Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 օգոստոսի 2022 թ.

N 31-Ն

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.21-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել սովորողների տնային ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թվականի

օգոստոսի 29-ի N 31-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) հաշվառված, առողջական վիճակի, ինչպես նաև բուժման պատճառով Հաստատություն հաճախել չկարողացող սովորողների (այսուհետ՝ սովորող) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այդ թվում՝ արտերկրում) (այսուհետ՝ տնային պայմաններ) իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները։

2. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցման ձևով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանների համաձայն։

3. Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության տված տեղեկանքը սովորողի առողջության և (կամ) բուժման կազմակերպման ձևի մասին և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետ՝ ծնող) գրավոր դիմումը՝ համաձայն Ձև 3-ի, և ծնողի և հաստատության միջև կնքված պայմանագիրը՝ համաձայն Ձև 1-ի:

4. Տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է աշխատանքներ՝ սովորողի ուսուցումը Հաստատությունում իրականացնելու համար։

5. Տնային ուսուցում կազմակերպելու մասին պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 ուսումնական տարի ժամկետով, և դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն երեխայի առողջության պահպանման տեսանկյունից Հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում՝ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

6. Սովորողի՝ տնային ուսուցումը կազմակերպելու մասին Հաստատությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և նշում է կատարում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում:

 

2. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Տնային ուսուցման կազմակերպման իրավահարաբերությունների մասնակիցներն են՝ սովորողները, ծնողները, այդ սովորողների ուսուցման կազմակերպման մեջ ներգրավված ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողներ, ինչպես նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները՝ ըստ անհրաժեշտության։

8. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի պարագայում նաև Հաստատության կազմած անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) համաձայն։

9. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպելու համար նրա ծնողը Հաստատություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում՝ ուղղված Հաստատության տնօրենին (համաձայն Ձև 3-ի).

2) սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանք.

3) հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու դեպքում՝ բժշկական հաստատությունից տեղեկանք՝ հիվանդանոցային բուժման մասին։

10. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպվում է Հաստատության տնօրենի հրամանով՝ համաձայն Ձև 2-ի՝ ծնողի դիմումի և սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

11. Ծնողի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության մանկավարժական խորհուրդը որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենը տեղեկացնում է ծնողին: Դիմումը բավարարվելու դեպքում Հաստատության և ծնողի միջև կնքվում է սովորողի տնային ուսուցման կազմակերպման պայմանագիր` պահպանելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը:

12. Տնային ուսուցումը կազմակերպվում է պայմանագրի կնքման պահից:

13. Տնային ուսուցման կազմակերպման գործընթացը երկարաձգելու համար սովորողի ծնողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հաստատություն է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

14. Սովորողի տնային ուսուցման վաղաժամկետ դադարեցումը հնարավոր է սովորողի ծնողի նախաձեռնությամբ` դիմումի հիման վրա:

15. Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է Հաստատության և Հաստատությանը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն սովորողի ԱՈՒՊ-ի։

16. Հաստատությունը տնային ուսուցման ընթացքում՝

1) ապահովում է տնային ուսուցում ստացող սովորողների կրթության իրավունքը՝ հաստատություն հաճախող սովորողների հետ հավասար հիմունքներով.

2) սովորողին անվճար տրամադրում է Հաստատության գրադարանային ֆոնդում առկա ուսումնաօժանդակ նյութեր՝ ըստ անհրաժեշտության,

3) ապահովում է սովորողի ուսումնառության իրականացումը տանը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման կիրառումը և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տրամադրումը՝ ըստ անհրաժեշտության,

4) կազմում է ուսուցման ժամանակացույցը,

5) ընտրում և օգտագործում է սովորողի ուսումնառության և զարգացման առանձնահատկություններին համապատասխան ուսուցման մեթոդներ ու միջոցներ,

6) կազմակերպում է ուսումնական գործընթացն օրացուցային ուսումնական ժամանակացույցին համապատասխան (օրացուցային-թեմատիկ պլանավորում՝ ըստ անհատական դասացուցակի),

7) սովորողին և իր ծնողին կարող է ներգրավել Հաստատության կողմից իրականացվող կրթական և այլ գործունեության մեջ,

8) պայմաններ է ստեղծում հնարավորության դեպքում սովորողի՝ առարկայական օլիմպիադաներին, ստուգատեսներին և փառատոններին, սպորտային մրցույթներին, արտադպրոցական աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպված ժամանցի և լրացուցիչ կրթության այլ ձևերին մասնակցությունն ապահովելու համար,

9) իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան,

10) խորհրդատվություն է տրամադրում սովորողի ծնողներին՝ սովորողի կրթության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

17. Սովորողի ծնողը՝

1) ապահովում է սովորողի ուսումնառության և մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման կազմակերպումը տնային պայմաններում՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ առկայության դեպքում,

2) տնային ուսուցում իրականացնող ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար կազմակերպման դեպքում ապահովում է ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը դասապրոցեսին,

3) վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,

4) ժամանակին տեղեկացնում է ուսուցչին/մանկավարժական աշխատողին սովորողի առողջական վիճակով պայմանավորված ուսումնական պարապմունքները դադարեցնելու անհրաժեշտության և դրանց վերսկսման հնարավորության մասին,

5) հնգօրյա ժամկետում տեղեկացնում է տնային ուսուցման կազմակերպման համար հիմքերի (սովորողի առողջական վիճակի կամ բուժման) փոփոխության կամ վերացման մասին:

18. Հաստատության տնային ուսուցում իրականացնող մանկավարժական աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, կողմերի միջև կնքված պայմանագրով և սույն կարգով:

19. Հաստատության կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:

 

3. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

20. Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով Հաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

21. Տնային ուսուցման պայմաններում հանրակրթական ծրագրերի մատուցման համար ֆինանսավորման չափի կարգավորումները սահմանված են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթներով:

22. Տնային ուսուցում իրականացնող ուսուցիչների վարձատրությունն իրականացվում է ժամավճարով` հաշվի առնելով Հաստատությունում սահմանված դրույքաչափը:

23. Ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության և բացակայության դեպքում Հաստատության տնօրենը, հաշվի առնելով կադրային հնարավորությունները, պարտավոր է կա՛մ ապահովել այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի ներգրավվածությունը, կա՛մ տնային ուսուցումը կազմակերպել սույն կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, կա՛մ տեղափոխել դասերը՝ ծնողների հետ գրավոր համաձայնությամբ՝ ընդունելով համապատասխան հրաման: Հրամանում նշվում է, որ տնային ուսուցում իրականացնող ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության պատճառով դասերը կիրականացվեն այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի կողմից, կամ դասերը տեղափոխվում են՝ նշելով նաև փոխարինման և տեղափոխման օրերն ու ժամերը:

 

ՁԵՎ 1

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ք.________

«____» ____________ 20____թ.

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունը (այսուհետ` Հաստատություն _______________________________________________________________________

(hաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի)

 

ի դեմս տնօրեն՝ ___________________________________________________- ի (այսուհետ` Տնօրեն), ով գործում է

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ուսումնական հաստատության կանոնադրության հիման վրա, և մյուս կողմից սովորողի օրինական ներկայացուցիչը՝ (ծնող, խնամակալ, որդեգրող) ____________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

անձնագիր`____________տրված _____ ,______, ______ , ____________________________________________________

                     (համար)                                    (տրման ամսաթիվ)                                       (հասցեն)

(այսուհետ` Կողմեր)։

 

Հաստատության կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և ծնողի (օրինական ներկայացուցչի) կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) _______________________________________________-ի (այսուհետ` Սովորող) տնային պայմաններում ուսուցումը կազմակերպելու մասին:                     (անուն, հայրանուն, ազգանուն)

 

1. Պայմանագրի առարկան և նպատակը

1.1. Պայմանագրի առարկան սովորողի ուսուցման իրականացումն է տնային պայմաններում՝ նրա համար հարմարեցված հիմնական հանրակրթական ծրագրի մշակման կազմակերպումը՝ սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:

1.2. Պայմանագրի նպատակը՝ Հաստատության և ծնողի իրավունքների և պարտականությունների սահմանումը:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Հաստատությունը պարտավոր է.

2.1.1. Ստեղծել նպաստավոր պայմաններ Սովորողի մտավոր, բարոյական, ֆիզիկական զարգացման համար:

2.1.2. Երաշխավորել Սովորողի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

2.1.3. Պատասխանատվություն կրել օրենսդրությամբ և սովորողների տնային ուսուցման կարգով՝ տնային ուսուցման գործընթացի շրջանակներում:

2.1.4. Սովորողին անվճար տրամադրել Հաստատության գրադարանային ֆոնդում առկա ուսումնաօժանդակ նյութեր, գեղարվեստական, տեղեկատու և այլ գրականություն՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տրամադրումը՝ ըստ անհրաժեշտության:

2.1.5. Ապահովել Սովորողի անհատական ուսուցման պլանի իրականացումը:

2.1.6. Պայմաններ ստեղծել, որպեսզի Սովորողը մասնակցի առարկայական օլիմպիադաներին, գեղարվեստական ստեղծագործության ստուգատեսներին և փառատոններին, սպորտային մրցույթներին և կազմակերպված ժամանցի և լրացուցիչ կրթության այլ ձևերի:

2.1.7. Իրականացնել միջանկյալ ատեստավորում և Սովորողի տեղափոխումը հաջորդ դասարան:

2.1.8. Խորհրդատվություն տրամադրել Սովորողի ծնողներին (օրինական ներկայացուցիչներին):

2.1.9. Ապահովել Սովորողի համար Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություններ:

2.1.10. Ապահովել պայմաններ ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթանալու կրթական գործընթացի ընթացքին ու բովանդակությանը, Սովորողի առաջադիմությանը:

2.2. Հաստատությունն իրավունք ունի.

2.2.1. Որոշել աշխատանքների բովանդակությունը, ընտրել և օգտագործել ուսուցման ձևերը և մեթոդները, օգտագործել տնային ուսուցման ծրագրերը և Հաստատության կանոնադրությամբ ու «Տնային ուսուցման կարգով» սահմանված ուսումնադաստիրակչական գործունեության այլ միջոցներ:

2.2.2. Կազմել դասերի ժամանակացույց՝ հաշվի առնելով Սովորողի անհատական ուսուցման պլանը:

2.2.3. Սահմանել տնային ուսուցման աշխատանքի ռեժիմը:

2.2.4. Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով տնային ուսուցման ընդգրկված Սովորողի նկատմամբ կիրառել խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

2.3. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) պարտավոր է.

2.3.1. Համագործակցել ուսուցչի և մանկավարժական աշխատողների հետ տնային ուսուցման կազմակերպման հարցերում:

2.3.2. Ապահովել պայմաններ ուսումնական պարապմունքների անցկացման համար, ներառյալ Սովորողի աշխատավայրի կազմակերպումը:

2.3.3. Ապահովել ընտանիքի չափահաս անդամի ներկայությունն ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար ուսուցման ընթացքում:

2.3.4. Ապահովել ուսուցիչների կողմից Սովորողին տրված առաջադրանքների ժամանակին և ամբողջությամբ կատարումը:

2.3.5. ժամանակին տեղեկացնել ուսուցչին/Հաստատությանը Պայմանագրի կնքման ժամանակ նշված տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին, ներառյալ տեղեկություններ նրա առողջական վիճակի և հոգեֆիզիկական զարգացման, բնակության հասցեի, կոնտակտային համարների մասին:

2.3.6. Հաստատության հետ համատեղ տնային ուսուցման ընթացքում ստուգել իր երեխային մատուցված ծառայությունների որակը:

2.4. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի.

2.4.1. Մասնակցել տնային ուսուցման աշխատանքների վերաբերյալ հարցերով Հաստատության մանկավարժական քննարկումներին, խորհրդի նիստին:

2.4.2. Հաստատությունում ստանալ խորհրդատվություն Սովորողի կրթության և դաստիարակության հարցերի շուրջ:

2.4.3. Ներկա լինել Սովորողի հետ դասին:

2.4.4. Դիմել հաստատության տնօրենությանը, դասղեկին, տնային ուսուցում իրականացնող ուսուցչին/ մանկավարժական աշխատողին, մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին, մանկավարժական խորհրդին՝ տնային ուսուցման Սովորողի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակները լուծելու նպատակով:

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը

3.1. Պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է «___» _________ 20__ թվականից մինչև «___» _____ 20__ թվականը:

 

4. Պայմանագրի լուծման հիմքերը

4.1. Պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ հիմքերից մեկի առկայության պարագայում՝

4.1.1. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով,

4.1.2. Պայմանագրի հիմքերի փոփոխության կամ վերացման դեպքերում,

4.1.3. Ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

4.1.4. Կողմերի նախաձեռնությամբ, երբ կողմը չի կատարել Պայմանագրով իր ստանձնած պարտականությունները:

4.2. Պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում նախաձեռնող կողմը մյուս կողմին պարտավոր է այդ մասին գրավոր ձևով տեղյակ պահել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

5.1. Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման համար՝ գործող օրենսդրությամբ և Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

6. Վեճերի լուծման կարգը

6.1. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:

 

7. Այլ պայմաններ

7.1. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով՝ երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

7.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները կնքվում են այն ձևով, ինչով պայմանագիրը:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

Տնօրեն՝ _______________________________

 ______________________________________

 ______________________________________

  ուսումնական հաստատության անվանումը

 

Ծնող (օրինական ներկայացուցիչ)

Անուն`_______________________________

Ազգանուն`_____________________________

Հասցեն`________________________________

ՀՎՀՀ`_____________ հեռ. ________________

Տնօրեն` _______________________________

                       ստորագրություն, Կ.Տ.

 

Հասցեն`______________________________

Հեռախոս_____________________________

Ծնող`_____________ ___________________

          ստորագրություն, անուն, ազգանուն

 

ՁԵՎ 2

 

Հ Ր Ա Մ Ա Ն № «_____» _____________ 20___թ.

 

ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի _________________-ի՝ սովորողների տնային ուսուցման կարգը սահմանելու մասին N __________ հրամանի և թիվ ______ պայմանագրի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ներքոհիշյալ սովորողի(ների) համար 20__-20__ ուսումնական տարվա հանրակրթական ծրագիրն իրականացնել տնային ուսուցմամբ ըստ հետևյալ առարկաների ցանկի՝ համապատասխան ուսուցիչների օգնությամբ։

 

Հ/Հ

Սովորողի անուն, ազգանուն

Դասա-րան

Ուսուցչի անուն, ազգանուն

ժամերի թիվ/առարկա

Սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա դասընթացի տևողությունը՝ սկիզբ, ավարտ

l.

           
     
     
     

2.

 

 

         

 

2. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրել հետեւյալ մասնագետների միջոցով.

___________________________________________________________________________

անուն, ազգանուն, մասնագիտություն

 ______________________________________________________________________________

անուն, ազգանուն, մասնագիտություն

 

3. Անհատական ուսուցման պլանը մշակել հետեւյալ մասնագետների միջոցով.

___________________________________________________________________________

անուն, ազգանուն, մասնագիտություն

 ______________________________________________________________________________

անուն, ազգանուն, մասնագիտություն

4. ________________________________________________________________________-ը պատասխանատու է

 ուսումնական գծով տեղակալի անուն, ազգանուն

տնային ուսուցում ստացող սովորողների անհատական ուսուցման պլանի մշակման և իրականացման, նրանց օրացուցային ուսուցման ժամանակացույցի, անհատական դասացուցակների կազմման կազմակերպման համար:

5. Հրամանի կատարման վերահսկողությունը դնել տնօրենի վրա։

 

 

Տնօրեն` ______________ __________________________

ստորագրություն       անուն, ազգանուն

 

Կ.Տ.

 

ՁԵՎ 3

 

_________________________________________________________

 (հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը)

տնօրեն __________________________________________-ին

 (անուն, ազգանուն)                  

___________________________________________-ի

(սովորողի անուն, ազգանուն)              

 

ծնող (օրինական ներկայացուցիչ)՝

__________________________________________-ից

 (անուն, ազգանուն)                 

Հասցե՝_____________________________________

Հեռ. _________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ Ձեզ իմ երեխայի՝____________________________________________-ի համար «___» _________ 20__

(անուն, ազգանուն)                                 

 

թվականից մինչև «___» _________ 20__ թվականը ներառյալ կազմակերպել տնային ուսուցում՝ իր առողջական վիճակին համապատասխան, առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:

 

Ծնված՝              թ.,

Սովորում է _____դասարանում:

Առդիր՝ սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանք։

 

Պարտավորվում եմ պայմաններ ստեղծել տնային ուսուցման դասընթացների անցկացման համար, այդ թվում՝ ապահովել աշխատանքային պայմաններ և դասերի ժամանակացույցին համապատասխան ընտանիքի չափահաս անդամի ներկայություն։

« ______ » ______ 20 ____ թ.

_________________________ _____________

 անուն, ազգանուն       ստորագրություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական: