Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.06.2023-01.09.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
05.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

 

թիվ 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել՝ առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«05» մայիսի 2023 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

ոստիկանության պետ-ներքին

գործերի նախարարի տեղակալի 

«05» մայիսի 2023 թ. թիվ 3-Ն

հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում (այսուհետև՝ Կազմակերպություն) առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների (այսուհետև՝ քաղաքացիներ) կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ հանձնելու նպատակով Կազմակերպություն կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:

3. Կազմակերպությունը սահմանում է քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը:

4. Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ քաղաքացին պատշաճ կերպով ծանուցվում է քննությունից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ քաղաքացու նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:

5. Քննությունն անցկացվում է հայերենով:

6. Քննությանը որպես դիտորդ կարող են ներկա գտնվել այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

7. Քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով Կազմակերպության ղեկավարի ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով, որը՝

1) գնահատում է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը․

2) գնահատում է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը:

8. Քննական հանձնաժողովը բաղկացած է հինգ հոգուց՝ նախագահից, քարտուղարից և երեք անդամներից:

9. Քննական հանձնաժողովի նախագահը չպետք է լինի Կազմակերպության աշխատող: Քննական հանձնաժողովի նախագահը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը, ստորագրում Կազմակերպության ղեկավարին տրամադրվող՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը և ապահովում քաղաքացիների պատրաստվածության աստիճանի գնահատման օբյեկտիվությունը:

10. Քննական հանձնաժողովի անդամներ կարող են նշանակվել մասնագիտական գիտելիքներով օժտված անձինք: Քննական հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման ներկայացմամբ:

11. Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է Կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը, բացառությամբ իրավիճակային խնդիրներից, քննությունից առնվազն երկու շաբաթ առաջ հրապարակվում է Կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ http://www.azdarar.am և Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում:

12. Քաղաքացիները տեսական քննությունը հանձնում են քննական հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդի պարտադիր մասնակցությամբ:

13. Տեսական քննության ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում քննության արդյունքներն առոչինչ են համարվում: Կազմակերպությունը պարտավոր է տեսաձայնագրությունը պահել երկու ամիս։ Քննության մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային կրիչի միջոցով:

14. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը ստուգվում է բանավոր եղանակով՝ հարցատոմսերում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Յուրաքանչյուր հարցատոմս բովանդակում է մեկ տեսական հարց զենքից, մեկ տեսական հարց անվտանգության կանոններից, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեկ իրավիճակային խնդիր:

15. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը ստուգվում է գործնական վարժությունների միջոցով:

16. Տեսական քննությանը ներկայացած քաղաքացին ընտրում է հարցատոմսը, որից հետո նրան տրամադրվում է առնվազն 30 րոպե պատրաստվելու համար: Հարցատոմս փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելիս նշումներ կատարելու համար հանձնաժողովը քաղաքացուն տրամադրում է կնքված թերթիկներ:

17. Քննական հանձնաժողովն իրավունք ունի քաղաքացու տեսական գիտելիքների մակարդակը գնահատելու համար նրան տալ ճշգրտող և լրացուցիչ հարցեր՝ քննության հարցաշարի սահմաններում:

18. Քաղաքացուն արգելվում է՝

1) իր մոտ ունենալ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր․

2) հաղորդակցվել քննությանը մասնակցող այլ քաղաքացիների հետ, միմյանց փոխանցել հարցատոմսերը կամ նշումների համար տրամադրված թերթիկները․

3) աղմկել կամ այլ կերպ խոչընդոտել քննության անցկացմանը:

19. Եթե քննական հանձնաժողովը հայտնաբերում է, որ պատասխանին պատրաստվող կամ պատասխանող քաղաքացին թույլ է տվել սույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտում, ապա քննական հանձնաժողովի նախագահը դադարեցնում է քննությանը տվյալ քաղաքացու մասնակցությունը՝ այդ մասին կազմելով արձանագրություն:

20. Տեսական քննությանը քաղաքացու մասնակցությունը դադարեցնելու դեպքում որպես գնահատական ամրագրվում է 0 միավորը:

21. Քաղաքացու տեսական և գործնական իմացության մակարդակը գնահատվում է 0-ից 10 միավորային համակարգով, հետևյալ սանդղակով.

 

գնահատականը թվերով

գնահատականը տառերով

0

անբավարար

1

2

3

4

բավարար

5

6

7

լավ

8

9

գերազանց

10

22. Տեսական քննության գնահատականը ձևավորվում է հարցատոմսում բովանդակվող տեսական երկու հարցերի պատասխանների և իրավիճակային խնդրի գնահատականների հանրագումարից: Յուրաքանչյուր տեսական հարցի պատասխանը գնահատվում է 0-ից 3 միավոր, իսկ իրավիճակային խնդիրը՝ 0-ից 4 միավոր, մեկ միավոր գնահատման քայլով:

23. Հարցատոմսի հարցին քաղաքացու կողմից տրված պատասխանը գնահատելիս հաշվի է առնվում պատասխանի վերաբերելիությունը հարցին, պատասխանի ճշտությունը և լրիվությունը: Իրավիճակային խնդրի պատասխանը գնահատելիս հաշվի է առնվում պատասխանի ճշտությունը և դրա հիմնավորման լիարժեքությունը:

24. Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն են ստանում այն քաղաքացիները, ովքեր տեսական քննությունից ստացել են առնվազն բավարար գնահատական:

25. Գործնական քննությունը գնահատվում է 0-ից 10 միավոր, մեկ միավոր գնահատման քայլով:

26. Գործնական քննությունը գնահատելիս հաշվի են առնվում զենքի նյութական մասի, հիմունքների, հրաձգության հնարքների տիրապետման մակարդակը, զենքի և զինամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելու, անվտանգության կանոնների պահպանությունը, կարգապահությունը, ինչպես նաև նշանակետի խոցման ճշգրտությունը: Քննության դրական արդյունք է համարվում առնվազն բավարար գնահատականը:

27. Քաղաքացու տեսական և գործնական իմացության մակարդակը հանձնաժողովի նախագահը և անդամներից յուրաքանչյուրը գնահատում է ինքնուրույն: Քննության վերջնական գնահատական է համարվում նշանակված միավորների միջին թվաբանական միավորը: Քննության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի որոշմամբ, որն ընդունվում է հանձնաժողովի փակ նիստում:

28. Քննության գնահատականները քաղաքացիներին հայտարարվում են նույն օրը:

29. Քաղաքացին իրավունք ունի բողոքարկել իր գնահատականն ընթացակարգային խախտումների առկայության դեպքում՝ գնահատականը հայտարարելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Քննական հանձնաժողովը, քննարկելով բողոքը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բողոքը մերժելու մասին, եթե քննության ընթացակարգային խախտումներ չեն հայտնաբերվել․

2) բողոքը բավարարելու և քննության վերահանձնում թույլատրելու մասին, եթե հայտնաբերվել է այնպիսի ընթացակարգային խախտում, որն ազդել է քննության արդյունքի վրա:

30. Անբավարար գնահատական ստացած քաղաքացիները կարող են կրկին դիմել քննություններին մասնակցելու համար երկու ամսից ոչ շուտ:

31. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը քննական հանձնաժողովը տրամադրում է Կազմակերպությանը:

32. Սույն կարգի 31-րդ կետով նախատեսված փաստաթղթի հիման վրա՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների դրական արդյունք ապահոված քաղաքացիներին Կազմակերպությունը տրամադրում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված փաստաթուղթ: Նշված փաստաթուղթը տրամադրվում է քննությունը հանձնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: