Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.08.2019-16.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.282.3
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 օգոստոսի 2013 թ.

N 1031-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը հաստատելու մասին» N 1321-Ն հրամանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2013 թվականի օգոստոսի 15-ի

N 1031-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի /այսուհետ` հավելված/ 6-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 2-ը, բացառությամբ 6-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանված բնութագրիչները միաժամանակ ապահովելու դեպքերի:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 4-ը ապահովելու դեպքում, որոնք տարբերվում են որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներից:

(2-րդ կետը լրաց. 19.09.14 N 929-Ն)

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 6-ը ապահովելու դեպքում:

4. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բոլոր բնութագրիչներն ապահովելու դեպքում:

5. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են՝

1) ուսուցչի վարպետության մակարդակը,

2) վերջին երեք տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալը,

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից երաշխավորված կամ նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» (հttps://forum.armedu.am/) համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կամ միջազգայնորեն կամ Կրթության ազգային ինստիտուտի կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների կամ համահայկական կամ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից հաստատված պարբերականներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

բ. նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «գերազանց» գնահատված լինելը,

7) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով կամ հուշամեդալներով պարգևատրված լինելը կամ

գ. նախարարության կողմից իրականացված հանրապետական մրցույթներում, առարկայական հանրապետական մրցույթներում («Տարվա լավագույն ուսուցիչ», «Առարկայական լավագույն ուսուցիչ»-ԿԳՆ-Մայր Աթոռ) մրցանակային տեղեր զբաղեցնելը կամ նախարարության պատվոգրով կամ շնորհակալագրով պարգևատրված լինելը,

8) վերջին երկու տարվա ընթացքում՝

ա. Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ

բ. Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։

(6-րդ կետը լրաց. 19.09.14 N 929-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.08.19 N 03-Ն)

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարին,

2) անձնագրի պատճենը,

3) Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը,

4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

5) աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը,

6) հավելվածի 6-րդ կետով սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:

(7-րդ կետը լրաց. 06.08.19 N 03-Ն)

8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

(հավելվածը լրաց. 19.09.14 N 929-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.08.19 N 03-Ն)