Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.242
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2018 թ.

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 28-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

Հրամայում եմ

 

Հաստատել փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Պաշտոնակատար`

Ա. Թորոսյան

 

Հավելված

 Առողջապահության նախարարի 
 2018 թ. հոկտեմբերի 18-ի N 22-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փոխներարկումային բժշկական օգնության իրականացմանը ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է բուժական նպատակով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական կազմակերպություններում:

3. Արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված և հնարավորինս անվտանգ: Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության ապահովման նպատակով դոնորական արյունը պարտադիր հետազոտվում է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների համաձայն։

4. Արգելվում է փոխներարկել սահմանված կարգով չստուգված, ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:

5. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովում է արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը՝ ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման ուղղվածության) մահճակալին` չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից:

6. Արյան բաղադրամասերի փոխներարկում իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ռեցիպիենտի համար այդ բժշկական օգնության նպատակահարմարությունը և հնարավոր ռիսկերը:

7. Արյան բաղադրամասերի փոխներարկումը թույլատրվում է ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 15-ով հաստատված ռեցիպիենտի ծանուցման ձևի կամ բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքում ընդունված որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում բժշկի կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթում:

8. Արյան բաղադրամասերը փոխներարկվում են հետևյալ փուլերով՝

1) արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնավորումից հետո բժշկի կողմից լրացվում է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի Հավելված 11-ով հաստատված արյան բաղադրամասերի պահանջագիրը, որը ներկայացվում է արյան բաղադրամասերի պատրաստմամբ և պահպանմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություն.

2) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է՝

ա. ստուգել արյան բաղադրամասի պարկի ամբողջականությունը, պիտակի տեղեկատվության ճշտությունը, մակրոսկոպիկ գնահատել բաղադրամասի որակը.

բ. փոխներարկումից առաջ կրկնակի որոշել պացիենտի և փոխներարկվող արյան բաղադրամասի խմբային և ռեզուս պատկանելությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների 8-րդ և 9-րդ կետերի համաձայն.

գ. կատարել փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

3) միջին բուժաշխատողների կողմից իրականացվում է փոխներարկվող արյան բաղադրամասի նախապատրաստում՝

ա. թարմ սառեցված պլազմայի, կրիոպրեցիպիտատի հալեցում ջրային բաղնիքում կամ հալեցման համար նախատեսված հատուկ սարքերում, +35+370C ջերմաստիճանի պայմաններում: Նշված սարքերի բացակայության դեպքում պլազմայի հալեցումը կատարվում է ջրով լցված տարայում: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի +35+370C: Արգելվում է հալեցումը կատարել ոչ ջրային տարայում/արևի տակ, ձեռքերի մեջ, ջեռուցիչի վրա և այլն/: Փոխներարկումն անհրաժեշտ է անցկացնել պլազման հալեցնելուց անմիջապես հետո,

բ. էրիթրոցիտային զանգվածի տաքացում 18-250C ջերմաստիճանում, 30-60 րոպեի ընթացքում: Գերադասելի է օգտագործել հատուկ տաքացուցիչներ: Անմիջապես փոխներարկումից առաջ էրիթրոցիտային զանգվածի ռեոլոգիական հատկությունների լավացման համար, դրա վրա կարելի է ավելացնել 50-100 մլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ.

4) արյան բաղադրամասը փոխներարկվում է միանգամյա օգտագործման ֆիլտրով՝ ներերակային, կաթիլային եղանակով.

5) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է անկախ փոխներարկվող բաղադրամասերի ծավալից՝ կատարել կենսաբանական համատեղելիության փորձ: Հիվանդին միանվագ ներարկվում է 10 մլ արյան բաղադրամաս՝ 2-3 մլ/րոպե (40-60 կաթիլ/րոպե) արագությամբ, որից հետո փոխներարկումն ընդհատվում է: Երեք րոպեի ընթացքում բժիշկը հսկում է ռեցիպիենտի ընդհանուր վիճակը, գնահատում է պուլսի և շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման, մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը: Այս գործողությունները պետք է կրկնվեն ևս 2 անգամ: Եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվում է ստորև թվարկված կլինիկական ախտանիշներից (դող, սարսուռ, ցավեր գոտկատեղում, կրծոսկրի ետևում սեղմման զգացողություն, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում) որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես ընդհատել տվյալ բաղադրամասի փոխներարկումը:

9. Ընդհանուր անզգայացման ժամանակ արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջացած բարդությունների մասին վկայում են վիրահատական վերքից չպատճառաբանված արյունահոսությունը, զարկերակային ճնշման անկումը, պուլսի հաճախացումը, միզապարկի կաթետրավորմամբ ստացված մեզի գույնի փոփոխությունը: Այդպիսի դեպքերում տվյալ բաղադրամասի փոխներարկումն անհրաժեշտ է ընդհատել:

10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը, որի արդյունքում հայտնաբերված բարդությունները գրանցվում են հիվանդության պատմագրում։ Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ:

(10-րդ կետը խմբ. 11.10.21 N 79-Ն)

11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում կամ լրացվում է սույն հավելվածով սահմանված արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրության Ձևը (այսուհետ` փոխներարկման արձանագրություն): Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը և փոխներարկման արձանագրությունը փակցվում են հիվանդության պատմագրի մեջ:

(11-րդ կետը խմբ. 11.10.21 N 79-Ն)

12. Յուրաքանչյուր փոխներարկված արյան բաղադրամասի վերաբերյալ գրառում է կատարվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 14-ով հաստատված արյան բաղադրամասերի փոխներարկման մատյանում:

13. Փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանվում է սառնարանային պայմաններում՝ +2-+60C, 48 ժամ:

  

Ձև

 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ

      

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

    

Փոխներարկման
ժամը,օրը,ամիսը,տարին

                     

Հիվանդության
պատմագրի համարը

                     

Պացիենտի արյան խումբը
և ռեզուս գործոնը

                     

Արյան բաղադրամասի
անվանումը

                     

Դոնորի արյան խումբը և
ռեզուս գործոնը

                     

Արյան բաղադրամասի
փաթեթի համարը

                     

Պատրաստման
ժամկետը

                     

Պատրաստող բժշկական կազմակերպությանանվանումը

                     

Պիտանելիության
ժամկետը

                     

Խմբային
համատեղելիությունը

                     

Ռեզուս
համատեղելիություն

                     

Կենսաբանական փորձի
տվյալները

                     

Փոխներարկվող արյան
բաղադրամասի քանակը

                     

Ռեակցիաները և
բարդությունները

                     

Բժշկի
ստորագրությունը

                     

(ձևը լրաց. 11.10.21 N 79-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 11.10.21 N 79-Ն)