Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 հունվարի 2012 թվականի N 1
7. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) հայագիտության զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 16 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայագիտությունը գիտությունների համակարգ է, որն ուսումնասիրում է հայոց լեզուն և գրականությունը, պատմությունը, հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթը: Հայագիտությունը ներառում է հայ լեզվաբանությունը (հայոց լեզուն իր բոլոր դրսևորումներով` գրաբար, միջին հայերեն, արդի գրական հայերենն իր երկու ճյուղերով ու համակարգերով` արևելահայերեն ու արևմտահայերեն, խոսքի մշակույթ, բարբառագիտություն և այլն), հայ գրականագիտությունն իր բոլոր դրսևորումներով ու զարգացման շրջափուլերով (հայոց հին և միջնադարյան, նոր ու նորագույն, սփյուռքահայ և օտարագիր, ժողովրդական բանահյուսություն, գրական-քննադատական մտքի պատմություն և այլն), հայ պատմագիտությունն իր օժանդակ գիտություններով (հնագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, պատմագրություն, մատենագրություն և մատենագիտություն, վիմագրագիտություն, վավերագիտություն ու դրամագիտություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն, պատմական ժողովրդագրություն, մարդաբանություն և այլն), պատմական բժշկագիտությունը, հայ իրավագիտությունը, հայ հասարակական-քաղաքական և տնտեսագիտական մտքի պատմությունը, հայ իմաստասիրությունն ու արվեստագիտությունը: Հայագիտության կարևոր բնագավառներից են սփյուռքագիտությունը, հարևան ժողովուրդների հետ հայերի պատմամշակութային հարաբերությունների ուսումնասիրությունը:
2. Հայագիտությունը որպես գիտական համակարգ և պետական-ազգային քաղաքականության ծրագրի էական բաղադրիչ` մեծ կարևորություն է ստանում հատկապես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պայմաններում:
3. Հայագիտությունը խթանում է անկախ պետականության ամրապնդումն ու նպաստում ազգային ինքնագիտակցության խորացմանը: Դրանով իսկ այն դառնում է հայոց պետականության շուրջ հայերի համախմբման, երկրի ազգային անվտանգության ապահովման և Սփյուռքում հայապահպանության վճռական գործոն` Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ հայ անհատի ձևավորման հզոր ազդակ:
4. Աշխարհի տարբեր երկրներում եղել ու գործում են հայագիտական կենտրոններ, բայց հայագիտության զարգացման գլխավոր կենտրոնն այսօր Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ հայագիտության ներդաշնակ և համակողմանի զարգացումն ապահովվում է պետության մշտական օժանդակությամբ ու հոգածությամբ:
II. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
5. Հայագիտության ասպարեզում առաջին խոշոր քայլը կատարել են Մխիթարյան միաբանները իրենց երկու կենտրոններում (1717թ.` Վենետիկ, 1811թ.` Վիեննա):
6. XIX դարում և XX դ. սկզբին հայագիտության կարևոր կենտրոններ են հիմնվել եվրոպական մի շարք քաղաքներում (Փարիզ, Մյունխեն, Բեռլին, Լայպցիգ), Հալեպում: Հայագիտական դպրոցներ են ստեղծվում Կ. Պոլսում, Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում: Հայրենիքում ձևավորվում է հայագիտության Էջմիածնական դպրոցը: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայագիտության հիմնական օջախը դառնում է Մայր հայրենիքը: Հայագիտության հզոր վերելքին մեծապես նպաստեց Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծումը, որը, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի և մյուս հայագիտական հաստատությունների հետ համագործակցելով, դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն:
7. Հայագիտության մեծագույն նվաճումներից են`
1) մատենագրական ժառանգության (գեղարվեստական, պատմագրական, փիլիսոփայական, լեզվաբանական, դավանաբանական, իրավաբանական, բժշկագիտական, բառարանագիտական և այլ երկերի) ուսումնասիրության բնագավառում` հայ հին մատենագրության բնագավառի հրատարակումը, դրանց բանասիրական քնությունն ու մեկնաբանումը, քննական բնագրերի կազմումն ու ծանոթագրումը, հայ գրականության պատմության բազմահատորյակի ստեղծումը, հայ դասական հեղինակների երկերի ակադեմիական հատորային ժողովածուների և նրանց կյանքի տարեգրությունների կազմումը.
2) պատմագիտության, հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բնագավառներում` հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի ստեղծումը, Հայաստանի և հայերի մասին օտար աղբյուրների շարքի հրատարակումը, Հայաստանի հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը, հնավայրերի պեղումները և դրանց արդյունքների հրապարակումը, հայ վիմագրական նյութի հավաքումն ու հատորային հրատարակումը, պատմաաշխարհագրական քարտեզների ու ատլասների ստեղծումը, ճարտարապետական հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունը, ժողովրդական բանասիրության, այդ թվում` հեքիաթների, ավանդույթների, քնարերգության, ծիսական երգերի հատորային ժողովածուների ստեղծումը.
3) լեզվաբանության բնագավառում` հայոց լեզվի բոլոր դրսևորումների (գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից արևելահայ և արևմտահայ գրական տարբերակների, հայ բարբառների) բազմակողմանի ուսումնասիրությունը, հայերենի և այլ լեզուների զուգադրական ու համեմատական քննությունը, բազմաթիվ բառարանների (հանրագիտական, բացատրական, թարգմանական, ստուգաբանական, տերմինաբանական, հոմանիշների, հականիշների, հայկական անձնանունների, ազգանունների, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների և այլն) ու համաբարբառների ստեղծումը, ուսումնամեթոդական գրականության հրատարակումը, դասագրքերի, ձեռնարկների և տեղեկատուների կազմումը.
4) արվեստագիտության բնագավառում` հայ գրչագրական արվեստի ու մանրանկարչության, հայ ազգային երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի պատմության, նշանավոր հայ արվեստագետների, նկարիչների, երգահանների և մշակույթի այլ երախտավորների ժառանգության ուսումնասիրությունն ու արժեքավորումը: Հրատարակվել են հազարավոր մենագրություններ ու հոդվածներ` նվիրված հայագիտության նշված և այլ բնագավառների: Լույս են տեսել երկարամյա գիտական պարբերականներ` «Բազմավեպ» (Վենետիկ), «Հանդէս ամսօրեայ» (Վիեննա), «Revսe des Étսdes Arméniennes» (Փարիզ), «Annսal օf Armenian Lingսistics» (Քլիվլենդ), «Newsletter օf AIEA» (Assօciatiօn International de^s Etսdes Arme^niennes, Լայպցիգ), ԳԱԱ , «Պատմա-բանասիրական հանդես» ու «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր Մատենադարանի», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» և շատ այլ պարբերականներ:
8. Վերջին տարիների կարևոր ձեռքբերում է հայ մատենագրության ու դասական գրականության թվային գրադարանների ստեղծումը:
9. Հայագիտության նվաճումներն ի մի են բերվել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ կողմից համատեղ կազմակերպված միջազգային մի շարք գիտաժողովներում: Հիշարժան են Հայաստանում և արտերկրում անցկացված հայ արվեստին (առաջինը` 1975թ., 5-րդը` 1988թ.), հայերենագիտության (1982,1987), հայ հին և միջնադարյան գրականության հարցերին (1986թ.), Դավիթ Անհաղթի ծննդյան 1500- (1980թ.), Գլաձորի համալսարանի 700 (1984թ.), քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700- (1998թ.) ու հայոց գրերի ստեղծման 1600- (2005թ.) -ամյակներին նվիրված գիտաժողովները և այլն:
10. Հայագիտության մտահոգիչ վիճակի թելադրանքով և աշխատանքները համակարգելու նպատակով 2003թ. ՀՀ ԳԱԱ-ն և Երևանի պետական համալսարանը կազմակերպեցին հայագիտության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողով` արտերկրի հայագետների մասնակցությամբ: Համաժողովը փաստեց, որ անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, հիմնել տեղեկատվական պարբերական, հայագիտական աշխատանքները համակարգող կենտրոն` հայաստանյան և արտերկրի անվանի մասնագետների մասնակցությամբ:
III. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Հայագիտության գլխավոր նպատակը նրա բոլոր ուղղությունների ըստ ամենայնի զարգացումն է, համընթաց քայլելը համաշխարհային գիտության հետ, հայագիտության նվաճումները հայոց պետականության հետագա ամրապնդմանն ի սպաս դնելը:
12. Հայագիտության հիմնախնդիրներից են հայրենիքին նվիրված, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի ձևավորելը, նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրի տարածքային ամբողջականության և հայոց պետականության պաշտպանությանը պատրաստ անհատ կերտելը:
13. Ամենօրյա ուշադրության կենտրոնում պետք է լինեն հայկական քաղաքակրթության, ազգային նյութական և հոգևոր արժեքները ճանաչելն ու պահպանելը, օտարների կողմից դրանց յուրացումները կանխելը, հնագույն պատմամշակութային հուշարձանները` սերունդների համար պահպանելը, դրանք ուսումնասիրելն ու արդի էլեկտրոնային միջոցներով միջազգայնացնելը:
14. Անհետաձգելի խնդիր է գործնական ու քաղաքական հայագիտության զարգացումը` հատկապես թուրք-ադրբեջանական և այլ կեղծարարություններին ու նենգափոխումներին արժանի հակահարված տալու համար:
15. Քաղաքակրթական արժեքների արդի փոխբացասման և փոխներթափանցման պայմաններում ձևավորվում և խորանում է ազգ-արժեք մրցակցությունը, որն իր արտահայտությունն է գտնում նորագույն տեղեկատվական համակարգերում, մասնավորապես՝ համացանցում: Ներկայումս տարածաշրջանային տերությունների, ինչպես և հարևան պետությունների` աշխարհաքաղաքական հատուկ նպատակներ հետապնդող ծրագրերի մի մասն ուղղված է հայ ժողովրդի պատմությունն ու նրա մշակույթը խեղաթյուրելուն: Դրանք տարածվում են համաշխարհային հանրության մեջ Հայաստանի և հայության մասին ստեղծելով աղճատված ու ոչ նպաստավոր պատկերացում: Հետևաբար, քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման կիրառական խնդիրները, հատկապես հոգևոր-մշակութային իմաստով, դառնում են ազգային անվտանգության և դրա կարևոր բաղադրամասի` տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Այս իրավիճակը պահանջում է հայագիտության կիրառական գործառույթների հզորացում, այսինքն` պետք է հայագիտական ուսումնասիրությունների արդյունքներն ըստ ամենայնի օգտագործվեն ազգային ու միջազգային տեղեկատվական, քաղաքական և գաղափարախոսական հարթություններում ու ծառայեն ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության շահերին: Կիրառական հայագիտությունը կարող է մեծապես նպաստել համայն հայության հոգևոր-մշակութային անվտանգությանը:
16. Հայագիտության կիրառական խնդիրների կենսագործման միջոցառումները պետք է ելնեն հայկական ուրույն քաղաքակրթության առանձնահատկություններից, ուստի և հետազոտական աշխատանքների կիզակետում պետք է լինեն հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների բացահայտումն ու արժևորումը, որոնք նպատակաուղղված կլինեն ազգային ինքնության պահպանմանը:
17. Հայագիտության զարգացումը հրամայաբար պահանջում է`
1) ընդլայնել և խորացնել Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի ուսումնասիրությունը` հնագիտական մեթոդների կիրառմամբ.
2) համակարգել և նկարագրել հայկական ձեռագրական հավաքածուները, հետազոտել հայ գրչօջախների և գրչարվեստի պատմությունը.
3) ուսումնասիրել և թվայնացնել հայ մատենագրության (պատմագրական, գեղարվեստական, գիտական գրականության) վավերագրերը, արխիվային նյութերը, վիմագրությունը, բառարանագրական հուշարձանները, ընդլայնել քննական բնագրերի կազմումը և ծանոթագրված հրատարակումը.
4) ընդլայնել Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող օտար սկզբնաղբյուրների հայերեն, ինչպես և հայոց գիտամշակութային կարևորագույն արժեքների օտարալեզու թարգմանությունն ու հրատարակությունը (ստեղծել գիտական թարգմանության արդիական դպրոց, որտեղ պատրաստվեն հայերենից օտար լեզուների և օտար լեզուներից հայերեն թարգմանող հմուտ մասնագետներ).
5) համակողմանիորեն ուսումնասիրել Հայաստանի և հայության առջև համաշխարհայնացման արդի պայմաններում ծառացած խնդիրները, արցախյան հիմնախնդիրը, արդիականության ազգաբանական ուսումնասիրության հիման վրա ճշգրտել ազգային արժեքների ու ազգային ինքնության պահպանման առաջնահերթությունները.
6) խորացնել հարևան երկրների` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես և մերձավոր և միջինարևելյան երկրների, Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների հետ ՀՀ պատմամշակութային առնչությունների և արդի միջպետական խնդիրների ուսումնասիրությունը.
7) ուսումնասիրել ՀՀ և Արևմուտքի երկրների միջև պատմաքաղաքական և մշակութային արդի խնդիրները, եվրոպական ռազմաքաղաքական, գիտամշակութային մերօրյա կառույցներին ՀՀ ինտեգրման հարցերը և նախապատրաստել անհրաժեշտ երաշխավորություններ.
8) ուսումնասիրել ՀՀ և Հարավարևելյան ու Արևելյան Ասիայի երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և այլն) միջև միջպետական, քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները` հանրապետության համապատասխան մարմիններին ներկայացնելով անհրաժեշտ և հիմնավոր խորհրդատվություն.
9) ըստ ամենայնի թափ հաղորդել հայ պատմագիտությանը, բանասիրությանը, արվեստագիտությանը, փիլիսոփայությանը, սոցիոլոգիային և իրավագիտությանը նվիրված բարձրարժեք աշխատությունների ստեղծմանը.
10) մշտապես ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը` հիմնավոր հետազոտություններով զորակցել ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականությանը:
18. Հայագիտության առջև դրված այս հիմնարար ու կիրառական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, օտար լեզուներով հրատարակվող պարբերական (միաժամանակ նշանակալի քայլեր ձեռնարկելով արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելու ուղղությամբ) և հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:
19. Հայագիտության շարունակականությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Առաջնահերթություն է հայագիտության մեջ սերնդափոխության ապահովումը` Հայաստանի և արտերկրի գործող կենտրոնների համար երիտասարդ մասնագետների պատրաստումը:
20. Ներկայացված հիմնախնդիրներն ու նպատակները բխում են հայոց պետականության և համայն հայության արմատական շահերից, հետևապես դրանց լուծումն ու կենսագործումը, Հայրենիք-Սփյուռք միասնականության ապահովումը իրատեսական կդառնան միայն պետական մշտական հոգածության, 2011-2025 թթ. ժամանակահատվածում նպատակասլաց ռազմավարության, հայագիտության զարգացման ծրագրերի անհրաժեշտ ֆինանսավորման, ազգային ու կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշման |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայագիտության զարգացման խթանումը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է և կոչված է պահպանելու ժողովրդի ազգային նկարագիրը, իրականացնելու սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելու գործը` նպատակաուղղված պետականության հզորացմանը, հայոց ազգային գաղափարախոսության ձևավորմանը:
2. Ծրագրի նպատակը պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը հայության ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոն դարձնելն է: Հայագիտության զարգացումն ապահովելու համար պետությունը պատրաստ է լուծելու հայագիտության առջև ծառացած բազմաթիվ հիմնարար և կիրառական խնդիրներ` արդյունավետ գործունեության համար հատկացնելով անհրաժեշտ միջոցներ և տեխնիկական պատշաճ հագեցվածություն:
3. Հայագիտության ոլորտում այսօր հրատապ խնդիրներ են միասնական հայագիտական գիտակրթական և տեղեկատվական դաշտի ստեղծումը հայաստանյան և արտասահմանյան, այդ թվում սփյուռքահայ հայագետների լայն մասնակցությամբ, երիտասարդ մասնագետների փոխանակումը, ինչպես և արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելը, միջազգային չափանիշներին համապատասխանող օտարալեզու գիտական հանդեսների հիմնումը:
4. Հայագիտության զարգացումը պետք է ընթանա ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և գործառության, ինչպես նաև իրավական պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու խնդիրներին համապատասխան ու դրանց հետ փոխկապակցված:
V. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
5. Ապահովել գիտական կադրերի սերնդափոխություն` պետական ծրագրով առավելագույնս օգտագործելով առկա ներուժը երիտասարդ կադրերի պատրաստման գործում` ստեղծելով անհրաժեշտ քանակությամբ առկա և հեռակա ասպիրանտական տեղեր և կատարելագործելով հայցորդության հաստատությունը, քայլեր ձեռնարկել արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման և արտերկրի երիտասարդ հայագետների վերապատրաստումը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ուղղությամբ:
6. Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ:
7. Պետության հոգածության առարկա դարձնել հայագիտության բնագավառում նոր գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ֆինանսավորումը, ՀՀ մարզերում հայագիտական կառույցների ստեղծումը:
8. Խորացնել և ընդլայնել գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաև պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի և ադրբեջաներենի ուսումնասիրությունը:
9. Պետական միջոցներով աջակցել հայ ժողովրդի պատմությունը, հայոց լեզվի և պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու միջոցառումներին, որոնց կարևորությունը գնալով աճում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության պայմաններում: Փաստարկված ու հիմնավոր կերպով ցույց տալ տարածաշրջանում հայ տարրի դարավոր քաղաքակրթական դերակատարությունը` հակահարված հասցնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Արցախյան հիմնախնդրի նենգափոխման յուրաքանչյուր փորձի:
10. Հայագիտության ոլորտում համագործակցությունը խորացնելու, հետազոտությունների մակարդակը բարձրացնելու համար ստեղծել գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:
11. Մշակել միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմներ, իրականացնել արտերկրում և հատկապես Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքների պատմական ու Վրաստանի, մասնավորապես Ջավախքի հայկական հուշարձանների, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման ու հետազոտման ծրագրեր, ստեղծել պատմական, մշակութային, ազգագրական, ժողովրդագրական ատլասներ:
12. Ընդլայնել Հայաստանում և արտերկրում պահվող ձեռագրական հավաքածուների նկարագրությունը, գիտական բնագրերի կազմումն ու հրատարակումը, վիմագիր արձանագրությունների ուսումնասիրությունը, արխիվային նյութերի, հնատիպ գրքերի և մամուլի թվայնացումը, պատճենումը կամ ձեռքբերումը:
13. Ստեղծել դասական հայագիտական աշխատությունների և հայ դասական գրողների երկերի մատենաշարային հրատարակություններ, դրանցից լավագույնները թարգմանել օտար լեզուներով և հրատարակել:
14. Արագացնել հայագիտական մատենագիտության` խտասալիկների ստեղծումը, հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակները համացանցով տարածելը, հայագիտական բովանդակությամբ մատչելի կայքերի ստեղծումն ու շահագործում:
15. Արևմտահայերենի գործառույթները ապահովելու համար խրախուսել այդ ոլորտի գիտական ուսումնասիրությունները, կազմել համապատասխան դասագրքեր և ձեռնարկներ` պայմաններ ստեղծելով արևելահայերենի ու արևմտահայերենի հետագա մերձեցման համար:
16. Հայ բարբառները կորստից փրկելու համար խորացնել դրանց ուսումնասիրությունը, կազմել անհրաժեշտ բառարաններ և հրատարակել գիտական արդյունքները, ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցած կաբինետներ` բարբառները գրանցելու, դրանք անխաթար պահպանելու համար:
17. Նորովի լուսաբանել հայոց պատմության հիմնահարցերը` կաղապարներից ձերբազատվելու և գիտական ճշմարտությունը հանրությանն ու աշխարհին ներկայացնելու նպատակով:
18. Ընդլայնել հայ գաղթօջախի պատմության և գիտամշակութային արժեքների, օտարախոս և այլադավան հայերի պատմության ու ազգագրության, բանահյուսական հարուստ ժառանգության ուսումնասիրություն:
19. Ստեղծել հայագիտական հանրագիտարանների և նոր դասագրքերի (նաև օտարալեզու), ինչպես նաև գիտահանրամատչելի պարբերականներ, հրատարակել հայ դասական և ժողովրդագուսանական երգերի նոտագրված շարք:
20. Խորացնել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ միջազգային համագործակցությունը, ուսումնասիրել Սփյուռքի պատմությունը, նրա արդի վիճակը, արագացնել արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների մշակումը` բացառելով ուղղագրության փոփոխությունը:
21. ՀՀ պետական լեզվի` հայերենի անաղարտության պահպանման ու նրա գործառույթներն իրականացնելու համար բարձրացնել ՀՀ լեզվի պետական տեսչության կարգավիճակը:
22. Կարևորել միջազգային հայագիտական գիտաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպումը Հայաստանում և արտերկրում, հայագիտական թեմաներով նոր թանգարանների ստեղծումը և թանգարանային ցուցադրությունների կազմակերպումը:
23. Սահմանել հայագիտության առաջնահերթ ֆինանսավորման հիմնական ոլորտները.
1) կադրերի պատրաստում առկա, հեռակա ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով.
2) հայագիտական հիմնադրամի ստեղծում.
3) հայագիտական նոր ենթակառուցվածքների կազմավորում.
4) գրահրատարակչական գործունեության էական բարելավում.
5) հայագիտական օտարալեզու նոր աշխատությունների և պարբերականների հրատարակում.
6) հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում և շահագործում.
7) հայագիտական թարգմանչական ռեսուրսների ստեղծում.
8) միջազգային գիտաժողովների կազմակերպում:
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Պատասխանատու կատարողները |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Ստեղծել հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ |
Հայագիտական հաստատությունների համագործակցության խորացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012թ. |
2. |
Հիմնել «Բանբեր հայագիտության» հնգալեզու պարբերական |
Համաշխարհային գիտական հանրությանը հայագիտական ուսումնասիրությունների արդյունքների ծանոթացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
2012թ. |
3. |
Գիտական կադրերի արդյունավետ սերնդափոխության ապահովում, այդ թվում` անհրաժեշտ քանակությամբ առկա և հեռակա ասպիրանտական տեղերի հատկացում |
Գիտական կադրերի արդյունավետ սերնդափոխության ապահովում |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2012-2025թթ. |
4. |
Արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման հստակ քայլերի ձեռնարկում, ՀՀ-ում արտերկրի երիտասարդ հայագետների վերապատրաստում |
Գիտական կադրերի պատրաստման մեխանիզմների արդիականացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
5. |
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծում |
Հայագիտական հետազոտությունների ֆինասավորման մեջ ոչ բյուջետային միջոցների ավելացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012թթ. |
6. |
Գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաև պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի և ադրբեջաներենի ուսումնասիրում |
Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրավոր նյութերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում արխիվացված նյութերի ուսումնասիրություն |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
7. |
Գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների արդիականացում, ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում հայագիտական կառույցների ստեղծում |
Հայագիտական ուսումնասիրությունների մասնագիտական մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2014թթ. |
8. |
Հայոց պատմության, հայոց լեզվի և պատմամշակութային ժառանգության` համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեխանիզմների մշակում և ներդրում |
Հայագիտական ուսումնասիրությունների արդյունքների միջազգային ճանաչման մակարդակի բարձրացում |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2013թթ. |
9. |
Հայագիտական օտարալեզու նոր աշխատությունների հրատարակում, հայագիտական թարգմանչական ռեսուրսների ստեղծում |
Օտարալեզու լսարանի համար հայագիտական հետազոտությունների արդյունքների մատչելիության ապահովում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2015թթ. |
10 |
Հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում և շահագործում |
Հայագիտության ոլորտում հետազոտությունների ժամանակակից եղանակների ներդրում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2014թթ. |
11. |
Հայագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների մշակում և ներդրում, միջազգային հայագիտական գիտաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպում |
Հայագիտությունը` միջազգային նշանակության գիտական հետազոտությունների ուղղություն դառնալուն նպաստում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
12. |
Հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների համացանցով տարածման ապահովում, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծում և շահագործում |
Հայագիտական հետազոտությունների միջազգային տարածման աստիճանի բարձրացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2013թթ. |
13 |
Արևմտահայերենի ոլորտի գիտական ուսումնասիրությունների խթանում, համապատասխան դասագրքերի և ձեռնարկների կազմում, արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների ստեղծում |
Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման անհրաժեշտ պայմանների ստեղծում |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2015թթ. |
14. |
Հայ բարբառների ուսումնասիրություն, անհրաժեշտ բառարանների կազմում և գիտական արդյունքների հրապարակում |
Հայ բարբառների գիտական ուսումնասիրության մակարդակի բարձրացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2014թթ. |
15. |
Խորացնել հումանիտար գիտությունների հիմնահարցերի նորովի լուսաբանումը, հնագիտական հետազոտությունների ընլայնման գործընթացը |
Հայ ժողովրդի պատմության նորովի ուսումնասիրություն |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ |
2012-2025թթ. |
16. |
Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմության, գիտամշակութային արժեքների, օտարախոս և այլադավան հայերի պատմության ու ազգագրության, բանահյուսական հարուստ ժառանգության ուսումնասիրություն |
Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմության համակարգված ուսումնասիրություն |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
17. |
Շարունակել և ընդլայնել հայ դասական հեղինակների երկերի գիտական (ակադեմիական) հրատարակությունը |
Հայ գեղարվեստական գրականության հանրահռչակում և բնագրերի թվայնացման համար հիմք ծառայող բնագրերի ստեղծում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
18. |
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն արտացոլող աշխատություններ օտար լեզուներով և հրատարակում |
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տարածումը միջազգային գիտամշակութային տարածքում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ) |
2012-2025թթ. |
19. |
Հայագիտական հանրագիտարանների և նոր դասագրքերի (նաև օտարալեզու), ինչպես նաև գիտահանրամատչելի պարբերականների ստեղծում |
Հայագիտական հետազոտությունների արդյունքների տարածման մակարդակի բարձրացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ |
2012-2025թթ. |
20. |
Նպաստել օտարերկրյա պետություններում հայագիտական կենտրոնների ստեղծմանը |
Հայագիտական հետազոտությունների մեջ օտարերկրյա մասնագետների ներգրավվածության աստիճանի բարձրացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ |
2012-2025թթ. |
21. |
Օտարերկրյա պետություններում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտամշակութային միջոցառումների կազմակերպում |
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության` համաշխարհային հանրությանն ներկայացնելու աստիճանի բարձրացում |
ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ |
2012-2025թթ. |