Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
08.08.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

08 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 649-Լ որոշման 4-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

08.08-ի N 13-Ն հրամանի

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Oդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ՝ Ազգային ծրագիր) միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավերի թռիչքների, վայրէջքների, օդանավերի վերգետնյա սպասարկումների, ինչպես նաև ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկումների ընթացքում կիրառվող ընթացակարգերի ու գործելաձևերի սահմանմանը և նպատակ ունի պարզեցնել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) անդամ պետությունների միջև օդային փոխադրումների ընթացակարգերի ձևակերպումները և արդյունավետ իրականացնել օդանավերի, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման աշխատանքները։

2. Ազգային ծրագիրը մշակված է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի, Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթների հիման վրա: Ընթացակարգերի պարզեցումը մարդկային և նյութական ռեսուրսների ու միջոցառումների գործիքակազմ է, որն ուղղված է օդանավակայաններում օդանավերի թռիչքների, օդանավերի անձնակազմերի անդամների, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի ու օդանավային պաշարների սպասարկման և փոխադրման աշխատանքների պարզեցմանն ու կատարելագործմանը:

3. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմինների, իրավաբանական անձանց, քաղաքացիների կողմից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

4. Օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման աշխատանքներում ավիացիոն անվտանգության միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման պահանջներին համապատասխան։

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

5. Ազգային ծրագրի իմաստով օգտագործվող հասկացությունները.

1) Գրանցման երկիր - երկիր, որի ռեեստրում գրանցվել է օդանավը.

2) Ավիաընկերություն - միջազգային օդային հաղորդակցություն շահագործելու հնարավորություն ունեցող կամ միջազգային օդային գիծ շահագործող օդային տրանսպորտի որևէ ձեռնարկություն:

3) Օդանավ շահագործող - օդանավ շահագործող կամ շահագործելու առաջարկ ներկայացրած ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

4) «Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ - համակարգ, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապահովում է անձանց սահմանահատումների գրանցման ամբողջական գործընթացը (փաստաթղթերի գրանցում, անձի նույնականացում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների իսկության ստուգում և այլն):

5) Ուղեբեռ - Ուղևորների կամ անձնակազմի անձնական իրերը, որոնք փոխադրվում են են օդանավով, համաձայնելով շահագործողի հետ։

6) Իջեցում օդանավից - Օդանավի վայրէջք կատարելուց հետո բոլոր անձանց կողմից ինքնաթիռից իջեցումը, բացառությամբ անձնակազմի անդամների և նույն ուղիղ չվերթով մեկնող ուղևորների:

7) Պետական լիազոր մարմիններ - պետական կառավարման համակարգի մարմիններ կամ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերի հետ կապված ասպեկտներին տվյալ պետության համապատասխան օրենքների և կանոնակարգերի ընդունման, կիրառման և պահպանման համար։

8) ԻԱՏԱ - Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա:

9) Բեռներ - Օդանավում տեղափոխված ցանկացած գույք, բացառությամբ փոստի, օդանավային պարագաների և ուղեկցվող կամ սխալ ուղղորդված ուղեբեռի:

10) Ախտահանում - վարակիչ հիվանդությունների հարուցիչների և արտաքին միջավայրում դրանց թույների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:

11) Վարակազերծում - վարակված մարդու կամ կենդանու մարմնի վրա, օդանավի վարակված մակերեսների վրա կամ ներսում, առարկաների (ուղեբեռ, բեռ, տարա, ապրանք և փոստ) ներսում և մակերեսների վրա վարակիչ հիվանդությունների հարուցիչները ոչնչացնելու (սպանելու) գործընթաց (քիմիական, ֆիզիկական, այդ թվում՝ ջերմային, եղանակներով և միջոցներով):

12) Հայտարարագրող - Բեռի հայտարարագիր կազմող ցանկացած անձ կամ անձ, որի անունից այդպիսի հայտարարագիր է ներկայացվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության պարագայում՝ գրավոր եղանակով։

13) Օդանավ շահագործողի փաստաթղթեր - Օդանավ շահագործողների օգտագործման համար նախատեսված օդանավով փոխադրվող բեռների ուղեգրեր/ ավիաբեռնեգրեր, ուղևորային տոմսեր և ուղևորների նստեցման կտրոններ, փոխադարձ հաշվարկների համար բանկային պլանին համապատասխան տրված փաստաթղթեր, գործակալի փոխադարձ հաշվարկներ, ավելորդ ուղեբեռի վճարման անդորրագրեր, տարբեր վճարների անդորրագրեր, վնասների և անսարքությունների ակտեր, ուղեբեռի և բեռի պիտակներ, թռիչքների ժամանակացույց, քաշի և կենտրոնացման մասին փաստաթղթեր։

14) Հաշմանդամություն ունեցող անձ - Ցանկացած անձ, որի տրանսպորտից օգտվելու կարողությունը սահմանափակ է ֆիզիկական արատների (զգայական օրգանների կամ շարժման ֆունկցիոնալ խանգարումներ), մտավոր հետամնացություն, տարիքի, հիվանդության պատճառով կամ ցանկացած որևէ այլ պատճառով առաջացած ֆունկցիոնալ խանգարումներով և որոնց վիճակը պահանջում է հատուկ ուշադրություն և հարմարեցում նման անձանց կարիքներին՝ բոլոր այլ ուղեւորների համար մատուցվող ծառայությունների տեսակները։

15) Քաղաքացիական ավիացիայի տեսուչ - Պետության կողմից նշանակված անձ, որին լիազոր մարմնի կողմից հանձնարարված է ստուգել օդային տրանսպորտի աշխատանքը կապված թռիչքների անվտանգության, ավիացիոն անվտանգության կամ ավիացիոն գործունեության հետ կապված այլ ասպեկտների հետ:

16) Օդանավի հրամանատար - Թռիչքային ժամանակահատվածում օդանավի կառավարման և անվտանգության համար պատասխանատու օդաչու:

17) Միջազգային օդանավակայան - Պայմանավորվող պետության կողմից իր տարածքում միջազգային օդային փոխադրումներ իրականացնող ինքնաթիռներ ընդունելու և ճանապարհելու համար նշանակված ցանկացած օդանավակայան, որտեղ իրականացվում են մաքսային, սահմանային, բժշկա-սանիտարական, ֆիտո-սանիտարական (կենդանիների և բույսերի տեղափոխման ընթացքում) և նմանատիպ ընթացակարգեր:

18) Ռիսկերի կառավարում - Կառավարման ընթացակարգերի և գործելաձևերի համակարգված կիրառում, որոնք ապահովում են սահմանային վերահսկողության մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ սպառնալիք ներկայացնող անձանց կամ բեռնափոխադրումների տեղաշարժի վերաբերյալ:

19) Վերգետնյա սարքավորումներ - Հատուկ սարքեր, որոնք օգտագործվում են գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկման և նորոգման համար, ներառյալ փորձնական սարքավորումներ, բեռների բեռնաթափման և ուղևորների սպասարկման համար նախատեսված սարքավորումները:

20) Ուղևորության սկիզբը - Այն կետը, որտեղ անձն սկսում է իր ճանապարհորդությունը, չհաշված այն օդանավակայանը, որտեղ նա կատարել է կանգառ ուղիղ տարանցման ընթացքում՝ մեկնելով ուղիղ կամ միացնող չվերթով, եթե նա չի հեռացել տվյալ օդանավակայանի տարանցիկ գոտուց:

21) Չպահանջված ուղեբեռ - Ժամանած ուղեբեռը, որը չի ընդունվել կամ չի պահանջվել ուղևորի կողմից:

22) Անհրաժեշտ նախազգուշական միջոցառումներ - Մեկնման կետում համապատասխան լիազոր մարմինների համապատասխան պատրաստվածություն ունեցող անձնակազմի կողմից պատշաճ կարգով իրականացվող ստուգում՝ օդանավ շահագործողի կողմից կամ նրա անունից ուղևորի ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը պարզելու համար՝ որտեղ դա կիրառելի է, մուտքի արտոնագիրը կամ կացության վկայականը: Այս ստուգումը նախատեսված է անհամապատասխանությունները (օրինակ, փաստաթղթերում բացահայտ փոփոխությունները) հայտնաբերելու համար:

23) Անհայտ ուղեբեռ - Ուղեբեռ, որը օդանավակայան է ժամանել ուղեբեռի պիտակով կամ առանց ուղեբեռի պիտակի և չի ընդունվել կամ նույնականացվել ուղևորի կողմից:

24) Անչափահաս երեխա - Անձը, որը չի հասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափահաս տարիքի:

25) Բեռնում - Որոշակի չվերթով փոխադրման նպատակով ինքնաթիռում բեռների, փոստի, ուղեբեռների և պարագաների տեղադրման գործընթաց:

26) Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավի թռիչք - Առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքներից բացի իրականացված օդանավի թռիչքներ, որոնք կապված են ավիացիոն հատուկ աշխատանքների կատարման հետ:

27) Նստեցում - Անձանց մուտքը օդանավ թռիչք կատարելու նպատակով՝ բացառությամբ անձնակազմի անդամների և այն ուղևորների, որոնք ինքնաթիռ էին նստել տվյալ ուղիղ չվերթի նախորդ փուլում:

28) Փոստ - Փոստային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ուղարկվող փոստային առաքանի:

29) Ճամփորդական փաստաթուղթ - միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը:

30) Ուղիղ թռիչք - Օդանավի թռիչքի տեսակը, երբ ամբողջ թռիչքը մեկնման կետից մինչև նշանակման կետ, այդ թվում ցանկացած միջանկյալ կետի միջոցով, շահագործողի կողմից նշում է նույն պայմանական նշանով:

31) Օգնության նպատակով իրականացվող թռիչքներ - Մարդասիրական նպատակներով իրականացվող թռիչքները, որոնք փոխադրում են անձնակազմ և օգնության պարագաներ, ինչպիսիք են սնունդը, հագուստը, կացարանը, դեղորայքը և այլն իրեր, արտակարգ իրավիճակի կամ աղետի ընթացքում կամ դրանից հետո, և/կամ որոնք օգտագործվում են անձանց տարհանման համար այն վայրերից, որտեղ նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում այդպիսի արտակարգ իրավիճակի և (կամ) աղետի հետևանքով, նույն պետության կամ այլ պետության անվտանգ վայրեր, որը պատրաստ է ընդունել այդպիսի անձանց:

32) Հանրային առողջությանը սպառնացող ռիսկ - Իրադարձությունների հավանականություն, որը կարող է բացասաբար ազդել մարդկանց առողջության վրա, հատկապես ուշադրություն դարձնելով այն ռիսկերին, որոնք կարող են տարածվել միջազգային մասշտաբներով կամ իրենցից լուրջ ու անմիջական սպառնալիք են ներկայացնում:

33) Ուղևորների մասին նախնական տեղեկատվական համակարգ (API) -էլեկտրոնային համակարգ, որի օգնությամբ իրականացվում է անհրաժեշտ, տվյալների (տարրերի) հավաքումը և փոխանցումը սահմանային վերահսկողություն իրականացնող մարմիններին մինչ թռիչքի մեկնումը կամ ժամանումը։ API համակարգը շահագործվում է ռիսկերի կառավարման, արդյունավետության բարձրացման նպատակով:

34) Ուղևորների մասին տվյալների ինտերակտիվ (API/iAPI) համակարգ - էլեկտրոնային համակարգ, որի օգնությամբ ուղևորների հաշվառման ժամանակ օդանավ շահագործողի կողմից մուտքագրված ուղևորների տվյալների (API) տարրերը (ուղևորների մասին նախնական տվյալները) փոխանցվում են պետական համապատասխան մարմիններին, որոնք հաշվառման կետում ուղևորների ձևակերպման ժամանակահատվածի սահմաններում պատասխան հաղորդագրություն են ուղարկում այդ օդանավ շահագործողին՝ յուրաքանչյուր ուղևորի և (կամ) անձնակազմի անդամների վերաբերյալ:

35) Լիազորված գործակալ - Օդանավ շահագործողին ներկայացնող անձը, որն իրավասությունն ունի հանդես գալ ուղղակիորեն կամ շահագործողի անունից ժամանման, մեկնման ընթացակարգերի և շահագործողի օդանավի, անձնակազմի, ուղևորների, բեռների փոստի, ուղեբեռի, օդանավային պարագաների հետ կապված պաշտոնական ձևակերպումների կատարման ժամանակ, որը ներառում է, եթե դա թույլատրվում է ազգային օրենսդրությամբ՝ նաև երրորդ անձանց, որոնք լիազորված են կատարելու օդանավերում բեռների մշակման աշխատանքներ։

36) Թռիչքային անձնակազմի անդամ - Անձնակազմի վկայական ունեցող անձնակազմի անդամ, որի վրա դրված են պարտականություններ, կապված թռիչքի ծառայողական թռիչքային ժամանակահատվածում օդանավի կառավարման հետ:

37) Անձնակազմի անդամ - Թռիչքի ծառայողական ժամանակահատվածում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար շահագործողի կողմից նշանակված անձ:

38) Հանրային առողջության համար միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ - կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված այնպիսի արտասովոր դեպքը, որը կարող է հիվանդության, թունավորման, ճառագայթման միջազգային տարածման հետևանքով հանրային առողջությանը վտանգ ներկայացնել հարևան պետությունների համար, կամ կարող է պահանջել համակարգված միջազգային պատասխան գործողությունների իրականացում:

39) Ճամփորդությունների ձևակերպման էլեկտրոնային համակարգ - Ուղևորի փաստատթղթերի ներկայացման, ընդունման և ձևակերպման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ, որն օգտագործվում է որոշակի պետություն մեկնելու համար թղթային ստանդարտ վիզայի ձևաթղթի փոխարեն:

 

3. ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

6. Ազգային ծրագրի խնդիրն է համակարգել պետական կառավարման մարմինների, քաղաքացիական ավիացիայի ոլորտի և ավիացիոն գործառույթներ իրականացնող այլ կազմակերպությունների գործողությունները՝ նպատակ ունենալով.

1) ապահովել Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9-րդ հավելվածով սահմանված չափորոշիչների և առաջարկվող գործելաձևերի ներդրումը,

2) բարձրացնել ուղևորների սպասարկման որակը և արդյունավետությունը քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրումների ընթացքում,

3) չհիմնավորված խոչընդոտների ու ուշացումների հաղթահարման ճանապարհով բարելավել ու կանոնակարգել մեկնող/ժամանող օդանավերի թռիչքների սպասարկումները՝ նպատակ ունենալով պարզեցնել օդանավերի, անձնակազմի, ուղևորների, բեռների, փոստի ու բորտպաշարների անվտանգ ու անխափան տեղաշարժը,

4) ակտիվորեն աջակցել նորարարական այն մարտավարությունների մշակմանը, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի համակարգում կանոնակարգերի պարզեցմանը:

7. Ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինները, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում իրականացնելով իրենց մասով հսկողության տեսակները, պետք է միջոցներ ձեռնարկեն.

1) անձանց և օդանավերի սահմանային վերահսկողություն, բեռի/ապրանքների մաքսային հսկողության համար պահանջվող ժամանակի կրճատման համար.

2) նվազագույնի հասցնելու համար վարչական և վերահսկողական միջոցառումների կիրառման հետ կապված անհարմարությունները.

3) ապահովելու համար անվտանգության ընդունելի մակարդակ,

4) ապահովելու համար քաղաքացիական ավիացիայի համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների իրականացումը:

8. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինները սահմանների վերահսկման, բեռի/ապրանքների մաքսային հսկողության ձևակերպումների պարզեցման աշխատանքների իրականացման ընթացքում պետք է ներդնեն և օգտվեն ռիսկերի կառավարման համակարգից:

9. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինները օդանավակայաններում իրենց գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետք է ներդնեն կիրառեն և նորագույն տեխնոլոգիական համակարգեր:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող պետական սահմանների վերահսկման և մաքսային ձևակերպումների պարզեցման միջոցառումների իրականացումը չպետք է խոչընդոտ հանդիսանան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման աշխատանքներին:

 

4. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Ազգային ծրագիրը մշակված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Կոնվենցիայի և դրա «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի դրույթներին հիման վրա:

12. Ազգային ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև.

1) ԻԿԱՕ դոկ. 9957 - «Ընթացակարգերի պարզեցման ղեկավար Ձեռնարկ» փաստաթղթի դրույթները.

2) ԻԿԱՕ դոկ. 9303 - «Մեքենայով մեքենայով կարդացվող փաստաթղթեր» ուղեցույցի դրույթները.

3) 2017 թվականի դեկտեմբերի 21-ի 8148-րդ նիստում ԱԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2396 (2017) բանաձևը։

 

5. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԵՎ ԴՐԱ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման համակարգը հետևյալն է.

1) «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե» (այսուհետ՝ Ազգային կոմիտե),

2) «Oդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտե» (այսուհետ՝ Օդանավակայանային կոմիտե):

14. Ազգային կոմիտեի կազմը և կանոնադրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 649-Լ որոշումով (Հավելվածներ 1 և 2), իսկ Օդանավակայանային կոմիտեների կազմը և կանոնադրությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի (այսուհետև՝ Լիազոր մարմին) հաստատմանն են ներկայացնում օդանավակայանների տնօրինությունները:

15. Ազգային կոմիտեի կազմում ընդգրկվում են պետական կառավարման այն մարմինների ներկայացուցիչները, որոնք ելնելով իրենց գործառույթների բնույթից մասնակցում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացակարգերի պարզեցման աշխատանքներին:

16. Օդանավակայանային կոմիտեի կազմում ընդգրկվում են Լիազոր մարմնի ներկայացուցիչները, օդանավակայանի տնօրենը, նրա տեղակալը, ուղևորների սպասարկման գործառույթներ իրականացնող ծառայությունների ղեկավարները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների, օդանավ շահագործողների ներկայացուցիչները և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Անհրաժեշտության դեպքում օդանավակայանային կոմիտեի նիստերին կարող են հրավիրվել մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական ավիացիայի բնագավառի մասնագետներ և փորձագետներ:

17. Օդանավակայանային կոմիտեն քննարկում է հարցեր, որոնք վերաբերում են օդանավակայանում իրականացվող միջազգային օդափոխադրումների ոլորտում ուղևորների սպասարկման մասով ընթացակարգերի պարզեցման, սահմանային, մաքսային հսկողության, բժշկա-սանիտարական և ֆիտո-սանիտարական վերահսկողության ընթացակարգերին: Օդանավակայանային կոմիտեն.

1) մշակում է ուղեցույցներ օդանավակայանում գործունեություն իրականացվող կազմակերպությունների համար օդանավակայանում ուղևորների սպասարկման մասով ընթացակարգերի պարզեցմանը միտված միջոցառումներ՝ Ազգային ծրագրի դրույթներին համապատասխան,

2) տեղեկացնում է պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին ու հաստատություններին միջազգային քաղավիացիայի ոլորտի կարևոր իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդել Հայաստանի Հանրապետության տարածքում/տարածքից օդային փոխադրումների կատարման վրա,

3) պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին ու հաստատություններին տրամադրում է խորհրդատվություններ կանոնակարգերի պարզեցման միջոցառումների վարման մասին,

4) ներկայացնում է առաջարկներ փոփոխություններ ու լրացումներ մուտքագրման առաջարկները քաղավիացիայի ոլորտում գործող միջազգային կանոններին համապատասխան;

5) անցկացնում է ընթացակարգերի պարզեցման ոլորտային միջոցառումների ներդրման գնահատում՝ ապահովելով կանոնակարգերի պարզեցման ու ավիացիոն անվտանգության միջոցառումների անհրաժեշտ հարաբերակցությունը,

6) քննարկում է օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, փոստային առաքանիների, օդանավային պաշարների սպասարկման և ձևակերպման հետ կապված հարցեր ու անհրաժեշտության դեպքում լուծում է խնդիրներ, որոնք առաջանում են օդանավակայաններում օդային փոխադրումներ իրականացման ընթացքում,

7) քննարկում է ընթացակարգերի պարզեցման ոլորտում առաջարկները, որոնք ներկայացվում են այն կազմակերպություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում:

18. Օդանավակայանային կոմիտեի նիստերի արձանագրությունները ստորագրվում են բոլոր անդամների կողմից և ուղարկվում բոլոր շահագրգիռ մարմիններին: Կոմիտեի որոշումները ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր քանակությունից՝ ձայների մեծամասնությամբ:

 

6. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԵԿՆՈՒՄՆ ՈՒ ԺԱՄԱՆՈՒՄԸ

 

19. Օդանավակայանների կառավարիչները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ այլ պետությունից ժամանող կամ այլ պետություն մեկնող օդանավերի սպասարկման ընթացքում չարդարացված ուշացումները բացառելու համար:

20. Օդանավակայաններում պետք է իրականացվի սահմանային, մաքսային, բժշկա-սանիտարական, ֆիտո-սանիտարական վերահսկողության և ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք չպետք է ազդեն մեկնման կամ ժամանման հետ կապված ուղևորների սպասարկման գործընթացների կատարման տևողության վրա: Մեկնող և ժամանող օդանավերի սպասարկման գործընթացների իրականացման ընթացքում պետք է հաշվի առնեն ավիացիոն անվտանգության ու մաքսային հսկողության պահանջները:

21. Պետք է պահպանվի լիազոր մարմնի կողմից հաստատված օդանավերի մեկնման ու ժամանման ձևակերպումների համար սահմանված կարգը և չպետք է պահանջվեն այլ փաստաթղթերի ներկայացում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

22. Մեկնող ու ժամանող օդանավերի նկատմամբ ցանկացած ձևակերպումների ժամանակ, չպետք է պահանջվի որևէ վիզա կամ վիզային գանձում կամ այլ լրացուցիչ վճարումներ, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

23. Հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները՝ մեկնող ու ժամանող օդանավերի փաստաթղթերը ընդունվում են.

1) էլեկտրոնային եղանակով այն փոխանցելով լիազոր մարմնի տեղեկատվական համակարգ,

2) բլանկով, որը ներկայացվում կամ փոխանցվում է էլեկտրոնային միջոցներով;

3) ձեռագրով լրացված բլանկով:

24. Այն դեպքում, եթե կոնկրետ փաստաթուղթը ներկայացված է օդանավը շահագործողի կողմից և ստացվել է լիազոր մարմինների կողմից էլեկտրոնային ձևաչափով, համապատասխան լիազոր մարմինը չի պահանջում այդ փաստաթղթի ներկայացում թղթային ձևաչափով:

25. Այն դեպքերում, երբ լիազոր մարմինները պահանջում են օդանավի անդամներից գլխավոր հայտարարագրի ներկայացում միայն նույնականացման նպատակով, նման գլխավոր հայտարարագիրը ստորագրվում և տրվում է լիազոր մարմիններին օդանավի հրամանատարի կամ օդանավ շահագործողի լիազոր ներկայացուցչի կողմից:

26. Ուղևորային մանիֆեստը և ուղևորների հաշվառման հետ կապված ԻԱՏԱ այլ հեռագրերը փոխանցվում են API համակարգ Ազգային կոմիտեի կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում (API) նշված կարգերով։

27. Եթե անհրաժեշտ է ներկայացնել բեռների ձևակերպման բեռնագիր, այդ դեպքում օդանավում առկա ամբողջ բեռների բոլոր բեռնագրերի պատճենները սահմանված կարգով, ձևաթղթով ու ծավալով ներկայացվում է օդանավը շահագործողի լիազորված գործակալի կողմից:

28. Լիազոր մարմինները, բացառությամբ Մաքսային ծառայության, չեն պահանջում օդանավում մնացող օդանավային պաշարների վերաբերյալ հայտարարագրի ներկայացում:

29. Մաքսային ծառայությունը, նպատակ ունենալով կանխել երկրի տարածք թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պայթուցիկ նյութերի և սարքերի, ինչպես նաև մաքսանենգ ապրանքների ներմուծումը, իրավունք ունի պահանջել ուղեբեռի ցանկը, տեսակների քանակը և ապրանքների բնույթը՝ ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար:

30. Լիազոր մարմինները չեն պահանջում այլ հայտարարագրի ներկայացում փոստային առաքանիների նկատմամբ, բացի այն ձևերից, որոնք սահմանված են Համաշխարհային փոստային միության և Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված ակտերով:

31. Նշված փաստաթղթերում լիազոր մարմինների կողմից սխալի հայտնաբերման դեպքում լիազոր մարմինը պետք է հնարավորություն տա օդանավ շահագործողին կամ նրա լիազոր գործակալին շտկելու սխալները:

32. Օդանավ շահագործողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի կատարեն այն օդանավերի ուղևորասրահների և օդանավի անձնակազմի խցիկի օդակաթիլային/աերոզոլային վարակազերծում, որոնք միայն մեկ չվերթ են կատարում մեկնման կետից կամ տարանցիկ կետից այն տարածքներ, որտեղ իրենց կարծիքով առկա է այնպիսի պայմաններ, որոնք սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի, գյուղատնտեսության կամ շրջակա միջավայրի համար:

33. Օդանավերի ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի հավելվածի 7-րդ գլխի պահանջների, իսկ ախտահանիչները կիրառվում են դրանց կից հրահանգների պահանջների՝ համաձայն:

34. Եթե վարակազերծումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված մեթոդներով, լիազոր մարմիններն ընդունում են «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված N1 Ձևի «Գլխավոր հայտարարագրի» մեջ նշված համապատասխան վկայակոչումը կամ թիվ 9 հավելվածով սահմանված N4 Ձևի «Վարակազերծման սերտիֆիկատ»-ը:

35. Հայաստանի Հանրապետության բժշկա-սանիտարական և ֆիտո-սանիտարական մարմինների կողմից սահմանվում են այն կենդանատեսակներն ու կենդանական ծագմամբ սննդամթերքը, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխման ժամանակ պահանջվում է օդանավերի ախտահանում, կրծողների և հոդվածոտանիների ոչնչացում, բացառությամբ դեպքերի, երբ նման կենդանիներին ու սննդամթերքը տեղափոխումն իրականացվում է առողջապահական լիազոր մարմինների կողմից պաշտոնապես հաստատված հավաստագրեր ունեցող տարաներով փոխադրումների իրականացման դեպքերում:

36. Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը իրականացնում է օդանավակայանի ու օդանավ շահագործողի գործունեության վերահսկում այն նպատակով, որպեսզի վարակազերծման և ախտահանման իրականացումը չվտանգի ուղևորների կամ անձնակազմի կյանքն ու առողջությանը և վնաս պատճառի նրանց:

37. Օդանավակայանների կառավարիչները և օդանավակայան հասնելու համար նախատեսված հաղորդակցության ուղիներն ապահովող բոլոր կազմակերպություններն ու շահագործողները պետք է ապահովեն մինչև օդանավակայան հաղորդակցության ուղիների մատչելիությունն ու հարմարավետությունը: Օդանավակայանների կառավարիչները և օդանավ շահագործողները պետք ուղևորներին տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորներին մատուցվող ծառայությունների, դրանց գների և վճարման ընթացակարգերի մասին, ինչպես նաև պետք է միջոցներ ձեռնարկեն պարզեցնելու երթուղային տրանսպորտի հասանելիության համար:

 

7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՅԼ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

38. Ազգային ծրագիրը սահմանում է նաև պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածք ընդհանուր նշանակության ավիացիայի և այլ ոչ կանոնավոր չվերթերի ժամանման, տարանցիկ չվերթերի և Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնման պայմանների ապահովման վերաբերյալ: Նման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ, որը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

39. Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվող օդանավի վայրէջքի մասին նախնական ծանուցման կամ թռիչքների իրականացման նպատակով նախնական թույլտվության ստացման հայտերի ներկայացման համար լիազոր մարմնի կողմից նշանակվում է միասնական ստորաբաժանում, որն ընդունում և համակարգում է ստացված ծանուցումներն ու հայտերը:

40. Նախնական ծանուցման մասին պահանջները հրատարակվում են Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի (AIP) մեջ, որտեղ նշվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում նաև Աերոնավիգացիոն ֆիքսված տեղեկատվական կապի (AFTN) հասցեն, տելեքսի կամ հեռագրական հասցեն, վեբ կայքը և լիազոր մարմնի կողմից նշանակված ստորաբաժանման (լիազոր մարմնի կենտրոնական կարգավարական ծառայություն) հեռախոսահամարը:

41. Նախատեսվող յուրաքանչյուր չվերթի ժամանման, մեկնման կամ տարանցիկ թռիչքի մասին ծանուցվում է համապատասխան վերահսկողության մարմիններին, ինչպիսիք են մաքսային, սահմանային կամ բժշկա-սանիտարական ծառայությունները:

42. Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքների իրականացման համար չեն պահանջում դիվանագիտական ուղիներով նախնական թույլտվության կամ ծանուցման հայտեր, եթե թռիչքը դիվանագիտական բնույթ չի կրում:

43. Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքների իրականացման համար նախնական թույլտվության կամ ծանուցման հայտեր տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի՝ N 965-Ն և N 1005-Ն որոշումներով սահմանված կարգերով, հնարավորության դեպքում թույլտվությունը տրամադրում են որոշակի ժամանակի կամ որոշակի քանակությամբ թռիչքների համար, իսկ թույլտվություններ տրամադրելիս որևէ հարկ կամ տուրք չի գանձվում:

44. Այն դեպքում, երբ օդանավն իրականացնում է ուղևորների, բեռի կամ փոստի առևտրային փոխադրումներ, օդանավ շահագործողից չի պահանջվում այլ տեղեկատվություն, բացի.

1) օդանավ շահագործողի անվանումից,

2) օդանավի ազգային և գրանցման նիշերից,

3) տվյալ օդանավակայան ժամանելու և այնտեղից մեկնելու ժամերից,

4) ուղևորների նստեցման կամ իջեցման, բեռների բեռնման կամ բեռնաթափման կետերից,

5) թռիչքի նպատակից, ուղևորների քանակից, բեռի քանակից և տեսակից,

6) պատվիրատուի անունից, հասցեից և գործունեության տեսակից:

45. Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի (AIP) մեջ նշվում է նշված նախնական գործունեության թույլտվության հայտերի մշակման համար պահանջվող նվազագույն ժամկետ:

46. API համակարգ ուղարկվող տվյալների ծավալը և կարգը որոշում է Ազգային կոմիտեն և հրատարակում Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի (AIP) մեջ։

46. Այն դեպքում, երբ օդանավը թռիչք է իրականացնում առանց կանգառի, կամ եթե կանգառ է կատարում ոչ առևտրային նպատակներով, քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմինն անվտանգության նկատառումներից ելնելով, պահանջում է նախնական թույլտվության առկայություն, սակայն չի պահանջում այլ տեղեկատվության տրամադրում, բացառությամբ թռիչքային պլանում ներկայացվող տեղեկատվության, երբ հայտ է ներկայացվում նման թույլտվություն ստանալու համար: Այս դեպքում չի պահանջվում հայտերը ներկայացնել թռիչքից երեք աշխատանքային օր առաջ:

47. Թռիչքային պլանում պարունակվող տեղեկատվությունն ընդունվում է որպես ժամանման համար համապատասխան նախնական ծանուցում, պայմանով, որ այդպիսի տեղեկատվությունը տրամադրվի ժամանումից առնվազն 2 ժամ առաջ և վայրէջքը կատարվի նախկինում նշանակված միջազգային օդանավակայանում:

48. Օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամները, որոնք ժամանում են Հայաստանի Հանրապետություն, պետք է ունենան վավեր անձնագիր, թռիչքային վկայական և անձնակազմի գլխավոր հայտարարագիր:

 

8. ԱՆՁԱՆՑ ՈՒ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԲԵՌԻ ԺԱՄԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԵԿՆՈՒՄԸ

 

49. Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով:

50. Հայաստանի Հանրապետություն միջազգային օդանավակայանների անցման կետերում վերահսկողություն և հսկողություն իրականացնող լիազոր մարմինների կողմից օդանավով ժամանող կամ մեկնող անձանց ձևակերպումները կրճատելու ու պարզեցնելու նպատակով կիրառվում են փաստաթղթերի ստուգման ավտոմատացման ժամանակակից ստացիոնար համակարգեր:

51. Ժամանող և մեկնող ուղևորների ձևակերպման ժամանակ համապատասխան լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս կամ Հայաստանի Հանրապետություն ժամանելիս պահանջում են միայն այն գործող փաստաթղթերի ներկայացում, որոնք նախատեսված են միջազգային պայմանագրերով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

52. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը, վիզաները կամ այլ փաստաթղթերը տրվում են համապատասխան լիազոր մարմինների կողմից՝ մեքենայով կարդացվող ձևաչափով, որը սահմանված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության «Մեքենայով հաշվողական փաստաթղթեր» դոկ. 9303 ուղեցույցում:

53. Այլ պետությունների քաղաքացիների կողմից մեքենայով չկարդացվող ձևաչափի անձնագրեր ներկայացնելիս, համապատասխան լիազոր մարմինները կատարում են թերթի ձևաչափի համապատասխանելիության ստուգում՝ «տեսանելի գոտու» տեխնիկական պահանջներին համապատասխան՝ ԻԿԱՕ «Մեքենայով հաշվողական փաստաթղթեր» դոկ. 9303 ուղեցույցի «Մեքենահաշվիչ անձնագիր» թիվ 1 հավելվածում սահմանված կարգով:

54. Այն դեպքերում, երբ լիազոր մարմինները պահանջում են օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանցից մուտքի վիզայի ներկայացում, այդպիսի դեպքերում վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

55. Արտակարգ իրավիճակներում, երբ օտարերկրացին ֆորս-մաժորային հանգամանքների բերումով ժամանել է Հայաստանի Հանրապետության օդանավակայան, լիազոր մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի թույլատրեն նրան մուտք գործել երկիր՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջների կատարումը:

56. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ տրամադրող լիազոր մարմինը սահմանում է օտարերկրյա անձանց մուտքի վիզա ստանալու համար դիմելու պարզ և թափանցիկ ընթացակարգեր և ապահովում է, որ նման վիզաների տրամադրման համար ստացված դիմումները հնարավորինս շուտ քննարկվեն: Վիզայի տևողությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց կողմ է Հայաստանի Հանրապետությունը:

57. Օդային ճանապարհով ժամանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ չունեցող ուղևորները պետք է լրացնեն միգրացիոն քարտ, որում անձնական տվյալների հետ մեկտեղ նշվում է Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետը և բնակության վայրը։ Միգրացիոն քարտը ուղևորը կարող է լրացնել համացանցից հասանելի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի համապատասխան էլեկտրոնային հարթակում, ինքնաթիռում կամ ժամանման սրահում, մինչև սահմանային վերահսկողություն անցնելը։ Չվերթը իրականացնող անձնակազմը պարտավոր է առաջարկել ուղևորներին թղթե կրիչի վրա տպված միգրացիոն քարտ, այն թռիչքի ընթացքում լրացնելու համար։ Շահագրգիռ պետական մարմինները անվճար տրամադրում են միգրացիոն քարտեր շահագործողներին կամ լիազորված գործակալներին և ապահովում քարտերի առկայությունը ժամանման սրահում, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի հասանելիությունը ժամանման սրահում։ Միգրացիոն քարտի ձևը հաստատում է Ազգային կոմիտեն։

58. Եթե պահանջվում է վարակիչ հիվանդության դեմ պատվաստման մասին փաստաթուղթ, ապա Հայաստանի Հանրապետության բնակչության բժշկա-սանիտարական բնագավառի լիազորված մարմինը ճանաչում է այն պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը, որի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ:

59. Բժշկական զննության ենթարկվում են միայն այն ուղևորները, որոնք միջազգային բժշկա-սանիտարական կանոններին համապատասխան ժամանում են օդային ճանապարհով վարակիչ հիվանդության տարածման շրջանից և որոնց մոտ այդ հիվանդությունը կարող է գտնվել ինկուբացիոն շրջանում, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կասկածանքով՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ բողոքների առկայության դեպքում:

60. Հակահամաճարակային պաշտպանության նպատակով օդանավի թռիչքային անձնակազմը և ուղևորները Հայաստանի Հանրապետություն առողջապահական նպատակներով լրացնում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտ», որի ձևը հաստատում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտի լիազորված մարմինը:

61. Բժշկա-սանիտարական և ֆիտո-սանիտարական ծառայություններն իրականացնում է սանիտարական ու անասնաբուժական վերահսկողություն՝ նպատակ ունենալով կանխել Հայաստանի Հանրապետության տարածք կենդանական ծագման մթերքների, կենդանիների ու թռչունների ներմուծումը, որոնք կարող են մարդկանց ու կենդանիների համար վարակիչ լինել: Երկրից մեկնելու ու երկիր ժամանելու եզրակացությունը տրվում է պայմաններով, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության սանիտարա-համաճարականաբանական օրենսդրությամբ, ինչպես նաև տվյալ ոլորտի միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մասնակից կամ կողմ է եղել Հայաստանի Հանրապետությունը:

62. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի լիազոր մարմինները համագործակցելով օդանավերը շահագործողների ու օդանավակայանների կառավարիչների հետ ապահովում են, որպեսզի ժամանող և մեկնող ուղևորների ձևակերպումներն իրականացվեն հնարավորինս սահուն՝ բացառելով անհարկի ուշացումները։

63. Մաքսային ծառայությունը ուղեբեռի համար մաքսային հայտարարագիր չի պահանջում ուղևորներից և անձնակազմի անդամներից, եթե նրանք չեն տեղափոխում այնպիսի ապրանքներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն կամ փոխադրման համար արգելված ապրանքներ չեն:

64. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվում է «կարմիր» ու «կանաչ» գոտիների անցման համակարգ, ինչպես նաև մաքսային զննման ու կարանտինային վերահսկման ընտրողական ընթացակարգ՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, համապատասխան պայմաններն ու օդային փոխադրումների ծավալը:

65. Մաքսային ծառայությունը պահանջում է մեկնման ժամանակ հայտարարագիր ներկայացնել միայն այն ուղևորներին, որոնք հայտարարում են, որ իրենց մոտ կամ ուղեբեռում ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ: Այն ուղևորները, ովքեր ոչինչ չեն հայտարարում, թույլատրվում են փոխադրման առանց մաքսային հսկողության, սակայն Մաքսային ծառայությունը կարող է իրականացնել ընտրովի հսկողություն նման ուղևորների նկատմամբ:

66. Մաքսային ծառայությունը թույլ է տալիս օդանավ շահագործողներին սխալմամբ ուղարկված ուղեբեռն ուղարկել դրա սեփականատիրոջ գտնվելու վայրը, եթե օդանավ շահագործողը տրամադրում է հայտարարագրի, մաքսատուրքերի և հարկերի վճարման, ինչպես նաև թույլտվությունների առկայությունը հաստատող փաստաթղթեր:

67. Մաքսային ծառայությունը կարող է թույլատրել նույն օդանավակայանում կատարել սխալմամբ ուղարկված ուղեբեռի փոխանցում մեկ միջազգային չվերթից մյուսին՝ առանց մաքսային հսկողության կիրառման միայն այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են ավիացիոն անվտանգության միջոցառումների կամ վերահսկման այլ անհրաժեշտ ընթացակարգերի կիրառմամբ: Այն դեպքերում, երբ սխալմամբ ուղարկված ուղեբեռի ուղղակի փոխանցումը չի կարող իրականացվել, միջոցներ են ձեռնարկվում նման ուղեբեռը նախատեսված վայրում և համապատասխան հսկողության ներքո ժամանակավորապես պահելու համար:

68. Մաքսային ծառայությունը կարող է թույլատրել չճանաչված, չպահանջված կամ օդանավակայանում ուղեբեռների սպասարկման ընթացքում սխալմամբ ուղարկված ուղեբեռը ուղեբեռի տիրոջ անունից համապատասխան զննման կետ մաքսային ձևակերպման ներկայացնել և այդ ուղեբեռը հասցնել սեփականատիրոջը:

69. Մաքսային ծառայությունը ավիացիոն անվտանգության համապատասխան միջոցառումների պահպանման պայմաններում ապահովում է չճանաչված, չպահանջված կամ օդանավակայանում ուղեբեռների սպասարկման ընթացքում սխալմամբ ուղարկված ուղեբեռի մաքսային ձևակերպումը և դրա վերադարձը օդանավ շահագործողին: Օդանավ շահագործողն ուղեբեռի պատկանելիությունը պարզաբանելու նպատակով կարող է բացել նման ուղեբեռը:

70. Օդանավ շահագործողն ազատվում է մաքսային ձևակերպման ընթացակարգերը չանցած ուղեբեռի պահպանման պատասխանատվությունից և նշված ուղեբեռից գանձվող մաքսատուրքերի վճարումից, եթե այդ ուղեբեռը գտնվում է Մաքսային ծառայության հսկողության ներքո:

71. Օդանավերի անձնակազմի անդամների և նրանց ուղեբեռի մաքսային հսկողությունը ժամանելիս կամ մեկնելիս իրականացվում է առաջնահերթության սկզբունքով:

72. Ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կողմից ստուգման համար ներկայացված փաստաթղթերը ենթակա են վերադարձման անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո՝ բացառությամբ հատուկ դեպքերի:

73. Սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինները Օդանավակայանային կոմիտեների հետ համատեղ ապահովում են API համակարգից տվյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ նպատակ ունենալով կառավարել ռիսկերը մինչ ժամանումը/մեկնումը, ինչպես նաև արագացնել ձևակերպումների ընթացքը:

74. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պետք է ստեղծվի տարանցիկ գոտի, որպեսզի օդանավի անձնակազմի անդամները, ուղևորներն ու նրանց ուղեբեռը, որոնք մեկնում են միևնույն օդանվակայանից նույն կամ այլ չվերթով, կարողանան ժամանակավոր մնալ օդանավակայանում՝ առանց սահմանային վերահսկողության ընթացակարգերի կիրառման:

75. Սահմանային վերահսկողության լիազոր մարմինները չեն պահանջում վիզային ընթացակարգերի պահանջների կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր ժամանում կամ մեկնում են նույն օդանավով կամ փոխադրվում են այլ միջազգային չվերթով (փոխադրվում առանց օդանավակայանը լքելու):

76. Այն անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանի տարանցիկ գոտում, սակայն չունեն տարանցիկ վիզա, ինչպես նաև ովքեր ֆորս-մաժորային հանգամանքներով պայմանավորված չեն կարող շարունակել օդանավով ճամփորդել, օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու իրավունք՝ այլ տրանսպորտային միջոցներով ճամփորդելու կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դիմել համապատասխան պետական լիազոր մարմին մուտքի վիզա ստանալու և ՀՀ մուտք գործելու համար:

77. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին տրվում են «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի N 7-րդ լրացումով սահմանված ձևի թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ, որոնք հանդիսանում են մեքենայով հաշվողական փաստաթղթեր: Թռիչքային անձնակազմի անդամի վկայականները օգտագործվում է որպես օդանավի անձնակազմի անդամի անձը հաստատող փաստաթուղթ:

78. Թռիչքային անձնակազմի անդամի վկայականները տրվում են Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդանավի անձնակազմի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով: Թռիչքային անձնակազմի անդամի վկայականները տրվում են մինչև մեկ տարի ժամկետով՝ վկայական ստացողների նախապատմության ստուգումների անցկացումից հետո: Նախապատմության ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ սահմանված է կարգով և ժամկետներում:

79. Չվերթերի իրականացման նպատակով օդանավի անձնակազմի անդամների մուտքը օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից օդանավակայանների ուղևորային համալիրների զննման գոտիների մուտքում կամ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի հսկիչ-անցագրային կետում թռիչքային վկայականի ստուգման և սահմանային վերահսկողության ծառայության կողմից անձնագրի, թռիչքային վկայականի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի ստուգումից հետո:

80. Օտարերկրյա օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմի այն անդամները, ովքեր ժամանում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ միջազգային չվերթերով և իրենց ծառայողական պարտականություններից ելնելով խնդրում են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն, համապատասխան լիազոր մարմինները թույլատրում են թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ ունեցող օդանավի անձնակազմի անդամներին ժամանակավորապես մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և չեն պահանջում վիզայի ներկայացում: Նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 15 օրը՝ սկսած Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի գործելու պահից:

81. Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմինները պետք է թույլատրեն Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա օդանավ շահագործողների տեխնիկական անձնակազմի այն անդամների ժամանակավոր մուտքը, որոնք կատարում են թռիչքներ դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ նպատակ ունենալով վերականգնել այն օդանավի թռիչքային պիտանելիությունը, որը տեխնիկական խնդիրներից ելնելով չի կարող շարունակել թռիչքը: Այն դեպքերում, երբ պետական լիազոր մարմինները պահանջում են երաշխիքներ, որոնք վերաբերում են տեխնիկական անձնակազմի անդամներին կապված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքի հետ, ինչպես նաև այդ տարածքից տեխնիկական անձնակազմի վերադառնալու հետ, այդ հարցերը համաձայնեցվում և իրականացվում են այնպես, որ չուշացնեն այդ անձնակազմի անդամների մուտքը:

82. Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմինները պետք է ապահովեն, որպեսզի ԻԿԱՕ անդամ պետության քաղաքացիական ավիացիայի տեսուչներին իրենց տեսչական գործույթների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործեն և գտնվեն այն կարգով և ժամկետներում, ինչպես սահմանված թռիչքային անձնակազմի անդամների համար:

83. Քաղաքացիական ավիացիայի տեսուչներին լիազոր մարմնի կողմից տրվում է քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական, որը պետք է համապատասխանի ԻԿԱՕ «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի N 8-րդ լրացումով սահմանված քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ձևին և հանդիսանա մեքենայով հաշվողական փաստաթուղթ: Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը հանդիսանում է քաղաքացիական ավիացիայի տեսուչի անձը հաստատող փաստաթուղթ:

84. Քաղաքացիական ավիացիայի տեսուչներն օդանավերի թռիչքային պիտանիության կամ ավիացիոն անվտանգության մասով իրենց գործառույթներն իրականացնելիս պետք է ունենան իրենց մոտ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական, տեսչական գործառույթների իրականացման մասին հրամանը և ստուգման թերթիկը, իսկ միջազգային չվերթերի ստուգման դեպքերում նաև լրացուցիչ իրենց մոտ պետք է ունենան տեսուչի այցելության երթուղին հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատված տվյալ պետության լիազոր մարմնի կողմից և վավեր անձնագիր:

85. ԻԿԱՕ անդամ պետությունները քաղաքացիական ավիացիայի տեսուչների համար պետք ապահովեն մուտքն իրենց երկրների տարածք այն նույն պայմաններով և ժամկետներում, որոնք սահմանված են թռիչքային անձնակազմի անդամների համար, պայմանով, որ քաղաքացիական ավիացիայի տեսուչներն իրենց հետ ունենան այցելության երթուղին հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատված տվյալ պետության լիազոր մարմնի կողմից և վավեր անձնագիր:

86. Օդանավ շահագործողը պատասխանատու է օդանավից ելքից մինչև օդանավակայանային համալիրի պետական սահմանի հսկիչ-անցակետ ընկած հատվածը ուղևորների ու անձնակազմի անդամների խնամքի ու պահպանության համար: Ուղևորների ու անձնակազմի անդամների փաստաթղթերի ստուգման ընդունումից հետո սահմանային վերահսկողության մարմինները պատասխանատու են ուղևորների ու անձնակազմի անդամների անվտանգության համար մինչև այն պահը, երբ նրանց օրինական հիմքով չի թույլատրվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք կամ չի հաստատվել, որ նրանք իրավունք չունեն մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ դեպքում նրանք նորից վերադարձվում են օդանավի շահագործողին, նրանց Հայաստանի Հանրապետության տարածքից հետ ուղարկելու համար:

87.Օդանավ շահագործողներն ու սահմանային հսկողության լիազոր մարմինները պետք է համագործակցեն պետական սահմանի հատման իրավունք տվող անձնագրերի և վիզաների իսկությունը ստուգելիս, որոնք ներկայացվում են ուղևորների կողմից օդանավ նստելիս:

88. Քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմինը պետք է դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից ուղևորային օդային փոխադրումների իրականացման մասին համագործակցության պայմանագրեր կնքի օտարերկրյա պետությունների հետ, որտեղ պետք է սահմանվեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքները:

89. Սահմանային վերահսկողության լիազոր մարմինները աջակցում են օդանավը շահագործողին ուղևորների կողմից ներկայացված փաստաթղթերն ստուգելու աշխատանքներում, ներկայացված կեղծ փաստաթղթերի բացահայտման նպատակով և աջակցեն նման փաստաթղթերի առգրավվմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

90. Այն դեպքերում, երբ սահմանային վերահսկողության լիազոր մարմինները պարզում են, որ անձի մոտ բացակայում են երկիր մուտք գործելու հիմքերը, նրանք անհապաղ այդ մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնում են օդանավը շահագործողին, նրա հետ քննարկում են մուտքի իրավունք չունեցող անձի հետ վերադարձի ժամկետները և նրան փոխանցում են այն օդանավ շահագործողին, որը այդ անձին անմիջապես փոխադրել է նշանակման վայր:

91. Սահմանային վերահսկողության լիազոր մարմինը օդանավը շահագործողին է տրամադրում մուտքի իրավունքից զրկված անձի հետ վերադարձի մասին փաստաթղթերը՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված կարգով: Սահմանային վերահսկողության լիազոր մարմինն ապահովում է մուտքի իրավունք չունեցող անձանցից կեղծ ճամփորդական փաստաթղթերի առգրավումը: Նման փաստաթղթերը հանձնվում են թողարկող պետության իրավասու մարմիններին կամ այդ պետության մշտական դիվանագիտական ներկայացուցչությանը։

92. Եթե Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կայացվել է Հայաստանի Հանրապետություն մուտքը չթույլատրելու մասին որոշում, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը տեղեկացնում է փոխադրողին և կազմակերպում է վերադարձման գործընթացը՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել օտարերկրացու փոխադրումը։

93. Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացին սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից ուղեկցվում է այն փոխադրողի մոտ, որն իրականացրել է տվյալ օտարերկրացու փոխադրումը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ՝ վերջինիս փոխանցելով նաև տվյալ անձի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Օտարերկրացու վերադարձման դեպքում սահմանային վերահսկողության իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է վերադարձման ակտ՝ մեկնման երկրի իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով։ Ակտը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ակտը կազմող պետական մարմնի անվանումը,

2) անձի տվյալները,

3) մուտքն արգելելու պատճառը,

4) փոխադրողի տվյալները,

5) ժամանման և մեկնման երկիրը,

6) ակտը կազմելու ամիս, ամսաթիվը, տարեթիվը։

Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանելու դեպքում մուտքի թույլտվություն չստացած և վերադարձման ենթակա օտարերկրացիներին փոխադրողներին փոխանցելիս սահմանային վերահսկողության իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից տրամադրվում է ճամփորդական փաստաթղթերի կորուստը կամ ոչնչացումը հաստատող փաստաթուղթ, իսկ այլ անձանց պատկանող փաստաթղթերի բնօրինակներ, ինչպես նաև կեղծ ճամփորդական փաստաթղթեր ներկայացնող անձանց դեպքում՝ նաև այդ փաստաթղթերի պատճենները։ Ուղեկցող գրությունը և կցվող նյութերը տրամադրվում են փոխադրողին, իսկ եթե վերադարձվող օտարերկրացին ունի ուղեկցող, ապա ուղեկցողին՝ մեկնման երկրի պետական մարմիններին փոխանցելու համար։

94. Այն դեպքերում, երբ անձի մոտ բացակայում են երկիր մուտք գործելու հիմքերն ու տվյալ անձը փոխանցվում է օդանավը շահագործողին՝ տարանցիկ գոտուց հետ վերադարձի համար, օդանավը շահագործողն իրավունք ունի տվյալ անձից գանձել բոլոր տրանսպորտային ծախսերը, որոնք կապված են նրա հետ վերադարձի հետ:

 

9. ԲԵՌՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐԿՐՈՒՄ

 

95. Օդային տրանսպորտով բեռների փոխադրման ընդունման և մշակման ընթացակարգերի պարզեցման ու կրճատման նպատակով պետք է կիրառվեն այնպիսի միջոցառումներ, որոնք համապատասխանում են բեռնափոխադրումների պայմաններին ու բացառում են լրացուցիչ ուշացումները:

96. Այն դեպքերում, երբ բեռների խմբաքանակի բնույթը կարող է գրավել տարատեսակ լիազոր մարմինների ուշադրությունը (օրինակ՝ մաքսային ծառայության աշխատակիցների, բժշկա-սանիտարական կամ ֆիտո-սանիտարական ծառայության աշխատողների) ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները այդ բեռների մշակման ուղղությամբ գործողությունների կոորդինացման համար:

97. Օդանավով բեռների փոխադրման աշխատանքների ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանվում են բեռների փոխադրման ընդունման, զննման, բեռնային պահեստներում դրանց տեղադրման, պահպանության, դեպի օդանավեր փոխադրման և օդանավ բարձման ընթացակարգեր:

98. Ապրանքների ներկրման ու արտահանման փաստաթղթերը, ներառյալ բեռնագրերը և/կամ ավիատրանսպորտային պիտակները, փոխանցվում են լիազոր մարմինների տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային տեսքով: Բեռնագրերի և ավիատրանսպորտային պիտակների կազմման ու ներկայացման պատասխանատվությունը դրվում է օդանավ շահագործողի վրա կամ նրա լիազոր գործակալի վրա: Ապրանքների մաքսային ձևակերպման համար այլ փաստաթղթերի կազմման ու ներկայացման պատասխանատվությունը կրում է բեռն առաքողը:

99. Այն դեպքերում, երբ ապրանքների ներկրման կամ արտահանման փաստաթղթերը ներկայացվում են թղթային ձևաթղթով, այն պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Առևտրի խթանման և էլեկտրոնային բիզնեսի կենտրոնի կողմից հրապարակված առևտրային փաստաթղթերի ձևանմուշներին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ նման փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ապա ձևաչափի համար հիմք են ընդունվում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման միջազգային չափանիշները:

100. Էլեկտրոնային տվյալների փոխանակման պարզեցման նպատակով լիազոր մարմինները խթանում են բոլոր շահագրգիռ կողմերին՝ պետական և մասնավոր, ներդնել համատեղ համակարգեր ու օգտագործել համապատասխան չափանիշներ ու ցուցումներ, որոնք ընդունելի են միջազգային մակարդակում:

101. Բեռների կամ ապրանքների արտահանման կամ ներմուծման հետ կապված մաքսային փաստաթղթերը ձևակերպելիս մաքսային հսկողության լիազոր մարմինները չեն պահանջում հյուպատոսական ընթացակարգերի անցկացում կամ համարժեք վճարումների իրականացում:

102. Մաքսային ծառայությունն ապահովում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրման ընդունված բեռների ձևավորված խմբաքանակի բացթողում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս՝ օդանավի թռիչքի նախատեսված ժամանակահատվածում:

103. Առաջնահերթության կարգով մաքսային զննման ենթակա են այն բեռները, որոնք անհրաժեշտ են բնական ու տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, ինչպես նաև շուտ փչացող բեռներ, ռադիոակտիվ նյութերն ու «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ ապրանքները:

104. Այն ապրանքները, որոնք ներկայացված են որպես սեփականություն ու տեղափոխվում են որպես չուղեկցվող ուղեբեռ, ձևակերպվում են ընդհանուր հիմունքներով՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

105. Մաքսային հսկողության լիազոր մարմինները ապահովում են պարզեցված կամ հատուկ միջոցառումների ենթակա բեռների ձևակերպումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ այն դեպքերում, երբ որոշակի բեռների սպասարկման ու ձևակերպման համար սահմանված են այլ ձևաչափեր, դրանք իրականացվում են սահմանված կարգով:

106. Այն բեռները, որոնց վրա չեն տարածվում պարզեցված կամ հատուկ միջոցառումները, պետք է ձևակերպվեն ժամանելիս՝ մաքսային ու պետական հսկողության այլ պահանջները պահպանելու պայմանով: Մաքսային ծառայությունը և պետական կառավարման այլ լիազոր մարմինները ապահովում են զննման ընթացակարգեր չպահանջող ապրանքների բացթողումը, դրանք ժամանելուց հետո երեք ժամվա ընթացքում, ինչպես նաև տրամադրում համապատասխան փաստաթղթերը: Մաքսային ծառայությունը և պետական կառավարման այլ լիազոր մարմինները, օդանավը շահագործողները ու ներկրողները կամ նրանց լիազոր գործակալները պետք է կոորդինացնեն իրենց գործառույթները այդ նպատակին հասնելու համար:

107. Օդանավային պաշարներն ու սնունդը, որոնք գտնվում են օդանավի մեջ դրանք միջազգային փոխադրումների ժամանակ սպառելու նպատակով, ազատվում են ներմուծման հարկից ու վճարումներից՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքին համապատասխան:

108. Պետական կառավարման լիազոր մարմինները օդանավով փոխադրման ենթակա փոստի մշակման, առաքման և մաքսային ձևակերպումների ժամանակ պետք է հետևեն այն միջոցառումներին, որոնք հաստատված են Համաշխարհային փոստային միության և Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերով:

 

10. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

109. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները օդանավը շահագործողների հետ համագործակցության համար՝ ուղևորների, անձնակազմի անդամների, ուղեբեռի, բեռների ու փոստային առաքանիների ձևակերպումը և պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով:

110. Ավիացիոն անվտանգության միջոցառումներն իրականացվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխան:

111. Օդանավակայանային համալիրների, շենքերի, շինությունների և ենթակառուցվածքների վերակառուցման պլանավորումը, ինչպես նաև օդանավակայանի սպասարկման աշխատանքների բարելավման, անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նոր սարքավորումների ձեռքբերումը կատարվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի հետ փոխհամագործակցությամբ:

112. Օդանավակայանների կառավարիչները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ օդանավ շահագործողների և պետական հսկողության այլ լիազոր մարմինների ենթակառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցությունն իրականացնելու համար՝ ծառայությունների ու տեխնիկական միջոցների արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:

113. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պետք է մշտական պատրաստության մեջ պահվեն ուղևորների սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցները և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր ուղևորների մեկնումն ու ժամանումը պատշաճ ապահովելու համար:

114. Օդանավակայանային համալիրների շինություններում ուղևորային հոսքի կառավարումը պետք է իրականացվի հոսքային շարժի օպտիմալ ուղղորդման ճանապարհով, կիրառելով ցուցանակներ ու նշաններ, որոնք կնպաստեն օդանավակայանում ուղևորների ազատ տեղաշարժվելուն:

115. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության, մաքսային, բժշկա-սանիտարական, ֆիտո-սանիտարական կանոնների պահպանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջների վերաբերյալ ուղևորների տեղեկացումն ապահովելու համար օդանավակայանների զննման գոտիներ մուտքերի մոտ, զննման կետերում, մաքսային հայտարարագրերի լրացման կետերում պետք է տեղակայվեն ավիացիոն անվտանգության, մաքսային, բժշկա-սանիտարական, ֆիտո-սանիտարական կանոնների պահպանման թեմաներով հատուկ տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, օդանավով փոխադրումն արգելված առարկաների, վտանգավոր նյութերի ու իրերի նկարներով, ինչպես նաև նշված կանոնների պահպանման նպատակով ուղևորներին պետք է տրվի տեսադիտման և ձայնային տեղեկատվություն:

116. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորային համալիրների մեկնման ու ժամանման սրահներում պետք է տեղակայվեն ցուցանակներ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների, այդ թվում նաև այդ ապրանքների տեղափոխման ու հայտարարագրման, չհարկվող ապրանքների ներմուծման ու մաքսատուրքերի նորմերի մասին ուղևորներին նախապես տեղեկացնելու համար:

117. Միջազգային չվերթների վերաբերյալ ձայնային տեղեկատվությունը հայտարարելիս ուղևորներին պետք է տրվի նաև լրացուցիչ տեղեկատվություն՝ մաքսային կանոնների հետ ցուցանակների միջոցով ծանոթանալու անհրաժեշտության մասին: Օդանավակայանների ուղևորային համալիրներում պարբերաբար ձայնային տեղեկատվություն պետք է տրվի նաև ավիացիոն անվտանգության հիմնական պահանջների վերաբերյալ (օրինակ՝ դեպի օդանավ արգելված իրեր և վտանգավոր նյութեր տեղափոխման արգելման, ինչպես նաև ավիացիոն անվտանգության պահանջների խախտումների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին):

118. Ուղևորներին ու այցելուներին օդանավերի մեկնման, ժամանման, չվերթների ուշացման, ինչպես նաև վերջին պահին մեկնման կամ ժամանման ժամերի հետ կապված փոփոխությունների, ուղևորների հաշվառման և գրանցման տեղամասերի փոփոխման մասին լիարժեք տեղեկատվություն տալու համար օդանավակայանների ուղևորային համալիրներում պետք է տեղադրվեն վահանակներ ու մոնիտորներ՝ բարձրախոսային հաղորդակցության լրացմամբ:

119. Օդանավակայանի ու քաղաքի միջև պետք է ապահովվի հուսալի տրանսպորտային կապ, որը թույլ կտա իրականացնել ուղևորների փոխադրում դեպի օդանավակայան և հակառակը, իսկ օդանավակայանների ուղևորային համալիրների շինությանը կից պետք է նախատեսվեն համապատասխան վայրեր՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ավտոբուսային կանգառների և ավտոմեքենաների կայանման համար:

120. Օդային փոխադրումների ձևակերպման ընթացակարգերի ժամկետները նվազեցնելու, ինչպես նաև օդանավերի կառամատույցային սպասարկումն ու օդանավերի կանգի ժամանակահատվածը նվազեցնելու նպատակով օդանավակայաններում պետք է.

1) սահմանվեն պահանջներ օդանավերը օդանավակայանների ուղևորային համալիրներին որքան հնարավոր է մոտ կայանելու ուղղությամբ,

2) առանձնացվեն վայրեր այն օդանավերի կանգառի համար, որոնք ենթակա են բեռնման կամ բեռնաթափման: Առանձնացված վայրերը պետք է լինեն օդանավակայանային համալիրի շինությունից հեռու, որպեսզի չխոչընդոտվի կառամատույցի տեղաշարժը,

3) օդանավերին ապահովվեն դրանց լիցքավորման համար միջոցներ,

4) մեկնող կամ ժամանող ուղևորների տեղափոխման համար պետք է տրամադրվի վերգետնյա տրանսպորտ՝ ուղևորներին օդանավերի կայանման վայրից դեպի օդանավակայանի ուղևորային համալիր փոխադրման համար,

121. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պետք է նախատեսվեն ժամանող ուղևորների մաքսային հսկողության, զննության և ձևակերպման բավարար քանակությամբ կետերի առկայություն՝ ուղևորահոսքի նվազագույն ուշացումներն ապահովելու նպատակով:

122. Օդանավակայանում ուղևորահոսքի չհիմնավորված ուշացումների բացառման համար պետք է կատարվեն անհրաժեշտ գործողություններ՝ ուղեբեռն առանց ուշացման ուղեբեռների տրման կետ հասցնելու համար՝ օգտագործելով բավարար քանակությամբ տրանսպորտային միջոցներ:

123. Օդանավակայանների ժամանման սրահների սահմանային վերահսկողության անցակետերում պետք է նախատեսվեն և տեղադրվեն բավարար քանակի անձնագրային վերահսկման խցիկներ, որպեսզի պատշաճ կարգով իրականացվեն ժամանող ուղևորների ձևակերպումները:

124. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պետք է նախատեսվեն պահուստային շինություններ չպահանջված, չճանաչված ու սխալ ուղարկված բեռների պահպանության համար այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ուղարկվել, տրվել կամ ոչնչացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

125. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների մեկնման և ժամանման սրահներում կարող է իրականացվել է շուրջօրյա (Duty free ռեժիմով) ապրանքի վաճառք մեկնող և ժամանման ուղևորների համար, խանութները պետք է լինեն հարմարավետ տեղակայված ու ազատ ուղևորների մուտք/ելքի և սպասարկման համար: Օդանավակայանների մեկնման սրահներում (Duty free ռեժիմով) ապրանքի վաճառքը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 751-Ն որոշման համաձայն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու շուրջօրյա գործունեություն (Tax free ռեժիմով) և այդ նպատակով պետք է կահավորվեն հատուկ կետեր։

126. Օդանավակայաններում բեռնատար օդանավերն ու դրանցով փոխադրվող բեռներն ընդունվում ու ձևակերպվում են օդանավակայանի բեռնային համալիրի ազատ գոտում, որոնք կահավորվում են բեռների կամ ապրանքների տրման (կամ ստացման) հարթակներով: Բեռների կամ ապրանքների բեռնումը, բեռնաթափումն ու տեղափոխումը պետք է կատարվի մեքենայացված սարքավորումների միջոցով:

127. Օդանավակայաններում բեռնային համալիրների պահեստային տարածքները պետք է կահավորվեն այնպիսի սարքավորումներով, որոնք նախատեսված հատուկ բեռների (շուտ փչացող, ռադիոակտիվ կամ այլ վտանգավոր բեռների) պահպանման համար: Բեռնային համալիրների այն պահեստային տարածքները, որտեղ տեսակավորվում և պահվում են օդանավեր փոխադրվող սովորական բեռները, հատուկ բեռները և փոստային առաքանիները՝ կողմնակի անձանց մուտքը պետք է խստիվ արգելվի և սահմանվի անցագրային հսկողություն, իսկ օդանավով փոխադրման ենթակա սովորական բեռները, հատուկ բեռները և փոստային առաքանիները պետք է թուլյատրվեն փոխադրման՝ միայն դրանց զննումից հետո:

128. Միջազգային օդանավակայաններում պետք է ստեղծվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցներով հագեցված բուժկետեր:

129.Միջազգային օդանավակայաններում պետք է պայմաններ ստեղծվեն արտարժույթի փոխանակման համար:

 

11. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

130. Կոնվենցիայի «Որոնում և փրկություն» թիվ 12 հավելվածի ու «Ավիացիոն միջադեպերի հետաքննություն» թիվ 13 հավելվածի դրույթներին համապատասխան՝ պետական կառավարման լիազոր մարմինները պետք է սահմանեն պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածք օգնության նպատակով օտարերկրյա վթարա-փրկարարական ծառայությունների անձնակազմերի անհապաղ մուտքն ապահովելու համար, որն անհրաժեշտ է որոնողափրկարարական միջոցառումների կատարման, մարդկանց կամ գույքի փրկման համար, ինչպես նաև օդանավի անհետացման կամ վթարի դեպքերում ավիացիոն միջադեպի քննության անցկացման համար:

131. Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա վթարա-փրկարարական ծառայությունների անձնակազմի անհապաղ մուտքն ապահովելու համար պետական կառավարման լիազոր մարմինները չեն պահանջում այլ փաստաթղթերի ներկայացում, բացի վավեր անձնագրից:

132. Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը պետք է ապահովի պետական կառավարման այլ լիազոր մարմինների տեղեկացումը Կոնվենցիայի «Որոնում և փրկություն» թիվ 12 և «Ավիացիոն միջադեպերի հետաքննություն» թիվ 13 հավելվածների, ինչպես նաև Ազգային ծրագրի այն պահանջների մասին, որոնք վերաբերում են ավիացիոն միջադեպերի քննության ժամանակ կիրառվող ընթացակարգերի պարզեցմանը:

133. Պետական կառավարման լիազոր մարմինները պետք է պարզեցնեն Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր մուտքի թույլտվության տրման կարգը այն օդանավերի, սարքավորումների, պահեստամասերի ու միջոցների համար, որոնք անհրաժեշտ են ավիացիոն միջադեպի քննության, փրկարարական կամ վերանորոգման աշխատանքների իրականացման համար և կատարավում են այլ պետությանը պատկանող օդանավի անհետացման կամ վնասման դեպքում:

134. Պետական կառավարման լիազոր մարմինները պետք է անհրաժեշտության դեպքում սանիտարական և կարանտինային միջոցառումներ կիրառեն կենդանիների ու բույսերի օդային փոխադրումների ժամանակ: Այն ապրանքները, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, ենթակա են մաքսային ձևակերպման ու մաքսային հսկողության այն կարգերով ու պայմաններով, որոնք սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ձևակերպում չի պահանջվում կամ ապրանքներն ազատված են մաքսային վերահսկման ընթացակարգերից՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

135. Արտակարգ իրավիճակների դեպքերում պետական կառավարման լիազոր մարմինները պետք է առավելագույնս պարզեցնեն Հայաստանի Հանրապետության տարածքով այնպիսի բեռների, ապրանքների, իրերի նյութերի ու սարքավորումների տարանցիկ փոխադրումը, որոնք անհրաժեշտ են վթարա-փրկարարական աշխատանքների կատարման համար:

136. Պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց գործունեության ընթացքում պետք է պահպանեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժշկա-սանիտարական կանոնների դրույթները:

137. Օդանավ շահագործողները օդանավում առկա բոլոր հիվանդների մասին (բացառությամբ ենթադրյալ օդային հիվանդությունը) պետք է անհապաղ հաղորդեն օդանավակայանի բժշկական անձնակազմին՝ նպատակ ունենալով նախապատրաստել անձնակազմն ու սարքավորումները, որոնք անհրաժեշտ են օդանավի վայրէջք կատարելուց հետո բուժօգնության ցուցաբերման ու բուժա-սանիտարական միջոցների ձեռնարկման ուղղությամբ:

 

12. ՀԱՏՈՒԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՈՒՄԸ

 

138. Օդանավով ճամփորդող հաշմանդամություն ունեցող ուղևորներին պետք է ցուցաբերվի հատուկ օգնություն և ապահովի համապատասխան սպասարկում: Նման օգնությունը ներառում է տեղեկատվության տրամադրում այն ձևաչափով, որը հասկանալի կլինի զգայական օրգանների կամ ընկալման ֆունկցիոնալ խանգարումներով մարդկանց համար:

139. Օդանավ շահագործողները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր հաշմանդամություն ունեցող անձանց օդանավով փոխադրման ողջ ընթացքում մատուցելու այնպիսի ծառայություններ, որոնք տրամադրվում են ուղևորներին օդային փոխադրման ողջ ընթացքում:

140. Օդանավը շահագործողները օդանավակայանի վարչակազմի ու վերգետնյա սպասարկման գործակալների հետ համատեղ պետք է ապահովեն անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի սպասարկման չափանիշների սահմանման ուղղությամբ՝ սկսված այն պահից, երբ հաշմանդամություն ունեցող անձը ժամանել է օդանավակայան և մինչ ժամանման վայրի օդանավակայանից դուրս գալը:

141.Օդանավերի և օդանավակայանների միջև տեղաշարժվելը պարզեցնելու նպատակով ժամանման/մեկնման ժամանակ օդանավակայանում ուղևորատար շարժասանդուղքի բացակայության դեպքում օդանավակայանի վարչակազմը պետք է ապահովի բարձրացնող սարքավորումների տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց:

142. Օդանավակայանում պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների կայանման համար: Այն դեպքում, երբ դա թելադրված է չվերթների համընկնմամբ, ինչպես նաև այլ հանգամանքներով, պետք է թույլատրել, հնարավորության դեպքում տեղափոխել առաջին հերթին հաշմանդամություն ունեցող ուղևորներին ու տարեցներին մեկ օդանավից մյուս օդանավը:

143. Օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և զբոսաշրջային ընկերությունները պետք է հաշմանդամ ուղևորներին ապահովեն լիարժեք տեղեկատվությամբ հետևյալ դեպքերում.

1) օդանավով ճամփորդելու համար ավիատոմս ձեռքբերելիս,

2) չվացուցակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս,

3) օդանավակայանում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման և գրանցման ժամանակ:

144. Օդանավակայանների կառավարիչները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն հաշմանդամ ուղևորներին օդանավակայանում անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, մասնավորապես՝ ապահովելու հաշմանդամային սայլակներ, հատուկ սարքավորումներ և միջոցներ, որոնցից օգտվում են հաշմանդամություն ունեցող անձինք:

145. Ծառայողական շները, որոնք ուղեկցում են որոշ հաշմանդամություն ունեցող անձանց, պետք է տեղափոխվեն օդանավերի ուղևորասրահում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

146. Օդանավը շահագործողներն իրավասու են պահանջել հաշմանդամություն ունեցող ուղևորներից օդանավով փոխադրման դեպքերում ներկայացնելու անհրաժեշտ բժշկական թույլտվությունը, եթե նրա առողջական վիճակն այնպիսին է, որ օդանավում ակնհայտորեն չի կարող երաշխավորվել նույն հաշմանդամություն ունեցող անձի ու այլ ուղևորների առողջությունն ու անվտանգությունը: Բացի դրանից, օդանավը շահագործողն իրավասու է պահանջել ուղեկցողի առկայություն միայն այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձը չի կարող տեղաշարժվել առանց ուղեկցողի:

147. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ուղեկցողի ներկայություն հաշմանդամություն ունեցող անձի փոխադրման համար, օդանավը շահագործողները դիտարկում են այդ ուղեկցողի փոխադրման համար զեղչի տրամադրման հարցը:

148. Հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն անձնական սայլակ, կարող են այն վերցնել վայրէջքից հետո՝ գրանցելով այն որպես ձեռքի իր: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են օգտվել նաև այն սայլակներից, որոնք տրամադրում է օդանավակայանը կամ օդանավը շահագործողը:

 

13. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

149. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավերի վթարների դեպքերում պետական կառավարման լիազոր մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն ժամանակավորապես պարզեցնելու համար վթարներից տուժած անձանց ընտանիքների անդամների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

150. Օդանավերի վթարների դեպքերում պետական կառավարման լիազոր մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն պարզեցնելու համար Հայաստանի Հանրապետության տարածք այն օդանավ շահագործողի ներկայացուցիչների մուտքը կամ օդանավ շահագործողի գործընկերոջ ներկայացուցիչների մուտքը, որի օդանավերի հետ տեղի է ունեցել վթարը, որպեսզի թույլատրի նրանց օգնություն ցուցաբերեն կենդանի մնացածներին և նրանց ընտանիքների անդամներին:

151. Պետք է պարզեցվեն նաև վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամների և տվյալ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչների մուտքն Հայաստանի Հանրապետության տարածք: Նման դեպքերում պետական կառավարման լիազոր մարմինները չպետք է պահանջեն այլ ճամփորդական փաստաթղթեր, բացի անձնագրից կամ այլ ժամանակավոր փաստաթղթից, որը տրվել է հատուկ այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար:

152. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի վթարների դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինների կողմից պետք միջոցներ ձեռնարկվեն տրամադրելու համար ժամանակավոր ճամփորդական փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են՝ իր այն քաղաքացիներին, որոնք կենդանի են մնացել վթարից հետո:

153. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինները պետք է ցուցաբերեն աջակցություն վթարի հետևանքով զոհված անձանց մասունքները դեպի հայրենիք վերադարձնելու աշխատանքներին՝ օդանավի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամների կամ այն օդանավ շահագործողի դիմումների դեպքերում:

154. Օդանավի վթարից տուժած անձանց ընտանիքների անդամներին օգնության ցուցաբերման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական: