Գլխավոր տեղեկություն
Համար
N 350-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հուլիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 350-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանով հաստատված 12-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հուլիսի 03-ի

N 350-Ն հրամանի

 

 

«Հավելված 12

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող ուղեկցման աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցորդումներն իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ուղեկցումների բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Ծառայության պետի և տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի հիմնական խնդիրներն են՝

1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ.

2) օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը.

3) ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը.

4) ապահովել դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցորդումները, փոխադրումները և պահպանությունը միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում.

5) ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը.

6) ապահովել քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական առողջապահական հաստատություններ՝ հետազոտությունների, բժշկական խորհրդատվության կամ միջամտությունների նպատակով, իսկ ստացիոնար բուժման ընդունելու դեպքերում իրականացնել հիվանդանոցում նշանակված ժամանակավոր պահակակետում ծառայության կազմակերպում, մինչև հիմնական պահակախմբի ներկայանալը: Ծառայությունը նշված պահակակետում իրականցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման 23-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

9. Բաժնի պետը`

1) կազմակերպում և ղեկավարում է Բաժնի աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում Բաժնի առջև դրված խնդիրների լուծման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին՝ ուղեկցորդումներին առնչվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.

7) դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց փոխադրումներն իրականացնելու համար կազմում է պահակախմբեր, հրահանգավորում է պահակախմբի անձնակազմին, հաստատում պահակակետային ամփոփագրերը (Ձև 1), ծառայության երթուղիներն (Ձև 2) ու սխեմաները (Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8).

8) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Բաժնի աշխատողներին խրախուսելու վերաբերյալ.

9) կազմում և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Բաժնի կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.

10) իր վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

11) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման նկատմամբ.

12) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

13) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություն կամ մասնակցում է դրանց.

14) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տրված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

10. Բաժնի պետի տեղակալը՝

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին: Կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժնի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին` դրանց կատարելագործման վերաբերյալ.

6) հետևում է բաժնի աշխատողների հաճախումներին, կարգապահությանը.

7) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.

8) կազմում և վարում է բաժնի պետի կողմից իրեն հանձնարարված անվանակարգային գործերն ու մատյանները.

9) մասնակցում կամ անձամբ հրահանգավորում է պահակախմբերի անձնակազմերին.

10) ուղեկցորդումների ընթացքում մշտական կապ է ապահովում պահակախմբի պետի և/կամ անդամների հետ.

11) բաժնի պետի հանձնարարությամբ, որպես պահակախմբի պետ, մասնակցում է ուղեկցորդման աշխատանքներին,

12) բաժնի պետի բացակայության ժամանակ փոխարինում է նրան

11. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) որպես պահակախմբի պետ իրականացնում է ուղեկցորդման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

6) որպես պահակախմբի պետ կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում պահակախմբում ընդգրկված ուղեկցորդում իրականացնող ծառայողների միջև.

7) հսկողություն է իրականացնում ուղեկցորդում իրականացնող ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

8) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.

9) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում պահակակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ.

10) ուղեկցորդման ընթացքում հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, կապի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.

11) առնվազն ամիսն երեք անգամ ուսումնասիրում է հատկացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, թափքի, խցերի դռների, փականների, կողերի, ելքերի սարքինությունը և ամրացվածությունը.

12) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

14) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

15) կազմում և Բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդման պահակակետային ամփոփագիրը (Ձև 1), փոխադրման կազմակերպման երթուղին (Ձև 2), սխեմաները (Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8).

16) ուղեկցորդման պահակախմբին նախապատրաստում է հրահանգավորման.

17) պահակակետային ամփոփագրի համաձայն կատարում է պահակախմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը՝ միաժամանակ մասնակցելով պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

18) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

19) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.

20) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Բաժնի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

21) իր մոտ պահում է պահակակետային ամփոփագիրը, փոխադրման հիմք հանդիսացող փաստաթղթերը, տեղեկատվություն երթուղու տարածքում գտնվող ոստիկանության ստորաբաժանումների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների, դատարանների, քրեակատարողական հիմնարկների հասցեների և հեռախոսահամարների վերաբերյալ, ուղեկցորդման ընթացքում տագնապի դեպքում գործողությունների պլանի օրինակը,ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

22) պարբերաբար զեկուցում է Բաժնի պետի տեղակալին ծառայության ընթացքի վերաբերյալ, իսկ պատահարների դեպքում` անհապաղ.

23) ուղեկցորդման պահակախմբի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անմիջապես զեկուցում է Բաժնի պետին կամ նրան փոխարինող անձին՝ կատարելով համապատասխան նշում պահակակետային ամփոփագրում, նշելով զենքը գործադրած ծառայողի անունը, ազգանունը և օգտագործված զինամթերքի քանակը.

24) անձամբ մասնակցում է ուղեկցորդման պահակախմբի ծառայողներին հատկացվող զենք-զինամթերքի ընդունմանը, հանձնմանը, զենքերի լիցքավորմանը և լիցքաթափմանը.

25) որոշում է հատուկ ավտոմոբիլի կայանման վայրը` ապահովելով դրա պահպանությունը.

26) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.

27) կատարում է Ծառայության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

28) կազմում և վարում է բաժնի պետի կողմից իրեն հանձնարարված անվանակարգային գործերն ու մատյանները.

29) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

12. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

5) Բաժնի պետի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության, ուղեկցորդման պահակախմբի պետ համարվելու դեպքում կատարում է սույն կարգով պահակախմբի պետի համար սահմանված գործառույթները, իսկ որպես պահակախմբի պետի օգնական ընդգրկվելու դեպքում՝ սույն կետով նախատեսված գործառույթները, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոխարինում է պահակախմբի պետին.

6) ուղեկցորդման պահակախմբի կազմում՝ կատարում է պահակախմբի պետի հրահանգներն ու ցուցումները,

7) ուղեկցորդման ընթացքում իրականացնում է փոխադրվող անձի պահպանությունը, վարքագծի նկատմամբ հսկողությունը, ապահովում վերջինիս և այլ անձանց անվտանգությունը.

8) պահակախմբի կազմում ընդգրկված Բաժնի մյուս ծառայողների և համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ կատարում է փոխադրման ենթակա անձանց անձնական խուզարկություն, իրերի զննություն.

9) մասնակցում է պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

10) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

11) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.

12) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է պահակախմբի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

13) իր կողմից զենքի գործադրման անհրաժեշտության յուրաքանչյուր դեպքում անհապաղ զեկուցում է պահակախմբի պետին, գործում նրա ցուցումով, իսկ անհապաղ գործադրման անհրաժեշտության դեպքում գործում է քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգով.

14) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

13. Ուղեկցորդման պահակախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել նախատեսված պահակակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման դեպքերի, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործել առկա կապի միջոցները:

14. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը՝

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

4) ուղեկցորդման պահակախմբի կազմում՝ կատարում է պահակախմբի պետի հրահանգներն ու ցուցումները.

5) ուղեկցորդման ընթացքում իրականացնում է փոխադրվող անձի պահպանությունը, վարքագծի նկատմամբ հսկողությունը, ապահովում վերջինիս և այլ անձանց անվտանգությունը.

6) պահակախմբի կազմում ընդգրկված Բաժնի մյուս ծառայողների և համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ կատարում է փոխադրման ենթակա անձանց անձնական խուզարկություն, իրերի զննություն.

7) մասնակցում է պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

8) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

9) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.

10) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է պահակախմբի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

11) իր կողմից զենքի գործադրման անհրաժեշտության յուրաքանչյուր դեպքում անհապաղ զեկուցում է պահակախմբի պետին, գործում նրա ցուցումով, իսկ անհապաղ գործադրման անհրաժեշտության դեպքում գործում է քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգով

12) կատարում է Ծառայության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

13) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

15. Բաժնի պետի տեղակալը, գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետները հաշվետու են Բաժնի պետին:

16. Ուղեկցորդում իրականացնելիս բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ մարտական զենքով: Բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

17. Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԱՅԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ

 

18. Կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է զինված պահակախմբի միջոցով` ոտքով, հատուկ ավտոմոբիլով, վագոնով, օդանավով:

19. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է սահմանված երթուղով և սահմանված ժամանակահատվածում:

20. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տեղեկացվում են, պահպանության գծի սահմանների և դրանց խախտման անթույլատրելիության մասին: Պահպանության գիծ համարվում է պահպանության տակ գտնվող օբյեկտի սահմանը: Տրանսպորտային միջոցներում (ավտոմոբիլ, վագոն, օդանավ) պահպանության գիծ հանդիսանում են տրանսպորտային միջոցի պատերը, հատակը և առաստաղը, իսկ հետիոտն կարգով ուղեկցման ժամանակ` շարասյանը մոտակա գտնվող քրեակատարողական ծառայողի գիծը:

21. Հատուկ ավտոմոբիլի թափքում պահակակետ նշանակված ծառայողը`

1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը պահակակետ բացառելու նպատակով.

2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ ավտոմոբիլը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ.

3) պահակակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակակետից հանվելը.

4) պահակակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.

5) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակակետին, բացառությամբ ուղեկցորդման տվյալ պահակախմբի պետի, նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցորդում են.

6) պահակակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ՝ «Կանգնի՛ր, ով է գալիս» և ստանալով պատասխան՝ «Գալիս է պահակախմբի պետը» կամ «Գալիս է պահակախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակակետին, ասելով. «Պահակախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը՝ տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցորդվողներին մոտենալ պահակակետին: Եթե պահակակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.

7) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.

8) ուղեկցորդման պահակախմբի պետին կամ նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականին զեկուցում է պահակակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, հատուկ ավտոմոբիլի թափքի, դռների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.

9) ուղեկցորդման պահակախմբի այլ ծառայողների վրա հարձակման, կալանավորված անձանց կամ դատապարտյալների փախուստի փորձի դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.

10) մշտական հսկողություն է ապահովում կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ, արգելում` ծխելը, աղմկելը, խցի դռանը մոտենալը, ինչպես նաև հարակից խցում գտնվողների հետ անթույլատրելի կապ հաստատելը.

11) բացում է խցի կամ թափքի դուռը միայն ուղեկցորդման պահակախմբի պետի կամ նրա օգնականի հրամանով.

12) կապ է պահպանում ուղեկցորդման պահակախմբի պետի հետ համապատասխան կապի միջոցներով կամ ձայնային ազդանշանով:

22. Հատուկ ավտոմոբիլում նշանակված ծառայող վարորդը`

1) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլն առանց հսկողության չթողնելու համար.

2) հատուկ ավտոմոբիլից իջնելու դեպքում անջատում է շարժիչը և բանալիները պահում իր մոտ.

3) հատուկ ավտոմոբիլը վարելու անհնարինության դեպքում այն փոխանցում է հատուկ ավտոմոբիլում պահակակետ նշանակված համապատասխան վարորդական իրավունք ունեցող այլ ծառայողի:

23. Բաժնի գլխավոր և/կամ առաջատար մասնագետը, ով իրականացնում է ուղեկցորդումը (ուղեկցորդման պահակախմբի պետը) հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում է ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրին, որը ներառում է ուղեկցորդման պահակախմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակակետերի, ծառայության տևողությունը և երթուղին: Ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագիրը պահվում է ուղեկցորդման պահակախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո ներկայացվում է Բաժնի պետին, ում կողմից այն ստուգելուց և մակագրելուց հետո կցում է համապատասխան անվանացուցակային գործին:

24. Ուղեկցորդման պահակախմբի պետը պահակախմբին նախապատրաստում է Բաժնի պետի կամ տեղակալի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.

1) ուղեկցորդման պահակախմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.

2) ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը.

3) ուղեկցորդման պահակախմբի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, հատուկ և կապի միջոցները, ստուգում զենքերի սարքին վիճակը:

25. Բաժնի պետին կամ տեղակալին դիմավորելու համար ուղեկցորդման պահակախմբի պետը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը ուղեկցորդման պահակախմբի պատրաստվածության վերաբերյալ, որից հետո գործում է Բաժնի պետի կամ տեղակալի ցուցումով: Բաժնի պետը կամ տեղակալը ստուգում է ուղեկցորդման պահակախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:

26. Հրահանգավորման ավարտից հետո ուղեկցորդման պահակախմբի պետը հրամայում է պահակակետերի ծառայողներին իր գլխավորությամբ անցնել ծառայության: Ուղեկցորդման պահակախմբի պետը հրամայում է ուղեկցորդման պահակախմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր ղեկավարությամբ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է ուղեկցորդման պահակախմբի պետը:

27. Փոխադրման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը իրականացնում է ուղեկցորդման պահակախմբի պետը` կնքված փակ ծրարով անձնական գործերով և/կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերով: Փոխադրման նպատակով հանձնման կամ ընդունման ենթակա չեն այն անձինք, ում վերաբերյալ փաստաթղթերը սխալ կամ թերի են ձևակերպված, ինչպես նաև գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում, ինչպես նաև անվտանգության և օպերատիվ նկատառումներով: Սույն կետով նախատեսված դեպքերում, փոխադրման նպատակով հանձնում կամ ընդունում չկատարելու վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրում:

28. Փոխադրման ենթակա կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդման պահակախմբի կողմից ենթարկվում են, որպես կանոն, ամբողջական խուզարկության, իսկ իրերը զննության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված կարգով:

29. Ընդունման կամ հանձնման կետում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի, կալանավորված անձանց կամ դատապարտյալների, ընդունում-հանձնումը իրականացնելուց առաջ պահակախմբերի պետերը ներկայանում են միմյանց` ստուգելով միմյանց անձը հաստատող փաստաթղթերը և ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագիրը կամ համապատասխան լիազորությունները հավաստող այլ փաստաթղթերը:

30. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդունում-հանձնումը իրականացվում է ըստ կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակի` միաժամանակ ստուգելով փոխադրման թերթիկում առկա անձնական տվյալները և լուսանկարը:

31. Քրեակատարողական հիմնարկից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման վերաբերյալ ուղեկցորդման պահակախմբի պետը համապատասխան գրառում է կատարում պատասխանատու հերթապահի մատյանում, իսկ այլ պահակախմբից ընդունելու դեպքում՝ տվյալ պահակախմբի ուղեկցորդման մատյանում.

32. Ուղեկցորդման պահակախմբի պետը ուղեկցորդումների վերաբերյալ, պահակակետային ամփոփագրի համաձայն, երթուղու ընթացքում ուղեկցորդման պահակախմբի անձնակազմին նշանակում է մեկ պահակակետ (հատուկ ավտոմոբիլի թափքում խցերի մոտ, վագոնում` միջանցքում խցերի մոտ): Ուղեկցորդման պահակախմբի պետը և վարորդը երթևեկության ընթացքում գտնվում են ավտոմոբիլի խցիկում, իսկ վագոնի դեպքում` ուղեկցորդման պահակախմբի պետը և ուղեկցորդման պահակախմբի մյուս ծառայողները գտնվում են հատուկ սարքավորված վայրում: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատուկ ավտոմոբիլ կամ վագոն նստեցման կամ հատուկ ավտոմոբիլից կամ վագոնից իջեցման ժամանակ ուղեկցորդման պահակախմբի պետի կողմից նշանակվում են նաև ժամանակավոր պահակակետեր` հատուկ ավտոմոբիլի դեպքում ավտոմոբիլի հետևի աջ մասում և հատուկ ավտոմոբիլի դիմացի ձախ մասում, վագոնի դեպքում` միջանցքում, խցերի մոտ, փակ հարթակում, իջեցման վայրից վագոնի հակառակ կողմը:

33. Տրանսպորտային միջոցներով կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ուղեկցորդման պահակախմբի պետը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ անհրաժեշտության դեպքում և եթե նման հնարավորություններ տրանսպորտային տվյալ միջոցը չունի, անվտանգության ապահովման առումով առավել անվտանգ վայրում կազմակերպում է կանգառ` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բնական կարիքները հոգալու նպատակով: Տվյալ դեպքում կալանավորված անձինք և դատապարտյալները հատուկ ավտոմոբիլից իջեցվում են մեկ-մեկ:

34. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խցերը փակվում են փականներով, որոնց բանալիները երթևեկության ընթացքում գտնվում են ուղեկցորդման պահակախմբի պետի կամ նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականի մոտ, խցերի փականների բանալիները չպետք է համընկնեն:

35. Արգելվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրում հատուկ ավտոմոբիլով գիշերային ժամերին, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում, ինչպես նաև անվտանգության և օպերատիվ նկատառումներով: Տվյալ դեպքում փոխադրումն իրականացվում է ուժեղացված տարբերակով:

36. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տրանսպորտային միջոց նստեցվում և իջեցվում են մեկ-մեկ, խուց ընդունող պահակակետի ծառայողի կողմից բարձրաձայն հաշվելով:

37. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների վագոնով ուղեկցորդման ընթացքում խցերի մոտ պահակակետ նշանակված ծառայողների փոխարինումը պահակակետերում իրականացվում է 2 ժամը մեկ անգամ: Ուղեկցորդման պահակախմբի պետը վագոնով ուղեկցորդման ընթացքում առնվազն 4 անգամ ստուգում է պահակակետերում ծառայության կատարման որակը, այդ մասին կատարելով գրառում պահակակետային ամփոփագրում:

38. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների օդանավով ուղեկցորդման ընթացքում պահակակետերը նշանակվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նստատեղին կից աջ և ձախ նստատեղերում: Նշված անձանց ուղեկցորդումը իրականացվում է ձեռնաշղթայով: Ձեռնաշղթաները հանվում են սննդի ընդունման և բնական կարիքները հոգալու ընթացքում:

39. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խափանման կամ վթարի դեպքում, երբ դրանց հետագա շահագործումը անհնարին է, ուղեկցորդման պահակախմբի պետը այդ մասին անհապաղ զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին և հետագայում գործում վերջիններիս ցուցումով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին այլ հատուկ ավտոմոբիլ կամ վագոն տեղափոխելիս միջոցներ է ձեռնարկում վերջիններս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու ուղղությամբ: Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի վթարի դեպքում պահակախմբի կողմից միջոցներ է ձեռնարկվում հնարավոր վիրավորների առաջին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

40. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի հրդեհի դեպքում հրդեհը առաջինը նկատած ծառայողը ձայնով կամ առկա ահազանգման համակարգով «հրդեհ» ազդանշան է տալիս, որի դեպքում ուղեկցորդման պահակախմբի պետի հրամանով ավտոմոբիլը կամ վագոնը անմիջապես կանգնեցվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհը մարելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին տարահանում ավտոմոբիլից կամ վագոնից` ապահովելով նրանց հուսալի պահպանությունը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհաշիջման, ինչպես նաև առկա փաստաթղթերի, զենք-զինամթերքի պահպանության և անվտանգության ապահովման համար: Միաժամանակ հրդեհի վերաբերյալ ուղեկցորդման պահակախմբի պետը զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին և հետագայում գործում նրա ցուցումով:

41. Պահակակետի, վագոնի կամ հատուկ ավտոմոբիլի վրա հարձակման դեպքում պահակակետի ծառայողը կամ ուղեկցորդման պահակախմբի պետը ձայնով կամ առկա ահազանգման միջոցներով ազդանշան է տալիս: Ուղեկցորդման պահակախմբի պետը գնահատելով իրավիճակը, միջոցներ է ձեռնարկում հարձակումը հետ մղելու, վիրավորվածներին առաջին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ: Միաժամանակ անձամբ կամ պահակախմբի մյուս ծառայողների միջոցով դեպքի և իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին, ինչպես նաև հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանություն:

42. Ուղեկցորդման ընթացքում դատապարտյալի կամ կալանավորված անձի առողջության վատթարացման դեպքում, երբ անհրաժեշտ է բժշկական միջամտություն, պահակախմբի պետը՝ անձամբ համոզվելով դրանում, որոշում է կայացնում տեղափոխել մոտակա բուժհաստատություն, իսկ անհնարինության դեպքում շտապօգնության կանչ է գրանցում, ավտոմոբիլը կայանում է առավել անվտանգ տարածքում և պահակախմբի կազմով անցնում ուժեղացված ծառայության: Այս մասին պահակախմբի պետը զեկուցում է Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության մոտակա քրեակատարողական հիմնարկից կամ ոստիկանության ստորաբաժանումից լրացուցիչ ուժեր խնդրում.

43. Բարձր ռիսկայնության դատապարտյալների կամ կալանավորված անձանց փոխադրումը իրականացվում է ձեռնաշղթաներով: Ձեռնաշղթաները կիրառվում են սույն կարգով սահմանված կարգով:

44. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով),ըստ ծառայողական անհրաժեշտության կապի, հատուկ և պաշտպանական միջոցներով:

45. Ուղեկցորդման պահակախմբի պետը պետք է ապահովված լինի ատրճանակով՝ 16 փամփուշտով (2 պահեստատուփ` 8-ական փամփուշտներով),ըստ անհրաժեշտության կապի, հատուկ և պաշտպանական միջոցներով:

46. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրում իրականացնելու նպատակով նշանակված պահակախումբը պետք է առնվազն ներառի`

1) հատուկ ավտոմոբիլով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական, վարորդ և ծառայող,

2) վագոնով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական և ծառայող,

3) օդանավով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական:

Ուղեկցորդման պահակախմբի թվաքանակը որոշվում է առաջադրված խնդրի ծավալից` կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակից ելնելով:

47. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդումների ժամանակ վերջիններիս համար օրենքով նախատեսված անջատ պահելու սկզբունքները պահպանվում են, եթե առկա են անվտանգության ապահովման, հնարավոր հանցագործության կամ այլ իրավախախտման կատարման, նախապատրաստման ռիսկեր:

48. Ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովման և/կամ օպերատիվ նկատառումներից ելնելով ուժեղացված տարբերակով ծառայությունն իրականացվում է Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համաձայնեցված, ըստ անհրաժեշտության համագործակցելով Ծառայության կենտրոնական մարմնի այլ ստորաբաժանումների հետ, նաև վերջիններիս անձնակազմերից ուղեկցորդմանն աջակցող պահակախումբ ձևավորելով:

49. Բաժնի ուղեկցող խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ոտքով ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի՝

1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.

2) ուղեկցորդման ճանապարհին որևէ իրի,առարկայի, գործիքի կամ նյութի տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն կամ ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.

3) այլ անձանց, այդ թվում՝ այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.

4) ուղեկցորդվողների առանց հրահանգի շարքից դուրս գալը, կամ շարքում ծխելը:

50. Ուղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երկուսից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը չորս ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը վեց ծառայող:

Բարձր ռիսկայնության կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է ձեռնաշղթայով, իսկ պահակախմբում ընդգրկված ծառայողների քանակը Բաժնի պետի կամ տեղակալի կողմից կարող է ավելացվել ըստ անհրաժեշտության:

Տրանսպորտային միջոցով ուղեկցորդման դեպքում կազմավորվում է պահակախումբ՝ նվազագույնը չորս ծառայողից:

51. Ուղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում՝ նաև կողքից: Պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահակախմբի պետը կամ նրա օգնականը տեղաշարժվում է խմբի վերջից:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

52. Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների Քրեակատարողական հիմնարկներից դեպի դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրումները և նշված վայրերում պահպանությունը իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի Ուղեկցումների բաժնի և/կամ Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան կառույցների գրությունների և/կամ որոշումների հիման վրա Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և/կամ Քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարություններով:

53. Դատապարտյալների համապատասխան Քրեակատարողական հիմնարկից ընդունումը, ուղեկցորդումը և հանձնումը իրականացվում է սույն կարգով նախատեսված կարգի համաձայն:

54. Ուղեկցորդումներն իրականացվում են նախօրոք մշակված երթուղիներով (Ձև 1, Ձև 2, Ձև 3), որը հաստատվում է Ուղեկցումների բաժնի պետի, իսկ Քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվելու դեպքում՝ համապատասխան Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Երթուղին պետք է լինի ամենակարճ և անվտանգ ճանապարհով, պետք է ներառի նաև պահեստային տարբերակ:

55. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` քրեակատարողական հիմնարկների, դատարանների և վարութային գործողությունների կատարման վայրերի միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:

56. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են դատարանների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

57. Դատապարտյալը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն (Ձև 8), որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև՝

1) դատարանի խցերը.

2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.

3) վարութային գործողությունների կատարման վայր.

4) բժշկական հաստատություններ:

58. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ վարութային գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:

59. Ուղեկցող պահակախումբն հիմնական տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի դատապարտյալին դատարան ներկայացնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:

60. Դատարան ժամանելով՝ պահակախմբի պետը նստավայրի պատասխանատուին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին, որից հետո դատապարտյալն ուղեկցվում է վերջինիս պահելու համար նախատեսված դատարանի խուցը: Նախքան դատապարտյալին խցում տեղավորելը, այն պարտադիր կերպով զննվում են:

61. Դատարանի դահլիճում կամ վարութային գործողությունների կատարման վայրերում դատապարտյալի պահպանությունը կազմակերպելու նպատակով ուղեկցող Ծառայության Ուղեկցումների բաժնի պետի /Քրեակատարողական հիմնարկի պետի/ կողմից հաստատվում է համապատասխան սխեմա (Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7): Ուղեկցող պահակախմբի ծառայողները դատարանի դահլիճում և/կամ վարութային գործողությունների կատարման վայրերում ծառայությունը կազմակերպում են համաձայն նշված սխեմայի: Պահակախմբի պետն ըստ անհրաժեշտության կարող է տեղում կատարել սխեմայի փոփոխություն, այդ մասին զեկուցելով սխեման հաստատող ղեկավարին:

62. Դատապարտյալը վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրվում է պայմանավորված ժամից առնվազն տասն րոպե շուտ, որից հետո պահակախմբի պետը նշված գործողությունները կատարող անձին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին և մինչև վարութային գործողությունների սկսումը դատապարտյալին պահում է կամ ավտոմեքենայում, կամ առավել անվտանգ տարածքում, որը նախօրոք զննվում է.

63. Վարութային գործողությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության նաև դատարաններ դատապարտյալներն ուղեկցվում են ձեռնաշղթաներով:

64. Վարութային գործողությունների իրականացման վայրում ուղեկցող պահակախմբի ծառայողները, ըստ անհրաժեշտության, կարող են գտնվել դատապարտյալների կողքին:

65. Շինություններում վարութային գործողություններ կատարելու ժամանակ դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի առնվազն մեկ ծառայող տեղաբաշխվում է շինության պատուհանի կամ դռան մոտ:

66. Դատապարտյալները դատական նիստերի դահլիճ որպես կանոն համապատասխան խցից բերվում են նիստը սկսվելուց անմիջապես առաջ և դուրս են բերվում դատական նիստի ավարտից անմիջապես հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ

 

67. Կալանավորված անձի և/կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որը զեկուցագրով ներկայացվում է Բաժնի պետին:

68. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից հանվում է այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև սննդի ընդունման կամ բնական պահանջների բավարարման ընթացքում, կյանքին վտանգ սպառնալու (հրդեհ, ջրհեղեղ և այլն), կալանավորված անձի կամ դատապարտյալի հանկարծակի հիվանդության դեպքերում:

69. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց՝ նաև կրծքավանդակին:

70. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:

71. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, նշանակվում է ծառայողական քննություն:

 

Ձև 1

(էջ 1)

 

ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

/տրանսպորտային միջոցով ուղեկցորդման/

 

«     » ________________ 20  թ.

 

1. Երթուղին__________________________________________________________________________

(նշել ընդունման-հանձնման կետերը)

____________________________________________________________________________________

 

2. Պահակախմբի կազմը

ա) պահակախմբի պետ

_______________________________________________________________

(Ա. Ա.)

 

բ) պահակախմբի պետի օգնական

_______________________________________________________________

(Ա. Ա.)

 

գ) պահակակետերի ծառայողներ

_______________________________________________________________

(Ա. Ա.)

 

Հ/Հ

Պահակակետի հերթական համարը

Պահակակետեր նշանակվող ծառայողների իրազեկումը

(Ա. Ա.)

ստորագրություն

       
       
       

3. Պահակախմբի հրահանգավորումը անցկացրեց

_______________________________________________________________________________

(Ա. Ա.)

 

4. _____________________________ բաժնի պետ ____________________________________

(Ա. Ա.)

 

(էջ 2)

 

5. Ուղեկցորդման ենթակա անձինք

 

Հ/Հ

(Ա.Ա.Հ.)

ծննդյան
տարեթիվ

քր. օր-ի
հոդվածը

ենթակա է մեկուսացման ուղեկցորդման
ընթացքում

         


Օրը,
ամիսը

ՔԿՀ-ի անվանումը

Մուտք

Ելք

       
       
       

 

6. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահակախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

7. Պահակակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Ձև 2

 

 «Հաստատում եմ»

 ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,

 _____________________________________

 «    » _______________ 20  թ.

 

Ուղեկցորդման երթուղի

 

Տրանսպորտային միջոց, վարորդ__________________________________

 

Պահակախմբի ծառայողների քանակը________________________________

 

Ծառայության սկիզբ______________ ավարտ________________________

 

Դատապարտյալների/
կալանավորված անձանց քանակը կոնկրետ երթուղով փոխադրելիս

Ելակետային ՔԿՀ-ի անվանումը, հասցեն, ելքի ժամը

Երթուղին ըստ մայրուղիների, փողոցների

Պահեստային երթուղին

Ընդունող ՔԿՀ-ի, դատարանի, վարութային գործողությունների կատարման վայրի անվանումը, հասցեն, տեղ հասնելու ժամը

Վերադարձի վայրից ելքի ժամը

ՔԿՀ մուտքի ժամը

             
             

Կազմեց՝ պահակախմբի պետ,

_______________________________________________

 

«    » _______________20  թ.

 

Ձև 3

 

 «Հաստատում եմ»

 ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,

 _____________________________________

 «    » _______________ 20  թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալներին և/կամ կալանավորված անձանց հատուկ ավտոմեքենայով փոխադրման/

 

Տրանսպորտային միջոց _______________________________________________________

Փոխադրվող անձանց քանակը _________________________________________________

 

Ուղեկցման ընթացքում
գործառույթ

Պաշտոն, կոչում, Ա.Ա.

Ստորագրություն

Վարորդ

   

Ավտոմեքենայի
սրահում
ծառայող

   
   
   

Ավտոմեքենայի
թափքում
ծառայող

   
   
   

Կազմեց՝ պահակախմբի պետ,

________________________________________________

«    » _______________20  թ.

 

Ձև 4

 

 «Հաստատում եմ»

 ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,

 _____________________________________

 «    » _______________ 20  թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի վարութային գործողությունների վայրերում պահպանության/

 

Վարութային գործողությունների վայրերում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ձեռնաշղթայով, համապատասխան աշխատասենյակի մուտքի դռան մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև շինության մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե շինության բակը չի պահպանվում կամ հսկվում, ինչպես նաև բաց տարածությունում վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

Դատապարտյալի Ա.Ա.Հ
_________________________
 

Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ.,
ստորագրություն

Նշումներ


Կողքին

     
   
   

Աշխատասենյակի մուտքի մոտ

     
   
   

Շինության մուտքի և/կամ
պատուհանների տակ

     
   
   

Հատուկ տրանսպորտային
միջոցի մոտ /վարորդ/

     
   
   

Կազմեց՝ պահակախմբի պետ,

______________________________________________

 

«    » _______________20  թ.

 

Ձև 5

 

 «Հաստատում եմ»

 ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,

 _____________________________________

 «    » _______________ 20  թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի դատարանի դահլիճում պահպանության/

 

Դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ըստ անհրաժեշտության ձեռնաշղթայով, խցի դռան մոտ, դահլիճի մուտքի մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև դատարանի շենքի մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե դատարանի բակը չի պահպանվում կամ հսկվում, ապա վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

Դատապարտյալի Ա.Ա.Հ
__________________________

Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ., ստորագրություն

Նշումներ


Կողքին կամ խցի դռան մոտ

     
   
   


Դահլիճի մուտքի մոտ

     
   
   

Դատարանի շենքի մուտքի և/կամ
պատուհանների տակ

     
   
   

Հատուկ տրանսպորտային
միջոցի մոտ /վարորդ/

     
   
   

Կազմեց՝ պահակախմբի պետ

 ____________________________________________

 

«    » _______________20  թ.

 

Ձև 6

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանության/

 

Ներմուծեք նկարագրությունը_22896

 

դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

Սույն սխեմատիկ պատկերի օրինակը կիրառելի է նաև վարութային այն գործողությունների ընթացքում, որոնք իրականացվում են աշխատասենյակներում, շենք-շինություններում, ըստ անհրաժեշտության օգտագործելով ձեռնաշղթա:

 

Ձև 7

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/բաց տարածքներում վարութային գործողություններ կատարելիս դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

Ներմուծեք նկարագրությունը_22897

 

Բաց տարածքում դատապարտյալի ուղեկցորդումն ու պահպանությունը իրականացնելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին:

 

Ձև 8

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետիոտնային ուղեկցման/

 

Ներմուծեք նկարագրությունը_22898

 

Մեկ դատապարտյալի կամ կալանավորված անձի ուղեկցելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին, իսկ երկու դատապարտյալի կամ կալանավորված անձի դեպքում՝ ձեռնաշղթան հագցնում է համապատասխանաբար երկուսի ձեռքերին: Նույն սկզբունքով ձեռնաշղթան կիրառվում է երեք և ավելի անձանց ուղեկցելիս:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական: