Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.07.2017-11.02.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հոդ.104.9
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 77-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

1. Հաստատել՝

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի  նոյեմբերի 28-ի

N 77-Ն հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ):

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է տվյալ գործունեության իրականացման համար լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է տարածքային սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, անկախ մինչ այդ կատարված տեղամասային կցումներից: Այն դեպքերում, երբ հղին ներկայացնում է քաղվածք իր բնակության վայրում հաշվառված չլինելու մասին կամ ուղեգրվում է որպես ռիսկի խմբի հղի, հսկողությունն իրականացվում է անվճար:

5. Այն դեպքերում, երբ կինը բնակվում է տվյալ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության սպասարկման տարածքում, սակայն ընտրում է մեկ այլ բժշկական կազմակերպության տարածքում ընդգրկված կանանց կոնսուլտացիա, ապա պետք է իր բնակության տարածքային բժշկական կազմակերպությունից ներկայացնի քաղվածք այն մասին, որ ինքը հաշվառված չէ այնտեղ և/կամ որպես հղի հսկողության տակ չի գտնվում, կամ էլ դուրս է եկել հաշվառումից: Սույն քաղվածքը տարածքային բժշկական կազմակերպության կողմից տրվում է անվճար:

6. Այն դեպքում, երբ հղին հաշվառման է վերցվում ոչ իր բնակության վայրի տարածքային բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից, ապա վերջինս պարտավոր է ապահովել հղիի նախածննդյան հսկողության իրականացումը` պատշաճ մակարդակով և որակով` սույն չափորոշիչով ամրագրված ծավալներին համապատասխան, ներառյալ պատրոնաժի իրականացումը:

7. Անվճար նախածննդյան հսկողության իր իրավունքի մասին նախապես տեղեկացված լինելու պարագայում, հղիի կողմից, իր բնակության վայրի բժշկական կազմակերպությունում հաշվառված չլինելու վերաբերյալ քաղվածք չներկայացնելու դեպքում, նախածննդյան հսկողությունը այլ բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից իրականացվում է վճարովի, անկախ բնակության վայրից:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է տարածքային սկզբունքով` ըստ բնակության վայրի: Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված բժշկական օգնության ու սպասարկման հավասար իրավունքներից:

9. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում՝ նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:

10. Մանկաբարձագինեկոլոգիական տեղամասի կողմից սպասարկման համար սահմանվող նորմատիվներ են`

1) Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեկ մանկաբարձագինեկոլոգիական տեղամասը` սպասարկումը մեկ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կազմվում է 3300 կնոջ հաշվով (երեք թերապևտիկ տեղամասին համապատասխան), իսկ հանրապետության այլ վայրերում` 3700 կնոջ հաշվով (երեք և կես թերապևտիկ տեղամասին համապատասխան): Ընդ որում, սպասարկման տարածքի կանանց առավելագույն թվաքանակը կազմում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում` 4000 կին, հանրապետության այլ վայրերում` 4 600:

2) Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեկ մանկաբարձագինեկոլոգիական տեղամասը` սպասարկումը մեկ մանկաբարձուհու կողմից կազմվում է 3 300 կնոջ հաշվով (երեք թերապևտիկ տեղամասին համապատասխան), իսկ հանրապետության այլ վայրերում` 2100 կնոջ հաշվով (երկու թերապևտիկ տեղամասին համապատասխան): Ընդ որում, սպասարկման տարածքի կանանց առավելագույն թվաքանակը կազմում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում` 4000 կին, հանրապետության այլ վայրերում` 2800 կին:

3) Կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից միաժամանակ սպասարկվող (ամսական միջին) հղիների օպտիմալ թիվը կազմում է 60, իսկ առավելագույնը 80:

4) Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան հսկողության իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը կազմում է 30, իսկ առավելագույնը 40:

11. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է.

1) տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իրականացվող հղիների, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողության ամբողջ ծավալը` համաձայն սույն հրամանի հավելվածի 6-րդ գլխի 42 կետի և Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն.

ա. Մարդու իմունային անբավարարության վիրուս վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն.

բ. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը` համաձայն սույն հրամանի հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ գլուխների.

գ. տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ հղիներին նեղ մասնագետների կողմից բժշկական օգնության ու սպասարկման ցուցաբերումը՝ առանց մասնագետների սահմանափակման, ինչպես տվյալ հաստատության, այնպես էլ նեղ մասնագիտացված հիվանդանոցների մասնագետների կողմից.

դ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը հղիների նախածննդյան հսկողության ընթացքում` առանց ծավալների սահմանափակման՝ բժշկական ցուցումների առկայության դեպքում.

ե. հետծննդյան հսկողության տրամադրումը (ծննդաբերությունից հետո հետծննդյան 42 օրերի ընթացքում):

2) Դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատում, հեմոգլոբինի որոշում, որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն և անհրաժեշտ այլ հետազոտությունների իրականացում բժշկական ցուցումների առկայության դեպքում առանց ծավալների սահմանափակման ու հայտնաբերված հիվանդությունների բուժում.

ա. իրականացված աշխատանքի և հայտնաբերված ախտաբանությունների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն.

բ. ախտաբանությունների հայտնաբերման դեպքում մինչև 18 տարեկան աղջնակների դիսպանսերային հսկողությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն` Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից:

3) Տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի, այլ մասնագետների կողմից բժշկական ցուցումների առկայության դեպքում` գինեկոլոգիական հիվանդների անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ցանկի համաձայն, անկախ բնակավայրից ու քաղաքացիությունից:

4) Կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, կանխարգելիչ հետազոտումն ու բուժումը առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

5) Պտղաբերության կարգավորման, սեռավարակների և անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կանանց խորհրդատվության տրամադրում, բեղմնականխման ժամանակակից միջոցներով ապահովում:

6) Տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում՝ հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն, բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա:

Նորմալ քսուքի դեպքում, 30-60 տարեկան կանանց համար 3 տարին մեկ անգամ ապահովել «կազմակերպված սկրինինգի անցկացում», պարտադիր Պապ քսուքի իրականացումով: Արգանդի վզիկի ախտաբանություն հայտնաբերելիս կանանց վարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն:

7) «Դեռահասներին՝ բարյացակամ» առողջապահական ծառայությունների տրամադրում՝ ըստ բնակության վայրի, վերարտադրողական համակարգի հիվանդությունների, սեռավարակների, վտանգավոր սովորույթների վնասակարության նկատմամբ խորհրդատվության տրամադրում, գաղտնիության և մեկուսիության պայմաններում, ինչպես նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում` հետազոտությունների իրականացում ու հայտնաբերված հիվանդությունների բուժում։

8) Մինչամուսնական խորհրդատվության, իսկ բժշկական ցուցումների դեպքում նաև բժշկագենետիկական, սեռավարակների ախտորոշման և անհրաժեշտ այլ հետազոտությունների կազմակերպում` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար:

9) Նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում:

(11-րդ կետը խմբ. 03.04.17 N 15-Ն)

12. Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում` երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում տեղամասային մանկաբարձ- գինեկոլոգների և երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգների ուղեգրմամբ:

13. Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների հսկողությունը, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, կարող է իրականացվել այլ մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից (Երևան քաղաքում` երրորդ մակարդակի ծննդօգնության հաստատություններ, իսկ Շիրակի մարզում Գյումրու ծննդատուն)` տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 02.03.16 N 08-Ն)

14. Բարձր ռիսկի հղիների հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունը խորհրդատվության ուղեգրված հղիի վերաբերյալ տալիս է եզրակացություն և լրացնում է ուղեգրի հետադարձ կտրոնը, ախտորոշման գրառմամբ և հետագա վարման վերաբերյալ առաջարկություններով: Կտրոնը վերադարձվում է ուղեգրող կազմակերպություն (հղիի հսկողություն իրականացնող կանանց կոնսուլտացիա):

15. Բարձր ռիսկի հղիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, հղիի նախածննդյան հսկողություն ընթացքում, յուրաքանչյուր խորհրդատվական այցից հետո լրացվում է հղիի հետագա վարման անհատական պլան` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ձևի համաձայն, մինչ հաջորդ այցի ժամանակահատվածում ըստ բնակության վայրի նախածննդյան հսկողության շարունակականությունը ապահովելու նպատակով:

16. Այն դեպքերում, երբ հղին նախընտրում է հսկվել միայն բարձր ռիսկի հղիների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից և հրաժարվում է ըստ բնակության վայրի կանանց կոնսուլտացիայի ծառայություններից դուրս գալով իր սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հսկողությունից: Այս դեպքերում մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացության հիման վրա հղին պարտադիր կերպով դուրս է գալիս իր անմիջական սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հաշվառումից:

17. Բարձր ռիսկի հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը, հղիության ախտաբանության և/կամ ծննդաբերության կապակցությամբ ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

18. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր կանանց:

19. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ սահմանված կարգի, նախածննդյան հսկողության, ծննդալուծման և հետծննդյան շրջանում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:

20. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է.

1) միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթներին համապատասխան.

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կնոջ ամուսնությունը գրանցված չէ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմիններում, սակայն առկա են համապատասխան հիմքեր ՔԿԱԳ-ում չգրանցված ամուսնության և Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության վերաբերյալ, ծննդօգնության հետ կապված արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կարող է իրականացվել հիմնադրի (Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուղեգրմամբ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանում մշտապես/փաստացի բնակվող այլ երկրների քաղաքացիների պարագայում, ծննդօգնության հետ կապված արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կարող են անվճար կազմակերպվել հիմնադրի (Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգրի հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հղի կանանց նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:

Ջավախքի բնակիչների նախածննդյան հսկողությունը, Հայաստանի Հանրապետությունում կնոջ բնակության դեպքում` համապատասխան մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության մասին տրված տեղեկանքի հիման վրա` հիմնադրի /Երևանի քաղաքապետարանի/մարզպետարանի կամ ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրմամբ.

5) սույն չափորոշչի 20-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով և 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգիրը կարող է տրամադրվել միանվագ` հղիության նախածննդյան հսկողության, բժշկական ցուցումների դեպքում բժշկական օգնության և սպասարկման (ստացիոնար բուժման անհրաժեշտության յուրաքանչյուր դեպքի ժամանակ տրվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրի պատճենը) և ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման համար: Սույն չափորոշչով սահմանված կարգով տրված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրի առկայության պարագայում, հետագայում Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրամադրվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ հսկվում է հղին:

(20-րդ կետը խմբ., փոփ. 03.04.17 N 15-Ն)

21. Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունը ապահովում է Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրումը հղիության 22 շաբաթական ժամկետում և վերջինիս շրջանառությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

22. Հղիների/ծննդկանների տուբերկուլոզի, այդ թվում՝ կասկածի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ բժշկական կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

 

II. ՀՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

23. Հղիների նախածննդյան հսկողության իրականացնողներն են՝ տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին, ընտանեկան բժիշկը և/կամ վերապատրաստված բուժքույրը, ըստ նրանց համար սույն չափորոշչով սահմանված ծավալների (6-րդ գլուխ, հավելված 1) և մանկաբարձ-գինեկոլոգի կազմած անհատական պլանի:

24. Կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ նախածննդյան հսկողության տակ վերցնելու պարտադիր պայման է համարվում վերջինիս հաշվառման արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի ներկայացնելը:

25. Կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ նախածննդյան հսկողության տակ վերցնելուց հետո լրացվում է «Հղիի և ծննդկանի անհատական քարտը»` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, որի մեջ գրառվում են հղիի նախածննդյան հսկողության բոլոր բժշկական տվյալները (խորհրդատվություններ, հետազոտություններ):

26. Հղիներին՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում են հետազոտությունների և զննումների հետևյալ ծավալները՝

1) այցելություններ մանկաբարձ-գինեկոլոգին, մանկաբարձուհուն կամ վերապատրաստված բուժքրոջը.

ա. նորմալ ընթացող հղիության դեպքում՝ չորսից-վեց այց, իսկ հղիության ախտաբանությունների դեպքում (հիվանդանոցային հետազոտումից և բուժումից զատ)՝ ութ և ավելի այց` ըստ բժշկական ցուցումների: Հղիների նախածննդյան խնամքի կազմակերպման ծավալների, այդ թվում՝ պտղի սրտի անոմալիաների վաղ ախտորոշման և վարման համառոտ գործելակարգի հակիրճ նկարագիրը ներկայացված է սույն հրամանի հավելվածի 6-րդ և 7-րդ գլուխներում.

բ. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում համաձայն սույն հրամանի հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ գլուխների: Այդ նպատակով հղին պետք է կատարի ևս հինգ լրացուցիչ այց մանկաբարձ-գինեկոլոգին` «Մայրության դպրոց» հաճախելու համար.

գ. հղիների նախածննդյան հսկողության ընթացքում հատուկ կարևորվում է հղիության ընթացքում վտանգի նշանների (համաձայն սույն հրամանի հավելվածի 3-րդ գլխի) մասին տեղեկությունների տրամադրումը, որի վերաբերյալ հղիին վարող բուժաշխատողը (մանկաբարձ-գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին) հղիին և նրա ընտանիքի անդամներին պարտադիր ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ.

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների սահմանված ծավալները համաձայն սույն հրամանի հավելվածի 4-րդ գլխի, ապահովվում են բժշկական կազմակերպության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների միջոցով, իսկ բացակայության դեպքում այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով.

3) տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ թերապևտի, ստոմատոլոգի զննումը, իսկ ցուցումների առկայության դեպքում նաև նեղ մասնագետների կողմից հետազոտման ու բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը՝ տարածքային սպասարկման համապատասխան արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում և/կամ դիսպանսերներում.

4) ծննդկանների հսկողության ապահովումը ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու, վերապատրաստված բուժքրոջ կողմից և ըստ բժշկական ցուցումների հետազոտումը և բուժօգնության կազմակերպումը կանանց կոնսուլտացիայում հետծննդյան 42 օրերի ընթացքում.

5) պատրոնաժ աշխատանքների իրականացում մանկաբարձուհու /վերապատրաստված բուժքրոջ/ կողմից հղիի նախածննդյան հսկողության և հետծննդյան 42 օրերի ընթացքում` ըստ հղիի հսկողությունը իրականացնող բժշկի կողմից կազմված անհատական գրաֆիկի կամ հանձնարարականների հիման վրա:

27. Հղիության ախտաբանական ընթացքի դեպքում, ըստ անհրաժեշտության, ապահովվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

28. Հղիների ուղեգրումը համապատասխան բժշկական կազմակերպություններ` հիվանդանոցային բուժման կամ ծննդաբերության, կատարվում է տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ընդ որում հոսպիտալացման հիմք է հանդիսանում համապատասխան ուղեգիրը կամ փոխանակման քարտը, անհետաձգելի դեպքերում` ընդունարանի բժշկի գրառումը կամ շտապ օգնության ուղեգիրը: Նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից մինչև հղիության 30 շաբաթական ժամկետում հղի կնոջ հիվանդանոցային բուժման ուղեգրման դեպքում ուղեգրի հետ պարտադիր է նաև հղիության պատմագրից քաղվածքի տրամադրումը, իսկ 30 շաբաթականից բարձր ժամկետում` նաև փոխանակման քարտի տրամադրումը:

29. Հղիության ախտաբանական ընթացքի և էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում հղիների հետազոտությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովվում է հիվանդանոցային պայմաններում, իսկ առանձին դեպքերում, կախված ախտաբանության բնույթից և ծանրության աստիճանից՝ նաև համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպություններում և ծննդօգնության երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններում:

30. Հղիներին նախածննդյան հսկողության առաջին իսկ այցի ժամանակ տրամադրվում է տեղեկատվություն կանանց կոնսուլտացիայում հսկողության ընթացքում անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրենց իրավունքի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է հղիի հսկողության քարտում, վերջինիս կողմից գրառմամբ և ստորագրությամբ:

31. Հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգը`

1) հղիության 22 շաբաթական ժամկետում կնոջը տրամադրում է Ծննդօգնության պետական հավաստագիր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն: Ծննդօգնության պետական հավաստագրի հետ միասին բժշկական կազմակերպության կողմից հղի կնոջը տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իր իրավունքների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով ահմանված ծավալների համաձայն և Ծննդօգնության պետական հավաստագրի շրջանառության ընթացակարգի վերաբերյալ (տեղեկատվական գրքույկ, բրոշյուր, հուշաթերթ և այլն).

2) հղիության 30 շաբաթական ժամկետում հղիին տրամադրում է փոխանակման քարտ, հղիության ընթացքի վերաբերյալ տվյալների ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ձևի համաձայն և ապահովում սպասվող ծննդաբերության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ.

3) հղիության 30 շաբաթական ժամկետում բոլոր հղի կանանց համար (և՛ աշխատող և՛ չաշխատող) ձևակերպվում է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(31-րդ կետը խմբ. 03.04.17 N 15-Ն)

32. Հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգը/ընտանեկան բժիշկը հղիի/ծննդկանի մոտ տուբերկուլոզի կասկածի դեպքում կազմակերպում է տուբերկուլոզի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

33. Գյուղական բնակավայրերի հղիների «Հղիի և ծննդկանի անհատական քարտը» պահվում է հղիի հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայում: Գյուղական բժշկական կազմակերպությունում կազմվում է «Հղիի և ծննդկանի անհատական քարտի հավելվածը»` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ձևի համաձայն, վերջինս հղի կանանց կոնսուլտացիա պարբերական այցերի ժամանակ լրացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից և վերադարձվում գյուղական բժշկական կազմակերպություն:

 

III. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ

 

34. Հղիության ընթացքում ծագող ախտաբանական վիճակներին հաճախ նախորդում են վտանգի որոշ նշաններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է տրամադրել հղիներին և նրանց ընտանիքի անդամներին.

1) Անհապաղ դիմեք հիվանդանոց, եթե առկա է`

ա. արյունային արտադրություն հեշտոցից

բ. դժվարաշնչություն, շնչարգելություն

գ. հարպտղային ջրերի արտահոսք

դ. ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում

ե. տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն

զ. սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում

է. գիտակցության մթագնում, ցնցումներ

ը. պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն

2) Դիմեք բժշկի խորհրդատվությանը, եթե առկա է`

ա. բարձր ջերմություն

բ. մաշկի մշտական քոր, ցանավորում

գ. սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում

դ. ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում

ե. թուլություն, գրգռվածություն, անքնություն

զ. 6) գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն

է. հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս

ը. լուծ, փորկապություն

թ. առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից

ժ. հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն

ի. շփում վարակիչ հիվանդների հետ:

 

IV. ՀՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

35. Կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը ցածր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում հետևյալն է`

1) արյան ընդհանուր քննություն երեք անգամ (առաջին այցի ժամանակ, 30 շաբաթական ժամկետում և 36-37 շաբաթական ժամկետում), թրոմբոցիտների և մակարդելիության ժամանակի որոշումով.

2) մեզի ընդհանուր հետազոտություն երեք անգամ (առաջին այցի ժամանակ, 30 շաբաթական ժամկետում և 36-37 շաբաթական ժամկետում).

3) արյան բիոքիմիական հետազոտություն երկու անգամ (միզանյութի, գլյուկոզայի, պրոտրոմբինի որոշում).

4) ռեզուս գործոնի պատկանելիության և արյան խմբի որոշում (առաջին այցի ժամանակ), ռեզուս գործոնի բացասական պատկանելիության դեպքում հակառեզուսային հակամարմինների տիտրի որոշում.

5) միկրոպրեպիցիտացիայի կամ Վասերմանի ռեակցիա երկու անգամ (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում).

6) հեշտոցի մաքրության աստիճանի և քսուքի բակտերիոսկոպիկ հետազոտություն (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթականում).

7) նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ ըստ ցուցումների (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա և այլն).

8) գերձայնային հետազոտություն (պտղի ներարգանդային ախտորոշմամբ)՝ 11-14 շաբաթական ժամկետում (հղիի ուշ հաշվառման կանգնելու դեպքում՝ առաջին այցի ժամանակ), հղիության 18-22 շաբաթական ժամկետում և 32-34 շաբաթական ժամկետում.

9) Մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է`

ա. առաջին այցի ժամանակ բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոններից,

բ. կրկնակի հետազոտություն հղիության 30-րդ շաբաթական ժամկետում՝ առավել վտանգի ենթարկվող խմբերի (ԱՎԵԽ) ներկայացուցիչ հանդիսացող (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ), ԱՎԵԽ-ներին պատկանող զուգընկերներ և ՄԻԱՎ վարակ ախտորոշումով զուգընկերներ ունեցող հղիներին,

գ. նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունն անցկացվում են ծննդօգնության ծառայություն դիմելիս, իսկ դրա անհնարինության դեպքում` հետծննդյան շրջանում հնարավորին վաղ ժամկետում:

(35-րդ կետը խմբ. 03.04.17 N 15-Ն, 13.06.17 N 31-Ն)

36. Կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը (ի լրումն սույն հրամանի 36-րդ կարգով սահմանված ծավալի) բարձր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում ըստ բժշկական ցուցումների ներառում է.

1) արյան ընդհանուր քննություն` լեյկոֆորմուլայով.

2) մեզի ցանքս.

3) արյան բիոքիմիական հետազոտություն (կոագուլոգրամա, լյարդի ֆունկցիոնալ պրոբաներ, ռևմոֆակտորներ, կրեատինին, ասպարտատամինոտրանսֆերազա, ալանինամինոտրանսֆերազա ֆերմենտների որոշում).

4) գլյուկոզա տոլերանտության պերօռալ թեստ.

5) անտիռեզուսային հակամարմինների տիտրի որոշում.

6) հեշտոցի պարունակության բակտերիոլոգիական հետազոտություն.

7) պերինատալ (տոքսոպլազմա, կարմրախտ, հերպես, ցիտոմեգալովիրուս, խլամիդիա, ուրեապլազմա և այլ սեռական ճանապարհով փոխանցվող) ինֆեկցիաներ.

8) նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ ըստ ցուցումների (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա և այլն…).

9) պտղի բիոքիմիական հետազոտություն՝ ըստ ցուցումների.

10) դոպլերոֆլյուսոմետրիա.

11) այլ դժվարամատչելի հետազոտություններ` ըստ բժշկական ցուցումների:

37. Կանանց անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտության իրականացում, այդ թվում՝ 30-60 տարեկան, ինչպես նաև առաջին անգամ որևէ գանգատով բուժհաստատություն դիմած կանանց արգանդի պարանոցի օնկոցիտոլոգիական քննություն` Պապ քսուքի և հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական հետազոտության իրականացում: Նորմալ քսուքի դեպքում երեք տարի անց «կազմակերպված սկրինինգի իրականացում», ախտաբանության դեպքում վարումն ըստ ազգային ուղեցույցի:

 

V. ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ, ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

38. Ախտաբանական հղիության, պտղի զարգացման ախտաբանությունների ցանկի մեջ ընդգրկվում են`

1) Հղիություն վիժումային ելքով

ա. բշտիկային զանգված

բ. ինքնաբեր վիժում

գ. սպառնացող վիժում

դ. սկսվող վիժում

ե. ոչ լրիվ վիժում

զ. լրիվ վիժում

2) Արյունահոսություններ հղիության վաղ շրջանում, անհայտ էթիոլոգիայով

3) Չկայացած վիժում

4) Սովորույթային վիժում (իստմիկո-ցերվիկալ անբավարարություն)

5) Արտահիվանդանոցային արհեստական վիժում

6) Բարդություններ` կապված բշտիկային զանգվածի, վիժման և արտարգանդային հղիության հետ

7) Արտարգանդային հղիության բոլոր ձևերը

8) Գերհաս հղիություն

9) Բազմապտուղ հղիություն

10) Գերջրություն

11) Սակավաջրություն

12) Պտղի ոչ ճիշտ դիրք`

 ա. միջաձիգ

 բ. թեք

 գ. անկայուն

 դ. հետույքային առաջադրություն

13) Պտղի սպառնացող վիճակ (հիպօքսիա և այլ)

14) Պտղի ներարգանդային աճի դանդաղում

15) Պտղի ներարգանդային զարգացման արատներ

16) Պտղի ներարգանդային մահ

17) Իզոսերոլոգիական անհամատեղելիություն (ռեզուս գործոնի և խմբային)

18) Մինչծննդաբերական արյունահոսություններ

ա. առաջադիր ընկերքի բոլոր տարատեսակները (արյունահոսությամբ և առանց արյունահոսության)

բ. ցածր տեղակայված ընկերք, անկախ կլինիկական ընթացքից

գ. նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում

դ. մինչծննդաբերական արյունահոսություններ անհայտ էթիոլոգիայի

19) Հիպերտենզիա հղիության ժամանակ

ա. խրոնիկ հիպերտենզիա

բ. տրանզիտոր հիպերտենզիա

գ. պրեէկլամպսիա (թեթև, ծանր)

դ. էկլամպսիա

ե. պրեէկլամպսիա՝ խրոնիկ հիպերտենզիայի ֆոնի վրա

20) Հղիության գեստոզներ (տոքսիկոզներ)`

ա. հղիների անզուսպ փսխումներ

բ. հղիության առաջին կեսի այլ գեստոզներ (տոքսիկոզներ)

21) Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն

22) Հղիություն և վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդություններ

23) Հղիություն և էնդոկրին հիվանդություններ

ա. շաքարային դիաբետ

բ. վահանաձև գեղձի դիսֆունկցիա

գ. ճարպակալում երրորդ-չորրորդ աստիճանի

24) Հղիություն և արյան հիվանդություններ

ա. անեմիաներ

բ. լեյկոզներ

գ. կոագուլոպաթիաներ

25) Հղիություն և էքստրագենիտալ հիվանդություններ

ա. միզուղիների հիվանդություններ

բ. նևրոլոգիական հիվանդություններ

գ. հեպատիտներ

դ. սիրտ-անոթային հիվանդություններ

ե. կոլագենոզներ

զ. երակների վարիկոզ հիվանդություններ (հեշտոցի և շեքի երակների վարիկոզ)

է. ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ

ը. տեսողական և լսողական համակարգի հիվանդություններ

թ. շնչառական համակարգի հիվանդություններ

ժ. հոգեկան հիվանդություններ

ի. ոսկրամկանային համակարգի ախտահարումներ

26) Հղիություն և սեռական օրգանների զարգացման արատներ

ա. երկեղջյուր արգանդ

բ. թամբաձև արգանդ

գ. երկու արգանդ

դ. հեշտոցի խտրոց

27) Հղիություն և սեռական օրգանների նորագոյացություններ

ա. արգանդի միոմա

բ. ձվարանների կիստա և կիստոմա

գ. հղիություն և սեռական օրգանների այլ նորագոյացություններ

28) Ձգձգված մանկաբարձական անամնեզ

ա. վիճակ կեսարյան հատումից հետո

բ. կոնսերվատիվ միոմէկտոմիայից հետո

գ. արգանդի պերֆորացիայից հետո

 

VI. ՀՂԻԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

39. Մանկաբարձուհու կամ որպես մանկաբարձուհի վերապատրաստված բուժքրոջ աշխատանքի ծավալը՝ կանանց կոնսուլտացիաներում (կաբինետներում), գյուղական բժշկական տեղամասերում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում և վերջիններիս բուժակ-մանկաբարձական կետերում ներառում է.

1) հղի կանանց վաղ հայտնաբերում, գրանցում` առաջին այցելության դեպքում ուղեգրում ընտանեկան բժշկին կամ մանկաբարձ-գինեկոլոգին.

2) հղիության ընթացքի հսկողություն, ըստ մանկաբարձ-գինեկոլոգի կազմած գրաֆիկի (միջինում` չորսից-վեց անգամ), այդ թվում՝

ա. անամնեստիկ տվյալների և գանգատների հավաքում.

բ. հղիի ընդհանուր զննում՝ անթրոպոմետրիա (քաշ, հասակ, քաշ-հասակային ինդեքսի հաշվարկում), կրծքագեղձերի զննում, շոշափում.

գ. մանկաբարձական զննում.

դ. որովայնի շրջագծի և արգանդի հատակի բարձրության որոշում.

ե. պտղի սրտի բաբախման լսում.

զ. հղիի զարկերակային ճնշման չափում երկու թևերի վրա.

է. անոթազարկի (պուլս) հաշվում.

3) հղիության սակավարյունությունների կանխարգելման աշխատանքներ.

4) հղիի սոցիալ-հոգեբանական աջակցության իրականացում, քարոզչական աշխատանք հղիի հետ հետևյալ խնդիրների շուրջ՝

ա. առողջ հղիություն

բ. հղիի և ծննդկանի ճիշտ սնուցում

գ. անձնական և սեռական կյանքի հիգիենա

դ. նախապատրաստում կրծքով սնուցմանը

ե. հետծննդյան շրջանի խնամք, պատրոնաժ տնային այց` հետծննդյան 1-ին շաբաթվա ընթացքում.

5) սահմանված ժամկետներում հղիի ուղեգրման ապահովում՝ կանանց կոնսուլտացիաներ (կաբինետներ)՝ մանկաբարձ-գինեկոլոգի զննումների և լաբորատոր հետազոտությունների անցկացման համար.

6) ըստ բժշկական ցուցումների և/կամ բժշկի կողմից կազմված պլանին համապատասխան, պատրոնաժ աշխատանքի իրականացում` հղիների նախածննդյան հսկողության ընթացքում և հետծննդյան շրջանում.

7) հղիության ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, ըստ անհրաժեշտության, հղիին մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն տեղափոխման կազմակերպում` տեղեկացնելով տեղամասային բժշկին և հղիության հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգին.

8) անցանկալի հղիությունների, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման աշխատանքներ (ընտանիքի պլանավորման, նախամենոպաուզային և հետմենոպաուզային շրջանի օստեոպորոզի, սեռավարակների, ուրոգենիտալ խանգարումների, նորագոյացությունների կանխարգելման մատչելի մեթոդների իմացություն և քարոզում).

9) նախամենոպաուզային և հետմենոպաուզային շրջանի ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, բժշկական ցուցումների դեպքում մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության կազմակերպում.

10) Հաշվառման և հաշվետվության աշխատանքների վարում սույն չափորոշչով սահմանված ծավալների և ժամկետների համաձայն, ներառյալ սպասարկման տարածքի տնային այցերը և կանանց թվաքանակի ճշգրտումը/վերահաշվառումը` տարին երկու անգամ:

40. Ընտանեկան բժշկի աշխատանքի ծավալը ներառում է.

1) Հղի կանանց վաղ հայտնաբերում և գրանցում, առաջին այցի ժամանակ ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգին: Հղիի հաջորդ այցերը մանկաբարձ-գինեկոլոգի մոտ կարող են կատարվել առանց ընտանեկան բժշկի ուղեգրման: Ընտանեկան բժիշկն իրականացնում է համապատասխան միջոցառումներ` համաձայն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կազմված հղիի վարման անհատական պլանի` բացառությամբ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների.

2) հղիության ընթացքի հսկողություն, համապատասխան մանկաբարձ-գինեկոլոգի կազմած պլանում նշված միջոցառումների, այդ թվում՝

ա. անամնեստիկ տվյալների և գանգատների հավաքում.

բ. հղիի ընդհանուր զննում՝ անթրոպոմետրիա (քաշ, հասակ, քաշ-հասակային ինդեքսի հաշվարկում), կոնքի չափում, որովայնի շրջագծի և արգանդի հատակի բարձրության որոշում, պտղի սրտի բաբախման լսում.

գ. հղիի զարկերակային ճնշման չափում երկու թևերի վրա.

դ. անոթազարկի (պուլս) հաշվում.

3) հղիության սակավարյունությունների կանխարգելման աշխատանքներ.

4) հղիի սոցիալ-հոգեբանական աջակցության իրականացում, քարոզչական աշխատանք հղիի հետ հետևյալ խնդիրների շուրջ՝

ա. առողջ հղիություն

բ. հղիի և ծննդկանի ճիշտ սնուցում

գ. հղիության և պտղի նորմալ զարգացման նպատակով կարևորագույն միկրոէլեմենտների /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ ստանալու անհրաժեշտության մասին

դ. անձնական և սեռական կյանքի հիգիենա

ե. նախապատրաստում կրծքով սնուցմանը

զ. հետծննդյան շրջանի խնամք.

5) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից նշանակված հղիի վարման անհատական պլանի համաձայն այցելությունների ապահովում կանանց կոնսուլտացիաներ (կաբինետներ)՝ մանկաբարձ-գինեկոլոգի զննումների և լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացման համար.

6) հղիության ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, ըստ անհրաժեշտության, հղիի ուղեգրման կազմակերպում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղեգրում մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն` այդ մասին տեղեկացնելով մանկաբարձ-գինեկոլոգին.

7) ընտանիքի պլանավորման, սեռավարակների, ուռոգենիտալ խանգարումների, օստեոպորոզի, նորագոյացությունների կանխարգելման մատչելի մեթոդների իմացություն և քարոզում, կանխարգելման աշխատանքների կազմակերպում, տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար, սույն չափորոշիչի 11-րդ կետի համաձայն.

8) հաշվառման և հաշվետվության վարում ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ծավալների և ժամկետների:

(40-րդ կետը փոփ. 03.04.17 N 15-Ն)

41. Մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի ծավալը կանանց կոնսուլտացիաներում (կաբինետներում), առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում ներառում է հղիի նախածննդյան հսկողություն, որը կարող է իրականացնել ընտանեկան բժշկի ուղեգրմամբ (դրա անհնարինության դեպքում նաև մանկաբարձուհու ուղեգրմամբ), ինչպես նաև հղի կնոջ անմիջական դիմելու դեպքում.

1) նորմալ և ցածր ռիսկի խմբի հղիների վարում՝

ա. վեց զննում - նորմալ հղիության դեպքում (մինչև 12 շաբաթականը կամ ըստ հայտնաբերման, այնուհետև 16-18, 22-24, 30-32, 34-36, 38-40 շաբաթական ժամկետներում).

բ. ութ և ավելի զննում հղիության ախտաբանական ընթացքի դեպքում (այդ թվում՝ հղիների վեց այցելությունները վերը նշված ժամկետներում, իսկ լրացուցիչ այցերի ժամկետները որոշվում են մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կախված հղիության պաթոլոգիայից).

գ. մանկաբարձուհու /բուժքրոջ/ ընտանեկան բժշկի ներկայացրած հետազոտման տվյալների վերահսկում, անհրաժեշտության դեպքում կրկնում.

դ. հեշտոցային հետազոտություն.

ե. հղիության սակավարյունությունների կանխարգելում և բուժում.

զ. հղիության ընթացքում անհրաժեշտ միկրոէլեմենտներ /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ պարունակող համալիրների նշանակում.

է. ըստ անհրաժեշտության, ռիսկի խմբի հղիների ուղեգրում ստացիոնար բուժման՝ մասնագիտացված կամ նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն.

2) բարձր ռիսկի խմբի հղիների հայտնաբերում և ուղեգրում նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն (երրորդ մակարդակ).

3) լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում` համաձայն սույն հրամանի 4-րդ գլխի:

Այլ հետազոտությունների կազմակերպում, կախված հղիության ախտաբանությունից և ընթացքից (արյան մակարդելիության որոշում, հակառեզուս-հակամարմինների տիտրի որոշում՝ սպասվող ռեզուս գործոնի հակամարտության դեպքում, սեռավարակների ախտորոշում՝ ռիսկի գործոնների առկայության դեպքում և այլն).

4) Թերապևտի (երկու անգամ՝ առաջին այցի ժամանակ և հղիության 30 շաբաթական ժամկետում) և ստոմատոլոգի խորհրդատվության կազմակերպում։

Այլ նեղ մասնագետների խորհրդատվությունների կազմակերպում ըստ անհրաժեշտության.

5) Մանկաբարձ-գինեկոլոգն իրավունք ունի ինքնուրույն հղիին ուղեգրել այլ նեղ մասնագիտական խորհրդատվության, լրացուցիչ ախտորոշիչ հետազոտության և բուժման: Հետադարձ կտրոնը ուղեգրող բժշկին է վերադարձվում հղիի խորհրդատվության կամ բուժման վերջնական արդյունքում.

6) Մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի այլ ծավալներ.

ա. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում.

բ. անցանկալի հղիությունների կանխարգելում (ընտանիքի պլանավորման մեթոդների ուսուցանում, այդ թվում՝ ներարգանդային մեխանիկական միջոցների, ժամանակակից հորմոնալ պրեպարատների և այլ միջոցների կիրառում).

գ. լայն քարոզչական աշխատանք առողջ հղիության և գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ՝

ա. խորհրդատվության ապահովում հղիի ռացիոնալ սնուցման և կրծքով կերակրման հարցերի շուրջ` խորհրդատվության ապահովում սեռավարակների, օստեոպորոզի, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման առումով, ախտաբանական կլիմաքսի բարդությունների կանխարգելում, այդ շրջանի կանանց հսկողություն.

7) Ուռոգենիտալ խանգարումների, օստեոպորոզի, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելում, հետազոտման և բուժման կազմակերպում, ուղեգրում մասնագիտացված հիմնարկներ (3-րդ մակարդակ).

8) նախադաշտանադադարային և հետդաշտանադադարային շրջանի կանանց վարում, ըստ անհրաժեշտության այդ տարիքում օստեոպորոզի և ուռոգենիտալ խանգարումների նշաններով կանանց ուղեգրում ստացիոնար բուժման՝ մասնագիտացված կամ նեղ մասնագիտացված (3-րդ մակարդակ) մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն.

9) լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում` ըստ սահմանված ծավալների.

10) այլ նեղ մասնագետների կոնսուլտացիաների կազմակերպում ըստ անհրաժեշտության.

11) հաշվառման և հաշվետվության վարում, ըստ սահմանված ծավալների և ժամկետների.

12) մասնակցություն պոլիկլինիկայի կողմից կազմակերպվող ազատ այցելության «Բաց դռների օրերին».

13) ըստ ընդունված ծավալների այլ աշխատանքների իրականացում.

14) հղիի իրազեկման ապահովում նախածննդյան հսկողության ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրենց իրավունքի վերաբերյալ (վավերացվում է բժշկական փաստաթղթերում ստորագրությամբ` հաշվառման վերցնելու ժամանակ):

 

VII. ՊՏՂԻ ՍՐՏԻ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱՆԿԱԲԱՐՁ-ԳԻՆԵԿՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

42. Մանկաբարձ-գինեկոլոգի համառոտ գործելակարգը պտղի սրտի անոմալիաների վաղ ախտորոշման և վարման նպատակով ներառում է.

1) Կանանց կոնսուլտացիաներում հղիների նախածննդյան հսկողության ընթացքում պարտադիր է գերձայնային հետազոտության իրականացումը 11-14 շաբաթական ժամկետում, 18-22 շաբաթական ժամկետում և 30 շաբաթական ժամկետում:

2) Պտղի զարգացման արատների գնահատման համար կարևորվում է հատկապես հղի կնոջ գերձայնային հետազոտությունը 18-22 շաբաթական ժամկետում:

3) Պտղի զարգացման արատների, այդ թվում՝ նաև սրտի բնածին արատների (այսուհետ` ՍԲԱ) վաղ հայտնաբերման համար պտղի գերձայնային հետազոտությունից բացի, կարևոր նշանակություն ունի մանկաբարձ- գինեկոլոգի կողմից անամնեստիկ տվյալների մանրակրկիտ հավաքումը և հղիի ռիսկի խմբի որոշումը:

4) Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հանգամանքների վրա.

ա. եթե ընտանիքում կա ՍԲԱ ունեցող մեկ երեխա, մյուս երեխաների մոտ ՍԲԱ-ի հավանականությունը, կախված առաջին երեխայի ՍԲԱ-ի տեսակից, տատանվում է 1.5-5 տոկոսի սահմաններում.

բ. եթե ընտանիքում կա ՍԲԱ-ով երկու երեխա, հավանականությունը արդեն 5-10 տոկոս է.

գ. եթե մայրը ունի ՍԲԱ, սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը միջինում 6.7 տոկոս է.

դ. եթե հայրը ունի ՍԲԱ, սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը միջինում 1,5-3 տոկոս է.

ե. ձախ սրտի օբստրուկցիաներով պայմանավորված ՍԲԱ-ների կրկնման հավանականությունը ավելի բարձր է, քան սրտի մյուս արատների դեպքում.

զ. եթե հաջորդ երեխան նույնպես ծնվում է ՍԲԱ-ով, այդ արատը կարող է լինել այլ տեսակի:

4) Մանկաբարձ-գինեկոլոգը ռիսկի խմբի հղիներին 18-20 շաբաթական ժամկետում պետք է ուղեգրի մանկական սրտաբանի մոտ` պտղի էխոսրտագրություն կատարելու համար:

5) Մանկական սրտաբանի մոտ էխոսրտագրության ուղեգրման ցուցումներն են.

ա. ընտանիքում ՍԲԱ-ի առկայությունը ծնողների մոտ, մեկ կամ ավելի երեխաների մոտ:

բ. Մոր մոտ հետևյալ հիվանդությունների առկայությունը` շաքարային դիաբետ, համակարգային կարմիր գայլախտ, կարմրախտ, ֆենիլկետոնուրիա:

գ. Տերատոգեն գործոնների ռիսկի առկայությունը` հակացնցումային պատրաստուկների օգտագործումը, հակաճնշումային պատրաստուկների օգտագործումը, հակադեպրեսանտների օգտագործումը, հակաբեղմնավորիչ դեղերի կիրառումը, լիթիումի պատրաստուկների կիրառումը, ալկոհոլը:

դ. Հարաբերական ռիսկի գործոնների առկայությունը` նախորդ հղիության բարդությունները (վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ` անհայտ պատճառներով), մեռելածնություններ նախորդ հղիությունների ընթացքում անհայտ պատճառներով, 35 տարեկանից բարձր տարիքը:

6) Մանկաբարձ-գինեկոլոգի գործելակարգային քայլերը`

ա. բացարձակ կամ հարաբերական ռիսկի գործոնների առկայության դեպքում հղին ուղեգրվում է մանկական սրտաբանի մոտ պտղի էխոկարդիոգրաֆիայի նպատակով:

բ. Հղին ուղեգրվում է պտղի պլանային սոնոգրաֆիայի օրգանոգենեզի գնահատման համար` 18-20 շաբաթական գեստացիոն ժամկետում:

գ. Սոնոգրաֆիստի հետազոտության արդյունքում պտղի սրտի անոմալիայի կասկածի դեպքում նույնպես հղին ուղեգրվում է մանկական սրտաբանի մոտ պտղի էխոկարդիոգրաֆիայի:

դ. Մանկական սրտաբանի կողմից սրտի անոմալիայի բացառման դեպքում շարունակվում է հղիի ստանդարտ մանկաբարձական վարումը:

ե. Մանկական սրտաբանի կողմից սրտի անոմալիայի հաստատման դեպքում` հղիի հետ քննարկվում է սրտի անոմալիայի տեսակը և մշակվում է հետագա վարման պլանը: Երկրորդ խմբի անոմալիաների առկայության դեպքում, եթե անոմալիան հայտնաբերվել է մինչև 22 շաբաթական գեստացիոն հասակը, առաջարկվում է ընդհատել հղիությունը: Որոշումը ընդունվում է հղիի կողմից` ընտանիքի, մանկաբարձ-գինեկոլոգի և մանկական սրտաբանի հետ համատեղ քննարկումից հետո:

զ. Հղիության ընդհատման դեպքում պտղի դիահերձումը պարտադիր է կատարել մանկական սրտաբանի ներկայությամբ:

 է. Հղիության պահպանման որոշման դեպքում կամ 22 շաբաթականից ուշ ժամկետում կյանքի հետ անհամատեղելի արատի հայտնաբերման դեպքում` հղիությունը պահպանվում է և կատարվում է ստանդարտ մանկաբարձական վարում:

ը. Սրտի անոմալիաներով պտուղների դեպքում հղիության վարումը ստանդարտ է, միայն անհրաժեշտ է կրկնել ֆետալ էխոկարդիոգրաֆիան որոշ առիթմիաների և անոմալիաների դեպքում` ըստ մանկական սրտաբանի նշանակման:

թ. Անհրաժեշտ է հնարավորինս բացառել վաղաժամ ծննդաբերությունը, քանի որ անհաս նորածնի մոտ ցանկացած բուժական գործողության իրականացումը դառնում է անհնար կամ խիստ սահմանափակ հնարավորությամբ:

ժ. Մանկաբարձ-գինեկոլոգի կողմից հղիի վարման ամբուլատոր քարտում կատարվում է մանրամասն գրառում պտղի մոտ հայտնաբերված սրտի անոմալիայի, տրված խորհուրդների և ընդունված որոշումների մասին, կցվում է մանկական սրտաբանի եզրակացությունը:

ի. Ծննդալուծումը պետք է իրականացվի միայն երրորդ մակարդակի ծննդատներում:

լ. Ծննդալուծման տեսակը որոշվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:

(42-րդ կետը փոփ. 03.04.17 N 15-Ն)

 

 

VIII. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

43. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են կանանց կոնսուլտացիաների մանկաբարձագինեկոլոգիական կաբինետների մանկաբարձ-գինեկոլոգները:

44. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են՝

1) գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը և բուժումը առանց այցելությունների սահմանափակման, համապատասխան ցուցումների առկայության դեպքում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, դեղերի տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն.

2) խրոնիկ գինեկոլոգիական հիվանդների շարունակական հսկողությունը.

3) կանանց անհետաձգելի գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը՝ անկախ բնակության վայրից և քաղաքացիությունից.

4) կանանց վերարտադրողական օրգանների (կրծքագեղձերի և փոքր կոնքի խոռոչի օրգանների հետազոտություն՝ համաձայն սույն չափորոշչի I գլխի 11 կետի 6)-րդ ենթակետի ծավալների.

5) ընտանիքի պլանավորման և հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

6) բժշկական ցուցումների դեպքում հիվանդ կանանց ուղեգրումը հիվանդանոցային բուժման, որի դեպքում պարտադիր է նաև ամբուլատոր քարտից քաղվածքի տրամադրումը:

 

IX. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

45. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշներով`

1) մանկաբարձագինեկոլոգիական տեղամասում հղիների վաղ ընդգրկման տոկոսային ցուցանիշ`

2) սեռավարակների, այդ թվում՝ գոնոռեայի, սիֆիլիսի նկատմամբ հղիների հետազոտման տոկոսային ցուցանիշը

3) բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացվող Մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի վերաբերյալ հղիների հետազոտության և խորհրդատվության տոկոսային ցուցանիշ

4) թերապևտի կողմից հղիների հետազոտման տոկոսային ցուցանիշը

5) մեկ հղիի այցելությունների միջին թիվը ամբողջ հղիության ընթացքում

6) ախտաբանական ընթացքով հղիների տեսակարար կշիռը տեղամասում

7) հոսպիտալիզացիայի դեպքերի ընդհանուր թիվը

8) փաստացի կատարված հետազոտությունների համապատասխանությունը սահմանված ծավալների համեմատությամբ

9) արտահիվանդանոցային և ստացիոնար ախտորոշումների համընկնման տոկոսը

10) մայրական մահացություն /բացարձակ թիվը/

11) պտղի անտենատալ մահ /բացարձակ թիվը/

12) մեռելածնություն /բացարձակ թիվը/

13) վաղաժամ ծննդաբերության տեսակարար կշիռը (տոկոս)

14) հղիների ընդգրկման տոկոսային ցուցանիշը հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքներում

15) հետծննդյան շրջանում ծննդկանների ընդգրկման տոկոսային ցուցանիշը

16) կանանց կոնսուլտացիայի կողմից հաշվառված կանանց կանխարգելիչ զննումների տոկոսային ցուցանիշը

17) 15 տարեկան աղջիկների ընդգրկվածության տոկոսային ցուցանիշը

18) արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգում (Պապ քսուք) կանանց ընդգրկվածության տոկոսային ցուցանիշը:

 

X. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ԾԱՎԱԼՆԵՐ

 

46. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բոլոր մակարդակներում իրականացնում են նաև հետևյալ գործունեությունը՝

1) ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000 որոշմամբ հաստատված մոր և մանկան առողջության պահպանման ազգային ռազմավարությանը համապատասխան ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակներում կանանց առողջության բարելավմանն ուղղված այլ նպատակային ծրագրերի ներդրման աշխատանքներ («Վերարտադրողական առողջության ազգային ծրագիր» և դրանից բխող ենթածրագրեր` «Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման», «Անվտանգ մայրություն/Դարձնենք հղիությունը անվտանգ», «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման», «Դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայություններ», «Ընտանիքի պլանավորման և սեռավարակների կանխարգելման» և այլն).

2) լայն քարոզչական աշխատանք, ուղղված բնակչության բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացմանը՝ առողջության պահպանման, առողջ ապրելակերպի և սնուցման, հիվանդությունների կանխարգելման և այլ հարցերի շուրջ.

3) վերարտադրողական տարիքի կանանց/զույգերին տրամադրում են անհրաժեշտ խորհրդատվություն և տեղեկատվություն` անցանկալի հղիություններից խուսափելու և աբորտների կանխարգելման վերաբերյալ, ըստ անհրաժեշտության ապահովելով ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներով.

4) բժշկական փաստաթղթերի, այդ թվում նաև քաղվածքների ձևակերպում և օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար տրամադրում.

5) հաշվառման վարում և վիճակագրական հաշվետվության ապահովում:

47. Հղիության և ծննդաբերության խնամքի համար անաշխատունակության թերթիկի տրամադրում` հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող առողջապահական կազմակերպության կողմից՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման գլուխ V-ով սահմանված դրույթներով:

(47-րդ կետը փոփ. 03.04.17 N 15-Ն)

48. Անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող կանանց դեղորայքի տրամադում, որն իրականացվում է մանկաբարձ-գինեկոլոգի նշանակմամբ, տարածքային սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն:

49. Հղիների և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, ըստ բժշկական ցուցումների, որի գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն.

1) զինծառայող և նրանց հավասարեցված կանանց և զինծառայողների ընտանիքների անդամ կանանց, ինչպես նաև փրկարար ծառայության կանանց և փրկարար ծառայության ընտանիքների անդամ կանանց դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ըստ բժշկական ցուցումների կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

XI. ՀՂԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

50. Հղիների ֆիզիկահոգեբանական պատրաստումը պետք է սկսել հղի կնոջ կոնսուլտացիա կատարած հենց առաջին այցելությունից և ավարտել հղիության վերջում` հինգից վեց ամփոփիչ պարապմունքների միջոցով:

51. Տվյալ մեթոդի էությունը կայանում է նրանում, որպեսզի ուժեղացվի գլխի մեծ կիսագնդերի կեղևի տոնուսը, II-ային ազդանշանային համակարգն օգտագործելով՝ ստեղծվի նրանում գրգռման դոմինանտ օջախ, որն ընդունակ է ճնշել ցավի զգացողությունը, որը կեղև է գալիս ծայրամասերից (ծննդաբերության ժամանակ արգանդի ու ծննդաբերական ուղիների նյարդային տարրերից): Դոմինանտը նպաստում է բացասական էմոցիաների վերացմանը և դրական պայմանական ռեֆլեկտոր կապերի ստեղծմանը, ծննդաբերության նկատմամբ հղի կնոջ վախի վերացմանը և ծննդաբերության ընթացքին նրա ակտիվ մասնակցությանը:

52. Ֆիզիկահոգեբանական պատրաստման մյուս խնդիրը հղի կնոջը մի շարք հնարքների ուսուցումն է, որի նպատակն է սովորեցնել կնոջը ակտիվ մասնակցել ծննդաբերական ակտին և կանխել կամ վերացնել ցավի զգացողությունը: Ցավազրկող այդ հնարքների ժամանակ ճիշտ շնչառությունը զուգորդվում է մաշկի ցավային զգացողական գոտիների մերսման հետ: Մոր օրգանիզմի միջոցով պտղի վրա ազդելու մյուս արդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն են, որոնք որպես ռեֆլեկտոր ռեակցիաներ անմիջական կապ ունեն ուղեղի գործունեության հետ: Մկանային աշխատանքի և նյարդային համակարգի փոխադարձ կապի հիման վրա, ֆիզիկական վարժություններով հղի կնոջ մոտ մշակվում են կամայական հարմարվողական ռեակցիաներ:

53. Ֆիզիկահոգեբանական պատրաստման ժամանակակից մեթոդը՝ դա հոգեբանության վրա ազդող միջոցների զուգակցումն է՝ ֆիզիկական վարժությունների, ֆիզիկական գործոնների կիրառման, առողջապահական կրթման, հավասարակշռված սնուցման հետ:

54. Հղիների ֆիզիկահոգեբանական պատրաստման ժամանակ չպետք է մոռանալ մեթոդի ամենակարևոր պահանջի մասին՝ փոխել կնոջ վերաբերմունքը ծննդաբերության ժամանակ իր դերի նկատմամբ:

55. Երբեմն բժիշկների կողմից «վախը հանելուն» նվիրվում է մեծ ուշադրություն, այնուհետ ծննդաբերության ժամանակ իր դերի նկատմամբ կնոջ վերաբերմունքի փոփոխմանը պատշաճ ուշադրություն չի հատկացվում: Ընդհանրապես աշխատանք չի տարվում ամուսնու հետ, հղիության և ծննդաբերության ժամանակ կնոջը հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:

56. Բժիշկը առաջին զննման ժամանակ հավաքում է մանրակրկիտ անամնեզ, գնահատում է հղիի ընդհանուր վիճակը, նրա մանկաբարձական ստատուսը, վեր հանում հնարավոր կասկածները և նրանց աղբյուրը:

57. Հղի կնոջ` նման ուշադիր հետազոտումը, մտերմական զրույցը նրա հետ՝ վեր հանելու անամնեստիկ տվյալները, բժշկի քաջալերող տոնը, ստեղծում է գործարար, հաճելի մթնոլորտ, հանգստացնում է հղի կնոջը, ներշնչում հավատ բարեհաջող ելքի նկատմամբ: Հենց առաջին այցելության ժամանակ հղիին տրամադրվում է բավարար տեղեկատվություն մոր և մանկան իրավունքների պահպանման, բարոյական և նյութական աջակցության վերաբերյալ: Հղիի հետ պետք է անցկացնել զրույց, որտեղ մայրությունը լուսաբանվի որպես յուրաքանչյուր կնոջ բարձր և փառավոր պարտականություն, որպես մեծ իրադարձություն նրա անձնական կյանքում: Հետագա այցելությունների ժամանակ մանրամասն վեր են հանվում հղիի սոցիալ-կենցաղային պայմանները, նրա վերաբերմունքը դեպի հղիությունը և գալիք ծննդաբերությունը: Միաժամանակ անց են կացվում կազմակերպչական միջոցառումներ, որոնք պետք է վերացնեն կնոջ մոտ գոյություն ունեցող դժվարությունները:

 

XII. ՀՂԻՆԵՐԻ ՀԵՏ «ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

58. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում են հղիների համար դասընթացներ «Մայրության դպրոցներում»:

Առաջին դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում են համառոտ տեղեկություններ սեռական օրգանների կառուցվածքի և այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում՝ կապված հղիության հետ: Ընդգծվում է հղիության ֆիզիոլոգիական բնույթը: Բժշկական հետազոտման անհրաժեշտությունը: Հղին ուսուցանվում է նաև վտանգի նշանների ու հղիության ախտաբանությունների վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում իր և շրջապատի անելիքների մասին:

59. Առաջին դասընթացի ժամանակ ուսումնասիրվում է հղիության ժամանակ անատոմիական ֆիզիոլոգիական փոփոխությունները մոր օրգանիզմում, որը ներառում է`

1) հակիրճ տեղեկություններ սեռական համակարգի կազմության և գործունեության մասին.

2) կնոջ և տղամարդու սեռական բջիջների մասին.

3) արգանդում պտղի զարգացման մասին, այդ թվում`

ա. բեղմնավորում

բ. հղիության առաջին նշանները

գ. պտղի զարգացումը ըստ հղիության ամիսների, նրա հակազդեցությունը արտաքին միջավայրի գրգռիչներին

դ. պլացենտայի և հարպտղաջրերի դերը պտղի կյանքն ապահովելու գործում

ե. կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունները, հղիության փուլերը.

4) Հղիության ռիսկի գործոնների մասին, այդ թվում`

ա. ինչ են ռիսկի գործոնները.

բ. ծնողների առողջության ազդեցությունը ապագա երեխայի առողջության վրա.

գ. ժառանգականության դերը.

դ. ծնողների կողմից ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործումը` որպես պտղի զարգացման վտանգավոր ռիսկի գործոններ.

ե. անբարենպաստ այլ գործոնների ազդեցությունը պտղի վրա (արտադրական, վարակ, դեղ, ճառագայթ և այլն).

զ. հղիության բարդությունները.

5) Բժշկական հսկողության բովանդակության մասին, որը ներառում է.

ա. հղիի` կանանց կոնսուլտացիա վաղ դիմելու կարևորությունը.

բ. այցերի հաճախականությունը մանկաբարձ-գինեկոլոգի կամ մանկաբարձուհու մոտ.

գ. բժշկական հետազոտությունները պարտադիր ծավալով կատարելու անհրաժեշտությունը հղիության ընթացքում.

դ. ծանոթություն մոր և պտղի հսկողության իրականացման ժամանակակից գործիքային մեթոդների հետ.

ե. հղիների ուսուցում որոշ թեստերին` հղիության զարգացման և պտղի վիճակի գնահատման նպատակով:

60. Երկրորդ դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում է անձնական հիգիենայի, աշխատանքի, ապրելակերպի, ֆիզիկական նախապատրաստման անհրաժեշտության մասին տեղեկություններ: Դասընթացի ժամանակ ուսուցանվում են ֆիզիկական վարժությունների համալիրները կախված հղիության ժամկետից, հղիի վիճակից և հղիության ընթացքի առանձնահատկություններից:

61. Երկրորդ դասընթացի ժամանակ ուսումնասիրվում է հղիության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանումը, մասնավորապես`

1) ապրելակերպը և տրվում են խորհուրդներ վտանգավոր սովորույթներից հրաժարվելու և առողջ ապրելակերպի վերաբերյալ

2) Սնուցումը

3) Անձնական հիգիենա

4) Հիգիենիկ մարմնամարզության դերը հղիության ընթացքում

5) Հղիի հոգեհուզական վիճակի առանձնահատկությունները։

62. Երրորդ դասընթացը նվիրվում է ծննդաբերական պրոցեսի շրջաններին: Այս պարապմունքի ժամանակ բացատրվում է ծննդաբերող կնոջ զգացողությունների մասին, գաղափար է տրվում կծկանքների, նրանց տևողության, պարբերականության մասին, ցույց է տրվում, թե ինչպես պետք է կինը պահի իրեն տանը՝ կծկանքները սկսվելիս: Պարզաբանվում են այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ծննդաբերի սեռական համակարգում ծննդաբերության առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում:

63. Եզրափակիչ մասը նվիրվում է ծննդաբերությանը՝ որպես ֆիզիոլոգիական ակտի նկարագրման:

1) Հիմնավորվում է, որ «ծննդաբերության ղեկավարման համակարգում» առաջատար դերը պատկանում է իրեն՝ ծննդաբերողին: Ընդգծվում է, որ ծննդաբերությունը աշխատանք է և ոչ հիվանդություն, հետևաբար, անհրաժեշտ է պահպանել ուժերը վճռական պահերի համար:

2) Լուսաբանվում է վզիկի բացման պրոցեսը, պտղապարկի և պտղաջրերի դերը: Սովորեցնում են մի շարք հնարքներ, բացատրելով յուրաքանչյուրի նշանակությունը:

3) Հղին ծանոթանում է նշված շրջաններում ծննդաբերության մեխանիզմներին, բնորոշ զգացողություններին և ցավազրկման հնարքներին: Առաջարկվում են ծննդաբերի ռացիոնալ դիրքեր արտամղման շրջանում: Ավանդական՝ մեջքի վրա պառկած վիճակին ալտերնատիվ (այլընտրանքային) առաջարկվում են բազմաթիվ այլ պոզաներ (դիրքեր): Բացատրվում է այդ հնարքների ֆիզիոլոգիական էությունը:

4) Ուսուցանողը նշում է ծննդաբերության ժամանակ ճիշտ սնուցման, միզապարկը հաճախակի դատարկելու նշանակության մասին: Պարապմունքների ժամանակ անալիզի են ենթարկում այն պատճառները, որոնք ներկա գտնվող կրկնածինների մոտ ծննդաբերության ժամանակ պայմանավորել են ցավային զգացողությունները (ցավի նկատմամբ վախը, անհանգիստ վարքը, պտղապարկի ուշ պատռումը, միզապարկի լիքը լինելը): Ընդգծվում է, որ այդ պատճառները հեշտ վերացվող են: Ցույց է տրվում, որ ծննդաբերի անհանգիստ վարքը, ճիչը, տագնապը, դրանց հետ մեկտեղ նաև շնչառության պահումը վտանգավոր են պտղի և արգանդի նորմալ ֆունկցիայի համար:

64. Երրորդ դասընթացի ժամանակ հղին նախապատրաստվում է «առանց վախի» ծննդաբերությանը:

65. Երրորդ դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են.

1) Ծննդաբերության օրացուցային ժամկետները:

2) Ծննդաբերության նախանշանները:

3) Ծննդատուն ընդունվելու նախապատրաստում:

4) Ծննդաբերության փուլերը և դրանց տևողությունը:

5) Վարքը ծննդաբերության ժամանակ:

6) Ծննդաբերությունից հետո առաջին ժամերը: Երեխայի` կրծքին վաղ մոտեցման նշանակությունը ծնարանում:

7) Բուժական մարմնամարզություն հետծննդաբերական շրջանում:

8) Հակաբեղմնավորիչների ընդունում ծննդաբերությունից հետո:

9) Մայրության օրենսդրական իրավունքները:

66. Չորրորդ և հինգերորդ դասընթացները նվիրվում են հետծննդյան շրջանին, նորածնի առողջության պահպանման, կրծքով կերակրման հմտություններին, նորածնի խնամքի սկզբունքների ուսուցմանը:

67. Չորրորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է հետծննդյան շրջանը, երեխայի և մոր խնամքը.

1) հետծննդյան շրջանում կատարվող փոփոխությունները։

2) Հետծննդյան շրջանում որոշ հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոցները:

3) Ծննդկանի անձնական հիգիենան:

4) Հասուն և անհաս նորածնի անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները:

5) Նորածնի հորմոնային կրիզ:

6) Մոր և երեխայի համատեղ կացության նշանակությունը ծննդատանը:

7) Անձնական հիգիենայի պահպանման կանոնները նորածնի հետ շփվելու ժամանակ:

8) Երեխային կրծքին մոտեցնելու տեխնիկան:

9) Խորհուրդներ նորածնի հագուստի վերաբերյալ ծննդատնից դուրսգրման պահին:

10) Պատվաստանյութերի, պատվաստումների և կառավարելի վարակիչ հիվանդությունների մասին ընդհանուր տեղեկատվություն:

68. Հինգերորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է նորածնի խնամքը ընտանիքում.

1) Ընտանիքում երեխայի անկյան նախապատրաստում և հիգիենա:

2) Երեխայի խնամքի առարկաները:

3) Երեխայի խնամքի կանոնները.

ա. երեխայի հարդարանքը, լողացնելը.

բ. մաշկի և պորտի վերքի խնամք.

գ. ազատ բարուրում.

դ. օրվա ռեժիմը:

4) Նորածնի կերակրում.

ա. կրծքով կերակրման դերը երեխայի առողջության ձևավորման համար.

բ. երեխայի հսկողական կշռման դերը կրծքով կերակրման ժամանակ.

գ. երեխայի խմելու հեղուկները.

 դ. արհեստական սնուցում:

5) Վնասակար գործոնների ազդեցության դերը երեխայի առողջության վրա.

ա. Վնասակար սովորությունների արգելում ընտանիքում (ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործում)։

6) Խորհուրդներ և բժշկական խորհրդատվության կատարման ուսուցում.

ա. Նորածնի մերսման ձևերը, մարմնի վարժությունների տարրերը

բ. Մարմնի ջերմաստիճանի չափման տեխնիկան

գ. Մաքրող հոգնայի և գազերի դուրսբերման խողովակի օգտագործում

դ. Ջեռակի օգտագործում, տաքացնող կոմպրեսների կիրառում

ե. Բժշկի նշանակումով դեղեր տալու նախապատրաստումն ու տեխնիկան, ինքնաբուժության վտանգը։

69. Խմբակային պարապմունքների համար սենյակն այնպես պետք է կահավորված լինի, որպեսզի լսողների մոտ առաջացնի հոգեբանական հարմարավետության զգացում: Խորհուրդ է տրվում կահավորել հարմարավետ բազկաթոռներով կամ թախտերով, պատերին կախել նկարներ, աղյուսակներ, ունենալ սլայդոսկոպ, մագնիտոֆոն, հեռուստացույց, տեսանյութեր` երաժշտական հատուկ ծրագրերով և այլն:

70. Նպատակահարմար է ապահովել տեսահոլովակների ինքնուրույն դիտումը հղիների հիգիենայի, ընտանեկան նախապատրաստմանը ծննդաբերությանը, կրծքով կերակրելու, նորածնի խնամքի, ծննդաբերությունից հետո հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ և այլն:

71. Հղիների նախածննդյան դասընթացի ծրագիրը կրծքով սնուցման վերաբերյալ` 28 շաբաթական գեստացիոն հասակից սկսած բոլոր հղիները պետք է նախածննդյան այցերի ժամանակ մասնակցեն կրծքով սնուցման վերաբերյալ դասընթացի՝ կանանց կոնսուլտացիայում կամ առողջ մանկան սենյակ հաճախելիս:

1) Դասընթացը պետք է տեղեկություններ տրամադրի հետևյալ թեմաների վերաբերյալ.

ա. Կրծքով սնուցման առավելությունները:

բ. Մոր և նորածնի հետծննդյան վաղ շփման և կրծքով սնուցման վաղ սկզբի կարևորությունը:

գ. Համատեղ տեղակայման և ըստ պահանջի կերակրման կարևորությունը:

դ. Երեխային կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրելու և մինչև 2 տարեկանը կրծքով սնուցումը շարունակելու կարևորությունը:

ե. Կաթնարտադրության կարգավորումը:

զ. Երեխայի դիրքը կրծքի մոտ:

է. Բավարար կաթնարտադրության ապահովումը:

72. Պետք է իրականացվեն նաև ֆիզիկահոգեբանական պատրաստման անհատական պարապմունքներ: Վերջինիս կարիքը ունեն հղիության բարդ ընթացքով, ծանր սոմատիկ հիվանդություններ ունեցող կանայք, ինչպիսիք են.

1) սիրտանոթային հիվանդություններ,

2) թոքային, երիկամային և այլ համակարգի հիվանդություններ,

3) հղիների պրեէկլամպսիա (հիպերտոնիա, այտուցներ, առաջադիր ընկերք, պտղի ոչ ճիշտ դիրք,

4) նորմալ ընթացող հղիությամբ հղիներ՝ նեղ կոնքերով, հետույքային առաջադրությամբ, բազմապտուղ հղիությամբ, բարդացած մանկաբարձական անամնեզով:

 

XIII. ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՂԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

73. Ֆիզիկական պատրաստումը պետք է իրագործվի հղիության ողջ ընթացքում՝ ֆիզիկական գործոնների, զանազան վարժությունների ռացիոնալ օգտագործման միջոցով, որը կապահովի հղիի ֆիզիկական պատրաստումը, նրա առողջության ամրապնդումը, օրգանիզմի կոփումը, որոշ շարժողական հնարքների, բարոյակամային հատկությունների մշակումը, մկանային համակարգի և շնչառության ղեկավարումը:

74. Հղիների ֆիզկուլտուրան չպետք է սահմանափակվի միայն մարմնամարզության շրջանակներում, այլև պետք է զուգակցվի (առավոտյան վարժություններ, հատուկ մկանների համար առաջարկվող մարմնամարզություն), սպորտի էլեմենտների՝ զբոսանքներ ոտքով ու դահուկների վրա, լող, խաղեր: Ցուցված է օգտագործել բնական գործոնները՝ օդ, արև, լույս, ջուր, պահպանելով հիգիենայի պահանջները՝ անձնական, կենցաղային, սննդի, աշխատանքի, հանգստի և այլն:

75. Հղիների համար պետք է անցկացնել նաև հատուկ մարմնամարզություն՝ խմբակային և անհատական: Մարմնամարզությունը անցկացնելու համար բարդ և թանկ սարքավորումներ չեն պահանջվում: Բավական է ունենալ դահլիճ, ամուր հենարանով աթոռ, գորգ, հարթ, ուղիղ փայտիկ:

76. Մարմնամարզության մեթոդների տեսանկյունից հղիությունը պայմանականորեն բաժանում են հինգ շրջանի: Ստեղծվում են հատուկ խմբեր՝ ելնելով հղիության ժամկետից.

1) առաջին խմբի համար, որն իր մեջ ընդգրկում է մինչև 16 շաբաթ ժամկետը, մարմնամարզության խնդիրները հետևյալն են.

ա. ամրապնդել նյարդային համակարգի նորմալ ռեակցիա,

բ. ուժեղացնել օրգանիզմի՝ թթվածնով մատակարարումը,

գ. ակտիվացնել սրտի և թոքերի աշխատանքը,

դ. սովորել ճիշտ շնչել,

ե. վարժություններով բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

2) Երկրորդ խմբի մեջ ընդգրկվում են 16-24 շաբաթ ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.

ա. ամրապնդել խորը և համաչափ շնչելու ունակությունը,

բ. մեծացնել կոնքազդրային հոդի շարժունակությունը,

գ. կանխել երակների հնարավոր լայնացումը,

դ. շարունակել ընդհանուր ֆիզիկական զարգացումը,

ե. պետք է բացառել «փորի վրա պառկած» ելման դրությունը, վարժությունների կատարման տեմպը չափավոր է:

3) Երրորդ խմբի մեջ ընդգրկվում են 24-32 շաբաթական ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.

ա. ակտիվացնել շնչառությունը և արյան շրջանառությունը,

բ. փոքրացնել կանգային երևույթները ստորին վերջույթներում,

գ. խթանել աղիների գործունեությունը:

4) Չորրորդ խմբի մեջ ընդգրկվում են 32-36 շաբաթական ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.

ա. հեշտացնել շնչառությունը,

բ. ապահովել օդի բավարար մուտքը օրգանիզմ,

գ. փոքրացնել կանգային երևույթները (թութք, երակների լայնացում),

գ. ապահովել աղեստամոքսային տրակտի գործունեությունը,

դ. առաձգական դարձնել կոնքի հատակի մկանները,

ե. ուժեղացնել որովայնի մկանները,

զ. կատարել վարժություններ կոնքազդրային հոդերի շարժունակության մեծացման համար:

5) Հինգերորդ խմբի մեջ ընդգրկվում են հղիներ՝ հղիության 36 շաբաթից սկսած մինչև ծննդաբերությունը և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.

ա. հնարավորության սահմաններում լայնացնել կոնքի ոսկրային օղակը, գլխի հեշտ անցնելու համար,

բ. ճկուն դարձնել կոնքազդրային հոդերը, մեծացնել ողնաշարի և սրբոսկրազստային հոդերի շարժունակությունը,

գ. ապահովել թթվածնի բավարար մուտքը օրգանիզմ,

դ. կանխել կանգային երևույթները,

ե. կարգավորել աղիների գործունեությունը,

զ. ամրապնդել մկանային լարվածության ժամանակ շնչառությունը ղեկավարելու հնարքը,

է. ուժեղացնել որովայնի մկանները,

ը. վարժություններ շեքի մկանների համար:

77. Հղիության ժամանակ ֆիզկուլտուրայով զբաղվելու հակացուցումներն են.

ա. սուր կամ խրոնիկական ինֆեկցիոն հիվանդությունները, կայուն բարձր ջերմությամբ,

բ. ցանկացած օրգանի և հյուսվածքների թարախային պրոցեսները,

գ. սիրտանոթային համակարգի դեկոմպենսացված (ապափոխհատուցողական) հիվանդությունները,

դ. երիկամի և լյարդի հիվանդությունները,

ե. հղիության ախտաբանության առկայությունը.

զ. հղիության ընդհատման սպառնալիք,

է. առաջին և երկրորդ կեսի արտահայտված գեստոզներ,

ը. առաջադիր ընկերք,

թ. գերջրություն,

ժ. արյունահոսություններ:

78. Հղիի մոտ սրտի փոխհատուցողական արատը, միոկարդիոդիստրոֆիան, հիպերտոնիկ հիվանդությունը առաջին և երկրորդ ստադիաներում, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը չեն հանդիսանում հակացուցում՝ ֆիզկուլտուրայով զբաղվելու համար, բայց պետք է անցկացվեն որպես բուժական ֆիզկուլտուրա՝ օգտագործելով հատուկ վարժությունների կոմպլեքս:

(հավելվածը փոփ. 02.03.16 N 08-Ն, խմբ., փոփ. 03.04.17 N 15-Ն, խմբ. 13.06.17 N 31-Ն)