Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (16.01.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 12 հունվարի 2012 թվականի N 1

7. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ  ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ  ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) հայագիտության զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

հունվարի 12-ի նիստի N 1

արձանագրային որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայագիտությունը գիտությունների համակարգ է, որն ուսումնասիրում է հայոց լեզուն և գրականությունը, պատմությունը, հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթը: Հայագիտությունը ներառում է հայ լեզվաբանությունը (հայոց լեզուն իր բոլոր դրսևորումներով` գրաբար, միջին հայերեն, արդի գրական հայերենն իր երկու ճյուղերով ու համակարգերով` արևելահայերեն ու արևմտահայերեն, խոսքի մշակույթ, բարբառագիտություն և այլն), հայ գրականագիտությունն իր բոլոր դրսևորումներով ու զարգացման շրջափուլերով (հայոց հին և միջնադարյան, նոր ու նորագույն, սփյուռքահայ և օտարագիր, ժողովրդական բանահյուսություն, գրական-քննադատական մտքի պատմություն և այլն), հայ պատմագիտությունն իր օժանդակ գիտություններով (հնագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, պատմագրություն, մատենագրություն և մատենագիտություն, վիմագրագիտություն, վավերագիտություն ու դրամագիտություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն, պատմական ժողովրդագրություն, մարդաբանություն և այլն), պատմական բժշկագիտությունը, հայ իրավագիտությունը, հայ հասարակական-քաղաքական և տնտեսագիտական մտքի պատմությունը, հայ իմաստասիրությունն ու արվեստագիտությունը: Հայագիտության կարևոր բնագավառներից են սփյուռքագիտությունը, հարևան ժողովուրդների հետ հայերի պատմամշակութային հարաբերությունների ուսումնասիրությունը:

2. Հայագիտությունը որպես գիտական համակարգ և պետական-ազգային քաղաքականության ծրագրի էական բաղադրիչ` մեծ կարևորություն է ստանում հատկապես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պայմաններում:

3. Հայագիտությունը խթանում է անկախ պետականության ամրապնդումն ու նպաստում ազգային ինքնագիտակցության խորացմանը: Դրանով իսկ այն դառնում է հայոց պետականության շուրջ հայերի համախմբման, երկրի ազգային անվտանգության ապահովման և Սփյուռքում հայապահպանության վճռական գործոն` Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ հայ անհատի ձևավորման հզոր ազդակ:

4. Աշխարհի տարբեր երկրներում եղել ու գործում են հայագիտական կենտրոններ, բայց հայագիտության զարգացման գլխավոր կենտրոնն այսօր Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ հայագիտության ներդաշնակ և համակողմանի զարգացումն ապահովվում է պետության մշտական օժանդակությամբ ու հոգածությամբ:

 

II. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

5. Հայագիտության ասպարեզում առաջին խոշոր քայլը կատարել են Մխիթարյան միաբանները իրենց երկու կենտրոններում (1717թ.` Վենետիկ, 1811թ.` Վիեննա):

6. XIX դարում և XX դ. սկզբին հայագիտության կարևոր կենտրոններ են հիմնվել եվրոպական մի շարք քաղաքներում (Փարիզ, Մյունխեն, Բեռլին, Լայպցիգ), Հալեպում: Հայագիտական դպրոցներ են ստեղծվում Կ. Պոլսում, Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում: Հայրենիքում ձևավորվում է հայագիտության Էջմիածնական դպրոցը: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայագիտության հիմնական օջախը դառնում է Մայր հայրենիքը: Հայագիտության հզոր վերելքին մեծապես նպաստեց Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծումը, որը, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի և մյուս հայագիտական հաստատությունների հետ համագործակցելով, դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն:

7. Հայագիտության մեծագույն նվաճումներից են`

1) մատենագրական ժառանգության (գեղարվեստական, պատմագրական, փիլիսոփայական, լեզվաբանական, դավանաբանական, իրավաբանական, բժշկագիտական, բառարանագիտական և այլ երկերի) ուսումնասիրության բնագավառում` հայ հին մատենագրության բնագավառի հրատարակումը, դրանց բանասիրական քնությունն ու մեկնաբանումը, քննական բնագրերի կազմումն ու ծանոթագրումը, հայ գրականության պատմության բազմահատորյակի ստեղծումը, հայ դասական հեղինակների երկերի ակադեմիական հատորային ժողովածուների և նրանց կյանքի տարեգրությունների կազմումը.

2) պատմագիտության, հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բնագավառներում` հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի ստեղծումը, Հայաստանի և հայերի մասին օտար աղբյուրների շարքի հրատարակումը, Հայաստանի հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը, հնավայրերի պեղումները և դրանց արդյունքների հրապարակումը, հայ վիմագրական նյութի հավաքումն ու հատորային հրատարակումը, պատմաաշխարհագրական քարտեզների ու ատլասների ստեղծումը, ճարտարապետական հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունը, ժողովրդական բանասիրության, այդ թվում` հեքիաթների, ավանդույթների, քնարերգության, ծիսական երգերի հատորային ժողովածուների ստեղծումը.

3) լեզվաբանության բնագավառում` հայոց լեզվի բոլոր դրսևորումների (գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից արևելահայ և արևմտահայ գրական տարբերակների, հայ բարբառների) բազմակողմանի ուսումնասիրությունը, հայերենի և այլ լեզուների զուգադրական ու համեմատական քննությունը, բազմաթիվ բառարանների (հանրագիտական, բացատրական, թարգմանական, ստուգաբանական, տերմինաբանական, հոմանիշների, հականիշների, հայկական անձնանունների, ազգանունների, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների և այլն) ու համաբարբառների ստեղծումը, ուսումնամեթոդական գրականության հրատարակումը, դասագրքերի, ձեռնարկների և տեղեկատուների կազմումը.

4) արվեստագիտության բնագավառում` հայ գրչագրական արվեստի ու մանրանկարչության, հայ ազգային երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի պատմության, նշանավոր հայ արվեստագետների, նկարիչների, երգահանների և մշակույթի այլ երախտավորների ժառանգության ուսումնասիրությունն ու արժեքավորումը: Հրատարակվել են հազարավոր մենագրություններ ու հոդվածներ` նվիրված հայագիտության նշված և այլ բնագավառների: Լույս են տեսել երկարամյա գիտական պարբերականներ` «Բազմավեպ» (Վենետիկ), «Հանդէս ամսօրեայ» (Վիեննա), «Revսe des Étսdes Arméniennes» (Փարիզ), «Annսal օf Armenian Lingսistics» (Քլիվլենդ), «Newsletter օf AIEA» (Assօciatiօn International de^s Etսdes Arme^niennes, Լայպցիգ), ԳԱԱ , «Պատմա-բանասիրական հանդես» ու «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր Մատենադարանի», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» և շատ այլ պարբերականներ:

8. Վերջին տարիների կարևոր ձեռքբերում է հայ մատենագրության ու դասական գրականության թվային գրադարանների ստեղծումը:

9. Հայագիտության նվաճումներն ի մի են բերվել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ կողմից համատեղ կազմակերպված միջազգային մի շարք գիտաժողովներում: Հիշարժան են Հայաստանում և արտերկրում անցկացված հայ արվեստին (առաջինը` 1975թ., 5-րդը` 1988թ.), հայերենագիտության (1982,1987), հայ հին և միջնադարյան գրականության հարցերին (1986թ.), Դավիթ Անհաղթի ծննդյան 1500- (1980թ.), Գլաձորի համալսարանի 700 (1984թ.), քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700- (1998թ.) ու հայոց գրերի ստեղծման 1600- (2005թ.) -ամյակներին նվիրված գիտաժողովները և այլն:

10. Հայագիտության մտահոգիչ վիճակի թելադրանքով և աշխատանքները համակարգելու նպատակով 2003թ. ՀՀ ԳԱԱ-ն և Երևանի պետական համալսարանը կազմակերպեցին հայագիտության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողով` արտերկրի հայագետների մասնակցությամբ: Համաժողովը փաստեց, որ անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, հիմնել տեղեկատվական պարբերական, հայագիտական աշխատանքները համակարգող կենտրոն` հայաստանյան և արտերկրի անվանի մասնագետների մասնակցությամբ:

 

III. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Հայագիտության գլխավոր նպատակը նրա բոլոր ուղղությունների ըստ ամենայնի զարգացումն է, համընթաց քայլելը համաշխարհային գիտության հետ, հայագիտության նվաճումները հայոց պետականության հետագա ամրապնդմանն ի սպաս դնելը:

12. Հայագիտության հիմնախնդիրներից են հայրենիքին նվիրված, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի ձևավորելը, նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրի տարածքային ամբողջականության և հայոց պետականության պաշտպանությանը պատրաստ անհատ կերտելը:

13. Ամենօրյա ուշադրության կենտրոնում պետք է լինեն հայկական քաղաքակրթության, ազգային նյութական և հոգևոր արժեքները ճանաչելն ու պահպանելը, օտարների կողմից դրանց յուրացումները կանխելը, հնագույն պատմամշակութային հուշարձանները` սերունդների համար պահպանելը, դրանք ուսումնասիրելն ու արդի էլեկտրոնային միջոցներով միջազգայնացնելը:

14. Անհետաձգելի խնդիր է գործնական ու քաղաքական հայագիտության զարգացումը` հատկապես թուրք-ադրբեջանական և այլ կեղծարարություններին ու նենգափոխումներին արժանի հակահարված տալու համար:

15. Քաղաքակրթական արժեքների արդի փոխբացասման և փոխներթափանցման պայմաններում ձևավորվում և խորանում է ազգ-արժեք մրցակցությունը, որն իր արտահայտությունն է գտնում նորագույն տեղեկատվական համակարգերում, մասնավորապես՝ համացանցում: Ներկայումս տարածաշրջանային տերությունների, ինչպես և հարևան պետությունների` աշխարհաքաղաքական հատուկ նպատակներ հետապնդող ծրագրերի մի մասն ուղղված է հայ ժողովրդի պատմությունն ու նրա մշակույթը խեղաթյուրելուն: Դրանք տարածվում են համաշխարհային հանրության մեջ Հայաստանի և հայության մասին ստեղծելով աղճատված ու ոչ նպաստավոր պատկերացում: Հետևաբար, քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման կիրառական խնդիրները, հատկապես հոգևոր-մշակութային իմաստով, դառնում են ազգային անվտանգության և դրա կարևոր բաղադրամասի` տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Այս իրավիճակը պահանջում է հայագիտության կիրառական գործառույթների հզորացում, այսինքն` պետք է հայագիտական ուսումնասիրությունների արդյունքներն ըստ ամենայնի օգտագործվեն ազգային ու միջազգային տեղեկատվական, քաղաքական և գաղափարախոսական հարթություններում ու ծառայեն ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության շահերին: Կիրառական հայագիտությունը կարող է մեծապես նպաստել համայն հայության հոգևոր-մշակութային անվտանգությանը:

16. Հայագիտության կիրառական խնդիրների կենսագործման միջոցառումները պետք է ելնեն հայկական ուրույն քաղաքակրթության առանձնահատկություններից, ուստի և հետազոտական աշխատանքների կիզակետում պետք է լինեն հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների բացահայտումն ու արժևորումը, որոնք նպատակաուղղված կլինեն ազգային ինքնության պահպանմանը:

17. Հայագիտության զարգացումը հրամայաբար պահանջում է`

1) ընդլայնել և խորացնել Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի ուսումնասիրությունը` հնագիտական մեթոդների կիրառմամբ.

2) համակարգել և նկարագրել հայկական ձեռագրական հավաքածուները, հետազոտել հայ գրչօջախների և գրչարվեստի պատմությունը.

3) ուսումնասիրել և թվայնացնել հայ մատենագրության (պատմագրական, գեղարվեստական, գիտական գրականության) վավերագրերը, արխիվային նյութերը, վիմագրությունը, բառարանագրական հուշարձանները, ընդլայնել քննական բնագրերի կազմումը և ծանոթագրված հրատարակումը.

4) ընդլայնել Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող օտար սկզբնաղբյուրների հայերեն, ինչպես և հայոց գիտամշակութային կարևորագույն արժեքների օտարալեզու թարգմանությունն ու հրատարակությունը (ստեղծել գիտական թարգմանության արդիական դպրոց, որտեղ պատրաստվեն հայերենից օտար լեզուների և օտար լեզուներից հայերեն թարգմանող հմուտ մասնագետներ).

5) համակողմանիորեն ուսումնասիրել Հայաստանի և հայության առջև համաշխարհայնացման արդի պայմաններում ծառացած խնդիրները, արցախյան հիմնախնդիրը, արդիականության ազգաբանական ուսումնասիրության հիման վրա ճշգրտել ազգային արժեքների ու ազգային ինքնության պահպանման առաջնահերթությունները.

6) խորացնել հարևան երկրների` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես և մերձավոր և միջինարևելյան երկրների, Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների հետ ՀՀ պատմամշակութային առնչությունների և արդի միջպետական խնդիրների ուսումնասիրությունը.

7) ուսումնասիրել ՀՀ և Արևմուտքի երկրների միջև պատմաքաղաքական և մշակութային արդի խնդիրները, եվրոպական ռազմաքաղաքական, գիտամշակութային մերօրյա կառույցներին ՀՀ ինտեգրման հարցերը և նախապատրաստել անհրաժեշտ երաշխավորություններ.

8) ուսումնասիրել ՀՀ և Հարավարևելյան ու Արևելյան Ասիայի երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և այլն) միջև միջպետական, քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները` հանրապետության համապատասխան մարմիններին ներկայացնելով անհրաժեշտ և հիմնավոր խորհրդատվություն.

9) ըստ ամենայնի թափ հաղորդել հայ պատմագիտությանը, բանասիրությանը, արվեստագիտությանը, փիլիսոփայությանը, սոցիոլոգիային և իրավագիտությանը նվիրված բարձրարժեք աշխատությունների ստեղծմանը.

10) մշտապես ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը` հիմնավոր հետազոտություններով զորակցել ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականությանը:

18. Հայագիտության առջև դրված այս հիմնարար ու կիրառական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, օտար լեզուներով հրատարակվող պարբերական (միաժամանակ նշանակալի քայլեր ձեռնարկելով արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելու ուղղությամբ) և հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:

19. Հայագիտության շարունակականությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Առաջնահերթություն է հայագիտության մեջ սերնդափոխության ապահովումը` Հայաստանի և արտերկրի գործող կենտրոնների համար երիտասարդ մասնագետների պատրաստումը:

20. Ներկայացված հիմնախնդիրներն ու նպատակները բխում են հայոց պետականության և համայն հայության արմատական շահերից, հետևապես դրանց լուծումն ու կենսագործումը, Հայրենիք-Սփյուռք միասնականության ապահովումը իրատեսական կդառնան միայն պետական մշտական հոգածության, 2011-2025 թթ. ժամանակահատվածում նպատակասլաց ռազմավարության, հայագիտության զարգացման ծրագրերի անհրաժեշտ ֆինանսավորման, ազգային ու կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

հունվարի 12-ի նիստի N 1

արձանագրային որոշման

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայագիտության զարգացման խթանումը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է և կոչված է պահպանելու ժողովրդի ազգային նկարագիրը, իրականացնելու սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելու գործը` նպատակաուղղված պետականության հզորացմանը, հայոց ազգային գաղափարախոսության ձևավորմանը:

2. Ծրագրի նպատակը պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը հայության ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոն դարձնելն է: Հայագիտության զարգացումն ապահովելու համար պետությունը պատրաստ է լուծելու հայագիտության առջև ծառացած բազմաթիվ հիմնարար և կիրառական խնդիրներ` արդյունավետ գործունեության համար հատկացնելով անհրաժեշտ միջոցներ և տեխնիկական պատշաճ հագեցվածություն:

3. Հայագիտության ոլորտում այսօր հրատապ խնդիրներ են միասնական հայագիտական գիտակրթական և տեղեկատվական դաշտի ստեղծումը հայաստանյան և արտասահմանյան, այդ թվում սփյուռքահայ հայագետների լայն մասնակցությամբ, երիտասարդ մասնագետների փոխանակումը, ինչպես և արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելը, միջազգային չափանիշներին համապատասխանող օտարալեզու գիտական հանդեսների հիմնումը:

4. Հայագիտության զարգացումը պետք է ընթանա ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և գործառության, ինչպես նաև իրավական պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու խնդիրներին համապատասխան ու դրանց հետ փոխկապակցված:

 

V. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

5. Ապահովել գիտական կադրերի սերնդափոխություն` պետական ծրագրով առավելագույնս օգտագործելով առկա ներուժը երիտասարդ կադրերի պատրաստման գործում` ստեղծելով անհրաժեշտ քանակությամբ առկա և հեռակա ասպիրանտական տեղեր և կատարելագործելով հայցորդության հաստատությունը, քայլեր ձեռնարկել արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման և արտերկրի երիտասարդ հայագետների վերապատրաստումը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ուղղությամբ:

6. Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ:

7. Պետության հոգածության առարկա դարձնել հայագիտության բնագավառում նոր գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ֆինանսավորումը, ՀՀ մարզերում հայագիտական կառույցների ստեղծումը:

8. Խորացնել և ընդլայնել գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաև պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի և ադրբեջաներենի ուսումնասիրությունը:

9. Պետական միջոցներով աջակցել հայ ժողովրդի պատմությունը, հայոց լեզվի և պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու միջոցառումներին, որոնց կարևորությունը գնալով աճում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության պայմաններում: Փաստարկված ու հիմնավոր կերպով ցույց տալ տարածաշրջանում հայ տարրի դարավոր քաղաքակրթական դերակատարությունը` հակահարված հասցնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Արցախյան հիմնախնդրի նենգափոխման յուրաքանչյուր փորձի:

10. Հայագիտության ոլորտում համագործակցությունը խորացնելու, հետազոտությունների մակարդակը բարձրացնելու համար ստեղծել գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:

11. Մշակել միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմներ, իրականացնել արտերկրում և հատկապես Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքների պատմական ու Վրաստանի, մասնավորապես Ջավախքի հայկական հուշարձանների, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման ու հետազոտման ծրագրեր, ստեղծել պատմական, մշակութային, ազգագրական, ժողովրդագրական ատլասներ:

12. Ընդլայնել Հայաստանում և արտերկրում պահվող ձեռագրական հավաքածուների նկարագրությունը, գիտական բնագրերի կազմումն ու հրատարակումը, վիմագիր արձանագրությունների ուսումնասիրությունը, արխիվային նյութերի, հնատիպ գրքերի և մամուլի թվայնացումը, պատճենումը կամ ձեռքբերումը:

13. Ստեղծել դասական հայագիտական աշխատությունների և հայ դասական գրողների երկերի մատենաշարային հրատարակություններ, դրանցից լավագույնները թարգմանել օտար լեզուներով և հրատարակել:

14. Արագացնել հայագիտական մատենագիտության` խտասալիկների ստեղծումը, հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակները համացանցով տարածելը, հայագիտական բովանդակությամբ մատչելի կայքերի ստեղծումն ու շահագործում:

15. Արևմտահայերենի գործառույթները ապահովելու համար խրախուսել այդ ոլորտի գիտական ուսումնասիրությունները, կազմել համապատասխան դասագրքեր և ձեռնարկներ` պայմաններ ստեղծելով արևելահայերենի ու արևմտահայերենի հետագա մերձեցման համար:

16. Հայ բարբառները կորստից փրկելու համար խորացնել դրանց ուսումնասիրությունը, կազմել անհրաժեշտ բառարաններ և հրատարակել գիտական արդյունքները, ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցած կաբինետներ` բարբառները գրանցելու, դրանք անխաթար պահպանելու համար:

17. Նորովի լուսաբանել հայոց պատմության հիմնահարցերը` կաղապարներից ձերբազատվելու և գիտական ճշմարտությունը հանրությանն ու աշխարհին ներկայացնելու նպատակով:

18. Ընդլայնել հայ գաղթօջախի պատմության և գիտամշակութային արժեքների, օտարախոս և այլադավան հայերի պատմության ու ազգագրության, բանահյուսական հարուստ ժառանգության ուսումնասիրություն:

19. Ստեղծել հայագիտական հանրագիտարանների և նոր դասագրքերի (նաև օտարալեզու), ինչպես նաև գիտահանրամատչելի պարբերականներ, հրատարակել հայ դասական և ժողովրդագուսանական երգերի նոտագրված շարք:

20. Խորացնել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ միջազգային համագործակցությունը, ուսումնասիրել Սփյուռքի պատմությունը, նրա արդի վիճակը, արագացնել արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների մշակումը` բացառելով ուղղագրության փոփոխությունը:

21. ՀՀ պետական լեզվի` հայերենի անաղարտության պահպանման ու նրա գործառույթներն իրականացնելու համար բարձրացնել ՀՀ լեզվի պետական տեսչության կարգավիճակը:

22. Կարևորել միջազգային հայագիտական գիտաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպումը Հայաստանում և արտերկրում, հայագիտական թեմաներով նոր թանգարանների ստեղծումը և թանգարանային ցուցադրությունների կազմակերպումը:

23. Սահմանել հայագիտության առաջնահերթ ֆինանսավորման հիմնական ոլորտները.

1) կադրերի պատրաստում առկա, հեռակա ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով.

2) հայագիտական հիմնադրամի ստեղծում.

3) հայագիտական նոր ենթակառուցվածքների կազմավորում.

4) գրահրատարակչական գործունեության էական բարելավում.

5) հայագիտական օտարալեզու նոր աշխատությունների և պարբերականների հրատարակում.

6) հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում և շահագործում.

7) հայագիտական թարգմանչական ռեսուրսների ստեղծում.

8) միջազգային գիտաժողովների կազմակերպում:

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թ.

հունվարի 12-ի նիստի N 1

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/հ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորման աղբյուրը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

1.

Ստեղծել հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ

Հայագիտական հաստատությունների համագործակցության խորացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012թ.

2.

Հիմնել «Բանբեր հայագիտության» հնգալեզու պարբերական

Համաշխարհային գիտական հանրությանը հայագիտական ուսումնասիրությունների արդյունքների ծանոթացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2012թ.

3.

Գիտական կադրերի արդյունավետ սերնդափոխության ապահովում, այդ թվում` անհրաժեշտ քանակությամբ առկա և հեռակա ասպիրանտական տեղերի հատկացում

Գիտական կադրերի արդյունավետ սերնդափոխության ապահովում

-

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012-2025թթ.

4.

Արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման հստակ քայլերի ձեռնարկում, ՀՀ-ում արտերկրի երիտասարդ հայագետների վերապատրաստում

Գիտական կադրերի պատրաստման մեխանիզմների արդիականացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

5.

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծում

Հայագիտական հետազոտությունների ֆինասավորման մեջ ոչ բյուջետային միջոցների ավելացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012թթ.

6.

Գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաև պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի և ադրբեջաներենի ուսումնասիրում

Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրավոր նյութերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում արխիվացված նյութերի ուսումնասիրություն

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

7.

Գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների արդիականացում, ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում հայագիտական կառույցների ստեղծում

Հայագիտական ուսումնասիրությունների մասնագիտական մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2014թթ.

8.

Հայոց պատմության, հայոց լեզվի և պատմամշակութային ժառանգության` համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեխանիզմների մշակում և ներդրում

Հայագիտական ուսումնասիրությունների արդյունքների միջազգային ճանաչման մակարդակի բարձրացում

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2013թթ.

9.

Հայագիտական օտարալեզու նոր աշխատությունների հրատարակում, հայագիտական թարգմանչական ռեսուրսների ստեղծում

Օտարալեզու լսարանի համար հայագիտական հետազոտությունների արդյունքների մատչելիության ապահովում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2015թթ.

10

Հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում և շահագործում

Հայագիտության ոլորտում հետազոտությունների ժամանակակից եղանակների ներդրում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2014թթ.

11.

Հայագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների մշակում և ներդրում, միջազգային հայագիտական գիտաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպում

Հայագիտությունը` միջազգային նշանակության գիտական հետազոտությունների ուղղություն դառնալուն նպաստում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

12.

Հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների համացանցով տարածման ապահովում, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծում և շահագործում

Հայագիտական հետազոտությունների միջազգային տարածման աստիճանի բարձրացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2013թթ.

13

Արևմտահայերենի ոլորտի գիտական ուսումնասիրությունների խթանում, համապատասխան դասագրքերի և ձեռնարկների կազմում, արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների ստեղծում

Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման անհրաժեշտ պայմանների ստեղծում

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2015թթ.

14.

Հայ բարբառների ուսումնասիրություն, անհրաժեշտ բառարանների կազմում և գիտական արդյունքների հրապարակում

Հայ բարբառների գիտական ուսումնասիրության մակարդակի բարձրացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2014թթ.

15.

Խորացնել հումանիտար գիտությունների հիմնահարցերի նորովի լուսաբանումը, հնագիտական հետազոտությունների ընլայնման գործընթացը

Հայ ժողովրդի պատմության նորովի ուսումնասիրություն

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ

2012-2025թթ.

16.

Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմության, գիտամշակութային արժեքների, օտարախոս և այլադավան հայերի պատմության ու ազգագրության, բանահյուսական հարուստ ժառանգության ուսումնասիրություն

Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմության համակարգված ուսումնասիրություն

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

17.

Շարունակել և ընդլայնել հայ դասական հեղինակների երկերի գիտական (ակադեմիական) հրատարակությունը

Հայ գեղարվեստական գրականության հանրահռչակում և բնագրերի թվայնացման համար հիմք ծառայող բնագրերի ստեղծում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

18.

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն արտացոլող աշխատություններ օտար լեզուներով և հրատարակում

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տարածումը միջազգային գիտամշակութային տարածքում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2012-2025թթ.

19.

Հայագիտական հանրագիտարանների և նոր դասագրքերի (նաև օտարալեզու), ինչպես նաև գիտահանրամատչելի պարբերականների ստեղծում

Հայագիտական հետազոտությունների արդյունքների տարածման մակարդակի բարձրացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ

2012-2025թթ.

20.

Նպաստել օտարերկրյա պետություններում հայագիտական կենտրոնների ստեղծմանը

Հայագիտական հետազոտությունների մեջ օտարերկրյա մասնագետների ներգրավվածության աստիճանի բարձրացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ

2012-2025թթ.

21.

Օտարերկրյա պետություններում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտամշակութային միջոցառումների կազմակերպում

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության` համաշխարհային հանրությանն ներկայացնելու աստիճանի բարձրացում

ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ

2012-2025թթ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2013, N 2 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան