Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.09.2022-13.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 26.09.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.09.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

22 սեպտեմբերի 2022 թ.

N 35-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.8-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը հաստատելու մասին» N 16-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Հավելված 

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թ.

սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանի

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման ձևաչափը և ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները։

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

1) հաստատության գործունեությունը.

2) իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.

3) նպատակների և խնդիրների սահմանումը.

4) սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.

5) պատասխանատուները.

6) արդյունքների գնահատման չափանիշները.

7) ռիսկերը.

8) գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները.

3. Ծրագրի մշակման ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:

 

3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Յուրաքանչյուր տարի հաստատությունը խորհրդին է ներկայացնում ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը , որը ներառում է ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի կատարման վերաբերյալ չափելի տեղեկատվությունը:

5. Ուսումնական հաստատությունը ներկայացնում է տարեկան աշխատանքային պլանի հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվություն, որը ներառում է.

ա. նախատեսված խնդիրների կատարմանն ուղղված առանձին գործողությունների կատարման արդյունքները և դրանց հիմնավորումները.

բ. չկատարված կամ թերի կատարված գործողությունների պատճառները (առկայության դեպքում).

գ. սահմանված նպատակների և խնդիրների կատարման գնահատումը.

դ. զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ։

6. Հաստատության զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշները կարող են ներառել հետևյալ հիմնական ցուցանիշները.

1) ակադեմիական առաջնորդություն. զարգացման ծրագրի իրականացումը հաստատության տնօրենի առաջնորդությամբ խթանում է սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակի բարելավումը՝ ուսուցման և ուսումնառության ընդհանուր պատկերացումների, դրանց զարգացման, քննարկման, իրականացման և գնահատման արդյունքում.

2) հաստատության ուսումնական պլանն ամեն տարի կազմվում է հաստատությունում գործող կառավարման և խորհրդակցական մարմինների ակտիվ ներգրավվածությամբ՝ որպես մասնակցային գործընթաց՝ հիմնված լինելով հանրակրթության պետական չափորոշչի, համայնքի, բնակավայրի կամ հաստատության գործունեության նպատակների վրա.

3) հաստատությունում ուսումնական տարվա ընթացքում և դրա ավարտին պարբերաբար իրականացվում է սովորողների առաջադիմության տվյալների, անցկացվող ընթացիկ, ամփոփիչ և արտաքին գնահատումների, կիրառվող մանկավարժական մեթոդների ու մոտեցումների վերլուծություն՝ դրանց արդյունքում բարելավելով առաջադիմության ցուցանիշները՝ ամեն տարի ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համամասնության կրճատման և սովորողների առաջադիմության միջին ցուցանիշների բարելավման միջոցով, ինչպես նաև ըստ անհրաժեշտության վերանայելով մանկավարժական մոտեցումներն ու մեթոդները.

4) ապահովվում է ուսուցիչների հասանելիությունը անհրաժեշտ ռեսուրսներին (մարդկային, ժամանակային, նյութատեխնիկական)՝ մանկավարժական ընտրված մեթոդների և մոտեցումների կիրառությունն ապահովելու համար.

5) գործում է ներդպրոցական վերահսկողության արդյունավետ համակարգ՝ ուսումնական տարվա ընթացքում ուսումնառության և ուսուցման գործընթացում առկա խնդիրների բացահայտման և դրանց կարգավորման համար։

7. Դպրոցական միջավայր. հաստատությունում ապահովված է մանկավարժական ինքնավարության, ակադեմիական ազատության, դրական և ապահով մթնոլորտ բոլոր շահակիցների համար.

1) հաստատությունում ուսումնական գործընթացն իրականացվում է հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների, մանկավարժների, սովորողների և ծնողների փոխադարձ վստահության պայմաններում.

2) հաստատությունում որոշումները կայացվում են համագործակցության արդյունքում, առանձին իրավիճակների կամ խնդիրների քննարկման ժամանակ ապահովվում է բոլոր կողմերի մասնակցությունն ու նրանց դիրքորոշումների ներկայացումը.

3) հաստատության կառավարման գործընթացներում բոլոր շահակիցների խմբերին պարբերաբար հատկացվում է ժամանակ՝ անհրաժեշտ դիտարկումներ և առաջարկներ ներկայացնելու համար։

8. Աշխատակազմի կառավարում և մասնագիտական զարգացում. մանկավարժական աշխատողների ընտրությունն իրականացվում է արդարացի և բարեխիղճ եղանակով, գործում է նրանց աջակցության և զարգացման համակարգ.

1) մանկավարժական աշխատողների թափուր տեղերի համալրումն իրականացվում է սահմանված ընթացակարգերի համաձայն՝ ապահովվելով գործընթացների թափանցիկությունն ու արդարությունը.

2) մանկավարժական աշխատողի թափուր տեղի մրցույթի արդյունքում դրա չհամալրման պարագայում արդյունավետ կիրառվում են օրենսդրության շրջանակներում նախատեսված գործիքակազմերը՝ առարկայի ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով.

3) դասաբաշխումներն իրականացվում են կրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացման սկզբունքներից ելնելով, դրանց կազմման սկզբունքները թափանցիկ են և ընկալելի գործընթացի բոլոր մասնակիցների համար.

4) մանկավարժական աշխատողները խրախուսվում են մասնագիտական զարգացման տարաբնույթ ծրագրերի մասնակցության համար, հաստատությունում ամեն տարի մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցող և դրա արդյունքում վարձատրության բարձրացում գրանցող աշխատակիցների թիվն ամեն տարի աճում է։

5) Հաստատությունում պարբերաբար իրականացվում են դասալսումներ տնօրենի և փոխտնօրենի կողմից, դրանց արդյունքները քննարկվում են առարկայական մասնախմբերում և մանկավարժական խորհրդի նիստերի ժամանակ, մանկավարժներին ցուցաբերվում է անհրաժեշտ մեթոդական և մասնագիտական աջակցություն.

6) տնօրենի կողմից իրականացվում է մանկավարժների վերապատրաստման ծրագրերի որակի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովվում՝ դրանց արդյունքում մանկավարժների կողմից ուսուցման գործընթացում նոր հմտությունների, մեթոդների կիրառությունն ապահովելու համար։

9. Հաղորդակցություն և համայնքի հետ հարաբերություններ. կրթության որակի և սովորողների առաջադիմությունը խրախուսելու նպատակով հաստատությունն ապահովվում է արդյունավետ հաղորդակցություն ուսումնական գործընթացի շահակիցների հետ և ներգրավվում է համայնքին.

1) ծնողները ժամանակին իրազեկվում են ուսումնական գործընթացի մասին, մասնակցում են կառավարման գործընթացին՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները.

2) հաստատության կառավարման և խորհրդակցական մարմիններում քննարկվում են հանրակրթության ոլորտին վերաբերող օրենսդրական առաջարկներն ու նախագծերը, առկայության դեպքում ներկայացվում են առաջարկներ և դիտարկումներ դրանց վերաբերյալ՝ ոլորտի կառավարման համապատասխան մարմիններին.

3) նախագծային և այլ աշխատանքների իրականացման ժամանակ իրականացվում է համայնքային կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, և դրանք հաշվի են առնվում աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ.

4) հաստատության զարգացման նպատակով հաշվի է առնվում համայնքի կարիքներն ու ներուժը, առաջարկվում են նոր ծրագրեր և մոտեցումներ.

5) առկա է արդյունավետ համագործակցություն և կապ ոլորտի մարմինների, ուսուցչական կազմակերպությունների և արհեստագործական միությունների, այլ շահագրգիռ կողմերի հետ։

10. Զարգացման ծրագիրն ըստ անհրաժեշտության կարող է պարունակել նաև այլ կատարողական ցուցանիշներ՝ ելնելով տվյալ հաստատության զարգացման ծրագրի առանձնահատկություններից։

11. Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարումը փաստող անհրաժեշտ տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։

12. Ծրագրի կարարման հաշվետվության ձևաչափը ներկայացված է Ձև 2-ում:

 

(Ձև 1)

 

ՁԵՎԱՉԱՓ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Հաստատության անունը, օրինակ՝
Երևանի թիվ.... դպրոցի զարգացման ծրագիր

 

1. Հաստատության գործունեությունը.

 

ա. նկարագրում է, թե ինչ կրթական կարիքներ է այն բավարարելու.
բ. համապատասխանում է պետության կրթական քաղաքականության միտումներին, համայնքի, շահառու խմբերի կարիքներին ու հնարավորություններին.
գ. համապատասխանում է հաստատության ենթակառուցվածքներին, մարդկային ռեսուրսներին և հնարավորություններին:

 

2. Իրավիճակի վերլուծությունը, ուժեղ և թույլ տեղերը.

 

1) Իրավիճակի վերլուծությունը, ուժեղ և թույլ տեղերը.
ա. նկարագրված են հաստատության շենքային պայմանները.
բ. նկարագրված է հաստատության նյութատեխնիկական բազան.
գ. նկարագրված են հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան և այլ ռեսուրսները՝ հաշվետու ժամանակաշրջանում.
դ. ներկայացված են հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինները.
ե. նկարագրված է հաստատության համագործակցությունը համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ.
զ. նկարագրված է հաստատության ուսումնական միջավայրը.
է. նկարագրված են մանկավարժական համակազմի մասնագիտական որակների զարգացումն ապահովող միջոցառումները.
ը. նկարագրված է հաստատության տրամադրած կրթության որակը.
թ. ներկայացված են հաստատության կողմից օգտագործվող տեխնոլոգիաները և կիրառվող նորարարությունները.
ժ. ձևակերպված են հաստատությունում առկա հիմնախնդիրը(ները):

 

3. Նպատակների և խնդիրների սահմանումը.

 

ա.նպատակները ժամանակային առումով որոշակի են, իրատեսական և հասանելի.
բ. նպատակները փոխհամաձայնեցված են և լրացնում են միմյանց.
գ.խնդիրները բխում են նպատակներից.
դ. յուրաքանչյուր նպատակի իրականացման համար սահմանված են որոշակի խնդիրներ.
ե. յուրաքանչյուր խնդրի իրականացման համար սահմանված են համապատասխան գործողություններ և ակնկալվող արդյունքներ, դրանց պատասխանատուները (կատարողները), ժամկետները և իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները.
զ. սահմանված գործողությունները նպատակաուղղված են տվյալ խնդրի լուծմանը.
է. գործողությունները ձևակերպված են հստակ, չեն պարունակում երկիմաստություն.
ը. տվյալ գործողության արդյունքը հնարավոր է ճշգրիտ չափել.
թ. ակնկալվող արդյունքները արտահայտված են կոնկրետ ցուցանիշներով (թվեր, տոկոսներ, բնութագրիչներ) և միանշանակ ընկալելի են տվյալ գործողությունն իրականացնող պատասխանատուների և կատարողների համար:

 

2. Սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.

 

ա. ծրագրում, ըստ ոլորտների սահմանված նպատակների և խնդիրների, պետք է մշակվեն համապատասխան գործողությունները, հստակեցվեն կատարողները և ժամանակացույցը, որոնք առավել գործնական կիրառության նպատակահարմարությունից ելնելով՝ կարելի է կազմել աղյուսակի ձևով,
բ. հաստատության ծրագրավորված զարգացումը ծրագրի միջոցով ներկայացնելը հիմք է ստեղծում հաստատության գործունեության տարեկան աշխատանքային ծրագրի մշակման համար, որը, ըստ էության, տվյալ հաստատության միջնաժամկետ (մեկ ուսումնական տարվա համար կազմված) զարգացման ծրագրային փաստաթուղթն է,
գ. հաստատության գործունեության տարեկան աշխատանքային ծրագրային դրույթները պետք է կառուցվեն տվյալ դպրոցի զարգացման ծրագրի հիման վրա: Երկարաժամկետ, սովորաբար 5 տարվա համար մշակված ծրագիրը պարբերաբար տնօրենի կողմից պետք է վերանայվի և համապատասխան փոփոխություններով հանդերձ` հավանության արժանանա կառավարման խորհրդի կողմից:

 

3. Պատասխանատուները.

 

Այս բաժինը պետք է ընդգրկի տեղեկատվություն ծրագրի կատարման պատասխանատուների մասին: Մշակելուց հետո տվյալ բաժնին անհրաժեշտ է հաճախակի անդրադառնալ՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում հաստատության գործունեության մեջ կատարվող փոփոխությունները, ինչպես նաև հանրակրթության քաղաքականության ոլորտում իրականացվող փոփոխությունները, որի հետևանքով կարող են փոխվել նաև պատասխանատուները:

6. Արդյունքների գնահատման չափանիշները.

 

ա. սահմանված են յուրաքանչյուր գործողության առանձնահատկությունից բխող գնահատման չափանիշները.
բ. գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը:

 

 7. Ռիսկերը.

 

ա. շարադրված են նպատակի և դրանից բխող խնդիրների իրականացման հնարավոր ռիսկերը.
բ. սահմանված են նպատակի և խնդիրների լուծմանն ուղղված յուրաքանչյուր գործողության իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը.
գ. մշակված են հնարավոր ռիսկերը մեղմող գործողությունները:

 

8. Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները.

 

յուրաքանչյուր գործողության համար ներկայացված են դրա իրականացման և ակնկալվող արդյունքների լիարժեք ապահովման համար պահանջվող անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները. օրինակ՝ լաբորատորիայում իրականացվելիք փորձերի համար անհրաժեշտ նյութերը:

 

9. Վերահսկողության մեխանիզմները:

 

ա. յուրաքանչյուր գործողության համար մշակված են վերահսկողության մեխանիզմներ, որոնք հաստատված են խորհրդի կողմից.
բ. յուրաքանչյուր գործողության համար սահմանված են հաշվետվությունների ձևերն ու ժամանակացույցը, որոնք հաստատված են խորհրդի կողմից.
գ. ծրագրի վերահսկողությունն իրականացվում է ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից՝ տարեկան առնվազն երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի վերջում։

 

(Ձև 2)

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

No

Միջոցառում/
գործողություն

Ակնկալվող արդյունք

Սահմանված ժամկետ

Կատարված աշխատանքի նկարագրություն

Սահմանված ժամկետում միջոցառման/
գործողության չկատարման կամ մասնակի կատարման/
առկայության դեպքում/ պատճառները

Զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկու-թյուններ

Նշումներ

               
               
               
               
               

 

*Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարման մասին անհրաժեշտ փաստացի տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2024, N 09-Ն 13.02.2024, N 35-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան