Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.09/9(578) Հոդ.118
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11217112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

18 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

թիվ 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողների նկատմամբ խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը և խրախուսանքների կիրառման սահմանները` համաձայն հավելված 1-ի,

2) ոստիկանության ծառայողների նկատմամբ խրախուսանքները կիրառելու կարգը և պայմանները` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ոստիկանության

գեներալ-գնդապետ

Վ. Գասպարյան

 

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2017 թ. փետրվարի 18-ի
թիվ 3-Ն հրամանի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ

 

Հ/հ

Պաշտոնատար անձանց ցանկը

Խրախուսանքների կիրառման
սահմանները

1

2

3

1.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության պետի տեղակալ
(որպես կանոն ըստ սպասարկման ոլորտների)

1. Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում,

3) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

2.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ

1. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում:

 

2. Ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում,

3) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

3.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության, պետական պահպանության գլխավոր վարչության, օպերատիվ փնտրողական վարչության, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետեր

1. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում:

 

2. Ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում,

3) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

 

3. Կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) միանվագ դրամական պարգևատրում,

3) վաղաժամկետ կոչման շնորհում,

4) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը,

5) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

4.

 Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի, անձնագրային և վիզաների
վարչությունների պետեր և ճանապարհային ոստիկանության պետ

1. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում:

 

2. Ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում.

2) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

 

3. Կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում.

2) վաղաժամկետ կոչման շնորհում.

3) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

4) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

5.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետ

1. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում։

 

2. Ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

 

3. Կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) վաղաժամկետ կոչման շնորհում,

3) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը,

4) նախկինում նշանակված կարգապահական տույժի ժամկետից շուտ հանում:

 

4. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման սովորողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) վաղաժամկետ կոչման շնորհում,

3) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին,

4) հատուկ կրթաթոշակի նշանակում,

5) կրթաթոշակի բարձրացում:

6.

Գլխավոր վարչության պետ, ինքնուրույն վարչության պետ

1. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում:

 

2. Ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում,

2) նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանում:

7.

Ինքնուրույն բաժնի պետ, պետական պահպանության գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային բաժինների, Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի, ձերբակալվածներին պահելու վայրի պետեր, գնդի հրամանատար, սպայական գումարտակի հրամանատար

1. Ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում։

 

2. Միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին`

1) շնորհակալության հայտարարում.

2) նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանում:

 

Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2017 թ. փետրվարի 18-ի
թիվ 3-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված խրախուսանքի տեսակները ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների (այսուհետ` ծառայող) նկատմամբ կիրառելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պաշտոնատար անձինք իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում խրախուսում են ենթակա ծառայողներին` երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

3. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված խրախուսանքները կիրառվում են.

1) ոստիկանության պետի հրամանով,

2) սույն հրամանի 1-ին հավելվածում սահմանված պաշտոնատար անձանց հրամանով՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

4. Ծառայողի նկատմամբ նույն արարքի համար կրկնակի խրախուսանք կարող է կիրառվել ոստիկանության պետի կողմից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ:

5. Անմիջական ղեկավարի լիազորությունների շրջանակից դուրս խրախուսանքի կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերջինս համապատասխան միջնորդություն է ներկայացնում վերադասության կարգով:

6. Խրախուսանքի յուրաքանչյուր տեսակը կիրառելիս հաշվի են առնվում ծառայողի կողմից խրախուսման արժանի արարքի բնույթը, նրա վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելը: Միջնորդության մեջ խրախուսանքի տեսակը նշելու դեպքում հաշվի է առնվում նաև խրախուսման ներկայացվող ծառայողի ծառայության ստաժը, նախկինում ոստիկանության ղեկավարության կողմից խրախուսված լինելու հանգամանքը, որպես կանոն, առաջնորդվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքների հերթականությամբ:

7. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը շնորհվում է ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման, իրավակարգի ամրապնդման գործում զգալի ավանդ ներդրած, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարած, ծառայակիցների շրջանում հեղինակություն վայելող այն ծառայողներին, ովքեր ունեն ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս, քան 25 տարվա ծառայության ստաժ և 15-ից ոչ պակաս խրախուսանքներ: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչում շնորհվում է՝ պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

8. Ոստիկանության ծառայողին խրախուսման կարգով վաղաժամկետ կոչում շնորհվում է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալուց հետո, իսկ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհվում է, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:

9. «Լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին» խրախուսանքը կիրառվում է ոստիկանության տարվա լավագույն ծառայողներ ճանաչված ծառայողների նկատմամբ՝ 1 տարի ժամկետով:

10. «Պարգևատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով» խրախուսանքը ծառայողների նկատմամբ կիրառվում է ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ծառայողական բարձր ցուցանիշների կամ երկարամյա ծառայության համար: Պատվոգրով ոստիկանության պետի կողմից կարող է պարգևատրվել նաև ոստիկանության ստորաբաժանումը, ուսումնական հաստատությունը կամ ոստիկանության զորքերի զորամասը` օպերատիվ-ծառայողական գործունեության, մարտական պատրաստականության կամ անձնակազմի ուսուցման և դաստիարակման գործում բարձր ցուցանիշների համար:

11. «Պարգևատրում զենքով» խրախուսանքը կիրառվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

12. Ոստիկանության մեդալով պարգևատրելու պայմաններն են.

1) «Սխրագործության համար» մեդալով ծառայողները պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող պայմաններում սխրագործություն կատարելու համար.

2) «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով ծառայողները պարգևատրվում են ոստիկանության գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու, ինչպես նաև հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար: «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով ծառայողները պարգևատրվում են «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվելուց հետո.

3) «Մարտական զորակցություն» մեդալով ծառայողները պարգևատրվում են ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, ոստիկանության գործունեության զարգացման, մարտական զորակցության և ոստիկանության խնդիրների իրականացման գործում զգալի ավանդ ներդնելու համար.

4) «Օրենքի պատվար» մեդալով ծառայողները պարգևատրվում են ոստիկանության գործունեության զարգացման, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու, ինչպես նաև հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.

5) «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալն ունի երեք աստիճան, մեդալի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է`

ա. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում է այն ծառայողը, ում ծառայության ստաժը ոստիկանությունում օրացուցային հաշվարկով կազմում է 20 տարի,

բ. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է այն ծառայողը, ում ծառայության ստաժը ոստիկանությունում օրացուցային հաշվարկով կազմում է 15 տարի,

գ. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է այն ծառայողը, ում ծառայության ստաժը ոստիկանությունում օրացուցային հաշվարկով կազմում է 10 տարի:

13. Ոստիկանության կրծքանշանով պարգևատրելու պայմաններն են.

1) «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում է ոստիկանությունում օրացուցային հաշվարկով 5 տարուց (չի հաշվարկվում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը) ոչ պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողը՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, ծառայողական բարձր ցուցանիշների, ինչպես նաև օրինակելի և անբասիր ծառայության համար.

2) «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշանն ունի երկու աստիճան՝ 1-ին և 2-րդ, կրծքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է`

ա. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով պարգևատրվում է օրացուցային հաշվարկով ոստիկանության զորքերում 5 տարուց (չի հաշվարկվում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը) ոչ պակաս ծառայության ստաժ ունեցող ոստիկանության զորքերի զինծառայողը՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, ծառայողական, մարտական պատրաստականության բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ծառայել է 5 տարուց (չի հաշվարկվում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը) ոչ պակաս և ակտիվորեն օժանդակել է ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրների իրականացմանը,

բ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով պարգևատրվում է օրացուցային հաշվարկով ոստիկանության զորքերում 3 տարուց (չի հաշվարկվում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը) ոչ պակաս ծառայության ստաժ ունեցող ոստիկանության զորքերի զինծառայողը՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, ծառայողական, մարտական պատրաստականության բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ծառայել է 3 տարուց (չի հաշվարկվում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը) ոչ պակաս և ակտիվորեն օժանդակել է ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրների իրականացմանը:

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու դեպքերում վաղաժամկետ կոչում կամ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով կամ «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով կարող են պարգևատրվել սույն կարգի և պայմանների 7-րդ, 8-րդ կետերով, 12-րդ կետի 2-րդ ենթակետով և 13-րդ կետով նախատեսված պահանջներին չհամապատասխանող անձինք:

15. Ծառայողներին մեդալներով և կրծքանշաններով պարգևատրումը, որպես կանոն, իրականացվում է նախորդ մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումից ոչ շուտ, քան երկու տարի հետո, բացառությամբ «Սխրագործության համար» կամ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալներով պարգևատրելու դեպքերի:

16. «Հուշանվերով պարգևատրում» խրախուսանքի կիրառման դեպքում հուշանվերը ծառայողին հանձնվում է առձեռն:

17. «Միանվագ դրամական պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան՝ ոստիկանության պետի կողմից հաստատված չափերի սահմաններում:

18. «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի կիրառման դեպքում հրամանը ծանոթացվում է անձնակազմին:

19. «Նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը» խրախուսանքի տեսակը կիրառվում է այն ղեկավարի կամ նրա վերադաս ղեկավարի կողմից, ով կիրառել է տվյալ կարգապահական տույժը: Կարգապահական տույժի ենթարկված ծառայողին այլ պաշտոնի տեղափոխման դեպքում կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանվել այն ղեկավարի կողմից, ով զբաղեցնում է կարգապահական տույժը կիրառած ղեկավարին հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոն:

20. Ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման:

21. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ, բացի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ, 6.1-ին, 7-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաև խրախուսման այլ տեսակներ` «հատուկ կրթաթոշակի նշանակում», «կրթաթոշակի բարձրացում»:

22. Ծառայողը ոստիկանության պետի խրախուսմանն է ներկայացվում.

1) ոստիկանության պետի նախաձեռնությամբ,

2) ոստիկանության պետի առաջին տեղակալի կամ ոստիկանության պետի տեղակալների կողմից,

3) ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի կողմից,

4) ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի կողմից:

23. Սույն հրամանի 1-ին հավելվածում նշված պաշտոնատար անձանց իրավասության շրջանակներում ծառայողները խրախուսման են ներկայացվում ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) ղեկավարների կողմից կամ խրախուսանք կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց նախաձեռնությամբ: «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով պարգևատրելու համար միջնորդություն ներկայացվում է նաև ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարի կողմից:

24. Խրախուսման վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել նաև պետական կառավարման մարմինների ղեկավարների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից:

25. Խրախուսման վերաբերյալ լրացվում է պատճառաբանված միջնորդություն, իսկ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրելու դեպքում ծառայողի վերաբերյալ լրացվում է պարգևատրման թերթ՝ համաձայն ձև 1-ի: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներին «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրման ներկայացնելու դեպքում նախապատրաստված պարգևատրման թերթը կից գրությամբ ուղարկվում է վերադաս կառուցվածքային ստորաբաժանում:

26. Խրախուսանքներ կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց կողմից դրական որոշում կայացվելու դեպքում նախապատրաստվում է հրամանի նախագիծ, իսկ բացասական որոշում կայացվելու դեպքում նյութերը մերժման վերաբերյալ տեղեկանքով կցվում են ծառայողի անձնական գործին, ինչի մասին տեղեկացվում է նախաձեռնողը:

27. Ոստիկանության պետի տեղակալները, ինչպես նաև ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերն ընդգրկվում են «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրման հրամանի նախագծում ոստիկանության կադրերի վարչության պետի կամ տվյալ կառուցվածքային ստորաբաժանման սպասարկումն իրականացնող ոստիկանության պետի տեղակալի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա:

28. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին հրամանը ընդունվում է յուրաքանչյուր ամսվա 15-ին:

29. Ծառայողին «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրելու վերաբերյալ պարգևատրման թերթը ներկայացվում է ոստիկանության կադրերի վարչություն՝ տվյալ աստիճանի մեդալով պարգևատրման հրամանն ընդունելու օրվանից առնվազն 20 օր առաջ:

30. Ոստիկանությունում ծառայությունից ազատման պահին «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալի համապատասխան աստիճանով պարգևատրման համար սույն կարգով և պայմաններով նախատեսված ծառայության ժամկետը լրացած լինելու դեպքում ծառայողի ազատման վերաբերյալ կազմված նյութերի հետ ներկայացվում է նաև պարգևատրման թերթը:

31. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրումն օրենսդրությամբ նախատեսված դեպքում հետաձգվելու ժամանակ` գրությամբ հայտնվում է համապատասխան կադրային ծառայությանը:

32. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով պարգևատրումն իրականացվում է նաև ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի հրամանով:

33. Խրախուսանքների վերաբերյալ ծառայողի անձնական գործում, համակարգչային տվյալների պահոցում (առկայության դեպքում) և մեդալների ու կրծքանշանների հաշվառման մատյանում (մեդալով կամ կրծքանշանով պարգևատրելու դեպքում) կադրային ծառայության կողմից կատարվում են համապատասխան գրառումներ, իսկ համապատասխան նյութերը կցվում են ծառայողի անձնական գործին: Պետական կամ գերատեսչական պարգևներով պարգևատրման նյութերը համապատասխան նշումներով նույնպես կցվում են ծառայողի անձնական գործին:

34. Խրախուսանքները ձևակերպվում են գրավոր և ծառայողներին հայտարարվում (հանձնվում) են հանդիսավոր պայմաններում անձամբ, շարքի առաջ կամ խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետի կամ նրա հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալների կամ կառուցվածքային ստորաբաժանումների պետերի կողմից, իսկ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի մեդալները՝ նաև բաժնի պետի (տարածքային բաժանմունքի պետի) կամ դրան հավասարեցված պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից:

35. Ծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառելու հրամանը ծանոթացվում է անձնակազմին:

36. Մեդալով կամ կրծքանշանով պարգևատրվելու դեպքում դրանց հետ միասին հանձնվում է նաև վկայական:

37. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալի վկայականը հանձնվում է ծառայողին մեդալի 3-րդ աստիճանով պարգևատրելիս: 2-րդ և 1-ին աստիճանի մեդալներով պարգևատրման դեպքում նույն վկայականում ոստիկանության կադրային ծառայության կողմից կատարվում են համապատասխան նոր գրանցումներ, որոնք վավերացվում են կնիքով:

38. Մեդալի, կրծքանշանի կամ դրանց վկայականների կորստյան կամ վնասման դեպքում կրկնօրինակ տրվում է, եթե դրանք կորել կամ վնասվել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով, ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը, կրծքանշանը կամ վկայականը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

39. Ծառայողի կողմից մեդալի, կրծքանշանի կամ դրանց վկայականների կորստյան կամ վնասման մասին ներկայացվում է զեկուցագիր (դիմում)` տվյալ մեդալի կամ կրծքանշանի պարգևատրման համար սույն կարգով և պայմաններով սահմանված միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող ղեկավարին: Զեկուցագիրը (դիմումը) և նոր մեդալ, կրծքանշան, մեդալի կամ կրծքանշանի վկայականի կրկնօրինակը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում են ոստիկանության պետի քննարկմանը:

40. Քննարկման արդյունքներով դրական որոշում կայացվելու դեպքում տրվում է նոր մեդալ, կրծքանշան, մեդալի կամ կրծքանշանի վկայականի կրկնօրինակ: Նոր մեդալի կամ կրծքանշանի համարը և տրման ամսաթիվը նշվում են ունեցած վկայականում, ինչը վավերացվում է կնիքով:

41. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհումը, ինչպես նաև ոստիկանության նույն մեդալով և կրծքանշանով կամ դրանց նույն աստիճանով միևնույն անձին պարգևատրումը կիրառվում է մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

42. Ոստիկանության մեդալով կամ կրծքանշանով ծառայողը կարող է պարգևատրվել նաև հետմահու, որի դեպքում մեդալը կամ կրծքանշանը՝ համապատասխան վկայականի հետ միասին, հանձնվում է նրա ընտանիքի անդամին:

43. Ծառայողի մահից հետո մեդալը կամ կրծքանշանը չի վերադարձվում:

 

Հավելված
Ոստիկանության ծառայողների
նկատմամբ խրախուսանքները
կիրառելու կարգի և պայմանների

 

Ձև 1

 

Ելից թիվ _________

 

ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետ,

______________________________________

կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը

 

Պ Ա Ր Գ ԵՎ Ա Տ Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ

 

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար»

________________

նշել աստիճանը

աստիճանի մեդալով պարգևատրելու համար ներկայացվում է

 

1. ___________________________________________________________________________

 Ծառայողի (զինծառայողի) կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը

2. ՀՀ ոստիկանության ___________________________________________________________

 Ծառայողի (զինծառայողի) պաշտոնը

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

3. Ծառայության ստաժը ոստիկանությունում «15»______________20 թ. դրությամբ օրացուցային հաշվարկով կազմում է «_____» տարի, «_____» ամիս, «_____» օր:

 

 կ.տ.

ՀՀ ոստիկանության _________________________________

__________________________________________________

(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,

__________________________________________________

ղեկավարի կոչումը, ստորագրությունը, անվան սկզբնատառը, ազգանունը)

«____» ____________20  թ.

  

Նշում պարգևատրման մասին ____________________________________________________

____________________________________________________________________________

ՀՀ ոստիկանության պետի հրամանի համարը, օրը, ամիսը և տարեթիվը