Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.05.2017-27.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.94
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10504050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 փետրվարի 2004 թ.
ք. Երևան 

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել.

ա) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),

բ) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

 

Հավելված N 1

 


Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի բույսեր և սնկեր) բույսերի Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից հանելու շարունակական գործընթացների նախապատրաստման և վարման կարգը:

(1-ին կետը փոփ. 10.09.13 N 215-Ն)

1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է բույսերի և սնկերի տեսակներն ու ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը

(1.1-ին կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

2. Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

3. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճող վայրի բույսերի և սնկերի քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ:

(3-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն բույսերի Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և սնկերի սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ:

(3.1-ին կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:

5. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:

(5-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

6. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների, ենթատեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:

(6-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

7. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների,ենթատեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելը իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

(7-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը:

(9-րդ կետը խմբ. 10.09.13 N 215-Ն, փոփ. 05.05.17 N 120-Ն)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:

12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները Կարմիր Գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու նպատակով:

(13-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 215-Ն)

14. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա) գիտահետազոտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների քննարկում,

բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,

գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների ճշգրտում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,

դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:

(14-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 215-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:

18. Հանձնաժողովը կազմվում է 15 անդամից:

(18-րդ կետը փոփ. 05.05.17 N 120-Ն)

19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

20. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում նոր տեսակների, ենթատեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

(20-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին և սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը:

(21-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.09.13 N 215-Ն, փոփ. 05.05.17 N 120-Ն)

 

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 05.05.17 N 120-Ն)

 

Ա. Մինասյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ),
 Ս. Պապյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ),
 Խ. Հակոբյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ,
 Ա. Թարզյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ,
 Գ. Մանուչարյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար),
 Ո. Գրիգորյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության քաղաքականության բաժնի պետ,
 Հ. Ղալաչյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Ժ. Վարդանյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
 Գ. Ֆայվուշ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,
 Մ. Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,
 Տ. Դանիելյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Ա. Ներսիսյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Ս. Նանագյուլյան Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
 Ա. Պողոսյան Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
 Կ. Մանվելյան Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

 

 

(հավելվածը խմբ. 02.10.07 N 315-Ն, 10.09.13 N 215-Ն, փոփ. 14.07.14 N 182-Ն, խմբ. 05.05.17 N 120-Ն)