ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
02 օգոստոս 2022 թ. |
N 49-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի օգոստոս «02»-ի թիվ 49-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբուժական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, Առողջապահության նախարարության հետ կնքած պայմանագրով նախատեսված ` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսակների և ծավալների շրջանակներում:
2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
3. Արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող` սույն չափորոշչի 2-րդ կետով սահմանված հոգեբուժական կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում ներառված արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման գործառույթներ:
4. Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպությունները, արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն) հոգեբուժական կաբինետների միջոցով:
5. Այն դեպքերում, երբ ԱԱՊ կազմակերպությունում բացակայում է հոգեբուժական կաբինետը, ԱԱՊ կազմակերպության բժիշկները (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) իրականացնում են բնակչության շրջանում հոգեկան և վարքային խանգարումների վաղ հայտնաբերում ու կանխարգելում:
6. Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերով անվճար ապահովումն hոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրականացվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից տրված եզրակացության հիման վրա:
7. Սույն չափորոշչի 6-րդ կետում նշված եզրակացությամբ նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) դեղերը դուրս են գրվում արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կամ ԱԱՊ կազմակերպության բժշկի (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից:
8. Արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող անձինք ԱԱՊ կազմակերպության բժշկի (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից էլեկտրոնային ուղեգրմամբ ուղեգրվում են սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպություններ` կցելով ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք:
9. Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման Հավելված N 1-ի 22-րդ կետով նախատեսված հետազոտությունների շրջանակներում հոգեբուժական խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է սույն չափորոշչի 3-րդ կետում նշված հոգեբուժական կազմակերպությունների երեխաների և դեռահասների բժիշկ-հոգեբույժի կողմից:
3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
10. Հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող` սույն չափորոշչի 2-րդ կետով սահմանված հոգեբուժական կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում ներառված հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման գործառույթներ:
11. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.
1) անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով.
2) անձի արտահիվանդանոցային շարունակական բուժում և հսկողություն իրականացնող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով.
3) անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում՝ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ.
4) զորակոչային տարիքի անձանց համար (հիվանդանոցային պայմաններում հետազոտումը, բժշկական փորձաքննությունը և բուժումը)՝ տարածքային զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրով, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով՝ տարածքային զինվորական կոմիսարի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ով սահմանված կարգով, ընդ որում ուղեգրումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով.
5) հիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական փորձաքննության անցկացման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ.
6) բժշկական հսկողության կամ բուժման կամ որպես անվտանգության միջոց անձին հոգեբուժական կազմակերպություն տեղավորելու դեպքում` բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի դատավճռի համաձայն.
7) անձին` մեկ հիվանդանոցային կազմակերպությունից մյուս հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզի համաձայն.
12. Անձին հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացնելիս պահանջվում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը կամ անձնագիրը) կամ նույնականացման քարտը (բացառությամբ` անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ անձի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը):
13. Այն դեպքում, երբ հոգեբուժական կազմակերպությունում ազատ մահճակալների կամ անձի հիվանդանոցային ձևով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության բացակայության պատճառով հոգեբուժական կազմակերպությունը հրաժարվում է ընդունել սույն չափորոշչի 11-րդ կետով սահմանված դեպքերում (բացառությամբ սույն չափորոշչի 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված դեպքերի) դիմած անձին, մերժող հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժիշկը համապատասխան գրառում է կատարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով հաստատված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, իսկ շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի դեպքում նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:
14. Հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման նպատակով հոսպիտալացված անձանց հոսպիտալացման նույն օրը (ոչ աշխատանքային օրերին` հաջորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն չափորոշչի 18-րդ կետում նշված դեպքում) կատարվում են հետևյալ հետազոտությունները.
1) թերապևտի զննում,
2) էլեկտրասրտագրություն,
3) արյան ընդհանուր քննություն,
4) մեզի ընդհանուր քննություն,
5) արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում:
15. Սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված հետազոտության արդյունքները թերապևտը գրանցում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի հիվանդության պատմագրում (այսուհետ` Պատմագիր):
16. Անհրաժեշտության դեպքում, թերապևտի գրավոր հիմնավորմամբ, կարող են իրականացվել նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները նեղ մասնագետի կողմից գրանցվում են Պատմագրում:
17. Անհրաժեշտության դեպքում, թերապևտի կամ նեղ մասնագետի գրավոր հիմնավորմամբ կարող են իրականացվել լաբորատոր-գործիքային ախտորոշիչ այլ հետազոտություններ, որոնց արդյունքները գրանցվում են Պատմագրում:
18. Այն դեպքում, երբ հոսպիտալացման նույն օրը (ոչ աշխատանքային օրերին` հաջորդ աշխատանքային օրը) անձի հոգեկան վիճակով պայմանավորված, անհնար է իրականացնել սույն չափորոշչի 14-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված հետազոտությունները, դրանք իրականացվում են անձի հոգեկան վիճակի կայունացման դեպքում` համապատասխան գրառում կատարելով Պատմագրում:
19. Հոգեբուժական օգնության և սպասարկման նպատակով երկարատև (երեք ամիս և ավելի) հոսպիտալացված անձանց հոսպիտալացումից հետո երեք ամիսը մեկ անգամ, իսկ անձի առողջական վիճակից կախված` նաև ավելի հաճախ, կատարվում են սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված հետազոտությունները, որոնց արդյունքները թերապևտը գրանցում է Պատմագրում:
20. Հիվանդանոցային պայմաններում մասնագիտական խնամքը տրամադրվում է բժիշկ-հոգեբույժի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման, շուրջօրյա մասնագիտական խնամքի անհրաժեշտություն ունեցող, ինչպես նաև սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց:
21. Հիվանդանոցային պայմաններում մասնագիտական խնամքի նպատակով հոսպիտալացված անձի դուրսգրումն իրականացվում է հոգեբուժական օգնության և սպասարկման և մասնագիտական խնամքի անհրաժեշտության վերացման դեպքում:
4. ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Երևան քաղաքում կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերով անվճար ապահովումը (դուրս գրում և հատկացում) իրականացվում է երեխաների հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային դիսպանսերային բժշկական կազմակերպության կողմից (այսուհետ` Դիսպանսեր), իսկ մարզերում (բացառությամբ Շիրակի մարզի) կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի դուրս գրումն իրականացվում է ԱԱՊ այն կազմակերպության տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից, որտեղ հավաքագրված են մինչև 18 տարեկան երեխաները` Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբեր 26-ի N 2674-Լ հրամանի հավելված N 1-ի Ձև 5-ով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպություններում երեխաների ախտորոշման ճշտման ուղեգրի հետադարձ կտրոնում (այսուհետ, Հետադարձ կտրոն) Դիսպանսեր ծառայության բժշկի կողմից նշված նշանակումների հիման վրա, իսկ հատկացումը` մարզպետարանի կողմից լիազորված` թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բացթողման և կիրառման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից, ընդ որում հիվանդանոցից դուրս գրված երեխայի դեղերի տրամադրման շարունակականությունը ապահովելու նպատակով, Դիսպանսերի կողմից տրվող Հետադարձ կտրոնի բացակայության դեպքում, դեղատոմսի դուրս գրման հիմք է հիվանդանոցային էպիկրիզում նշված նշանակում(ներ)ը՝ հիվանդանոցից դուրս գրումից հետո 1 ամսվա ընթացքում կազմակերպելով երեխայի ուղեգրումը Դիսպանսեր: Նշանակվող դեղերի ընտրությունը կատարվում է կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի ցանկին կամ ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
23. Դիսպանսեր ծառայության բժշկի կողմից նշանակված` կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի ցանկում չներառված դեղը դուրս է գրվում ԱԱՊ այն կազմակերպության տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից, որտեղ հավաքագրված են մինչև 18 տարեկան երեխաները: Նշված դեղերի տրամադրումը իրականացվում է դեղատոմսը դուրս գրող ԱԱՊ կազմակերպության կողմից` Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման պահանջներին և ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
24. Դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաների ընթացիկ այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով՝ բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման դեպքերը: Ըստ անհրաժեշտության, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող` ծանր սոմատիկ և հոգեկան առողջության խնդիրներով երեխաների հերթական զննումները տարին մեկ անգամ կարող են կազմակերպվել նաև արտագնա այցերի միջոցով` այդ նպատակով գործուղված Դիսպանսերի մասնագետների կողմից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|