Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (29.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հոկտեմբերի 2022 թ.

N 39-Ն

 

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.3-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի (այսուհետև՝ կրեդիտային համակարգ) ներդրման և գործարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ՝ հետևյալ փուլերով․

1) Առաջին՝ նախապատրաստական փուլ 2 տարի` 2022-2023 ուսումնական տարվանից 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը ներդրվում է Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

2) Երկրորդ՝ փորձարկման և լրամշակման փուլ 2 տարի` 2023-2024 ուսումնական տարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

3) Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա սույն կարգը լրամշակելուց հետո:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

նախարար`

Վ. Դումանյան

 

Հավելված

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թ. հոկտեմբերի 27-ի 

N 39-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններում) կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման հետ կապված իրավահարաբերությունները՝ ներառյալ կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։

2. Կրեդիտային համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման, կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է։

3. Միջնակարգ հանրակրթական ծրագիրը (այսուհետև՝ կրթական ծրագիր) սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սույն կարգով սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։

4. Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝

1) զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական ուսումնական հաստատությունների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,

2) առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական, և բարձրագույն ուսումնական հաստատություններ,

3) խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,

4) ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել միջազգային կրթական չափանիշներին,

5) նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը:

5. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։

6. Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։

7. Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամ կիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի սույն կարգով հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։

8. Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝ նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև, կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության, կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև, կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։

9. Ուսումնական հաստատությունը կարող է իր նախաձեռնությամբ կնքել կրեդիտների փոխանցման և ճանաչման վերաբերյալ պայմանագիր` սույն կարգի 8-րդ կետով սահմանված ուսումնական հաստատությունների հետ։

 

2ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում, կրեդիտը սահմանվում է իբրև առարկայական դասընթացը ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին տվյալ առարկայի չափորոշչով սահմանված առարկայական վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո:

11. Առարկայական դասընթացը սահմանվում է իբրև կրթական ծրագրի բաղադրիչ, որի համար կրեդիտ է տրվում: Առարկայական դասընթացի ուսուցման տևողությունը մեկ ուսումնական տարին է կամ կիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրն է` դրանով սահմանված կրթական վերջնարդյունքների պարտադիր գնահատմամբ: Առարկայական դասընթացին հատկացված կրեդիտները շնորհվում են ամբողջությամբ, ոչ թե առանձին մասերով:

12. Ուսումնական պլանում ներառված առարկայական դասընթացները ներկայացվում են հատկացված կրեդիտների հետ միասին։

13. Կրթական ծրագրի առանձին դասընթացների կրեդիտների հատկացումն իրականացվում է՝ ելնելով տվյալ դասընթացով սահմանված կրթական արդյունքին հասնելու համար սովորողից պահանջվող միջին աշխատաժամանակի (լրիվ ուսումնական բեռնվածության) իրատեսական կանխատեսումից՝ տվյալ առարկայի առարկայական ծրագրին համապատասխան։ Հատկացվող կրեդիտների թվի և դասարանային ժամերի միջև չկա համարժեք կապ։

14. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, գրավոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

15. Սովորողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունը ուսման առանձին կամ ողջ շրջանի ընթացքում` ուսումնասիրած դասընթացների, հատկացված կրեդիտների և ստացած գնահատականների գրանցման միջոցով ներկայացվում է սովորողի ամփոփաթերթում, որն արտացոլում է սովորողի կատարած ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակը: Միջին որակական գնահատականը օգտագործվում է սովորողի առաջադիմության չափման համար:

16. Դպրոցը յուրաքանչյուր սովորողի համար նրա՝ ավագ դպրոց կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճան ընդունման կամ փոխադրման պահից սկսած վարում է սովորողի ամփոփաթերթ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո գրանցվում են սովորողի կուտակած կրեդիտները և ստացած գնահատականներն՝ ըստ դասընթացների։

17. Սովորողի ամփոփաթերթում գրանցված կրեդիտները ուժի մեջ են առավելագույնը 3 տարի՝ անկախ ուսումնական ծրագրի կամ ուսումնական հաստատության կարգավիճակի կամ կազմակերպական-իրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից։

18. Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ամփոփաթերթում կիսամյակային կամ տարեկան արդյունքներից հետո ինքնաշխատ եղանակով գեներացվում են հետևյալ 5 քանակական ցուցանիշները`

1) գումարային կրեդիտների քանակը,

2) գնահատված կրեդիտների քանակը,

3) վարկանիշային միավորները,

4) միջին որակական գնահատականը,

5) հարաբերական գնահատականը։

19. Գումարային կրեդիտ է կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարը:

20. Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված (միավորային) գնահատականներով:

21. Վարկանիշային միավորը բոլոր կրեդիտների և դրանց համապատասխանող տարեկան գնահատականների արտադրյալների գումարն է։ Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար:

22. Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է՝ վարկանիշային միավորը տարեկան կրեդիտների ընդհանուր քանակի՝ 60-ի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է մեկ հարյուրերորդականի ճշտությամբ):

23. Հարաբերական գնահատականը իրականացվում է գնահատականների տոկոսային բաշխման միջոցով ծրագրում կամ ուսումնական ոլորտում ուսանողին շնորհված անցողիկ գնահատականների վիճակագրական բաշխման աղյուսակով (այսուհետև՝ գնահատականների բաշխման աղյուսակ), որը ցույց է տալիս, թե ինչպես է գնահատման սանդղակը իրականում օգտագործվում այդ ուսումնական ծրագրում: Գնահատականների բաշխման աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է ազգային կամ ինստիտուցիոնալ սանդղակը կիրառվում տվյալ հաստատությունում և թույլ է տալիս համեմատել գնահատականների վիճակագրական բաշխվածությունը մեկ այլ հաստատության համապատասխան զուգահեռ խմբի հետ: Դրանք ներկայացնում են դրական գնահատականների վիճակագրական բաշխումը (անցողիկ շեմը և դրանից բարձր)՝ սահմանված ուսումնական հաստատությունում յուրաքանչյուր ոլորտի համար:

 

3ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

24. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող հաստատության և այլ կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցելի են երկու հաստատությունների միջև առկա պայմանագրի հիման վրա։ Կրեդիտների փոխանցումն իրականացվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա։ Պայմանագրով կարգավորվում է կրեդիտների փոխանցման մանրամասները, փոխճանաչելիության վերաբերյալ կարգավորումները։

25. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից բուհ կրեդիտների փոխճանաչման գործառույթը ենթադրում է տվյալ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված առարկայացանկի առկայություն, ինչը հնարավոր է դարձնում կրեդիտներով չափված կրթական արդյունքի փոխանցումը հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և բուհերի միջև՝ պայմանագրի և/կամ համաձայնագրի հիման վրա։

26. Կրեդիտները փոխանցելի են, եթե՝

1) Առարկայական ծրագրերը նույնն են կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,

2) առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,

3) կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի փորձաքննության արդյունքում կազմված գրավոր եզրակացության հիման վրա,

4) hոսքից հոսք տեղափոխության կամ ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու պարագայում, երբ կողմերից մեկում ներդրված չի եղել կրեդիտային համակարգի ընթացակարգը, ապա սովորողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշները, սովորողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, ստացած գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների՝ արտացոլում է սովորողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը, որի համար կարող է կնքվել եռակողմ համաձայնագիր՝ ուսանողի, հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության և ընդունող բուհի միջև՝ ակադեմիական տեղեկագրի հիման վրա։

27. Ավագ կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կրեդիտների փոխանցումը կատարվում է սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանների հիման վրա և հաստատության կողմից սահմանված կարգով հաստատված պահանջներին ու չափանիշներին համապատասխան՝ սովորողի ընտրությամբ: Այս գործառույթը ներառում է կրեդիտների փոխանցման հետևյալ տեսակները.

1) ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ երաշխավորված առարկայացանկից սովորողի կողմից ընտրված առարկաներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական),

2) ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2022 թվական: