Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.04.2023-18.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հունիսի 2022 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.2-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը»՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

հունիսի 9-ի N 20-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

 

2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2. Հանրակրթական առարկաների դասագրքերին և ուսումնաօժանդակ գրականությանը ներկայացվող ընդհանրական պահանջներն են.

1) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնեն առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է ներկայացնեն միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակեն այդ մասին, օգտագործեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

6) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի և ուսումնաօժանդակ գրականության կառուցվածքը պետք է համապատասխանեն ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:

3. Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝

1) 176 էջը (11 մամուլ)՝ տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում,

2) 192 էջը (12 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:

4. Դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։

5. «Թղթային, էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի, դասագրքի մեթոդական ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի օգտագործման (ներառյալ՝ հոնորարների վճարման) հետ կապված, մտավոր սեփականությանը վերաբերող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են դրամաշնորհի հրավերի պայմաններով և կողմերի միջև կնքվող պայմանագրով:

(5-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

6. Հիբրիդ դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը նույն թղթային դասագիրքն ու ուսումնաօժանդակ գրականությունն են, որոնց մեջ ներառված են ավելացված իրականության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս բջջային համապատասխան հավելվածի միջոցով տվյալ թեմայի վերաբերյալ տեսաձայնային հավելյալ նյութեր ներառելու:

7. Էլեկտրոնային դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը ժամանակակից ուսուցման միջոց են, ծրագրային ապահովման հատուկ գործիք, որտեղ համակարգված ներկայացվում են նյութեր` գիտելիքների որոշակի բնագավառում գիտության և տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումներին համապատասխան:

8. Դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից:

(8-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

9. Դասագրքերի օգտագործման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով:

10. Միջնակարգ կրթության 2-րդ և 3-րդ աստիճանների թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերահրատարակման համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները (բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին): Նույն առարկայի թղթային, դրա թվայնացված և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները կարող են միմյանցից տարբերվել։

(10-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն, 11.04.23 N 49-Ն)

11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:

(11-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։

13. Թղթային դասագրքի էլեկտրոնային հղումները, դասագրքի օգտագործման մեթոդական ուղեցույցը և այլ ուսումնական նյութերը կարող են պարբերաբար թարմացվել, եթե երաշխավորվել են սույն կարգի պահանջներին համապատասխան։

 

3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

14. Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծումը, հրատարակումը, գնումն իրականացվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

2) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն)՝ առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով,

3) օրենքով չարգելված այլ միջոցներով:

15. Դասագրքերի ստեղծումն ու հրատարակումն իրականացվում է մրցութային եղանակով։

16. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:

(16-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

16.1. Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը:

(16.1-ին կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

16.2. Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար։

(16.2-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

17. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

18. Դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների։

19. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկվում է ներկայացուցիչ նաև Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամից (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ):

20. Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է սույն կարգով ձևավորված հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից։

21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված դասագրքում նյութի գիտական համապատասխանությունը՝ «Համապատասխանում է» և «Չի համապատասխանում» գնահատականներով։ Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հանձնաժողովի կողմից կազմվում է գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար:

2) բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։

(21-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

21.1. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած դասագրքերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դասագրքի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:

(21.1-ին կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

22. Բովանդակային շեմն անցած դասագրքերը հանրակրթական ուսումնական հաստատությունում կարող են օգտագործվել որպես ուսումնաօժանդակ նյութ։

23. ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում ստեղծվում է հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի շտեմարան, որտեղ ներառված յուրաքանչյուր դասագրքի համար տեղադրվում է վերջինիս փորձաքննության մանրամասն տեղեկանքը՝ յուրաքանչյուր փուլի արդյունքներով։

24. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները, Նախարարի կողմից հաստատվում է հաջորդ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը, որում նշվում են վերահրատարակվող դասագրքերը և դրանց գործածության ժամկետները: Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(24-րդ կետը խմբ. 11.04.23 N 49-Ն)

25. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):

(25-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

26. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն, կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը։

(26-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

27. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն՝ Նախարարի հրամանով սահմանված դասագրքերի օգտագործման ժամկետների ավարտից հետո կարող է անցկացվել դասագրքի ստեղծման նոր մրցույթ, իսկ նախորդ մրցույթով անցած դասագրքերը, որոնք ընդգրկված են եղել երաշխավորված դասագրքերի ցանկում, շարունակում են մնալ այդ ցանկում, եթե առարկայական չափորոշչում և ծրագրերում բովանդակային փոփոխություն չի կատարվել:

(27-րդ կետը փոփ. 27.10.22 N 38-Ն)

28. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:

(28-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

29. Ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և հրատարակման գործընթացները կարող են իրականացվել օրենքով չարգելված միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) արդյունքում Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատումը:

31. Հանձնաժողովները ձևավորվում են համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ընտրված թեկնածուներից։

32. Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի հանձնաժողովի անդամը:

33. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են Նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

34. Հանձնաժողովի անդամին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),

2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

35. Թեկնածուն պետք է լրացնի անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի վերաբերյալ և այլ տվյալներ,

2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքի (դասագրքերի)՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:

36.Նախարարությունը իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,

2) մանկավարժ-մեթոդիստ,

3) մանկավարժ-հոգեբան,

4) հայոց լեզվի մասնագետ,

5) նկարիչ-ձևավորող,

6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։

(36-րդ կետը փոփ. 27.10.22 N 38-Ն)

37. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ՝ բացառությամբ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմամբ պայմանավորված հաջորդաբար ստեղծվող դասագրքերի մրցույթների հայտարարությունների:

(37-րդ կետը խմբ. 11.04.23 N 49-Ն)

38.Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

39. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 34-րդ և 38-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:

40. Թեկնածուները Նախարարության միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան ցուցակի համակարգչում զետեղելը:

41. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 5 թեկնածուներից` մրցույթն անցկացնելու օրվանից 2 աշխատանքային օր առաջ:

42. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների)՝ հանձնաժողովի կազմում աշխատելը անհնարին է (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, սույն կարգի 38-րդ կետով սահմանված և այլ պատճառներով), ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով:

(43-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

44. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կողմից, տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

(44-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

45. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն կարգի 42-րդ կետում նկարագրված ձևով:

46. Մինչև գնահատման գործընթացի իրականացումը Հանձնաժողովի անդամները անցնում են անհրաժեշտ վերապատրաստում՝ գործընթացը կազմակերպող կազմակերպության կողմից։

47. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սահմանված կարգով կազմը հաստատվելու պահից: Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:

48. Հանրակրթության պետական չափորոշչին ուսումնաօժանդակ գրականության համապատասխանության գնահատումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.15-րդ կետով սահմանված կարգով՝ մասնագիտացված կառույցների կողմից տրվող մասնագիտական եզրակացության հիման վրա:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 27.10.22 N 38-Ն, լրաց., խմբ. 11.04.23 N 49-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2022 թվական: