Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.08.2022-29.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

05 օգոստոսի 2022 թ.

N 30-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.16-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թ.

օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Ուսուցչի մասնագիտական չափանիշն ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիրն է։

2. Ուսուցչի մասնագիտական չափանիշը բաղկացած է հաջորդականորեն միմյանցից բխող հետևյալ չորս բաղադրիչներից.

1) զարգացման ոլորտներ.

2) մասնագիտական գործունեության ձևեր.

3) կարողունակության մակարդակներ.

4) մանկավարժի բնութագրեր:

3. Զարգացման ոլորտներն ընդգրկում են.

1) դասավանդած առարկայի իմացություն․

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․

3) սովորողին ցուցաբերվող աջակցություն․

4) ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում։

4. Ըստ զարգացման ոլորտների՝ մասնագիտական գործունեության ձևերն են.

1) առարկայական գիտելիքների զարգացում․

2) դասընթացների և դասերի պլանավորում՝ հաշվի առնելով սովորողների կարիքները.

3) դասի վարում.

4) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրում.

5) 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանում․

6) ռեսուրսների կառավարում.

7) սովորողների կարիքների ճանաչում կամ բացահայտում․

8) ուսումնառության գնահատում․

9) ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.

10) մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում․

11) մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

12) կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացություն․

5. Մասնագիտական գործունեության ձևերը խմբավորվում են զարգացման չորս ոլորտների շրջանակում՝ հետևյալ ձևով.

1) առարկայի իմացությունը դրսևորվում է առարկայական գիտելիքների զարգացման մասնագիտական գործունեության ձևի միջոցով․

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունները դրսևորվում են դասընթացների և դասերի պլանավորման, դասի վարման, ՏՀՏ-ի ինտեգրման, 21-րդ դարի հմտությունների խթանման և ռեսուրսների կառավարման մասնագիտական գործունեության ձևերի միջոցով․

3) սովորողին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է սովորողների կարիքների ճանաչման կամ բացահայտման, ուսումնառության գնահատման, ուսումնական գործընթացի ներառականության ու մասնակցայնության ապահովման՝ մասնագիտական գործունեության ձևերի միջոցով.

4) ինքնազարգացումն ու այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցության տրամադրումը դրսևորվում են մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնման, մասնագիտական բարեվարքության, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության, կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացության մասնագիտական գործունեության ձևերի միջոցով։

6. Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.

1) առարկայական գիտելիքների զարգացում.

ա․ ուսուցիչը գիտի առարկայի չափորոշիչը և ծրագիրը.

բ․ուսուցիչը գիտի առարկայի՝ ծրագրով նախատեսված բովանդակությունը.

գ․ուսուցիչը կարողանում է առանձնացնել առարկայի՝ չափորոշչով և ծրագրով նախատեսված բովանդակության հիմնական բաղադրիչները.

դ․ ուսուցիչը կարողանում է գնահատել սովորողների համար առանձնացված բաղադրիչների անհրաժեշտության մակարդակը.

ե. ուսուցիչը կարողանում է մշակել սովորողի անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ), կատարել առարկայական ծրագրի պարզեցում և հարմարեցում` այն համապատասխանեցնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԱՊԿ) ունեցող սովորողների կարողություններին և զարգացման առանձնահատկություններին:

2) Դասընթացների և դասերի պլանավորում.

ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, սովորողների մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը, որում պլանավորված կլինեն յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը և ներգրավվածությունը.

գ. ուսուցիչը կարողանում է դասը պլանավորել ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքներին համապատասխան:

3) Դասի վարում.

ա․ ուսուցիչը կարողանում է ուսումնական նյութը բացատրել հստակ, դասի ընթացքում ապահովել միջառարկայական, ներառարկայական կապերը և կապը առօրյա կյանքի հետ, խթանել սովորողների հետաքրքրությունը ուսումնասիրվող նյութի նկատմամբ, օգտագործել հարցեր, հուշումներ և այլ մոտեցումներ՝ սովորողների կողմից նյութի յուրացումը պարզելու համար.

բ․ ուսուցիչը, ելնելով դասի թեմայի առանձնահատկություններից, կարողանում է ընտրել և կիրառել դասավանդման արդյունավետ մեթոդներ, այդ թվում՝ օգտագործել ՏՀՏ գործիքներ՝ ըստ անհրաժեշտության.

գ․ ուսուցիչը կարողանում է կառավարել դասարանական միջավայրը, բոլոր սովորողների համար ապահովել ուսումնառության հավասար հնարավորություն.

դ․ուսուցիչը կարողանում է մշտադիտարկել և ապահովել բոլոր սովորողների մասնակցությունը ինքնուրույն/խմբային աշխատանքի ընթացքում.

ե․ուսուցիչը կարողանում է դասավանդումը համապատասխանեցնել սովորողների մակարդակին.

զ․ ուսուցիչը կարողանում է կիրառել նոր նյութի մատուցման բազմազան մեթոդներ՝ հնարավորություն տալով սովորողներին կիրառելու բոլոր զգայարանները և ունեցած գիտելիքները․

է. ուսուցիչը կարողանում է դասին մասնակից դարձնել բոլոր սովորողներին և ապահովել հարմարեցված ուսումնական նյութեր՝ բոլոր սովորողների համար.

ը. ուսուցիչը կարողանում է կիրառել սովորողների ներգրավման տարբեր մեթոդներ և ձևեր:

4) Ռեսուրսների կառավարում.

ա․ ուսուցիչը կարողանում է օգտվել դպրոցի գրադարանում առկա կրթական ռեսուրսներից, համացանցում գտնել և նպատակային օգտագործել համացանցում առկա կրթական ռեսուրսները.

բ․ուսուցիչը, դասի նպատակից ելնելով, կարողանում է օգտագործել լաբորատոր սարքավորումները.

գ․ ուսուցիչը կարողանում է դասի ընթացքում օգտագործել սովորողների՝ տվյալ թեմային առնչվող տեղեկատվությունը՝ կառուցելով միջառարկայական կապերն ու սովորողներին աջակցելով ձևավորել թեմայի վերաբերյալ ամբողջական պատկերացում.

դ․ ուսուցիչը կարողանում է արդյունավետ օգտագործել դասին հատկացված ժամանակը՝ նախատեսված բոլոր բաղադրիչների ներկայացման և քննարկման համար.

ե. ուսուցիչը կարողանում է պատրաստել հարմարեցված ուսումնական նյութեր՝ հիմնվելով սովորողների կարիքների վրա․

զ. ուսուցիչը կարողանում է օգտվել ԿԱՊԿ-ի գնահատման եզրակացության և արձանագրության մեջ առկա տեղեկատվությունից և կիրառել այն երեխայի ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում:

5) ՏՀՏ ինտեգրում.

ա․ ուսուցիչը կարողանում է ընտրել ուսուցման այնպիսի ռազմավարություններ, որոնց համար նպատակահարմար է կիրառել ՏՀՏ.

բ․ ուսուցիչը կարողանում է իրականացնել հեռավար և հիբրիդ ուսուցում՝ ըստ անհրաժեշտության.

գ․ ուսուցիչը կարողանում է ՏՀՏ կիրառմամբ դասի բացատրությունը դարձնել ավելի մատչելի.

դ․ ուսուցիչը կարողանում է ՏՀՏ գործիքներով իրականացնել ձևավորող գնահատում.

ե.ուսուցիչը կարողանում է կիրառել ՏՀՏ միջոցները՝ ապահովելով սովորողների ուսումնառության համար բազմազան մեթոդներ ինչպես նոր նյութի մատուցման, այնպես էլ գիտելիքների ստուգման և սովորողների ներգրավման նպատակներով․

զ. ուսուցիչը կարողանում է ապահովել ԿԱՊԿ ունեցող սովորողների անհատական տեխնիկական միջոցների, այլընտրանքային հաղորդակցման միջոցների կիրառումը:

6) 21-րդ դարի հմտությունների խթանում.

ա․ ուսուցիչը կարողանում է տալ ընդարձակ պատասխան պահանջող հարցեր, որոնք ենթադրում են տրամաբանական հիմնավորում, բացատրություն կամ ընդհանրացում կամ ունեն ավելի քան մեկ ճիշտ պատասխան․

բ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներից պահանջում են վերլուծել նյութը՝ ի հակադրություն տեղեկատվությունը պարզապես ստանալու կամ մեխանիկորեն հիշելու․

գ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներին խրախուսում են հանդես բերել նախաձեռնողականություն, ձևավորել սեփական կարծիք, ձևակերպել նոր գաղափարներ․

դ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք պահանջում են սովորողների համատեղ աշխատանք՝ ձևավորելով համագործակցային միջավայր և զարգացնելով խմբում աշխատելու՝ սովորողների հմտությունները․

ե․ուսուցիչը կարողանում է դասի ընթացքում սովորողներին ընձեռել հնարավորություն՝ ներկայացնելու իրենց աշխատանքը՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և զարգացնելով հաղորդակցման և ներկայացման հմտությունները․

զ․ ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներից պահանջում են փնտրել և գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից, գնահատել տեղեկատվության աղբյուրի ստույգությունը․

է․ուսուցիչը կարողանում է ուսուցանել սովորողներին ընդարձակ պատասխան պահանջող հարցեր տալ։

7) Սովորողների կարիքների բացահայտում.

ա․ ուսուցիչը կարողանում է բացահայտել յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքները՝ անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով․

բ․ ուսուցիչը կարողանում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր սովորողին՝ ընտրելու իր ուսումնառության ոճը․

գ․ուսուցիչը կարողանում է բացահայտել յուրաքանչյուր սովորողի ուժեղ կողմերն ու ուսումնառության դժվարությունները․

դ.ուսուցիչը կարողանում է դասարանում նկատել առաձնահատկություններ ունեցող երեխաներին, ճանաչում է ԿԱՊԿ ունեցող երեխաների կարիքները: ԿԱՊԿ-ի գնահատման գործընթացում համագործակցում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատակիցների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն:

8) Ուսումնառության գնահատում.

ա․ ուսուցիչը կարողանում է դիտարկել և գնահատել յուրաքանչյուր սովորողի արժեքային համակարգի և վարքագծի զարգացման ընթացքը․

բ․ուսուցիչը կարողանում է գնահատել սովորողների գիտելիքները և կարողությունները՝ գնահատման մեթոդաբանության պահանջներին համապատասխան․

գ․ուսուցիչը կարողանում է ընտրել և կիրառել ձևավորող գնահատման գործիքները՝ ըստ նպատակի.

դ․ուսուցիչը կարողանում է մշակել գնահատման ռուբրիկներ, թեստեր, ստուգաթերթեր և այլ գործիքներ.

ե․ուսուցիչը կարողանում է գնահատումն իրականացնել գնահատման սկզբունքներին (օբյեկտիվություն, հավաստիություն, հուսալիություն) համապատասխան.

զ. ուսուցիչը կարողանում է կիրառել գնահատման այլընտրանքային և ճկուն մեթոդներ՝ ԿԱՊԿ ունեցող սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման նպատակով:

9) ՈՒսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.

ա․ ուսուցիչը կարողանում է ապահովել կրթության կազմակերպման հավասար մասնակցություն և մատչելիություն՝ յուրաքանչյուր սովորողի համար.

բ․ ուսուցիչը կարողանում է խրախուսել սովորողների ջանքերն ու ձեռքբերումները.

գ․ ուսուցիչը կարողանում է համատեղ ուսումնառության արդյունքների բարելավման ուղիներ մշակել՝ հիմնվելով սովորողների ուժեղ կողմերի վրա.

դ․ ուսուցիչը կարողանում է ապահովել յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին.

ե․ ուսուցիչը կարողանում է մշակել և կիրառել տարբերակված առաջադրանքներ՝ յուրաքանչյուր սովորողին կամ սովորողների խմբի կարիքին համապատասխան.

զ․ ուսուցիչը կարողանում է ոչ խտրական մոտեցում ցուցաբերել սովորողների հանդեպ և ապահովել սոցիալապես արդար միջավայր դասի ընթացքում:

10) Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում.

ա․ ուսուցիչը կարողանում է օբյեկտիվորեն գնահատել մասնագիտական զարգացման իր կարիքները.

բ․ ուսուցիչը կարողանում է ընտրել մասնագիտական զարգացում ապահովող առկա և հեռավար դասընթացներ.

գ․ուսուցիչը կարողանում է ընտրել ատեստավորման համար կազմակերպվող վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություն.

դ․ ուսուցիչը կարողանում է կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները.

ե. ուսուցիչը կարողանում է ինքնավերլուծություն և ինքնանդրադարձ կատարել և իր թույլ կողմերի բացահայտման հիման վրա որոշել մասնագիտական զարգացման ուղղությունները:

11) Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն.

ա․ուսուցիչը կարողանում է օգտվել հանրակրթության ոլորտի օրենսդրությունից՝ իր աշխատանքն ու մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար.

բ․ուսուցիչը կարողանում է իր աշխատանքը կազմակերպել գործող կարգերին համապատասխան.

գ․ուսուցիչը կարողանում է մասնակցել կրթության ոլորտի օրենսդրության վերաբերյալ քննարկումներին.

դ․ ուսուցիչը կարողանում է գործող կրթության ոլորտի օրենսդրության բարելավման նպատակով առարկություններ և առաջարկություններ ներկայացնել։

12)մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

ա․ ուսուցիչը կարողանում է կազմակերպել իր աշխատանքը՝ մասնագիտական բարեվարքության կանոններին համապատասխան.

բ․ուսուցիչը վստահ է իր ուժերի նկատմամբ, ապրումակցում է գործընկերներին և սովորողներին.

գ․ուսուցիչն ունի վերլուծական և քննադատական մտածողություն.

դ․ուսուցիչը հանդուրժող է, կարողանում է կողմնորոշվել և որոշումներ կայացնել՝ ըստ իրավիճակի.

ե․ ուսուցիչը նպաստում է ժողովրդավարության և արդարության արժևորմանը.

զ․ ուսուցիչը քննարկվող թեմաների վերաբերյալ դրսևորում է քննադատական մոտեցում։

7. Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակներում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը.

1) տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է կիրառել վերոնշյալ կարողունակությունները.

2) ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը ոչ թե մեխանիկորեն է կիրառում գիտելիքն ու հմտությունները, այլ ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության.

3) տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր և այլն.

4) փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

8. սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված բաղադրիչների ձևավորման մակարդակից կախված՝ տարբերակվում են մանկավարժի մասնագիտական հետևյալ չորս չափանիշները.

1) ավագ ուսուցիչ․

2) հմուտ ուսուցիչ․

3) վերապատրաստող ուսուցիչ․

4) հետազոտող ուսուցիչ։

9. Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի մասնագիտական չորս չափանիշներից որևէ մեկին՝ որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։

10. Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունքի հավաստում ունեցող անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 70%-ը:

11. Հմուտ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունքի հավաստում ունեցող անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 80%-ը:

12. Վերապատրաստող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70% արդյունքի հավաստում ունեցող, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 70%-ը բավարարող ուսուցիչը:

13. Հետազոտող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80% արդյունքի հավաստում ունեցող, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 80%-ը բավարարող ուսուցիչը:

14․ Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։

15. Ըստ մասնագիտական չորս չափանիշների՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան աստիճանի տարակարգ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2022 թվական: