Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.04.15/13(681) Հոդ.84
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

7 ապրիլի 2020 թ.

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

      

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

    

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը»:

2. Հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հասարակական զուգարանները տեղակայվում են հասարակական շենքերում (մշակութային օջախներ, հանրային սննդի կազմակերպություններ, սպորտային կառույցներ, առևտրի կենտրոններ և այլն), տոնավաճառներում, շուկաներում, կայարանամերձ հրապարակներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, ավտոբենզալցակայաններում, ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և կայաններում, զբոսայգիներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, փակ առողջարանային և հանգստի գոտիներում, լողափերում և այլն:»,

2) 4-րդ կետից հանել «և նախատեսված են շուրջտարվա օգտագործման համար» բառերը,

3) 6.1-ին կետում «500 մարդուն 1 սանիտարական սարքավորում (1 զուգարանակոնք և 2 միզաման):» բառերը փոխարինել «500 մարդուն` առնվազն մեկական սանիտարական սարքավորում (կանանց և տղամարդկանց խցիկներում):» բառերով,

4) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Նոր կառուցվող և վերակառուցվող ստացիոնար զուգարանների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջներին:»,

5) 16.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

6) 19-րդ կետից հանել «Նախամուտքում տեղադրված» բառերը, իսկ «արմնկային» բառից հետո լրացնել «, դաստակային» բառը,

7) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

8) 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«31. Սանիտարական սարքավորումների, լվացարանների, երեխաների տակդիրների փոխման համար սեղանների, հատակի, պատերի ախտահանման համար օգտագործվում են ախտահանիչ նյութեր, որոնք սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ:»,

9) 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32. Մաքրման պարագաները ախտահանում են աշխատանքային օրվա վերջում` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով:»,

10) 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«35. Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով: Հիմնական մաքրումը ընդգրկում է` սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղերը և սարքավորումները»,

11) 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«37. Բնակչության զանգվածային այցելությունների (այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների և կայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն) ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար տեղադրվում են զուգարանակոնքեր՝ հեղուկը մի ամանից մյուսը փոխադրելու համար գործածվող երկու անհավասար թևերով խողովակի (սիֆոն) առկայությամբ:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

     

   Ա. Թորոսյան