Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.07/14(650).1 Հոդ.139.3
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2019 թ.
քաղ. Երևան

N 188-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել`

1) քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) քրեակատարողական ծառայողին վկայական տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ՔՀ-45-Ն հրամանով հաստատված կարգով տրված վկայականները համարվում են վավեր մինչև սույն հրամանով հաստատված ձևի վկայականների տրամադրումը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. Զեյնալյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թ. մայիսի 30-ի N 188-Ն հրամանի

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Քրեակատարողական ծառայողի վկայականը (այսուհետ` Վկայական)՝ համաձայն Ձև 1-ի, բաղկացած է երեք մասից՝

1) 70x100 մմ չափսի երկկողմանի ծալվող սև կաշվե պատյան (այսուհետ՝ Պատյան)՝ համաձայն Ձև 2-ի,

2) Պատյանի ներսում ամրացված է 50 մմ տրամագծով, 1.2 մմ հաստությամբ, 5 մմ ուռուցիկ գոգավորությամբ մետաղյա տարբերանշան (այսուհետ՝ Տարբերանշան)՝ համաձայն Ձև 3-ի,

3) Պատյանի ներսում պլաստիկ շերտի տակ տեղադրվող 85.60x53.98 մմ չափսի պլաստիկ քարտը (այսուհետ՝ Քարտ)՝ համաձայն Ձև 4-ի:

2. Տարբերանշանն ունի հերթական համար, որը համընկնում է Քարտի քառանիշ համարի հետ:

3. Քարտը տեղադրվում է Պատյանի ներսի աջ հատվածում, թափանցիկ շերտի տակ: Քարտն ունի հերթական քառանիշ համար:

4. Քարտի վրա առկա է քրեակատարողական ծառայողի 25x35 մմ չափսի լուսանկար՝ քրեակատարողական ծառայողի համազգեստով: Քրեակատարողական ծառայողը Վկայականի համար լուսանկարվում է կիտելով, առանց գլխարկի: Լուսանկարից ներքև կատարվում է նշում Վկայականի վավերականության ժամկետի վերաբերյալ:

5. Քարտի վրա իրար հաջորդող դաշտերում տպագրվում է քրեակատարողական ծառայողի կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, նշում է կատարվում հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքի մասին:

6. Քարտի ներքևի հատվածում նշվում է Վկայականը տրամադրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան առաջին տառը, ազգանունը և առանձնացվում է ստորագրության հատվածը:

7. Քարտի դարձերեսին նշվում են քրեակատարողական ծառայողի տվյալները՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:

 

Ներմուծեք նկարագրությունը_20278

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թ. մայիսի 30-ի N 188-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են քրեակատարողական ծառայողին վկայական տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Վկայականը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայության) մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է Վկայական:

4. Շահադիտական կամ ծառայության հետ չկապված այլ անձնական նկատառումներից ելնելով Վկայականը ներկայացնելը կամ օգտագործելը, այլ անձանց փոխանցելը, ինչպես նաև այն կորցնելը կամ վավերականության ժամկետը լրացած Վկայական օգտագործելը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Քրեակատարողական ծառայողներն ապահովում են իրենց Վկայականների անվնաս պահպանությունը և պատշաճ տեսքը:

6. Վկայականները հաշվառվում և հատկացվում են քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից:

7. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

8. Վկայական տրվում է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին։ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պլաստիկ քարտի փոխարեն կարող է տրամադրվել ստվարաթղթե լամինացված քարտ։

9. Վկայական տրվում է քրեակատարողական ծառայության անցնելու և կոչում շնորհելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Վկայականի Քարտերը փոխարինվում են քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելու, նոր կոչում շնորհելու, ինչպես նաև Վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Նշված դեպքերում քրեակատարողական ծառայողը 7-օրյա ժամկետում, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում՝ 7 օր առաջ լուսանկարվելու համար ներկայանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանում: Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո 3-օրյա ժամկետում քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանում է ներկայացնում Վկայականը և ստանում տեղեկանք:

11. Փոխանակման ենթակա Քարտը քրեակատարողական ծառայողին տրվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումում լուսանկարվելուց հետո` 15-օրյա ժամկետում:

12. Վկայականի Պատյանը փոխարինվում է նորով՝ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում:

13. Քրեակատարողական ծառայողը Վկայականը (Պատյանը, Տարբերանշանը, Քարտը) ստանում է քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների կողմից:

14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրությամբ վկայական տրվում է` քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին և տեղակալներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետերին։

15. Քրեակատարողական ծառայության պետի ստորագրությամբ վկայական տրվում է` քրեակատարողական ծառայության գլխավոր (բացառությամբ քրեակատարողական հիմնարկների պետերի), առաջատար, միջին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր խմբի ծառայողներին։

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետի ստորագրությամբ վկայական տրվում է` քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի ծառայողներին:

17. Քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների և հիմնարկների ղեկավարները պարտավոր են պարբերաբար իրականացնել ենթակաների մոտ Վկայականների առկայության, դրանց վավերականության և վիճակի ստուգում:

18. Վկայականի կորստի, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քրեակատարողական ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին կամ քրեակատարողական հիմնարկի պետին:

19. Վկայականի կորստի, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև շահադիտական կամ անձնական այլ նպատակներով Վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու յուրաքանչյուր փաստի առնչությամբ սահմանված կարգով իրականացվում է ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած Վկայականը հայտնաբերելու, կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, շահադիտական կամ անձնական այլ նպատակով Վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքում իրականացված ուսումնասիրության կամ ծառայողական քննության արդյունքում քրեակատարողական ծառայության պետի կամ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո քրեակատարողական ծառայողին տրվում է նոր Վկայական` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:

21. Կորցրած Վկայականն անվավեր է ճանաչվում այն տրամադրած պաշտոնատար անձի հրամանով:

22. Կորցրած Վկայականը հայտնաբերելու դեպքում այն անմիջապես հանձնվում է քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանում կամ քրեակատարողական հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:

23. Քրեակատարողական ծառայողը հանձնում է Վկայականը`

1) իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ժամանակահատվածում` ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դեպքում.

2) իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս` լիազորությունների ժամանակավորապես կասեցվելու դեպքում.

3) քրեակատարողական ծառայությունից ազատվելու դեպքում:

24. Քրեակատարողական ծառայությունից ազատվելու դեպքում քրեակատարողական ծառայողը ծառայությունից ազատվելու զեկուցագրին կից ներկայացնում է նաև իր Վկայականը:

25. Քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումներում վկայականի հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյանով (ձև 1):

26. Վկայականը և հաշվառման մատյանները պահվում են պահարաններում` փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

27. Քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանում հանձնված Վկայականների Քարտերը ոչնչացվում են փաստաթղթերի ոչնչացման համար սահմանված կարգով:

28. Ոչնչացման արձանագրությունը հաստատվում է Քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանման պետի կողմից:

29. Վկայականներ տրամադրելու, պահպանելու և հաշվառելու ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումը:

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Տրման
ամսաթիվը

Վկայականի համարը

Ում է տրվել
(ազգանուն,
անուն,
հայրանուն)

Կոչումը

Ստորա-բաժանումը և պաշտոնը

Ստացողի
ստորա-գրությունը

Նշումներ նախորդ վկայականի հանձնելու մասին