Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.15/26(595) Հոդ.318
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.08.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617358

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2017 թ.
ք. Երևան

N 917-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 917-Ն հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:

2. Սույն կարգը մշակված է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) վթար – վտանգավոր տեխնածին պատահար, որն օբյեկտում, որոշակի տարածքում կամ ջրատարածքում ստեղծում է սպառնալիք մարդկանց կյանքին, առողջությանը և առաջացնում շենքերի, սարքավորումների ու տրանսպորտային միջոցների ավերումներ, արտադրական կամ տրանսպորտային գործընթացների խախտումներ, ինչպես նաև վնաս է հասցնում շրջակա միջավայրին.

2) երկաթուղային վթար – վթար երկաթուղում, որն առաջացնում է մեկ կամ մի քանի միավոր երկաթուղային շարժակազմի մինչև հիմնական նորոգման աստիճանի վնասվածք և (կամ) մեկ կամ մի քանի մարդու մահ, տուժածներին պատճառում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ կամ վթարային տեղամասում հանգեցնում նորմատիվային ժամկետը գերազանցող երթևեկության լրիվ ընդհատման.

3) փրկարարական աշխատանքներ – մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.

4) որոնողափրկարարական աշխատանքներ - միջոցառումների համակարգ` ուղղված մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների հայտնաբերմանը, փրկմանը և համապատասխան օգնության ցուցաբերմանը:

 

II. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

4. Երկաթուղային վթարների առաջացման հիմնական պատճառներն են`

1) ռելսերի խախտումները.

2) ազդանշանային համակարգի անսարքությունները.

3) գնացքների շարժակազմի մաշվածությունը.

4) գործակարգավարների (դիսպետչերների) և սլաքավարների կողմից թույլ տված սխալները.

5) շարժակազմի մեքենավարների անուշադրությունը.

6) բախումները երկաթգծի և ավտոճանապարհի հատման տեղամասերում.

7) գնացքի շարժակազմի ռելսերից դուրս ընկնելը.

8) գնացքների բախումները.

9) վագոններում առաջացած հրդեհներն ու պայթյունները.

10) ահաբեկչական գործողությունները.

11) բնական աղետները` երկրաշարժ, ձնաբուք, ջրհեղեղ, սողանք, փոթորիկ, հորդառատ անձրև և այլն:

5. Երկաթուղային տրանսպորտում վթարներ առաջացնող գործոններն են`

1) գնացքի շարժակազմի ծանր քաշը` օրինակ (միջին բեռնատար գնացքի ընդհանուր քաշը կազմում է 3 – 4 հազար տոննա, մարդատար գնացքինը` մոտ հազար տոննա, մեկ գլանատակառի քաշը` 80-100 տոննա).

2) գնացքի բարձր արագությունը (մինչև 200 կմ/ժ), իսկ անսպասելի արգելակման ուղու երկարությունը կազմում է մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի.

3) ճանապարներին վտանգավոր տեղամասերի առկայությունը (կամուրջներ, թունելներ, վերելքներ, վայրէջքներ և այլն).

4) գնացքի սնուցման բարձր լարման հոսանքալարերի առկայությունը:

6. Երկաթուղային գծանցներում տեղի ունեցած վթարները որպես կանոն ուղեկցվում են մարդկային զոհերով և մարդկանց ծանր վնասվածքներով, շարժակազմի և բախման ենթարկված ավտոտրանսպորտի զգալի ձևախախտումներով, հրդեհներով և պայթյուններով, քիմիական վտանգավոր նյութերի արտանետումով:

7. Երկաթուղային տրանսպորտի վթարներ համարվում են` շարժակազմի երկաթգծերից դուրս գալը, շրջվելը, բախումները այլ շարժակազմերի և տրանսպորտային միջոցների հետ ու այլ դեպքեր, որոնք կարող են հանգեցնել մարդկանց զոհվելու, վնասվածքների, մարդկանց և կենդանիների զանգվածային թունավորումների, բնապահպանական վնասների և նյութական արժեքների կորստի:

8. Պայթյունների պատճառ են հանդիսանում պայթյունավտանգ նյութերի տեղափոխման կանոնների խախտումը, տեղափոխման ժամանակ պայթյունավտանգ խառնուրդների գոյացությունը և ահաբեկչությունը:

9. Ուժեղ ներգործող թունավոր նյութերի տեղափոխումը կատարվում է առավելապես երկաթուղային տրանսպորտով` օգտագործելով գլանավագոններ, կոնտեյներներ, տարբեր տեսակի տարաներ, որոնց վնասվելուց կամ ավերվելուց ուժեղ ներգործող թունավոր նյութերը կարող են արտանետվել շրջակա միջավայր, որը բերում է վարակման գոտիների առաջացման, մարդկանց, կենդանիների խոցման, օդի, ջրի, բնահողի թունավորումների:

10. Ուժեղ ներգործող թունավոր նյութերի արտանետումով արտակարգ իրավիճակների բնորոշ հատկանիշներն են վարակման գոտիների ձևավորման բարձր արագությունը և մարդկանց խոցելիությունը: Դրանք փրկարարներից պահանջում են օպերատիվ և արդյունավետ միջոցառումների իրականացում:

11. Երկաթուղով բեռների տեղափոխման պայմանների համաձայն ամեն մի բեռի կամ բեռնախմբի համար կազմվում է տեղափոխվող բեռի մասին հակիրճ բնութագիր վթարային թերթիկ (քարտ), որը վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ կարող է ծառայել որպես տեղեկատվության աղբյուր:

12. Վթարային քարտի վրա նշվում են` համարը, բեռի անվանումը, թունավորության աստիճանը, պայթյունահրավտանգավորության աստիճանը, ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, անհատական պաշտպանության միջոցների ձևը, արտանետման ժամանակ անհրաժեշտ գործողությունները, առաջին օգնության միջոցներն ու կարգը:

13. Բացի վթարային քարտից, բեռի վտանգավորության դասը նշվում է հատուկ պիտակի և փաթեթավորման վրա: Փաթեթավորման վրա որոշակի ազդանշանային գույներով և անվտանգության նշաններով արվում են նշումներ: Ազդանշանային գույներն են` կարմիրը, դեղինը, կապույտը և կանաչը:

 

III. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Փրկարարները հասնելով վթարի վայր իրականացնում են`

1) հետախուզում և իրավիճակի գնահատում.

2) վտանգավոր տարածքի սահմանների որոշում.

3) արգելափակում.

4) որոնողափրկարարական աշխատանքներ` տուժածներին հայտնաբերելու և առաջին օգնություն ցույց տալու համար.

5) արտակարգ իրավիճակի օջախի տեղայնացում և հրդեհաշիջում.

6) վթարների հետևանքների վերացում:

15. Ուղևորատար գնացքի այրման ժամանակ փրկարարների հիմնական խնդիրը կայանում է`

1) հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը.

2) բոլոր տուժածների օպերատիվ որոնումը.

3) նրանց տարհանումը և այն տուժածների որոնումը, ովքեր գնացքի շարժման ընթացքում լքել են այրվող վագոնը:

16. Ուժեղ ներգործող թունավոր նյութերի արտանետումով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, փրկարարները պարտավոր են`

1) անցկացնել հետախուզություն.

2) գնահատել իրավիճակը.

3) որոշել վտանգավոր գոտու սահմանները.

4) վտանգավոր տարածքի արգելափակման համար ձեռք առնել միջոցներ.

5) հայտնաբերել թունավոր նյութերի ազդեցությանը ենթարկված մարդկանց.

6) ցույց տալ համապատասխան օգնություն.

7) ելնելով իրավիճակից ձեռնամուխ լինել վթարի հետևանքների վերացմանը:

17. Փրկարարները աշխատանքներից առաջ տեղեկացվում են ուժեղ ներգործող թունավոր նյութերի և նրանց վարակազերծման միջոցների հիմնական բնութագրերի հետ ու ապահովվում անհատական պաշտպանության միջոցներով:

18. Երկաթուղային տրանսպորտի անցումներում տուժածներին առաջին օգնության ցուցաբերման գործընթացը կախված է`

1) տուժածի ստացած վնասվածքի բնույթից.

2) երկրորդային խոցման գործոններից.

3) երկաթուղու տեղափոխած բեռի տեսակից:

19. Երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքների հիմնական ձևերն են հանդիսանում երկրորդային խոցող գործոնների մեկուսացումը և վերացումը, տուժածների որոնումը և առաջին օգնության ցուցաբերումը և տարհանումը:

20. Վագոններում տուժածների որոնման համար անհրաժեշտ է մուտք գործել մուտքի դռներով կամ հատուկ այդ նպատակով նախատեսված լյուկերով: Մուտքը դեպի վագոն իրականացվում է դռների կոտրման միջոցով (դրսից կամ ներսից): Դրա անհնարինության դեպքում օգտագործում են հիդրավլիկ լրակազմ: Հատուկ լյուկերով մուտքը իրականացվում է սանդուղքների և փրկարարական պարանների միջոցով: Մուտք գործելուց անմիջապես հետո իրականացվում է ուղևորախցիկների դռների կոտրում և անցկացվում է որոնում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տուժածների դուրսբերում ելքի դռներից կամ հատուկ լյուկերից:

21. Վագոնների տակ մնացած տուժածների օգնության համար օգտագործվում են բարձր հզորության ամբարձիչներ կամ ավտոկռունկ:

22. Երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքների իրականացումը ավելի է բարդանում, երբ առաջ են գալիս երկրորդային խոցման գործոնները: Օրինակ` հրդեհ, պայթյուն, քիմիական վարակ և ռադիոակտիվ աղտոտվածություն:

23. Վթարավերականգնողական աշխատանքները իրականացվում են անմիջապես մեկ կողմից կամ երկու կողմերից միաժամանակ` քարշակների, տրակտորների և այլ ծանր տեխնիկայի կիրառմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան