Գլխավոր տեղեկություն
Համար
N 407-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.10.15/26(629) Հոդ.209
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 օգոստոսի 2018 թ.

ք. Երևան

N 407-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԱԽԱԳԾԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻՑ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Զեյնալյան

 

  

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 407-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԱԽԱԳԾԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻՑ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Միջազգային պայմանագիրը կամ դրա նախագիծը թարգմանության է ներկայացվում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով միջազգային պայմանագրի կնքման, դրա վավերացման կամ հաստատման, միջազգային պայմանագրի կատարման, փոփոխման, գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարելու առաջարկությամբ Կառավարություն դիմելու` օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմնի (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից կամ վարչապետի հանձնարարությամբ:

3. Իրավասու մարմինը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին ներկայացնելիս հաշվի է առնում թարգմանության համար պահանջվող ժամանակահատվածը՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների:

4. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի թարգմանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ թարգմանությունների կենտրոն)՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում:

 

II. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի թարգմանության իրականացման համար ժամկետի հաշվարկը սկսվում է թարգմանության պատվերն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

6. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի թարգմանությունը, որպես կանոն և վարչապետի հանձնարարությամբ այլ ողջամիտ ժամկետ սահմանված չլինելու դեպքում, իրականացվում է հետևյալ ժամկետներում՝ 1-4 էջը 3 աշխատանքային օրվա ընթացքում, 5-10 էջը 7 աշխատանքային օրվա ընթացքում, 11-20 էջը 10 աշխատանքային օրվա ընթացքում, 21-30 էջը 15 աշխատանքային օրվա ընթացքում, 31-50 էջը 25 աշխատանքային օրվա ընթացքում, 51-100 էջը 35 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 100 էջը գերազանցելու դեպքում՝ յուրաքանչյուր 30 էջի համար 10 աշխատանքային օրվա հաշվարկով:

7. Թարգմանության իրականացման համար ժամկետները կարող են կրճատվել իրավասու մարմնի դիմումով, այն դեպքերում երբ թարգմանության ներկայացվող միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի տեքստը մշակված է պաշտոնական հայերեն թարգմանություն ունեցող այլ միջազգային պայմանագրի տեքստի հիման վրա։

8. Մեկ էջ է համարվում թարգմանության ներկայացվող միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի տեքստի 1500 նիշն առանց բացատների:

9. Թարգմանության իրականացման համար ժամկետները պայմանավորված են թարգմանությունների կենտրոնի ընթացիկ ծանրաբեռնվածությամբ, թարգմանության ներկայացվող միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի տեքստի բարդությամբ (ոլորտային, մասնագիտական, տեխնիկական եզրերով հագեցած), տեխնիկական խնդիրների հնարավոր առկայությամբ (բնօրինակ թղթային տարբերակի տեսաներածված (սկանավորված) կամ այլ ձևաչափերով ֆայլերի փոխակերպում էլեկտրոնային խմբագրվող ձևաչափի, չխմբագրվող գծապատկերների, գրաֆիկների, նկարների, աղյուսակների և այլնի մշակում):

10. Թարգմանության գործընթացը ներառում է հետևյալ փուլերը՝ նախաթարգմանչական տեխնիկական մշակում, բուն թարգմանություն, թարգմանության երկլեզու վերանայում-իրավական նույնականացում, լեզվական խմբագրում-սրբագրում, թարգմանության վերջնական ձևաչափի ապահովում:

11. Իրավասու մարմինը միջազգային պայմանագիրը կամ դրա նախագիծը թարգմանության ներկայացնելիս նշանակում է կոնտակտային անձ՝ թարգմանության ընթացքում հնարավոր տեխնիկական կամ ոլորտային խնդիրների հարցում թարգմանությունների կենտրոնի հետ համագործակցելու համար:

12. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի թարգմանության տեքստն իրավասու մարմնին է ներկայացվում 12 տառաչափով (բացառությամբ դրանում առկա գծապատկերների, գրաֆիկների, նկարների, աղյուսակների տեքստային մասի կամ առանձին դեպքերի, որոնց պարագայում տառաչափը կարող է տարբերվել ըստ անհրաժեշտության), տեղեկատվական նյութերի արտացոլման Յունիկոդ (Unicode) կոդով և հավաքման ՋիԷյջԻԷյ Գրապալատ (GHEA Grapalat) կամ ՋիԷյջԻԷյ Մարիամ (GHEA Mariam) տառատեսակներով:

13. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստի պաշտոնական հաստատումից հետո՝ իրավասու մարմնի կողմից դրա վերջնական տեքստը ներկայացվում է թարգմանությունների կենտրոն՝ հետագա թարգմանությունների եզրութաբանական միասնականությունն ապահովելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան