Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.20/3(572) Հոդ.20
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.01.2017
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունվարի 2017 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎ դատավորի թեկնածուի ՀԱՎԱԿՆՈՐԴ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ` ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 08.10.21 N 71-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով`

(նախաբանը լրաց. 08.10.21 N 71-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու և դատավորի թեկնածուի հավակնորդ առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.10.21 N 71-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի հունվարի 13-ի
N 06-Ն հրամանի

 

ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎ դատավորի թեկնածուի ՀԱՎԱԿՆՈՐԴ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ` ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳ

(վերնագիրը լրաց. 08.10.21 N 71-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու և դատավորի թեկնածուի հավակնորդ առաջադրվող քաղաքացու (այսուհետ` քաղաքացի)` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 08.10.21 N 71-Ն)

2. Քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն (այսուհետ` ստուգում) իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք հայերենին տիրապետելու մասին (այսուհետ` տեղեկանք):

(2-րդ կետը փոփ. 08.10.21 N 71-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում է թեստավորման համար առաջադրանքների հարցաշար, որը, ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները՝ առաջադրանքների կազմման աղբյուրի հետ միասին, պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում:

(3-րդ կետը խմբ. 08.10.21 N 71-Ն)

4. Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության մի քանի բաժիններ` հետևյալ հարաբերակցությամբ`

1) «Ուղղագրություն» - 35%.

2) «Ուղղախոսություն» - 35%.

3) «Բառագիտություն» - 30%:

5. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը, ինչպես նաև նշում է այն էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, որով կարող է տեղեկացվել թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին:

(5-րդ կետը փոփ. 08.10.21 N 71-Ն)

6. Դիմումը նախարարությունում մուտքագրվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում` նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով, որը կազմված է առնվազն 3 անդամից: Մեկ անգամ դիմում ներկայացնելը չի սահմանափակում քաղաքացու` կրկին անգամ դիմելու հնարավորությունը:

(6-րդ կետը փոփ. 08.10.21 N 71-Ն)

7. Քաղաքացին թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին լրացուցիչ տեղեկացվում է:

8. Թեստավորումն անցկացվում է գրավոր` այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար ստեղծվում են լրացուցիչ պայմաններ:

9. Քաղաքացին թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովը ստուգում է նրա ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:

10. Թեստավորման ընթացքում քաղաքացուն արգելվում է սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

11. Քաղաքացու ներկայությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը համակարգչի միջոցով ձևավորում է թեստ և այն ամփոփաթերթի հետ տրամադրում քաղաքացուն:

12. Թեստը բաղկացած է սույն կարգի 5-րդ կետով սահմանված համամասնությամբ պատահականության սկզբունքով ընտրված 30 առաջադրանքից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

13. Քաղաքացին ամփոփաթերթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամներից մեկը կտրում է ամփոփաթերթի անձնական տվյալները պարունակող մասերը, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը:

14. Թեստը բաղկացած է առաջադրանքներից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

15. Թեստավորման առաջադրանքները քաղաքացուն տրամադրելուց հետո հայտարարվում է թեստավորման սկիզբը: Առաջադրանքները կատարելու համար տրվում է 50 րոպե ժամանակ:

16. Քաղաքացին ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթի համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

17. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացին թեստը և ամփոփաթերթը հանձնում է Հանձնաժողովին, դուրս գալիս սենյակից:

18. Հանձնաժողովը ստուգում է առաջադրանքները, հաշվարկում հավաքած միավորների քանակը, արդյունքների վերաբերյալ կազմում արձանագրություն, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:

19. Թեստում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

20. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին հրավիրվում է թեստավորման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է նրա հավաքած միավորները:

21. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` հրապարակումից հետո երեսուն րոպեի ընթացքում, ինչպես նաև` վերադասության կարգով` ՀՀ կրթության և գիտության նախարարին:

22. Բողոքարկումը թեստի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացու հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

23. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացու բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացու պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

24. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտից հետո, նույն օրը Հանձնաժողովը թեստավորման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարին:

25. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարը կայացնում է որոշում` քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանք տրամադրելու մասին, եթե թեստավորման արդյունքում քաղաքացին հավաքել է առնվազն 27 միավոր:

26. Մինչև 27 միավոր ստանալու դեպքում քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքի տրամադրումը մերժվում է:

27. Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է` դիմումը ներկայացնելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

28. Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:

29. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի և դատավորի թեկնածուի հավակնորդի` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու քննության անցկացման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

(29-րդ կետը լրաց. 08.10.21 N 71-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.10.21 N 71-Ն)