Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.20/11(580) Հոդ.136
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏ

 

27 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավորների ժանտախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ի. Կարապետյան

 

 

 

Հավելված
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2017 թվականի փետրվարի 27-ի
N 45-Ն հրամանի


Հ Ր Ա Հ Ա Ն Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանր եղջերավորների ժանտախտը (այսուհետ հիվանդություն)՝ պեստիս օվիում էտ կապրարում (Pestis ovium et caprarum,) պլագուէ օֆ շիփ էնդ քոթսը (Plague of sheeps and goats), օվին ռինդերփեստը (Ovine rinderpest) մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարումներով, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով: Հիվանդության պատճառած տնտեսական վնասը առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից, ինչպես նաև հակաժանտախտային կարանտինային միջոցառումների իրականացումից: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:

2. Հիվանդությունը առաջին անգամ բնութագրվել է Աֆրիկայում 1940 թվականին, սակայն կլինիկական նշանների, հարուցչի ձևաբանության ընդհանրություններով բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդություն: Հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները 1980 թվականին Նիգերիայում /Արևմտյան Աֆրիկա/ կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն:

3. Հիվանդության հարուցիչը պատկանում է ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) պարունակող պարամիքսովիրիդե (Paramixoviridae) ընտանիքին, մորբիլի վիրուս (Morbilli virus) վիրուսների ցեղին: Նա իր ձևով կարող է լինել օվալ կամ կլոր: Չափերը հասնում են 500-700 նանոմետրի:

4. Վարակված կենդանիների օրգանիզմում ժանտախտի հարուցիչը տեղակայվում է արյան մեջ, ավշային հանգույցներում, պարենխիմատոզ օրգաններում, ներզատուկներում և արտազատուկներում:

5. Հարուցիչը 600 C տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում, իսկ սենյակային ջերմաստիճանում 3-4 օրում: Ցածր ջերմաստիճանների՝ -200 C-ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս, իսկ թթվածնի բացակայության պայմաններում՝ 1,5 տարի: 25-300 C ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ, իսկ ոսկրածուծում՝ 30 օր: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ: Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:

6. Հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազում, քթից լորձային կամ թարախային հոսք տհաճ հոտով, ջերմաստիճանի բարձրացում 41-42.50 C, որից հետո նկատվում է լարինգոֆարինգիտ, թարախային, արյունային լուծ: Արձանագրվում է դժվար շնչառություն, շնչահեղձություն, սուր թոքաբորբ:

7. Հիվանդությունը ըստ ընթացքի լինում է սուր և ենթասուր, ինկուբացիոն շրջանը տևում է 21 օր, որը կախված է վիրուսի ախտածնությունից և օրգանիզմ թափանցած քանակից`

1) սուր ընթացքի դեպքում՝ սկզբում կենդանին անհանգիստ է, հետո գրանցվում է ընդհանուր ընկճվածություն, հրաժարվում է կերից, քթային հայելին չորանում է, լորձաթաղանթների վրա առաջանում են մեռուկացած բշտեր, որոնք հետագայում վերածվում են խոցերի: Քթից և բերանից հոսում է թարախային տհաճ հոտով լորձաշճային հեղուկ.

2) ենթասուր ընթացքի դեպքում՝ հիվանդությունը զարգանում է դանդաղ, վարակումից հետո 5-10-րդ օրը բարձրանում է կենդանու ջերմաստիճանը: Կենդանին թեթևակի ընկճվում է և քթից, բերանից հոսում է լորձաշճային հեղուկ: Կլինիկական նշանները արտահայտվում են հիվանդության 15-18-րդ օրը, արձանագրվում է թոքաբորբ և ստամոքս-աղիքային համակարգի ախտահարումներ, կենդանին անկում է 2-3 շաբաթվա ընթացքում: Առողջացման դեպքում հիվանդության նշանները անցնում են, լորձաթաղանթի խոցերը սպիանում են և կենդանին աստիճանաբար ապաքինվում է:

8. Հիվանդության վիրուսը քայքայում է շնչառական և մարսողական ուղիների լորձաթաղանթների էպիթելային բջիջները, ախտածին ազդեցություն է թողնում լիմֆատիկ հյուսվածքների վրա, ախտահարվում են նաև քթի, հեշտոցի, աչքերի լորձաթաղանթները, որոնք դրսևորվում են թարախային բորբոքումներով, նկատվում է շնչառության և սրտի աշխատանքի արագացում, առանձին մկանախմբերի կծկումներ, արտաթորված կղանքը պատված է լորձաթաղանթով, որին հաջորդում է ժանտախտին բնորոշ լուծը, հաճախ արյունային, երբեմն խառնված թարախով և մեռած էպիթելային հյուսվածքի հետ, արձանագրվում է սուր թոքաբորբ:

9. Հիվանդությունը ախտորոշվում է համաճարակաբանական տվյալների, կլինիկական նշանների, ախտաբանաանատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

10. Մանր եղջերավորների ժանտախտը տարբերվում է դաբաղից, վիրուսային դիարեայից, պաստերելյոզից, կոկցիդիոզից և արյան պարազիտային հիվանդություններից իր ընթացքով և կլինիկական բնորոշ նշանների դրսևորմամբ, ինչպես նաև կղանքի և արյան մանրադիտակային հետազոտման արդյունքներով:

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

11. Հիվանդության նկատմամբ ապահով է համարվում այն մարզը, տարածքը, անասնապահական տնտեսությունը, համայնքը՝ հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, հողահատվածներով, հանդամասերով և այլ օբյեկտներով (այսուհետ՝ ապահով կետ), որտեղ վերջին 2 տարում չի ախտորոշվել հիվանդությունը:

12. Անապահով երկրի սահմանակից տարածքից ապահով կետ հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով անասնապահությամբ զբաղվող անձինք պահպանում են հետևյալ պահանջները՝

1) ստեղծվում է անասնազերծ գոտիներ /մինչև 5 կմ/, հիվանդ ու առողջ կենդանիների համատեղ պահվածքի բացառման նպատակով.

2) զգայունակ կենդանիները չեն արածեցվում սահմանամերձ վայրերում.

3) հաշվառվում են հիվանդության նկատմամբ զգայունակ կենդանիները և պատվաստվում հակաժանտախտային պատվաստանյութով.

4) նոր ձեռք բերված կենդանիները 21 օր ենթարկվում են կանխարգելիչ կարանտինային պահվածքի:

13. Անասնապահական տնտեսություններում կենդանիների պահվածքի նկատմամբ անասնաբուժական ծառայությունն իրականացնում է անասնաբուժասանիտարական հսկողություն:

14. Հիվանդության կասկածի դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ լիազոր մարմին) հիվանդության հնարավոր բռնկման վայրում և հարակից տարածքներում՝ այդ թվում համայնքներում, իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում (մոնիթորինգ)` իրավիճակի գնահատման նպատակով:

15. Անասնաբուժական ծառայություն մատուցողը զննում և ջերմաչափում է վարակի մեջ կասկածվող կենդանիներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով արցունքահոսությանը, քթի արտազատուկին (լորձային կամ թարախային), բերանի խոռոչից արտազատվող հեղուկին, աչքերի, կոպերի, ակնագնդի, եղջերաթաղանթի ախտանշաններին, շնչառությանը, մաշկի վիճակին, վերջավորությունների ենթամաշկային բշտերի ձևին, բերանի, քթի և հեշտոցի լորձաթաղանթների փոփոխություններին ու բշտերի առկայությանը, կաթնագեղձի վիճակին:

16. Նախնական ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով անկած կենդանիների փայծաղից, թոքերից, աղիների լորձաթաղանթից վերցվում է 5-10 գրամ ախտաբանական նյութ, իսկ կենդանի կենդանիներից՝ բերանի, քթի լորձաթաղանթներից, աչքի եղջերաթաղանթից քսուքներ, արյուն, որոնք ուղարկվում են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն /այսուհետ՝ լաբորատորիա/ լաբորատոր ախտորոշման համար:

17. Քայքայման նշաններ չունեցող ախտաբանական նյութը տեղափոխվում է պտտվող և հարթ կափարիչով փակվող սրվակներով՝ սառեցված վիճակում, իսկ սառեցման հնարավորություն չլինելու դեպքում ավելացվում է պահածոյացնող հեղուկ:

18. Ախտաբանական նյութով սրվակները հերմետիկ փակվում են, պիտակավորվում, որի վրա նշվում է ախտաբանական նյութի անունը, զանգվածը, պահածոյացնող նյութը, վերցման ժամանակը և ուղարկողի հասցեն: Սրվակները տեղադրվում են սառույցով կամ սառեցվող հատուկ տարայի մեջ, որը կնքվում և տեղափոխվում է լաբորատորիա՝ 48 ժամվա ընթացքում:

19. Լաբորատոր հետազոտության ներկայացվող ախտաբանական նյութի ուղեկցող փաստաթղթում նշվում է հիվանդության նկատմամբ զգայունակ կենդանիների գլխաքանակը, առաջին ախտանշաններ ի հայտ գալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված հակաժանտախտային պատվաստանյութի տեսակը /կենդանի, ապաակտիվացված/, հիվանդ և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական բնորոշ նշանների և ընթացքի մասին:

20. Հիվանդության իմունականխարգելման նպատակով մանր եղջերավոր կենդանիներին պատվաստում են հակաժանտախտային պատվաստանյութով: Հասակավոր կենդանիների մոտ իմունիտետն առաջանում է պատվաստանյութի ներարկումից 14 օր անց և տևում է 1 տարի, իսկ մատղաշի մոտ կրկնակի ներարկման դեպքում՝ մինչև 6 ամիս:

21. Պատվաստված կենդանիների մոտ իրականացվում է հետպատվաստային վարակամերժության մակարդակի հսկողություն:

22. Նոր կենդանիների մուտքը ապահով կետ, ինչպես նաև ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է միայն հիվանդության նկատմամբ ապահով երկրներից ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի առկայությամբ՝ կենդանու առողջ և/կամ պատվաստված լինելու հավաստմամբ:

 

III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԿԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

23. Հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը՝

1) իրականացնում է անասնահամաճարակային իրավիճակի մշտադիտարկում և հիվանդության տարածման պատճառների վերլուծություն.

2) առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին՝

ա. սահմանելու անապահով կետի սահմանները.

բ. անապահով կետում կիրառելու սահմանափակումներ:

24. Անապահով կետ է համարվում հիվանդության ախտորոշումը լիազոր մարմնի կողմից հաստատելուց հետո տվյալ տարածքը, տնտեսությունը, համայնքը կամ մարզը՝ շենքերով և նրանց հարակից արոտավայրերով, ջրամբարներով, կենդանիների տեղափոխման ուղիների որոշակի հատվածներով:

 25. Անապահով կետում օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող սահմանափակումներն են.

1) առանց սպասարկող անասնաբույժի ցուցման՝ անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս կենդանիների վերախմբավորումը.

2) հիվանդ և առողջ կենդանիների համատեղ պահվածքը և արածեցումը.

3) բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում թռչունների տեղափոխումը.

4) հիվանդության հարուցչով ախտահարված կենդանական և բուսական ծագման մթերքի, հումքի, կերի տեղափոխումը, ինչպես նաև գույքի, խնամքի առարկաների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների դուրսբերումը.

5) կողմնակի անձանց մուտքը անասնաշենքեր ու շինություններ, տարածքներ, բացառությամբ խնամող անձնակազմի.

6) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի և կերերի վաճառքը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպումը, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ.

7) բնական եղանակով բեղմնավորումը:

26. Վարակի տարածումը կանխելու նպատակով անասնաբուժական ծառայությունը իրականացնում է հսկողություն կենդանիների տեղափոխման, սպանդանոցների, կենդանական ծագման մթերքի և հումքի վերամշակման արտադրամասերի նկատմամբ:

27. Անապահով կետի հիվանդ կամ հնարավոր վարակակիր կենդանիները սեզոնային արոտավայրեր չեն տեղափոխվում:

28. Անապահով կետի բոլոր տեսակի կենդանիները տեղափոխվում են մսուրային պահվածքի:

29. Անապահով կետում հիվանդության հարուցչով ախտահարված բուսական ծագման հատիկային և այլ կերերը, օգտագործվում են միայն հակաժանտախտային պատվաստանյութով պատվաստված կենդանիների կերակրման համար:

30. Անապահով կետում անասնապահությամբ զբաղվող անձինք ապահովում են հետևյալ միջոցառումների կատարումը՝

1) անասնաշենքերի ախտահանություն, որի համար կարող է օգտագործվել կծու նատրիումի 3%-ոց տաք լուծույթ կամ այլ արդյունավետ միջոցներ: Ախտահանիչ լուծույթով երեք անգամ ցողարկվում են բոլոր մակերեսները՝ 1մ2 մակերեսի համար ծախսելով 0.5-1լ: Վերջին ցողարկումից հետո անասնաշենքը 24 ժամ փակվում է, որից հետո օդափոխվում, կերամանները և ջրամանները լվացվում են հոսող ջրով.

2) հիվանդ կենդանիների և նրանցից ստացված կենդանական ծագման մթերքի, հումքի տեղափոխման համար օգտագործված տրանսպորտային միջոցները ախտահանվում են այդ նպատակի համար կահավորված հարթակներում կամ ախտահանիչ խցերում ֆորմալդեհիդի 2%-անոց լուծույթով կամ այլ արդյունավետ միջոցներով.

3) անկած կենդանու հետ շփված հողը ցողարկվում է 5% ակտիվ քլոր պարունակող քլորակրով՝ 1մ2 հողի մակերեսի համար ծախսելով 10 լիտր լուծույթ, որից հետո հողը փորվում է 20-25 սմ խորությամբ և խառնվում 25-28% ակտիվ քլոր պարունակող չոր քլորակրի հետ՝ 3 մաս հողին 1 մաս քլորակրի հաշվով, այնուհետև հողը ցողարկվում է ջրով, բացի քլորակրից, կարող են կիրառվել նաև այլ արդյունավետ միջոցներ.

4) կենդանիներին խնամող անձնակազմի արտահագուստը, կենդանիների խնամքի առարկաները, վարակազերծման համար, ընկղմվում են 4 ժամ տևողությամբ, 1%-ոց քլորամինի կամ 4%-ոց ֆորմալդեհիդի լուծույթում կամ եռացվում են 90 րոպե կալցիումացված սոդայի 2%-ոց լուծույթում, այս նպատակով կիրառելի են այլ միջոցներ.

5) հիվանդ կենդանիների գոմաղբը, արտաթորանքներից աղտոտված ցամքարը և կերի մնացորդները այրվում են, իսկ գոմաղբի տարաներում կուտակված հեղուկ գոմաղբի ախտահանման նպատակով 20 լիտր հեղուկ գոմաղբին խառնվում է 1 կգ, ոչ պակաս 25% ակտիվ քլոր պարունակող չոր քլորակիր, այս նպատակի համար կարող են կիրառվել արդյունավետ այլ միջոցներ.

6) անկած կենդանիների դիակները չեն թաղվում, այլ այրվում են.

7) ապահով կետում հիվանդության դեպք արձանագրվելիս, հիվանդ կենդանիներին լիազոր մարմնի գիտությամբ և անասնապահական տնտեսության կամ համայնքի անասնաբույժի հսկողությամբ անարյուն եղանակով ոչնչացվում են, իսկ դիակները՝ այրվում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, իսկ հարակից տարածքի տնտեսություններում, որտեղ հիվանդության դեպք չի արձանագրվել և չկա հիվանդության կլինիկական նշաններով կենդանիներ, կարող է կատարվել պատվաստում, եթե գլխաքանակը սույն հրահանգի 12-րդ կետի 3) ենթակետի համաձայն չի պատվաստվել կամ պատվաստումից հետո անցել է 20-րդ կետով սահմանված պատվաստման ժամկետը:

31. Հիվանդության դեմ պայքարի միջոցառումներից հետո, անապահով կետը համարվում է առողջացած և հանվում են անապահով կետի սահմանափակումները, եթե՝

1) հիվանդության վերջին դեպքից` կենդանիների անկումից կամ հիվանդացությունից կամ առողջացումից հետո իրականացվել է եզրափակիչ ախտահանություն.

2) եզրափակիչ ախտահանությունից 21 օր հետո կենդանիների հիվանդացության նոր դեպք չի արձանագրվում.

3) կենսաբանական փորձի արդյունքում կենդանիների հիվանդացության դեպք չի արձանագրվել:

32. Եզրափակիչ ախտահանությունից 21 օր հետո և/կամ կենսաբանական փորձի արդյունքում կենդանիների հիվանդացության արձանագրման դեպքում իրականացվում են 29-րդ կետի 7-րդ ենթակետով նշված գործողությունները, որից հետո կրկին կատարվում է եզրափակիչ ախտահանություն և կենսաբանական փորձ՝ մինչև ստացվի բացասական արդյունք (կենսաբանական փորձով վարակված կենդանիները չեն հիվանդանում), այնուհետև տնտեսությունը համարվում է առողջացած: