Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53862/07
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.01.2016
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ՂՈՒՅՈՒՄՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 53862/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 հունվարի 2016 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]՝ Նախագահ,

Պաիվի Հիրվելա [Päivi Hirvelä],

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Պոլ Մահոնի [Paul Mahoney],

Ալեշ Պեյխալ [Aleš AlesPejchal],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,

և Անդրե Ուամպաշ [André Wampach]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2015 թվականի դեկտեմբերի 15-ին դռնփակ խորհրդակցությամբ՝

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է 2007 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ պրն Վահան Ղույումչյանի, տկն Լուսինե Ղույումչյանի և տկն Գյուլնազ Ղույումչյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Դատարան ներկայացված գանգատի (թիվ 53862/07) հիման վրա:

2. Դիմումատուներին, ում իրավաբանական օգնություն էր տրամադրվել, ներկայացրել է Վանաձորում գործող փաստաբան պարոն Է. Մարուքյանը։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ իրենց հանգուցյալ բարեկամ պրն Գարեգին Ղույումչյանը զրկվել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունից, քանի որ հնարավորություն չի ունեցել օգտվելու այդ դատարանում հավատարմագրված փաստաբանի ծառայություններից՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու նպատակով։

4. 2010 թվականի նոյեմբերի 24-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։ Որոշվել է նաև գանգատի ընդունելիության և ըստ էության քննությունն իրականացնել միաժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուները հանգուցյալ Գարեգին Ղույումչյանի որդին (առաջին դիմումատու), որդու կինը (երկրորդ դիմումատու) և կինն են (երրորդ դիմումատու)։ Նրանք ծնվել են համապատասխանաբար 1965, 1973 և 1947 թվականներին և բնակվում են Հայաստանում՝ Վանաձոր քաղաքում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ առաջին և երրորդ դիմումատուները նաև Գարեգին Ղույումչյանի առաջին հերթի ժառանգներն են։

6. Երրորդ դիմումատուն և Գարեգին Ղույումչյանը զբաղվել են ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությամբ. այն է՝ ղեկավարել են տպարան և սպիրտի փոքր գործարան։

7. 2002 թվականի հուլիսի 19-ին Գարեգին Ղույումչյանը մեղադրվել է կաշառք ստանալու մեջ, և տվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նրան պատկանող բեռնատար մեքենայի և հեռուստացույցի վրա դրվել է կալանք։ Պարզվում է, որ նա այնուհետև փաստաբան է վարձել։

8. 2002 թվականի սեպտեմբերի 25-ին քննություն իրականացնող մարմինները որոշել են՝ Գարեգին Ղույումչյանի մասով վարույթը կարճել՝ ապացույցների բացակայության հիմքով, վերացնել գույքի վրա դրված կալանքը և ընտրված՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը։ Պարզվում է, որ վարույթը կարճվելուց հետո Գարեգին Ղույումչյանի փաստաբանը հրաժարվել է այդուհետ նրան ծառայություններ մատուցել։

9. 2004 թվականին Գարեգին Ղույումչյանը և երրորդ դիմումատուն ընտանեկան ձեռնարկությունները վաճառել են մասնավոր անձի։

10. 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Գարեգին Ղույումչյանը դիմել է դատարան՝ անօրինական քրեական հետապնդման հետևանքով կրած վնասի համար հատուցում ստանալու նպատակով։ Մասնավորապես, նա հատուցում է պահանջել դատական և տրանսպորտային ծախսերի համար։ Նա հատուցում է պահանջել նաև իր ընտանեկան ձեռնարկությունները կորցնելու համար՝ պնդելով, որ իր քրեական հետապնդման հետևանքով չի կարողացել ղեկավարել այն, և ստիպված է եղել վաճառել ցածր գնով։

11. 2006 թվականի հունվարի 9-ին Գարեգին Ղույումչյանը լրացրել է իր հայցապահանջները՝ պնդելով, որ իր հետապնդման հետևանքով առաջին և երկրորդ դիմումատուներն ստիպված են եղել հեռանալ աշխատանքից։ Առաջին և երկրորդ դիմումատուները նույնպես ներգրավվել են վարույթում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք։

12. 2006 թվականի մայիսի 18-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ կարգադրելով հատուցել դատական ծախսերն ու տրանսպորտային ծախսերի մի մասը։ Մարզային դատարանը մերժել է պահանջի մնացած մասը՝ այն հիմնավորմամբ, որ ձեռնարկությունները վաճառելու և Գարեգին Ղույումչյանի հետապնդման միջև, կամ առաջին և երկրորդ դիմումատուների աշխատանքից հեռանալու և հետապնդման միջև որևէ պատճառական կապ առկա չէ։

13. Պարզվում է, որ 2006 թվականի հուլիսի 26-ին Գարեգին Ղույումչյանը դիմել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով։

14. 2006 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրությամբ իրազեկել է նրան, որ «Փաստաբանության մասին» օրենքով իրավաբանական օգնություն չի նախատեսվում վարույթի այն տեսակի շրջանակներում, որում նա ներգրավված է։

15. 2006 թվականի նոյեմբերի 17-ին Գարեգին Ղույումչյանը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն՝ նշելով, որ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին ինքը ծեծի է ենթարկվել Հայաստանի Լոռու մարզի մարզպետի կողմից։ Հայտնի չէ, թե այդ հաղորդումն ինչ ելք է ունեցել։

16. Չպարզված օրը Գարեգին Ղույումչյանը և առաջին դիմումատուն վերաքննիչ բողոք են ներկայացրել մարզային դատարանի վճռի դեմ։

17. 2007 թվականի հունվարի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է վճիռ՝ անփոփոխ թողնելով տրանսպորտային, ինչպես նաև դատական ծախսերի մի մասը հատուցելու վերաբերյալ մարզային դատարանի վճիռը և մերժելով հայցի մնացած մասը։

18. 2007 թվականի հունիսի 22-ին Գարեգին Ղույումչյանը Վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

19. 2007 թվականի հունիսի 28-ին Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետը գրությամբ վերադարձրել է դիմումատուի վճռաբեկ բողոքը՝ իրազեկելով նրան, որ նրա բողոքը վարույթ չի ընդունվել այն հիմքով, որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն։ Դատարանում դիմումատուները պնդել են, որ իրենց ընտանիքը այդպիսի փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն չի ունեցել։

20. 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Գարեգին Ղույումչյանը, ինչպես նաև առաջին և երկրորդ դիմումատուները նախնական նամակ են ուղարկել Դատարան, որում 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով բողոք են ներկայացրել առ այն, որ Գարեգին Ղույումչյանը զրկվել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունից, իսկ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի հիմքով, որ Գարեգին Ղույումչյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրան հատուցման գործով վարույթում, և որ իրավաբանական օգնություն ստանալու նրա դիմումը մերժվել է Փաստաբանների պալատի կողմից։ Նրանք թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմքով բողոք են ներկայացրել նաև առ այն, որ ներպետական դատարանները հատուցման պահանջն ամբողջությամբ չեն բավարարել։

21. 2007 թվականի նոյեմբերի 3-ին Գարեգին Ղույումչյանը մահացել է սրտամկանի կաթվածից։

22. 2008 թվականի մայիսի 10-ին դիմումատուները իրենց՝ ամբողջական գանգատը ներկայացրել են Դատարան։

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Շամոյանն ընդդեմ Հայաստանի [Shamoyan v. Armenia] (թիվ 18499/08, §§ 14-18, 2015 թվականի հուլիսի 7) գործով վճիռը։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

24. Դիմումատուները բողոք են ներկայացրել, որ Գարեգին Ղույումչյանը զրկվել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունից, քանի որ հնարավորություն չի ունեցել օգտվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ծառայություններից՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար։ Նրանք հիմք են ընդունել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որը, այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն ... ունի [որևէ] դատարանի կողմից ... արդար ... դատաքննության իրավունք:»։

 

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը

 

25. Կառավարությունը պնդել է, որ Գարեգին Ղույումչյանը չի ներկայացրել կիրառելի ընթացակարգային նորմերին համապատասխան վճռաբեկ բողոք։ Մասնավորապես, նա չի դիմել հավատարմագրված փաստաբանի՝ իր վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետներում ներկայացնելու համար։ [Կառավարությունը] նաև պնդել է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված էր փաստաբանների կողմից անվճար (pro bono) իրավաբանական ծառայություններ մատուցելու հնարավորություն: Ինչ վերաբերում է Գարեգին Ղույումչյանի՝ Փաստաբանների պալատ ներկայացրած իրավաբանական օգնություն ստանալու դիմումը մերժելու հանգամանքին, ապա այն որևէ մասնավոր առնչություն չի ունեցել Վճռաբեկ դատարանի վարույթի հետ։

26. Դիմումատուները պնդել են, որ «Փաստաբանության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված էր, որ փաստաբանները կարող են իրենց հայեցողությամբ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, սակայն դա նրանց պարտավորությունը չէր։ Նրանք պնդել են, որ նախքան Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք ներկայացնելը Փաստաբանների պալատի նախագահը արդեն պաշտոնապես իրազեկել էր Գարեգին Ղույումչյանին, որ իրավաբանական օգնությունն առհասարակ հասանելի չէր այն տեսակի քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում, որում նա ներգրավված էր։

27. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցներն սպառելու կանոնը պահպանելու համար՝ դիմումատուն, որպես կանոն, պետք է օգտվի իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք հասանելի են և բավարար՝ ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 85, Վճիռների և որոշումների հաշվետվություններ [Reports of Judgments and Decisions] 1998‑VIII)։

28. Պետք է սպառվեն իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք արդյունավետ են։ Կառավարությունը, որը պնդում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չեն սպառվել, պարտավորվում է Դատարանին հավաստիացնել, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի. այսինքն` այն եղել է մատչելի, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով հատուցում տրամադրել, և այն ընձեռել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն։ Այն ժամանակ, երբ [Կառավարությունը] կատարում է ապացուցման այս պարտականությունը, արդեն դիմումատուն է պարտավորվում հիմնավորել, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառվել է կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում այն եղել է ոչ համարժեք և անարդյունավետ, կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են այդ պահանջը կատարելուց (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Kalashnikov v. Russia] (որոշում), թիվ 47095/99, ՄԻԵԴ 2001‑XI (քաղվածքներ) և Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, §67, 2006 թվականի մարտի 28)։

29. Դատարանի դիտարկմամբ՝ դիմումատուների բողոքի էությունն այն է, որ սահմանափակվել է Գարեգին Ղույումչյանի՝ Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը, մասնավորապես՝ ընթացակարգային այն պահանջի պատճառով, որ վճռաբեկ բողոք կարող էր ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանի միջոցով, ում ծառայություններից օգտվելու հնարավորություն իրենց ընտանիքը չուներ։ Ուստի, իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառելու հարցը սերտորեն կապված է դիմումատուների բողոքի ըստ էության քննությանը այն առումով, որ Գարեգին Ղույումչյանը զրկված է եղել դատարանի մատչելիության իր իրավունքից՝ տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության պատճառով։ Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Կառավարության առարկությունները պետք է միացվեն 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։

2. Երրորդ դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետի պահպանումը

 

30. Դատարանը նշում է, որ վեցամսյա ժամկետի պահպանումը պարտադիր կանոն է, որը Դատարանն իրավասու է կիրառել իր նախաձեռնությամբ (տե՛ս, մասնավորապես, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի, [Assanidze v. Georgia] [ՄՊ [GC]], թիվ 71503/01, § 160, ՄԻԵԴ 2004‑II), եթե նույնիսկ Կառավարությունն այդպիսի առարկություն չի ներկայացրել (տե՛ս Ուոքերն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Walker v. the United Kingdom (dec.)], թիվ 34979/97, ՄԻԵԴ 2000‑I):

31. Դատարանը նշում է, որ 2007 թվականի հոկտեմբերի 29-ի նախնական նամակը ներկայացրել է Գարեգին Ղույումչյանը՝ առաջին և երկրորդ դիմումատուների հետ միասին։ Երրորդ դիմումատուն Դատարանի վարույթում առաջին անգամ ներգրավվել է 2008 թվականի մայիսի 10-ին ներկայացված՝ ամբողջական գանգատի շրջանակներում (տե՛ս վերը նշված 20-րդ և 22-րդ պարբերությունները), որը գերազանցում է վեցամսյա ժամկետն այն պահից հաշված, երբ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետը 2007 թվականի հունիսի 28-ին գրություն է ուղարկել Գարեգին Ղույումչյանին այն մասին, որ իր վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, ինչը սույն գործի հանգամանքներում կարելի է դիտարկել որպես այդ բողոքի մասով վեցամսյա ժամկետը հաշվարկելու մեկնարկային կետ։

32. Հետևաբար Դատարանը եզրահանգում է, որ գանգատի՝ երրորդ դիմումատուին վերաբերող մասը ներկայացվել է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, և հայտարարում այն անընդունելի։

 

3. Առաջին և երկրորդ դիմումատուների զոհի կարգավիճակը

 

33. Կառավարությունը պնդել է, որ առաջին և երկրորդ դիմումատուները չէին կարող հանդես գալ որպես Գարեգին Ղույումչյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման զոհ։

34. Դիմումատուները վիճարկել են Կառավարության փաստարկը և պնդել, որ իրենք դարձել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման զոհ։

35. Դատարանը վերահաստատում է, որ 34-րդ հոդվածի համաձայն գանգատ ներկայացնելու համար՝ անձը պետք է կարողանա հիմնավորել, որ վիճարկվող միջոցն «անմիջական ազդեցություն է ունեցել» իր վրա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania], [ՄՊ [GC]], թիվ 47848/08, § 96, ՄԻԵԴ 2014 և դրանում վկայակոչված գործերը)։ Այս չափանիշը, այնուամենայնիվ, չպետք է դատավարության ընթացքում կարծրացած, մեխանիկական և ոչ ճկուն կիրառություն ստանա (տե՛ս Քարներն ընդդեմ Ավստրիայի [Karner v. Austria], թիվ 40016/98, § 25, ՄԻԵԴ 2003‑IX):

36. Դատարանը բազմիցս հաստատել է, որ այն դեպքում, երբ դիմումատուն մահացել է գանգատը ներկայացնելուց հետո, մերձավոր ազգականը կամ ժառանգը սկզբունքորեն կարող է հետամուտ լինել գանգատի ընթացքին՝ պայմանով, որ նա բավարար շահագրգռվածություն ունի տվյալ գործում (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի, վերը հիշատակված, « 97): Մասնավորապես, հաստատվել է, որ մահացած դիմումատուի ծնողները, կինը կամ երեխաները, ցանկության դեպքում, դատավարությանը մասնակցելու իրավունք ունեն (տե՛ս, օրինակ, այրին և երեխաները Ռայմոնդոն ընդդեմ Իտալիայի [Raimondo v. Italy] գործում, 1994 թվականի փետրվարի 22, § 2, ժողովածու Ա, թիվ 281‑Ա և Ստոյկովիչն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Stojkovic v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 14818/02, § 25, 2007 թվականի նոյեմբերի 8):

37. Սույն գործում Գարեգին Ղույումչյանը մահացել է նախնական նամակը Դատարան ներկայացնելուց մի քանի օր անց, որում նա, inter alia, բողոք է ներկայացրել, որ զրկվել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունից՝ հավատարմագրված փաստաբան վարձելու համար պահանջվող ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Այդ փաստը կարող է կասկածներ առաջացնել առ այն, թե արդյոք նախնական գրությամբ Գարեգին Ղույումչյանը ձեռք է բերել դիմումատուի կարգավիճակ, ինչը, իր հերթին, առաջին և երկրորդ դիմումատուներին թույլ կտար հետամուտ լինել նրա ներկայացրած գանգատի ընթացքին նրա մահից հետո։

38. Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակահատվածում և նախքան Դատարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից, որպես ընդհանուր կանոն, գանգատը ներկայացնելու օր է համարվել դիմումատուի կողմից գանգատի առարկան առաջին անգամ՝ նույնիսկ համառոտ, հաղորդելու օրը։ Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ սույն գործի հատուկ հանգամանքներում կարելի է համարել, որ Գարեգին Ղույումչյանը մահացել է գանգատը Դատարան ներկայացնելուց հետո։ Ուստի, մահացած դիմումատուի մերձավոր ազգականի՝ նրա գանգատի ընթացքին հետամուտ լինելու իրավունքին վերաբերող՝ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքը կիրառելի է սույն գործի նկատմամբ։

39. Դատարանը նաև նշում է, որ առաջին և երկրորդ դիմումատուները հանգուցյալ Գարեգին Ղույումչյանի գործով վարույթում ներգրավված են եղել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ունեցող անձինք։ Դատարանն, այնուամենայնիվ, նշում է, որ ներպետական օրենսդրության համաձայն՝ առաջին դիմումատուն մահացածի ժառանգն է, մինչդեռ երկրորդ դիմումատուն նրա ժառանգը չէ։ Ի հավելումն, երկրորդ դիմումատուն Գարեգին Ղույումչյանի մերձավոր ազգականը չէ։

40. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ միայն առաջին դիմումատուն ունի դատարան դիմելու իրավունք [locus standi]՝ Գարեգին Ղույումչյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացակայության մասին բողոքի առնչությամբ։ Այդ իսկ պատճառով Դատարանը եզրահանգում է, որ գանգատի՝ երկրորդ դիմումատուին վերաբերող մասը ratione personae անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ, և հայտարարում է այն անընդունելի։

41. Դատարանը նշում է, որ այս բողոքը, այնքանով, որքանով վերաբերում է առաջին դիմումատուին, ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 կետի «ա» ենթակետի իմաստով։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

42. Առաջին դիմումատուն պնդել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Գարեգին Ղույումչյանի վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելն անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ։ Նա նշել է, որ ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոք կարելի էր ներկայացնել միայն Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով, Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, քանի որ այն անհամաչափորեն սահմանափակում էր այդ դատարանի մատչելիության իրավունքը՝ իրավունքների դատական պաշտպանությունը պայմանավորելով դիմողի ֆինանսական հնարավորություններով:

43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի համար խոչընդոտներ չեն ստեղծվել Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք բերելու հարցում, այլ տվյալ ժամանակահատվածում օրենքով սահմանված էր որոշակի ընթացակարգ, որին պետք է հետևեր այդ դատարան դիմել ցանկացող անձը։ [Կառավարությունը] նաև վիճարկել է, որ բողոք ներկայացնելու ընթացակարգային պահանջներն անհամատեղելի չեն եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների հետ։ Ավելին, ներպետական օրենսդրությամբ նախատեսված էր փաստաբանի նախաձեռնությամբ անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը։ Վերջապես, Կառավարությունը պնդել է, որ այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոք հնարավոր էր ներկայացնել միայն հավատարմագրված փաստաբանների միջոցով, հետապնդել է Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակական կողմն ապահովելու իրավաչափ նպատակ, սակայն հետագայում վերացվել է համապատասխան ընթացակարգային նորմերի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած դժվարությունների պատճառով։

44. Դատարանը վերահաստատում է, որ «դատական պաշտպանության իրավունքը», որի տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է, բացարձակ չէ. այն ենթակա է անուղղակի սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ: Այդուհանդերձ, այդ սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անձի դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այնքանով, որ խաթարվի իրավունքի բուն էությունը. ի վերջո նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, եթե չհետապնդեն իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Լևաժ պրեստասիոն սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի [Levages Prestations Services v. France], 1996 թվականի հոկտեմբերի 23, §40, Վճիռների և որոշումների հաշվետվություններ 1996‑V, վկայակոչելով Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Ashingdane v. the United Kingdom] գործը, 1985 թվականի մայիսի 28, §57, ժողովածու Ա, թիվ 93, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության [Tolstoy Miloslavsky v. the United Kingdom], 1995 թվականի հուլիսի 13, §59, ժողովածու Ա, թիվ 316‑B և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [Stanev v. Bulgaria], [ՄՊ], թիվ 36760/06, §230, ՄԻԵԴ 2012)։

45. Կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ։ Այնուամենայնիվ, այդպիսի դատարանների առկայության դեպքում 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները պետք է պահպանվեն. օրինակ՝ դատավարության կողմերի համար՝ իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» որոշելու նպատակով, պետք է երաշխավորվի դատարանների մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս վերը հիշատակված Լևաժ պրեստասիոն սերվիսի գործը, §44 և Էիրին ընդդեմ Իռլանդիայի [Airey v. Ireland], 1979 թվականի հոկտեմբերի 9, §26, ժողովածու Ա, թիվ 32)։ Այնուամենայնիվ, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների առնչությամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով։ Պետք է հաշվի առնել ազգային իրավակարգի շրջանակներում իրականացվող վարույթի ամբողջականությունը, կամ դրանում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների դերակատարումը (տե՛ս Մոնելը և Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Monnell and Morris v. the United Kingdom], 1987 թվականի մարտի 2, §56, ժողովածու Ա, թիվ 115 և դրանում վկայակոչված գործերը, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության, վերը հիշատակված, « 59)։

46. Ավելին, այն պահանջը, որ բողոք բերած անձին Վճռաբեկ դատարանում պետք է ներկայացնի համապատասխան որակավորում ունեցող փաստաբան, համապատասխանում է Գերագույն դատարանի՝ որպես վճռաբեկ բողոքներ քննող բարձրագույն դատական ատյանի առանձնահատկություններին, և սա Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ պետությունների իրավական համակարգերի համար ընդհանուր հատկանիշ է (տե՛ս, օրինակ, Սիավկովսկան ընդդեմ Լեհաստանի [Siałkowska Sialkowskav. Poland], թիվ 8932/05, §106, 2007 թվականի մարտի 22, Գիլոուն ընդդեմ Միացյալ Թագավորության [Gillow v. the United Kingdom], 1986 թվականի նոյեմբերի 24, §69, ժողովածու Ա, թիվ 109)։

47. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Պայմանավորվող պետությունները պետք է որոշեն, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայից բխող՝ արդար դատաքննություն ապահովելու պարտավորությունները։ Այնուամենայնիվ, Դատարանը պետք է համոզվի, որ ներպետական իշխանությունների կողմից կոնկրետ գործի շրջանակներում ընտրված մեթոդը համապատասխանում է Կոնվենցիային (տե՛ս Սիավկովսկան ընդդեմ Լեհաստանի, վերը հիշատակված, §107)։

48. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է ընդունելիության և գործի ըստ էության քննության հետ կապված համանման բողոք և նմանատիպ փաստարկներ Շամոյանի գործում (տե՛ս Շամոյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 18499/08, §§ 32-39, 2015 թվականի հուլիսի 7), որում մերժել է Կառավարության՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին առարկությունը և գտել է, որ տվյալ ժամանակահատվածում ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարան կարող էին ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանների միջոցով, անհամաչափորեն սահմանափակում էր դիմումատուի՝ դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը։ Դատարանը սույն գործում այդ եզրահանգումից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում։

49. Վերոնշյալից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Համապատասխանաբար, ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությունը մերժվում է։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

50. Վերջապես, առաջին դիմումատուն մի շարք բողոքներ է ներկայացրել Գարեգին Ղույումչյանի և իր անունից՝ հիմք ընդունելով Կոնվենցիայի 3-րդ, 6-րդ, 10-րդ հոդվածները և Կոնվենցիային կից՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։

51. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով նշված բողոքների քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Հետևաբար, գանգատի այդ մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

53. Առաջին դիմումատուն պահանջել է ընդհանուր առմամբ 40,000 եվրո՝ Գարեգին Ղույումչյանի և նրա ընտանիքի մյուս անդամների կրած ոչ նյութական վնասի համար։ Նա մասնավորապես պնդել է, որ Գարեգին Ղույումչյանը, բախվելով արդարության հասնելու անկարողության հետ, կրել է հոգեկան և ֆիզիկական տառապանք և մահացել սրտամկանի կաթվածից 2007 թվականի նոյեմբերի 3-ին։

54. Կառավարությունը դիմել է ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու խնդրանքով:

55. Դատարանն ընդունում է, որ Գարեգին Ղույումչյանը կրել է ոչ նյութական վնաս՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու անկարողության պատճառով։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, այս մասով առաջին դիմումատուին շնորհում է 3,600 եվրո։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

56. Պարզվում է, որ առաջին դիմումատուն պահանջել է 1,150 եվրո՝ կրած դատական ծախսերի և ծախքերի համար։ Մասնավորապես, նա ներկայացրել է իր և իր ներկայացուցիչ Է. Մարուքյանի միջև կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի համաձայն, Դատարանում իրավաբանական ներկայացուցչության արժեքը կազմել է 2,000 եվրո՝ ներառյալ Դատարանից որպես իրավաբանական օգնություն պահանջված 850 եվրոն, որն արդարացի հատուցման պահանջները ներկայացնելիս դեռևս չէր ստացվել։ Առաջին դիմումատուն գումարի մյուս մասը՝ 1,150 եվրոն, պետք է վճարեր կա՛մ նախքան իրավաբանական ծառայություններ ստանալը, կա՛մ դրա անհնարինության դեպքում՝ Դատարանի վերջնական վճիռը կայացվելուց հետո։

57. Կառավարությունը պնդել է, որ այս մասով պահանջները հստակ չեն ձևակերպված։ Բացի դրանից, այդ դատական ծախսերն իրականում չէին կատարվել, քանի որ իրավաբանին դեռևս որևէ վճարում չէր կատարվել։

58. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք ունի այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։ Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշել, թե արդյոք այն ծախսերն ու ծախքերը, որոնց դիմաց առաջին դիմումատուն հատուցում է պահանջում, իրականում կատարվել են այդ հիմքով։ Դատարանը նշում է, որ սույն գործում Դատարանի տրամադրած իրավաբանական օգնության չափը կազմել է 850 եվրո։ Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները, և, մասնավորապես, առաջին դիմումատուի ներկայացուցչի կողմից իրականացված աշխատանքի շրջանակը՝ Դատարանը գտնում է, որ որպես իրավաբանական օգնություն տրամադրված 850 եվրոն ողջամիտ գումար է՝ Դատարանի վարույթի հետ կապված բոլոր ծախսերը ծածկելու համար, և մերժում է այս մասով ներկայացված պահանջները։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

59. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Միացնում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը բողոքի ըստ էության քննությանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, և մերժում այն.

2. Հայտարարում է Վճռաբեկ դատարանի մատչելիության բացակայության վերաբերյալ առաջին դիմումատուի բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

4. Վճռում է, որ

ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը առաջին դիմումատուին պետք է վճարի 3,600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամի՝ վճարման օրը գործող փոխարժեքով՝ ավելացրած գանձման ենթակա բոլոր հարկերը.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունները չկատարելու ժամանակահատվածում, Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ ավելացրած երեք տոկոսային միավոր.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի հունվարի 21-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։

 

Անդրե ՈՒամպաշ
 Քարտուղարի տեղակալ 

Միրյանա Լազարովա Տրայկովսկա
 Նախագահ  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան