Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.06.2023-11.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.16/20(623) Հոդ.162
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.06.2018
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հունիսի 2018 թ.

ք. Երևան

N 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՎՈՎ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ, ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՆՎԱԳԱԽՄԲԵՐՈՒՄ, ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ, 1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ, ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ, «ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.07.19 N 7-Ն, 12.12.19 N 12-Ն, փոփ. 09.07.20 N 5-Ն)

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներով

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել`

1) հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու կարգը` համաձայն հավելված 1-ի,

2) հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը վիճակահանությամբ իրականացնելու կարգը` համաձայն հավելված 2-ի,

3) զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 3-ի,

4) զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 4-ի,

5) գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 5-ի,

6) արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 6-ի,

7) 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 7-ի,

8) մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 8-ի,

9) «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 9-ի:

(1-ին կետը լրաց. 01.07.19 N 7-Ն, 12.12.19 N 12-Ն, փոփ. 09.07.20 N 5-Ն)

2. Սույն հրամանի 1-ին կետում սահմանված վիճակահանության և ընտրության մրցույթների գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել`

1) հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

ա. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ).

բ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ երեք ներկայացուցիչ.

գ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.

2) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

ա. 14746 զորամասի հրամանատար (հանձնաժողովի նախագահ),

բ. պատվո պահակային վաշտի հրամանատար,

գ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.

դ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.

ե. զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.

3) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին գլխավոր շտաբի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. գլխավոր շտաբի երգի և պարի համույթից` երկու ներկայացուցիչ,

գ. «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից` մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

դ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

4) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. ռազմանվագախմբային ծառայությունից` մեկ ներկայացուցիչ,

գ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.

դ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

ե. Հայաստանի կոմպոզիտորների միությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

5) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. կապի և ավտոմատ կառավարման համակարգերի (այսուհետ՝ կապի և ԱԿՀ) վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. կապի և ԱԿՀ վարչության ավտոմատ կառավարման համակարգերի բաժնից՝ երկու ներկայացուցիչ,,

գ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,

դ. գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունից՝ երկու ներկայացուցիչ,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից` մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

զ. «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության բաժանմունքի պետ,

6) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ, հանձնաժողովի նախագահ),

բ. գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակա),

գ. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ, համաձայնությամբ),

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի երկու խորհրդական (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ),

ե. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության տեխնիկական միջոցների ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,

է. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,

ը. գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,

թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից՝ մեկ ներկայացուցիչ,

ժ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

ժա. FAST հիմնադրամից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

ժբ. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ),

ժգ. «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» հիմնադրամի ղեկավար մարմնից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտի պատասխանատու ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտի պատասխանատու ստորաբաժանումից` մեկ ներկայացուցիչ,

գ. բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ,

դ. սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում պետական լիազոր մարմնի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

ե. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից` մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

8) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. Պաշտպանության նախարարի տեղակալ (Պաշտպանության նախարարի որոշմամբ, հանձնաժողովի նախագահ),

բ. Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ,

գ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի պետ,

դ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

զ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ):

(2-րդ կետը փոփ., խմբ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 01.07.19 N 7-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.19 N 12-Ն, փոփ., խմբ. 09.07.20 N 5-Ն, խմբ. 07.06.23 N 3-Ն)

3. Սույն հրամանի 2-րդ կետում նշված հանձնաժողովների նախագահներին` օրենքով սահմանված կարգով համապատասխան զորակոչի հայտարարման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իմ հաստատմանը ներկայացնել հանձնաժողովների անհատական կազմերը:

4. Սահմանել, որ 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովի նախագահը՝

1) 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու ընտրության գործընթացի շրջանակներում կազմավորվում է թեստավորման ենթահանձնաժողով և մասնագիտական հետևյալ ենթահանձնաժողովները.

ա. ֆիզիկայի,

բ. ռադիոֆիզիկայի,

գ. ռադիոտեխնիկայի,

դ. նյութաբանության և քիմիայի,

ե. ավտոմատացված կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների,

զ. ռոբոտատեխնիկայի,

է. անօդաչու թռչող սարքերի,

ը. մեքենաշինության,

թ. օպտոէլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի,

ժ. տվյալների ճարտարագիտության,

ժա. մեքենայական ուսուցման,

ժբ. տվյալների վերլուծության և վիճակագրության,

2) թեստավորման ենթահանձնաժողովում ընդգրկում է.

ա. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ,

բ. «Գիտելիքի և հմտությունների գնահատման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ երկու մասնագետ,

3) մասնագիտական ենթահանձնաժողովները ձևավորում է 3-ից 5 անդամով՝ Երևանի պետական համալսարանի չորս, Հայկական պոլիտեխնիկական համալսարանի վեց, ՉՀԳ և «ԿՄԳՀԻ» ՓԲԸ-ների երկուական, Հայ-ռուսական «Սլավոնական», Հայ-ամերիկյան ու մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների, «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ների, «Արագած», «Ֆերոն», «Լազերային տեխնիկա», «ԵրՄՄԳՀԻ», «65 ռազմական գործարան», «ԼՏ Պիրկալ», «Լոկատոր», «Սատուրն ԱԿԻԱ», «Վ-գեյթ» ընկերությունների, ՀԱՊՀ ԱԹՍ լաբորատորիայի մեկական ներկայացուցիչներից:

(4-րդ կետը խմբ. 28.12.18 N 17-Ն, 01.07.19 N 7-Ն, 12.12.19 N 12-Ն, փոփ., խմբ. 09.07.20 N 5-Ն)

5. Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին՝

ապահովել սույն հրամանի պահանջների համաձայն զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման և անհրաժեշտ դիմումների ընդունման գործընթացը:

(5-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

 

ՀՀ պաշտպանության նախարար

Դ. Տոնոյան

 

 

Հավելված N 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՎՈՎ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում (այսուհետ՝ զորակոչ) Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին (այսուհետ՝ զորակոչված զինծառայողներ) ներկայացնում են Հանրապետական հավաքակայան: Հանրապետական հավաքակայանում զորակոչված զինծառայողներին օրենքի և սույն հրամանի պահանջների համաձայն նախորոշված ծառայության վայրեր տեղափոխելու աշխատանքներն իրականացնում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և ուղեկցող անձնակազմը:

(1-ին կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչված զինծառայողներին ծառայության վայրեր նշանակման վիճակահանությունը կազմակերպվում է օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև սույն հրամանի համաձայն համապատասխան ծառայության վայրեր նշանակելու ընտրության մրցույթների արդյունքների հիման վրա՝ սույն հրամանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հավելվածներում սահմանված կարգով: Ընդ որում՝

1) օրենքով սահմանված կարգով պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունում զինվորական մասնագիտական կրթություն ստացած զորակոչված զինծառայողների ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն իրականացվում է յուրաքանչյուր զինվորական մասնագիտության համար առանձին,

2) ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար ուսումնական զորամասեր ուղարկվելու համար ընտրված զորակոչված զինծառայողների վիճակահանությունն իրականացվում է՝ հաշվի առնելով զորակոչիկի ստացած կրթությունը,

3) եթե նույն օրվա դրությամբ զորակոչվել են երկու եղբայր և նրանք ցանկություն ունեն ծառայության նշանակվել միևնույն զորամասում, ապա վիճակահանությանը մասնակցում է եղբայրներից միայն մեկը,

4) եթե զորակոչված զինծառայողն ունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր, որի ծառայության մեջ գտնվելու ժամկետը չի գերազանցում 17 ամիսը կամ զորակոչված զինծառայողը բավարարում է եղբոր ծառայության վայրի զորամասում ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները, ապա կարող է իր ցանկությամբ ծառայության նշանակվել եղբոր ծառայության վայրի զորամասում՝ չմասնակցելով վիճակահանությանը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը,

7) տվյալ զորակոչի շրջանակներում սպայական կամ սերժանտական դասընթացներ կազմակերպված լինելու դեպքում՝ համապատասխան դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած և համապատասխան դասընթաց անցնելու համար ընտրված զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը:

(2-րդ կետը փոփ., լրաց. 12.12.19 N 12-Ն)

3. Վիճակահանության հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վիճակահանությունն իրականացնելու նպատակով վիճակահանության հանձնաժողովի կողմից պատրաստվում են տվյալ օրվա դրությամբ համալրման ենթակա զորամասերի պայմանական համարներով թերթիկներ (այսուհետ՝ վիճակահանության թերթիկ), որոնք կնքվում են գլխավոր շտաբի կնիքով, ծալվում են և մետաղյա ամրակով ամրացվում այնպես, որպեսզի զորամասի պայմանական համարը չերևա, որից հետո դրանք լցվում են (զորամասերի ընդհանուր համալրման և սույն հրամանով սահմանված ծառայության համապատասխան վայրերի ընտրության) վիճակահանության թմբուկներում:

4. Վիճակահանությանը մասնակցելու նպատակով զորակոչված զինծառայողները ներկայացվում են վիճակահանության դահլիճ, որտեղ հերթով մոտենում են իրենց կարգավիճակին համապատասխանող (զորամասերի ընդհանուր համալրման և սույն հրամանով սահմանված ծառայության համապատասխան վայրերի ընտրության) թմբուկին և վիճակահանության հանձնաժողովի ներկայությամբ թմբուկից հանում վիճակահանության մեկ թերթիկ, բացում և բարձրաձայն կարդում են վիճակահանության թերթիկում նշված զորամասի պայմանական համարը, որից հետո այն տալիս են հանձնաժողովի անդամին: Ստացված վիճակահանության թերթիկի հիման վրա հանձնաժողովի անդամը տվյալ զորակոչված զինծառայողի վիճակահանության թերթիկում գրառում է զորակոչված զորակոչիկի անունը, հայրանունը, ազգանունը և զինկոմիսարիատը, վիճակահանության հանձնաժողովի պատասխանատուն կնքում և ստորագրում է վիճակահանության թերթիկը, որից հետո զորակոչված զինծառայողը ստորագրում է վիճակահանության թերթիկի համապատասխան տողում և դուրս գալիս վիճակահանության դահլիճից:

5. Վիճակահանության արդյունքների վերաբերյալ վիճակահանության հանձնաժողովի կողմից կազմվում են արձանագրություններ, որոնք վիճակահանության հանձնաժողովի ԷՀՄ տեխնիկ-օպերատորի կողմից մուտքագրվում են համակարգչում առկա զորակոչված զինծառայողների անձնական տվյալներում: Վիճակահանության գործընթացը տեսաձայնագրվում և պահվում է էլեկտրոնային կրիչների վրա:

6. Զորակոչված զինծառայողների կողմից վիճակահանության թմբուկներից հանված վիճակահանության թերթիկները վիճակահանության հանձնաժողովի կողմից տվյալ օրվա վերջում արձանագրվում են որպես տվյալ օրվա դրությամբ օգտագործված վիճակահանության թերթիկներ, և հանձնվում գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության գաղտնի մաս` պահպանության:

(6-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 12.12.19 N 12-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայտարարված պահեստազորի առաջին խմբի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում (այսուհետ՝ զորակոչ) Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին (այսուհետ՝ զորակոչված սպաներ) ներկայացնում են Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Զորակոչված սպաներին՝ օրենքի պահանջների համաձայն և վիճակահանության արդյունքներով նախորոշված ծառայության վայրեր մեկնելու նպատակով, Պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության (այսուհետ՝ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն) կողմից տրվում են կարգադրագրեր՝ 3-օրյա ժամկետում նախորոշված ծառայության վայր ներկայանալու համար:

(1-ին կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչված սպաներին ծառայության վայրեր նշանակման վիճակահանությունը կազմակերպվում է օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները հաշվի առնելով՝ Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ստեղծված պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ մանդատային հանձնաժողով): Մանդատային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

3. Վիճակահանությունն իրականացվում է ըստ հոսպիտալային օղակի և զորամասային օղակի համալրման հերթականությամբ: Ընդ որում, ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող զորակոչված սպաների վիճակահանությունն իրականացվում է առանձին՝ ըստ գիտական մասնագիտացման, իսկ հոսպիտալային օղակի համալրման ենթակա հաստիքների վիճակահանությանը մասնակցում են այն զորակոչված սպաները, ովքեր ունեն այդ հաստիքների համար սահմանված մասնագիտացմանը համապատասխանող մասնագիտացում:

4. Համալրման ենթակա բոլոր թափուր հաստիքների անվանումներով, ըստ դրանց համար սահմանված մասնագիտացման, պատրաստվում են փակ ծրարներ՝ ամրացված մետաղյա ամրակով և կնքված կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կնիքով: Յուրաքանչյուր ծրար պարունակում է համալրման ենթակա մեկ զորամասի պայմանական համարը պարունակող ծալված թերթիկ (այսուհետ՝ վիճակահանության թերթիկ):

(4-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

5. Ըստ մասնագիտացումների համալրման ենթակա տեղերի և ըստ մասնագիտացումների առկա զորակոչված սպաների հարաբերակցությունը պահպանելու համար տվյալ մասնագիտացմամբ վիճակահանությանը մասնակցում են այդպիսի մասնագիտացում ունեցող բոլոր զորակոչված սպաները, որի նպատակով ավելացվում են վիճակահանության դատարկ ծրարներ: Այդպիսի ծրարներ ընտրած զորակոչված սպաները այնուհետև մասնակցում են զորամասերի բուժկետերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը:

6. Ըստ մասնագիտացումների հոսպիտալային համակարգի թափուր պաշտոնների պահանջարկը համալրվելու դեպքում համապատասխան մասնագիտացումներով զորակոչված սպաները մասնակցում են զորամասերի բուժկետերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը:

7. Վիճակահանությանը մասնակցելու նպատակով զորակոչված սպաները ներկայանում են վիճակահանության դահլիճ, որտեղ հերթով, ըստ մասնագիտացումների, մոտենում են ծրարների սեղանին և պատահականության սկզբունքով վերցնում տվյալ մասնագիտացման ծրարների խմբից մեկ ծրար, բացում և բարձրաձայն կարդում են վիճակահանության թերթիկում նշված զորամասի պայմանական համարը, ստորագրում վիճակահանության թերթիկի վրա և այն տալիս հանձնաժողովի քարտուղարին:

8. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից: Մանդատային հանձնաժողովի արձանագրությունն ուղարկվում է կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն: Տվյալ զորակոչված սպայի կողմից բացված վիճակահանության ծրարը կցվում է նրա անձնական գործին:

(8-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

(հավելվածը փոփ. 12.12.19 N 12-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է պատվո պահակային վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա դիտումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիտումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառում և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները՝ սույն կարգի 5-րդ կետում նախատեսված տեղեկատվությամբ հանդերձ, դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են հանձնաժողովի նախագահին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:

(2-րդ կետը լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

3. Հանձնաժողովի կողմից ընտրություն կատարելիս հիմք են ընդունվում զորակոչիկի միաժամանակյա համապատասխանությունը հետևյալ պայմաններին.

1) հասակը` 180-ից 190սմ,

2) դեմքի և մարմնի երևացող այլ մասերի վրա դաջվածքների և սպիների բացակայություն,

3) մարմնի զանգվածի և հասակի կանոնավոր հարաբերակցություն,

4) դեմքի գեղեցիկ և համաչափ դիմագծեր,

5) առանց որևէ շտկման և ճիշտ գունային զգացողությամբ տեսողություն,

6) ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման լսողություն:

4. Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(4-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն)

5. Հանձնաժողովի կողմից չեն կարող ընտրվել սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմանները բավարարող, սակայն դատվածություն ունեցող կամ հոգենևրոլոգիական կամ նարկոլոգիական կամ մաշկավեներոլոգիական դիսպանսերներում հաշվառված կամ սահմանափակումով զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները, ինչպես նաև միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկի տվյալները չեն բավարարում սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմաններին կամ այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում պատվո պահակային վաշտում, սակայն զորակոչիկի տվյալները չեն բավարարում սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմաններին:

(5-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն)

6. Զորակոչիկները դիտումներին մասնակցում են անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից դիտումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

7. Դիտումներն անցկացվում են 14746 զորամասում՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Դիտումների ընթացքը տեսաձայնագրվում է:

(7-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, 12.12.19 N 12-Ն)

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկի վրա սույն կարգի 3-րդ կետում նշված յուրաքանչյուր պայմանի դիմաց «Համապատասխանում է պայմանին» կամ «Չի համապատասխանում պայմանին» գրառում կատարելու և ստորագրելու միջոցով: Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված են համարվում այն զորակոչիկները, որոնց գնահատման ձևաթերթիկում բոլոր պայմանների դիմաց հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են «Համապատասխանում է պայմանին» գրառումը և ստորագրել են:

9. Հանձնաժողովի կողմից պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով դիտումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր դիտում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է դիտումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:

(9-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն)

10. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

(10-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

11. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկները մասնակցում են վաշտի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը, ընդ որում

1) եթե ընտրված զորակոչիկների թիվը համապատասխանում է պատվո պահակային վաշտի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված պատվո պահակային վաշտում,

2) եթե ընտրված զորակոչիկների թիվն ավել է պատվո պահակային վաշտի թափուր հաստիքների քանակից, ապա պատվո պահակային վաշտի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է պատվո պահակային վաշտի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

(11-րդ կետը խմբ. 28.12.18 N 17-Ն)

12. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

13. Զինվորական ծառայության ընթացքում պատվո պահակային վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(13-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 28.12.18 N 17-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

 

 

 

Հավելված N 4

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. Զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է երգի և պարի համույթում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա դիտումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիտումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառում ըստ անհրաժեշտ երգարվեստի և պարային մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են զինված ուժերի երգի և պարի համույթի ղեկավարին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:

(2-րդ կետը լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

3. Զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն)

4. Զորակոչիկները դիտումներին մասնակցում են անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից դիտումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

5. Դիտումներն անցկացվում են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում` ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Դիտումների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է:

(5-րդ կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

6. Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի պետի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկով: Հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր մասնակցի համար գումարվում են և բաժանվում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների թվին, որի արդյունքով ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի միջին թվաբանական գնահատականը:

(7-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

8. Զորակոչիկների կատարողական վարպետության գնահատումն իրականացվում է բալային համակարգով` բաղկացած հետևյալ հիմնական մասերից (յուրաքանչյուրն առավելագույնը 20 բալ).

1) դասական պար,

2) հայկական ժողովրդական պար,

3) այլ ժողովրդական պարեր,

4) պարարվեստում օգտագործվող ուժային շարժումներ,

5) ռիթմիկա (ռիթմի ընկալում):

9. Յուրաքանչյուր մասնակցի գնահատականը հաշվարկվում և հայտարարվում է տեղում: «Գերազանց» գնահատվում է 85 և ավելի բալը, «Լավ»` 70-84 բալը, իսկ մինչև 70 բալը գնահատվում է «Անբավարար»: «Անբավարար» գնահատական ստացած զորակոչիկներն իրավունք չեն ստանում մասնակցելու զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով անցկացվող վիճակահանությանը և նրանց ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված կարգով` ընդհանուր վիճակահանության շրջանակում: Զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել դիտումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում զինված ուժերի երգի և պարի համույթում, սակայն զորակոչիկը չի մասնակցել դիտումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական:

(9-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն)

10. Դիտումների արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացման ժամկետներ են սահմանվում դիտումների օրվան հաջորդող աշխատանքային 3-օրյա ժամկետը, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետը: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է: Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով լսումների վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր լսում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է լսումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով: 

(10-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն)

11. Զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների համալրման վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

(11-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

12. Զինված ուժերի երգի և պարի համույթում յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են «Գերազանց» գնահատական ստացած զորակոչիկները, ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ`

1) «Գերազանց»` գնահատական ստացածների թիվը համապատասխանում է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված զինված ուժերի երգի և պարի համույթում,

2) եթե «Գերազանց» գնահատական ստացածների թիվն ավել է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից, ապա երգի և պարի համույթի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է զինված ուժերի երգի և պարի համույթի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը,

3) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված «Գերազանց» գնահատական ստացածների թիվը զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից պակաս լինելու դեպքում` չհամալրված հաստիքների մասով, ինչպես նաև եթե «Գերազանց» գնահատական չի ստացել ոչ մի զորակոչիկ, ապա երգի և պարի համույթի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են նաև «Լավ» գնահատական ստացածները: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվը համապատասխանում է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա վիճակահանության արկղում ներառվում են միայն համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվն ավել է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից, ապա վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված են համապատասխան հաստիքները, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

(12-րդ կետը փոփ., լրաց. 28.12.18 N 17-Ն)

13. Զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

14. Զինվորական ծառայության ընթացքում զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(14-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 28.12.18 N 17-Ն, 12.12.19 N 12-Ն)

 

 

 

Հավելված N 5

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՆՎԱԳԱԽՄԲԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

2. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու ընտրությանը մասնակցում են երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետները: Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է լսումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են լսումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են լսումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառվում` ըստ անհրաժեշտ երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները լսումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:

(2-րդ կետը լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

3. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն)

4. Զորակոչիկները լսումներին մասնակցում են իրենց երաժշտական փողային կամ հարվածային գործիքներով, իրենց կողմից կատարվող ստեղծագործությունների հրատարակված նոտաներով և անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից լսումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

5. Լսումները անցկացվում են 14746 զորամասում` գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի մեծ փորձասենյակում՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Լսումների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է:

(5-րդ կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

6. Լսումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Լսումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև լսումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի պետի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկով: Հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր մասնակցի համար գումարվում են և բաժանվում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների թվին, որի արդյունքով ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի միջին թվաբանական գնահատականը:

(7-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն)

8. Զորակոչիկների գնահատումն իրականացվում է բալային համակարգով` բաղկացած հետևյալ հիմնական մասերից (յուրաքանչյուրն առավելագույնը 20 բալ).

1) երաժշտական փողային գործիքների տիրապետող մասնագետների համար՝

ա. գամմաներ (մինչև 4 նշան, զուգահեռ` մաժոր և մինոր), արպեջիոներ իրենց շրջվածքներով (3/5, 4/6 և 7 ակորդներ),

բ. երկու տարաբնույթ էտյուդ,

գ. երկու տարաբնույթ պիես,

դ. անծանոթ նոտային տեքստի ընթերցում,

ե. երաժշտության տեսական գիտելիքների ստուգում.

2) երաժշտական հարվածային գործիքների տիրապետող մասնագետների համար՝

ա. երկու էտյուդ,

բ. երկու տարաբնույթ պիես,

գ. անծանոթ նոտային տեքստի (ռիթմիկ պատկերներ) ընթերցում,

դ. երկակի և եռակի հարվածների կատարում առանձին ձեռքերով, աստիճանաբար արագացնելով հասցնել տրեմոլո, մանր և խոշոր տրեմոլոյի կատարում` դինամիկ աստիճանավորումներով (p, f, ppp crescendo fff diminuendo ppp, fff diminuendo ppp crescendo fff),

ե. երաժշտական տարրական տեսության գիտելիքների ստուգում:

9. Կատարումների գնահատման ժամանակ հաշվի են առնվում ձայնի որակը, շտրիխների և դինամիկայի տիրապետման աստիճանը, ինչպես նաև ստեղծագործության գեղարվեստական բովանդակության բացահայտումը:

10. Զորակոչիկի գնահատականը հաշվարկվում և հայտարարվում է տեղում: (նախադասությունը հանվել է 12.12.19 N 12-Ն): Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությանը մասնակցում են միայն «Գերազանց» և/կամ «Լավ» գնահատական ստացած զորակոչիկները: «Անբավարար» գնահատական ստացած զորակոչիկների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է ընդհանուր վիճակահանության շրջանակում: Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել լսումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում կամ զորամասերի նվագախմբերում, սակայն զորակոչիկը չի մասնակցել լսումներին կամ ստացել է «Անբավարար» գնահատական:

(10-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, փոփ. 12.12.19 N 12-Ն)

11. Լսումների արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացվում են լսումների օրվան հաջորդող աշխատանքային 3-օրյա ժամկետում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է: Ընտրությանը մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով լսումների վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր լսում չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է լսումների տեսաձայնագրության ուսումնասիրության արդյունքներով:

(11-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն)

12. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

(12-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն) 

13. Հաշվի առնելով երաժշտական գործիքների հարակից համատեղելիությունը, ներքոհիշյալ երաժշտական փողային գործիքների տիրապետող երաժիշտ մասնագետները թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են նաև`

1) գալարափողահարը` որպես ալտահար և հակառակը,

2) տրոմբոնահարը` որպես տենորահար կամ բարիտոնահար կամ էս տուբահար,

3) ալտ սաքսոֆոնահարը` որպես կլարնետահար կամ ալտահար կամ գալարափողահար,

4) տենոր սաքսոֆոնահարը` որպես տենորահար կամ բարիտոնահար:

(13-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն)

14. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են «Գերազանց» գնահատական ստացած զորակոչիկները, իսկ զորամասերի նվագախմբերի յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը` «Լավ» գնահատական ստացած զորակոչիկները: Ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ`

1) «Գերազանց» գնահատական ստացածների թիվը համապատասխանում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում,

2) եթե «Գերազանց» գնահատական ստացածների թիվն ավել է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների քանակից, ապա գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկներն առանձին, մինչև «Լավ» գնահատական ստացածների վիճակահանության կազմակերպումը, մասնակցում են զորամասերի նվագախմբերում թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը,

3) (նախադասությունը հանվել է 12.12.19 N 12-Ն): «Լավ» գնահատական ստացածների թիվը համապատասխանում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա վիճակահանության արկղում ներառվում են միայն համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվն ավել է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների քանակից, ապա վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված են համապատասխան հաստիքները, իսկ մնացած թերթիկներն առանց որևէ նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

(14-րդ կետը փոփ., լրաց. 28.12.18 N 17-Ն, փոփ. 12.12.19 N 12-Ն)

15. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

16. Զինվորական ծառայության ընթացքում շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(16-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 28.12.18 N 17-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.12.19 N 12-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

 ԿԱՐԳ

 

ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը լրաց. 12.12.19 N 12-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է հայտարարված զորակոչի ընթացքում զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների մշակումների և բարձր տեխնոլոգիաների մշակումների մասնագետների (այսուհետ` զորակոչիկներ)՝ արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

(1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

1.1. Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամի մասին, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին մասնակցել ցանկացող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել atmk.mil.am կայքում, որի մասին տեղեկացնում են նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են կապի և ԱԿՀ վարչության պետին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:

(2-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

3. Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն)

4. Զորակոչիկը մրցույթին մասնակցում է անձը հաստատող փաստաթղթով, առկայության դեպքում իր մոտ ունենալով` աշխատանքային կրճատ գործունեությունը (ռեզյումե), և այլ հավելյալ փաստաթղթեր (ատեստատ և (կամ) դիպլոմ, հավաստագրեր), ինչպես նաև տեղեկանք տարածքային զինկոմիսարիատից, որտեղ նշված լինի զորակոչիկի պիտանիությունը զինվորական ծառայությանը (եթե ունի սահմանափակումներ, ապա բոլոր հոդվածների նշումով), ռազմաուսումնական հաստատությունների դիմորդ և պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում դասընթացներ ավարտած չլինելու հանգամանքները,

(4-րդ կետը լրաց. 09.07.20 N 5-Ն)

5. (նախադասությունը հանվել է 12.12.19 N 12-Ն): Մրցույթին կարող են ներկա գտնվել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև մրցույթը սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

(5-րդ կետը փոփ. 12.12.19 N 12-Ն) 

6. Մրցույթի արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացվում են մրցույթի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է: Մրցույթին մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով մրցույթի վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին: Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում:

(6-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, խմբ. 12.12.19 N 12-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 12.12.19 N 12-Ն)

8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցած զորակոչիկները համարվում են որակավորված` հետևյալ մասնագիտություններից.

1) ծրագրավորում,

2) կիբեռանվտանգություն,

3) ցանցային/համակարգային ադմինիստրացիա:

(8-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն)

9. Առաջին փուլում մասնակիցների գնահատականը որոշվում է համապատասխան մասնագիտական հարցերից բաղկացած գրավոր թեստի միջոցով: Թեստը բաղկացած է յուրաքանչյուր մասնագիտությունից 30 հարցից, յուրաքանչյուր հարց գնահատվում է 1 միավոր, հարցերը պարունակում են հետևյալ թեմաները.

1) ծրագրավորում`

ա. ծրագրավորման լեզվի իմացություն` 21 հարց.

բ. օբյեկտային կողմնորոշված ծրագրավորում (OOP)` 9 հարց.

2) կիբեռանվտանգություն`

ա. վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)` 10 հարց.

բ. ցանցային անվտանգություն` 10 հարց.

գ. կրիպտոգրաֆիա՝ 10 հարց.

3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա`

ա. օպերացիոն համակարգեր՝ 10 հարց.

բ. երթուղիչների և կոմուտատորների աշխատանք՝ 10 հարց։

(9-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն)

10. Առաջին փուլի արդյունքներով՝

1) 23 և ավելի միավոր հավաքած զորակոչիկներն անցնում են որակավորման երկրորդ փուլ.

2) 16-ից 22 միավորը ներառյալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ, նրանք մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը, իսկ առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը.

3) 16-ից ցածր միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «A» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ, նրանք մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

(10-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն, լրաց. 09.07.20 N 5-Ն)

11. Երկրորդ փուլում յուրաքանչյուր մասնագիտության համար զորակոչիկը գնահատվում է համապատասխան թեմաների համար սահմանված գնահատման սանդղակով։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է ըստ մասնագիտությունների բոլոր թեմաներով նշանակված և համապատասխան գործակցով հաշվարկված գնահատականների գումարով: Երկրորդ փուլում զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է համապատասխան մասնագիտության գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանական գումարով: Երկրորդ փուլում զորակոչիկը գնահատվում է 10-բալանոց գնահատման սանդղակով, յուրաքանչյուր մասնագիտությամբ՝ առավելագույնը 10 միավոր՝ ըստ հետևյալ թեմաների.

1) ծրագրավորում`

ա. ծրագրավորման լեզվի իմացություն՝ 0.15 գործակից.

բ. օբյեկտ-կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)՝ 0.15 գործակից.

գ. ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ՝ 0.1 գործակից.

դ. ցանցային ծրագրերի նախագծում (Client Server architecture)՝ 0.1 գործակից.

ե. տվյալների բազա՝ 0.1 գործակից.

զ. օպերացիոն համակարգեր և զուգահեռ ծրագրավորում (OS, Multithreading)` 0.1 գործակից.

է. նախագծման կաղապարներ (Design Patterns)՝ 0.1 գործակից.

ը. գործնական հմտություններ՝ 0.2 գործակից.

2) կիբեռանվտանգություն`

ա. վեբխոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)՝ 0.3 գործակից.

բ. գաղտնագրություն՝ 0.15 գործակից.

գ. ցանցային անվտանգություն՝ 0.3 գործակից.

դ. գործնական հմտություններ՝ 0.25 գործակից.

3) ցանցային/համակարգային ադմինիստրացիա`

ա. վիրտուալիզացիայի համակարգեր՝ 0.2 գործակից.

բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր՝ 0.1 գործակից.

գ. օպերացիոն համակարգեր՝ 0.15 գործակից.

դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանք՝ 0.2 գործակից.

ե. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն)՝ 0.15 գործակից.

զ. գործնական հմտություններ՝ 0.2 գործակից։

(11-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն)

12. Երկրորդ փուլի գնահատման արդյունքում՝

1) 8 և ավելի բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ.

2) 6-ից մինչև 8 բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B+» կարգ,

3) 6-ից ցածր բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։

(12-րդ կետը խմբ. 12.12.19 N 12-Ն, 09.07.20 N 5-Ն)

13. Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում։ Որակավորման «B+» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված 1991 ստորաբաժանման ուսումնական խմբում։ «B» կարգի որակավորում ստացած զորակոչիկները մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը: Առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը: Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ կամ սույն կետում սահմանված կարգով ծառայության չի նշանակվել Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ կամ սույն կետում սահմանված կարգով ծառայության չի նշանակվել Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում: 

(13-րդ կետը խմբ. 28.12.18 N 17-Ն, 12.12.19 N 12-Ն, խմբ., փոփ. 09.07.20 N 5-Ն)

13.1. Որակավորման «B+» կարգ ստացած զորակոչիկները 1991 ստորաբաժանման ուսումնական խմբում ծառայության են նշանակվում 3 ամիս ժամկետով, այդ ժամկետը լրանալուց հետո մասնակցում են Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբի ընտրության հանձնաժողովի կողմից կրկնակի կազմակերպվող՝ սույն կարգի 11-րդ կետով սահմանված գնահատմանը, որի արդյունքներով 8 և ավելի բալ հավաքելու դեպքում ստանում են որակավորման «C» կարգ և ծառայության նշանակվում Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, իսկ 8-ից ցածր բալ հավաքած, ինչպես նաև գնահատմանը մասնակցելուց հրաժարված զինծառայողները տեղափոխվում են ծառայության այլ վայր (զորամաս)՝ հնարավորության դեպքում նշանակվելով իրենց մասնագիտացումներին համապատասխանող զինվորական պաշտոնի։

(13-րդ կետը լրաց. 09.07.20 N 5-Ն)

14. Զինվորական ծառայության ընթացքում արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(14-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 28.12.18 N 17-Ն, 12.12.19 N 12-Ն, 09.07.20 N 5-Ն)

 

 

 

Հավելված N 7

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 09.07.20 N 5-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

(1-ին կետը փոփ. 09.07.20 N 5-Ն)

1.1. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է 1991 ստորաբաժանումում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում՝ ըստ 1991 ստորաբաժանման գիտական և արհեստական բանականության խմբերի:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն, փոփ., լրաց. 09.07.20 N 5-Ն)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամկետի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է 1991.mil.am կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող զորակոչիկները, որոնք կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել 1991.mil.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը, որի մասին տեղեկացնում են նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին: Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան կրթական ծրագրով ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1991.mil.am կայքում գրանցված լինելու դեպքում՝ նաև սույն կետով նախատեսված այլ փաստաթղթերը: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:

(2-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն, փոփ. 09.07.20 N 5-Ն)

3. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, լրաց. 12.12.19 N 12-Ն, փոփ. 09.07.20 N 5-Ն)

4. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերին, դիտորդի կարգավիճակով, կարող են ներկա լինել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, բայց ոչ ավելի, քան 2 անձ՝ մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի մասով, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և/կամ լրատվամիջոցներից: Մրցութային հանձնաժողովի և ենթահանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի և/կամ ենթահանձնաժողովների անդամների կեսից ավելին:

5. Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում:

(5-րդ կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

6. Մրցույթի 1-ին փուլ. ընդհանուր մաթեմատիկա և տրամաբանություն թեստ, գրավոր (20 հարց՝ որից 10 հարցն ընդհանուր մաթեմատիկայից, 10 հարցը՝ տրամաբանությունից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր), որն անցկացնում է թեստավորման ենթահանձնաժողովը։ Թեստի գնահատման արդյունքում առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ։

(6-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, խմբ. 09.07.20 N 5-Ն)

7. Մրցույթի 1-ին փուլը տևում է 4 օր, որից.

1) օր առաջին՝ թեստի անցկացում,

2) օր երկրորդ՝ թեստի արդյունքների հրապարակում 1991.mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով, որից հետո 24 ժամվա ընթացքում մրցույթի մասնակից զորակոչիկները իրավունք ունեն բողոքարկել ստացված արդյունքները` հանձնաժողովի նախագահին: Բողոքարկման դիմումի ձևը հրապարակվում է 1991.mil.am կայքում,

3) օր երրորդ` հանձնաժողովի նախագահը բողոքարկման դիմումների հիման վրա, մրցույթի մասնակից զորակոչիկի ներկայությամբ կազմակերպում է նրա թեստի կրկնակի ստուգում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և թեստավորման ենթահանձնաժողովի անդամների ստորագրությամբ,

4) օր չորրորդ՝ փուլի վերջնական արդյունքները, ներառյալ բողոքարկման, հրապարակվում են 1991.mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով:

(7-րդ կետը փոփ. 09.07.20 N 5-Ն)

8. Մրցույթի 2-րդ փուլ. Մասնագիտական թեստ՝ գրավոր (յուրաքանչյուր մասնագիտությունից 20 հարց, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր)։ Մրցույթի մասնակից զորակոչիկն ինքն է ընտրում 1991 ստորաբաժանման համապատասխան (գիտական կամ արհեստական բանականության) խումբը և այդ խմբի այն մասնագիտությունը, որից հանձնելու է թեստ՝ այդ մասին նշելով մրցույթի մասնակցության հայտում։ Թեստի գնահատման արդյունքում համապատասխան մասնագիտությունից առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ։ Մրցույթն անցկացնում են մասնագիտական ենթահանձնաժողովները՝ ըստ հետևյալ խմբերի և մասնագիտությունների.

1) գիտական խումբ.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. նյութաբանություն և քիմիա,

ե. ավտոմատացված կառավարման համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ,

զ. ռոբոտատեխնիկա,

է. անօդաչու թռչող սարքեր,

ը. մեքենաշինություն,

թ. օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա.

2) արհեստական բանականության խումբ.

ա. տվյալների ճարտարագիտություն,

բ. մեքենայական ուսուցում,

գ. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։

(8-րդ կետը խմբ. 28.12.18 N 17-Ն, 01.07.19 N 7-Ն, 09.07.20 N 5-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 09.07.20 N 5-Ն)

10. Մրցույթի 2-րդ փուլն անցկացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում և ընթացակարգով։

(10-րդ կետը խմբ. 09.07.20 N 5-Ն)

11. Մրցույթի 3-րդ փուլ. հարցազրույց, որն անցկացնում է հանձնաժողովը՝ մասնագիտական ենթահանձնաժողովների խորհրդատվական աջակցությամբ: Այս փուլում հանձնաժողովի անդամները միասին հարցազրույց են անցկացնում մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի հետ ու առանց քննարկման առանձին գնահատում: Փուլի գնահատականները ձևավորվում են հանձնաժողովի անդամների նշանակած անհատական գնահատականների միջին թվաբանականների հաշվարկով: Մրցույթի այս փուլով գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) մասնագիտական գործնական ունակությունները:

(11-րդ կետը լրաց., փոփ. 09.07.20 N 5-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետում նախատեսված ունակություններից (կարողություններից) յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5-բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ: Մրցույթի երրորդ փուլի արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

13. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները` գումարելով երեք փուլերի գնահատականները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին՝ իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: 1991 ստորաբաժանումում, բացառությամբ 15-րդ կետում նշված դեպքի, զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները: 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ մրցույթի երեք փուլերի արդյունքում չի հավաքել 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում 1991 ստորաբաժանումում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի հավաքել 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները:

(13-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, փոփ. 09.07.20 N 5-Ն)

14. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու 1991 ստորաբաժանումում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը: Մրցույթին մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով մրցույթի վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել պաշտպանության նախարարին: Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է մրցույթի տեսաձայնագրության և թեստերի ուսումնասիրության արդյունքներով:

(14-րդ կետը լրաց. 28.12.18 N 17-Ն, փոփ., լրաց. 09.07.20 N 5-Ն)

15. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվողների մասնագիտական քանակային համամասնությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր մասնագիտությունից ծառայության է նշանակվում տվյալ զորակոչի համար նախատեսված ընդհանուր հաստիքների քանակի 40%-ից ոչ ավելին: Այս դեպքում հնարավոր է, որ մի մասնագիտությունից մրցույթը հաղթահարած, ավելի ցածր միավոր հավաքած մասնակից զորակոչիկը ծառայության անցնի 1991 ստորաբաժանումում, իսկ նրանից բարձր միավոր ունեցող այլ մասնագիտության 40%-ից դուրս մնացածը՝ չնշանակվի: 1991 ստորաբաժանման չհամալրված հաստիքները այլ մասնագիտության 40%-ից դուրս մնացած զորակոչիկներով չեն համալրվում:

(15-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, 01.07.19 N 7-Ն, 09.07.20 N 5-Ն)

16. Այն դեպքում, երբ որևէ մասնագիտության գծով նախատեսված տեղերի ընդհանուր քանակից ավելի թվով մրցույթի մասնակից զորակոչիկներ հավաքում են հավասար միավորներ, ապա, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետի պահանջները, նրանց միջև անցկացվում է վիճակահանություն՝ սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հիման վրա գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և 1991 ստորաբաժանման համալրման մրցույթին մասնակցած զորակոչիկները, սույն կարգով սահմանված այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվում են 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:

(17-րդ կետը փոփ. 09.07.20 N 5-Ն)

18. Զինվորական ծառայության ընթացքում 1991 ստորաբաժանումում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(18-րդ կետը փոփ. 28.12.18 N 17-Ն, 09.07.20 N 5-Ն)

(հավելվածը լրաց.. փոփ., խմբ. 28.12.18 N 17-Ն, խմբ., փոփ. 01.07.19 N 7-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.07.20 N 5-Ն)

 

 

 

Հավելված N 8

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի
N 8-Ն
հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և կարգը:

2. Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրությունն անցկացվում է մարզական վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

3. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է նիստ, որի տեղի, օրվա և ժամի, վաշտի համալրման ենթակա հաստիքների թվի մասին իրազեկումն իրականացվում է mil.am կայքում և լրատվամիջոցներով: Սույն կարգի համաձայն մարզական վաշտում ծառայության նշանակվելու նպատակով մրցույթին մասնակցելու համար սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող քաղաքացին, իսկ թիմային մարզաձևերի շրջանակներում համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիայի նախագահը կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել mil.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտ, և/կամ պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին, դրանց կցելով նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համապատասխան ֆեդերացիայի կողմից տրված մարզական ցուցանիշները հաստատող և Հայաստանի Հանրապետության համապատասխան հավաքականի անդամությունը հավաստող տեղեկանքները, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ: Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու համար սույն կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում Նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

3) հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

4. Մարզական վաշտում ծառայության նշանակվելու իրավունքից օգտվում են Հայաստանի ազգային հավաքականի (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների) անդամ հանդիսացող և զորակոչի սկսվելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում հետևյալ մարզական ցուցանիշներ ունեցող քաղաքացիները.

1) առաջիկա օլիմպիական խաղերի կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները,

2) ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ մարզաձևերի օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում 1-ից 6-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,

3) ձյուդո մարզաձևի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում` 1-ից 2-րդ տեղերը կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 5-րդ տեղերը, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ «Մեծ սաղավարտ», կամ «Մասթեր» մրցաշարերում` 1-ից 7-րդ տեղերը, կամ օլիմպիական, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների) առաջնություններում 1-ից 9-րդ տեղերը գրաված ու առնվազն երկու հաղթանակ տարած մարզիկները,

4) թաեքվոնդո մարզաձևի «G-2» կարգի մրցաշարում` մրցանակային տեղ, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ Եվրոպայի պատանիների առաջնություններում, կամ աշխարհի պատանիների առաջնություններում կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 5-րդ տեղերը, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների), կամ օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի (մեծահասակների կամ երիտասարդների) առաջնություններում 1-ից 8-րդ տեղերը գրաված ու առնվազն երեք հաղթանակ տարած մարզիկները,

5) մարմնամարզություն մարզաձևի եվրոպական խաղերում կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 5-րդ տեղերը, կամ օլիմպիական, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների) առանձին գործիքներից` 1-ից 8-րդ տեղերը, կամ բազմամարտից 1-ից 24-րդ տեղերը գրաված մարզիկները,

6) սուսերամարտ և սեղանի թենիս մարզաձևերի օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում` 1-ից 20-րդ տեղերը, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (երիտասարդների, կամ պատանիների), կամ եվրոպական խաղերում` 1-ից 16-րդ տեղերը, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի խաղարկությունում (մեծահասակներ կամ երիտասարդներ)` 1-ից 8-րդ տեղեր գրաված ու առնվազն 3 հաղթանակ տարած մարզիկները,

7) թենիս մարզաձևի պատանիների (մինչև 14, մինչև 16, մինչև 18) կամ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության` 1-ից 8-րդ տեղերը, կամ պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշրջանի, կամ թենիսի միջազգային ֆեդերացիայի` մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի, կամ Եվրոպայի զարգացող երկրների` մինչև 14 տարեկան պատանիների առաջնության 1-ից 2-րդ տեղերը գրաված ու առնվազն 1 հաղթանակ տարած, կամ Դևիսի գավաթի որևէ ենթախմբի առաջնությունում առնվազն 2 հաղթանակ տարած, կամ թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկածի տղամարդկանց հիմնական ցանցի առաջին և ավելի շրջան հաղթահարած մարզիկները,

8) լող, ջրացատկ, բադմինթոն, հեծանվային սպորտ, նետաձգություն և թիավարություն մարզաձևերից օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 16-րդ տեղերը, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 8-րդ տեղերը գրաված մարզիկները,

9) աթլետիկա մարզաձևի օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 8-րդ տեղերը, կամ բալկանյան երկրների առաջնությունում (մեծահասակների կամ մինչև 23, կամ մինչև 20 տարեկանների) 1-ից 3-րդ տեղերը գրաված մարզիկները,

10) հրաձգություն մարզաձևից օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում), կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում 1-ից 8-րդ տեղերը գրաված մարզիկները,

11) կողմնորոշում, ռազմական հնգամարտ, ժայռամագլցում մարզաձևերից օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 32-րդ տեղերը գրաված մարզիկները,

12) շախմատ մարզաձևից համաշխարհային պատանեկան օլիմպիադայում` 1-ից 3-րդ, կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-ից 5-րդ տեղերը գրաված կամ գրոսմայստերի կոչում ունեցող մարզիկները,

13) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի (մեծահասակների կամ երիտասարդական, կամ պատանեկան) անդամ հանդիսացող մարզիկները,

14) վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ կամ հանդբոլ մարզաձևերի ազգային հավաքականի (մեծահասակների կամ երիտասարդական, կամ պատանեկան) անդամ հանդիսացող և Եվրոպայի առաջնությունում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների բոլոր տարիքային խմբերի) 1-ից 16-րդ տեղերը գրաված և առնվազն երկու հաղթանակ տարած և այդ հաղթական հանդիպումներին անմիջականորեն մասնակցած մարզիկները (բացառությամբ հանդիպումներին հայտավորված, սակայն պահեստայինների նստարանում անցկացրած և որևէ խաղի չմասնակցած մարզիկների),

15) բասկետբոլի ազգային հավաքականի (մեծահասակների կամ երիտասարդական, կամ պատանեկան) անդամ հանդիսացող և Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնության (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների բոլոր տարիքային խմբերի) 1-ից 2-րդ տեղերը գրաված և տվյալ առաջնության շրջանակում սիրողական բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի արդյունավետության գործակցով թիմի զորակոչի ենթակա անդամներից 1-ից 2-րդ լավագույն արդյունքը գրանցած, կամ 3x3 բասկետբոլում Եվրոպայի առաջնության 1-ից 16-րդ տեղերը գրաված և առնվազն 2 հաղթանակ տարած մարզիկները,

16) Ձմեռային օլիմպիական մարզաձևերի օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում, կամ աշխարհի գավաթի խաղարկությունում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում)` 1-ից 16-րդ տեղերը, կամ զարգացող դահուկային ֆեդերացիաների միության գավաթի խաղարկության (SES CUP) մրցանակային տեղ գրաված մարզիկները,

17) սույն կետի 1-ից 16-րդ ենթակետերում չնշված օլիմպիական մարզաձևերի օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 24-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:

5. Նախկինում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացու համար հաշվարկվում են վերջին տարկետումից հետո արձանագրված մարզական ցուցանիշները:

6. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում և նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին մասնակցող յուրաքանչյուր անդամ զորակոչիկին գնահատում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկի վրա «Համապատասխանում է պայմաններին» կամ «Չի համապատասխանում պայմաններին» գրառում կատարելու և ստորագրելու միջոցով: Մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված են համարվում այն զորակոչիկները, որոնց գնահատման ձևաթերթիկում նիստին մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են «Համապատասխանում է պայմաններին» գրառումը և ստորագրել են: Հանձնաժողովի կողմից մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են նիստին մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը և 3-օրյա ժամկետում հրապարակվում mil.am կայքում: Զորակոչիկի ցանկությամբ իրեն վերաբերող մասով արձանագրության պատճենը գրավոր դիմումի հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է զորակոչիկին: Հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը` իրեն վերաբերող մասով հրապարակումից հետո 3-օրյա ժամկետում կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին:

7. Եթե մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների թվաքանակը համապատասխանում է մարզական վաշտի թափուր հաստիքների թվին կամ պակաս է այդ թվից, ապա նշված զորակոչիկները համարվում են նշանակված մարզական վաշտում: Եթե ընտրված զորակոչիկների թվաքանակն ավելի է մարզական վաշտի թափուր հաստիքների թվից, ապա ընտրությունն անցկացվում է 2-րդ փուլով:

8. Մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների միջև ընտրության 2-րդ փուլը նախատեսում է սույն կարգի 4-րդ կետով նշված մարզական ցուցանիշների դասակարգմամբ առավել բարձրակարգ մարզիկների ընտրություն: Ընտրության 2-րդ փուլում առաջնահերթությունը տրվում է ըստ հետևյալ մարզական ցուցանիշների.

1) օլիմպիական խաղերում` 1-ից 3-րդ տեղեր,

2) աշխարհի առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

3) Եվրոպայի առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

4) շախմատի աշխարհի չեմպիոն,

5) շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1-ից 5-րդ տեղեր,

6) շախմատի գրոսմայստերի կոչում,

7) շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 1-ից 3-րդ տեղեր,

8) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում կամ աշխարհի առաջնությունում` 1-ից 3-րդ տեղեր,

9) ձյուդո մարզաձևի «Մեծ սաղավարտի» կամ «Մասթեր» մրցաշարերի 1-ից 3-րդ տեղեր,

10) եվրոպական խաղերում` 1-ից 3-րդ տեղեր,

11) համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ից 3-րդ տեղեր,

12) օլիմպիական խաղերում` 4-ից 8-րդ տեղեր,

13) աշխարհի երիտասարդների առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

14) Եվրոպայի երիտասարդների առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

15) պատանեկան օլիմպիական խաղերում` 4-ից 8-րդ տեղեր,

16) ձյուդո մարզաձևի «Մեծ սաղավարտի» կամ «Մասթեր» մրցաշարերի 4-ից 7-րդ տեղեր,

17) սուսերամարտ մարզաձևի աշխարհի գավաթի` 1-ից 3-րդ տեղեր,

18) սուսերամարտ մարզաձևի Եվրոպայի գավաթի` 1-ից 3-րդ տեղեր,

19) աշխարհի պատանիների առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

20) Եվրոպայի պատանիների առաջնություններում` 1-ից 3-րդ տեղեր,

21) ձյուդո մարզաձևի Եվրոպայի գավաթի` 1-ից 2-րդ տեղեր,

22) սուսերամարտ մարզաձևի աշխարհի գավաթի` 4-ից 8-րդ տեղեր,

23) սուսերամարտ մարզաձևի Եվրոպայի գավաթի` 4-ից 8-րդ տեղեր,

24) թաեքվոնդո մարզաձևի “G-2” կարգի մրցաշարի` 1-ից 2-րդ տեղեր,

25) թենիս մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հիմնական ցանցի առաջին և ավելի շրջանների հաղթահարում,

26) ատլետիկա մարզաձևի բալկանյան երկրների առաջնության 1-ից 3-րդ տեղեր,

27) ատլետիկա մարզաձևի բալկանյան երկրների Մ23 տարեկանների առաջնության 1-ից 3-րդ տեղեր,

28) ատլետիկա մարզաձևի բալկանյան երկրների առաջնության Մ20 տարեկանների 1-ից 3-րդ տեղեր,

29) զարգացող դահուկային ֆեդերացիաների միության գավաթի խաղարկության 1-ից 3-րդ տեղեր,

30) թենիս մարզաձևի միջազգային ֆեդերացիայի` մինչև 18 տարեկանների մրցաշրջանի 1-ից 2-րդ տեղեր,

31) թենիս մարզաձևի եվրոպայի զարգացող երկրների Մ14 տարեկանների առաջնության 1-ից 2-րդ տեղեր,

32) Դևիսի գավաթի որևէ ենթախմբում` 2 հաղթանակ,

33) ֆուտբոլի, բասկետբոլի, 3x3 բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, հանդբոլի ազգային հավաքականի անդամ,

34) ֆուտբոլի, բասկետբոլի, 3x3 բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, հանդբոլի Մ21 տարեկանների հավաքականի անդամ,

35) ֆուտբոլի, բասկետբոլի, 3x3 բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, հանդբոլի Մ19 տարեկանների հավաքականի անդամ,

36) ֆուտբոլի, բասկետբոլի, 3x3 բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, հանդբոլի Մ18 տարեկանների հավաքականի անդամ,

37) 8-րդ տեղից ցածր տեղեր գրավածների հաշվարկն իրականացվում է ըստ մրցումների կարևորության և գրաված տեղերի` հետևյալ հերթականությամբ. օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի, ռազմական սպորտի միջազգային խորհրդի աշխարհի առաջնություններ, պատանեկան օլիմպիական, Եվրոպական, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր:

9. Սույն կարգի 8-րդ կետի պայմանների հավասարության պարագայում առավելությունը տրվում է տվյալ արդյունքների սահմանման ավելի թարմ ժամկետներին, կրկին հավասարության պարագայում` երկրորդ լավագույն արդյունքի տվյալներին` նույն սկզբունքով:

10. Ընտրությունը չանցած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

11. Մարզական վաշտում ծառայության կարող են տեղափոխվել նաև սույն կարգի պահանջները բավարարող և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, որոնց ընտրությունը կատարվում է սույն կարգի համաձայն:

12. ՀՀ զինված ուժերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ընտրությունը մարզական վաշտ տեղափոխվելու նպատակով իրականացվում է սույն կարգի 3-ից 5-րդ կետերով սահմանված ընթացակարգով` արտահերթ հրավիրված նիստով:

13. Զինվորական ծառայության ընթացքում մարզական վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջի համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(հավելվածը լրաց. 01.07.19 N 7-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն, խմբ. 07.06.23 N 3-Ն)

 

 

Հավելված N 9

Պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի
N 8-Ն
հրամանի

 

ԿԱՐԳ

 

«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամի, համալրման ենթակա հաստիքների քանակի մասին, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել mil.am կայքում՝ այդ մասին տեղեկացնելով նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:

(2-րդ կետը լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

3. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

 1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները.

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը լրաց. 12.12.19 N 12-Ն) 

4. Զորակոչիկը մրցույթին մասնակցում է անձը հաստատող փաստաթղթով, առկայության դեպքում իր մոտ ունենալով` աշխատանքային կրճատ գործունեությունը (ռեզյումե), կատարած աշխատանքների օրինակներ, և այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր):

5. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթին կարող են ներկա գտնվել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև մրցույթը սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

6. Մրցույթի արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Արձանագրությունը պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացվում են մրցույթի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

7. Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Մրցույթի առաջին փուլ. մասնագիտական քննություն հարցազրույց` բանավոր: Մրցույթի երկրորդ փուլ. գործնական առաջադրանքի կատարում` ըստ մասնագիտությունների:

(7-րդ կետը լրաց. 12.12.19 N 12-Ն)

8. Մրցույթի առաջին փուլում զորակոչիկները գնահատվում են 20-բալանոց գնահատման սանդղակով՝ հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. բանավոր և գրավոր հայերենի իմացություն՝ մինչև 4 բալ,

գ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

դ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

ե. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

զ. լրագրողական նյութ պատրաստելու և խմբագրելու հմտություն՝ մինչև 4 բալ,

է. Microsoft Word ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ.

2) օպերատորական արվեստ՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. Canon EOS 5D Mark IV տեսախցիկի տիրապետում՝ մինչև 3 բալ,

զ. Sony PXW-X200 XDCAM տեսախցիկի տիրապետում՝ մինչև 3 բալ,

է. DJI Phantom 4 Advanced սարքավորման տիրապետում՝ մինչև 2 բալ,

ը. GoPro HERO 6 տեսախցիկի տիրապետում՝ մինչև 2 բալ.

3) հեռուստամոնտաժ՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. Adobe Premiere pro ծրագրի իմացություն՝ մինչև 3 բալ,

զ. Final Cut pro ծրագրի իմացություն՝ մինչև 3 բալ,

է. Adobe After Effects ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ,

ը. Adobe Photoshop ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. օպերացիոն համակարգեր` մինչև 5 բալ,

զ. երթուղիչների, կոմուտատորների աշխատանք` մինչև 5 բալ:

9. Առաջին փուլի արդյունքներով համապատասխան մասնագիտությունով 12 և ավելի բալ հավաքած զորակոչիկները անցնում են երկրորդ փուլ: Մրցույթի երկրորդ փուլում զորակոչիկները գնահատվում են 50-բալանոց գնահատման սանդղակով` հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն՝

ա. լրագրողական նյութի պատրաստում՝ մինչև 10 բալ,

բ. հեռուստառեպորտաժի պատրաստում՝ մինչև 10 բալ,

գ. հաղորդավարական խոսք՝ մինչև 10 բալ,

դ. հարցազրույցի կազմակերպում և վարում՝ մինչև 10 բալ,

ե. աշխատանք Microsoft Word ծրագրով՝ մինչև 10 բալ.

2) օպերատորական արվեստ՝

ա. աշխատանք Canon EOS 5D Mark IV տեսախցիկով՝ մինչև 10 բալ,

բ. աշխատանք Sony PXW-X200 XDCAM տեսախցիկով՝ մինչև 10 բալ,

գ. կադրի որակ և գեղարվեստական մտածողություն՝ մինչև 10 բալ,

դ. աշխատանք DJI Phantom 4 Advanced սարքավորման՝ մինչև 5 բալ,

ե. աշխատանք GoPro HERO 6 տեսախցիկով՝ մինչև 5 բալ,

զ. ձայնային որակական ապահովում՝ մինչև 5 բալ,

է. տաղավարային լույսերի տեղադրում՝ մինչև 5 բալ.

3) հեռուստամոնտաժ՝

ա. աշխատանք Adobe Premiere Pro ծրագրով՝ մինչև 10 բալ,

բ. աշխատանք Final Cut Pro ծրագրով՝ մինչև 10 բալ,

գ. ռեժիսորական մտածողություն՝ մինչև 10 բալ,

դ. աշխատանք Adobe After Effects ծրագրով՝ մինչև 5 բալ,

ե. աշխատանք Adobe Photoshop ծրագրով՝ մինչև 5 բալ,

զ. երաժշտական ձևավորում՝ մինչև 5 բալ,

է. գրաֆիկական լուծումներ՝ մինչև 5 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա՝

ա. MacOs և Windows օպերացիոն համակարգերի իմացություն և սպասարկում՝ մինչև 20 բալ,

բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր՝ մինչև 10 բալ,

գ. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն` մինչև 10 բալ,

դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն` մինչև 10 բալ:

10. Մրցույթի յուրաքանչյուր փուլում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարով: Զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մրցույթի երկու փուլերով համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարի միջին թվաբանական գումարով:

11. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին` իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երկու փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները՝ ըստ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համապատասխան մասնագիտությունով համալրման ենթակա հաստիքների քանակի:

12. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը:

13. Զինվորական ծառայության ընթացքում «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(հավելվածը լրաց. 01.07.19 N 7-Ն, լրաց., փոփ. 12.12.19 N 12-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան