Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.01.2021-27.09.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունվարի 2021 թ.

N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.8-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները` համաձայն N 1 Հավելվածի:

2. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի ձևաչափը` համաձայն N 2 Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ 

 

Հավելված N 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 15 հունվարի 2021 թ.

N 16-Ն հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման պահանջները (այսուհետ՝ պահանջներ)։

2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

1) իրավիճակի վերլուծություն,

2) նպատակների և խնդիրների սահմանում,

3) սահմանված նպատակների իրականացումը ապահովելու գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը,

4) պատասխանատուները,

5) արդյունքների գնահատման չափանիշները,

6) ռիսկերը,

7) բյուջեն,

8) վերահսկողության մեխանիզմները:

3. Ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝

1) հաստատության առաքելության սահմանումը,

2) առկա իրավիճակի վերլուծությունը,

3) դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը,

4) հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը,

5) գործունեության ոլորտների և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը,

6) յուրաքանչյուր նպատակի խնդիրների սահմանումը,

7) յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունների, դրանց պատասխանատուների, ժամկետների, ակնկալվող արդյունքների սահմանումը,

8) զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների սահմանումը,

9) զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունների սահմանումը,

10) զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմների, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշների ձևակերպումը,

11) հաստատության մասին համառոտ տեղեկանքի կազմումը:

 

 2. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

4. Հաստատության առաքելության սահմանումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝

1) ի՞նչ կրթական կարիքներ է այն բավարարելու,

2) ի՞նչ նյութական ռեսուրսներ են առկա դրա համար,

3) ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի իրականացվի ծրագիրը,

4) որքանո՞վ է դա իրատեսական:

5. Առաքելության սահմանման համար պետք է վերլուծել արտաքին և ներքին գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն առաքելության իրականացման վրա։

6. Արտաքին գործոններ են համարվում պետության կրթական քաղաքականության միտումները, համայնքի կարիքներն ու հնարավորությունները, շահառու խմբերը և այլն։

7. Ներքին գործոններ են համարվում հաստատության ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները և այլն։

8. Հաստատության իրավիճակի մասին պատկերացումները հստակեցնելու համար իրականացվում է իրավիճակի վերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերի վերլուծության միջոցով։

9. Ուժեղ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները, որոնք նպաստում են հաստատության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

10. Թույլ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները, կողմերը, որոնք զարգացման կարիք ունեն, կամ որոնք կարող են ստեղծել խնդրահարույց իրավիճակներ:

11. Հնարավորությունների շարքում նշվում են այն ռեսուրսները, որոնք կան հաստատությունում։ Դրանք կարող են լինել նյութատեխնիկական, մասնագիտական և այլն։ Խոչընդոտների շարքում նշվում են այն ռիսկերը, որոնք առկա են և կարող են խոչընդոտել խնդիրների լուծման ընթացքում։

12. Իրավիճակի վերլուծությունը համակարգված իրականացնելու նպատակով պետք է այն կատարել ըստ ոլորտների՝ հաստատության շենքային պայմաններն ու նյութատեխնիկական բազան, ֆինանսատնտեսական գործունեությունը, հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը, դրանց վարումը, հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինները, համագործակցությունը համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ, ուսումնական միջավայրը, կրթության որակը, տեխնոլոգիաները և նորարարությունները և այլն։

13. Վերլուծությունը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի, տվյալների վրա, սակայն այն չպետք է ծանրաբեռնել ոչ էական թվերով, տոկոսներով: Հատկապես մանրամասն պետք է անդրադառնալ այն ոլորտներին, որտեղ առկա են էական հիմնախնդիրներ, և դրանց լուծումները մոտ ապագայում տեսանելի, իրատեսական են: Վերլուծության արդյունքում պետք է ձևակերպել հաստատությունում առկա հիմնախնդիրը(ները):

14. Ծրագրի նպատակների և խնդիրների սահմանման համար պետք է առանձնացնել հաստատության զարգացման ուղղությունները երկու հիմնական խմբով՝

1) հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ հաստատության համար սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղություններ,

2) հանրակրթական այլընտրանքային (միջազգային, փորձարարական, հեղինակային) ծրագրերով հաստատության կողմից իրականացվող առանձին բովանդակային, կրթական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ նորարարական ուղղություններ:

15. Ծրագրի նպատակը որոշակի ժամանակահատվածում իրականացվող գործունեության սպասվող արդյունքն է, որ պետք է լինի կոնկրետ և չափելի։ Նպատակը պետք է լինի ժամանակային առումով որոշակի, իրատեսական, հասանելի։ Տարբեր նպատակները պետք է լինեն փոխհամաձայնեցված և լրացնեն միմյանց՝ նպատակաուղղված լինելով հաստատության առաքելության իրականացմանը։

16. Խնդիրները գործունեության ուղղություններն են, որոնք ներառում են գործողությունների շարք: Խնդիրները բխում են դպրոցի նպատակներից: Խնդիրներին ավելի մասնավոր են, քան նպատակները: Դրանք կարճ ժամանակում իրականացվող անելիքների վերաբերյալ սահմանումներ են: Յուրաքանչյուր նպատակի իրականացման համար պետք է սահմանել և լուծել որոշակի փոխհամաձայնեցված խնդիրներ:

17. Յուրաքանչյուր խնդրի իրականացման համար սահմանվում են համապատասխան գործողությունները, ակնկալվող արդյունքները, որոշվում են դրանց պատասխանատուները (կատարողները), ժամկետները և անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Գործողությունների որոշակի շարքը հանգեցնում է այս կամ այն խնդրի լուծմանը:

18. Գործողությունները պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք սահմանված գործողությունները նպատակաուղղված են տվյալ խնդրի լուծմանը,

2) արդյո՞ք գործողությունները ձևակերպված են հստակ, չեն պարունակում երկիմաստություն, բոլոր կատարողները դրանք միատեսա՞կ կհասկանան,

3) արդյո՞ք հնարավոր է ճշգրիտ չափել տվյալ գործողության արդյունքը,

4) արդյոք սահմանված չե՞ն այնպիսի արդյունքներ, որոնք իրատեսական չեն,

5) արդյո՞ք գործողությունների ամբողջությունը ապահովում է տվյալ խնդրի լուծումը,

6) արդո՞ք նախատեսված են այլընտրանքային գործողություններ:

19. Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունքներ: Դրանք պետք է լինեն հավաստի, չափելի, ապահովեն տվյալ խնդրի համապարփակ ու լիարժեք իրականացումը: Ակնկալվող արդյունքները պետք է արտահայտվեն կոնկրետ ցուցանիշներով (թվեր, տոկոսներ, բնութագրիչներ) և միանշանակ ընկալելի լինեն տվյալ գործողությունն իրականացնող պատասխանատուների և կատարողների համար:

20. Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի դրա իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների հաշվարկ։ Դրանք այն ծախսերն են, որոնք անհրաժեշտ են տվյալ գործողության ակնկալվող արդյունքների լիարժեք ապահովման համար:

21. Ծրագրի որևէ գործողության անհրաժեշտ ծախսային ուղղությունները կարող են լինել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սարքեր, սարքավորումներ, ուսումնադիտողական պարագաներ, նյութեր և այլն) ձեռքբերման ծախսերը, ուսումնամեթոդական գրականության ձեռքբերման ծախսերը, ընթացիկ վերանորոգման ծախսերը, կրթական ծառայությունների մատուցման ծախսերը, սովորողների սննդի կազմակերպման ծախսերը և այլն։

22. Սույն հավելվածի 21-րդ կետում նշված ծախսերը պլանավորելիս անհրաժեշտ է նշել ֆինանսավորման աղբյուրը, իսկ պլանավորված ֆինանսական միջոցները պետք է լինեն օպտիմալ, թափանցիկ, նպատակային, բավարարեն արդյունքի լիարժեք ապահովումը և տվյալ գործողության շահառուների ակնկալիքները:

23. Ծրագրի մյուս բաղադրիչը ռիսկերն են, որոնք նպատակադրման իրականացմանը խոչընդոտող հնարավոր անցանկալի գործոններն են:

24. Ռիսկերի վերլուծությունը նպատակահարմար է պլանավորել հաստատության գործունեության որևէ ոլորտի համար նպատակներ ու խնդիրներ բաժնում՝ հետահայաց պլանավորման սկզբունքով: Սկզբում պետք է շարադրել որևէ նպատակի և դրանից բխող խնդիրների իրականացման ռիսկերը, այնուհետև նույն նպատակի և խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանավորումից հետո, վերադառնալով դրան, նույն բաժնում՝ ծրագրի իրականացման գործողություններ բաժնից առաջ, ավելացնել յուրաքանչյուր գործողության իրականացման հետ կապված ռիսկերը:

25. Ծրագրի գնահատումը ծրագրի գործողություններով պլանավորված և իրականացված արդյունքների համեմատման գործընթացն է:

26. Գնահատման գործիքները յուրաքանչյուր գործողության առանձնահատկությունից բխող ցուցանիշներն են, որոնց միջոցով չափվում է ակնկալվող արդյունքը: Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվում հաստատության կրթական, ֆինանսատնտեսական և այլ ցուցանիշները:

27. Կրթական ցուցանիշները վիճակագրական այն տվյալներ են, որոնք թույլ են տալիս ինչպես տեղեկություն ստանալ կրթության ընթացիկ վիճակի մասին, այնպես էլ վերահսկել հաստատության արտաքին և ներքին արդյունավետությունը: Ցուցանիշները վիճակագրական պարզ տվյալներ չեն, այլ կրում են որոշակի ածանցյալ տեղեկույթ:

28. Պարզ ցուցանիշները բացահայտում և բնութագրում են հաստատության գործունեության միայն մեկ բաղադրիչը տվյալ պահին կամ որոշակի ընտրված ժամանակահատվածում: Դրանք պարզ չափումներ են, որոնք արտահայտվում են թվերով կամ տոկոսներով: Պարզ ցուցանիշները սովորաբար չեն ներկայացնում դպրոցի գործունեության որակական պատկերը: Դրանք օգտագործվում են դպրոցի քանակական գնահատումների և կանխորոշումների համար:

29. Բարդ ցուցանիշները արտահայտում են կրթական համակարգի մեկ բաղադրիչի փոխհարաբերությունը մեկ այլ բաղադրիչի նկատմամբ: Բարդ ցուցանիշները հաշվարկվում են առնվազն երկու տիպի պարզ ցուցանիշների համադրումից: Գործունեության ցուցանիշները ցույց են տալիս առկա միջոցների և ստացվող արդյունքների կամ առկա միջոցների և կատարվող գործընթացների միջև կապը:

30. Ծրագրի վերահսկողությունը իրականացնում է այն հավանության արժանացրած կառավարման խորհուրդը` հանրակրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն: Խորհրդի կողմից ծրագրի իրականացման վերահսկողության գործընթացը նպատակ ունի աջակցելու տնօրենին՝ ծրագրի իրականացման որևէ փուլում իր կողմից սահմանած նպատակներին հասնելու համար:

31. Ծրագրի իրականացման վերահսկողության միջոցը 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված հաստատության գործունեության տարեկան աշխատանքային պլանների կատարողականներն են: Դրա համար անհրաժեշտ է ծրագրի նպատակադրումները ամբողջությամբ արտացոլել հաստատության տարեկան աշխատանքային պլաններում` ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան:

32. Ծրագրի վերահսկողության արդյունավետ միջոցառումներ են՝ կառավարման խորհրդի կողմից տարեկան առնվազն երկու անգամ հաստատության՝ տվյալ ուստարվա աշխատանքային ծրագրում ընդգրկված ծրագրի դրույթների կատարողականների հաշվետվությունների քննարկումը և համապատասխան գնահատականների ամրագրումը, կառավարման խորհրդի կողմից տնօրենին խորհրդատվական և այլ աջակցության շարունակական տրամադրումը, համայնքի և հաստատության այլ շահառուների` ծրագրի իրականացման աշխատանքներին կամ այդ շրջանակում կազմակերպված միջոցառումներին շարունակական ներգրավումը և այլն:

 

Հավելված N 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 15 հունվարի 2021 թ.

N 16-Ն հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓ

 

ներքևում գրել հաստատության անունը, օրինակ՝
Երևանի N500 հիմնական դպրոցի զարգացման ծրագիր

 

… դպրոցի զարգացման ծրագիր

1. Հաստատության առաքելությունը.

 

ներքևում գրել հաստատության առաքելությունը՝ ըստ ուղեցույցի
Հաստատության առաքելության սահմանված օրինակներ են՝
● Յուրաքանչյուր երեխա ունակ է սովորելու, սակայն յուրաքանչյուրն ունի զարգացման իր հետագիծը:
● Օժտված երեխաների տարբերակված, խորացված ուսուցման կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծում և այլն:

 

2. Հաստատության մասին ընդհանուր տեղեկություններ.

 

ներքևում գրել հաստատության մասին տեղեկություններ՝ ըստ ուղեցույցի արտաքին և ներքին գնահատման փաստաթղթերի

 

3. Հաստատության գործունեության վերլուծության և նպատակադրման ոլորտները.

 

Սահմանել հաստատության գործունեության վերլուծության և նպատակադրման ոլորտները: Օրինակ՝
● Դպրոցի շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան
● Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը
● Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտեր (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը
● Կառավարման և խորհրդակցական մարմինները
● Աշակերտական համակազմը
● Մանկավարժական համակազմը
● Համագործակցությունը համայնքի, կրթության կառավարման մարմինների և շահառու կազմակերպությունների հետ
● Ուսումնական միջավայրը
● Կրթության որակը` ըստ սովորողների ուսումնառության արդյունքների
● Տեխնոլոգիաները և նորարարությունները:

 

4. Հաստատության գործունեության՝ առանձնացված յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրները.

 

Նկարագրել և վերլուծել հաստատության գործունեության՝ 3-րդ բաժնում առանձնացված յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրները: Օրինակ՝ «Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը» ոլորտի առկա վիճակը վերլուծելիս կարելի է նշել դպրոցի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը՝ ըստ նախորդող մի քանի տարիների (կարելի է այն ցույց տալ նաև համապատասխան դիագրամով), դպրոցի ֆինանսատնտեսական գործունության արդյունքները (կապիտալ ծախսերը՝ ընթացիկ վերանորոգում, գույքի ձեռքբերում, հանրակրթական ծրագրի մաս կազմող միջոցառումների կազմակերպում): Այս հիմնախնդրի ուժեղ և թույլ կողմերը մատնաշելիս, որպես ուժեղ կողմեր, կարելի է նշել, օրինակ՝
● պետական բյուջեից ստացվող ֆինանսական միջոցների կայուն և ժամանակին փոխանցումները,
● համայնքում գործող իրավաբանական անձից (ձեռնարկություն և այլն) երաշխավորված դրամական հատկացումները,
● ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կրթական ծրագրերից ստացվող նյութական և ֆինանսական աջակցությունը,
● պետական ծրագրով դպրոցի շենքի կապիտալ վերանորոգումը և դրա արդյունքում դպրոցի կողմից շենքային պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ ծախսերի կրճատումը և այլն:
«Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը» ոլորտի առկա վիճակի թույլ կողմերից կարելի է նշել՝
● պետական բյուջեից դպրոցի զարգացմանն ուղղված ծրագրերի կազմման ֆինանսավորման անբավարար ծավալը,
● անհրաժեշտ ուսումնանյութական բազայի անբավարար ապահովվածությունը և այլն:
Հաստատության վիճակը ցույց տալու համար կարելի է այս մասում տեղադրել նաև համապատասխան լուսանկարներ:
Հաստատության յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրները վերլուծելիս նպատակահարմար է առկա տվյալները ներկայացնել գրաֆիկների, դիագրամների, աղյուսակների և այլ գծապատկերների միջոցով:

 

5. Հաստատության գործունեության յուրաքանչյուր ոլորտի նպատակները և խնդիրները.

 

Հաստատության գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար համապատասխան վերլուծությունների հիման վրա պետք է սահմանել նպատակներ և համապատասխանաբար յուրաքանչյուր նպատակի համար՝ խնդիրներ:
Ծանոթություն: Հաստատության գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված նպատակը և դրանից բխող խնդիրները պետք է ուղղված լինեն վերլուծության արդյունքում վերհանված հիմնախնդրի(ների) լուծմանը:
Յուրաքանչյուր նպատակից բխող խնդիրները պետք է ձևակերպել այնպես, որ դրանք ուղղված լինեն դրական արդյունքների ձեռքբերմանը, որոնցից, ի վերջո, օգտվելու են շահառուները (ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, համայնք): Խնդիրները անհրաժեշտ է ձևակերպել հնարավորինս պարզ, հստակ և այն պլանավորված ժամանակահատվածում իրականացնելու համար իրատեսական: Արդյունքում՝ նպատակը և խնդիրները պետք է բավարարեն հետևյալ 5 պահանջներին: Դրանք պետք է՝
● շարադրված լինեն այնպես, որ միտված լինեն կոնկրետ արդյունքի,
● լինեն չափելի (հնարավոր լինեն դրանց արդյունքները արտահայտել քանակական և որակական ցուցանիշներով),
● իրատեսական (տվյալ դպրոցի պայմաններում հնարավոր լինի հասնել դրանց լուծմանը),
● սահմանվեն որոշակի ժամանակի (ամիսների, մեկ կամ մի քանի տարիների) համար:
Հաստատության նպատակները և խնդիրները կարելի է ներկայացնել նաև աղյուսակային կամ գծապատկերային ձևաչափով: Միաժամանակ, նպատակահարմար է յուրաքանչյուր նպատակի համար կազմել դրանից բխող խնդիրների և գործողությունների գնահատման ռուբրիկ(ներ):

 

6. Սահմանված նպատակների և խնդիրների համապատասխան գործողությունները, կատարողները, ժամանակացույցը և հնարավոր ֆինանսական ծախսերը.

 

Ծրագրում ըստ ոլորտների սահմանված նպատակների և խնդիրների, պետք է մշակվեն համապատասխան գործողությունները, հստակեցվեն կատարողները, ժամանակացույցը և հնարավոր ֆինանսական ծախսերը:
Գործողությունները, կատարողները, ժամանակացույցը և գործողությունների համար անհրաժեշտ հնարավոր ֆինանսական ծախսերը, առավել գործնական կիրառության նպատակահարմարությունից ելնելով, կարելի է կազմել աղյուսակի ձևով:

 

7. Ծրագրի իրականացման ռիսկերը և դրանց ազդեցությանն ուղղված գործողությունները.

 

Անհրաժեշտ է մշակել ծրագրի իրականացման ռիսկերը և դրանց ազդեցությանն ուղղված գործողությունները: Դրանք կարելի է սահմանել ծրագրի նպատակները և խնդիրները բաժնում՝ յուրաքանչյուր ոլորտի նպատակներից և խնդիրներից հետո: Ծրագրի իրականացման ռիսկերը տվյալ դեպքում պետք է դասակարգել՝ ըստ տվյալ դպրոցի գործունեության վերլուծության և նպատակադրման ոլորտների: Այսինքն՝ անհրաժեշտ է նշել համապատասխան ոլորտը, այդ ոլորտի համար սահմանված յուրաքանչյուր նպատակի իրականացման ռիսկերը և դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները:

 

8. Ծրագրի գնահատման չափանիշները, վերահսկողությունը.

 

Վերջին բաժինը պետք է ընդգրկի ԴԶԾ-ի գնահատման չափանիշները, վերահսկողությունը: Մշակելուց հետո տվյալ բաժնին անհրաժեշտ է հաճախակի անդրադառնալ՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում հաստատության գործունեության մեջ կատարվող փոփոխությունները, ինչպես նաև հանրակրթության քաղաքականության ոլորտում իրականացվող փոփոխությունները:
Արդյունքների գնահատումը պետք է իրականացնել պարզ և բարդ ցուցանիշների համեմատական ներկայացման, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունների և այլ միջոցներով: Դրանք պետք է հասանելի լինեն հաստատության շահառուներին (պետական լիազորված մարմիններ, դպրոցի աշխատակազմ, սովորողների ծնողներ, սովորողներ, համայնք և այլն): Ծրագրում ընթացիկ աշխատանքների և արձանագրված արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար հրապարակել մատչելի (բովանդակային առումով) տեղեկատվություն դպրոցի հայտարարությունների համար առանձնացված տեղում, հաստատության կայքում և իրազեկել ծնողներին՝ ժողովների և դպրոցական միջոցառումների ժամանակ:
Ծրագրի իրականացման գործընթացի վերահսկողությունը պետք է իրականացնել ծրագրում նախապես մշակված միջոցառումների միջոցով, որոնք պարբերաբար կարող են փոփոխվել և հարստացվել:
Հաստատության ծրագրավորված զարգացումը ծրագրի միջոցով ներկայացնելը հիմք է ստեղծում հաստատության գործունեության տարեկան աշխատանքային ծրագրի մշակման համար, որը, ըստ էության, տվյալ հաստատության միջնաժամկետ (մեկ ուսումնական տարվա համար կազմված) զարգացման ծրագրային փաստաթուղթն է:
Հաստատության գործունեության տարեկան աշխատանքային ծրագրային դրույթները պետք է կառուցվեն տվյալ դպրոցի զարգացման ծրագրի հիման վրա: Երկարաժամկետ, սովորաբար 5 տարվա համար մշակված ծրագիրը պարբերաբար տնօրենի կողմից պետք է վերանայվի և համապատասխան փոփոխություններով հանդերձ` հավանության արժանանա կառավարման խորհրդի կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2022, N 35-Ն 27.09.2022, N 16-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան