ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 օգոստոս 2022 թ. |
N 4004-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՐԱԳԱՎԻԹ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 07-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ Կ-XX-000587 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի հունիսի 08-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 01/10062-2022 գրությունը այն մասին, որ ք. Երևան, Նորագավիթ 8 փող, թիվ 10 հասցեում գործունեություն իրականացնող «ՆՈՐԱԳԱՎԻԹ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությունում հայտնաբերվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, այն է.
1. ընկերության թերապևտիկ ստոմատոլոգիական կաբինետում բացակայում է վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ միջին բուժաշխատողը, որով խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին բաժնով սահմանված պահանջը,
2. ընկերության ֆիզիոթերապևտիկ կաբինետում բացակայում է բժիշկը՝ համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որով խախտվել է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածի 1.20-րդ կետի պահանջը, և ղեկավարվելով 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «ՆՈՐԱԳԱՎԻԹ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ք. Երևան, Նորագավիթ 8 փող, թիվ 10 հասցեում Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի հուլիսի 07-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-000587 լիցենզիայով նախատեսված ֆիզիոթերապևտիկ, թերապևտիկ ստոմատոլոգիական տեսակներով գործողության իրականացումը` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՆՈՐԱԳԱՎԻԹ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: