Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 629/11
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (20.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2017

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 629/11)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

20 հոկտեմբերի 2016թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]՝ Նախագահ,

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Թիմ Այքը [Tim Eicke]՝ դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ բաժանմունքի քարտուղար,

2016 թվականի սեպտեմբերի 27-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:  

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1.   Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արա Հարությունյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 629/11) հիման վրա:

2.   Դիմումատուին ներկայացրել են Վանաձորում գործող փաստաբաններ պրն Է. Մարուքյանը և պրն Կ. Թումանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3.   Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ տեղական դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։

4.   Տեղական դատարանների կողմից դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքը 2013 թվականի հունիսի 19-ին ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատի մնացած մասը հայտարարվել է անընդունելի՝ Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետին համապատասխան։  

ՓԱՍՏԵՐԸ  

I.      ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

5.   Դիմումատուն ծնվել է 1989 թվականին և ապրում է Վանաձորում:  

Ա.    Դիմումատուի նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելը և նրան կալանքի տակ պահելը

6.   2010 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն կամավոր ներկայացել է Գուգարքի ոստիկանության բաժին ու խոստովանել, որ այդ օրն ավելի վաղ՝ փողոցային կռվի ժամանակ, նա դանակով վնասվածք է հասցրել մեկ այլ անձի՝ Յ.Փ.-ին, այն բանից հետո, երբ նա սպառնացել է իրեն ատրճանակով։ Դիմումատուն նաև հանձնել է իր դանակը և Յ.Փ.-ի ատրճանակը, որը նա խլել էր Յ.Փ.-ից։

7.   Նույն օրը քննիչը որոշել է Յ.Փ.-ի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու հիմքով դիմումատուի նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցել՝ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 113-րդ հոդվածի համաձայն, և դիմումատուի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քննիչն իր որոշման համար նշել է հետևյալ հիմքերը.

«... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ [դիմումատուն] ընդհանուր առմամբ չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտի քննությունը և կատարի հանցագործություն ...»

8.   2010 թվականի օգոստոսի 9-ին դիմումատուի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոխարինվել է ՔՕ-ի 112-րդ հոդվածի համաձայն ավելի ծանր մեղադրանքով այն բանից հետո, երբ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն, Յ.Փ.-ի առողջությանը պատճառված վնասը եղել է ծանր և վտանգավոր կյանքի համար։

9.   Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզային դատարան դիմումատուին կալանավորելու պահանջով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերը բավարար հիմքեր էին տալիս ենթադրելու, որ դիմումատուն ընդհանուր առմամբ կարող էր խոչընդոտել քննությունը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարությանը մասնակցող անձանց վրա և կատարել նոր հանցագործություն, ինչպես նաև հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը։

10.   Դիմումատուն առարկել է այս միջնորդության դեմ՝ պնդելով, inter alia թիվս այլնի), որ այն հիմնավորված չէ և դրանում առկա չէ որևէ փաստարկ ի հաստատումն այն պնդման, որ նա կարող էր կատարել Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 135-րդ հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը։ Կալանավորման համար կարծրատիպային պատճառաբանություն ներկայացնելը կամ միայն պատժի խստության վրա հիմնվելը հակասում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածին։ Դիմումատուն պահանջել է պահպանել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։

11.    2010 թվականի օգոստոսի 10-ին Լոռու մարզային դատարանը, լսելով դիմումատուին, ճանաչել է քննիչի միջնորդությունը հիմնավորված և որոշել բավարարել այն՝ դիմումատուի համար նշանակելով երկամսյա կալանք.

«... հաշվի առնելով [մեղադրյալի] կողմից կատարված արարքի բնույթը և վտանգավորության աստիճանն ու այն փաստը, որ նա ընդհանուր առմամբ կարող է թաքնվել գործով վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել քննությունը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով, ինչպես նաև խուսափել պատասխանատվությունից և պատժից:»։

12.    2010 թվականի օգոստոսի 12-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով, inter alia, այն փաստը, որ ՔԴՕ-ի 135-րդ հոդվածով նախատեսված պայմաններով իր կալանավորումը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի երաշխիքներին։ Մարզային դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ քննիչի միջնորդության մեջ նշված չէ որևէ գործողություն, որը նա ընդհանուր առմամբ կարող էր կատարել։ Նա ներկայացել է կամավոր՝ խոստովանական ցուցմունքով, ու օգնել քննությանը՝ ամեն անգամ ներկայանալով քննություն իրականացնող մարմնի կանչով, մասնակցելով տարբեր քննչական գործողություններին ու առերեսումներին, մարմիններին հայտնի է եղել նրա ինքնությունը և բնակության վայրը։ Հետևաբար, չկար չհեռանալու մասին ստորագրության կիրառումը բացառող որևէ հանգամանք։ Քննիչը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ նա երբևէ փորձել է թաքնվել կամ խոչընդոտել քննությունը, կամ որ նա կթաքնվեր, կխոչընդոտեր դատավարությունը, կկատարեր հանցագործություն կամ կխուսափեր քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատիժը կրելուց։ Դիմումատուն նաև պնդել է, որ խափանման միջոցը փոխելու և կալանք նշանակելու միակ պատճառն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ավելի ծանր մեղադրանքով փոխարինելն է եղել։

13.    2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անփոփոխ թողնել Մարզային դատարանի որոշումը՝ գտնելով, որ.

« … [դիմումատուի] նկատմամբ նշանակված պատժի խստությունը բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր առմամբ [դիմումատուն] կարող է թաքնվել գործով վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությունը և խուսափել քրեական պատասխանատվությունից ու նշանակված պատիժը կրելուց ...

...

Այսպիսով, Մարզային դատարանը ... ապահովել է [ՔԴՕ-ի 134-րդ հոդվածի] պահանջի կատարումը քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար, քանի որ այս կոնկրետ գործով այլ հասանելի խափանման միջոցի կիրառմամբ անհնար էր ապահովել դա, ինչը բխում էր նաև հանրության շահերից:»։

14.    2010 թվականի սեպտեմբերի 24-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել՝ հիմքերի բացակայության պատճառով։  

Բ.    Դիմումատուի կալանքի ժամկետի երկարաձգումը  

1.     Կալանքի ժամկետի առաջին երկարացումը

15.    2010 թվականի սեպտեմբերի 23-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դիմումատուի կալանքի ժամկետը, որը լրանում էր 2010 թվականի հոկտեմբերի 9-ին, երկարացնել երկու ամսով։ Այդ միջնորդության մեջ նշվել է, որ կա հետագա քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ընդ որում՝ դեռևս առկա են դիմումատուի կալանավորման պատճառները, մասնավորապես՝ նրա կողմից քննությունը խոչընդոտելու և նոր հանցագործություն կատարելու ռիսկերը։

16.   Դիմումատուն առարկել է այդ միջնորդության դեմ և պահանջել, որ Մարզային դատարանը գրավով ազատ արձակի իրեն։

17. 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Մարզային դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը՝ գտնելով, որ դիմումատուի կալանավորման՝ 2010 թվականի օգոստոսի 10-ի իր որոշման մեջ նշված հիմքերը դեռևս առկա են, և քննությունն ավարտելու համար անհրաժեշտ է երկարացնել կալանքի ժամկետը։ Այն նաև որոշել է միևնույն հիմքերով մերժել դիմումատուի՝ գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

18.   2010 թվականի հոկտեմբերի 7-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, inter alia, որ Մարզային դատարանը չի նշել որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց, որը մատնանշում է, որ ընդհանուր առմամբ նա կթաքնվեր կամ կխոչընդոտեր քննությունը։ Ինչ վերաբերում է գրավի կիրառումը մերժելուն, ապա դիմումատուն պնդել է, որ այն հիմնված չէ ՔԴՕ-ի 143-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմքի վրա։ Մասնավորապես, իր ինքնությունը հայտնի է եղել, ինքն ունեցել է մշտական բնակության վայր և երբեք չի փորձել թաքնվել։

19.   2010 թվականի հոկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դիմումատուի կալանքի ժամկետը երկարացնելու ու գրավով նրա ազատ արձակումը մերժելու որոշումը՝ գտնելով, որ այն օրինական է և հիմնավորված։ Ինչ վերաբերում է հատկապես գրավի հարցին, ապա Վերաքննիչ դատարանը սկզբում նշել է, որ գրավը մերժելու՝ ՔԴՕ-ի 143-րդ հոդվածում նշված հիմքերը սպառիչ չեն։ Այնուհետև Դատարանը եկել է այն եզրակացության, որ անհնար է դիմումատուի կալանքը գրավով փոխարինելն այն նույն հիմքով, որով հիմնավորվել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։

20.   Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել՝ հիմքերի բացակայության պատճառով։

2.     Դիմումատուի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու պահանջով և նրա կալանքի ժամկետի երկրորդ երկարացումը

21.    2010 թվականի նոյեմբերի 8-ին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզային դատարան՝ գրավով ազատ արձակելու պահանջով։ Նա նշել է, inter alia, որ ունի մշտական բնակության վայր, երբեք չի թաքնվել կամ խոչընդոտել քննությունը և, ընդհակառակը, օգնել է հանցագործության բացահայտման գործում։

22.   2010 թվականի նոյեմբերի 19-ին Մարզային դատարանը որոշել է մերժել միջնորդությունը՝ գտնելով, որ դիմումատուի կալանավորման հիմքերը, ինչպես նշվել է իր նախորդ որոշման մեջ, դեռևս առկա են։ Այդ որոշումը ենթակա է եղել բողոքարկման Վերաքննիչ քրեական դատարան՝ տասնօրյա ժամկետում։

23.   2010 թվականի նոյեմբերի 24-ին քննիչը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով դիմումատուի կալանքի ժամկետը, որը լրանում էր 2010 թվականի դեկտեմբերի 9-ին, երկարացնել մեկ ամսով՝ հիշատակելով նախկինում նշված նույն հիմքերը։

24.   Դիմումատուն առարկել է այդ միջնորդության դեմ և Մարզային դատարանից պահանջել գրավով ազատ արձակել իրեն։

25.   2010 թվականի դեկտեմբերի 3-ին Մարզային դատարանը որոշել է մասամբ բավարարել քննիչի միջնորդությունը՝ գտնելով, որ դեռևս առկա են դիմումատուի կալանավորման հիմքերը, և տասնհինգ օրով երկարացրել է նրա կալանքի ժամկետը։ Ազատ արձակելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունը մերժվել է՝ միևնույն հիմքերով։ Այդ որոշումը ենթակա է եղել բողոքարկման Վերաքննիչ քրեական դատարան՝ հնգօրյա ժամկետում։  

Գ.    Դիմումատուի՝ գրավով ազատ արձակումը և նրա նկատմամբ քրեական գործով վարույթի ավարտը

26.   2010 թվականի դեկտեմբերի 10-ին քննիչը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով դիմումատուի կալանքի ժամկետը, որը լրանում էր 2010 թվականի դեկտեմբերի 24-ին, երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ միջնորդության մեջ նշվել է, inter alia, որ մեղադրական եզրակացությունը դեռևս պատրաստ չէ, և դիմումատուի կալանավորման հիմքերը դեռևս առկա են։

27.   2010 թվականի դեկտեմբերի 15-ին Մարզային դատարանը որոշել է մասամբ բավարարել քննիչի միջնորդությունը՝ դիմումատուի կալանքի ժամկետը երկարացնելով տասնհինգ օրով։ Միևնույն ժամանակ Մարզային դատարանն ուսումնասիրել է դիմումատուին գրավով ազատ արձակելու հարցը և եկել է այն եզրակացության, որ այն «հնարավոր է համարել [դիմումատուի] նկատմամբ նշանակված կալանքը գրավով փոխարինելը»։

28.   2010 թվականի դեկտեմբերի 16-ին դիմումատուն ազատ է արձակվել՝ վճարելով Մարզային դատարանի կողմից նշանակված գրավի գումարը։

29.   2011 թվականի հունվարի 25-ին քննիչը որոշել է հանել դիմումատուին առաջադրված մեղադրանքները, չեղյալ հայտարարել գրավը և ավարտել քրեական գործով վարույթը։ Այդ որոշման մեջ նշվել է, inter alia, որ դիմումատուն Յ.Փ.-ի առողջությանը ծանր վնաս է պատճառել ինքնապաշտպանվելիս, հետևաբար իր գործողություններում բացակայում է corpus delicti (հանցակազմը)։  

II.     ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ  

Ա.    Քրեական դատավարության օրենսգիրք

30.   134-րդ հոդվածով նախատեսվում է, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցները ներառում են, inter alia, կալանավորումը, գրավը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին։

31.    135-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է` 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. կամ 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել վերևում նշված գործողությունները: Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` 1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը. 2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. 3) տարիքը և առողջական վիճակը. 4) սեռը. 5) զբաղմունքի տեսակը. 6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը. 7) գույքային դրությունը. 8) բնակության մշտական վայրի առկայությունը. 9) այլ էական հանգամանքներ:

32.   136-րդ հոդվածով նախատեսվում է, որ խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:

33.   137-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը:

34.   138-րդ հոդվածով նախատեսվում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել երկու ամսից ավելի, բացառությամբ Օրենսգրքով նախատեսված դեպքերի: Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև վեց ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև տասներկու ամիս։

35.   139-րդ հոդվածով նախատեսվում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է Օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով: Այն կարող է նաև ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը։

36.   143-րդ հոդվածով նախատեսվում է, որ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

37.   144-րդ հոդվածով նախատեսվում է, որ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:  

Բ.    Քրեական օրենսգիրք

38.   112-րդ հոդվածով նախատեսվում է, որ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

39.   113-րդ հոդվածով նախատեսվում է, որ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:  

ԻՐԱՎՈՒՆՔԸ  

I.      ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

40.   Դիմումատուն բողոքել է, որ տեղական դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:»։

41.    Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։  

Ա.    Ընդունելիությունը

42.   Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն, Լոռու մարզային դատարանի 2010 թվականի նոյեմբերի 19-ի և դեկտեմբերի 3-ի որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ չներկայացնելով, չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Այս բողոքները կարող էին նրան տալ վաղաժամկետ ազատման հնարավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ի վերջո գրավով ազատ է արձակվել:

43.   Դիմումատուն պնդել է, որ Կառավարության պնդումն անհիմն է, քանի որ ինքը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել Լոռու մարզային դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի և հոկտեմբերի 4-ի այն որոշումների դեմ, որոնցով նշանակվել է իր կալանքը և երկարացվել դրա ժամկետը: Վերաքննիչ բողոքները քննվել և մերժվել են բոլոր բարձր ատյանների դատարանների կողմից: Նա իր գանգատը ներկայացրել է Դատարան՝ իրավական պաշտպանության բոլոր այդ միջոցները սպառելուց հետո:

44.   Դատարանը համարում է, որ այս հարցը սերտորեն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ և, հետևաբար, պետք է կցվի գործի ըստ էության քննությանը։

45.   Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։  

Բ.    Ըստ էության քննությունը  

1.     Կողմերի փաստարկները

46.   Դիմումատուն նշել է, որ տեղական դատարանները որպես խափանման միջոց կալանավորում նշանակելու մասին իրենց որոշման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ: Կալանավորումը ներպետական օրենսդրությամբ նախատեսված խափանման հինգ միջոցից մեկն է և համարվել է բացառիկ միջոց: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ արդեն իսկ կիրառվել էր ստորագրությունը՝ չհեռանալու մասին այն հիմքով, որ չկա որևէ պատճառ ենթադրելու, որ նա կթաքնվի, կխոչընդոտի քննությունը կամ կկատարի հանցանք: Նա չի խախտել այդ խափանման միջոցի պայմանները, մշտապես ներկայացել է քննիչի կանչով և օգնել է քննությանը՝ մասնակցելով տարբեր քննչական գործողությունների: Դատարանները որևէ հիմք չեն ունեցել ենթադրելու, որ նա կարող է թաքնվել կամ խոչընդոտել դատաքննությունը՝ բացառությամբ այն փաստի, որ նրան առաջադրված մեղադրանքը փոխարինվել է ավելի ծանր մեղադրանքով: Այնուհանդերձ, պատժի խստությունը բավարար չէր՝ կալանավորումը հիմնավորելու համար, և դատարանները պարտավոր էին հաշվի առնել նրա անձն ու բնութագիրը: Ամեն դեպքում դատարանները չեն կատարել պատշաճ քննություն և իրենց որոշումներում պարզապես շարադրել են ՔԴՕ-ի 134-րդ և 135-րդ հոդվածները՝ չներկայացնելով որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց և բավարարվելով նույնական, վերացական և կարծրատիպային ձևակերպումներով:

47.   Կառավարությունը նշել է, որ դիմումատուի կալանավորման հիմքում ընկած են եղել հիմնավոր և բավարար պատճառներ: Պատժի ծանրության աստիճանը կարևոր գործոն էր, որը պետք էր հաշվի առնել: Հետևաբար, դիմումատուին առաջադրված մեղադրանքն ավելի ծանր մեղադրանքով փոխարինելը դիտարկվել է որպես մի գործոն, որը կարող էր ազդեցություն ունենալ նրա վարքագծի վրա՝ մեծացնելով նրա՝ պատասխանատվությունից և պատժից խուսափելու ռիսկը: Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ դիմումատուն չի առարկել սկզբում առաջադրված մեղադրանքին, սակայն ավելի ուշ, երբ առաջադրվել է ավելի ծանր մեղադրանք, նա սկսել է պնդել, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումներով: Ընդ որում, դիմումատուի խոստովանական ցուցմունքը չի կարող հանդես գալ որպես նրա՝ համագործակցելու պատրաստակամության օրինակ, քանի որ նա մեղայականով ներկայացել է այն բանից հետո միայն, երբ ոստիկանության աշխատակիցները այցելել են նրա բնակության վայր, որտեղ նրանց ասել են, որ դիմումատուն նախորդ օրը դուրս է եկել և դեռ չի վերադարձել: Դիմումատուի կալանավորման ժամկետի երկարացումը հիմնավորվել է քննությունն ավարտելու անհրաժեշտությամբ և այն փաստով, որ նրա կալանավորման համար հիմքերն առկա են եղել: Այս նույն հիմքերով նաև հիմնավորվել է դիմումատուին գրավով ազատ արձակման մերժումը:  

2.     Դատարանի գնահատականը  

ա)    Ընդհանուր սկզբունքները

48.   Դատարանը կրկին նշում է, որ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն, հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար։ Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը։ Այն դեպքում, երբ նման հիմքերը «հիմնավոր» են և «բավարար», Դատարանը պետք է պարզի նաև, թե ազգային իրավասու մարմինները վարույթն իրականացնելիս դրսևորել են արդյոք «պատշաճ ջանասիրություն» (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, §153, ՄԻԵԴ 2000-IV, և Իդալովն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Idalov v. Russia [GC]], թիվ 5826/03, §140, 2012 թվականի մայիսի 22)։

49.   Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի համար հիմնավորումը՝ անկախ դրանց կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§87 և 102, 2016 թվականի հուլիսի 5): Ընդ որում, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար (տե՛ս Յաբլոնսկին ընդդեմ Լեհաստանի [Jablonski v. Poland], թիվ 33492/96, §83, 2000 թվականի դեկտեմբերի 21, և Իդալովի գործը, վերևում հիշատակված, §140):

50.   Դատարանի նախադեպային իրավունքում «հիմնավոր» և «բավարար» պատճառներ համարվող հիմնավորումները ներառել են այնպիսի հիմքեր, ինչպիսիք են թաքնվելու վտանգը, վկաների վրա ներգործելու նպատակով ճնշում գործադրելու կամ կեղծված ապացույցների ռիսկը, նախնական համաձայնության գալու ռիսկը, կրկին հանցագործություն կատարելու ռիսկը, հասարակական կարգը խախտելու ռիսկը և կալանավորված անձին պաշտպանելու անհրաժեշտությունը (տե՛ս, օրինակ, Շթոգմյուլլերն ընդդեմ Ավստրիայի [Stögmüller v. Austria], 1969 թվականի նոյեմբերի 10, §15, շարք Ա թիվ 9, Վեմհոֆֆն ընդդեմ Գերմանիայի [Wemhoff v. Germany], 1968 թվականի հունիսի 27, §14, շարք Ա թիվ 7, Թոմազին ընդդեմ Ֆրանսիայի [Tomasi v. France], 1992 թվականի օգոստոսի 27, §95, շարք Ա թիվ 241‑Ա, Թոթն ընդդեմ Ավստրիայի [Toth v. Austria], 1991 թվականի դեկտեմբերի 12, §70, շարք Ա թիվ 224, Լեթելիերն ընդդեմ Ֆրանսիայի [Letellier v. France], 1991 թվականի հունիսի 26, §51, շարք Ա թիվ 207, և Ի.Ա.-ն ընդդեմ Ֆրանսիայի [I.A. v. France], 1998 թվականի սեպտեմբերի 23, §108, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑VII):

51.    Կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ ազատ արձակման։ Ազգային դատական մարմինները պետք է, հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, ուսումնասիրեն հանրային շահի վերոնշյալ պահանջի առկայությանը հակասող կամ այն հաստատող կամ 5-րդ հոդվածի կանոնից շեղումը հիմնավորող բոլոր փաստերը և պետք է դրանք նշեն ազատ արձակման գանգատների վերաբերյալ իրենց որոշումներում: Հիմնականում այդ որոշումներում ներկայացված պատճառների և դիմումատուի կողմից իր բողոքներում լավ հիմնավորված փաստերի շնորհիվ է, որ Դատարանին կոչ է արվել որոշելու այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, թե ոչ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջիի գործը, վերևում հիշատակված, §§89 և 91): Ազատ արձակելուն կողմ և դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանուր և վերացական (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի [Smirnova v. Russia], թիվ 46133/99 և 48183/99, §63, ՄԻԵԴ 2003‑IX (քաղվածքներ), Բեկչիևն ընդդեմ Մոլդովայի [Becciev v. Moldova], թիվ 9190/03, §56, 2005 թվականի հոկտեմբերի 4, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §92, 2012 թվականի հունիսի 26, Զայիդովն ընդդեմ Ադրբեջանի [Zayidov v. Azerbaijan], թիվ 11948/08, §57, 2014 թվականի փետրվարի 20, և Մերչեպն ընդդեմ Խորվաթիայի [Merčep v. Croatia], թիվ 12301/12, §79, 2016 թվականի ապրիլի 26)։

52.   Մեղադրյալի թաքնվելու վտանգը չի կարող գնահատվել միայն նրան սպառնացող պատժի խստությամբ։ Այն պետք է գնահատել՝ վկայակոչելով մի շարք այլ վերաբերելի գործոններ, որոնք կարող են կամ հաստատել թաքնվելու վտանգի առկայությունը կամ կարող են այնքան չնչին դարձնել, որ այն չի կարող հիմնավորել մինչդատական կալանքը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լեթելլիերի գործը, վերևում հիշատակված, §43, Բեկչիևի գործը, վերևում հիշատակված, §58, Փիրուզյանի գործը, վերևում հիշատակված, §95, և Զայիդովի գործը, վերևում հիշատակված, §59): Պետք է հաշվի առնել ներգրավված անձի բնութագիրը, նրա բարոյական սկզբունքները, տունը, զբաղվածությունը, գույքը, ընտանեկան կապերը և այն երկրի հետ ցանկացած կապ, որտեղ նա հետապնդվում է, ինչպես նաև անձի միջազգային հարաբերությունները (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Նոյմասթերն ընդդեմ Ավստրիայի [Neumeister v. Austria], 1968 թվականի հունիսի 27, §10, շարք Ա թիվ 8, և Բուզաջիի գործը, վերևում հիշատակված, §90):

53.   Վարույթի պատշաճ իրականացումը մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգը չի կարող որպես հիմք ընդունվել in abstracto (վերացական ձևով), այն պետք է հիմնավորել փաստացի ապացույցներով (տե՛ս Տրզասկան ընդդեմ Լեհաստանի [Trzaska v. Poland], թիվ 25982/94, § 65, 2000 թվականի հուլիսի 11, Բեկչիևի գործը, վերևում հիշատակված, §59, Փիրուզյանի գործը, վերևում հիշատակված, §96, և Մերչեպի գործը, վերևում հիշատակված, §89)։  

բ)     Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

54.   Դիմումատուն սույն գործով պնդել է, որ դատարանները նրա նկատմամբ կալանք նշանակելու և դրա ժամկետը երկարացնելու մասին իրենց որոշումների համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը։ Դատարանն ի սկզբանե նշում է, որ ՔԴՕ-ի 135-րդ հոդվածով սահմանվում են խափանման միջոցի, այդ թվում՝ կալանքի նշանակումը հիմնավորող հիմքերը, որոնք կարծես համընկնում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանի նախադեպային իրավունքում սահմանված հիմքերի հետ (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը)։ Ընդ որում, ՔԴՕ-ի 136-րդ հոդվածով պահանջվում է, որ կալանք նշանակելու մասին որոշումը լինի պատճառաբանված և բովանդակի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության հիմնավորումը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)։

55.   2010 թվականի օգոստոսի 10-ին դիմումատուն բերվել է Լոռու մարզային դատարան, որը քննել և բավարարել է քննիչի՝ նրան կալանավորելու մասին միջնորդությունը։ Այսպես վարվելով՝ Մարզային դատարանը, ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ որպես նրա կալանավորումը հիմնավորող հիմք է համարել դիմումատուի՝ թաքնվելու ու տուժողի և (կամ) վկաների վրա ազդեցություն գործադրելու միջոցով քննությունը խոչընդոտելու ռիսկը։ Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ Մարզային դատարանը բավարարվել է իր որոշման մեջ վերացական և կարծրատիպային ձևով այս հիմքերը նշելով՝ չներկայացնելով որևէ պատճառ, այդ թվում՝ փաստ կամ ապացույց առ այն, թե ինչու է այն համարում այդ հիմքերը հիմնավորված դիմումատուի գործով և հիմնականում իր պատճառաբանությունը պարզապես սահմանափակելով ՔԴՕ-ի 135-րդ հոդվածի համապատասխան մասերի հիշատակմամբ (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։ Չի տրվել որևէ բացատրություն այն հարցի վերաբերյալ, թե ինչու է քննիչի միջնորդությունը հիմնավորված և ինչու է անհրաժեշտ ստորագրությունը փոխարինել կալանքով, չնայած այն հանգամանքին, որ այդ միջնորդությունը հակասում էր քննիչի՝ ավելի վաղ արված այն եզրահանգմանը, որ դիմումատուն ամենայն հավանականությամբ չի կատարի որևէ անթույլատրելի արարք՝ ներառյալ թաքնվելը կամ քննությունը խոչընդոտելը (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։ Մարզային դատարանը հաշվի չի առել այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են քննության ընթացքում դիմումատուի վարքագիծը և անձնական բնույթի հանգամանքները, ինչպես նաև ցանկացած այլ վերաբերելի գործոն։ Այն նաև չի ուսումնասիրել դիմումատուի կողմից արված որևէ առարկություն կամ դիտարկել նրան գրավով ազատ արձակելու հնարավորությունը։

56.   Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքները և ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները, ինչպես նաև քննիչի հետագա միջնորդությունները, որով պահանջում էր երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը, դատարանների կողմից քննվել են միևնույն ձևով, միայն բացառություն է կազմել այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանը վկայակոչել է պատժի խստությունը՝ որպես ոչ պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը հիմնավորող հիմք (տե՛ս վերևում՝ 13-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով միայն սա բավարար չէ՝ դիմումատուի կալանավորումը հիմնավորելու համար։ Դատարանը նշում է, որ այն հաճախ հայտնաբերել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, երբ տեղական դատարանները երկարացրել են դիմումատուի կալանքի ժամկետը՝ հիմնականում հիմնվելով մեղադրանքների ծանրության վրա և օգտագործելով կարծրատիպային ձևակերպումներ՝ չանդրադառնալով առանձին փաստերի կամ չդիտարկելով այլընտրանքային խափանման միջոցներ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սմիրնովայի գործը, վերևում հիշատակված, §70, Վասիլկոսկին և այլոք ընդդեմ «Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության» [Vasilkoski and Others v. “the former Yugoslav Republic of Macedonia”], թիվ 28169/08, §64, 2010 թվականի հոկտեմբերի 28, և Տրետյակովն ընդդեմ Ուկրաինայի [Tretyakov v. Ukraine], թիվ 16698/05, §59, 2011 թվականի սեպտեմբերի 29)։

57.   Դատարանը նաև նշում է, որ ի վերջո՝ չորս ամսից ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, դիմումատուն գրավով ազատ է արձակվել, սակայն չի ներկայացվել որևէ հիմնավորում այն մասին, թե ինչու հնարավոր չի եղել այդ միջոցն ավելի վաղ կիրառել (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը)։

58.   Վերջապես Դատարանը նշում է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարացնելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում և արդեն մի շարք գործերով հայտնաբերվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§74-77, 2012 թվականի հունիսի 26, և Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2)։

59.   Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ տեղական դատարանները, ողջամիտ կասկածների առկայությունից բացի, չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու և դրա ժամկետը երկարացնելու մասին իրենց որոշումների համար։

60.   Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարության՝ չսպառելու առնչությամբ առարկությանը։ Նրանք պնդել են, մասնավորապես, որ դիմումատուն, Լոռու մարզային դատարանի 2010 թվականի նոյեմբերի 19-ի և դեկտեմբերի 3-ի որոշումների դեմ վերաքննիչ բողոք չներկայացնելով, չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Առաջինը վերաբերում է Մարզային դատարանի կողմից գրավով ազատ արձակելու պահանջով դիմումատուի միջնորդության մերժմանը, իսկ երկրորդով մասամբ բավարարվել է քննիչի՝ դիմումատուի կալանքի ժամկետը երկրորդ անգամ երկարացնելու պահանջով միջնորդությունը (տե՛ս վերևում՝ 22-րդ և 25-րդ պարբերությունները)։

61.   Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ դիմումատուն Վերաքննիչ քրեական դատարանում նախկինում վիճարկել է համանման որոշումներ, և նրա բողոքները մշտապես մերժվել են կարծրատիպային ձևով՝ առանց գործին հատուկ որևէ պատճառաբանության (տե՛ս վերևում՝ 13-րդ և 19-րդ պարբերությունները)։ Հետևաբար կասկածելի է այն հանգամանքը, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ի և դեկտեմբերի 3-ի որոշումների դեմ վերաքննիչ բողոքները կունենային այլ ելք։ Ավելին, եթե դիմումատուն ներկայացներ այդպիսի վերաքննիչ բողոքներ և ենթադրենք, որ դրանք հաջող ընթացք ունենային, ապա սա տեսականորեն կերաշխավորեր դիմումատուի ազատ արձակումը միայն մոտավորապես 2010 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին և մինչև դա որևէ ազդեցություն չէր ունենա դիմումատուի կալանքի ժամկետի վրա։ Ինչ վերաբերում է այդ ժամկետին, ապա դիմումատուն, համապատասխան որոշումների դեմ բողոքներ ներկայացնելով, սպառել է իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները։ Հետևաբար, Կառավարության՝ չսպառելու վերաբերյալ առարկությունը պետք է մերժել:

62.   Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։  

II.     ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

63.   Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։  

Ա.    Վնասը

64.   Դիմումատուն, որպես ոչ նյութական վնասի հատուցում, պահանջել է 7620 եվրո։

65.   Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ապացուցել այն, որ ինքն իրականում կրել է որևէ ոչ նյութական վնաս։

66.   Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար, այն դիմումատուին շնորհում է 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։  

Բ.    Ծախսերը և ծախքերը

67.   Դիմումատուն նաև պահանջել է 540 եվրո կամ 300 000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում տեղական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, ու 1 200 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Դիմումատուն ներկայացրել է 2010 թվականի օգոստոսի 2-ին իր ներկայացուցչի հետ կնքված 300 000 ՀՀ դրամի պայմանագիրը, որով ներկայացուցիչը համաձայնել է դիմումատուին տրամադրել իրավաբանական օգնություն՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի կապակցությամբ։

68.   Կառավարությունն առաջ է քաշել հետևյալ առարկությունները։ Նախ և առաջ, այս պահանջներին որպես հիմնավորում դիմումատուի կողմից ներկայացված միակ փաստաթուղթը ներպետական վարույթում իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով իր փաստաբանի հետ կնքված 300 000 ՀՀ դրամի պայմանագիրն է։ Այսպիսով, Դատարանում կրած ծախսերի հետ կապված նրա պահանջը չի հիմնավորվել որևէ ապացույցով։ Երկրորդ, նույնիսկ այս պայմանագիրը չէր կարող հանդիսանալ որպես դիմումատուի պահանջը բավարարելու համար բավարար ապացույց, քանի որ դրանում առկա է նրա փաստաբանի կողմից ենթադրաբար կատարված աշխատանքի վերաբերյալ միայն ընդհանուր տեղեկատվություն, և դրան կից չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որում առկա է ավելի կոնկրետ տեղեկատվություն, մասնավորապես՝ աշխատաժամանակի քանակն ու ժամավճարի դրույքաչափը։

69.   Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։ Սույն գործով Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար դիմումատուի պահանջը իրականում չի հիմնավորվում որևէ ապացույցով։ Ինչ վերաբերում է տեղական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար նրա պահանջին, ապա ճիշտ է, որ դիմումատուն չի ներկայացրել մանրամասն հաշվետվություն։ Ամեն դեպքում, ելնելով գործի փաստական հանգամանքներից՝ ակնհայտ է, որ դիմումատուի փաստաբանն իրենց կնքած պայմանագրով նախատեսված կարգով նրա կալանքի հետ կապված կատարել է որոշակի աշխատանք։ Քանի որ այս պայմանագիրը սահմանափակված չէր բացառապես կալանքի խնդրով, Դատարանը չի կարող լիովին բավարարել այս պահանջը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 300 եվրո գումար՝ որպես ներպետական վարույթում կրած ծախսերի ու ծախքերի հատուցում։  

Գ.    Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

70.   Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։  

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1.     Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին պնդումները միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2.     Հայտարարում է դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի.

3.     Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելու առումով.

4.     Վճռում է, որ

ա)  պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i)    ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii)   ծախսերի և ծախքերի դիմաց՝ 300 եվրո (երեք հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ)   վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային միավոր.

5.     Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Աբել Կամպոս
 Քարտուղար 

Միրյանա Լազարովա Տրայկովսկա
 Նախագահ