Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հուլիսի 2021 թ.

N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի հուլիսի 15-ի

N 54-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

1. Սույն չափորոշիչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների` ինտերվենցիոն սրտաբանական և սրտային վիրաբուժական ծառայությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն չափորոշիչով սահմանված դրույթները տարածվում են հետևյալ ծառայությունների վրա.

1) աորտոկորոնար շունտավորում,

2) սրտի փականների պրոթեզավորում,

3) կորոնար անոթների ստենտավորում,

4) կորոնար անոթների բալոնային դիլատացիա,

5) սրտի բնածին արատների վիրահատություններ,

6) սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

7) կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլանտացիա,

8) լրացուցիչ անցուղիների աբլացիա,

9) փորոքային տախիկարդիայի աբլացիա,

10) փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող սարքերի իմպլանտացիա,

11) վերել և վայրէջ աորտայի անևրիզմայի վիրահատական բուժում,

12) կոլլատերալների փակում (մինչև 18 տարեկան երեխաներ),

13) Ռոսսի վիրահատություն,

14) կորոնարոգրաֆիա,

15) հիվանդանոցային պայմաններում նախնական ախտորոշման ճշտման ընթացքում սրտի վիրահատությամբ չավարտված թերապևտիկ բուժման դեպքեր:

3. Ինտերվենցիոն սրտաբանական և սրտային վիրաբուժական ծառայությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սրտային վիրաբուժական և ինտերվենցիոն սրտաբանական բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում` Առողջապահության նախարարության և համապատասխան ծառայության գծով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրերի համաձայն:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար սրտի վիրահատական ծառայություններից օգտվելու իրավունք ունեն.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 2-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկված անձիք,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձիք` բացառությամբ կորոնարոգրաֆիա հետազոտության համար ուղեգրված և միայն կորոնարոգրաֆիայով ավարտված դեպքերի,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում ընդգրկված անձիք,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք` միայն կորոնարոգրաֆիա հետազոտության մասով,

5) Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր խմբերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով սահմանված սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման դեպքերում և սույն չափորոշչի 22-րդ կետով սահմանված վիճակներում (բացառությամբ սույն չափորոշչի 33-րդ կետով սահմանված դեպքերի):

5. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով (պետության մասնակցության չափով) սրտի վիրահատական ծառայություններից օգտվելու իրավունք ունեն.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձիք` կորոնարոգրաֆիա հետազոտության համար ուղեգրված և միայն կորոնարոգրաֆիայով ավարտված դեպքերում,

2) Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր խմբերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով սահմանված սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման` սույն չափորոշչի 33-րդ կետով սահմանված դեպքերում:

6. Սույն չափորոշիչի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար բժշկական կազմակերպություններ ուղեգրումը իրականացվում 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 7-ով հաստատված կարգի համաձայն:

7. Սույն չափորոշիչի 4-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար բժշկական կազմակերպություններ ուղեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն:

8. Սույն չափորոշիչի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց համար բժշկական կազմակերպություններ ուղեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն:

9. Սույն չափորոշչի 4-րդ և 5-րդ կետերում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի վիրահատական ծառայությունները կարող են իրականացվել Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի 3-րդ կետը:

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

1. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՐՈԳՐԱՖԻԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՂԵԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

10. Կորոնարոգրաֆիա հետազոտման ուղեգրումն իրականացվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն սրտաբանական կամ ինտերվենցիոն սրտաբանական կամ սրտային վիրաբուժական ծառայությունների իրականացման համար համապատասխան լիցենզիա և որոնց հետ Առողջապահության նախարարությունը տվյալ ծառայության գծով կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր:

11. Կորոնարոգրաֆիա հետազոտման ուղեգրումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների սրտաբանի, իսկ գյուղական ամբուլատորիաներում և առողջության կենտրոններում ընտանեկան բժշկի կողմից` սույն չափորոշիչի 12-րդ կետով սահմանված լաբորատոր–գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա և սույն չափորոշիչի 14-րդ կետով սահմանված բացարձակ կլինիկական ցուցումների առկայության դեպքում:

12. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կորոնարոգրաֆիա հետազոտության համար ուղեգրելու նպատակով նախապես իրականացվում են հետևյալ լաբորատոր – գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

1) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ), սույն չափորոշչով սահմանված` սրտամկանի ինֆարկտին բնորոշ փոփոխությունների առկայությամբ,

2) էխոսրտագրություն (այսուհետ` ԷԽՍ) դոպլեր հետազոտությամբ,

3) ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ, եթե պացիենտի վիճակը գնահատվում է կայուն (տրեդմիլ-թեստ կամ վելոէրգոմետրիա),

4) սույն կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերում նշված հետազոտությունները տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում իրականացնելու անհնարինության դեպքում պացիենտը սահմանված կարգով ուղեգրվում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ Առողջապահության նախարարության կողմից տեղադրված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում տվյալ ծառայության գծով:

13. Կորոնարոգրաֆիա հետազոտության անհրաժեշտության փաստը հաստատվում և վավերացվում է տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ծառայության ղեկավարի կամ բուժական գծով տեղակալի կողմից, բուժող բժշկի ներկայացմամբ և կնքվում (առկայության դեպքում):

14. Կորոնարոգրաֆիա հետազոտության և սրտի վիրահատության նպատակով ուղեգրման բացարձակ կլինիկական ցուցումներն են.

1) սրտամկանի սուր ինֆարկտ,

2) վաղ հետինֆարկտային ստենոկարդիա,

3) վիճակ` սիրտ–թոքային վերակենդանացումից (այսուհետ ՍԹՎ-ից) հետո,

4) օպտիմալ (եռկոմպոնենտ) դեղորայքային թերապիայի ֆոնին առաջացած ստենոկարդիա,

5) անկայուն ստենոկարդիա,

6) Պրինցմետալի ստենոկարդիա,

7) ձախ փորոքի արտամղման ֆրակցիան (EF) <35%

8) ստենոկարդիա, որն ուղեկցվում է`

ա. ոչ ինվազիվ քննությունների ակնհայտ բարձր ռիսկով,

բ. ցածր տոլերանտությամբ` ֆիզիկական լարվածության նկատմամբ,

9) սրտի բաց վիրահատությունից (աորտոկորոնար շունտավորում և սրտի փականների պրոթեզավորում) առաջ` 40 տարեկանից բարձր տղամարդկանց, 45 տարեկանից բարձր կանանց կամ, անկախ տարիքից` եթե առկա է ստենոկարդիայի դրսևորում:

15. Սրտի բաց վիրահատության (աորտոկորոնար շունտավորում և սրտի փականների պրոթեզավորում) նպատակով կորոնարոգրաֆիա հետազոտության ուղեգրման հարաբերական կլինիկական ցուցումներն են.

1) ստենոկարդիա, հետևյալ խմբերի պացիենտների մոտ.

ա. 40 տարեկանից բարձր պացիենտներ` ոչ ինվազիվ օբյեկտիվ քննությունների արդյունքում ստացված սրտամկանի իշեմիայի տվյալներով,

բ. պացիենտներ, որոնք տարել են սրտամկանի ինֆարկտ,

գ. ԷՍԳ, կամ ոչ ինվազիվ այլ քննությունների տվյալների բացասական դինամիկայով պացիենտներ:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

16. Սույն չափորոշչի 19-րդ կետով սահմանված շտապ և անհետաձգելի սրտային վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակների և ախտորոշումների դեպքերում սրտի վիրահատության կազմակերպման համար պացիենտի դիմելու (բերելու) դեպքում բժշկական կազմակերպության ընդունարանում սույն չափորոշիչով սահմանված կարգով երկու ժամվա ընթացքում իրականացվում է սույն չափորոշչի 17-րդ կետով սահմանված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը և պացիենտը ընդունվում է համապատասխան բաժանմունք:

17. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում սրտի վիրահատությունների ժամանակ իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը ներառում է.

1) արյան ընդհանուր քննություն,

2) մեզի ընդհանուր քննություն,

3) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն),

4) արյան սերոլոգիական (վիրուսային հեպատիտ B,C, սիֆիլիս) քննություններ,

5) պլազմայի մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի որոշում,

6) ԷՍԳ (բազմաֆունկցիոնալ սարքով, որը հնարավորություն ունի ժապավենի վրա ամրագրել կատարման օրը և ժամը),

7) ԷԽՍ դոպլեր հետազոտությամբ,

8) ըստ կլինիկական ցուցումների՝ տրեդմիլ-թեստ, հոլտեր-մոնիտորինգ և այլ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

18. Շտապ և անհետաձգելի սրտային վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակների և ախտորոշումների դեպքերում վիրահատական միջամտություններն իրականացվում են առանց հերթագրման` անկախ ֆինանսական միջոցների առկայությունից:

19. Շտապ և անհետաձգելի սրտային վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակներ և ախտորոշումներն են.

1) սրտամկանի սուր ինֆարկտ.

ա. ST-սեգմենտի էլևացիայով, որին բնորոշ են սույն չափորոշիչի 27-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կլինիկոլաբորատոր ցուցանիշները,

բ. առանց ST-սեգմենտի էլևացիայի, որին բնորոշ են էլեկտրասրտագրի վրա ST-սեգմենտի ավելի քան 1մմ հորիզոնական կամ թեք-վայրէջք դեպրեսիա երկու և ավելի հարակից արտածումներում և արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 0,1 նգ/մլ-ից (առաջին հետազոտման նորմալ արդյունքի դեպքում` կրկնակի հետազոտություն մինչև 12 ժամերի ընթացքում):

2) անկայուն ստենոկարդիա, որին բնորոշ են ցավային համախտանիշ` հարաճուն կամ առաջին անգամ առաջացած կամ առաջացած վաղ հետինֆարկտային շրջանում կամ հանգստի վիճակում և արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 0,1 նգ/մլ-ից (առաջին հետազոտման նորմալ արդյունքի դեպքում` կրկնակի հետազոտություն մինչև 12 ժամերի ընթացքում):

3) սրտամկանի սուր ինֆարկտ` Հիսի խրձի ձախ ոտիկի լրիվ սուր պաշարումով, որը ուղեկցվում է սրտամկանի սուր ինֆարկտին բնորոշ կլինիկական ախտանիշներով և արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 0,1 նգ/մլ-ից ավել բարձրացումով,

5) սրտի սինո-ատրիալ և ատրիո-վենտրիկուլյար 2-3 աստիճանի պաշարումները, որոնք կապված չեն սրտամկանի սուր ինֆարկտի հետ կամ չեն վերանում կորոնար ռեվասկուլյարիզացիայի կամ դեղորայքային բուժման արդյունքում և պահանջում են սրտի մշտական ռիթմավարի իմպլանտացիա,

6) աորտայի վերել հատվածի և աորտայի աղեղի շերտազատում` աորտայի պրոթեզավորում առանց փականային ապարատի կամ միաժամանակ աորտայի փականի պրոթեզավորումով,

7) աորտոկորոնար շունտավորման վիրահատություն ձախ պսակային զարկերակի ցողունի ավելի քան 75% նեղացման կամ ավելի քան 50% նեղացման դեպքում, եթե այն ուղեկցվում է անկայուն ստենոկարդիայի կլինիկայով:

8) սուր, ենթասուր բակտերիալ էնդոկարդիտներ, որոնք բարդացել են սրտի փական(ներ)ի սուր ախտահարմամբ և պահանջում են փականային շտապ վիրահատություն:

20. Մինչև 18 տարեկան երեխաների պլանային սրտի վիրահատությունների իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը սահմանվում է անհատական` երեխային վարող սրտաբանի կողմից:

21. Սրտի վիրահատական ծառայության ծավալների և վիրահատական մեթոդի վերաբերյալ վերջնական եզրակացությունը տրվում է վիրահատությունը իրականացնող բժշկի կողմից` ամրագրելով հիվանդության պատմագրում կամ ընդունարանի մատյանում, անկախ ուղեգրի առկայությունից:

 

3.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունների (այսուհետ` սրտի անհետաձգելի վիրահատություն) կազմակերպման հիմք են հանդիսանում հետևյալ վիճակներից մեկը.

ա. «Սրտամկանի սուր ինֆարկտ» ԷՍԳ ST-էլևացիայով,

բ. «Սրտամկանի սուր ինֆարկտ» ԷՍԳ առանց ST-էլևացիայի տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշով և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,

գ. կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտները:

23. Սրտի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը բժշկական կազմակերպություններ իրականացվում է հետևյալ ընթացակարգերով.

1) Երևան քաղաքում` շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը ապահովում է պացիենտի առաջին բժշկական օգնությունը (համարժեք ցավազրկում, հակամակարդիչ, հակաագրեգանտային, հակաառիթմիկ և այլ անհրաժեշտ դեղերի ներարկում տեղում), ինչպես նաև տեղափոխումը շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կամ պացիենտի ցանկությամբ այլ՝ ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն,

2) Երևան քաղաքում առաջնային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում չիրականացնող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտի «Սրտամկանի սուր ինֆարկտ» ST-էլևացիա ախտորոշման դեպքում, շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով 2 ժամվա ընթացքում տվյալ կազմակերպության տնօրինության կողմից ապահովվում է նրա տեղափոխումը ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն,

3) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ վայր չտեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն ընտրելու դեպքում այդ մասին շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բժշկի կողմից կատարվում է գրավոր նշում շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում և ուղեգրում,

4) շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բժիշկը պացիենտին նախապես բանավոր տեղեկացնում է սույն հրամանով սահմանված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպման չափորոշչի հիմնական դրույթների մասին: Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունից հրաժարվելու պարագայում այդ փաստը գրավոր ամրագրվում է շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում` որը հաստատվում է բժշկի և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ստորագրությամբ,

5) Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ բժշկական օգնության ծառայությունը, որն ապահովում է պացիենտի առաջին բժշկական օգնությունը (համարժեք ցավազրկում, հակամակարդիչ, հակաագրեգանտային, հակաառիթմիկ և այլ անհրաժեշտ դեղերի ներարկում տեղում) պացիենտին տեղափոխում է շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որտեղ իրականացվում է անհրաժեշտ հետազոտություններ և առողջական վիճակի գնահատումից հետո կազմակերպում է նրա տեղափոխումն ամենամոտ տեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական կազմակերպություն,

6) Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ բժշկական օգնության ծառայությունը, որն ապահովում է պացիենտի առաջին բժշկական օգնությունը (համարժեք ցավազրկում, հակամակարդիչ, հակաագրեգանտային, հակաառիթմիկ և այլ անհրաժեշտ դեղերի ներարկում տեղում) և պացիենտի առողջական վիճակի գնահատումից հետո ոչ ավել, քան 30 րոպե ժամանակահատվածում պացիենտին տեղափոխում է տարածքային առումով ամենամոտ տեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական կազմակերպություն, (այլ դեպքերում մարզային բժշկական կազմակերպությունները առաջնորդվում են սույն կետի 5-րդ ենթակետով): Պացիենտի տեղափոխումը կազմակերպվում է 6 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշման և պացիենտի առողջական վիճակի գնահատման ժամանակահատվածը:

24. Ինտերվենցիոն սրտաբանական բժշկական կազմակերպություն սույն կարգի 22-րդ կետով սահմանված ախտորոշումներից մեկով պացիենտի դիմելու (բերելու) դեպքում բժշկական կազմակերպության ընդունարանում սույն չափորոշիչով սահմանված կարգով մեկ ժամվա ընթացքում իրականացվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը և պացիենտը ընդունվում է համապատասխան բաժանմունք:

25. Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնելու համար բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտը կամ նրա հարազատը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության անձը հաստատող փաստաթուղթը: Այն դեպքում, երբ պացիենտի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը, այն ներկայացվում է 24 ժամվա ընթացքում:

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

26. Սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը ներառում է.

1) արյան ընդհանուր քննություն,

2) մեզի ընդհանուր քննություն,

3) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն),

4) արյան սերոլոգիական ( վիրուսային հեպատիտ B,C, սիֆիլիս) քննություն,

5) պլազմայի մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի որոշում,

6) ԷՍԳ (բազմաֆունկցիոնալ սարքով, որը հնարավորություն ունի ժապավենի վրա ամրագրել կատարման օրը և ժամը),

7) կորոնարոգրաֆիա,

8) ԷԽՍ դոպլեր հետազոտությամբ,

9) այլ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ` ըստ կլինիկական ցուցումների:

27. Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնելու լաբորատոր-գործիքային ցուցանիշներն են.

1) «Սրտի ձախ փորոքի սրտամկանի սուր ինֆարկտ` ST–էլևացիայով», մասնավորապես.

ա. «Սրտամկանի սուր ինֆարկտ»-ին բնորոշ կլինիկական ախտանիշներ,

բ. էլեկտրասրտագրի վրա ST սեգմենտի ավելի քան 1մմ էլևացիա երկու և ավելի արտածումներում, ընդ որում` մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ V2 – V3 արտածումներում ST – էլևացիա > 2.5մմ, 40 –ից բարձր տղամարդկանց մոտ V2 – V3 արտածումներում ST – էլևացիա > 2 մմ, կանանց մոտ V2 – V3 արտածումներում ST էլևացիա > 1.5 մմ,

գ. արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 100 նգ/լ ցուցանիշ (առաջին հետազոտման նորմալ արդյունքի դեպքում` կրկնակի հետազոտություն մինչև 12 ժամերի ընթացքում),

2) Սրտամկանի ինֆարկտի առանց ST սեգմենտի էլևացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի համապատասխան կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի առնվազն մեկ անգամ արձանագրված > 1000նգ/լ ցուցանիշ ու սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում:

28. Սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները փակցվում են հիվանդության պատմագրում, ընդ որում պարտադիր.

1) պլազմայի մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի արդյունքը (որոշված և տպագրված ավտոմատացված սարքով),

2) ST– էլևացիան արձանագրած էլեկտրասրտագրի ժապավենը,

3) կորոնարոգրաֆիա հետազոտությամբ արձանագրված ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզի կամ նշանակալի անկայուն նեղացման նկարը:

29. Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում օգտագործված ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակը ամրացվում է հիվանդության պատմագրի «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում` համաձայն Առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 30-ի թիվ 924-Ա հրամանով հաստատված մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման ուղեցույցի 32-րդ կետի:

30. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պացիենտի արյան նմուշի մեկ բաժինը պարտադիր պահպանվում է առնվազն մեկ ամիս` Առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով սահմանված կարգով:

31. Ախտորոշված «Սրտամկանի սուր ST–էլևացիայով ինֆարկտ»-ի դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում` Առողջապահության նախարարության և տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության միջև կնքված պետական պատվերի պայմանագրի համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ.

1) կորոնարոգրաֆիա հետազոտությանը չի հաջորդել կորոնար անգիոպլաստիկ միջամտությունը (ստենտի տեղադրում կամ բալոն-դիլատացիա կամ թրոմբասպիրացիա), որի ժամանակ պետության կողմից փոխհատուցվում է միայն կորոնարոգրաֆիայի գինը,

2) սույն ենթակետի ա., բ., գ. պարբերություններում նշված բժշկական ցուցումներով պայմանավորված կատարվել է ոչ դեղապատ ստենտի տեղադրում, որը փոխհատուցվում է ամբողջությամբ Առողջապահության նախարարության կողմից,

ա. ելնելով կորոնարոգրաֆիայի արդյունքներից, սրտամկանի ST էլևացիայով սուր ինֆարկտի ժամանակ առաջնային ստենտավորմանը պետք է հաջորդի աորտոկորոնար շունտավորման վիրահատություն կամ այլ վիրահատություն, որի հետաձգումը կարող է սպառնալ նրա կյանքին,

բ. սոմատիկ այլ խնդիրների պատճառով (օրինակ՝ ուռուցքաբանական հիվանդություններ) ապրելիությունը գնահատվում է մինչև մեկ տարի,

գ. պացիենտի մոտ առկա է արյունահոսության բարձր ռիսկ,

3) սույն ենթակետի ա., բ. պարբերություններում նշված բժշկական ցուցումներով պայմանավորված կատարվել է ինֆարկտ պատասխանատու պսակային զարկերակի բալոն-դիլատացիա կամ թրոմբասպիրացիա, որի ժամանակ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում փոխհատուցում չի կատարվում.

ա. ինֆարկտ-պատասխանատու զարկերակի տրամագիծը ախտահարման մասում փոքր է և ենթակա չէ ստենտավորման (≤2 մմ),

բ. ինֆարկտը պայմանավորված է կորոնար զարկերակի թրոմբոզով` առանց զարկերակի այդ հատվածի աթերոսկլերոտիկ նշանակալի ախտահարման:

32. Կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, անկախ էլեկտրասրտագրի վրա ST– էլևացիայի առկայությունից, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է սույն չափորոշով սահմանված սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում:

33. Այն դեպքերում, երբ առկա են սույն չափորոշիչի 27-րդ և 32-րդ կետերով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է գտնվում ռեվասկուլյարիզացիան իրականացնել շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) աորտոկորոնար շունտավորման միջոցով` առանց առաջնային կորոնար ստենտավորման, ծառայությունը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար Առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան:

34. Սրտի անհետաձգելի վիրահատության շրջանակներում պացիենտին կատարված ԷՍԳ-ի ժապավենի վրա գրավոր ամրագրվում է բժշկական կազմակերպության ինտերվենցիոն սրտաբանական ծառայության պատասխանատուի կամ հերթապահ բժշկի ստորագրությունը:

35. Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին տեղափոխելու ժամանակահատվածը:

36. Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում պետական պատվերի շրջանակում իրականացվում է առաջնային պսակային ստենտավորում՝ ինֆարկտ պատասխանատու պսակային զարկերակում մեկ կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի դեղապատ ստենտեր տեղադրելու միջոցով՝ տվյալ զարկերակում արյան հոսքը վերականգնելու և սրտամկանի իշեմիան վերացնելու համար, ընդ որում այլ պսակային զարկերակների կամ ինֆարկտ-պատասխանատու պսակային զարկերակի խցանումից կամ անկայուն աթերոսկլերոտիկ թիթեղիկից հեռու գտվող այլ կայուն նեղացումներն անհրաժեշտության դեպքում ստենտավորվում են պլանային կարգով` վճարովի հիմունքներով:

37. Սրտի անհետաձգելի վիրահատությունն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ինտենսիվ թերապիայի բլոկի հերթապահ կամ պատասխանատու սրտաբանի ախտորոշման հիման վրա` համաձայն սույն չափորոշչի 26-րդ և 27-րդ կետերի պահանջների:

38. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին ապահովում է սրտի անհետաձգելի վիրահատություն վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` իրազեկման թերթիկի միջոցով` համաձայն Ձև 1-ի, որը ներառում է տեղեկություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների, պացիենտի առողջական վիճակի և հնարավոր բարդությունների վերաբերյալ:

39. Իրազեկման թերթիկը կազմվում է երկու օրինակից, որից մեկը տրամադրվում է բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին, իսկ երկրորդ օրինակը փակցվում է պացիենտի հիվանդության պատմագրին:

40. Իրազեկման թերթիկը ստորագրվում է պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից հրամանով նշանակվող իրավասու անձի կողմից և հաստատվում կազմակերպության կնիքով (առկայության դեպքում):

 

5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

41. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո արտահիվանդանոցային հսկողությունը կազմակերպվում է տվյալ պացիենտի սրտի անհետաձգելի վիրահատությունը իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում և տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ հավաքագրված է տվյալ պացիենտը:

42. Սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո պացիենտի վիրահատությունը իրականացրած բժշկական կազմակերպությունում արտահիվանդանոցային հսկողությունն ընդգրկում է`

1) դուրսգրման /արտահիվանդանոցային/ 1-ին ամսվա վերջին շաբաթը - կլինիկական զննում, ԷՍԳ, լաբորատոր անալիզներ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, լիպիդներ, ալանինամինոտրանսֆերազա (այսուհետ ԱլԱՏ), ասպարտատամինոտրանսֆերազա (այսուհետ ԱսԱՏ), կրեատինին, միզանյութ, մակարդելիության ցուցանիշներ),

2) դուրսգրման /արտահիվանդանոցային/ 3-րդ ամսվա վերջին շաբաթը - կլինիկական զննում, ԷՍԳ, ԷԽՍ, լաբորատոր անալիզներ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, լիպիդներ, ԱսԱՏ, ԱլԱՏ, կրեատինին, միզանյութ, մակարդելիության ցուցանիշներ),

43. Սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո պացիենտի արտահիվանդանոցային հսկողությունը իրեն սպասարկող տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում ընդգրկում է`

1) դուրսգրման /արտահիվանդանոցային/ 10-15-րդ օրը – կլինիկական զննում, ԷՍԳ,

2) դուրսգրման /արտահիվանդանոցային/ 2-րդ ամսվա վերջին շաբաթը - կլինիկական զննում, ԷՍԳ, լաբորատոր անալիզներ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, լիպիդներ, ԱսԱՏ, ԱլԱՏ, կրեատինին, միզանյութ, մակարդելիության ցուցանիշներ),

3) դուրսգրման /արտահիվանդանոցային/ 6-րդ ամսվա վերջին շաբաթը - կլինիկական զննում, ԷՍԳ, լաբորատոր անալիզներ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, լիպիդներ, ԱսԱՏ, ԱլԱՏ, կրեատինին, միզանյութ, մակարդելիության ցուցանիշներ):

44. Ըստ անհրաժեշտության` կլինիկական վիճակին համապատասխան, կարող են իրականացվել սիրտ-անոթային համակարգի այլ ախտորոշիչ հետազոտություններ, ինչպես նաև պացիենտի զննում և հետազոտությունների իրականացում սույն չափորոշիչի 42-րդ և 43-րդ կետերում նշված ժամկետներից դուրս:

45. Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում արտահիվանդանոցային հսկողության վեց ամսվա ընթացքում պացիենտի հոսպիտալացումը, կորոնարոգրաֆիան (հնարավոր ստենտավորմամբ), ինչպես նաև ստացիոնար պայմաններում թերապևտիկ բուժումը կատարվում է այն սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հաշվին, որտեղ իրականացվել է վիրահատությունը, եթե հոսպիտալացման կամ վիճակի անկայունացման պատճառ է հանդիսացել կորոնար անոթի սույն չափորոշիչի 4-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան նախկինում ստենտավորված հատվածը (ինտրաստենտ թրոմբոզ կամ ստենոզ):

46. Սույն չափորոշչի 42-րդ, 43-րդ և 44-րդ կետերում նշված միջոցառումների մասին գրառում է կատարվում սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո պացիենտի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն այցերի գրանցամատյանում` համաձայն Ձև 2-ի և սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո պացիենտի շարունակական հսկողության քարտում` համաձայն Ձև 3-ի:

 

6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Եթե քաղաքացին ընդգրկված է սույն չափորոշիչի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար սրտային վիրաբուժական ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մեկից ավելի խմբերում, ապա վերջինի կողմից ընտրվում է նախընտրելի միայն մեկ տարբերակ:

48. Այն դեպքերում, երբ պացիենտը գտնվում է անգիտակից վիճակում սրտի վիրահատական ծառայությունների իրականացման վերաբերյալ որոշումը կայացնում է նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը:

49. Սույն չափորոշիչի 4-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ կետի և 19-րդ կետով սահմանված դեպքերից բացի` մնացած դեպքերում սրտային վիրահատական ծառայություններն իրականացվում են հերթագրման եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված 4-ով հաստատված կարգով:

50. Կորոնարոգրաֆիա հետազոտության ուղեգրված պացիենտների մոտ համապատասխան բժշկական ցուցումներով սրտի վիրահատություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում սրտի վիրահատության ուղեգրումը կարող է իրականացվել նաև կորոնարոգրաֆիա հետազոտությունն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից:

 

Ձև 1

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏՐՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

«____» _______________ 20___ թ.

 

_________________________________________________ (այսուհետ` Կատարող)` ի

                    (բժշկական կազմակերպության անվանումը)

գործելով իր կանոնադրության, ինչպես նաև Առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա` սույնով

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

 

քաղաքացի ___________________________________________________-ին ներքոհիշյալի մասին.

                                                       (անուն, ազգանուն)

 

1.Համաձայն Առողջապահության նախարարության

և ________________________________________________________________________-ի

                                                    (բժշկական կազմակերպության անվանումը)

 

միջև կնքված Պայմանագրի, Դուք օգտվում եք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից:

 2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:

3. Բժշկական կազմակերպությունը պարտավորվում է տեղեկացնել բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտին (կամ նրա հարազատին) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների, ինչպես նաև վիրահատության ընթացքի, ակնկալվող արդյունքների և հնարավոր բարդությունների մասին:

4. Բժշկական կազմակերպությունը պարտավորվում է պահպանել պացիենտի առողջությանը վերաբերվող և բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Միաժամանակ Դուք իրազեկվում եք, որ Դուք և Ձեր օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը բժշկական կազմակերպությունում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում պարտավոր եք պահպանել բժշկական կազմակերպության ներքին կանոնակարգը, բուժման ընթացքում հետևել բուժող բժշկի և այլ իրավասու բժշկական անձնակազմի նշանակումներին և ցուցումներին, չմիջամտել բժշկական անձնակազմի գործողություններին և չխոչընդոտել նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, դրսևորել հարգալից վերաբերմունք բժշկական կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:

6. Բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կազմակերպման հետ կապված պարզաբանումներ ստանալու համար, ինչպես նաև հարցերի կամ բողոքների դեպքում Դուք կարող եք դիմել Ձեր բուժող բժշկին, կազմակերպության տնօրինությանը կամ Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը (հեռ. 8003):

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

_____________________________ Կ.Տ.

 

Իրազեկվել եմ և համաձայն եմ ստանալ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում:

 

Իրազեկվել եմ, որ կարող եմ օգտվել բժշկական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված վճարովի հարբժշկական ծառայություններից, որոնց մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար պետք է գործի նաև անվճար այլընտրանքային տարբերակը:

 

Բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի անուն ազգանուն, ստորագրություն, օր, ամիս, տարի

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵՐԻ

 

N

ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ

ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳԻՐ N

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

             

Ձև 3

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՊԱՑԻԵՆՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

 

 

Բժշկի ազգանունը_____________________________

 

Հաշվառման վերցնելու ամսաթիվը________________

 

Հաշվառումից հանելու ամսաթիվը________________

 

Հիվանդության

պատմագրի համարը N _________

____________________________________________

Ախտորոշումը ____________________________

1.Անուն,ազգանուն,հայրանուն

___________________________________________________________________________________

2.Սեռը` Արական Իգական 3. Ծննդյան ամսաթիվը _________ 4. Բնակության վայրը__________________________________

5.Աշխատանքի (ուսման) վայրը__________________________________________________________________________________

6.Մասնագիտությունը (պաշտոնը)____________________________________________________________________________________

7.Հաճախումների վերահսկում____________________________________________________________________________________

 

Նշանակված է ներկայանալ

                     

Ներկայացել է

                     

Նշանակված է ներկայանալ

                     

Ներկայացել է

                     

Իրականացված միջոցառումներ

 

Միջոցառումներ

Դուրսգրման 10-15-րդ օրը

Դուրսգրման 1-ին ամսվա վերջին շաբաթը

Դուրսգրման 2-րդ ամսվա վերջին շաբաթը

Դուրսգրման 3-րդ ամսվա վերջին շաբաթը

Դուրսգրման 6-րդ ամսվա վերջին շաբաթը

1. Կլինիկական զննում,

         

2. Էլեկտրասրտագրություն

         

3. էխոսրտագրություն

         

4. լաբորատոր անալիզներ`

         

1) արյան ընդհանուր քննություն,

         

2) գլյուկոզա, լիպիդներ,

         

3) ԱսԱՏ,

         

4) ԱլԱՏ,

         

5) կրեատինին,

         

6) միզանյութ,

         

7) մակարդելիության ցուցանիշներ

         

5. Նշանակումներ

         

6. Հատուկ նշումներ

         

Բժշկի ստորագրություն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան