Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.09.2022-22.03.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հոդ.110
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2012 թ.
ք. Երևան

 N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմը`

1) Հանձնաժողովի նախագահ` Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

ա 1. Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետ,

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ,

3) Հանձնաժողովի անդամներ`

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 03.02.22 N 50-Ն)

բ. Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ,

գ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

ե. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

զ. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ,

է. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

ը. Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ),

թ. Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ:

(1-ին կետը խմբ., փոփ. 21.04.15 N 178-Ն, փոփ. 01.02.18 N 44-Ն, 20.08.19 N 381-Ն, խմբ. 12.11.19 N 522-Ն, փոփ. 03.12.19 N 562-Ն, փոփ., լրաց. 20.10.20 N 422-Ն, փոփ. 13.04.21 N 146-Ն, 05.08.21 N 361-Ն, լրաց. 02.12.21 N 617-Ն, փոփ. 03.02.22 N 50-Ն, 15.09.22 N 565-Ն)

1.1. Սահմանել, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե հանդիսանում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալը:

(1.1-ին կետը լրաց. 12.11.19 N 522-Ն)

2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն Հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հ. Թովմասյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 14-ի

N 34-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները:

2. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս հրավիրում է նիստ դատապարտյալների` օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշելու, ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ կամ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով:

(2-րդ կետը փոփ., լրաց. 10.07.20 N 249-Ն)

3. Ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով դատապարտյալի վերաբերյալ 10-օրյա ժամկետում կազմվում է սույն կարգով նախատեսված միջնորդագիր (Ձև 1) և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին:

(3-րդ կետը խմբ. 10.07.20 N 249-Ն)

3.1. Ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը տեղաբաշխելու հարցը քննարկելու նպատակով դատապարտյալների վերաբերյալ կազմվում է ցուցակ և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Ցուցակի մեջ նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների), այդ թվում՝ ռեցիդիվի առկայությունը։

(3.1-ին կետը լրաց. 10.07.20 N 249-Ն)

4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հիմնականում Կենտրոնական մարմնում: Այն կարող է անցկացվել նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը: Ներկայացված միջնորդությունը (ները) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնում է նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել (այդ թվում՝ տեսակապի միջոցով) տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել Կենտրոնական մարմնի ղեկավարը, որը կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:

(7-րդ կետը լրաց. 10.07.20 N 249-Ն)

8. Հանձնաժողովի նիստի ժամանակ Հանձնաժողովի անդամների կողմից կարող է պահանջվել դատապարտյալի կամ նրա վարքագծի վերաբերյալ այլ տեղեկատվություն:

9. Հանձնաժողովի նիստում քննարկված հարցի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին, այդ թվում` կարող է ընդունվել որոշում` տվյալ հարցի քննարկումը հետաձգելու մասին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը վճռորոշ է: Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում: Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը:

(9-րդ կետը լրաց. 13.04.16 N 126-Ն)

9.1 Եթե Հանձնաժողովը միջնորդագիրը մերժելու մասին որոշումն ընդունել է` հաշվի առնելով դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ապա նույն հարցով կրկին միջնորդագիր ներկայացնելիս, դրան կցվում է որոշման կայացման օրվանից հետո` դատապարտված անձի վերաբերյալ կազմված բնութագիրը:

(9.1-ին կետը լրաց. 13.04.16 N 126-Ն, փոփ. 10.07.20 N 249-Ն)

9.2. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելու կամ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից կազմված միջնորդագրում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և (կամ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր ստանալու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից վերջին անգամ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ կայացված որոշումից հետո ընկած ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի դրսևորումները դիտարկելու, ուսումնասիրելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունից ելնելով:

(9.2-րդ կետը լրաց. 10.07.20 N 249-Ն)

9.3. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ՝ առավելագույնը 40 օրով։

(9.3-րդ կետը լրաց. 10.07.20 N 249-Ն)

10. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում Հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների կողմից:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համարակալվում են ըստ տարիների և հերթականության:

11. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումից Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է քաղվածք և կցվում դատապարտյալի անձնական գործին:

12. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է դատապարտյալի` պատիժը կրելու ուղարկելու մասին կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

12.1 Կենտրոնական մարմնի ղեկավարը, ելնելով դատապարտյալի անվտանգության ապահովման կամ օպերատիվ նկատառումներից, կարող է կարգագրով դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումն իրականացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղից տեղափոխվել է դատապարտյալը, համապատասխան միջնորդագիր է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը ներկայացված միջնորդագիրը քննարկում է սահմանված կարգով` կայացնելով որոշում դատապարտյալին այլ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ տեղափոխումը մերժելու մասին: Միջնորդագրի մերժման որոշում ընդունվելու դեպքում Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

(12.1-ին կետը լրաց. 06.05.16 N 152-Ն)

12.2. Օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնելու կամ վերանայման միջնորդագիր ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովը վերանայում է իր որոշումը՝ այն թողնելով անփոփոխ կամ ճանաչելով անվավեր:

(12.2-րդ կետը լրաց. 10.07.20 N 249-Ն)

13. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

(13-րդ կետը խմբ. 10.07.20 N 249-Ն)

 

 

Ձև 1

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ

 

Հիմք ընդունելով ____________________________________________________ պատժի հետագա կրումը

 (օրենսդրական հիմքը)

 

շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել

_______________________________________

 (ցածր կամ բարձր)

 

աստիճանի ուղղիչ հիմնարկ կամ նույն տեսակի այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխման համար քննարկման

է ներկայացվում դատապարտյալ

_______________________________________ վերաբերյալ նյութերը:

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

Անուն, ազգանուն, հայրանուն_________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին_________________________________________________

Բնակության վայրը նախքան դատապարտվելը_________________________________

Ֆիզիկապես աշխատունակ (այո/ոչ)___________________________________________

Նախկինում դատվածության առկայությունը (այո/ոչ, ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է և պատժաչափը)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ներկա գործով դատապարտված է (ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը ներկայումս դատապարտված է)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Պատժաչափը___________________________________________________________________

Պատժի սկիզբը_________________________________________________________________

Պատժի ավարտը_______________________________________________________________

Ռեցիդիվի առկայությունը (այո/ոչ)_________________________________________________

Միջնորդագիր ներկայացնելու օրվա դրությամբ պատժից կրել է՝

_____________________,

(տարի, ամիս, օր)

մնացել է կրելու՝

___________________________

  (տարի, ամիս, օր)

 

Միջնորդագիր ներկայացնող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է

__________________________________________________________________________________

(տարի, ամիս, օր և ուղղիչ հիմնարկի տեսակ)

 

Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից միջնորդագիր ներկայացնելու հիմնավորումը

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի N 279-Ն հրամանով հաստատված Ձև 17-ով նախատեսված բնութագիրը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի տեղեկանքը (կցվում է ըստ անհրաժեշտության կամ Հանձնաժողովի պահանջի).

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի տեղեկանքը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 Անձնական գործից տեղեկանքը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը (առկայության դեպքում).

Ներմուծեք նկարագրությունը_1371 Դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

________________________________

 Անուն, ազգանուն, ստորագրություն

 

(ձևը լրաց. 10.07.20 N 249-Ն, 20.10.20 N 422-Ն)

(հավելվածը լրաց. 13.04.16 N 126-Ն, 06.05.16 N 152-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.07.20 N 249-Ն, լրաց. 20.10.20 N 422-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան