Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 38-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 1-6-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

 N 38-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1 ․ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

«Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի նպատակը ստեղծարար, նորարար, նախաձեռնող, ձեռնարկատիրական մտածողություն, ազգային նկարագիր ունեցող անձի ձևավորումն է, որն արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, աշխատանքի ձևերին և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, ռեսուրսներն արդյունավետ տնօրինելու միջոցով ստեղծում է մարդկային կարիքներին համապատասխանող ապրանքներ, ծառայություններ և համակարգեր: «Տեխնոլոգիա» առարկան շուկայական տնտեսության պայմաններում նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորում է բազմակողմանի և ներդաշնակ զարգացած անձ, նախապատրաստում է նրան ինքնուրույն կյանքի:

Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը:

1 Հիմնական (տարրական) դպրոցում սովորողը պետք է՝

 հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար,

2) դրսևորի տրամաբանական, ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,

3) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

4) իմանա, որ շրջակա աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը,

5) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

6) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում,

7) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.

8) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային որոշ գործիքներից և նյութերից,

9) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.

10) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. Ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

11) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.

12) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

2 Հիմնական (միջին) դպրոցում սովորողը պետք է՝

1) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.

2) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս․

3) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից․

4) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա․

5) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ․

6) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություններ.

7) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր․

8) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ․

9) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս հղումներ անի․

10) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը․

11) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները՝ առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ․

12) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

13) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր․

14) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

 

ԲԱԺԻՆ 2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

 Հանրակրթության պետական չափորոշչով «Տեխնոլոգիան»՝ որպես ԲՏՃՄ ոլորտի պարտադիր առարկա, ուսումնասիրվում է 1-6-րդ դասարաններում, իսկ 7-12-րդ դասարաններում՝ «Արվեստ և արհեստ» ոլորտի մեկ ինտեգրված առարկայով: Առարկայի բովանդակությունը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա՝ գծային սկզբունքով:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում նպատակաուղղված է նյութերի, դրանց հատկությունների, մշակման եղանակների, մարդու կյանքում աշխատանքի դերի կարևորության, մասնագիտությունների մասին գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը, նախնական աշխատանքային հմտությունների, աշխատանքային գործիքների գործառույթների, կենցաղային սարքերն ու գործիքներն անվտանգ կիրառելու, նյութերը մշակելու և արդյունավետ օգտագործելու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Կրտսեր դպրոցականը նյութերն ուսումնասիրելու, համեմատելու, համադրելու, մշակելու, պարզ դիտարկումներ կատարելու, պրակտիկ աշխատանքի բազմազան ձևերին, ձեռարվեստի տարբեր տեսակներին տիրապետելու շնորհիվ կկարողանա նախապատրաստվել հետագա աշխատանքին:

Տարրական դասարաններում ուսումնասիրության առանցքում նյութերն են, դրանց հատկությունների ուսումնասիրությունը, մշակման եղանակների տիրապետումը (պարզից բարդ սկզբունքով): Առաջին և երկրորդ դասարաններում աշխատանքի հիմքը թուղթն է, բնական և արհեստական նյութերը: Մանածագործական նյութերով աշխատանքը սկսվում է երրորդ դասարանից, երբ երեխաներն արդեն նյութերով աշխատելու բավականաչափ փորձ կունենան և կկարողանան անվտանգ աշխատել տարբեր տեսակի ասեղներով, մկրատներով: Աշխատանքի տեսակների ընտրությունն էլ, ըստ դասարանների, նույն սկզբունքով է կատարվում. ապլիկացիա, խճանկար, օրիգամի (հարթ, ապա տարածական), մոդուլային օրիգամի, թելանկար, կոմպոզիցիա և այլն: Չորրորդ դասարանից սկսվում է ծանոթացում գծագրական պարզ գործիքներին, ձեռարվեստի տարբեր տեսակներին, դեկորատիվ-կիրառական արվեստին, հայկական զարդանախշերի իմաստային ու գաղափարական բովանդակությանը, գեղարվեստական շինվածքներ նախագծելու պարզագույն տեխնիկաներին:

 «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը միջին դպրոցում ենթադրում է սովորողների ընդհանուր տեխնոլոգիական իրազեկություն՝ տեխնոլոգիական մտածողության ձևավորման նպատակով, տեխնոլոգիական գիտելիքների և կենցաղային հմտությունների ձեռքբերում: Դասավանդումը նպատակաուղղված է տարրական աշխատանքային հմտությունների ձևավորմանը, գիտության նվաճումների, բնության, մարդու և հասարակության վրա տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցության և ձեռնարկատիրության մասին սովորողի գիտելիքների ընդլայնմանը, իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողությունների ձևավորմանը: «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը նաև նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ արհեստներին ծանոթանալու միջոցով:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. Հանրակրթական հիմնական ծրագրի Տեխնոլոգիա առարկայի վերջնարդյունքները

 

Գ/Գ1-1

Օգտվել գծագրական գործիքներից և պիտույքներից, տարբերել ստանդարտ ձևաչափերը:

Գ/Գ1-2

Կիրառել մասշտաբ, գծագրել երկրաչափական պատկերներ:

Գ/Գ1-3

Պրոյեկտել պարզ առարկաները երեք հարթությունների վրա:

Գ/Գ1-4

Կատարել երկրաչափական կառուցումներ, բացատրել պայմանական նշանների իմաստը, կարդալ գծագրեր:

Գ/Գ1-5

Կառուցել պարզ եռաչափ մարմինների փռվածքներ։

Գ/Գ2-1

Տարբերել և գծել պարզ մեխանիզմների մասեր։

Գ/Գ2-2

Կիրառել գծագրի չափադրման սկզբունքները

Գ/Գ2-3

Կատարել պարզ էսքիզ և տեխնիկական նկար։

Գ/Գ2-4

Գծել պարզ մեխանիզմների մասեր։

Գ/Գ3-1

Գծել շինարարական պարզ գծագիր

Գ/Գ3-2

Տարբերել շինարարական գծագրերի սիմվոլիկ պատկերումները և ձևավորել գծագիրը ստանդարտներին համապատասխան:

ՆԿ/ՆԿ1-1

Դասակարգել նյութերն՝ ըստ հատկությունների և ծագման:

ՆԿ/ՆԿ1-2

Համեմատել նյութերը, նկարագրել հատկությունները, կիրառության բնագավառները:

ՆԿ/ՆԿ1-3

Ընտրել և օգտագործել համապատասխան նյութեր ու ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար:

ՆԿ/ՆԿ1-4

Հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն ռեսուրսների խնայողական օգտագործումը և վերամշակումը հասարակության կայուն զարգացման համար:

ՆԿ/ՆԿ1-5

Հիմնավորել հարթ և տարածական շինվածքներ պատրաստելու համար համապատասխան նյութի ընտրությունը:

ՆԿ/ՆԿ2-1

Տիրապետել նյութերի մշակման եղանակներին:

ՆԿ/ՆԿ2-2

Պատրաստել շինվածքներ տարբեր տեխնիկաներով (ապլիկացիա, օրիգամի, թելանկար և այլն)՝ ըստ նմուշի, ըստ նկարի կամ գծագրի, ըստ սեփական մտահղացման:

ՆԿ/ՆԿ2-3

Ընտրել և օգտագործել համապատասխան գործիքներ և սարքավորումներ նյութերի մշակման համար՝ պահպանելով անվտանգության կանոնները:

ՆԿ/ՆԿ2-4

Տեղեկացված լինել նյութերի մշակման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին:

ՆԿ/ՆԿ3-1

Տարբերել շարժում փոխանցող մեխանիզմները և դրանց սխեմատիկ պատկերման պայմանական նշանները:

ՆԿ/ՆԿ3-2

Հավաքել տարբեր գործառույթների համար կիրառվող կառուցվածքներ և մեխանիզմներ։

ԳԱ/ԳԱ4-1

Իմանալ լույսի, ձայնի, էլեկտրականության հետ կապված որոշ օրինաչափություններ և երևույթներ:

ԳԱ/ԳԱ4-2

Նկարագրել էլեկտրական և էլեկտրոնային սարքերի կիրառման բնագավառները։

Ձ/Ձ1-1

Նկարագրել ձեռնարկատիրական գործունեության էությունը և մեկնաբանել, թե ինչպես կարելի է իրականացնել այն Հայաստանի Հանրապետությունում:

Ձ/Ձ1-2

Հիմնավորել բիզնես գաղափարը, կազմել բիզնես պլան:

Ձ/Ձ1-3

Տարբերակել ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակները:

Ձ/Ձ2-1

Իմանալ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

Ձ/Ձ2-2

Տարբերակել արտադրության գործոնները:

Ձ/Ձ3-1

Ներկայացնել գովազդի կանոնները, գովազդել պատրաստվածքը:

Ձ/Ձ3-2

Կատարել շուկայի հետազոտություն՝ պահանջարկը պարզելու նպատակով:

ՏԿ/ՏԿ1-1

Ներկայացնել խոհանոցի կահավորանքի, խնամքի, սպասքադրման կանոնները:

ՏԿ/ՏԿ1-2

Պատրաստել առողջ և ռացիոնալ սնունդ՝ պահպանելով անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ պահանջները:

ՏԿ/ՏԿ1-3

Տեղեկացված լինել սննդային մակնշման և գովազդի մասին

 

Իմանալ տարբեր սննդատեսակների պատրաստման սկզբունքները

ՏԿ/ՏԿ1-4

Տարբերակել սննդի պատրաստման, պահպանման, վերամշակման սկզբունքներ, հասկանալ դրանց կապը սննդարարության հետ

ՏԿ/ՏԿ2-1

Իմանալ հագուստին ներկայացվող պահանջները

ՏԿ/ՏԿ2-2

Ծանոթ լինել հայկական տարազի, զարդանախշերի ստեղծման պատմությանը, մեկնաբանել դրանց իմաստն ու գաղափարական բովանդակությունը:

ՏԿ/ՏԿ2-3

Ընտրել գործվածք՝ հագուստի գործառնությանը համապատասխան։

ՏԿ/ՏԿ2-4

Նախագծել (մոդելավորել) հագուստի պարզ տեսակներ:

ՏԿ/ՏԿ3-1

Նկարագրել անձնական հիգիենայի և վարվեցողության պարզ կանոնները:

ՏԿ/ՏԿ3-2

Նկարագրել կենցաղային իրերի խնամքի կանոնները:

ՏԿ/ՏԿ4-1

Կազմել կենցաղային առարկաների ձևավորման քայլաշար՝ պահպանելով դիզայնի սկզբունքները:

ՏԿ/ՏԿ4-2

Տիրապետել հայկական ժողովրդական արհեստներին:

ՏԿ/ՏԿ4-3

Տարբերակել ձեռարվեստի տեսակները:

ԲԱԺԻՆ 4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը հիմնվում է բնության մեջ, սոցիալական միջավայրում նյութի, էներգիայի, տեղեկատվության, առարկաների փոխակերպման և դրանք մարդուն ծառայեցնելու որոշակի գործընթացների տիրապետման վրա:

Ուսուցման բովանդակությունը պայմանավորված է սովորողների կրթական կարիքներով, հետաքրքրություններով, ոչ թե սեռով:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է 5 հիմնական գաղափարների վրա՝

1) Գրաֆիկա (Գ),

2) Նյութեր և կառուցվածքներ (ՆԿ),

3) Գործընթացներ և արտադրություն (ԳԱ),

4) Ձեռնարկատիրություն (Ձ),

5) Տեխնոլոգիա և կյանք (ՏԿ):

Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու մակարդակներում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

I մակարդակ

II մակարդակ

 III մակարդակ

Գրաֆիկա (Գ)

Գծագրության հիմունքները (Գ1)

Գծագրական գործիքներ, նյութեր և պիտույքներ

Ստանդարտ, մասշտաբ, ձևաչափեր

Կետի և գծի պրոյեկտում

Երկրաչափական կառուցումներ

Առարկաների եռաչափ պատկերում և փռվածք

Տեխնիկական գծագրություն (Գ2)

Գծագրերում մեխանիզմների մասերի պատկերում

Չափադրման հիմնական սկզբունքներ

Տեխնիկական նկար, էսքիզ

Պարզ հավաքական գծագիր

Շինարարական գծագրություն (Գ3)

Շինարարական գծագրերի առանձնահատկութ յունները (տեսք, հատույթ, հատակագիծ)

Շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումներ, մասշտաբ

Նյութեր և կառուցվածքներ (ՆԿ)

Նյութեր և ռեսուրսներ (ՆԿ 1)

Նյութերի տեսակներն ու դասակարգումը

Նյութերի հատկությունները և կիրառությունը

Դեկորատիվ կիրառական աշխատանքներում համապատասխան նյութերի և ռեսուրսների ընտրություն

Նյութերի և ռեսուրսների խնայողական, անթափոն օգտագործում

Նյութերի մշակում (ՆԿ 2)

Նյութերի մշակման եղանակներ՝ կտրում, միացում, հավաքում

Նյութերի մշակման ճիշտ եղանակի ընտրություն

Կառուցվածքներ և մեխանիզմներ (ՆԿ 3)

Պարզագույն մեխանիզմներ

Տարբեր նպատակների ծառայող մեխանիզմների կառուցվածքներ

Շարժման փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմներ

Գործընթացներ և արտադրություն (ԳԱ)

Գործիքներ և սարքավորումներ (ԳԱ 1)

Նյութերի մշակման համար նախատեսված գործիքների և սարքավորումների անվտանգ շահագործում

Նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ճիշտ ընտրություն

Արտադրական գործընթաց (ԳԱ 2)

Տարբեր ոլորտների արտադրական գործընթացներ (ծանր և թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն)

Արտադրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ

Նախագծի կազմակերպում (ԳԱ 3)

Նախագծային աշխատանքների պլանավորում (քայլաշարի մշակում), կազմակերպում, վերահսկում և բարելավում

Նախագծային փաստաթղթերի մշակում

Ավտոմատացման տարրեր (ԳԱ 4)

Մեխանիկական, էլեկտրական, պնևմատիկ, էլեկտրոնային վերահսկիչ համակարգեր

Ավտոմատացման վերահսկում

Ձեռնարկատիրություն (Ձ)

Ձեռնարկատիրական գործունեություն (Ձ 1)

Ձեռնարկատեր և ձեռնարկատիրություն

Ապրանքներ և ծառայություններ

Նորարարություն և ստեղծարարություն

Բիզնես գաղափար

Բիզնես պլան

Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակները

Ավանդական և սոցիալական ձեռնարկատիրություն

Ռեսուրսների կառավարում (Ձ 2)

Ռեսուրսների արդյունավետ օգտագործում

Արտադրության գործոններ

Շուկայավարում (Ձ 3)

Շուկայի հետազոտություն

Գովազդ

Տեխնոլոգիա և կյանք (ՏԿ)

Սննդի պատրաստում (ՏԿ 1)

Խոհանոցի կահավորանք և խնամք, տեխնիկայի անվտանգ շահագործում, սպասքադրում

Առողջ սննդի հիմնական սկզբունքներ։ Սննդային սովորություններ

Սննդի անվտանգություն և հիգիենա
Սննդային մակնշում և գովազդ

Սննդի պատրաստման, պահպանման, վերամշակման սկզբունքներ, դրանց կապը սննդարարության հետ

Հագուստի նախագծում և մոդելավորում (ՏԿ 2)

Հագուստին ներկայացվող պահանջներ

Տարազ՝ ազգային հագուստ-զարդարանք

Գործվածքի ընտրություն

Հագուստի մոդելավորում

Նորաձևության միտումներ

Կենցաղ և ընտանիք (ՏԿ 3)

Անձնական հիգիենայի, վարվեցողության պարզ կանոններ

Կենցաղային իրերի խնամք

Ընտանեկան բյուջե

Դիզայն և կիրառական արհեստներ (ՏԿ 4)

Հագուստի, ինտերիերի, կենցաղային առարկաների ձևավորում

Հայկական ժողովրդական արհեստներ և դեկորատիվ կիրառական արվեստ

Նյութերի գեղարվեստական մշակում

Դիզայն

Մասնագիտական կողմնորոշում

 Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին ամբողջական պատկերացում ձևավորելու նպատակով:

Այդ հասկացությունների լուսաբանմանը պետք է մեծ ուշադրություն դարձվի հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում, այդ թվում նաև «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակությունը ձևավորելիս: Առանձնացվում են հետևյալ խաչվող հասկացությունները.

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Մասշտաբ, համամասնություն, քանակ

4) Կառուցվածք և գործառույթ

5) Համակարգ և մոդել

6) Էներգիա, նյութ

7) Կայունություն և փոփոխություն

8) Անհատ և հարաբերություններ

9) Անհատական և մշակութային արժեհամակարգ

 

ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

- տեսական գիտելիքների ձեռքբերում,

- գործնական աշխատանքներ,

- հետազոտություններ, ուսումնասիրություններ,

- ստեղծագործական (դիզայներական) նախագծերի իրականացում:

Առանձնակի կարևորություն է տրվում սովորողների ստեղծագործական, նախագծային գործունեությանը: Տեսական ուսուցմանը հատկացվում է ընդհանուր ժամաքանակի 25 -30%-ը:

«Տեխնոլոգիա» առարկան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաները և մաթեմատիկան (ԲՏՃՄ) ինտեգրող կարևոր օղակ է: Բնագիտական թեմաների արդյունավետ ուսուցման համար կարևոր գործոն կարող են լինել ինտեգրված գործնական աշխատանքները: Առարկայի ուսուցումը հիմնականում իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, ինչը ենթադրում է, որ դասի ընթացքում դասարանը պետք է բաժանվի երկու խմբի: Նպատակահարմար է, որ բաժանումը լինի ըստ նախասիրությունների, հետաքրքրությունների, դպրոցի և համայնքի հնարավորությունների, այլ ոչ ըստ սեռի:

«Տեխնոլոգիայի» ուսուցման գործընթացում հաշվի են առնվում յուրաքանչյուր սովորողին, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին ներկայացվող պահանջները՝ անհատական մոտեցում ցուցաբերելով նրանց առանձնահատկություններին, կարողություններին, հմտություններին և կարիքներին, ստեղծելով համապատասխան պայմաններ:

 

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի՝ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն, կազմվում է յուրաքանչյուր սովորողի առաջադիմության բնութագիրը:

Միավորային գնահատումը կիրառվում է հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

«Տեխնոլոգիա» առարկայի համար 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակի և 6-րդ դասարանի 1-ին և 2-րդ կիսամյակների համար ստուգման ձև կարող է լինել կիսամյակի ընթացքում կատարված ստեղծագործական նախագծի պաշտպանությունը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան