ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հուլիսի 2022 թ. ք. Երևան |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵԲ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ, ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թ. հուլիսի 15-ի թիվ 10-Ն հրամանի |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵԲ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները:
2. Վեբ կայքի մատչելի բովանդակությունը բացի բառաիմաստային մատչելիությունն ապահովելուց, ընդգրկում է նաև հղումներ, պատկերներ, տեսանյութեր, գծապատկերներ, աղյուսակներ կամ պաստառներ և կոճակներ:
2․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն հավելվածում օգտագործված են հետևյալ հասկացությունները.
1) մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության և հաղորդակցության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիություն,
2) մատչելի տեղեկատվություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևաչափերով ներկայացված տեղեկատվություն,
3) ընկալելի բովանդակություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևաչափերով ներկայացված բովանդակություն,
4) մատչելիության հայտարարություն՝ տեղեկություն բովանդակության մատչելիության վերաբերյալ, հղում ոչ մատչելի տեղեկատվությունը ձեռք բերելու այլընտրանքային եղանակներին,
5) դյուրընթեռնելի տեղեկատվություն՝ պարզ, առանց մասնագիտական եզրույթների, հապավումների տեղեկատվություն,
6) այլընտրանքային ձևաչափ՝ ոչ մատչելի տեղեկատվության տրամադրման հասանելի ձևեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար,
7) այլընտրանքային տեքստ՝ պատկերի կամ գծապատկերի նկարագրություն,
8) աջակցող տեխնոլոգիական գործիքներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար,
9) բանալի բառեր՝ հիմնական բառեր, որոնցով օգտատերը կատարում է որոնում համապատասխան որոնողական համակարգերում,
10) կետանշված ցուցակներ՝ որոշակի պայմանական նշաններ պարունակող ցուցակներ, ընդ որում, նշաններն օգտագործվում են թվարկելու ցուցակի այն տարրերը, որոնց թվային հաջորդականությունը պարտադիր չէ,
11) շրջված բուրգի մեթոդ՝ մեթոդ, ըստ որի բովանդակության շարադրանքը սկսվում է եզրակացությունից, իսկ տեղեկությունները, կարծիքները իրար հաջորդում են ըստ կարևորության նվազման,
12) գունային համադրություն՝ hիմնական գունային սխեմայում օգտագործվող համահունչ գունային երանգներ,
13) գունային հակադրություն՝ գունային պայծառության տարբերությունը աշխատանքային հատվածի և ֆոնի գույների միջև,
14) աուդիո բովանդակություն՝ տեղեկատվություն, որը փոխանցվում է միայն ձայնային միջոցներով,
15) վիդեո բովանդակություն՝ տեղեկատվություն, որը պարունակում է ցանկացած տեսագրություն կամ տեսաձայնագրություն:
3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵԲ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՆՈՐՄԵՐ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
4. Թվայնացման գործընթացը պետք է նպաստի հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքների բավարարման մակարդակի բարելավմանը:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը, գործիքները և տեխնոլոգիաները պետք է նախագծվեն և մշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևով:
6. Բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են մատչելիության վերաբերյալ հայտարարություն, որը տվյալ պետական մարմնի կողմից ենթակա է պարբերական վերանայման առնվազն 3 տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ ծրագրային փոփոխություն կատարվել է մինչ մատչելիության հայտարարության վերանայման ժամկետը:
7. Մատչելիության հայտարարությունը պետք է ներառի տեղեկատվություն վեբ բովանդակության ոչ մատչելի հատվածների վերաբերյալ՝ բոլոր հնարավոր դեպքերում հղում կատարելով այդ տեղեկատվությունը ձեռք բերելու այլընտրանքային եղանակներին:
8. Բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են հանրային տեղեկատվության այլընտրանքային հնարավոր ձևաչափերը, որոնցով կարող են տեղեկատվություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհրաժեշտության պարագայում:
9. Տեղեկատվությունը, այդ թվում` վեբ բովանդակությունը պետք է համատեղելի լինի տեխնոլոգիաների հետ, ներառյալ աջակցող տեխնոլոգիական գործիքները, որոնք կիրառում են հաշմանդամություն ունեցող օգտատերերը:
10. Տեղեկատվությունը, այդ թվում` վեբ բովանդակությունը պետք է լինի դյուրընթեռնելի բոլոր օգտատերերի համար:
11. Օգտագործողի միջերեսի (ինտերֆեյսի) որևէ կարգավորման փոփոխությունը չպետք է ազդի ծառայության ֆունկցիոնալության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտատերը նախազգուշացված է նման փոփոխության մասին:
4․ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵԲ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
12. Ընկալելի վեբ բովանդակություն և մատչելի տեղեկատվություն ստեղծելու համար պետք է կիրառել.
1) ամփոփ ենթավերնագրեր` բացառելով երկար, բարդ բնորոշումները,
2) «մեկ միտք - մեկ պարբերություն» համաչափություն (բովանդակությունը առաջին պարբերությամբ ընկալելի չլինելու դեպքում օգտատերը կշրջանցի ցանկացած լրացուցիչ միտք),
3) ընդգծված բանալի բառեր, այդ թվում՝ տարբերակման հիպերտեքստային հղումներ, տառատեսակներ և գույներ,
4) կետանշված ցուցակներ,
5) շրջված բուրգի մեթոդ,
6) գունային համադրություն տեքստի և պատկերների միջև,
7) գունային հակադրություն տեքստի և ֆոնի միջև,
8) մատչելի տառատեսակ կայքի բոլոր բաժիններում,
9) չծանրաբեռնված տեքստեր՝ կայքի բովանդակությունը գրելով մատչելի լեզվով,
10) այլընտրանքային տեքստ (Alt Text) (գրաֆիկական նյութերը պարտադիր ուղեկցվում են հստակ և հասկանալի ոճով ներկայացված նկարագրական տեքստերով. Նշված այլընտրանքային տեքստերի առկայությունը հետագայում թույլ կտա օգտագործել նաև Text to Speech փոխակերպող սարքերը),
11) տեքստի չափափոխում՝ բացի տեքստի ենթագրերից և պատկերներից, առանց աջակցող տեխնոլոգիայի տեքստը կարող է չափափոխվել մինչև 200 տոկոս՝ չկորցնելով բովանդակությունը կամ ֆունկցիոնալությունը: Դա կարելի է իրականացնել դիտարկիչի (բրաուզերի) խոշորացման կոճակով, նախապես համոզվելով, որ այն չի ազդի կայքի ֆունկցիոնալության վրա,
12) աուդիո և վիդեո բովանդակություններին համազոր տեքստ (աուդիո և վիդեո նյութերը բոլոր հնարավոր դեպքերում ուղեկցվում են հստակ և հասկանալի ոճով ներկայացված տեքստերով և մեկնաբանություններով, արտահայտվում են նաև ժեստերի լեզվով):
13. Ընկալելի վեբ բովանդակություն և մատչելի տեղեկատվություն ստեղծելու համար պետք է սահմանափակել կամ բացառել.
1) մասնագիտական բարդ լեզվով շարադրված տեքստերի պատճենումն ու տեղադրումը,
2) հայերենում քիչ գործածելի բառերի կիրառությունը (անհրաժեշտության դեպքում դրանք ուղեկցել բացատրությամբ),
3) հապավումները (անհրաժեշտության դեպքում դրանք ուղեկցել բացատրությամբ),
4) իմաստային նշանակությունը միայն գույնով կամ ձևով արտահայտելը,
5) տեքստ պարունակող պատկերների կիրառությունը (անհրաժեշտության դեպքում դրանք ուղեկցել հստակ և հասկանալի ոճով ներկայացված նկարագրական տեքստերով),
6) օտարալեզու բառերի կամ եզրույթների կիրառությունը (անհրաժեշտության դեպքում դրանք ուղեկցել համադրելի հայերեն բացատրությամբ. interface-միջերես),
7) մասնագիտական եզրույթների կիրառությունը (անհրաժեշտության դեպքում դրանք ուղեկցել բացատրությամբ):
14. Վեբ բովանդակության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները կիրառվում են վեբ կայքերի նախագծման, գործարկման, կառավարման և թարմացման ժամանակ՝ օգտատերերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավել մատչելի դարձնելու նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.04.2023, N 07-Ն | 29.04.2023, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|