Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.04.2023-30.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2023
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2023
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մարտի 2023 թ.
ք. Երևան

N 2-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին hավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը՝ համաձայն հավելվածի:

 

Պաշտպանության նախարար

Ս. Պապիկյան

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

«29» մարտի 2023 թ. N 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

 1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) ատեստավորման արդյունքներով hավելավճարի հաշվարկման, ներառյալ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու, և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):

 2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նախատեսված՝ «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշում) 38-րդ կետի համաձայն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կազմում է ատեստավորման արդյունքներով որակավորված զինծառայողների անվանացուցակ, որում նշվում են զինծառայողի ծառայության վայրի զորամասը (զինվորական կառավարման մարմինը), զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը, զբաղեցրած զինվորական պաշտոնը, խումբը և ատեստավորման հանձնաժողովի եզրակացության համարը, կայացման օրը, տարին, ամիսը և ուղեկցող գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն (այսուհետ՝ ֆինանսաբյուջետային վարչություն):

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողի ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողի դեպքում՝ զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը՝ զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով իրականացվում է նաև ատեստավորման արդյունքներով օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նախատեսված՝ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացված զինծառայողի հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը:

5. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում՝ եթե համապատասխան զինվորական պաշտոնները հանդիսանում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները:

6. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին՝

1) պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում՝ արձակման օրվանից.

2) զինվորական պաշտոնից ազատելու և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում սահմանված հիմքերով կամ 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատելու դեպքերում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

4) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

5) օրենքի 44-րդ հոդվածով սահմանված այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում՝ տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

6) օրենքի 45-րդ հոդվածով սահմանված այլ մարմին գործուղելու դեպքում՝ գործուղման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

7) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում՝ արձակուրդ հատկացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

8) օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացություն կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

9) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով» կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժ տալու դեպքում՝ կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

 10) սույն կետի 9-րդ ենթակետում չնախատեսված և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված այլ կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու դեպքում՝ վերջինը տրված կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

11) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու հիմքով զինվորական պաշտոնից ազատելու և ցածր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից:

 7. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողին հավելավճար չի հաշվարկվում:

 8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ցածր զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

 9. Սույն կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

 10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձակուրդից վերադառնալու, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու պարագայում, բացառությամբ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժի, վերսկսվում է զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը՝ համապատասխանաբար արձակուրդից վերադառնալու կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: «Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է՝ եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո օրենքով սահմանված կարգով նշանակվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի:

11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերը կիրառելի չեն այն զինծառայողի նկատմամբ, որին այդ կետերի համաձայն զինվորական պաշտոնի նշանակելու օրվա դրությամբ լրացել է զինծառայողի՝ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պարտադիր ատեստավորման եռամյա ժամկետը, որի պարագայում զինծառայողին հավելավճարի հաշվարկումն իրականացվում է նրա ատեստավորման արդյունքներով «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում:

 12. Սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարը դադարեցնելու ամսվա 1-ից զինծառայողի համար վերսկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված լրավճարի հաշվարկումը՝ ըստ զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբի, զինվորական կոչման և ստաժի համար սահմանված չափով:

13. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում սահմանված դեպքերի և 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ կետերում սահմանված հանգամանքների ծագման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ֆինանսաբյուջետային վարչությանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 5-Ն 30.08.2024, N 2-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան