Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.01/18(686) Հոդ.115
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.05.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մայիսի 2020 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 17-րդ կետերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին»:

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը»` համաձայն հավելվածի:»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

     

 

Հավելված

Կրթության, գիտության մշակույթի և

սպորտի նախարարի 2020 թ.

մայիսի 15-ի N 06-Ն հրամանի

 

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` դպրոց) ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև ծագող իրավահարաբերությունները:

 

II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

2. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սովորողի ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Սովորողին դպրոց ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դպրոց ընդունված երեխայի տվյալները դպրոցի տնօրենը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»։

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

6. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը` սույն կետում նշվածներից մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:

7. Սովորողի ընդունելությունը դպրոցի առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից։

8. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է մեկից ավելի առաջին աստիճանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող պետական դպրոց, երեխայի ընդգրկումը պետական դպրոցի առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է Նախարարության ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:

9. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։

10. Սույն հավելվածի 9-րդ կետում նշված առաջնահերթության ունեցող երեխաների ծնողները իրենց երեխաներին առաջին դասարան համակարգի միջոցով հայտագրում են տվյալ տարվա հունիսի 1-ից հունիսի 10-ը ներառյալ:

11. Սույն հավելվածի 9-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող երեխաների ծնողները իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են հունիսի 11-ից:

12. Տվյալ դպրոցում սովորող երեխա ունեցող ծնողները, տվյալ դպրոցի աշխատակիցները սույն կարգի 10-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ դպրոցի առաջին դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի 11-րդ կետում ամրագրված ժամկետներում:

13. «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի աշխատակարգերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից:

 

III. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

14. Հայաստանի Հանրապետության տարածքում դպրոցից դպրոց տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Դասարանը որոշվում է սույն կարգի 19-րդ կետում սահմանված փաստաթղթերի հիման վրա:

15. Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից դպրոց՝ սովորողի տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` 1-ին կուրսից` 10-րդ դասարան, 2-րդ կուրսից` 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով` պահպանելով սույն կարգի 19-րդ և 24-րդ կետերի պահանջները:

16. Սույն կարգի 19-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 19-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):

17. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի՝ վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերի պահանջներին համապատասխան: 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:

18. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

 

IV. ԴՊՐՈՑ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

19. Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է», մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

3) 2 լուսանկար՝ 3x4 չափսի,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար,

7) սույն կարգի 23-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

 

V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ

 

20. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է՝

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

21. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը հանձնվում է ծնողին, սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը պահպանվում է տվյալ դպրոցում` մինչև սովորողի կամ նրա ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմում ներկայացնելը:

22. Ոչ պետական կամ մասնագիտացված դպրոցից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:»:

 

VI. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

23. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`

1) մինչև 8 տարեկանը` 1-ին դասարան՝ ընդհանուր հիմունքներով,

2) 9-ից 15 տարեկան կամ մինչև 2 տարի ուսումն ընդհատած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր՝ գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,

3) կրթական 3-րդ աստիճանում դպրոց չհաճախած (մինչև 17 տարին լրանալը) սովորողը, հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,

4) 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից:

24. Սույն կարգի 23-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 14-րդ և 16-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:

25. 17 տարեկանից բարձր, դպրոց չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով` Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ: