Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 35-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

N 35-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»

ԱՌԱՐԿԱՅԻ

1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

Երաժշտությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, արտացոլում և պատկերում է մեր իրականությունը` շրջակա աշխարհը, մարդկանց, բնության երևույթները: Երաժշտությունն առաջին հերթին հաղորդակցության միջոց է մարդկանց միջև, սերունդների միջև, ինքնարտահայտվելու և մյուսներին հասկանալու հատուկ միջոց: Իսկ առօրյա կյանքում երաժշտությունն ուղեկցում է մարդուն ամենուր, բացահայտում է նրա վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ, հարստացնում է նրա հոգեկան աշխարհը, օգնում նրան ապրել, աշխատել և արարել:

Ըստ ռուս երաժշտագետ Բ. Ասաֆևի՝ «երաժշտությունն իրականության կերպարահնչյունային արտացոլումն է», նրանում հնչում է կենդանի խոսք` հուզիչ կամ խաղաղ զրույց, դիմում, կոչ, հարց ու պատասխան և այլն:

Մարդկության զարգացմանը զուգահեռ՝ երաժշտությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն, երբ խոսք է լինում անհատի հոգեկան աշխարհի կամ մի ամբողջ մշակույթի մասին, երաժշտությունը հանդես է գալիս որպես այդ մշակույթը բնութագրող, բացահայտող և ներկայացնող խորհրդանիշ:

Երաժշտության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ մարդու զգայարանների վրա թողնում է անմիջական և ուժեղ ազդեցություն: Ահա թե ինչպես է արտահայտվել երաժշտության ազդեցության մասին մեծ Կոմիտասը. «Մեկ հասկացված, անկեղծ ձայն հազար ճառ կարժե, որովհետև ճառը պետք է մարսե հասարակությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ-որ ժամանակներու գործ է: Իսկ ձայնը վայրկյանին մեջ կթափանցե մարդու կուրծքեն ներս և այնտեղ կհիմնե զգացման և մտքի վառարան»:

Երաժշտությունը, որպես ուսումնական առարկա, կարևոր դեր ունի երեխայի՝ իբրև մարդ անհատի ձևավորման և զարգացման խնդրում տարբեր՝ գաղափարական, կամային, մտավոր, ստեղծագործական, բարոյական, գեղագիտական, հուզական որակներով: Երաժշտական կրթությունն ուսումնական գործընթաց է, որի հիմքում ընկած է հայ ազգային երաժշտությունը՝ ուղղված այն կարողունակությունների ձևավորմանը, որոնց միջոցով զարգանում է ակտիվ, անհատական մոտիվացիայով սովորող՝ ընդունակ ինքնակրթվելու և ամբողջ կյանքում պահպանելու հետաքրքրությունն ազգային և համաշխարհային բարձրակարգ երաժշտության և ընդհանրապես արվեստի նկատմամբ: Այն նպաստում է նաև սովորողի մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը, ինչպես նաև կյանքի, շրջապատող աշխարհի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:

 Երաժշտությունը կատարյալ միջոց է բոլոր երեխաներին և մասնավորապես հատուկ կարիքներ ունեցողներին ուսուցման գործընթացում ներառելու համար: Երաժշտական փորձառությունը կարող է արդյունավետ լինել լեզվական, ճանաչողական և շարժողական կարողությունների զարգացման համար՝ միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով սոցիալականացման համար:

 Երաժշտություն առարկայի չափորոշիչը և ծրագիրը ստեղծվել է համաձայն ՀՊՉ-ի կարողունակությունների և վերջնարդյունքների:

 

ԲԱԺԻՆ 2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

1. Տարրական ծրագիր

1) Ձևավորել հետաքրքրություն, սեր և հուզազգացմունքային վերաբերմունք երաժշտությանը:

2) Ձևավորել և զարգացնել երաժշտական ճաշակ և երաժշտությանը հաղորդակից լինելու պահանջմունք:

3) Բացահայտել և զարգացնել սովորողների երաժշտական ընդունակությունները, երգեցիկ ձայնը, կատարման, ունկնդրման, մեկնաբանման և սեփական կարծիք հայտնելու հմտությունները, երևակայությունը և ստեղծագործական պատկերացումները:

4) Սովորողի երաժշտական դաստիարակության հիմքում դնել ազգային, նաև համաշխարհային երաժշտությունը:

5) Արժևորել երաժշտությունը և երաժշտական գործունեությունը՝ որպես մարդու հոգեկան հարստացման, մշակույթի և կյանքի աղբյուր:

 

2. Հիմնական ծրագիր

1) Ձևավորել և ուղղորդել սովորողներին դեպի արդյունավետ երաժշտաստեղծագործական գործունեություն՝ ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, իմպրովիզացիա և այլն:

2) Երաժշտական գործունեություն իրականացնել՝ գործնականորեն կիրառելով ձեռք բերված երաժշտատեսական գիտելիքները և հմտությունները:

3) Ձևավորել և զարգացնել տրամաբանական, ստեղծագործական, կերպարային մտածողություն, վերլուծական հմտություններ:

4) Ձևավորել և զարգացնել ազգային երաժշտության գիտակ, ազգային ավանդույթները կրող, պահպանող ու սերունդներին փոխանցող անհատ:

5) Ընդլայնել սովորողների երաժշտական և ընդհանուր մտահորիզոնը, շարունակել դաստիարակել երաժշտական ճաշակ, զարգացնել կայուն հետաքրքրություն այլ ժողովուրդների, դասական և ժամանակակից երաժշտության նկատմամբ, արժևորել մշակութային բազմազանությունը:

6) Շարունակել զարգացնել ճանաչողական գործունեության կայուն հետաքրքրություն, զարգացնել երեխաների երաժշտական ընդունակությունները և կատարողական հմտությունները՝ ելնելով նրանց հետաքրքրություններից և հակումներից:

7) Շարունակել զարգացնել քննական մտածողությունը, սեփական հիմնավորված դիրքորոշումն արտահայտելու, մյուսների կարծիքը լսելու, հարգելու, պատճառահետևանքային կապերը վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտությունը:

8) Դաստիարակել աշխարհի նկատմամբ գեղագիտական վերաբերմունք, երաժշտական տեղեկատվության նկատմամբ՝ քննադատական վերաբերմունք:

9) Դաստիարակել հոգևոր և բարոյագեղագիտական բարձր արժեքներով օժտված մարդ, երաժշտության գիտակից և ակտիվ ունկնդիր:

10) Դաստիարակել հատուկ վերաբերմունք և հետաքրքրություն մշակութային օջախների գործունեության նկատմամբ, պատշաճ վարքագիծ, համապատասխան պահվածք, երաժշտություն ունկնդրելու մշակույթ:

11) Ապահովել շարունակական կրթության և երաժշտությանը հաղորդակցվելու հնարավորությունները բոլոր սովորողների համար:

 

3. Միջնակարգ ծրագիր

1) Շարունակել զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը, նպաստել ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը:

2) Սովորեցնել հուզականորեն և գիտակցված ընկալել երաժշտությունը, երաժշտական կերպարների զարգացումը և դրսևորել գնահատող վերաբերմունք երաժշտության նկատմամբ:

3) Ազգային երաժշտական արվեստի նմուշներին հաղորդակցվելու միջոցով գիտակցել և արժևորել սեփական ազգային պատկանելությունը, պատմությունը, մշակույթը, դրսևորել հպարտություն, հարգալից վերաբերմունք սեփական ազգային արժեքների նկատմամբ, հասկանալ նրա տեղը համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

4) Շարունակել զարգացնել երաժշտագեղագիտական ճանաչողությունը, երաժշտությանը հաղորդակցվելու պահանջմունքը՝ հետագա բարոյագեղագիտական զարգացման, սոցիալականացման, ինքնակրթության և ինքնարտահայտման համար:

5) Գիտակցել և գնահատել երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքները, քննադատաբար վերաբերվել այն միջավայրին, որը ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շնորհիվ, ճշտել տեղեկության հավաստիությունը:

6) Դաստիարակել աշխարհի նկատմամբ գեղագիտական վերաբերմունք, երաժշտական տեղեկատվության նկատմամբ՝ քննադատական վերաբերմունք:

7) Գիտակցել երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում, հասկանալ նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի նշանակությունը:

8) Դաստիարակել հատուկ վերաբերմունք հայրենի երկրի, մարզի, քաղաքի մշակութային օջախների գործունեությանը, համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ այցելելու ցանկություն և պահանջմունք:

9) Մշակութային օջախներում դրսևորել պատշաճ վարքագիծ, համապատասխան պահվածք, երաժշտություն ունկնդրելու մշակույթ:

10) Արժևորել երաժշտության դերը մարդու և հասարակության կյանքում գեղեցիկը զգալու, գիտակցելու, արարելու, արվեստի աշխարհում անհատական դիրքորոշում, վերաբերմունք դրսևորելու միջոցով:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերոնշյալ նպատակներն իրականացվում են երաժշտության դասավանդման ընթացքում ուսումնական գործունեության տարբեր ձևերի միջոցով: Երաժշտական ուսումնական գործունեության ձևերը դասաժամին կամ դրանից դուրս սովորողի կողմից կատարվող գեղարվեստական գործունեությունն է՝ երաժշտությամբ ինքնարտահայտվելու միջոց: Երաժշտության մեկ դասաժամի ընթացքում իրականացվում են ուսումնական գործունեության մի քանի ձևեր: Սովորողների երաժշտական գործունեության բոլոր ձևերի աշխատանքների հիմքում երաժշտության ակտիվ ընկալումն է, երաժշտություն լսելու և նրա մասին մտորելու կարողության զարգացումը: Եթե տարրական դպրոցի սովորողի մեջ ուժեղ է երաժշտության ընկալման զգայական, հուզական կողմը (նա նկարագրում է միայն իր զգացողությունները և տպավորությունները), ապա միջին դպրոցում զգայականին ավելանում է նաև գիտակցականը: Զգայական, պատկերային մտածողությունից սովորողն անցնում է իմացական հասկացություններին, որոնք կազմավորում են երաժշտական մտքի խորությունը, գիտակցությունը, ձևավորում ու զարգացնում են երեխայի ստեղծագործական երևակայությունը: Ուսուցումն ակնկալվում է իրականացնել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով, նվագարաններով, տեխնիկապես հագեցած արվեստի սենյակներում։

1. «Երաժշտություն» առարկայի առաջարկվող գործունեության ձևերն են.

1) երաժշտական ստեղծագործության ունկնդրում և երաժշտության պատմություն,

2) երգերի անհատական և խմբային կատարում,

3) երաժշտառիթմական և պարային շարժում,

4) անհատական ստեղծագործում կամ իմպրովիզացիա (շարժումային և երգային, հանպատրաստից հորինում),

5) ուսումնական էքսկուրսիաներ թանգարաններ, համերգասրահներ և այլ մշակութային օջախներ:

Երաժշտության ունկնդրում և երաժշտության պատմություն: Երաժշտության ունկնդրումը և ընկալումը բարդ գործընթաց է, որովհետև այն կախված է յուրաքանչյուր անհատի ներքին զգացողությունից, որը բացահայտելը, ձևավորելը և զարգացնելը բավականին դժվար է: Այն զարգացնում է ուշադիր ունկնդրելու, համադրելու, համեմատելու կարողությունը և վերլուծական հմտությունները: Երաժշտության ունկնդրման միջոցով սովորողը ծանոթանում է նաև երաժշտության պատմությանը, ուսումնասիրում է ունկնդրվող ստեղծագործության ստեղծման պատմական ժամանակաշրջանը, կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության առանձնահատկությունները և այլն: Սովորողը հասկանում է, որ ունկնդրել չի նշանակում միայն լսել, պետք է ներկայացնել, մեկնաբանել, վերլուծել երաժշտությունից ստացած տպավորությունները, դրսևորել հուզական արձագանք, ինքնուրույն կարծիք հայտնել, մենակ կամ խմբով ներկայացնել ուսումնասիրություններ, հետազոտական կամ նախագծային աշխատանքներ և այլն:

Անհատական և խմբային երգեցողությունը երեխաների ամենասիրած գործունեության տեսակն է, որի ընթացքում զարգանում է նրանց լսողությունը, ռիթմի ու լադի զգացողությունը: Երգեցողությունից է երեխան ստանում իր առաջին երաժշտական տպավորություններն ու զգայական ընկալումը: Սկսած առաջին դասերից՝ պետք է սովորեցնել երեխաներին ճիշտ երգեցողության կանոնները` ձայնի դրվածքը, շնչառությունը, բառերի հստակ արտասանությունը, մաքուր ինտոնացիան և այլն: Խմբային երգեցողության միջոցով ձևավորվում և ընդլայնվում է սովորողների երգչային ձայնածավալը, ճիշտ շնչառությունը, ձայնակազմությունը, առոգանությունը, մաքուր ինտոնացիայով միաձայն (ունիսոն) և երկձայն երգելու կարողությունը, անսամբլային զգացողությունը, որը հիմքեր է նախապատրաստում հետագայում խմբերգային երգեցողության համար: Խմբային երգեցողությունը զարգացնում է նաև մի շարք բարոյական արժեքներ` բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, միասնականություն, մեկը մյուսին լսելու, սեփական պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու կարողություն: Տարրական դպրոցում սովորողները ծանոթանում են նաև ձեռքի նշաններով երգեցողությանը. այն զարգացնում է սովորողների երաժշտալսողական պատկերացումները, նախապատրաստում է նաև անցումը միաձայն երգեցողությունից բազմաձայն երգեցողության:

Երաժշտառիթմական և պարային շարժում, որը նպաստում է սովորողների հոգևոր և ֆիզիկական ուժերի ներդաշնակ զարգացմանը, ժամանակի և տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու ունակությանը: Գործունեության այս ձևի ընթացքում սովորողը կատարում է ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությունների ռիթմական նվագակցություններ, սովորում և կատարում է պարային տարրեր, շարժումներ կամ ամբողջական պարեր:

Երեխաների սիրած գործունեության տեսակներից է խաղը, մասնավորապես՝ երաժշտական շարժախաղերը, որոնք կարևոր դեր են կատարում կրտսեր դպրոցականների շարժումային գործունեության զարգացման գործում: Շարժախաղերը լայն հնարավորություն են տալիս երեխաներին ցուցադրելու ինքնուրույնություն և ստեղծագործական երևակայություն:

Անհատական ստեղծագործում կամ իմպրովիզացիա, որի գլխավոր նպատակը սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացումն է: Կիրառվում են շարժումային, պարային, երգեցիկ և նվագարանային իմպրովիզացիաներ, փոքրիկ մեղեդիների հորինումներ, տրված անավարտ մեղեդու շարունակություն և այլն: Իմպրովիզացիայի բոլոր միջոցները երեխաների մեջ զարգացնում են գեղարվեստական երևակայություն, ինքնուրույնություն, սեփական հույզերը և զգացմունքները երաժշտության միջոցով արտահայտելու ձգտում, բարձրացնում են երաժշտական գործունեության ակտիվությունը:

Սովորողները բոլոր երաժշտատեսական գիտելիքները ձեռք են բերում երաժշտությամբ գործնականորեն զբաղվելու ընթացքում, ծանոթանում են երաժշտության մեջ դրանց կիրառմանը: Շատ կարևոր է նաև սովորողների երաժշտագեղագիտական ճաշակի և մտահորիզոնի ձևավորումը, որը պետք է իրականացվի ուսումնական էքսկուրսիաների (այդ թվում նաև վիրտուալ), համերգասրահներ, թանգարաններ, թատրոններ այցելության ընթացքում: Դրանք կարելի է իրականացնել՝ ակտիվացնելով թանգարանների կրթական ծրագրերի հետ համագործակցությունը: Սովորողի կյանքում կարևոր տեղ է գրավում նաև դպրոցական համերգների կազմակերպումը, որը ձևավորում է երաժշտություն ունկնդրելու սովորություն և միջոցառումներ կազմակերպելու փորձ:

Ուսումնական գործունեությունը մի ամբողջական գործընթաց է, որի մեջ հավասարապես ներկայացվում են տարբեր տեսակներ: Թե ինչ ծավալով և ինչ ձևերով կկիրառվեն դրանք, կախված է դասի նպատակից, խնդիրներից և տիպից:

 

ԲԱԺԻՆ 4. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Առարկայի բովանդակությունը կառուցվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) Յուրաքանչյուր աշակերտի համար մատչելիության և հասանելիության ապահովման սկզբունքով,

2) Պարզից բարդին անցնելու սկզբունքով,

3) Պարուրաձև սկզբունքով,

4) Սովորողների ակտիվ և ազատ ստեղծագործական գործունեության խրախուսման սկզբունքով,

5) Արվեստի, նոր տեխնոլոգիաների ժամանակակից նվաճումներին համապատասխան,

6) Սովորողների տարիքային զարգացման առանձնահատկություններին համապատասխան,

7) Հիմնարար գաղափարների հենքի վրա,

8) Առավելապես գործնական ուղղվածությամբ:

 

ԲԱԺԻՆ 5. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

 

1. Առարկայի բովանդակությունը ձևավորվում է չորս հիմնական գաղափարների հենքի վրա՝

1) Ստեղծում (Ս)

2) Ներկայացում (Ն)

3) Ընկալում և արձագանք (ԸԱ)

4) Կապակցում (Կ)

 

Նշված գաղափարներն առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ մակարդակներում:

 

Ստեղծում

-Ստեղծել հետաքրքիր կերպարներ արտահայտիչ երգեցողության, համապատասխան դիմախաղի և դերասանական հնարների միջոցով,

-Ստեղծել ռիթմական նվագակցություն բնական և ռիթմական նվագարանների միջոցով:

 -Ստեղծել փոքրիկ մեղեդի:

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Երաժշտական գործունեության ձևերը

1) Տարրական ծրագիր

Երաժշտության

ունկնդրում

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի խաղային, հեքիաթային կերպարների, խոսակցական և երաժշտական ինտոնացիաների միջոցով, կատարի համապատասխան նմանողական շարժումներ: Բեմականացնի մանկական օպերաներից հատվածներ, հետաքրքիր երաժշտական կերպարներով, ներկայացնի կիրառված արտահայտչամիջոցները: Ճանաչի երաժշտության պարզ տեսակները: Ճանաչի և գրի նոտաները: Տարբերի ազգային և սիմֆոնիկ նվագախմբի նվագարանները՝ ըստ հնչողության:

Երգեցողություն

Ստեղծի հետաքրքիր կերպարներ երաժշտական խաղերի, հեքիաթների, մանկական օպերաների, ժողովրդական ծեսերի ուսուցման ընթացքում արտահայտիչ երգեցողության, համապատասխան դիմախաղի և դերասանական հնարների միջոցով:

Երաժշտառիթմական շարժում

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն $բնական# նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով և ռիթմական նվագարաններով:

Իմպրովիզացիա

Ստեղծի փոքրիկ իմպրովիզացիաներ՝ շարունակի և ավարտի փոքրիկ մեղեդին: Տրված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի:

Ներկայացում

-Կատարել և ներկայացնել փոքրիկ երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել, հաղորդել, փոխանցել իմաստը, հիմնական գաղափարը:

-Զարգացնել և կատարելագործել գեղարվեստական հնարները:

Կատարում

Երգի (մենակ կամ խմբով), ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի ժողովրդական, կոմպոզիտորական երգեր՝ ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ, մաքուր ինտոնացիայով, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: Կատարումն ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումով:

Ձեռքի նշաններով երգի հնչյունաշարի աստիճանները և կատարի երկձայն մեղեդիներ:

Ներկայացում

Ներկայացնի ստեղծագործության բնույթը, բովանդակությունը, տեսակը, տեմպը, տեմբրը, ռեգիստրը, դինամիկան: Երաժշտությունից ստացած իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

Ընկալում (արձագանքում)

-Հասկանալ, ընկալել ու վերլուծել երաժշտական ստեղծագործությունը:

-Մեկնաբանել երաժշտական ստեղծագործության բովանդակությունն ու գաղափարը:

-Կիրառել գնահատման ձևեր:

Ընկալում և հուզական արձագանք

 Ընկալի մեղեդու տրամադրությունը, բնույթը, արտահայտի հույզերով, երգելով, պարելով, հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները:

Վերլուծի ստեղծագործությունը՝ նկարագրի բովանդակությունը, համեմատի և ցույց տա արտահայտչական և նկարագրական ինտոնացիաները:

Մեկնաբանություն և գնահատում

Ստեղծագործությունից ստացած զգացողություններն արտահայտի գույների միջոցով կամ նկարելով: Մեկնաբանի իր և դասընկերների աշխատանքների լավ և վատ կողմերը, կատարի ինքնագնահատում և փոխադարձ գնահատում:

Կապակցում

-Սինթեզել և կապել գիտելիքներն ու անձնական փորձը՝ երաժշտական ստեղծագործությունը հասկանալու և ընկալելու համար:

-Առավել խոր ընկալման համար գեղարվեստական գաղափարները և ստեղծագործությունները համադրել հասարակական, մշակութային և պատմական համատեքստում:

Երաժշտությունը և նոր տեխնոլոգիաները

Բացատրի, թե համացանցն ինչպես է օգնում իրեն ավելի հաճախ և արդյունավետ հաղորդակցվելու երաժշտության հետ:

Ստեղծի իր նախասիրած երգերի և ունկնդրվող ստեղծագործությունների շարք, ձայնագրի և օգտագործի առօրյայում, զվարճանքների ժամանակ:

Կատարի առցանց դիտումներ համաշխարհային հայտնի օպերային թատրոններից և համերգասրահներից:

Երաժշտության

պատմություն

Դրսևորի հետաքրքրություն և սեր հայ ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտության նկատմամբ: Ընկալի և բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: Դառնա հայ ազգային երաժշտության կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: Դրսևորի հետաքրքրություն, սեր և հարգանք իր ազգային արժեքների նկատմամբ:

Երաժշտության դերը և նշանակությունը կյանքում

Բացատրի երաժշտության դերն ու նշանակությունն իր առօրյայում՝ դպրոցական կյանքում, հանգստի և զվարճանքների ժամանակ:

Մեկնաբանի երաժշտության կարևոր դերը ժողովուրդների մերձեցման գործընթացում, արժևորի մշակութային բազմազանությունը:

Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ, հաճախակի

այցելի (նաև առցանց) ակտիվ հանգստի անցկացման վայրեր՝ թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ, ցուցաբերի համապատասխան վարքագիծ:

Ստեղծում

-Ստեղծել թեմատիկ էլեկտրոնային ռեսուրսներ,

-Իրականացնել թեմատիկ ուսումնասիրություններ, հետազոտություններ, նախագիծ:

Երաժշտական գործունեության տեսակներ

2) Հիմնական ծրագիր

Երաժշտության

ունկնդրում

Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ սահիկաշար, տեսանյութ արվեստի տարբեր տեսակների փոխառնչությունների մասին, երաժշտական ստեղծագործությունների ունկնդրումից ստացած տպավորությունների, կոմպոզիտորների և կատարողների արվեստի մասին եզրահանգումներ անի:

Ունկնդրի և արժևորի տարբեր ժանրերի, երաժշտական ուղղությունների ստեղծագործությունները, թվարկի դրանց առանձնահատկությունները:

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային և համաշխարհային երաժշտության միջոցով՝ համադրելով արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների յուրօրինակությունը:

Երգեցողություն

Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ ճիշտ և արտահայտիչ երգեցողության գործընթացում, արժևորի բոլոր ժանրերի և երգեցիկ ձայների բարձրարվեստ կատարումները:

 Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ և եվրոպական երգարվեստին կամ երգիչ կատարողներին նվիրված ուսումնասիրություն կամ հետազոտություն:

Երաժշտառիթմական շարժում

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն կամ պարային շարժումներ:

Ընտրի ռիթմական նվագարաններ (օգտագործելով նաև նոր տեխնոլոգիաներ) և ստեղծի երաժշտառիթմական բազմաձայն նվագակցություն:

Իմպրովիզացիա

Տրված արտահայտչամիջոցներով փորձի ստեղծել երաժշտական կերպարներ և կազմակերպի թատերականացված երաժշտական ներկայացումներ:

Ներկայացում

-Կատարել և ներկայացնել փոքրիկ երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել, հաղորդել, փոխանցել իմաստը, հիմնական գաղափարը:

-Զարգացնել և կատարելագործել գեղարվեստական հնարները:

Կատարում

Երգի (մենակ կամ խմբով) տարբեր ժամանակների և ոճերի ազգային կամ այլ ազգերի երգեր, ռոմանսներ և խմբերգեր օպերաներից մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, ներշնչանքով, զարգացնելով մեղեդային գիծը, հետևելով նվագակցությանը և խմբավարի շարժումներին: Կատարի ազգային ամբողջական պարեր (մենապար, զուգապար, խմբապար): Կիրառի իր ստեղծագործական ունակություններն ու հմտությունները երաժշտության դասերից դուրս:

Ներկայացում

Ներկայացնի երաժշտական ստեղծագործության կերպարը՝ որպես մարդկային զգացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն և համեմատի արվեստի այլ տեսակների գեղարվեստական կերպարների հետ:

Ներկայացնի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ: Ուսումնասիրի ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը, զարգացումը և ներկայացնի հետազոտական կամ նախագծային աշխատանքներով: Ներկայացնի ժամանակակից տարբեր հեղինակների, երաժիշտ կատարողների, նվագախմբերի, երգչախմբերի արվեստին նվիրված սահիկահանդես կամ շնորհանդես:

 Դրսևորի երաժշտական և դերասանական գիտելիքներ և հմտություններ՝ գեղարվեստական կերպարները ճիշտ և արտահայտիչ ներկայացնելու համար:

Ընկալում (արձագանքում)

-Հասկանալ, ընկալել ու վերլուծել երաժշտական ստեղծագործությունը:

-Մեկնաբանել երաժշտական ստեղծագործության բովանդակությունն ու գաղափարը:

- Կիրառել գնահատման ձևեր:

Ընկալում և հուզական արձագանք

 Հասկանա, ընկալի և մեկնաբանի տարբեր ժանրերի երաժշտությունը, ցուցաբերի հուզական արձագանք, իր անհատական երաժշտական տպավորությունները ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները: Արժևորի ազգային և համաշխարհային կատարողների և նվագախմբերի, երգչախմբերի արվեստը:

Մեկնաբանություն և գնահատում

Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը և մեկնաբանի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը: Արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ՝ ակտիվորեն ներգրավվելով քննարկումների, բանավեճերի մեջ, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը: Գնահատի ըստ նշված չափանիշների:

Կապակցում

-Սինթեզել և կապել գիտելիքներն ու անձնական փորձը՝ երաժշտական ստեղծագործությունը հասկանալու և ընկալելու համար:

-Առավել խոր ընկալման համար գեղարվեստական գաղափարները և ստեղծագործությունները համադրել հասարակական, մշակութային և պատմական համատեքստում:

Երաժշտությունը և նոր տեխնոլոգիաները

Ներկայացնի նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում և արժևորի դրանց միջոցով ստեղծված արվեստի կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

Կատարի հետազոտություններ հայտնի երաժիշտ կատարողների կամ տարբեր ոճերի անսամբլների, երաժշտական մրցանակաբաշխությունների, փառատոների մասին, նյութը ներկայացնի՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ:

Փորձի ստեղծել որևէ ժողովրդական երգի ժամանակակից մշակում՝ օգտվելով համակարգչային ծրագրերից և կատարի այն:

Երաժշտության պատմություն

Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը երաժշտական ուղղությունների ձևավորման և զարգացման, տարբեր նվագարանների ու նվագախմբերի ստեղծման, նոր ժանրերի, ոճերի առաջացման վրա:

Ուսումնասիրի XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները և հետազոտական աշխատանքով ներկայացնի որևէ կոմպոզիտորի, կատարողի ստեղծագործական գործունեությունը:

Ազգային երաժշտության իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:

Երաժշտության դերը և նշանակությունը կյանքում

Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները, նախընտրած կատարողներին, փոքրիկ շնորհանդեսով ներկայացնի տարվա ընթացքում իր այցելած համերգներից և թանգարաններից ստացած տպավորությունները:

Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, արժևորի ազգային արժեքները:

Ստեղծում

- Ստեղծել թեմատիկ էլեկտրոնային ռեսուրսներ:

-Իրականացնել թեմատիկ ուսումնասիրություններ, հետազոտություններ, նախագիծ:

Երաժշտական գործունեության տեսակներ

3) Միջնակարգ ծրագիր

Երաժշտության

ունկնդրում

Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք՝ օգտագործելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ և տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ հնարավորությունները:

Երգեցողություն

Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի հայ կամ արտասահմանցի կոմպոզիտորների, երգիչ կատարողների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութ:

Երաժշտառիթմական շարժում

Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն՝ կիրառելով նոր տեխնոլոգիաները:

Իմպրովիզացիա

Ստեղծի (մենակ կամ խմբով) նախընտրած դասական փոքրիկ մեղեդու ժամանակակից մշակումներ:

Ներկայացում

-Կատարել և ներկայացնել փոքրիկ երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել, հաղորդել, փոխանցել իմաստը, հիմնական գաղափարը:

-Զարգացնել և կատարելագործել գեղարվեստական հնարները:

Կատարում

Երգի (մենակ կամ խմբով) ժողովրդական կամ դասական տարբեր ոճի երգեր, խմբերգեր արտահայտիչ, ներշնչանքով, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: Իրականացնի ստեղծագործական գաղափարներ անհատապես և խմբով: Կիրառի իր ստեղծագործական ունակություններն ու հմտությունները երաժշտության դասերից դուրս, մասնակցի դպրոցական, համայնքային երգչախմբի կամ այլ երաժշտական խմբերի աշխատանքներին:

Ներկայացում

Ներկայացնի (մենակ կամ խմբով) ստեղծագործություններից ստացած տպավորությունները պաստառներով, հետազոտություններով, նախագծային աշխատանքներով, գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ, հիմնավորի և մեկնաբանի իր կարծիքը: Խմբային աշխատանքի ընթացքում նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:

Ընկալում (արձագանքում)

-Հասկանալ, ընկալել ու վերլուծել երաժշտական ստեղծագործությունը:

 -Մեկնաբանել երաժշտական ստեղծագործության բովանդակությունն ու գաղափարը:

- Կիրառել գնահատման ձևեր:

Ընկալում և հուզական արձագանք

 Ընկալի՝ հասկանա և բացատրի ստեղծագործության գաղափարը, օգտագործված արտահայտչամիջոցները, ցուցաբերի հուզական արձագանք, իր հույզերն ու ապրումները արտահայտի տարբեր ձևերով՝ օգտվելով նոր տեխնոլոգիաներից: Ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:

Մեկնաբանություն և գնահատում

 Համեմատի և մեկնաբանի հակադիր կամ նույն բնույթի ստեղծագործությունները, դրսևորի վերլուծական կարողություններ, ստեղծագործական և անկախ մտածողություն: Գնահատումը կատարի ըստ սահմանված չափանիշների:

Կապակցում

-Սինթեզել և կապել գիտելիքներն ու անձնական փորձը՝ երաժշտական ստեղծագործությունը հասկանալու և ընկալելու համար:

 -Առավել խոր ընկալման համար գեղարվեստական գաղափարները և ստեղծագործությունները համադրել հասարակական, մշակութային և պատմական համատեքստում:

Երաժշտությունը և նոր տեխնոլոգիաները

Օգտվի համացանցի բազմաթիվ հնարավորություններից սեփական ստեղծագործական մտահղացումներն իրականացնելու համար, իր ելույթներն ուղեկցի տեսաձայնային միջոցներով:

Զարգացնի գեղագիտական, երաժշտական ճաշակը, ընդլայնի ազգային և եվրոպական մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները, նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով:

Դրսևորի հետաքրքրություն նոր տեխնոլոգիաների միջոցով աշխարհի հանրահայտ կատարողների ու նվագախմբերի համերգներին առցանց ներկա լինելու հնարավորության նկատմամբ:

Երաժշտության

պատմություն

Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: Հասկանա նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոցի, դերը, ճանաչի մշակութային բազմազանությունը:

Արժևորի հայ ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Երաժշտության դերը և նշանակությունը կյանքում

Դրսևորի հատուկ վերաբերմունք իր երկրի, մարզի, քաղաքի մշակութային օջախների գործունեության՝ որպես իր կյանքի անքակտելի մասի, նկատմամբ:

 Արժևորի երաժշտության դերն ու նշանակությունն իր կյանքում, կազմակերպի ընտանեկան և դպրոցական համերգներ, ակտիվ մասնակցի համայնքային մշակութային միջոցառումներին, համերգներին, ձեռք բերի ունկնդրելու փորձ, համերգներ հաճախելու մշակույթ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան