ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
06 դեկտեմբերի 2022 թ. |
N 78-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի պահանջով`
Հրամայում եմ`
1. Սահմանել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, 2022 թ. դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
2. Յուրաքանչյուր տարվա 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման օրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անհատական իրավական ակտով:
3. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի թեստերը թարգմանվում են ռուսերեն։
6) Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են Հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների:
Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից.
7) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքների թեստերը, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը, քննասենյակում՝ սովորողների ներկայությամբ։
8) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
9) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով.
10) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե` ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ:
4. 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումը անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:
5. Հաստատությունների 9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
1) «Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ. քննության տևողությունը` 120 րոպե.
2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր.
3) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
4) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․ քննության տևողությունը` 120 րոպե.
5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե.
6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
(5-րդ կետը փոփ. 11.04.23 N 48-Ն)
6. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի ավարտական քննության թեստը սովորողի ցանկության դեպքում թարգմանվում է ռուսերեն։
7. 9-րդ դասարանում բանավոր քննությունները կազմակերպելու, անցկացնելու և գնահատելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են հաստատության տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ առարկայի ուսուցիչը (քննող ուսուցիչ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ): Ելնելով աշակերտների թվից՝ բանավոր քննությունը կարող է կազմակերպվել 1-ից ավելի օրերում:
8. Սովորողը քննասենյակ է մտնում անվանացանկում նշված հերթականությանը համապատասխան, ստորագրում իր անվան դիմաց, ընտրում քննատոմսը, ստանում բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանները, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները:
9. Սովորողի պատասխանը գնահատվում է 20-միավորանոց համակարգով:
10. «Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են Հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
11. Բանավոր քննությունները ձայնագրվում կամ արձանագրվում են: Արձանագրության մեջ ներառվում են հարցատոմսի համարը, հարցերը, պատասխանները: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և տվյալ սովորողը:
12. 9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
13. 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը:
14. 12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը` 120 րոպե:
2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե:
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե:
4) «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում.
6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` քննաշրջանի ընթացքում:
15. 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում, և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
16. Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննություններին կարող են մասնակցել հունվարին կամ հունիսին, իսկ նույն առարկաները որպես ավարտական քննություններ ընտրելու դեպքում՝ միայն հունիսին:
17. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև 30-ը` ժամը 12։00-ն քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետև` ԳԹԿ):
18. Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
19. Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
20. Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։
21. Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
22. Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:
23. 9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են Նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և Հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
24. «Ֆիզկուլտուրա» առարկայի 9-րդ դասարանում ավարտական քննությունը և 12-րդ դասարանում ամփոփիչ ստուգարքը ընդունվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ կազմով. հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ:
25. Մեդալի հավակնորդներին թույլատրվում է մասնակցել քննության` Նախարարության հաստատած ցուցակի համաձայն: Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից:
26. Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով.
27. 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
28. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):
29. Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:
30. Քննական յուրաքանչյուր կենտրոնի կազմակերպիչների թիվը սահմանվում է սույն աշխատակարգի 31-րդ կետի պահանջի համաձայն։ Ստուգող հանձնաժողովների անդամների թիվը պայմանավորված է ստուգվող գրավոր աշխատանքների քանակով։ Նախընտրելի է՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստուգի 25 գրավոր աշխատանքից ոչ ավելի։
31. Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին խմբի աշխատանքները համակարգում է երկու կազմակերպիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 10 և ավելի սովորող՝ ևս մեկ կազմակերպիչ։
32. Ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
33. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի կազմակերպիչների աշխատանքը:
34. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ կատարում է կազմակերպիչների գրանցում և վիճակահանությամբ բաշխում կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:
35. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:
36. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ)։ Մեդալի հավակնորդները` անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով :
37. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի միջոցով ընտրում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նստարանի համարը: Սովորողը ցուցակում ստորագրում է իր տվյալների տողում:
38. Քննասենյակում չի թույլատրվում տեղափոխություններ կատարել:
39. Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական թեստերի փաթեթները:
40. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:
41. Քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:
42. Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակ է բերում քննական թեստերի ծրարները: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրարը բացելու համար պատասխանատուն հրավիրում է առաջին նստարանին նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:
43. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են թեստերը: Սովորողը, թեստը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է խմբի և իր նստարանի համարը: Թեստերի վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը:
44. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
45. Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը հաշվարկում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
46. Թեստերի առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում:
47. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերը փոխարինվում են նորով:
48. Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել Նախարարության և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:
49. Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն սովորողներին հիշեցնում է առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
50. Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացում ստացած սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:
51. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:
52. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը:
53. Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
54. Պատասխանատուն քննական աշխատանքները քննության արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):
55. Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահպանվում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:
56. Ավարտական և պետական ավարտական քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 1400-ից՝ ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հաստատության տնօրենն է:
57. Ավարտական և պետական ավարտական քննությունների գրավոր աշխատանքներն ստուգվում են 20-միավորանոց համակարգով:
58. 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկայի քննության ստուգող հանձնաժողովների անդամների 50 տոկոսը տվյալ առարկայի մասնագետներ են:
59. 12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
60. Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
61. Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է`
1) 4-րդ դասարանում՝ դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը.
2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ քննական կամ առարկայական հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.
3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է(են) կատարել հատուկ նշում:
62. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հաստատված և հրապարակված «Ցուցումներ»-ի պահանջներին և գնահատման չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:
63. Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 1400-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:
64. Քննական կենտրոնում քննական գնահատականների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:
65. Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել `
1) քննության անցկացման կարգի խախտման մասին.
2) քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին:
66. Սույն աշխատակարգի 65-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է բողոքը ներկայացնողին:
67. Սույն աշխատակարգի 65-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում բողոքները ներկայացվում են քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` Հաստատության տնօրենին: Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները ոչ ուշ, քան դիմումն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին:
68. Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ Նախարարություն և (կամ) դատարան:
(հավելվածը փոփ. 11.04.23 N 48-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2024, N 13-Ն | 08.03.2024, N 78-Ն | |
25.12.2023, N 165-Ն | 28.12.2023, N 78-Ն | |
11.04.2023, N 48-Ն | 15.04.2023, N 78-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|