Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11275/07
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (24.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2016
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2017

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 11275/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 նոյեմբերի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]՝ Նախագահ,

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Թիմ Այքը [Tim Eicke]՝ դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,

2016 թվականի նոյեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հրաչյա Մուրադյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2007 թվականի մարտի 12-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 11275/07) հիման վրա։

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իր որդին՝ Սուրեն Մուրադյանը, մահացել է իր վերադասների՝ երեք սպաների վատ վերաբերմունքի և հետագայում պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով, և որ իշխանություններն այդ հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել։

4. 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1956 թվականին և բնակվում է Բաղրամյան գյուղում։

 

Ա. Սուրեն Մուրադյանի հիվանդությունը, հոսպիտալացումը և հետագայում վրա հասած նրա մահը

 

6. 2001 թվականի հունիսի 26-ին Սուրեն Մուրադյանը զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ և ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի թիվ 59703 զորամասում (այսուհետ՝ զորամաս), որը գտնվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղ)։ Ծառայության ընթացքում նա ներգրավված է եղել նաև զորամասի նվագախմբում՝ որպես շեփորահար։

7. 2002 թվականի հուլիսի 24-ից կամ 25-ից Սուրեն Մուրադյանի առողջական վիճակն սկսել է վատանալ։ Նրա ջերմությունը ժամանակ առ ժամանակ բարձրացել է մինչև 400 C, նրա մոտ նկատվել է դող, գլխացավեր, սրտխառնոց և ախորժակի կորուստ։

8. Պարզվել է, որ հաջորդ օրը Սուրեն Մուրադյանին, ով այդ ժամանակահատվածում մնացել է զորանոցում, այցելել է զորամասի բուժծառայության պետ Ա. Հ.-ն (այսուհետ՝ զորամասի բժիշկ Ա. Հ.)։ Հայտնի չէ, թե այդ այցելությունն ինչ արդյունք է ունեցել։ Նաև պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 27-ին, երբ Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է, նրա ծառայակիցները կրկին կանչել են Ա. Հ.-ին, ով այդ ժամանակ գտնվել է բուժկետում։ Նա հրաժարվել է գալ՝ ասելով, որ Սուրեն Մուրադյանն ինքը պետք է գնա բուժկետ։

9. Բացի այդ, պարզվել է, որ ավելի ուշ Սուրեն Մուրադյանին այցելել է զորամասի բուժկետի պետ Ս. Գ.-ն (այսուհետ՝ զորամասի բժիշկ Ս. Գ.), ով ըստ երևույթին նրան տվել է ջերմիջեցնող հաբեր և կատարել մի քանի ներարկում։ Սուրեն Մուրադյանի մոտ ըստ երևույթին ախտորոշվել է «սուր շնչառական հիվանդություն»։

10. Այս ամբողջ ժամանակահատվածում Սուրեն Մուրադյանի՝ զորամասի բուժկետում պահվող անձնական բժշկական քարտում կատարվել է միայն երկու գրառում՝ 2002 թվականի հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին, որոնց համաձայն Սուրեն Մուրադյանի մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, մարմնի ցավեր, մկանային ցավ և բարձր ջերմություն։ Նշանակվել են ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ անալգին և պարացետամոլ։

11. 2002 թվականի օգոստոսի 3-ին ժամը 18։30-ին Սուրեն Մուրադյանը, որի վիճակը վատթարացել էր, զորամասի բժիշկ Ս. Գ.-ի կողմից տեղափոխվել է Մեխակավանի (Լեռնային Ղարաբաղ) զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալացվելիս Սուրեն Մուրադյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից, տենդից և դողից։ Որպես նախնական ախտորոշում՝ նշվել է «մալարիա»-ն։ Նրա բուժող բժիշկ է նշանակվել հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի գործող տնօրեն Ի. Մ.-ն (այսուհետ՝ հոսպիտալի բժիշկ Ի. Մ.)։

12. Ժամը 18։45-ին Սուրեն Մուրադյանն անցել է նախնական բուժզննություն։ Նրա ջերմությունը եղել է 38.50 C, իսկ նրա ընդհանուր վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Նա պնդել է, որ վերջին շաբաթը հիվանդ է եղել, ջերմությունն անընդհատ տատանվել է և ուղեկցվել է դողով։ Հետազոտվել են նրա թոքերը և որովայնը։ Շոշափելիս նա ցավ է զգացել որովայնի ձախ կողմում, իսկ աջ կողմում թույլ ցավ է զգացել։ Եզրակացության մեջ նշվել է, որ Սուրեն Մուրադյանը պետք է մանրամասնորեն հետազոտվի՝ բարձր ջերմության պատճառը պարզելու համար և անցնի մակաբուծաբանական հետազոտություն՝ հաշվի առնելով, որ նրա ծառայության վայրը մալարիայի օջախ է, և որ նրա մոտ առկա են եղել մալարիայի նախնական կլինիկական նշանները։ Նրան նշանակվել են ջերմիջեցնող դեղամիջոցներ ու վիտամիններ, և նշանակվել է կաթիլային ներարկում։

13. 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 11։00-ին Սուրեն Մուրադյանի ընդհանուր վիճակը գնահատվել է հարաբերականորեն բավարար, իսկ ջերմությունը եղել է 37.20 C։ Նրա մոտ դող չի նկատվել։

14. Ժամը 15։30-ին Սուրեն Մուրադյանի մոտ սկսել է դող նկատվել, և նրա ջերմությունը հասել է 39.80 C։ Նշանակվել է արյան ընդհանուր քննություն և մակաբուծաբանական հետազոտություն, և հետազոտության համար նրանից վերցվել է արյան նմուշ։

15. Ժամը 19։40-ին Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է։ Նա եղել է գիտակից, սակայն անհանգիստ վիճակում։ Նա փսխել է, գանգատվել է սրտխառնոցից և որովայնի ցավերից, գունատ է եղել և ծանր է շնչել։ Ըստ սանիտարի՝ Սուրեն Մուրադյանը զուգարանից դուրս գալիս ընկել է։ Հետազոտության ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, և նրա զարկերակը չի շոշափվել։ Անմիջապես կանչվել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկը։

16. Ժամը 19։45-ին վերակենդանացման բաժանմունքի բժիշկն արձանագրել է Սուրեն Մուրադյանի կլինիկական մահը և սկսել է վերակենդանացման միջոցառումները։

17. Ժամը 21։15-ին, երբ վերակենդանացման միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, արձանագրվել է Սուրեն Մուրադյանի կենսաբանական մահը։ Մակաբուծաբանական հետազոտության արդյունքների համաձայն, որոնք պարզ են դարձել նույն օրը, Սուրեն Մուրադյանի արյան նմուշի մեջ մալարիայի հետք չի հայտնաբերվել։

 

Բ. Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության կողմից իրականացված քննությունը

 

1. Նախնական բժշկական եզրակացությունները և քրեական գործի հարուցումը

 

18. 2002 թվականի օգոստոսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության քննիչ Գ.-ն նշանակել է Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է իրականացվեր դատաբժշկական փորձագետի կողմից Հայաստանում՝ Երևանում։ Փորձագետից պահանջվել է որոշել մահվան ժամանակը և պատճառը, արտաքին վնասվածքների առկայությունը, դրանց բնույթը, պատճառման մեխանիզմը և մահվան հետ հնարավոր կապը։ Արյան վերոնշյալ նմուշը նույնպես ներկայացվել է փորձագետին՝ դրանում մալարիայի առկայությունն ստուգելու համար։

19. Նույն օրը քննիչը կատարել է Սուրեն Մուրադյանի դիակի արտաքին ուսումնասիրություն։ Այնուհետև նա ցուցմունք է վերցրել հոսպիտալի ընդունարանի ավագ բուժքույրերից մեկից, որը պնդել է, որ Սուրեն Մուրադյանը հոսպիտալացվելիս իրեն այնքան վատ է զգացել, որ գրեթե չի կարողացել խոսել և ցանկացել է պառկել։ Հետո նա հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ին ասել է, որ վերջին ութ օրը գտնվել է այդ վիճակում, Ի. Մ.-ն Սուրեն Մուրադյանին հոսպիտալ ուղեկցած՝ զորամասի բժիշկ Ս. Գ.-ին բարկացած հարցրել է, թե ինչու են նրան այդքան ուշ տեղափոխել հոսպիտալ։ Բուժքույրը նաև հաստատել է, որ Սուրեն Մուրադյանը հոսպիտալ է տեղափոխվել մալարիայի կասկածանքով։

20. 2002 թվականի օգոստոսի 6-ին դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն սկսել է Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ներառյալ դիահերձումը, և նույն օրը հեռախոսագիր է ուղարկել քննիչ Գ.-ին՝ տեղեկացնելով, որ Սուրեն Մուրադյանը մահացել է սուր ներքին արյունահոսությունից, որովայնի ներքին բութ վնասվածքի ձախ թուլակողի շրջանում հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծախի պատռվածքի հետևանքով։

21. Նույն օրը քննիչը, հաշվի առնելով, որ Սուրեն Մուրադյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է) թիվ 91204602 քրեական գործը հարուցելու մասին։

 

2. Դատաբժշկական փորձաքննության և քննչական մյուս գործողությունների արդյունքները

 

22. 2002 թվականի օգոստոսի 7-ին զորամասի առնվազն վեց զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա։ Նրանց ցուցմունքների համաձայն՝ 2002 թվականի հուլիսի 21-ին զորամասի մի խումբ զինծառայողների, այդ թվում՝ Սուրեն Մուրադյանին տարել են քաղաք Մարտունի (Լեռնային Ղարաբաղ)՝ տարբեր զորամասերի թիմերի միջև կազմակերպված հումորի [ուրախների և հնարամիտների ակումբի] մրցույթին մասնակցելու համար։ Խմբին ուղեկցել են լեյտենանտ Վ. Գ.-ն և կապիտան Դ. Հ.-ն (այսուհետ՝ սպաներ Վ. Գ. և Դ. Հ.)։ Մրցույթից հետո զինծառայողներին տեղափոխել են փոստային բաժանմունք, որի դիմաց վիճաբանություն է առաջացել սպաներ Վ. Գ.-ի ու Դ. Հ.-ի և Սուրեն Մուրադյանի միջև։ Սպա Վ. Գ.-ն պնդել է, որ ժամացույցը, որը Սուրեն Մուրադյանը կրել է, իրեն է պատկանել, և ինքն այն կորցրել է մի քանի օր առաջ սեղանի թենիս խաղալիս։ Սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն սկսել են հայհոյել Սուրեն Մուրադյանին։ Սպա Վ. Գ.-ն բռնել է Սուրեն Մուրադյանի ձեռքը և հանել է ժամացույցը։ Սուրեն Մուրադյանն ասել է, որ ժամացույցը վերցրել է համածառայակիցներից մեկից, որի անունը չի մտաբերում՝ հումորի մրցույթի ժամանակ կրելու համար։ Սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն չեն հավատացել նրան և ժամանակ են տվել՝ այդ անձի ինքնությունը պարզելու համար։ Նրանք նաև պնդել են, որ ևս մեկ ժամացույց է կորել, և Սուրեն Մուրադյանից պահանջել են այդ նույն ժամկետում գտնել և բերել այն։ Սպա Դ. Հ.-ն սպառնացել է, որ նա խնդիրներ կունենա, եթե չկատարի պահանջը։ Միջադեպից հետո խումբը բարձրացել է ավտոբուս՝ զորամաս վերադառնալու համար։ Սուրեն Մուրադյանը և սպաներ Վ. Գ.-ն ու Դ. Հ.-ն բաժանվել են՝ ինչ-որ բան ցածր քննարկելով։

Ի պատասխան քննիչի հարցի՝ զինծառայողները նշել են, որ ո՛չ Վ. Գ.-ն և ո՛չ էլ Դ. Հ.-ն վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանին չեն հարվածել։ Նրանք նաև նշել են, որ Սուրեն Մուրադյանը դրանից հետո իրենց ասել է, որ հաջորդ օրերին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն իրեն մի քանի անգամ տարել են զորամասի հրամանատարի տեղակալ, հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Կ. Զ.-ի (այսուհետ՝ սպա Կ. Զ.) աշխատասենյակ։ Այնտեղ նրան ժամանակ են տվել՝ իրենց պահանջները կատարելու համար։ Սպա Կ. Զ.-ն սպառնացել է, որ եթե նա չկատարի պահանջները, խնդիրներ կունենա և կպատժվի։ 2002 թվականի հուլիսի 24-ից 25-ը Սուրեն Մուրադյանն իրեն վատ է զգացել և անկողնուց վեր չի կացել։ Նրան մի քանի անգամ այցելել են զորամասի բժիշկներ Ա. Հ.-ն և Ս. Գ.-ն։ Օգոստոսի 2-ին զորամասի մի խումբ զինծառայողներ մեկնել են քաղաք Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղ)՝ մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար։ Սուրեն Մուրադյանը գնացել է նրանց հետ, սակայն չի կարողացել մասնակցել, քանի որ իրեն շատ վատ է զգացել։ Խումբը Ստեփանակերտից զորամաս է վերադարձել գիշերը ուշ, իսկ հաջորդ օրը Սուրեն Մուրադյանը տեղափոխվել է հոսպիտալ։

Ի պատասխան քննիչի հարցի՝ զինծառայողները նշել են, որ տեղյակ չեն՝ արդյոք Սուրեն Մուրադյանը ծեծի է ենթարկվել կամ արդյոք նա կռվի մասնակից է դարձել։

23. Նույն օրը հարցաքննվել են զորամասի երկու այլ զինծառայողներ՝ Կ. Ե.-ն և Գ. Մ.-ն։ Զինծառայող Կ. Ե.-ն նշել է, որ նա ներկա է գտնվել սեղանի թենիսի նշված խաղին, իսկ զինծառայող Գ. Մ.-ն նշել է, որ Սուրեն Մուրադյանին ինքն է տվել ժամացույցը։ 2002 թվականի հուլիսի 23-ին կամ 24-ին (ըստ զինծառայող Գ. Մ.-ի) կամ 2002 թվականի հուլիսի 25-ին (ըստ զինծառայող Կ. Ե.-ի) իրենց երեքին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն մի քանի անգամ տարել են զորամասի շտաբ՝ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ իրենց հարցեր են տվել ժամացույցների վերաբերյալ։ Այնտեղ իրենց մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տվել՝ երկրորդ ժամացույցը գտնելու և բերելու համար։ Երբ ժամը 18։00-ին իրենք վերադարձել են, Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին կարգադրել են մտնել առաջինը, իսկ զինծառայող Գ. Մ.-ն մտել է նրանց դուրս գալուց հետո։ Ըստ զինծառայող Գ. Մ.-ի՝ իրենց ևս երկու օր ժամանակ են տվել, մինչդեռ ըստ զինծառայող Կ. Ե.-ի՝ երկրորդ ժամացույցը գտնելու համար իրենց ժամանակ են տվել մինչև շաբաթ օրը (հուլիսի 27-ը) առավոտյան։ Զինծառայող Կ. Ե.-ն նաև նշել է, որ հուլիսի 27-ին իրեն ժամանակավոր տեղափոխել են՝ որոշ աշխատանքներ կատարելու համար, և ինքն այդ պատմության հետ այլևս կապ չի ունեցել։ Նա ավելացրել է, որ երբ ինքը և Սուրեն Մուրադյանը միասին են եղել աշխատասենյակում, իրենց ոչ ոք ձեռք չի տվել։

24. Համապատասխանաբար 2002 թվականի օգոստոսի 9-ին և 10-ին քննիչը որպես վկա հարցաքննել է սպաներ Դ. Հ.-ին և Վ. Գ.-ին, որոնք պատմել են Մարտունիում 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած դեպքերի, այդ թվում՝ իրենց և Սուրեն Մուրադյանի միջև փոստային բաժանմունքի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասին։ Սպա Վ. Գ.-ն նշել է, inter alia, որ Սուրեն Մուրադյանը ժամացույցն ինքնակամ հանել և տվել է իրեն։ Սպա Դ. Հ.-ն նշել է, inter alia, որ ինքը հաջորդ օրն առավոտյան զորամասի շտաբի դիմաց հանդիպել է Սուրեն Մուրադյանին և նրան տվել է երեք օր ժամանակ՝ ժամացույցը գտնելու և բերելու համար։ Երկու սպաները նաև նշել են, որ եռօրյա ժամկետը լրանալուց հետո իրենք Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին տարել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ սպա Կ. Զ.-ն նրանց հետ առանձին զրուցել է։

Քննիչը սպա Դ. Հ.-ին որևէ հարց չի առաջադրել, իսկ սպա Վ. Գ.-ին մի քանի հարց է առաջադրել 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ։ Սպա Վ. Գ.-ն խոստովանել է, որ հայհոյել է Սուրեն Մուրադյանին և ուժեղ թափահարել ու քաշել է նրա ձեռքը, սակայն հերքել է, որ հարվածել է նրան, և չի կարողացել մտաբերել՝ արդյոք ինքն է նրան ապտակել, թե՝ սպա Դ. Հ.-ն։

25. 2002 թվականի օգոստոսի 11-ին քննիչը որպես վկա հարցաքննել է սպա Դ. Հ.-ին՝ նրան առաջադրելով 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ մի շարք հարցեր։ Քննիչը նաև պահանջել է պատմել հետագա հանդիպումների մասին, որոնց վերաբերյալ տված իր նախորդ ցուցմունքը Դ. Հ.-ն պնդել է՝ ավելացնելով, որ դրսում սպասելու ընթացքում ինքը սպա Կ. Զ.-ի աշխատասենյակից որևէ ձայն չի լսել։

26. Նույն օրը զինծառայող Կ. Ե.-ն կրկին հարցաքննվել է։ Նա իր նախորդ ցուցմունքին ավելացրել է, որ երբ ինքն ու Սուրեն Մուրադյանը գտնվել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում, սպա Կ. Զ.-ն իրենց հայհոյել է, սակայն չի հարվածել։

27. 2002 թվականի օգոստոսի 12-ին սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն նորից են հարցաքննվել, և նրանց հարցեր են առաջադրվել 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ։ Սպա Դ. Հ.-ին հարցրել են, inter alia, թե արդյոք նա անձնական շարժառիթներով է Սուրեն Մուրադյանին այդքան հաճախ զորամասի շտաբ կանչել, ինչպես նաև հարցրել են, թե ինչու Սուրեն Մուրադյանի բժշկական քարտում մինչև 2002 թվականի օգոստոսի 3-ը որևէ գրառում չի կատարվել, եթե նա առաջին անգամ բժշկական օգնություն է խնդրել 2002 թվականի հուլիսի 25-ին։

28. 2002 թվականի օգոստոսի 17-ին քննիչը ցուցմունք է վերցրել սպա Կ. Զ.-ից։ Սպա Կ. Զ.-ն հաստատել է, որ ինքը Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին կանչել է իր աշխատասենյակ՝ կորած ժամացույցների մասին զրուցելու համար։ Զրույցի ժամանակ Սուրեն Մուրադյանին թույլատրվել է գնալ և կանչել զինծառայող Գ. Մ.-ին։ Այնուհետև նա զրուցել է նրանց երեքի հետ՝ առաջինը բաց թողնելով Գ. Մ.-ին, իսկ մյուս երկուսից պահանջել է գտնել և բերել կորած ժամացույցները։ Սպա Կ. Զ.-ն նաև նշել է, որ 2002 թվականի հուլիսի 29-ին ինքը կրկին կանչել է Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին, սակայն վերջինս միայնակ է եկել, քանի որ Սուրեն Մուրադյանն իրեն լավ չի զգացել։ Ապա զինծառայող Կ. Ե.-ին կարգադրել է գնալ և բերել Սուրեն Մուրադյանին։ Երբ վերջինս եկել է, ինքը հարցրել է, թե ինչ է պատահել և ինչու է նա մնացել զորանոցում, ինչին Սուրեն Մուրադյանը պատասխանել է, որ ջերմություն ունի և ստանում է բժշկի կողմից նշանակված բուժումը։ Սպա Կ. Զ.-ն այնուհետև նրանց տվել է մեկ շաբաթ՝ երկրորդ ժամացույցը գտնելու համար։

Քննիչը սպա Կ. Զ.-ին երկու հարց է առաջադրել. ա) արդյոք նա հարվածել, ապտակել կամ հայհոյել է Սուրեն Մուրադյանին կամ զինծառայող Կ. Ե.-ին, երբ նրանք գտնվել են իր աշխատասենյակում, ինչը սպա Կ. Զ.-ն հերքել է, և բ) արդյոք նա միայնակ է եղել, երբ հանդիպել է նրանց, ինչին սպա Կ. Զ.-ն պատասխանել է, որ ինքը նրանց հանդիպել է միայն իր աշխատասենյակում։

29. 2002 թվականի սեպտեմբերի 2-ին դիմումատուն ճանաչվել է տուժող։

30. 2002 թվականի սեպտեմբերի 11-ին դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, և դրա արդյունքներն ուղարկվել են Հադրութի կայազորի զինվորական դատախազություն։ Դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ի եզրակացությունների համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Դիակի արտաքին ուսումնասիրությունը. ... Վնասվածքները. Ճակատի աջ կողմում առկա է 0.8 x 0.6 չափերի քերծվածք, որը գտնվում է շրջակա մաշկից ներքև և ունի մուգ կարմիր մակերես։ ...

 

Դիակի ներքին ուսումնասիրությունը. ... Մկանների հաստության մեջ՝ որովայնի ձախ կողմում, փայծախի պրոյեկցիայով հայտնաբերվել է 10 x 9 սմ չափերի արյունազեղում ...

Հոսպիտալում Սուրեն Մուրադյանից վերցված արյան նմուշն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ մանրէաբանական հետազոտության համար...

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 74252 զորամասի կողմից 2002 թվականի օգոստոսի 28-ին ստացվել է 2002 թվականի օգոստոսի 21-ով թվագրված հետևյալ պատասխանը ... ,հոսպիտալում Սուրեն Մուրադյանից վերցված արյան պատրաստուկը մանրադիտակի միջոցով մանրէաբանական հետազոտության ենթարկելու արդյունքում հայտնաբերվել են ... մալարիայի երեք օրվա վաղեմության հարուցիչներ»։ 2002 թվականի սեպտեմբերի 11-ով թվագրված ... դատահյուսվածքաբանական ուսումնասիրության արդյունքների համաձայն ... «Դատահյուսվածքաբանական ուսումնասիրության եզրակացություն. ... որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների հին և նոր արյունազեղումներ, փայծախի ներքին արյունազեղում»։

 

Դատաբժշկական ախտորոշում. Որովայնի փակ, բութ վնասվածք, որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումներ, մեծացած փայծախ..., փայծախի պատռվածք և արյունազեղում, ... Սուր ներքին արյունահոսություն։ Մալարիա։ Քերծվածք ճակատի աջ կողմում...

 

Հետևություններ.

...

2. Սուրեն Մուրադյանի մահը վրա է հասել սուր ներքին արյունահոսության պատճառով, որովայնի փակ, բութ վնասվածքի ձախ թուլակողի շրջանում հին և նոր արյունազեղումների առկայությամբ կազմափոխված և մեծացած փայծախի պատռվածքի հետևանքով։

3. Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները. որովայնի ձախ կողմի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումներ, փայծախի պատռվածք և արյունազեղում ... [և] քերծվածք ճակատի աջ կողմում։ ... Վերոնշյալ վնասվածքներից որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումները [և] փայծախի պատռվածքն ու արյունազեղումը ... պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկաների կամ գործիքների ներգործությամբ, որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումների բնույթից դատելով՝ կարելի է ասել, որ հին արյունազեղումներն ունեն մոտավորապես 8-10 օրից ավելի վաղեմություն, իսկ նոր արյունազեղումն ունի մոտավորապես 1-2 օրվա վաղեմություն։ Որովայնի փակ, բութ վնասվածքը փայծախի պատռվածքով և սուր ներքին արյունահոսությամբ դասվում է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների շարքին և [Սուրեն Մուրադյանի] մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում։ Ճակատի աջ կողմի քերծվածքը պատճառվել է կենդանության ժամանակ՝ սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով, և համարվում է ոչ ծանր մարմնական վնասվածք...

4. Ինչպես նշվել է վերևում, մահը վրա է հասել հիմնական վնասվածքները (սկզբնական շրջանում որովայնի ձախ հատվածում վերոնշյալ հին արյունազեղումը, որն ամենայն հավանականությամբ ուղեկցվել է փայծախի ենթապատյանային պատռվածքով և ներծծվող արյունազեղմամբ) պատճառվելուց հետո ավելի քան 8-ից 10 օր հետո։ Ինչ վերաբերում է ճակատի աջ կողմում առկա քերծվածքին և նոր արյունազեղմանը, ապա դրանք հասցվել են մահվանից 1-ից 2 օր առաջ։

...

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 3 լաբորատորիայից ստացված պատասխանից հետևում է, որ [զինվորական հոսպիտալում Սուրեն Մուրադյանի դիակից] վերցված արյան նմուշի մեջ հայտնաբերվել են մալարիայի երեք օրվա վաղեմության հարուցիչներ։

13. … Ա. Սուրեն Մուրադյանի փայծախը մալարիայի հետևանքով մեծացած և դեֆորմացված է եղել։

Բ. Գ. Ինչպես նշվել է վերևում, սկզբնական շրջանում որովայնի փակ, բութ վնասվածքի ձախ թուլակողի հին արյունազեղման առկայության հետևանքով ամենայն հավանականությամբ եղել է փայծախի ենթապատյանային պատռվածք արյունահավաքով, որի մասին կողմնակի վկայում են նաև դատահյուսվածքաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված ներծծվող արյունազեղումները փայծախում. հետագա օրերի արյունահավաքի մեծացման պատճառով պատռվել է փայծախի պատյանը, որը դարձել է սուր արյունահոսության պատճառ։ Այս գործընթացը կարող է մի քանի օր տևած լինել, սակայն օրերի հստակ թիվը որոշել հնարավոր չէ։

Դ. Բժշկական քարտից պարզ է դառնում, որ 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19։40-ին Սուրեն Մուրադյանն վայր է ընկել հոսպիտալի զուգարանում. հաշվի առնելով փայծախի պատռվածքի և ներքին սուր արյունահոսության վերաբերյալ վերոնշյալ հանգամանքները՝ փայծախի պատռվածքը չէր կարող առաջանալ հոսպիտալի զուգարանում վայր ընկնելու հետևանքով։»։

31. 2002 թվականի սեպտեմբերի 12-ին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված արարք (պետի կողմից ստորադրյալին բռնի գործողություններով վիրավորանք հասցնելը) կատարելու կասկածանքով։

32. 2002 թվականի սեպտեմբերի 13-ին նրանց մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, և նրանք կալանավորվել են։ Որոշման մեջ նշվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին ժամը 18։30-ի սահմաններում Մարտունու փոստային բաժանմունքի մոտ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք և Սուրեն Մուրադյանին գողություն կատարելու մեջ կասկածելով, նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու փոխարեն մոտ տասնհինգ զինծառայողների ներկայությամբ հարձակվել են նրա վրա՝ հայհոյելով, ապա նաև նվաստացնելով նրան։ Դրանում նաև նշվել է, որ սպա Վ. Գ.-ն քաշքշել է Սուրեն Մուրադյանին՝ նրան ֆիզիկական ցավ պատճառելով։

33. 2002 թվականի սեպտեմբերի 14-ին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն հարցաքննվել են որպես կասկածյալներ և երկուսն էլ պնդել են, որ 2002 թվականի հուլիսի 21-ին իրենք Մարտունու փոստային բաժանմունքի մոտ քաշքշել և հայհոյել են Սուրեն Մուրադյանին։ Նրանց առաջադրվել են հարցեր այն մասին, թե ինչ հայհոյանքներ են հնչել։

34. 2002 թվականի սեպտեմբերի 25-ին քննիչ Գ.-ն որոշել է նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ որոշելու համար Սուրեն Մուրադյանի մահվան մեջ զորամասի սպաների և հոսպիտալի բժիշկների մեղավորությունը, այդ թվում՝ այն, թե արդյոք ախտորոշումը և նշանակված բուժումը եղել են ժամանակին և ճիշտ, արդյոք նա ժամանակին է տեղափոխվել հոսպիտալ և արդյոք նրանք կարող էին հայտնաբերել դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքները։ Որոշման մեջ նշվել է, inter alia, որ 2002 թվականի հուլիսի 21-ին Սուրեն Մուրադյանը վիճաբանել է զորամասի երկու սպաների՝ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի հետ, որից հետո՝ հուլիսի 24-ից, նրա առողջական վիճակը վատացել է։

35. 2002 թվականի հոկտեմբերի 6-ին հարցաքննվել է զորամասի նվագախմբի զինծառայողներից մեկը։ Նա նշել է, որ Սուրեն Մուրադյանը որևէ մեկի հետ վիճաբանություն կամ ընդհարում չի ունեցել։ Մարտունիից վերադառնալիս Սուրեն Մուրադյանն իրեն պատմել է, որ անախորժության մեջ է հայտնվել ժամացույցի պատճառով, և որ «այժմ նրանք անհիմն մեղադրում են իրեն»։ Այնուամենայնիվ, Սուրեն Մուրադյանը նրան կամ մյուսներին չի ասել, որ իրեն վատ են վերաբերվել, նույնիսկ երբ այդ մասին ուղղակիորեն հարց է տրվել սպա Կ. Զ.-ի աշխատասենյակից վերադառնալուց հետո։ Զինծառայողը հաստատել է, որ Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը վատացել է 2002 թվականի հուլիսի 24-ից։ Նա նաև նշել է, որ ինքը և մյուսները սրբել են Սուրեն Մուրադյանի ճակատի, գոտկատեղի, մեջքի և ոտքերի քրտինքը, երբ նա հիվանդ է եղել, սակայն վնասվածքների հետքեր չեն նկատել։ Հիվանդության երկրորդ օրը զորամասի բժիշկ Ա. Հ.-ն այցելել է նրան և հանգել է այն եզրակացության, որ նա մրսել է։ Մի քանի օր անց եկել է զորամասի բժիշկ Ս. Գ.-ն, ասել է, որ Սուրեն Մուրադյանը գրիպով է հիվանդացել, և նրան մի քանի հաբ է տվել։ Վերջին օրերին Սուրեն Մուրադյանը շատ վատ է զգացել. նա սաստիկ հյուծվել և քայլելիս ճոճվել է, և նրանք ստիպված են եղել նրան ուղեկցել զուգարան։

36. 2002 թվականի նոյեմբերի 6-ին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացնող փորձագետները տրամադրել են համապատասխան եզրակացություն։ Դրա հետևությունների համաձայն՝ հնարավոր է, որ զորամասի բժիշկները չհայտնաբերեին Սուրեն Մուրադյանի մահն առաջացրած վնասվածքները, քանի որ մաշկի վրա վնասվածքների տեսանելի հետքեր չեն եղել։ Մեծացած փայծախը կարող էր մալարիայի հետևանք լինել, իսկ Սուրեն Մուրադյանի վնասվածքը կարող էր հանգեցնել ենթապատյանային արյունահոսության, որն էլ այնուհետև հանգեցրել է փայծախի պատռվածքի և սուր ներքին արյունահոսության։ Անդրադառնալով այն փաստին, որ Սուրեն Մուրադյանի արյան նմուշի մեջ 2002 թվականի օգոստոսի 4-ի մանրէաբանական հետազոտության արդյունքում մալարիայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, փորձագետները դա բացատրել են նրանով, որ հարուցիչները հնարավոր է հայտնաբերել հիվանդության այն փուլում, երբ հիվանդի մոտ նկատվում է բարձր ջերմությամբ ուղեկցվող դող և տենդ։ Եզրակացության մեջ ի վերջո նշվել է, որ պայմանավորված այն հանգամանքով, որ մալարիայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, պետք է նշանակվեր ոչ թե սպեցիֆիկ, այլ ախտանշական (սիմպտոմային) բուժում, որն իրականում լիարժեք ապահովվել է։

37. 2002 թվականի նոյեմբերի 7-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և նշել է, որ թե՛ Սուրեն Մուրադյանը և թե՛ զինծառայող Կ. Ե.-ն հերքել են, որ իրենց հարվածել կամ հայհոյել են առաջին անգամ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում գտնվելու ժամանակ։ Երբ ինքը և Սուրեն Մուրադյանը հաջորդ օրը գնացել են աշխատասենյակ, սպա Կ. Զ.-ն իրեն հարցրել է. «Դու ինչո՞ւ ես եկել։ Դուրս արի՛, դու քո պատիժն արդեն կրել ես»։ Ի պատասխան քննիչի հարցի՝ զինծառայող Գ. Մ.-ն նշել է, որ ինքը Սուրեն Մուրադյանի վրա որևէ կապտուկ կամ հետք չի նկատել, երբ վերջինս հինգ րոպե անց դուրս է եկել աշխատասենյակից։ Նա չի կարողացել ասել, թե սպա Կ. Զ.-ն ինչ է նկատի ունեցել և թե արդյոք նրա ասածը նշանակել է, որ այժմ Սուրեն Մուրադյանի հերթն է պատժվելու։

38. 2002 թվականի դեկտեմբերի 2-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին և մանրամասն փաստարկներ է ներկայացրել՝ պնդելով, որ իր որդին մահացել է սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի, Կ. Զ.-ի և մեկ այլ սպայի՝ Բ.-ի կողմից ծեծի ենթարկվելու, ինչպես նաև զորամասի բժիշկներ Ս. Գ.-ի և Ա. Հ.-ի կողմից բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Նա պնդել է, որ զինծառայող Գ. Մ.-ն իր ներկայությամբ հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ սպա Կ. Զ.-ն իր աշխատասենյակում իր նկատմամբ չափազանց վատ վերաբերմունք է դրսևորել։ Նրանից հետո Սուրեն Մուրադյանը միայնակ մտել է նրա աշխատասենյակ և հաջորդ օրն առավոտյան անկողնում իրեն այնքան վատ է զգացել, որ չի կարողացել գնալ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ։ Դիմումատուն պնդել է, որ Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել հենց այդ ժամանակ, ինչն էլ հանգեցրել է փայծախի պատռվածքի և հանգեցրել է նրա մահվան։ Նա նաև պնդել է, որ բժիշկները դիտավորյալ հրաժարվել են բժշկական օգնություն տրամադրել Սուրեն Մուրադյանին և նրան հոսպիտալ տեղափոխել՝ բռնության փաստը թաքցնելու նպատակով։ Դիմումատուն զինվորական դատախազից պահանջել է պարզել իր որդու մահվան համար մեղավոր անձանց։

39. 2002 թվականի դեկտեմբերի 10-ին քննիչ Գ.-ն որոշել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Բացի նախկինում առաջադրված հարցերից՝ փորձագետներից պահանջվել է որոշել՝ արդյոք զորամասի և հոսպիտալի բժիշկները կարող էին հայտնաբերել փայծախի մեծացումը և ինչ պետք է անեին այն հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն, թե արդյոք Սուրեն Մուրադյանի փայծախը կարող էր ավելի վաղ պատռվել և դրա հետևանքով սկսվեր դանդաղ արյունահոսություն։

40. 2002 թվականի դեկտեմբերի 11-ին դատաբժշկական փորձագետները ներկայացրել են լրացուցիչ եզրակացություն։ Դրա հետևությունների համաձայն՝ 2002 թվականի հուլիսի 29-ին Սուրեն Մուրադյանը չի գանգատվել որովայնի ցավերից, և զորամասի բժիշկները որևէ հիմք չեն ունեցել մալարիա կասկածելու համար և նրա մոտ ախտորոշել են սուր շնչառական հիվանդություն։ Եզրակացության մեջ նաև նշվել է, որ սովորաբար բժիշկը պարտավոր է ախտորոշում տալ հիվանդին մանրամասն հետազոտելուց հետո։ Սուրեն Մուրադյանի բժշկական քարտում նշված են եղել նրա գանգատները, սակայն այդպիսի հետազոտման արդյունքների վերաբերյալ որևէ նշում չի եղել։ Եթե 2002 թվականի հուլիսի 29-ին Սուրեն Մուրադյանի փայծախն արդեն մեծացած է եղել, ապա դա հնարավոր կլիներ պարզել շոշափման միջոցով և նրան տեղափոխել հոսպիտալ։ Նույնը հնարավոր կլիներ կատարել նաև հոսպիտալում։ Ինչ վերաբերում է փայծախի ենթապատյանային պատռվածքին, ապա այն հայտնաբերել գրեթե հնարավոր չի եղել։ Եթե փայծախի պատռվածքը հայտնաբերվեր և փայծախը վիրահատության միջոցով հեռացվեր, ապա Սուրեն Մուրադյանի կյանքը հնարավոր կլիներ փրկել։ Ի վերջո, դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերված վնասվածքները բժիշկների կողմից չեն հայտնաբերվել, քանի որ մաշկի դրսի կողմից վնասվածքների տեսանելի հետքեր չեն եղել։

41. 2002 թվականի դեկտեմբերի 15-ին հարցաքննվել է զինծառայող Կ. Բ.-ն, ով հոսպիտալում բուժում է ստանալիս եղել, երբ Սուրեն Մուրադյանին հոսպիտալացրել են։ Նա նշել է, որ Սուրեն Մուրադյանի հետ ծանոթացել է վերջինիս հոսպիտալացվելուց հետո։ Սուրեն Մուրադյանը շատ հիվանդ տեսք է ունեցել և իրեն ասել է, որ վերջին ութ օրն անցկացրել է զորանոցում։ Կ. Բ.-ն նաև նշել է, որ Սուրեն Մուրադյանի ճակատին որևէ կապտուկ չի նկատել, իսկ հոսպիտալում անցկացրած երկու օրվա ընթացքում որևէ ընդհարում կամ վիճաբանություն չի եղել։

42. 2003 թվականի փետրվարի 4-ին վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործն անջատվել է Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված հիմնական քրեական գործից առանձին վարույթում, քանի որ այդ երկուսի միջև պատճառական կապ չի եղել։ Անջատված գործին շնորհվել է նոր համար (թիվ 91200703)։

43. Նախաքննության ժամանակ պարզվել են սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի կողմից կատարված մի քանի այլ՝ սույն գործին չառնչվող արարքներ։ Ինչ վերաբերում է մասնավորապես սպա Դ. Հ.-ին, ապա նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2002 թվականի ապրիլին նա հերթապահության ժամանակ քնելու պատճառով ոտքով հարվածել է զինվորին և ջարդել է նրա ձեռքը։ Սպա Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

44. 2003 թվականի փետրվարի 28-ին անջատված գործով կազմված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Սյունիքի մարզի [ընդհանուր իրավասության] դատարան։

45. 2003 թվականի մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզի դատարան՝ խնդրելով, որ սպա Դ. Հ.-ի նկատմամբ նշանակվի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և որ նա հանձնվի զորամասի հրամանատարության հսկողությանը՝ հաշվի առնելով զինված ուժերում նրա երկար տարիների բարեխիղճ ծառայությունը, թիվ 42009 զորամասի հրամանատարության զեկուցագիրը և այն փաստը, որ նա զղջացել է իր գործողությունների համար, և որ նրա գործողությունները որևէ վտանգ չեն ներկայացրել հասարակության համար։

46. 2003 թվականի ապրիլի 12-ին հարցաքննվել է դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն։ Նա հաստատել է, որ Սուրեն Մուրադյանն արդեն հիվանդ է եղել մալարիայով, երբ հին արյունազեղումներն առաջացել են նրա որովայնի ձախ թուլակողի շրջանում։ Ըստ նրա՝ այն փաստը, որ Սուրեն Մուրադյանը հիվանդ է եղել, կարող էր արագացնել ենթապատյանային պատռվածքի վերածումը լրիվ պատռվածքի և ներքին արյունահոսության։ Այնուամենայնիվ, հարվածից կարող է առաջանալ նույնիսկ առողջ փայծախի ենթապատյանային պատռվածք, որն այնուհետև կարող է վերածվել լրիվ պատռվածքի։ Ենթապատյանային պատռվածքի վերածումը լրիվ պատռվածքի կարող էր տեղի ունենալ թե՛ արտաքին ներգործության և թե՛ դրա բացակայության պարագայում։ Փորձագետն ի վերջո հաստատել է, որ Սուրեն Մուրադյանի մարմնի վրա հայտնաբերված նոր արյունազեղումները և նրա ճակատի ձախ կողմում առկա քերծվածքը կարող էին պատճառված լինել մահվանից առաջ՝ հոսպիտալում վայր ընկնելու հետևանքով։

47. 2003 թվականի ապրիլի 18-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և պնդել է, որ այն ընթացքում, երբ ինքը դրսում սպասել է Սուրեն Մուրադյանին, աշխատասենյակից հարվածի կամ այլ բարձր ձայներ չեն լսվել։ Դրանից հետո իրեն լուրեր են հասել այն մասին, որ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել։ Զինծառայող Գ. Մ.-ն նաև ասել է, որ ինքը Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին հարցրել է՝ արդյոք իրենց հարվածել են, քանի որ սպա Կ. Զ.-ն իր աշխատասենյակում իրեն մի քանի անգամ հարվածել էր։ Նա նաև խնդրել է, որ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի, քանի որ նա ընդամենը երկու կամ երեք անգամ է հարվածել իր հետույքին։

48. 2003 թվականի ապրիլի 24-ին դիմումատուն կապ է հաստատել նախաքննական մարմնի հետ՝ ցանկանալով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։ Հաջորդ օրը նա հարցաքննվել է և նշել է, որ 2002 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր նախկին գործընկերը, որը 2002 թվականի օգոստոսի կեսերին այցելել է այդ նույն զորամասում ծառայող իր բարեկամին, պատմել է, որ լսել է, թե ինչպես է սպաներից մեկն ասում, որ Սուրեն Մուրադյանի նկարագրությանը համապատասխանող մի զինծառայող վերջերս մահացել է սպա Վ. Գ.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

49. 2003 թվականի ապրիլի 26-ին թե՛ նախկին գործընկերը և թե՛ զորամասում ծառայող նրա բարեկամը հարցաքննվել են և հաստատել են այդ տեղեկությունը, սակայն չեն կարողացել հիշել տվյալ սպայի անունը։ 2003 թվականի հոկտեմբերի 4-ին նախկին գործընկերոջ բարեկամը կրկին հարցաքննվել է և նշել է, որ սպայի անունը եղել է Վ. Մ.։

50. 2003 թվականի ապրիլի 27-ին հարցաքննվել են մի քանի այլ անձինք, այդ թվում՝ զորամասի բժիշկներ Ս. Գ.-ն և Ա. Հ.-ն, հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն և հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն։

51. Զորամասի բժիշկ Ս. Գ.-ն նշել է, inter alia, որ մի քանի ամիս առաջ՝ զինծառայող Գ. Մ.-ի հետ զրույցի ժամանակ, ինքը վերջինիս հարցրել է՝ արդյոք ճիշտ են այն լուրերը, որ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել, զինծառայող Գ. Մ.-ն պատասխանել է, որ տեղյակ չէ։ Ս. Գ.-ին նաև հարցեր են առաջադրվել զորամասում Սուրեն Մուրադյանին տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ։

52. Զորամասի բժիշկ Ա. Հ.-ն պնդել է, որ ինքը նույնպես մեկ անգամ հետազոտել է Սուրեն Մուրադյանին, այդ թվում՝ շոշափել է նրա որովայնը, սակայն ախտաբանական փոփոխություններ կամ արյունազեղումներ և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նրանից նաև պահանջել են պարզաբանել, թե ինչու է հրաժարվել գնալ Սուրեն Մուրադյանի մոտ, երբ նրան այդ մասին խնդրել են վերջինիս համածառայակիցները։

53. Հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն նշել է, որ ինքն է առաջինը Սուրեն Մուրադյանի մոտ մալարիա ախտորոշել՝ հիմնվելով առկա ախտանիշների և այն փաստի վրա, որ այն վայրը, որտեղ նա ծառայել է, մալարիայի օջախ է։ Սուրեն Մուրադյանն իրեն միայն մահանալու օրն է ասել, որ իրեն ծեծի են ենթարկել և որ ինքը վայր է ընկել, և քանի որ ախտանիշներ չեն եղել, նա հիվանդին այդպիսի հարցեր չի տվել։ Այնուամենայնիվ, վերջին օրը, երբ նա շտապել է բժշկական օգնություն ցուցաբերել Սուրեն Մուրադյանին, երբ վերջինիս հարցրել են, թե ինչ է պատահել, նա պատասխանել է. «Փորս ցավում է, շատ վատ եմ զգում, քիչ առաջ զուգարանում վայր եմ ընկել»։

54. Հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն նշել է, որ 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19։00-ին Սուրեն Մուրադյանն իրեն ասել է, որ քիչ առաջ գլուխը պտտվել է և վայր է ընկել։ Մոտ կես ժամ հետո նա կանչել է բժշկին, քանի որ Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է, ապա, երբ Սուրեն Մուրադյանը գիտակցությունը կորցրել է, նա կանչել է վերակենդանացման բաժնի բժշկին, որը եկել և սկսել է վերակենդանացման միջոցառումները։

 

3. Անջատված գործի դատական քննությունը (քրեական գործ թիվ 91200703)

 

55. Չպարզված օրը վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի նկատմամբ հարուցված՝ անջատված քրեական գործի դատական քննությունը սկսվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի դատարանի Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղ) նստավայրում։ Պարզվել է, որ սպա Վ. Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ ինքը հայհոյել ու քաշքշել է Սուրեն Մուրադյանին և քաշելով նրա ձեռքից հանել է ժամացույցը, սակայն ասել է, որ նրան չի հարվածել։

56. 2003 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի դատարանը սպաներ Վ. Գ.-ին և Դ. Հ.-ին մեղավոր է ճանաչել և նրանց դատապարտել է ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով։

57. 2003 թվականի հունիսի 2-ին սպա Վ. Գ.-ն պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է։

 

Գ. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից իրականացված քննությունը

 

1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից իրականացված քննչական գործողությունները և համապատասխան այլ զարգացումներ

 

58. 2003 թվականի հուլիսի 10-ին Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը (թիվ 91204602) ընդունվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննիչ Հ-ի վարույթ:

59. 2003 թվականի սեպտեմբերի 12-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն՝ պնդելով, որ քննությունը կատարվել է թերություններով, և չեն բացահայտվել իր որդու մահվան համար մեղավոր անձինք՝ չնայած այն հանգամանքին, որ բավարար ապացույցներ են եղել այն մասին, որ նա մահացել է երեք սպաների՝ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով:

60. 2003 թվականի հոկտեմբերի 1-ին զորամասի բժիշկ Ա. Հ.-ն կրկին հարցաքննվել է և պնդել է նախկինում տված իր ցուցմունքը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը):

61. 2003 թվականի հոկտեմբերի 6-ին զինծառայող Գ. Մ.-ն հարցաքննվել է և նախկինում տված իր ցուցմունքներին ավելացրել է, որ առաջին օրը, երբ նրանք գնացել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, սպա Կ. Զ.-ն փայտով երկու կամ երեք անգամ հարվածել է իր հետույքին, երբ ինքը մենակ է եղել նրա աշխատասենյակում:

62. 2003 թվականի նոյեմբերի 11-ին զինծառայող Կ. Ե.-ի և մեկ այլ զինծառայողի միջև առերեսում է կատարվել, որի ընթացքում Կ. Ե.-ն նշել է, որ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ առաջին անգամ գնալու օրը իրենք նաև գնացել են սպա Դ. Հ.-ի աշխատասենյակ, որտեղ վերջինս սկսել է գողացված ժամացույցի պատճառով գոռալ իրենց վրա: Սպա Կ. Զ.-ն նաև սպառնացել է, որ ամբողջ գումարտակի առաջ կմերկացնեն իրենց, եթե իրենք չգտնեն երկրորդ ժամացույցը:

63. 2003 թվականի դեկտեմբերի 5-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և ավելի մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է սպա Կ. Զ.-ն չհրկիզվող պահարանի հետևից հանել փայտե ձողը, իրեն ասել, որ հենվի պատին և երեք անգամ հարվածել իր հետույքին:

64. 2004 թվականի ապրիլի 14-ին սպա Վ. Գ.-ն հարցաքննվել է և նշել է, որ իր նախորդ ցուցմունքի ժամանակ չի ներկայացրել ամբողջ պատմությունը և որ 2002 թվականի հուլիսի 21-ին իր ու Սուրեն Մուրադյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն աջ ձեռքով բռնել է վերջինիս ձախ դաստակը և սկսել է ուժեղ թափահարել այն, որի ընթացքում Սուրեն Մուրադյանի բռունցքը կպել է նրա որովայնին՝ փայծախի շրջանում: Լինելով շատ բարկացած՝ ինքը չի նկատել, թե արդյոք հարվածից հետո փոխվել է Սուրեն Մուրադյանի դեմքի արտահայտությունը, սակայն նրա մոտ որևէ արտասովոր շարժում կամ սպազմ չի նկատվել: Հետագայում սպա Վ. Գ.-ն հերքել է, որ հարվածել է Սուրեն Մուրադյանին:

65. 2004 թվականի ապրիլի 19-ին քննիչը հարցաքննել է երկու զինծառայողների՝ Ա. Պ.-ին և Դ. Մ.-ին, որոնք նախկինում ցուցմունք են տվել 2002 թվականի օգոստոսի 7-ին, և նրանցից պահանջել է նկարագրել, թե ինչպես է 2002 թվականի հուլիսի 21-ին սպա Վ. Գ.-ն քաշել Սուրեն Մուրադյանի ձեռքը: Ըստ Ա. Պ.-ի՝ սպա Վ. Գ.-ն բռնել է Սուրեն Մուրադյանի ձախ նախաբազուկը, մինչդեռ ըստ Դ. Մ.-ի՝ բռնել է ձախ դաստակը և ուժով քաշել այն: Սուրեն Մուրադյանին չի հաջողվել ազատել իր ձեռքը: Երբ նա հետ է քաշել իր ձեռքը, հետ է քաշվել նաև սպա Վ. Գ.-ի ձեռքը: Սպա Վ. Գ.-ն մյուս ձեռքով հանել է ժամացույցը, մինչդեռ աջ ձեռքով դեռ բռնած է եղել Սուրեն Մուրադյանին:

66. 2004 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն հարցաքննվել է և նշել է, որ մի քանի օր առաջ հանկարծակի հանդիպել է մի քանի զինծառայողների, որոնք պատմել են Սուրեն Մուրադյանի սպանության հանգամանքների և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց մասին: Ըստ նրանց՝ Սուրեն Մուրադյանն իրենց պատմել է, որ իրեն կանչել են զորամասի շտաբ, որտեղ սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն իրեն ուժգին ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ինքը կորցրել է գիտակցությունը, և սուրհանդակներն իրեն հետ են տարել զորանոց: Դիմումատուն պահանջել է քննել այդ պնդումները:

67. 2004 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը գրություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ տեղեկացնելով դիմումատուի պնդումների և այդ հանգամանքները պարզելու պահանջի մասին:

68. 2004 թվականի օգոստոսի 17-ին և 19-ին քննիչը հարցաքննել է համապատասխանաբար սպաներ Դ. Հ.-ին և Վ. Գ.-ին: Երկուսն էլ հերքել են վերոնշյալ պնդումները: Սպա Վ. Գ.-ն ավելացրել է, որ միակ դեպքը, երբ իրենք ուժ են գործադրել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, եղել է 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ինքն ուժեղ թափահարել է Սուրեն Մուրադյանի ձեռքը, որի ընթացքում նրա ձեռքը դիպչել է Սուրեն Մուրադյանի որովայնին: Քննիչի այն հարցին, թե ինչու էր ավելի վաղ նշել, որ Սուրեն Մուրադյանի ձեռքն էր դիպչել նրա որովայնին, իսկ հիմա նշում է, որ դա եղել է իր ձեռքը, սպա Վ. Գ.-ն պատասխանել է, որ մինչ ինքը ձեռքով բռնել էր Սուրեն Մուրադյանի ձեռքը, և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը դիպչել են նրա որովայնին:

69. 2004 թվականի սեպտեմբերի 2-ին քննիչը որոշում է կայացրել լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին և լրացուցիչ հարցեր է առաջադրել դատաբժշկական փորձագետներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է՝ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ն պատահաբար հարվածել է Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածին: Այնուհետև պարզվել է, որ 2002 թվականի օգոստոսի 2-ին Սուրեն Մուրադյանը հոսպիտալում վայր է ընկել՝ ձախ ձեռքը փորի տակ:

70. 2004 թվականի սեպտեմբերի 16-ին դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն կրկին հարցաքննվել է: Նա նշել է, որ փայծախի ենթապատյանային պատռվածքը և փափուկ հյուսվածքների արյունազեղումն առաջացել են բութ առարկայի անմիջական ներգործության հետևանքով: Եթե հարվածելու ընթացքում սպա Վ. Գ.-ն ձեռքով պահել է մահացածի նախաբազուկը կամ դաստակի մի հատվածը, ապա հարվածելու ընթացքում այդ հատվածները պետք է դիպչեին մահացածի որովայնի առաջնային պատին, այնինչ վնասվածքները, մասնավորապես, որովայնի շրջանում պատռվածքն ու փափուկ հյուսվածքների արյունազեղումն առաջացել են սպա Վ. Գ.-ի՝ բռունցքով անմիջական ներգործության հետևանքով. մահացածի դաստակի կամ նախաբազուկի ներգործությունը այդ շրջանի վրա չէր կարող առաջացնել ենթապատյանային պատռվածք: Եթե մահացածի դաստակը կամ նախաբազուկը դիպչել է որովայնին, ապա սպա Վ. Գ.-ի բռունցքն անկասկած պետք է դիպչեր որովայնի առաջնային պատին:

71. 2004 թվականի հոկտեմբերի 12-ին փորձագետների հանձնաժողովը, ի պատասխան քննիչի 2004 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման մեջ առաջադրված հարցերի, ներկայացրել է համապատասխան եզրակացություն: Ինչ վերաբերում է զորամասի և հոսպիտալի բժիշկների մեղավորությանը, ապա փորձագետները համարել են, որ նրանք ժամանակին և ճիշտ ախտորոշում չեն կատարել և չեն նշանակել համապատասխան բուժում: Եզրակացության մեջ, inter alia, ներկայացված են հետևյալ հարցերն ու պատասխանները.

1) Հարց. Սուրեն Մուրադյանի առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նրան հասցված հարվածները: Արդյո՞ք դրանք կարող էին հանգեցնել փայծախի պատռվածքի, ներքին արյունազեղման և հետագայում մահվան: Պատասխան. 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հասցված հարվածների հետևանքով Սուրեն Մուրադյանը ստացել է մկանային վնասվածքներ և փայծախի ենթապատյանային պատռվածք, ինչն էլ հետագայում առաջացրել է նրա մահը:

2) Հարց. Արդյո՞ք նա մալարիայով հիվանդ է եղել 2002 թվականի հուլիսի 21-ին, և ինչո՞ւ զինվորական հոսպիտալում արյան նմուշի մեջ չի հայտնաբերվել մալարիայի որևէ հարուցիչ, եթե վերջին հետազոտությունից հետո միևնույն նմուշի մեջ հայտնաբերվել են եռօրյա մալարիայի հարուցիչներ: Պատասխան. 2002 թվականի հուլիսի 21-ին Սուրեն Մուրադյանը մալարիայով հիվանդ է եղել:

3) Հարց. Ի՞նչ ազդեցություն կունենար վերոնշյալ հարվածը նրա առողջության վրա, եթե նա մալարիայով հիվանդ չլիներ: Պատասխան. Կախված հարվածի ուժգնությունից, տեղից և բնույթից, հնարավոր է, որ այն չառաջացներ ենթապատյանային պատռվածք, սակայն հիվանդ և կազմափոխված փայծախին նույնիսկ թույլ հարվածը կարող էր հանգեցնել փայծախի ենթապատյանային պատռվածքի:

4) Հարց. Կարո՞ղ էր արդյոք նա իր որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքների վնասվածքներն ստացած լինել 2002 թվականի օգոստոսի 4-ին հոսպիտալում վայր ընկնելու հետևանքով: Պատասխան. Հոսպիտալում վայր ընկնելու ժամանակ կարող էր առաջացած լինել Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքների նոր արյունազեղումը:

5) Հարց. Կոնկրետ ե՞րբ է առաջացել փայծախի պատռվածքը, և արդյո՞ք միանշանակ հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը, եթե ախտորոշումը ժամանակին կատարվեր: Պատասխան. Սուրեն Մուրադյանի փայծախի ենթապատյանային պատռվածքն առաջացել է 2002 թվականի հուլիսի 21-ին, մինչդեռ երկրորդ պատռվածքն առաջացել է 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19:10-ին, ինչի հետևանքով էլ, ամենայն հավանականությամբ, նա կորցրել է գիտակցությունը և վայր ընկել: Եթե ներքին արյունահոսությունը ժամանակին ախտորոշված լիներ, ապա միգուցե հնարավոր լիներ փրկել Սուրեն Մուրադյանի կյանքը:

72. 2004 թվականի հոկտեմբերի 21-ին հարցաքննվել է դատաբժշկական փորձագետ Կ. Հ.-ն, ով մասնակցել է 2002 թվականի նոյեմբերի 6-ի ու դեկտեմբերի 11-ի և 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությունները կազմելուն: Այդ եզրակացությունների մեջ ներկայացված արդյունքների միջև հակասությունների մասին առաջադրված հարցին ի պատասխան՝ փորձագետ Կ. Հ.-ն նշել է, որ դա պետք է մեխանիկական սխալ եղած լինի և ընդունել է, որ ստորագրելուց առաջ եզրակացություններից մեկը չի կարդացել: Նա այնուհետև նշել է, որ Մեխակավանի հոսպիտալում մալարիայի որևէ հետք չհայտնաբերելու պատճառը կարող էր լինել համապատասխան սարքավորման բացակայությունը: Վերջում նա նշել է, որ մալարիայով հիվանդ անձի մոտ մեծացած փայծախը դառնում է պինդ և լցվում արյունով, պատյանը ձգվում է և դառնում ավելի զգայուն: Նույնիսկ թույլ հարվածը կարող է հանգեցնել ենթապատյանային պատռվածքի:

73. 2004 թվականի նոյեմբերի 4-ին հարցաքննվել է հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն և իր նախորդ ցուցմունքին ավելացրել է, որ Սուրեն Մուրադյանի որովայնը շոշափելիս առաջացած ցավն իրեն ստիպել է կասկածել, որ դա կապված է մալարիայի հետ: Ի պատասխան քննիչի այն հարցի, թե ինչու նա չի նշանակել մալարիայի դեմ բուժում, եթե համոզված էր այդ ախտորոշման հարցում, Ի. Մ.-ն նշել է, որ ինքը ստիպված է եղել սպասել մակաբուծաբանական հետազոտության արդյունքներին: Ավելին, հաճախ այդպիսի հետազոտության նախնական բացասական արդյունքը չի նշանակում, որ հիվանդը չունի մալարիա հիվանդություն, և դա կարող է հաստատվել միայն երրորդ բացասական արդյունքից հետո:

74. 2004 թվականի նոյեմբերի 5-ին հարցաքննվել է 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությունը ներկայացրած` փորձագետների հանձնաժողովը ղեկավարող դատաբժշկական փորձագետը և հաստատել է զորամասի ու հոսպիտալի բժիշկների մեղավորությունը:

75. Նույն օրը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենը «գաղտնի» նշումով գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն: Այդ գրության համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ՝

 

«Ի պատասխան Ձեր՝ 2004 թվականի օգոստոսի 9-ի [գրության]»` ...

 

2002 թվականի օգոստոսի 4-ին թիվ 59703 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային [Սուրեն Մուրադյանի] մահվան դեպքին առնչվող կարևոր հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել է հետևյալը:

 [Սուրեն Մուրադյանի] հայտնի ծեծից հետո նրան զորանոց ուղեկցած կամ ականատես զինծառայողների անունները պարզելու նպատակով կազմվել է զորամասի նվագախմբի՝ զորացրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձնակազմի ցանկը: Ներկայումս միայն զորամասի հրամանատարի տեղակալ [սպա Կ. Զ.-ն] (դեպքից հետո նա դարձել է ինքնամփոփ և անգամ մերձավորների շրջանում խուսափում է տվյալ թեմայով քննարկումից) է շարունակում ծառայել տվյալ զորամասում, իսկ [սպա Դ. Ս.-ն], հավանաբար, տեղափոխվել է [մեկ այլ] զորամաս, իսկ [սպա Վ. Գ.-ն] զորացրվել է:»:

76. 2004 թվականի նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը միջնորդագիր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն` խնդրելով քրեական հետապնդում չիրականացնել սպա Կ. Զ.-ի նկատմամբ` հաշվի առնելով նրա դրական բնութագիրը, զինված ուժերում նրա անբասիր ծառայությունը և Լեռնային Ղարաբաղի գոյության համար պայքարում նրա ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև թիվ 42009 զորամասի հրամանատարության զեկուցագիրը:

77. 2004 թվականի նոյեմբերի 17-ին հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նոր Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել), այն բանի համար, որ նա համապատասխան բուժում չի նշանակել Սուրեն Մուրադյանին:

78. 2004 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը վճռաբեկ բողոք է բերել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել սպա Վ. Գ.-ի վերաբերյալ կայացված դատական ակտը: Զինվորական դատախազը նշել է, որ բոլոր հնարավոր վարկածները ստուգվել են և պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպից բացի՝ Սուրեն Մուրադյանը որևէ այլ տարաձայնություն չի ունեցել և համածառայակիցների ու սպաների հետ լավ փոխհարաբերությունների մեջ է եղել: 2004 թվականի ապրիլի 14-ին և օգոստոսի 19-ին սպա Վ. Գ.-ի կողմից տրված ցուցմունքներից, որոնցում նա ընդունել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը կպել են տուժողի մարմնի ձախ հատվածին, հետևում է, որ Սուրեն Մուրադյանի փայծախի ենթապատյանային պատռվածքը այդ միջադեպի հետևանք է եղել:

79. Նույն օրը դիմումատուն Զինվորական դատախազի և Զինվորական դատախազության այլ աշխատակիցների դեմ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ մանրամասնորեն հիմնավորելով, որ նրանք իր որդու մահվան փաստի առթիվ պատշաճ քննություն չեն իրականացրել:

80. 2004 թվականի նոյեմբերի 18-ին և 29-ին զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

81. 2004 թվականի նոյեմբերի 24-ին Գլխավոր դատախազի ավագ օգնականը դիմումատուի՝ 2004 թվականի նոյեմբերի 19-ի բողոքը մերժելու որոշում է կայացրել: Որոշման մեջ նշվել է, inter alia.

 

«2003 թվականի հուլիսի 10-ին [Սուրեն Մուրադյանի մահվան վերաբերյալ] քրեական գործը Հադրութի կայազորի զինվորական դատախազությունից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական բաժին, որտեղ քննության արդյունքում պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 22-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում [սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն] տարբեր առիթներով [Սուրեն Մուրադյանին] կանչել են զորամասի շտաբ, պահանջել են կորած ժամացույցը և, դրական պատասխան չստանալով, նրան տարել են [զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Զ.-ի] մոտ, որն իր աշխատասենյակում փայտե ձողով հարվածել է [Սուրեն Մուրադյանին], ինչպես նաև զինծառայող [Կ. Ե.-ին], որն այդ նույն հարցով կանչվել էր աշխատասենյակ:

 

Գործի նյութերի համաձայն՝ մի շարք վկաներ են ցուցմունք տվել այն մասին, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոչ ոք չի հարվածել [Սուրեն Մուրադյանին]: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ [սպա Վ. Գ.-ն] պնդել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բարկացած լինելով [Սուրեն Մուրադյանի] պահվածքից՝ բռնել է նրա ձեռքը և այն ուժեղ թափահարել է, որի ընթացքում իր ձեռքը կպել է [Սուրեն Մուրադյանի] փայծախի շրջանին:»:

Որոշման մեջ նաև անդրադարձել է կատարվել փորձագետի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությանը և հատկապես այն հետևությանը, որ Սուրեն Մուրադյանը 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հասցված հարվածի հետևանքով մկաններում արյունազեղումներ և փայծախի ենթապատյանային պատռվածք է ստացել: Գլխավոր դատախազի ավագ օգնականը եզրակացության մեջ նշել է, որ դիմումատուի կողմից բերված փաստարկներն ուսումնասիրվել են Զինվորական դատախազության կողմից իրականացված լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում և, հետևաբար, նրա կողմից ներկայացված բողոքն անհիմն է:

82. 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի դատարանի 2003 թվականի մայիսի 5-ի դատավճիռը սպա Վ. Գ.-ի մասով (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը), և քրեական գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության:

83. 2004 թվականի դեկտեմբերի 14-ին քննիչը, համարելով, որ փորձագետների նախորդ եզրակացությունների միջև հակասություններ կան, ինչպես նաև մեղադրյալներից մեկի, մասնավորապես, զինվորական հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ի միջնորդության հիման վրա, որոշում է կայացրել նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

84. Վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպա Վ. Գ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը 2004 թվականի դեկտեմբերի 24-ին միացվել է Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված հիմնական քրեական գործին:

85. 2004 թվականի դեկտեմբերի 28-ին սպա Վ. Գ.-ին նոր մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել): Պարզվել է, որ նա այդ նույն օրը ձերբակալվել է:

86. 2005 թվականի հունվարի 25-ին փորձագիտական հանձնաժողովը, ի պատասխան քննիչի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ առաջադրված հարցերի, ներկայացրել է եզրակացություն՝ հաստատելով զորամասի և հոսպիտալի բժիշկների մեղավորության վերաբերյալ իրենց նախկին հետևությունները: Եզրակացության մեջ, inter alia, ներառված են նաև հետևյալ հարցն ու պատասխանը.

Հարց. Ի՞նչ ուժգնությամբ է եղել Սուրեն Մուրադյանին հասցված հարվածը՝ հաշվի առնելով, որ դրա հետևանքով ենթամաշկային մկաններում արյունազեղում է առաջացել: Պատասխան. Համապատասխան բժշկական չափանիշների բացակայության պատճառով հստակ որոշել հարվածի ուժգնությունը հնարավոր չէ, սակայն տվյալ դեպքում կարելի է նշել, որ տեղի է ունեցել որոշակի ուժգնության հարված:

87. 2005 թվականի փետրվարի 18-ին դիմումատուն Գլխավոր դատախազություն է ներկայացրել իր բովանդակությամբ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված բողոքին նման բողոք: Նա նաև նշել է, որ կարող է որպես վկա կանչել այնպիսի անձանց, որոնք, իր կարծիքով, կարող են պատմել ճշմարտությունը, մասնավորապես այն, որ 2002 թվականի հուլիսի 24-ին իր որդուն ծեծել են սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն, ինչի հետևանքով նա մահացու վնասվածք է ստացել: Վկաները կարող են նաև հաստատել, որ իր որդին կորցրել է գիտակցությունը, և զորամասի բժիշկ Ա. Հ.-ն առաջին օգնություն է տրամադրել և, հետևաբար, վատ վերաբերմունքի մասին տեղյակ է եղել:

88. 2005 թվականի փետրվարի 21-ին և 22-ին, ինչպես նաև 2005 թվականի մարտի 5-ին և 10-ին քննիչը 2005 թվականի հունվարի 25-ին եզրակացություն ներկայացրած դատաբժշկական չորս փորձագետներին առաջադրել է մի շարք հարցեր՝ հիմնված դիմումատուի հարցադրումների վրա: Փորձագետներից երեքը չէին կարողացել պատասխանել դիմումատուի այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ իր որդին, 2002 թվականի հուլիսի 21-ին ենթադրաբար մալարիայով հիվանդ լինելով և մեծացած փայծախ ունենալով, չի բողոքել, տենդ կամ դող չի ունեցել և իրեն լավ է զգացել: Չորրորդ փորձագետը նշել է, որ նրա որդին հավանաբար բութ ցավ է զգացել:

Դիմումատուի այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ իր որդին, որի փայծախը մեծացած է եղել և արդեն պատռված, երեք օր չի բողոքել որևէ ցավից, իրեն լավ է զգացել, մասնակցել է պարապմունքների և շեփոր է նվագել, փորձագետներից երկուսը չեն կարողացել պատասխանել, երրորդ փորձագետը նշել է, որ դա եղել է միայն ենթապատյանային պատռվածք, այլ ոչ թե ամբողջական, իսկ չորրորդ փորձագետը նշել է, որ եթե ենթապատյանային պատռվածքը լիներ փոքր, ապա հնարավոր է, որ նա որևէ բողոք չունենար, և հնարավոր է, որ բողոք ունենար, եթե այն լիներ մեծ:

Ի պատասխան դիմումատուի այն հարցի, թե ինչպես պետք է իր որդին արձագանքեր (գոռար, կորցներ գիտակցությունը և այլն) այն ժամանակ, երբ նրան հասցվել է այնպիսի վնասվածք, որի հետևանքով առաջացել է տարածուն արյունազեղում և փայծախի ենթապատյանային պատռվածք, փորձագետներից երեքը նշել են, որ տարբեր մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում ցավը: Չորրորդ փորձագետը նշել է, որ իր համար հավասարապես հնարավոր են և՛ ցավ զգալու, և՛ չզգալու տարբերակները: Փորձագետներից մեկը նաև ավելացրել է, որ դա միայն փայծախի ենթապատյանային պատռվածք է եղել, իսկ փայծախի շրջանում ցավ չի զգացվում:

Ի պատասխան դիմումատուի այն հարցի, թե արդյոք կարող էր արյունազեղումն արտաքնապես տեսանելի լինել, փորձագետներից մեկն անդրադարձել է եզրակացության մեջ ներկայացված փորձաքննության արդյունքներին, փորձագետներից երկուսն ասել են՝ «պարտադիր չէ», իսկ չորրորդ փորձագետը նշել է, որ այն կարող էր տեսանելի լինել՝ չնայած նրան, որ արտաքին արյունազեղումն ավելի արագ է բուժվում, քան ներքին արյունազեղումը:

Զինվորական հոսպիտալի բժշկի մեղավորության վերաբերյալ դիմումատուի հարցին ի պատասխան՝ բոլոր փորձագետներն էլ նշել են, որ բժիշկը ներքին արյունահոսության մասին կասկածելու որևէ պատճառ չի ունեցել, քանի որ հիվանդը վնասվածքի մասին չի տեղեկացրել նրան, որևէ արտաքին տեսանելի հետք չի եղել, և կլինիկական նշանները նման են եղել մալարիայի նշաններին: Հոսպիտալի բժիշկն իրականացրել է բոլոր զննումներն ու հետազոտությունները, որոնք պարտավոր էր իրականացնել այդպիսի հանգամանքներում: Դիմումատուն պնդել է, որ քննիչն իրեն խնդրել է դուրս գալ սենյակից յուրաքանչյուր անգամ, երբ այս հարցն առաջադրվել է փորձագետին: Այս հարցին իր բացակայությամբ բոլոր չորս փորձագետների կողմից տրված պատասխանները գրեթե նույնական են եղել:

89. 2005 թվականի մարտի 25-ին քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել զինվորական հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը՝ համարելով, որ Ի. Մ.-ն իրականացրել է բոլոր հնարավոր զննումները, որոնք նա կարող էր և պարտավոր էր կատարել այդ հանգամանքներում: Այս հետևությունն արվել է դատաբժշկական չորս փորձագետների վերոնշյալ ցուցմունքների հիման վրա:

90. 2005 թվականի մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել զինծառայող Գ. Մ.-ին ծեծելու փաստի առթիվ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս որոշման մեջ նշվել է, որ սպա Կ. Զ.-ն, կասկածելով, որ Սուրեն Մուրադյանը և զինծառայող Կ. Ե.-ն ստում են կորած ժամացույցի վերաբերյալ, սկսել է հայհոյել նրանց և պահանջել, որ նրանք գտնեն այն: Դրանից հետո հրամայել է դուրս գալ իր աշխատասենյակից և կանչել է զինծառայող Գ. Մ.-ին: Երբ վերջինս նույն պատմությունն է պատմել, ինչ մյուս երկու զինծառայողները, սպա Կ. Զ.-ն զայրացել է, սկսել է հայհոյել և զինծառայող Գ. Մ.-ին հրամայել է շրջվել դեպի պատը, որից հետո վերցրել է 120 սմ երկարությամբ փայտե ձողը և երկու անգամ հարվածել է զինծառայող Գ. Մ.-ի հետույքին: Զինծառայող Գ. Մ.-ն լաց է եղել և աշխատասենյակից դուրս գալուց հետո Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին հարցրել է, թե արդյոք նրանց նույնպես ծեծել են, ինչին երկուսն էլ պատասխանել են՝ «ոչ»: Որոշման մեջ արվել է այն եզրակացությունը, որ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա չունի դատվածություն, ունի լավ բնութագիր և զղջում է կատարածի համար: Հաշվի է առնվել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդագիրը:

91. Չպարզված ամսաթվին դիմումատուն նախաքննական մարմին է ներկայացրել իր որդու լուսանկարը, որտեղ նա ենթադրաբար բեմում ելույթ է ունենում 2002 թվականի օգոստոսի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հումորի մրցույթի ժամանակ, պնդելով, որ դրանով ապացուցվում է՝ իր որդին այդ օրն այդքան վատառողջ չի եղել: Այն վարկածը, ըստ որի իր որդին իրեն վատ է զգացել և չի կարողացել ելույթ ունենալ, առաջ է բերվել միտումնավոր՝ նրա վիճակի վատթարացումը և նրան հոսպիտալ տեղափոխելը հիմնավորելու նպատակով: Իրականում Ստեփանակերտից զորամաս վերադառնալուց հետո 2002 թվականի օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը նա կրկին ծեծի է ենթարկվել սպաների կողմից, որի հետևանքով առաջացել է փայծախի պատռվածքը: Դա նաև հաստատվել է որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքներում նոր արյունազեղմամբ, որը հայտնաբերվել է դիահերձման ժամանակ:

 

2. Նախաքննության ավարտը

 

92. 2005 թվականի ապրիլի 15-ին կազմվել է մեղադրական եզրակացություն և 2005 թվականի ապրիլի 16-ին այն հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կողմից: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.

«Նախաքննության ընթացքում ստուգման են ենթարկվել մի շարք վարկածներ, որոնք քննվել են օբյեկտիվորեն: Այսպիսով, [Սուրեն Մուրադյանի] ձեռքին գտնված ժամացույցի համար [սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն] նրան մի քանի անգամ կանչել են զորամասի շտաբ և ներկայացրել զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար [Կ. Զ.-ին], որը նշված հարցի պարզաբանման ընթացքում ծեծի է ենթարկել [զինծառայող Գ. Մ.-ին], սակայն չի ծեծել կամ հարվածել [Սուրեն Մուրադյանին]:

...

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին, երբ [սպա Վ. Գ.-ն] Սուրեն Մուրադյանի ձեռքին նկատել է իր կրտսեր եղբոր գողացված ժամացույցը, վիճաբանել է նրա հետ, բռնել է ձեռքը, հայհոյել և ուժեղ թափահարել է այն, որի ընթացքում հարվածել է Սուրեն Մուրադյանի որովայնին, որի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է փայծախի ենթապատյանային պատռվածք: Դրանից հետո զորամասում սկսած 2002 թվականի հուլիսի 24-ից Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը վատացել է: 2002 թվականի հուլիսի 25-ին Սուրեն Մուրադյանին այցելել է [զորամասի բժիշկ Ա. Հ.-ն], որը չի ախտորոշել Սուրեն Մուրադյանի իրական հիվանդությունը, ոչ մի գրառում չի կատարել [համապատասխան մատյաններում] և, տալով պարացետամոլի մի քանի հաբ, գնացել է: Երբ 2002 թվականի հուլիսի 27-ին [Ա. Հ.-ին] հրավիրել են Սուրեն Մուրադյանին բժշկական օգնություն ցույց տալու, նա հրաժարվել է գալ և բժշկական օգնություն ցույց տալ՝ ասելով, որ հիվանդին բերեն բուժկետ: Դրանից հետո Սուրեն Մուրադյանի համածառայակից ընկերները հրավիրել են [զորամասի բժիշկ Ս. Գ.-ին]: Վերջինս եկել է և կրկին չի ախտորոշել Սուրեն Մուրադյանի իրական հիվանդությունը և, ներարկելով ջերմիջեցնող ու տալով պարացետամոլի մի քանի հաբ, գնացել է: Այդպես Սուրեն Մուրադյանը հիվանդ մնացել է զորամասում մինչև 2002 թվականի օգոստոսի 3-ը, որի ընթացքում խախտվել է նաև Պաշտպանության նախարարի 2000 թվականի մայիսի 29-ի թիվ 586 հրամանը, այսինքն՝ Սուրեն Մուրադյանը հոսպիտալ է տեղափոխվել նախատեսված ժամկետից 7 օր ավելի ուշ, որի հետևանքով հնարավոր չի եղել փրկել [նրա] կյանքը:

Նախաքննության ընթացքում որպես վկա լրացուցիչ հարցաքննության ժամանակ` 2004 թվականի ապրիլի 14-ին և օգոստոսի 19-ին, [սպա Վ. Գ.-ն] զղջացել է կատարածի համար ու նշել է, որ իր նախորդ ցուցմունքներում չի ներկայացրել ամբողջ պատմությունը և ավելացրել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը դիպչել են վերջինիս որովայնին:

...

Իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մուրադյանի փայծախի ենթապատյանային պատռվածքն առաջացել է 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում՝ [սպա Վ. Գ.-ի] կողմից կատարված գործողությունների հետևանքով:»:

93. Բոլոր երեք անձանց, մասնավորապես՝ սպա Վ. Գ.-ին և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վերոնշյալ արարքները կատարելու համար:

 

Դ. Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ սպա Վ. Գ.-ի և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությունը

 

94. 2005 թվականի դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի դատարանի Գորիսի (Հայաստան) նստավայրում կայացված դատավճռով սպա Վ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել է ազատազրկման հինգ տարի ժամկետով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ մեկ տարի քսանչորս օրը, և հաստատված է համարվել, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած՝ գողացված ժամացույցի շուրջ Սուրեն Մուրադյանի հետ վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ն ուժեղ թափահարել է Սուրեն Մուրադյանի ձեռքը, և այդպիսով նրա ձեռքը կպել է Սուրեն Մուրադյանի որովայնին, որի հետևանքով առաջացել է փայծախի ենթապատյանային պատռվածք: Ինչ վերաբերում է զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին, ապա Մարզային դատարանը նրանց արարքները Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակել է 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրանց դատապարտել է 200 000-ական դրամ տուգանքի: Մարզային դատարանը նաև բավարարել է դիմումատուի ներկայացրած քաղաքացիական հայցը և վճռել է սպա Վ. Գ.-ից բռնագանձել 1 000 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար) և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ից և Ս. Գ.-ից բռնագանձել 200 000-ական դրամ՝ որպես հուղարկավորության և դիմումատուի կատարած դատական ծախսեր:

95. 2006 թվականի հունվարի 4-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է բերել։ Նա մանրամասնորեն հիմնավորել է, որ բավարար ապացույցներ կան ենթադրելու, որ իր որդին 2002 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում բռնության է ենթարկվել մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից և որ մահացու վնասվածքը նրանց կողմից հասցվել է հուլիսի 24-ին: Դիմումատուն մասնավորապես անդրադարձել է իր որդու համածառայակից ընկերոջ ցուցմունքին, ըստ որի իր որդին արթնացել է հուլիսի 24-ի գիշերը և ասել է, որ իրեն լավ չի զգում: Դա հաստատվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, որոնց համաձայն, առաջին արյունազեղումն առաջացել է նրա մահվանից 8-10 օր առաջ: Բացի այդ, հուլիսի 24-ը եղել է սպաների կողմից սահմանված վերջնաժամկետը լրանալու օրը: Նախաքննական մարմինը միտումնավոր անտեսել է այս հանգամանքը և չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, քրեական գործով կատարվել է թերի մակերեսային ու միակողմանի դատական քննություն, որը միտված է եղել գործը փակուղի մտցնելուն և սպանությունը կատարած անձանց չպատժելուն: Դիմումատուն նաև անդրադարձել է այն փաստին, որ զինծառայող Գ. Մ.-ն ընդունել է, որ աշխատասենյակում սպա Կ. Զ.-ն իր նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել: Գլխավոր դատախազության որոշումից հետևում է, որ 2004 թվականի նոյեմբերի 24-ին նույնը կատարվել է նաև իր որդու հետ: Մեղադրյալ սպա Վ. Գ.-ն դատական քննության ընթացքում նույնպես ընդունել է, որ ինքը սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում չի եղել այն ժամանակ, երբ վերջինս վատ վերաբերմունք է ցուցաբերել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, և որ ինքը լսել է նրա գոռոցը: Բացի այդ, որևէ բացատրություն չի տրվել երկրորդ արյունազեղման և ճակատի քերծվածքի մասին, որն իր որդու մոտ առաջացել է մահվանից 1-2 օր առաջ: Դիմումատուն բողոքում նաև պնդել է, որ Մարզային դատարանը չի պարզել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրության մեջ նշված «Սուրեն Մուրադյանի հայտնի ծեծ» արտահայտությունը, ինչպես նաև նրան ծեծելու հանգամանքները և մեղավոր անձանց: Ի վերջո դիմումատուն բողոքում պատճառաբանել է, որ զորամասի բժիշկների արարքները վերաորակելու որոշումն անհիմն է, իսկ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է:

96. 2005 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել նաև սպա Վ. Գ.-ի և մեղադրողի կողմից, որոնք պահանջել են ավելի խիստ պատիժ նշանակել:

97. 2006 թվականի մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանն սկսել է գործի քննությունը: Սպա Վ. Գ.-ն Վերաքննիչ դատարանում ընդունել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հավանաբար իր կամ Սուրեն Մուրադյանի ձեռքն է կպել վերջինիս որովայնին, սակայն Սուրեն Մուրադյանի փայծախը չէր կարող պատռվել այդ հպման հետևանքով:

98. Դիմումատուի պահանջով գործի քննության ընթացքում դատարան են կանչվել և հարցաքննվել երկու վկա՝ զինծառայող Կ. Բ.-ն (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը) և հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը):

Ըստ Կ. Բ.-ի՝ Սուրեն Մուրադյանը հոսպիտալում իրեն պատմել է, որ սպա Դ. Հ.-ն իր հերթապահության օրը Սուրեն Մուրադյանին կանչել է զորամասի շտաբ, և վերջինս ժամացույցի պատճառով ծեծի է ենթարկվել սպաներ Դ. Հ.-ի, Վ. Գ.-ի և Կ. Զ.-ի ու մեկ այլ սպայի՝ Ն.-ի կողմից: Սպաները Սուրեն Մուրադյանին հրելով գցել են գետնին և սկսել ոտքերով հարվածել, իսկ սպա Կ. Զ.-ն նրան հարվածել է փայտե ձողով: Նրանք պահանջել են բերել ժամացույցը կամ կանխիկ վճարել դրա արժեքը: Ամենից ակտիվ ծեծել են սպաներ Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն: Նրան այնքան ուժեղ են ծեծել, որ զորամասի շտաբի սուրհանդակները ստիպված են եղել նրան գրկած տանել զորանոց: Հաջորդ օրը սպա Կ. Զ.-ն նորից կանչել է նրան: Նա ի վիճակի չի եղել գնալու, սակայն Կ. Զ.-ն պնդել է: Դրանից հետո նա ութ օր մնացել է զորանոցում:

Հ. Ղ.-ն նշել է, որ հոսպիտալացվելու պահից Սուրեն Մուրադյանը շատ անհանգիստ է եղել և անընդհատ հայհոյանքներ է հնչեցրել սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի հասցեին: Հետագայում նա ասել է, որ իրեն ծեծել են սպաներ Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն:

Ե՛վ Կ. Բ.-ն, և՛ Հ. Ղ.-ն նշել են, որ նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ իրենք վախեցել են հայտնել ճշմարտությունը, քանի որ այդ ժամանակ զինծառայողներ են եղել: Այժմ զորացրվել են, այլևս վախենալու ոչինչ չունեն և հայտնում են ճշմարտությունը: Կ. Բ.-ն ավելացրել է, որ Սուրեն Մուրադյանն իրեն խնդրել է անախորժություններից խուսափելու համար այդ մասին ոչ ոքի չպատմել:

99. Սպա Կ. Զ.-ին նույնպես կանչել են դատարան և հարցաքննել: Նա հերքել է, որ վատ վերաբերմունք է ցուցաբերել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, սակայն ընդունել է, որ առաջին ժամացույցը գողանալու պատճառով հարվածել է զինծառայող Գ. Մ.-ին:

100. Վերաքննիչ դատարանը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել 2004 թվականի նոյեմբերի 5-ի գրության բովանդակությունը:

101. Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենը 2006 թվականի ապրիլի 27-ի գրությամբ դատարանին տեղեկացրել է, որ «հայտնի ծեծ» արտահայտությունը գործածվել է սոսկ որպես միջադեպի հակիրճ բնորոշիչ և այլ ենթատեքստ չի պարունակում:

102. Դիմումատուն Վերաքննիչ դատարանում կրկին պնդել է, որ իր որդին մահացել է սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով, իսկ զորամասի բժիշկները չեն տրամադրել համապատասխան բժշկական օգնություն:

103. 2006 թվականի հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռ է կայացրել՝ անփոփոխ թողնելով Մարզային դատարանի դատավճիռը սպա Վ. Գ.-ի և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի ու Ս. Գ.-ի մասով: Այնուամենայնիվ, այն վճռել է փոփոխել Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ նշանակված պատիժը՝ նրանց դատապարտելով համապատասխանաբար երեք տարի վեց ամիս ժամկետով և երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով և սահմանելով համապատասխանաբար երկու տարի ժամկետով և մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան: Վերաքննիչ դատարանը նաև որոշել է դատավճիռը դիմումատուի քաղաքացիական հայցի մասով փոփոխել՝ վերացնելով Ա. Հ.-ից և Ս. Գ.-ից 200 000-ական դրամ բռնագանձելու մասին որոշումը՝ այն հիմքով, որ նրանք արդեն իսկ այդ գումարը կամավոր հատուցել են դիմումատուին:

104. Ինչ վերաբերում է նախկին զինծառայողներ Կ. Բ.-ի և Հ. Ղ.-ի ցուցմունքներին, ինչպես նաև դիմումատուի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք բավարար հիմքեր չեն՝ սպա Վ. Գ.-ին առաջադրված մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու համար կամ սպաներ Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու համար: Նախ և առաջ, օրենքով պահանջվում է, որ դատարանը գործը քննի միայն մեղադրյալի մասով և նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Երկրորդ, գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու համար օրենքով սահմանվում է միայն երկու հիմք, մասնավորապես, 1) եթե նախաքննության մարմնի կողմից թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում կամ 2) դատախազի միջնորդությամբ, եթե առկա են մեղադրանքն ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր: Դատախազի կողմից չի ներկայացվել որևէ այդպիսի միջնորդություն, իսկ նախաքննության մարմինն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ ստուգման ենթարկելով մի շարք վարկածներ, որոնցից ոչ մեկով չի հաստատվել, որ Սուրեն Մուրադյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ և՛ Կ. Բ.-ն, և՛ Հ. Ղ.-ն նախաքննության ընթացքում բազմիցս հարցաքննվել են, սակայն նախկինում երբևէ այդպիսի ցուցմունք չեն տվել: Ավելին, նրանք որպես տեղեկատվության աղբյուր նշել են հանգուցյալ Սուրեն Մուրադյանին: Ի վերջո, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2006 թվականի ապրիլի 27-ի գրությանը:

105. 2006 թվականի հունիսի 29-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել՝ ներկայացնելով նույնատիպ փաստարկներ։

106. Մեղադրողը նույնպես վճռաբեկ բողոք է բերել՝ խնդրելով զորամասի բժիշկների մասով գործը նոր քննության ուղարկել՝ այն հիմքով, որ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է:

107. 2006 թվականի օգոստոսի 4-ին Վճռաբեկ դատարանը որոշել է դիմումատուի վճռաբեկ բողոքը թողնել առանց բավարարման և բավարարել մեղադրողի վճռաբեկ բողոքը՝ համարելով, որ զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի ծանրությանը, և գործն այդ մասով ուղարկելով նոր քննության:

108. 2006 թվականի սեպտեմբերի 15-ին դիմումատուն ստացել է որոշման պատճենը:

109. 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը նորից քննել է գործը զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի մասով և որոշել է նրանց դատապարտել ազատազրկման համապատասխանաբար չորս տարի ժամկետով և երեքուկես տարի ժամկետով: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է ընդունված համաներման ակտի կիրառմամբ նրանց ազատել պատժից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Հին Քրեական օրենսգիրքը

(ուժը կորցրել է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

110. Տվյալ ժամանակահատվածում 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր, որ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է, պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

111. Տվյալ ժամանակահատվածում 251-րդ հոդվածով նախատեսվում էր, որ պետի կողմից ստորադրյալին բռնի գործողություններով վիրավորանք հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ վեց ամսից մինչև հինգ տարի ժամանակով:

 

Բ. Նոր Քրեական օրենսգիրքը

(ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

112. 64-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն Օրենսգրքով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ:

113. 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

114. 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

 

Գ. Քրեական դատավարության օրենսգիրքը

(ուժի մեջ է 1999 թվականից)

 

115. 98-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը կամ իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման: 98.1 հոդվածում որպես պաշտպանության միջոց, ի թիվս այլնի, նշվում է ծառայության վայրը փոփոխելը:

 

Դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2000 թվականի մայիսի 29-ի թիվ 586 հրամանը «Զորամասերի բուժկետներում, հոսպիտալներում և քաղաքացիական բժշկական հաստատություններում հիվանդ զինծառայողների բժշկական զննության և բուժման ժամկետների մասին»

 

116. Համաձայն 1-ին պարբերության՝ զորամասերի բուժկետներում հիվանդ զինծառայողների բուժման ժամկետը չպետք է գերազանցի 7 օրը:

 

III. ԱՅԼ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐ

 

Ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր (ստորագրված 1994 թվականի հունիսի 25-ին)

 

117. Համաձայն 4-րդ հոդվածի՝ Կողմերը համաձայնում են, որ, սույն Համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինապարտ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց համաձայնությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում: Երկու պետություններից որևէ մեկում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց հետո անձն ազատվում է իր քաղաքացիության երկրում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց:

118. Համաձայն 5-րդ հոդվածի՝ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարում, ապա քրեական վարույթը և գործի դատական քննությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Բ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի զեկույցը՝ 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած նրա այցից հետո. CommDH(2011)12, 2011 թվականի մայիսի 9

 

119. Զեկույցի համապատասխան մասերում նշված է հետևյալը.

 

«III. Մարդու իրավունքների իրավիճակը բանակում

 

121. Հանձնակատարը 2007 թվականին Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել էր բանակում մարդու իրավունքների իրավիճակի հիմնախնդրին: Իր ներկայացրած առաջարկություններում նա կոչ էր արել բազմակողմանի քննություն իրականացնել սպանությունների և վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ, ինչպես նաև պատժել մեղավորներին: Նա նաև առաջարկել էր առավել խթանել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը: ...

 

1. Բռնարարքները բանակում

 

123. Ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի բանակում բազմիցս արձանագրվել են բռնարարքներ և վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումներ, ինչպես նաև ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքեր: Քաղաքացիական հասարակության սուբյեկտները և մարդու իրավունքների ակտիվ պաշտպանները Հանձնակատարին հայտնել են, որ զինված ուժերում լայն տարածում գտած սովորույթները, որոնք, ներկայացված տվյալների համաձայն, նպաստել են զինված ուժերում որոշ հրամանատարների անպատժելիությանը, կոռուպցիային և հանցավոր գործելակերպի ներթափանցմանը բանակ, և կենցաղային անբավարար պայմանների, այդ թվում՝ սննդի ու հագուստի անբավարարության խնդրի հետ մեկտեղ նպաստել են զինված ուժերում մարտական գործողություններին չառնչվող՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների առաջացմանը:

...

 

Եզրակացություններ և առաջարկություններ

 

137. Հանձնակատարը խորապես մտահոգված է հայկական բանակում ոչ մարտական իրավիճակներում մահվան, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով։ Նա Հայաստանի իշխանություններին կոչ է անում լիարժեքորեն ի գիտություն ընդունել այդ երևույթի գոյության փաստը և անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների և պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։ Հանձնակատարի կարծիքով անհրաժեշտ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը հաստատուն և ուժեղ քաղաքական կամք դրսևորի բոլոր այն գործելակերպերը վերացնելու հարցում, որոնք ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլ նաև վարկաբեկում են բանակը։

138. Հանձնակատարը հասկանում է, որ բռնությունից տուժած զորակոչիկներն ու սպաները վախենում են դրանց մասին հաղորդում ներկայացնել և խիստ հազվադեպ են օգտվում բողոքարկման անկախ մեխանիզմներից, ինչպիսիք Մարդու իրավունքների պաշտպանը և դատարաններն են։ Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և զինվորական ղեկավարությանն ապահովել բողոքարկման անկախ մեխանիզմների (որոնք դուրս են բանակի հիերարխիայից և կառույցներից) մատչելիությունն առանց որևէ խոչընդոտի՝ չվախենալով բողոք ներկայացնողների նկատմամբ վրեժխնդրությունից։»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Կողմերի փաստարկները

 

120. Կառավարությունը մինչև 2003 թվականի հուլիսի 10-ին գործը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն փոխանցվելը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ Դատարանի իրավազորությունն ակնհայտորեն չի վիճարկել: Այնուամենայնիվ, Կառավարությունը հղում է կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին (տե՛ս վերևում հիշատակված 117-րդ և 118-րդ պարբերությունները):

121. Դիմումատուն պնդել է, որ Համաձայնագիրը հանրային փաստաթուղթ չէ, և հետևաբար չունի իրավական ուժ: Ամեն դեպքում, Հայաստանը de facto իրավազորություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, որի մասին վկայում է այն փաստը, որ գործը քննվել է Հայաստանի օրենսդրության համաձայն, քննության մի մասն իրականացվել է Հայաստանի իշխանությունների կողմից և Սյունիքի մարզային դատարանը, լինելով Հայաստանի դատարան, գործը քննել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Բացի այդ, իր որդին երբևէ համաձայնություն չի տվել Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար, ինչպես նախատեսված է նշված Համաձայնագրով: Իրականում, Հայաստանի զորակոչիկները, այդ թվում՝ նաև իր որդին, պարտավորված են եղել ծառայել Լեռնային Ղարաբաղում, եթե այդպես հրամայվել է, ինչը Հայաստանի՝ տվյալ տարածքի նկատմամբ de facto իրավազորություն ունենալու մեկ այլ օրինակ է:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

122. Կոնվենցիայի 1-ին հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում:»:

123. Դատարանը նշում է, որ դիմումատուի որդին մահացել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելիս, Լեռնային Ղարաբաղում գտնվող և այդ սուբյեկտի կողմից ղեկավարվող զորամասում: Բացի այդ, մինչև գործը 2003 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն փոխանցվելը, այն քննվել է Ղարաբաղի տեղական իշխանությունների և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության կողմից: Թեև պատասխանող Կառավարությունն ակնհայտորեն չի վիճարկել իր իրավազորության հարցը, այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ է համարում քննել, թե արդյոք Հայաստանի տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի և Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների համապատասխան գործողության կամ անգործության վերաբերյալ բողոքները կարող են լինել պատասխանող Կառավարության իրավազորության շրջանակներում և արդյոք դրանց հետևանքով Կոնվենցիայի համաձայն կարող է ծագել նրա պատասխանատվությունը:

124. Դատարանը նշում է, որ արդեն իսկ քննել է այդ հարցը և հանգել այն հետևության, որ Հայաստանն իրավազորություն ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած դեպքերի և Ղարաբաղի իշխանությունների գործողությունների նկատմամբ (տե՛ս Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և 3521/07, § § 214-215, 2016 թվականի մարտի 17): Այս առնչությամբ Դատարանը վերահաստատում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորություն» հասկացությունը չի սահմանափակվում պայմանավորվող պետությունների տարածքով: Համապատասխանաբար, պայմանավորվող պետության պատասխանատվությունը կարող է ծագել նրա իշխանությունների այնպիսի գործողությունների կամ անգործության հետևանքով, որոնք ազդեցություն են ունենում նրա սեփական տարածքից դուրս: Պետության պատասխանատվությունը կարգավորող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ պայմանավորվող կողմի պատասխանատվությունը կարող է ծագել նաև այն դեպքում, երբ իրավաչափ կամ ոչ իրավաչափ ռազմական գործողության արդյունքում այն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում իր ազգային տարածքի սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ: Այդ տարածքում Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը բխում է այդպիսի վերահսկողության հանգամանքից՝ անկախ նրանից՝ այն իրականացվում է ուղղակիորեն՝ պայմանավորվող պետության զինված ուժերի միջոցով, թե նրան ենթակա տեղական վարչակազմի միջոցով (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի [Loizidou v. Turkey] (ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996‑VI և Կատանը և այլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04, 8252/05 և 18454/06, § 104-106, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ))։

125. Դատարանը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործում նաև նշել է, որ թեև Լոիզիդուի գործով վճռում անդրադարձ է կատարվել հատուկ բողոքի առ այն, որ հույն կիպրացի դիմումատուին իշխանությունները շարունակաբար թույլ չեն տվել օգտվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) տարածքում գտնվող իր սեփականությունից, սակայն այդ վճռում Դատարանի հիմնավորումը բխել է Կոնվենցիայով Թուրքիայի՝ ՀԿԹՀ-ի իշխանությունների քաղաքականության և գործողությունների մասով ստանձնած ընդհանուր պատասխանատվությանն առնչվող սկզբունքի լայն մեկնաբանությունից: Այսպիսով, Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն իրականացնելիս Թուրքիայի պատասխանատվությունը չէր կարող սահմանափակվել Հյուսիսային Կիպրոսում իր իսկ զինվորների կամ պաշտոնյաների գործողություններով, այլ այն պետք է ծագեր նաև այն տեղական վարչակազմի գործողությունների ուժով, որոնք պահպանում էին իրենց գոյությունը Թուրքիայի ռազմական կամ այլ օժանդակության շնորհիվ։ Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով Թուրքիայի «իրավազորությունը» ենթադրում է նաև Կոնվենցիայով ու Թուրքիայի կողմից վավերացված բոլոր արձանագրություններով սահմանված նյութական իրավունքների ապահովում և որ այդ իրավունքների խախտումները պետք է վերագրվեն Թուրքիային (տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ] [Cyprus v. Turkey [GC]], թիվ 25781/94, § 77, ՄԻԵԴ 2001‑IV):

126. Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իրավիճակին՝ Դատարանը նշում է, որ այդ հարցի վերաբերյալ իր գերակա նախադեպային՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործում Հայաստանի՝ Կոնվենցիայով նախատեսված ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ այն արել է սկզբունքի նմանատիպ մեկնաբանություն: Դատարանը պարզված է համարել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից նշանակալի և վճռական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, և որ երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված են գրեթե բոլոր կարևոր հարցերում, և որ այս իրավիճակը շարունակվում է մինչև օրս։ Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղը և դրա վարչակազմը պահպանում են իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ։ Դատարանը եզրակացրել է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով՝ բողոքում ներկայացված հարցերի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը (տե՛ս Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, § § 169-186, 2015 թվականի հունիսի 16): Այսպիսով, Դատարանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելով՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնում ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում, և Հայաստանի՝ Կոնվենցիայով սահմանված պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցնող իր զինվորների կամ այնտեղ գործունեություն ծավալող իր պաշտոնյաների գործողություններով, այլ պատասխանատվությունը ծագում է նաև այն տեղական վարչակազմի գործողությունների ուժով, որը պահպանում է իր գոյությունը Հայաստանի կողմից ստացվող ռազմական կամ այլ օժանդակության շնորհիվ (տե՛ս վերևում հիշատակված՝ Զալյանը և այլք, § § 214-215, ինչպես նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ջավիթ Անն ընդդեմ Թուրքիայի [Djavit An v. Turkey], թիվ 20652/92, § § 18-23, ՄԻԵԴ 2003‑III, ինչպես նաև Ամերն ընդդեմ Թուրքիայի [Amer v. Turkey], 25720/02, § § 47-49, 2009 թվականի հունվարի 13):

127. Դատարանը հետևաբար հանգում է այն հետևության, որ սույն գանգատում ներկայացված բոլոր հարցերի վրա Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով տարածվում է Հայաստանի իրավազորությունը և, հետևաբար, ծագում է պատասխանող Պետության՝ Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվությունը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

128. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ իր որդին մահացել է վատ վերաբերմունքի, ինչպես նաև հետագայում պատշաճ ու ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերվելու հետևանքով, և որ իշխանություններն այդ հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է հետևյալը՝ այնքանով, որքանով այն վերաբերում է գործին.

 

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

129. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Այն [Դատարանը] նաև նշում է, որ այն [բողոքը] անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

130. Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն պաշտպանել իր որդու կյանքը այն ժամանակահատվածում, երբ նա, որպես պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվոր, գտնվել է նրանց խնամքի տակ: Նրան մահացու հարված է հասցվել փայծախի շրջանում, առկա են եղել հին ու նոր արյունազեղումներ, ինչը վկայում է այն մասին, որ նա սպաների կողմից տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել է վատ վերաբերմունքի: Իշխանությունները, սակայն, այս հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել: Իրականում նրանք արել են ամենը՝ իրական պատճառները չբացահայտելու համար: Հանցագործություն կատարած անձանց հովանավորելու նպատակով նրանք ներկայացրել են իր որդու մահացու վնասվածքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, մասնավորապես այն մասին, որ վնասվածքն առաջացել է պատահաբար հասցված թեթև հարվածի հետևանքով, ինչպես նաև կիրառել են քննչական մի ամբողջ մեխանիզմ, ներառյալ դատաբժշկական փորձաքննությունը, տեղեկությունները ճշմարտանման դարձնելու համար՝ անտեսելով առկա բազմաթիվ հերքող ապացույցները: Կեղծ է եղել նաև ենթադրաբար իր որդու մահվան մեկ այլ պատճառ հանդիսացած մալարիայի ախտորոշումը: Ի վերջո, դիմումատուն պնդել է, որ քննության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե կատարված քննչական գործողությունների թվով, այլ այդ գործողությունների որակով:

131. Կառավարությունը պնդել է, որ պետությունը կատարել է դիմումատուի որդու կյանքի իրավունքն ապահովելու իր պարտականությունը՝ կիրառելով այնպիսի օրենսդրություն, որը թույլ է տալիս մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու և դրանք պատժելու: Ավելին, իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն. հարուցվել է քրեական գործ, կայացվել են համապատասխան որոշումներ և կատարվել են մի շարք քննչական գործողություններ, ինչպես օրինակ՝ քննիչի կողմից դիակի զննում, փորձագետի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն, բազմաթիվ այլ դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև մի շարք հարցաքննություններ և առերեսումներ: Բազմակողմանի և մանրակրկիտ քննության արդյունքում երեք անձանց՝ սպա Վ. Գ.-ի և զորամասի երկու բժիշկների նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նրանք դատապարտվել են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Պարզվել է, որ դիմումատուի որդուն պատճառված վնասվածքը պատահաբար հասցվել է սպա Վ. Գ.-ի կողմից 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Այս հետևությունը հաստատվել է դատաբժշկական փորձագետների կողմից: Իրականացվել է նաև բազմակողմանի քննություն սպա Կ. Զ.-ի հնարավոր ներգրավվածության առնչությամբ, սակայն նրա մեղավորությունը չի ապացուցվել: Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի որդու փայծախը մալարիայի հետևանքով մեծացած է եղել, որը, ի թիվս այլ գործոնների, առաջացրել է վերջինիս մահը, ինչպես նաև վիճարկել է դիմումատուի փաստարկներն առ այն, որ մալարիայի ախտորոշումը եղել է կեղծ:

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

132. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է, իսկապես, մի այնպիսի դրույթ, որից խաղաղ պայմաններում, 15-րդ հոդվածի համաձայն, շեղում կատարել չի թույլատրվում: 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Կոնվենցիայի՝ որպես անհատի պաշտպանության փաստաթղթի խնդիրներից և նպատակից ելնելով՝ անհրաժեշտ է 2-րդ հոդվածը մեկնաբանել և կիրառել այնպես, որ դրանով սահմանված երաշխիքները լինեն գործուն ու արդյունավետ (տե՛ս ի թիվս հեղինակավոր այլ գործերի, Մքքաննը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 146-147, Շարք «Ա» թիվ 324, և Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, § 56, ՄԻԵԴ 2004-XI): 2-րդ հոդվածի 1-ին կետով պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու արգելք, այլ նաև անձանց կյանքը պաշտպանելու նպատակով իր իրավազորության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 208, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)):

133. Դատարանը արգելանքի տակ գտնվող անձանց առնչությամբ նախկինում նշել է, որ այդ անձինք գտնվում են խոցելի իրավիճակում, և որ իշխանություններն ունեն նրանց պաշտպանելու պարտավորություն: Պետությունը պարտավոր է արժանահավատ բացատրություն ներկայացնել արգելանքի տակ պահելու ընթացքում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ, հակառակ դեպքում անխուսափելիորեն ի հայտ է գալիս Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո պատասխանատվության հարց (տե՛ս, ի թիվս հեղինակավոր այլ գործերի, Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, § 99, ՄԻԵԴ 2000-VII, և Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Gäfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 92, ՄԻԵԴ 2010): Ինչպես արգելանքի տակ գտնվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության ձեռքերում, և բացառապես իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից: Այդ պատճառով պետությունը նաև պարտավոր է ներկայացնել բավարար և համոզիչ բացատրություն բանակում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ (տե՛ս Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, § § 42-43, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, Բակլանովն ընդդեմ Ուկրաինայի [Baklanov v. Ukraine], թիվ 44425/08, § 67, 2013 թվականի հոկտեմբերի 24, Մարինա Ալեքսեևան ընդդեմ Ռուսաստանի [Marina Alekseyeva v. Russia], թիվ 22490/05, § 121, 2013 թվականի դեկտեմբերի 19, և Մեթին Գյուլթեքինը և այլք ընդդեմ Թուրքիայի [Metin Gältekin and Others v. Turkey], թիվ 17081/06, § 33, 2015 թվականի հոկտեմբերի 6):

134. Դատարանը նշում է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ (տե՛ս Մուսթաֆա Թունջը և Ֆեջիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunς and Fecire Tunς v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14): Որպեսզի քննությունն արդյունավետ համարվի, այն նախ պետք է լինի պատշաճ, այսինքն՝ հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 113, ՄԻԵԴ 2005‑VII, և վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 172):

135. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները՝ ներառյալ, inter alia, վկաների հարցաքննությունը, փորձաքննությունները և, անհրաժեշտության դեպքում, որի միջոցով հնարավոր է ամբողջական և ճշգրտորեն կերպով արձանագրել վնասվածքը և իրականացնել կլինիկական տվյալների, այդ թվում՝ մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Նաչովան և այլք գործը, § 113, ինչպես նաև վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § § 173-174): Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող միայն գնահատվել կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով (տե՛ս Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, § 144, ՄԻԵԴ 2002‑IV, ինչպես նաև Պանկովն ընդդեմ Բուլղարիայի [Pankov v. Bulgaria], թիվ 12773/03, § 51, 2010 թվականի հոկտեմբերի 7): Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս Ռամսահային և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 321, ՄԻԵԴ 2007‑II, ինչպես նաև վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 175):

136. Քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է քննվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարելու համար հետազոտության բնույթը և աստիճանը կախված է տվյալ գործի հանգամանքներից (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 176 և 181): Եվ ի վերջո, պետք է նշել, որ այս պահանջները տարածվում են ոչ միայն նախնական քննության փուլի, այլև դատական քննության փուլի վրա, որը պետք է նաև բավարարի 2-րդ հոդվածով սահմանված պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 94):

 

բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

i) Ընթացակարգային կողմը

 

137. Պետության կողմից Սուրեն Մուրադյանի մահվան վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը բավարար չափով կատարված լինելու հարցը լուծելու համար Դատարանն առաջին հերթին պետք է ուսումնասիրի իշխանությունների կողմից կատարված քննությունը և դրա արդյունքները: Այս առումով Դատարանը նշում է, որ կողմերը չեն վիճարկում այն հանգամանքը, որ Սուրեն Մուրադյանը մահացել է նրա փայծախին հասցված հարվածի հետևանքով, որն սկզբում առաջացրել է փայծախի ենթապատյանային պատռվածք, իսկ ավելի ուշ՝ լրիվ պատռվածք և սուր արյունահոսություն: Պարզվել է, որ բժշկական անփութությունը ևս կարող էր նպաստել վերջինիս մահվանը: Ինչ վերաբերում է մահացու վնասվածքին, ապա իշխանություններն իրականացրել են այս հանգամանքի պաշտոնական քննություն և հանգել են այն հետևության, որ այն պատճառվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, երբ սպա Վ. Գ.-ն այլ անձանց ներկայությամբ Սուրենի Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ ուժեղ թափահարել է նրա ձեռքը, որի ընթացքում նրանք ձեռքերով ըստ երևույթին պատահաբար հարվածել կամ կպել են Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածին, որն առաջացրել է փայծախի ենթապատյանային պատռվածք: Այնուամենայնիվ, Դատարանը կասկածներ ունի Սուրեն Մուրադյանի մահացու վնասվածքի մասին այս բացատրության վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ հետևություններին հանգեցրած քննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ լուրջ թերությունները:

138. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ իշխանությունները սկզբում արագ արձագանքել են Սուրեն Մուրադյանի մահվանը: Նրա մահվան հաջորդ օրը՝ 2002 թվականի օգոստոսի 5-ին, քննիչը որոշում է կայացրել դիակի դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում՝ դիահերձում նշանակելու մասին: Փորձագետը դատաբժշկական փորձաքննությունն սկսել է հաջորդ օրը և նույն օրը հայտնել է քննիչին, որ Սուրեն Մուրադյանը մահացել է հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծախի վնասվածքի հետևանքով: Այնուհետև քննիչը որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է, քրեական գործ հարուցելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սուրեն Մուրադյանը ենթարկվել է վատ վերաբերմունքի» (տե՛ս վերևում՝ 20-րդ և 21-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ նախաքննական մարմինն իրական փորձեր է արել քննության համար անհրաժեշտ միջոցներն ակտիվորեն ձեռնարկելու և համապատասխան հանգամանքները պատշաճորեն հետազոտելու ուղղությամբ՝ չնայած նրան, որ առկա են եղել մի շարք կոնկրետ կողմնորոշիչներ: Դատարանը, մասնավորապես, նշում է հետևյալը.

139. Առաջին հերթին՝ դեռևս 2002 թվականի օգոստոսի 7-ին նախաքննական մարմինը, հարցաքննելով մի շարք վկաների, ձեռք է բերել ապացույցներ, որոնց համաձայն Սուրեն Մուրադյանը ընդհարում է ունեցել նույն զորամասի երկու սպաների՝ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի հետ: Ընդհարումն սկսվել է ժամացույցի ենթադրյալ գողության պատճառով 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանությամբ, և Սուրեն Մուրադյանին ժամանակ են տվել կոնկրետ պահանջներ կատարելու համար՝ ենթադրաբար նրան սպառնալով, որ դրանք չկատարելու դեպքում նա «խնդիրներ կունենա» և «կպատժվի»: Ավելին, մի քանի օր անց (մոտավորապես 2002 թվականի հուլիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում)՝ ըստ երևույթին այդ ժամկետը լրանալուն պես, այդ սպաները նրան մի քանի անգամ տարել են շտաբ, այդ թվում՝ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ սպառնալիքները ենթադրաբար շարունակվել են: Պարզվել է, որ այդ նույն ժամանակահատվածում Սուրեն Մուրադյանն սկսել է իրեն վատ զգալ (տե՛ս վերևում՝ 7-րդ, 22-րդ և 23-րդ պարբերությունները): Չնայած այդ բոլոր ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ սպաներ Դ. Հ.-ն, Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն հանցավոր արարք են կատարել, նրանք անմիջապես չեն մեկուսացվել և հարցաքննվել են համապատասխանաբար միայն երկու, երեք և տասն օր անց (տե՛ս վերևում՝ 24-րդ և 28-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ թեև չկան ապացույցներ, որոնցով հիմնավորվում է այս սպաների կողմից նախնական համաձայնությամբ գործելու հանգամանքը, սակայն միայն այն փաստը, որ այդպիսի նախնական համաձայնության վտանգի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, համարվում է քննության պատշաճ իրականացման հարցում լուրջ թերություն (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Ռամսահայի և այլոց գործը, § 330):

140. Ինչ վերաբերում է այդ սպաների փաստացի հարցաքննություններին, ապա նախաքննական մարմինը, ունենալով ականատեսի ցուցմունք այն մասին, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանի նկատմամբ ակնհայտ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, այնուամենայնիվ որոշել է իր ուշադրությունը հիմնականում սևեռել այդ վիճաբանության վրա՝ առանց Սուրեն Մուրադյանի՝ հետագայում զորամասի շտաբ կատարած այցերին առնչվող հանգամանքները պարզելուն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու: Սպաներին չեն առաջադրվել մանրամասն հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել այդ այցերի ժամանակ Սուրեն Մուրադյանին վատ վերաբերմունքի ենթարկելու հնարավոր հանգամանքը: Նրանց կողմից վատ վերաբերմունքի ենթարկելու հանգամանքը հերքելը հեշտությամբ ընդունվել է՝ առանց այդ մասով լրացուցիչ քննության, իսկ որոշ դեպքերում հարցաքննությունները հիմնականում սահմանափակվել են այնպիսի գրավոր ցուցմունքներ վերցնելով, որոնցում սպաները պարզապես պատմում են 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած դեպքերը (տե՛ս վերևում՝ 24-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 33-րդ և 68-րդ պարբերությունները):

141. Դեպքերին առնչություն են ունեցել և Սուրեն Մուրադյանի հետ շտաբ են կանչվել երկու այլ զինծառայողներ՝ Կ. Ե.-ն և Գ. Մ.-ն, որոնք կարող էին քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել: Ճիշտ է, որ նրանք երկուսն էլ որպես վկա հարցաքննվելու ժամանակ հերքել են, որ որևէ տեղեկություն ունեն շտաբ կատարած այցերի ժամանակ Սուրեն Մուրադյանի՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին (տե՛ս վերևում՝ 23-րդ, 26-րդ, 37-րդ և 47-րդ պարբերությունները): Սակայն չի բացառվում, որ նրանք ցուցմունքներում չեն տրամադրել իրենց հայտնի բոլոր տեղեկությունները և, ճնշումներից վախենալով, ճշմարտությունը չեն հայտնել՝ հաշվի առնելով, որ գործին առնչություն ունեցող անձինք նրանց վերադասներն էին այն զորամասում, որտեղ նրանք շարունակել են իրենց ծառայությունը, այդ թվում՝ այնպիսի բարձրաստիճան սպաներ, ինչպիսին էր զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նաև այդ զորամասի հրամանատարի տեղակալն էր: Նախաքննական մարմինը, սակայն, չի դիտարկել այս հնարավոր խնդիրը լուծելու ուղղությամբ համապատասխան այնպիսի քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, ինչպիսին Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1 հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցներն իրականացնելն է, օրինակ՝ նշված վկաների ծառայության վայրը փոփոխելու և դրանով հնարավոր ճնշումներից նրանց պաշտպանությունն ապահովելու միջոցով (տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը):

142. Դատարանը նշում է, որ անորոշ են դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ի կողմից արված հետևությունները՝ կապված քննության համար էական նշանակություն ունեցող՝ Սուրեն Մուրադյանի մոտ առաջին և հիմնական արյունազեղումն առաջանալու օրվա հետ: Մասնավորապես, փորձագետը եզրակացրել է, որ այդ արյունազեղումն առաջացել է մահվանից «ավելի քան 8-ից 10 օր» առաջ (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը): Այսպիսով, մի կողմից փորձագետը նշում է կոնկրետ ժամանակահատվածի մասին, մասնավորապես՝ 8-ից 10 օր, սակայն մյուս կողմից կարծիք է հայտնում, որ արյունազեղումը կարող էր առաջացած լինել այդ ժամանակահատվածից առաջ ցանկացած ժամանակ՝ դրանով իսկ տալով էական նշանակություն հարցին շատ անորոշ պատասխան և միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցնելով այս ապացույցի ապացուցողական ուժը: Նախաքննական մարմինը չի պարզել այս հարցը, այդ թվում՝ ինչ է նկատի ունեցել դատաբժշկական փորձագետը «ավելի քան 8-ից 10 օր առաջ» (ընդգծումը՝ Դատարանի) արտահայտությամբ, ինչպես նաև այն, թե ինչու հնարավոր չի եղել նշել արյունազեղումն առաջանալու ավելի կոնկրետ ժամանակ, մինչդեռ դա հնարավոր է եղել անել նույն հատվածում առաջացած երկրորդ արյունազեղման դեպքում (մահվանից 1-ից 2 օր առաջ):

143. Երբևէ չի իրականացվել տեղանքի զննություն, այդ թվում՝ չի զննվել սպա Կ. Զ.-ի աշխատասենյակը, որտեղ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությունից հետո կանչել են Սուրեն Մուրադյանին:

144. Դատարանը նաև նշում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ վարկածը պատշաճորեն չի ստուգվել նույնիսկ այն բանից հետո, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինները ձեռք են բերել ապացույց, որի համաձայն գործով ներգրավված երեք սպաներից առնվազն երկուսը, մասնավորապես՝ Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն, առնչություն ունեն բռնության դեպքին (տե՛ս վերևում՝ 38-րդ, 43-րդ, 47-րդ, 61-րդ և 63-րդ պարբերությունները): Առավել ուշագրավ է այն, որ սպա Կ. Զ.-ն փաստացի առնչություն է ունեցել Սուրեն Մուրադյանի հետ նույն նպատակով իր աշխատասենյակ կանչված մյուս երկու զինծառայողներից մեկի՝ Գ. Մ.-ի նկատմամբ նույն պատմության համատեքստում բռնություն գործադրելուն: Այս հանգամանքին նշանակություն չի տրվել, և քրեական վարույթն իրականացնող մարմինները հեշտությամբ ընդունել են այն սցենարը, որի համաձայն միայն զինծառայող Գ. Մ.-ն է դարձել բռնության գործողությունների զոհ, այլ ոչ թե Սուրեն Մուրադյանը (տե՛ս վերևում՝ 90-րդ և 92-րդ պարբերությունները): Քննության ընթացքը որևէ կերպ չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ Սուրեն Մուրադյանի հետ նրա մահվանից ոչ շատ առաջ կապի մեջ եղած երկու վկաները՝ Կ. Բ.-ն և Հ. Ղ.-ն, հստակ հայտնել են, որ վերջինս պատմել է, որ սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ: Դատարանը բավարար չափով համոզիչ չի համարում այդ պնդումները մերժելու պատճառները (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունը):

145. Այսպիսով, վերոնշյալ խնդիրները լուծելու, 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությանը հաջորդող օրերին կատարվածի բազմակողմանի քննություն իրականացնելու, ինչպես նաև դիմումատուի որդու՝ վատ վերաբերմունքի ենթարկված լինելու հանգամանքը պարզելու փոխարեն՝ քննության համար առանցքային է դարձվել հենց վիճաբանության հանգամանքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշվել է, չի եղել որևէ ապացույց առ այն, որ այդ վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանը ենթարկվել է այնպիսի բնույթի և ծանրության ֆիզիկական բռնության, որի հետևանքով կարող էր պատճառվել նրա փայծախի՝ կյանքի համար վտանգավոր վնասվածք: Դատարանը նշում է, որ ոչ շուտ, քան երկու տարի հետո է դեպքին առնչություն ունեցող սպաներից մեկը հայտնել, որ նախկինում չի ասել ամբողջ ճշմարտությունը և որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ իրականում պատահաբար հարված է հասցվել Սուրեն Մուրադյանի որովայնի հատվածին (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը): Նախաքննական մարմինը հեշտությամբ ընդունել է այդ պնդումը, մինչդեռ առկա չի եղել այն հիմնավորող որևէ օբյեկտիվ ապացույց, և հետագա ամբողջ քննությունը, այդ թվում՝ բոլոր դատաբժշկական փորձաքննություններն ուղղված են եղել հիմնավորելու այն վարկածը, որ առաջին արյունազեղումը և փայծախի ենթապատյանային պատռվածքն առաջացել են պատահական հարվածի հետևանքով: Դատարանը, սակայն, նշում է, որ նույնիսկ այս հետևությունն արվել է մի շարք թերություններով:

146. Նախ, ինչպես արդեն նշվել է, դեպքերի այս վարկածն ամբողջությամբ հիմնված է եղել դեպքերին առնչություն ունեցող այն սպայի ցուցմունքի վրա, որը չէր կարող համարվել օբյեկտիվ վկա և որը, ավելին, քրեական գործով վարույթի ամբողջ ընթացքում այդ մասին տվել է հակասող ցուցմունքներ (տե՛ս վերևում՝ 24-րդ, 64-րդ, 68-րդ և 97-րդ պարբերությունները):

147. Թեև համապատասխան բժշկական փորձագետների պնդմամբ՝ առաջին արյունազեղումը և փայծախի ենթապատյանային պատռվածքն առաջացել են 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ի կողմից պատահաբար հասցված հարվածի հետևանքով, սակայն Դատարանի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձագետներին ներկայացվել է միայն մեկ վարկած, որի համաձայն, Սուրեն Մուրադյանին սպա Վ. Գ.-ի նկարագրած հանգամանքներում հասցվել է մեկ հարված: Հետևաբար զարմանալի չէ, որ փորձագետներն այդ հարվածը համարել են նշված վնասվածքների առաջացման պատճառ: Դա, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես սպա Վ. Գ.-ի պնդումների հավաստիությունը հաստատող կամ այդ վնասվածքներն իրականում պատճառվելու միանգամայն այլ՝ նախաքննական մարմնի կողմից պատշաճորեն և դատաբժշկական փորձագետներին չներկայացված սցենարի հավանականությունը բացառող հանգամանք:

148. Որևէ համոզիչ բացատրություն չի տրվել այն հանգամանքի վերաբերյալ, որ Սուրեն Մուրադյանից մահվանից առաջ հոսպիտալում վերցված արյան միևնույն նմուշի մեջ սկզբում չեն հայտնաբերվել մալարիայի հարուցիչներ, իսկ հետո դրանք հայտնաբերվել են: Դատաբժշկական փորձագետները կամ տրամադրել են հակասող և ոչ բավարար բացատրություններ, կամ որևէ բացատրություն չեն տրամադրել (տե՛ս վերևում՝ 36-րդ, 71-րդ, 72-րդ և 73-րդ պարբերությունները): Հատկանշական է, որ մալարիայի ախտորոշման հիման վրա բացատրվել է Սուրեն Մուրադյանի փայծախի մեծացման և դեֆորմացման հանգամանքը, ինչպես նաև նշվել է, որ այն կարող էր պատռվել նույնիսկ թույլ հպումից:

149. Նախաքննական մարմինը չի փորձել պարզել, թե արդյոք բժշկական տեսանկյունից հնարավոր է, որ Սուրեն Մուրադյանն սկսեր իրեն վատ զգալ միայն մոտավորապես 2002 թվականի հուլիսի 24-ից հետո, եթե վնասվածքը նրա փայծախին հասցվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, և արդյոք հնարավոր է, որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ ցավի ակնհայտ դրսևորումներ եղած չլինեն այն դեպքում, երբ նրան հասցվել է վնասվածք, որի հետևանքով առաջացել է 10x9սմ չափերի արյունազեղում, ինչպես նաև փայծախի ենթապատյանային պատռվածք: Դատաբժշկական փորձագետները դիմումատուի համապատասխան հարցերին ի պատասխան համոզիչ բացատրություն չեն տրամադրել (տե՛ս վերևում՝ 88-րդ պարբերությունը):

150. Ինչ վերաբերում է Սուրեն Մուրադյանի փայծախի շրջանում երկրորդ արյունազեղմանը, որն առաջացել է նրա մահվանից 1-ից 2 օր առաջ, ապա, ըստ երևույթին, որևէ էական փորձ չի արվել նաև արյունազեղումն առաջանալու պատճառները պարզելու, ինչպես նաև փայծախի պատռվածքի հետ դրա հնարավոր կապը պարզելու ուղղությամբ: Համարվել է, որ այդ արյունազեղումն առաջացել է հոսպիտալում Սուրեն Մուրադյանի վայր ընկնելու հետևանքով (տե՛ս վերևում՝ 46-րդ և 71-րդ պարբերությունները): Նման հիմնավորման դեպքում, սակայն, լիովին անտեսվում է այն հանգամանքը, որ տվյալ արյունազեղումը, ինչպես պարզվել է, առաջացել է Սուրեն Մուրադյանի մահվանից 1-ից 2 օր առաջ, մինչդեռ հոսպիտալում նրա վայր ընկնելը, ըստ երևույթին, տեղի է ունեցել նրա մահից առաջ՝ երկու ժամից էլ կարճ ժամանակահատվածում (տե՛ս վերևում՝ 15-րդ և 30-րդ պարբերությունները): Ավելին, պարզ չէ, թե նախաքննական մարմինը ինչ հիմքով է պարզված համարել, որ վայր ընկնելիս Սուրեն Մուրադյանի ձեռքը եղել է իր փորի տակ (տե՛ս վերևում՝ 69-րդ պարբերությունը):

151. Դատարանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2004 թվականի նոյեմբերի 5-ի գրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի 2004 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը: Դրանցից առաջինը՝ «գաղտնի» նշումով գրությունը, վերաբերում էր «[Սուրեն Մուրադյանի] հայտնի ծեծին», իսկ մյուսում նշվել է, որ քննությամբ պարզվել է, որ Սուրեն Մուրադյանին սպա Կ. Զ.-ի աշխատանքային սենյակում ծեծել են փայտե ձողով (տե՛ս վերևում՝ 75-րդ և 81-րդ պարբերությունները): Այսպիսով, այս փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ իշխանություններն առնվազն բավարար ապացույց են ունեցել այն մասին, որ Սուրեն Մուրադյանը ենթարկվել է ծեծի, սակայն գործողություններ չեն ձեռնարկել կամ չեն ցանկացել ձեռնարկել այդ ապացույցի առնչությամբ: Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտնած տեղեկությունը չի ազդում այս եզրակացության վրա, քանի որ չի տրամադրվել որևէ այլ համոզիչ բացատրություն վերջինիս կողմից արված «[Սուրեն Մուրադյանի] հայտնի ծեծ» արտահայտության վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը):

152. Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել առանձին գլխում Հայաստանի բանակում մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնող՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, որից պարզ է դառնում, որ այս գանգատով ներկայացված հարցերը, այդ թվում՝ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումները և ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերը հազվադեպ չեն (տե՛ս վերևում՝ 119-րդ պարբերությունը):

153. Վերոնշյալ հանգամանքները բավարար հիմք են տալիս Դատարանին հանգելու այն հետևության, որ իշխանությունները դիմումատուի որդուն մահացու վնասվածք պատճառվելու հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել։

154. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում։

 

ii) Նյութաիրավական կողմը

 

155. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական կողմին, ապա հանգելով այն հետևության, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունն արդյունավետ չի եղել, Դատարանը չի կարող այդ քննության արդյունքները համարել բավականաչափ հուսալի, իսկ Սուրեն Մուրադյանի կյանքի համար վտանգավոր վնասվածքի վերաբերյալ բացատրությունը՝ համոզիչ և բավարար: Հետևաբար, չի կարող համարվել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու՝ իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը:

156. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական խախտում։

 

iii) Բժշկական անփութությունը

 

157. Հանգելով վերոնշյալ հետևություններին՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննել այն հարցը, թե արդյոք բժշկական անփութությունը ևս նպաստել է Սուրեն Մուրադյանի մահվանը, և արդյոք իրականացվել է այդ հարցի արդյունավետ քննություն:

 

 III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

158. Դիմումատուն պնդել է իր բողոքները իր որդու նկատմամբ սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի ենթադրյալ վատ վերաբերմունքի, որդուն պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվելու և իշխանությունների կողմից Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չիրականացվելու վերաբերյալ:

159. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները:

160. Դատարանը նշում է, որ այս բողոքներն փոխկապակցված են վերևում քննված բողոքների հետ և, հետևաբար, նույնպես պետք է հայտարարվեն ընդունելի։

161. Հաշվի առնելով 2-րդ հոդվածի առնչությամբ արված հետևությունները (տե՛ս վերևում՝ 153-156-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ անհրաժեշտություն չկա քննելու այն հարցը, թե արդյոք սույն գործում առկա են նաև Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ (տե՛ս, mutatis mutandis, Մախարաձեն և Սիխարուլիձեն ընդդեմ Վրաստանի [Makharadze and Sikharulidze v. Georgia], թիվ 35254/07, § 94, 2011 թվականի նոյեմբերի 22, Գյուլբահար Օզերը և այլք ընդդեմ Թուրքիայի [GՖlbahar Ճzer and Others v. Turkey], թիվ 44125/06, § 78, 2013 թվականի հուլիսի 2, և Ֆանզիևան ընդդեմ Ռուսաստանի [Fanziyeva v. Russia], թիվ 41675/08, § 85, 2015 թվականի հունիսի 18):

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

162. Ի վերջո, դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա բողոք է ներկայացրել իր որդու մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության ենթադրյալ անարդարացիության վերաբերյալ:

163. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և, այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը համարում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Այսպիսով հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

164. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

165. Դիմումատուն պահանջել է 85 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

166. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում տեղի չի ունեցել և, հետևաբար, նա իրավունք չունի ստանալու փոխհատուցում: Նույնիսկ խախտում լինելու դեպքում, այդ խախտման և դիմումատուին ենթադրաբար պատճառված ոչ նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա, և ավելին, դա չի հիմնավորվել որևէ ապացույցով:

167. Դատարանը համարում է, որ բացահայտված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար Դատարանը դիմումատուին տրամադրում է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

168. Դիմումատուն պահանջել է ընդհանուր առմամբ 79 900 դրամ՝ փոստային ծառայության ծախքերի դիմաց:

169. Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջը պետք է մերժվի, քանի որ Կոնվենցիայի խախտում տեղի չի ունեցել:

170. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ։ Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները՝ դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 165 եվրոյին համարժեք գումարի փոխհատուցում՝ փոստային ծառայության ծախքերի դիմաց։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

171. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է Սուրեն Մուրադյանի մահվան, վերջինիս նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չիրականացվելու վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ դիմումատուի որդուն պատճառված՝ կյանքի համար վտանգավոր վնասվածքի և այդ փաստով իրականացված քննության մասով տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային խախտումներ.

3. Վճռում է, որ ենթադրյալ բժշկական անփութության առնչությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

4. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

5. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

6. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 50 000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 165 եվրո (մեկ հարյուր վաթսունհինգ եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա բոլոր հարկերը,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Աբել Կամպոս

Քարտուղար

Միրյանա Լազարովա Տրայկովսկա

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան