Գլխավոր տեղեկություն
Համար
N 1061-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.10.2017-19.10.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.10.16/29(598) Հոդ.334
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.10.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 սեպտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1061-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին՝ սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1061-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման և դրանց ղեկավարման կարգն ու առանձնահատկությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) փրկարարական աշխատանքներ - մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.

2) որոնողափրկարարական աշխատանքներ - մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների որոնմանն ու փրկությանն ուղղված միջոցառումների համալիր.

3) փլատակ - քանդված, ավերված, փլուզված շենք-շինությունների, բնակավայրերի մնացորդների կուտակումներ:

 

II. ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Փրկարարական աշխատանքների ղեկավարումը` փլատակներում փրկարարական աշխատանքների կազմակերպմանն, համակարգմանն, կառավարմանն և իրականացմանն ուղղված միջոցառումների համալիր է:

4. Փրկարարական աշխատանքների ղեկավարման համակարգի բարձրագույն օղակ է համարվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունը:

5. Փրկարարական աշխատանքների ղեկավարումը ուժերի և միջոցների արդյունավետ գործունեության համար ժամանակին անհրաժեշտ ուժերի ներգրավումն է, փրկարարական աշխատանքների անցկացումն առավելագույն սեղմ ժամկետներում և նվազագույն կորուստներով:

6. Փլատակներում փրկարարական աշխատանքների հիմնական խնդիրներն են`

1) տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, ստեղծված իրավիճակի գնահատումը, որոշումների ընդունումը.

2) իրավիճակի մշտական համակարգումը, կանխատեսման հնարավոր տարբերակների մշակումը.

3) ստեղծված իրավիճակի գնահատումը, ծավալի, բնութագրի և արդյունավետ տարբերակների որոշումը փրկարարական աշխատանքների ժամանակ, փոփոխությունների օպերատիվ ներդրումը` աշխատանքների սկզբնական փուլում.

4) երկրորդական խոցման գործոնների որոշումը, վտանգավոր տարածքի սահմանազատումը.

5) փրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների հաշվարկը.

6) փրկարարական աշխատանքների մասնակիցների միջև փոխգործողության ապահովումը և համակարգումը.

7) ընթացիկ աշխատանքների արդյունքների քննարկումը.

8) առաջադրանքների կատարման ստուգումը.

9) փրկարարական աշխատանքների վերջնական փուլի կազմակերպումը.

10) մարդկանց կյանքի և նյութական արժեքների փրկությունը.

11) փրկարարական աշխատանքների ղեկավարման կայունությունը և անընդհատությունը:

7. Փրկարարական աշխատանքների ղեկավարումը սկսվում է արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման պահից և շարունակվում է մինչև աշխատանքների լրիվ ավարտը:

8. Ղեկավարող մարմինների գործունեությունը հիմնվում է արտակարգ իրավիճակների վերաբերյալ մշտական ստացվող տեղեկատվության, փրկարարական աշխատանքների կատարման ընթացքի և արտակարգ իրավիճակների տարածքում տիրող պայմանների վրա:

9. Որոշումներն ընդունվում են քննարկման, մեծ ծավալով ստացված տեղեկատվության ընդհանրացման հիման վրա` հաշվի առնելով մարտավարական առաջադրանքները:

10. Որոշումներ մշակելուց և ընդունելուց հետո փրկարարների առջև դրվում է առաջադրանք, ցույց է տրվում փրկարարական աշխատանքներ անցկացնելու տարածքը, աշխատանքային խմբերը, մասնակիցների կազմը, փոխգործակցության պայմանները:

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ

 

11. Փլատակներում փրկարարական աշխատանքները սկսվում են օբյեկտի հետախուզումով, որի համար անհրաժեշտ է.

1) առանձնացնել արտակարգ իրավիճակի գոտին և որոշել նրա բնույթը.

2) որոշել տուժածների մոտավոր տեղը և նրանց ֆիզիկական վիճակը.

3) գնահատել շինությունների և կոնստրուկցիաների վիճակը արտակարգ իրավիճակի գոտում.

4) որոշել հրդեհավտանգ, պայթյունավտանգ, ռադիոակտիվ ու քիմիական վտանգ պարունակող հնարավոր հատվածները և օբյեկտները.

5) որոշել տուժածներին հասնելու և նրանց տարահանման համար միջանցիկ անցքերի բացման, ինչպես նաև տեխնիկական միջոցների տեղադրման ու օգտագործման հնարավոր հատվածները:

12. Նախօրոք իրականացվում է իրավիճակի ռիսկայնության և փրկարարական աշխատանքների նպաստավոր պայմանների վերլուծություն:

13. Փլուզումներում փրկարարական աշխատանքներ սկսելուց առաջ անհրաժեշտ է.

1) դադարեցնել էլեկտրասնուցումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը.

2) ստուգել մնացած կոնստրուկցիաների, կախված տարրերի, պատերի վիճակը.

3) ստուգել ներքին շինությունները.

4) ստեղծել անվտանգ պայմաններ աշխատանքի համար.

5) որոշել տարահանման ուղիները:

14. Փլատակներում փրկարարական աշխատանքների անցկացման տեխնիկան իր մեջ ներառում է հետևյալ հիմնական փուլերը.

1) Փուլ 1. իրավիճակի ուսումնասիրում և վերլուծություն: Շինությունների և կոնստրուկցիաների կայունության գնահատում: Փրկարարների աշխատանքի համար անվտանգ պայմանների կազմակերպում.

2) Փուլ 2. փլատակների մակերեսին գտնվող տուժածներին օպերատիվ կերպով առաջին բուժօգնության ցուցաբերում.

3) Փուլ 3. տուժածների լիարժեք որոնում` օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները.

4) Փուլ 4. կառույցի մասնակի քանդում` օգտագործելով ծանր տեխնիկա, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար.

5) Փուլ 5. կառույցի ընդհանուր քանդում` բոլոր տուժածներին տարահանելուց հետո:

15. Փլատակներում փրկարարական աշխատանքների կազմակերպման ժամանակ կիրառվում են հետևյալ պայմանական նշանները`

1) ☐- շինությունն անվտանգ է որոնողափրկարարական աշխատանքներ անցկացնելու համար: Վնասվածքներն աննշան են: Հետագա քանդման հավանականությունը քիչ է.

2) Ներմուծեք նկարագրությունը_13482 - շինությունն ունի զգալի վնասվածքներ, որոշ գոտիներ անվտանգ են, մյուսները պահանջում են ամրացում կամ քանդում.

3) ☒- շինությունը վտանգավոր է որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար.

4)  սլաքը քառակուսու կողքին ցույց է տալիս դեպի շինություն անվտանգ մուտքի ուղղությունը:

16. Փլատակներում տուժածների որոնումը իրականացվում է հետևյալ հիմնական միջոցներով` ականատեսների ցուցումներով, փնտրող շների միջոցով, հատուկ որոնող սարքերի միջոցով:

17. Փրկարարական աշխատանքներ անցկացնելիս տուժածների կողմից տրված ձայնային նշաններ ստանալու համար փլատակներում կազմակերպվում է «լռության ժամ», ղեկավարի հրամանով արտակարգ իրավիճակի տարածքում դադարեցվում են բոլոր աշխատանքները, կանգնեցվում է ճանապարհային երթևեկությունը, անջատվում են բոլոր աշխատող մեքենաներն ու մեխանիզմները: «Լռության ժամ»-ի տևողությունը պետք է կազմի 15-20 րոպե: Օրվա ընթացքում «լռության ժամ» կարող է հայտարարվել մի քանի անգամ:

18. Հետախուզական և որոնողական աշխատանքներից հետո մաքրվում են փլատակները, որի համար կիրառվում է երկու մեթոդ` փլատակների մաքրում վերևից և միջանցքների փորում փլատակների մեջ: Միաժամանակ իրականացվում են տուժածների առաջին օգնության և տարահանման աշխատանքները:

19. Փլատակի մաքրումը վերևից իրականացվում է տուժածներին օգնելու համար, որոնք գտնվում են փլատակների վերին մասերում և դեպի նրանց կա ազատ թույլտվություն: Մեծ կամ ծանր առարկաներ բարձրացնելու կամ տեղաշարժելու համար օգտագործվում է փոքր մեխանիզացիա, բարձրացնող, ձգող, կտրող լայնացնող միջոցներ (հիդրավլիկ և մեխանիկական վերամբարձիչներ, ամբարձիչներ, ճախարակներ): Անհրաժեշտ է բացառել փլատակների հանկարծակի տեղաշարժը, որը կարող է լրացուցիչ վնաս պատճառել տուժածներին: Ազատելուց հետո տուժածներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն և տեղափոխում անվտանգ վայր:

20. Միջանցքների փորումը փլատակների մեջ իրականացվում է տուժածներին օգնելու համար, որոնք գտնվում են փլատակների ներքին մասերում: Այդ նպատակով անհրաժեշտ է`

1) բացել հատուկ նեղ միջանցք՝ հաշվի առնելով դեպի տուժողը տանող ամենակարճ ճանապարհը.

2) միջանցքը բացել հորիզոնական, թեք և ուղղահայաց ուղղություններով՝ օպտիմալ լայնությունը` 0,8-0,9 մ, բարձրությունը` 0,9-1,0 մ.

3) միջանցքի բացելու գործընթացը կատարել մի քանի խմբերով (3-4 մարդ)` ձեռքով կամ գործիքներով.

4) քանդել փլատակը, պատրաստել և տեղադրել ամրացնող տարրերը, հեռացնել կրկին առաջացած բեկորները, ապաարգելափակել և փոխադրել տուժածներին.

5) միջանցքով փրկարարների տեղաշարժը կատարել չորեքթաթ, մեջքի վրա պառկած, փորի վրա պառկած կամ կողքանց.

6) խոշոր երկաթբետոնե, մետաղական, փայտյա, աղյուսային կոնստրուկցիաները շրջանցել, իսկ հնարավորության բացակայության դեպքում քանդել կամ անցք բացել դրանց մեջ.

7) միջանցքի պատերը հուսալի ամրացնել` օգտագործելով նախօրոք պատրաստված գործիքներ և նյութեր, բացառելու փլատակների հետագա փլուզումը, միջանցքների փորման և օգտագործման ընթացքում արգելել մարդկանց և տեխնիկայի շարժումը փլատակների վերին մասում.

8) կայունացնել անկայուն կոնստրուկցիաները ամրակապման միջոցով:

21. Փրկարարը տուժածին հայտնաբերելով`

1) որոշում է տուժածի վիճակը և նրա վնասվածքի աստիճանը.

2) ցուցաբերում է համապատասխան բուժօգնություն.

3) մաքրում է բերանը և քիթը.

4) ընտրում է տուժածին ազատելու ձևը և փոխադրումը:

22. Տուժածին փլատակներից պետք է ազատել նվազագույնը երկու փրկարարներով: Հնարավորության բացակայության դեպքում տուժածին պետք է դուրս քաշել ձեռքերից, վերին ուսագոտուց կամ ձեռքերը անցկացնել ուսագոտու և իրանի տակից:

23. Փլատակի մեծ և ծանր կոնստրուկցիայի տակ գտնվող տուժածին պետք է ազատել ընդարձակիչ, ամբարձիչ, վերամբարձիչ տեխնիկայի միջոցով: Գետնին սեղմված տուժածին ազատել թունել փորելով:

24. Պետք է իմանալ սեղմումը սկսվելու ճիշտ ժամանակը՝ երկու ժամվա ընթացքում այդ վնասվածքի հետևանքները վտանգավոր չեն մարդու համար:

25. Մասնակի քանդված շենք-շինությունները պետք է ամրացնել հատուկ հարմարանքներով կամ քանդել: Քանդումը իրականացվում է 3 հիմնական միջոցներով` օգտագործելով.

1) գունդ-մուրճեր.

2) քաշող սարքեր (ճախարակ, տրակտոր, մեքենաներ).

3) պայթյուն.

4) փոքր մեխանիզացիայի միջոցներ:

26. Պայթեցման աշխատանքները իրականացվում են սակրավորական խմբերի միջոցով: Այդ աշխատանքներն անցկացնելիս պետք է ապահովել համապատասխան անվտանգության տարածքը:

27. Մարդկանց թաքստոցներից դուրս բերելու համար փրկարարների խնդիրն է հանդիսանում.

1) փնտրել փլված թաքստոցներ.

2) պարզաբանել իրավիճակը թաքստոցի ներսում՝ մարդկանց քանակը, վիճակը, թաքստոցի վնասվածության աստիճանը, ջրի, սննդի և դեղորայքի քանակությունը.

3) կազմակերպել դեպի թաքստոց օդի, ջրի, սննդի, դեղորայքի, պաշտպանիչ միջոցների մատակարարումը.

4) բացել թաքստոցները, տուժածներին տարհանել և ցուցաբերել օգնություն.

5) տուժածների հետ հաստատել կապ (ձայնով, թակելով, ռադիո կամ հեռախոսային կապով).

6) մաքրել և ազատել դռների, դիտահորերի, օդապարիսպային խողովակների գտնվելու տեղերը.

7) բացվածքներ անել պատի կամ թաքստոցի վրա օդ, ջուր, սնունդ, դեղորայք տալու համար.

8) բացվածքները ընդարձակելուց հետո տարհանել մարդկանց:

:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2024, թիվ 13-Ն 19.10.2024, N 1061-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան