Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2021-26.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.11.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2021 թ.

N 81-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 752-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.13-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը»՝ համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի նոյեմբերի 29-ի 

N 81-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ Հաստատություն) դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) ապահովման գործընթացը համակարգվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից:

3. Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ) կողմից Հաստատությունների անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով (այսուհետ՝ Հաստատության միջոցներ), որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ-ի կողմից, հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը իրականացվում է ԴՏՀՏՇՀ-ի Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:

4. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը իրականացվում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, Համակարգում գործող հարթակում, այդ թվում՝

1) Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքերի,

2) օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

3) ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,

4) մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

5) բրայլյան դասագրքերի և տետրերի։

5. Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, Նախարարության կողմից հաստատվում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

6. Սահմանամերձ համայնքների Հաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։

7. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

8. Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Դասագրքերը պահվում են Հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի։

9. Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

10. Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից։

11. Համակարգում Հաստատությունը սույն կարգի 10-րդ կետում նշված դասագրքերի ցանկից բոլոր առարկաների համար յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, ընտրում է մանկավարժական խորհրդի կողմից հաստատված տարրական դասարանների դասագրքերը։

12. Համակարգում Հաստատությունը սույն կարգի 10-րդ կետում նշված դասագրքերի ցանկից բոլոր առարկաների համար յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, ընտրում է սույն կարգի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված դասագրքերը։

13. Հիմնվելով Հաստատության կողմից մուտքագրված պահեստային դասագրքերի թվի, Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված տարրական դասարանների, ազգային փոքրամասնության լեզվով, այլ օտար լեզվով խորացված և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների, ինչպես նաև համապատասխան դասարաններում դասավանդող ուսուցիչների քանակի վրա՝ Համակարգի կողմից ինքնաշխատ կերպով ձևավորվում է դասագրքերի պահանջարկը: «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի քանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում դպրոցի նախորդ երեք տարիների սովորողների թվի թվաբանական միջինը, բացառություն են կազմում այն Հաստատությունները, որտեղ՝

1) տարրական հանրակրթական ծրագիր է իրականացվում ոչ ավելի, քան 2 տարի,

2) նախորդ երկու տարում տեղի է ունեցել տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայով տրված տեղերի էական (առնվազն 20%) փոփոխություն:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի քանակը հաշվարկվում է տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայով տրված տեղերի մեկ քառորդին հավասար: Ըստ անհրաժեշտության՝ դասագրքերի քանակի վերաբերյալ տվյալները կարող են ճշտվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գրավոր ընթացակարգով:

15. Հաշվի առնելով Համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորված պահանջարկը՝ Նախարարությունը, համագործակցելով հրատարակչությունների հետ, մինչև մարտի 1-ը իրականացնում է դասագրքերի միավորային գնի ճշգրտման գործընթացը։

16. Ճշգրտված միավորի գնի և պահանջարկի հիման վրա Նախարարությունը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի գնում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։

17. Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունները դասագրքերը բաշխում են Հաստատություններին մինչև օգոստոսի 20-ը, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: Դասագրքերի բաշխումն իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:

18. Հաստատությունը դասագրքերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի գրադարանում իրականացնում է դասագրքերի քանակների փոփոխություն։

19. Սույն կարգով նախատեսված դասագրքերի հայտերի ձևավորման, բաշխման փուլերում համապատասխան լիազորված մարմինները իրականացնում են մշտադիտարկում այցերի, Համակարգում ներբեռնված տվյալների և փաստաթղթերի դիտարկման, համադրման և ճշտման եղանակով:

20. Սույն կարգի 4-րդ կետի 2-5-րդ ենթակետերով նախատեսված դասագրքերով Հաստատությունների ապահովումն իրականացվում է Նախարարության և գործընկեր կազմակերպությունների միջև կնքված գրավոր համաձայնագրերի հիման վրա։

21. Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը ԿԱՀ–ում ձևավորվում են մինչև մարտի 1-ը:

22. Յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 30-ը, Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի համար ԿԱՀ-ում հայտերի հիման վրա ինքնաշխատ ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները Հաստատությունները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ՝ նշելով՝

1) դասագրքերի անվանացանկը,

2) յուրաքանչյուր դասագրքի հեղինակը (հեղինակները),

3) հրատարակչությունը,

4) դասարանը,

5) պատվիրվող քանակը,

6) միավորի գինը.

7) Հաստատության կողմից վճարվելիք ընդհանուր գումարը՝ պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:

23. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից:

24. Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր՝ Հաստատությունից Հաստատություն փոխանցումով:

25. Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:

26. Հաստատությունը՝

1) հանձնման և ընդունման ակտում նշված քանակների համաձայն՝ ստանում է դասագրքերը և որպես սեփականություն՝ մուտքագրում Հաստատության գրադարանային ֆոնդ,

2) դասագրքի օգտագործման ժամկետի ավարտից կամ նոր հրատարակությունով փոխարինելուց հետո կարող է սահմանված կարգով դասագիրքը դուրս գրել,

3) կազմակերպում է ներդրվող գումարների հավաքագրման, դասագրքերի հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով,

4) ուսումնական տարվա սկզբին դասագրքերը հատկացնում է սովորողներին՝ մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, և ուսումնական տարվա ավարտին՝ սովորողների կողմից դասագրքերը վերադարձնելուց հետո, Համակարգում և ԿԱՀ–ում կատարում համապատասխան նշումներ,

5) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և դրանց վերադարձը ամրագրվի ծնողի (օրինական ներկայացուցչի) և Հաստատության պատասխանատուի ստորագրությամբ,

6) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը Հաստատությունների միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները մուտքագրում է Հաստատության համար առանձնացված բանկային հաշվին,

7) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը փաստացի մուտքերի և ելքերի հետ, և անհամապատասխանության դեպքում՝ դիմում է ԴՏՀՏՇՀ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ,

8) յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների ավարտին կատարում է դասագրքերի հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դասագրքերի համար կազմում է արձանագրություն, պահպանում է դասագրքերի պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման և ընդունման ակտերը, ներդրվող գումարների մուտքագրման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները,

9) սովորողներին տրամադրված դասագրքերի մասին տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով՝ www.dshh.am կայքէջում տեղադրելու համար, յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը, ԿԱՀ-ում ձևավորված հաշվետվությունը հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ,

10) Հաստատության բոլորին տեսանելի վայրում փակցնում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ Նախարարի հրամանի պատճենը,

11) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա ավարտին սովորողների կողմից հետ վերադարձված դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում՝ նորոգում է վնասված դասագրքերը` երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված ժամանակահատվածում օգտագործումն ապահովելու նպատակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2021 թվական: