07.07.2023, N 43-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան